Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2020 թվականի N 311-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԵՎ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ոստիկանության մասին» օրենքի 3.1-ին հոդվածի 2-րդ մասի`

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի նկարագրությունը` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի նկարագրությունը` համաձայն N 4 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 6

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 6-ի

N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը (այսուհետ` դրոշ) պատվի և արժանապատվության, արիության և նվիրումի խորհրդանիշ է: Դրոշը ոստիկանության յուրաքանչյուր աշխատակցի սրբազան պարտքի հիշեցումն է` հայրենիքին անձնուրաց ծառայելու, յուրաքանչյուր մարդու կյանքը, իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը պաշտպանելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:

2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնում է Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Դրոշի հետ միասին հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի ստորագրությամբ վկայագիր:

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում:

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմը պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 6-ի

N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշը (այսուհետ` դրոշ)` համաձայն ձևի, բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:

2. Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը` 1450 մմ, լայնությունը` 1150 մմ:

3. Կարված է երկտակ մետաքսե մուգ բալագույն կտորից (կտորի գույնի համակարգչային հարաբերակցությունն է` M=100%, Y=20%, K=50%)` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով:

4. Պաստառի երեսի կողմի վերին ձախ անկյունում պատկերված է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը` 500 մմ երկարությամբ և 400 մմ բարձրությամբ:

5. Պաստառի կենտրոնական մասում ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը, տառերի բարձրությունը 7 մմ է, լայնությունը` 5 մմ:

6. Պաստառի հակառակ կողմի կենտրոնական մասում պատկերված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության մետաքսակար զինանշանը` 450 մմ բարձրությամբ և 250 մմ լայնությամբ:

7. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանի տակ, պաստառի երկայնքով, ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ՀԱՆՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ» բառերը, տառերի բարձրությունը 4 մմ է, լայնությունը` 3 մմ:

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՊԱՏԿԵՐԸ _______________________

ԻՐՏԵԿ - դրոշի պատկերը չի բերվում

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 6-ի

N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ` զինանշան) անձանց` Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայող (աշխատող) և զինծառայող հանդիսանալու, ինչպես նաև սպառազինության, տեխնիկայի և այլ գույքի` Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը պատկանելությունը մատնանշող խորհրդանիշ է:

2. Զինանշանը դրվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի աշխատասենյակում, ինչպես նաև պատկերվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության դրոշի (դրոշակի) վրա:

3. Զինանշանի պատկերը զետեղվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի վարչությունների և ինքնուրույն բաժինների, կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության ստորաբաժանումների, ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և դրանց ենթակա ստորաբաժանումների, ոստիկանության ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոստիկանության զորքերի և ենթակա ստորաբաժանումների անկյունադրոշմակների կամ անկյունադրոշմակով դրոշմաթղթերի վրա: Զինանշանի պատկերն օրենքով սահմանված կարգով օգտագործվում է նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների և ոստիկանության զորքերի զինծառայողների համազգեստների տարբերանշանների ու առանձնանշանների, ծառայողական վկայականների, ինչպես նաև անվանական զենքի վրա:

4. Զինանշանի պատկերը կարող է կիրառվել տպագրական, գովազդային-տեղեկատվական և հուշանվերային արտադրանքի (ծրագրեր, օրացույցներ, կրծքանշաններ, ժամացույցներ, թղթապանակներ և այլն), տեսաժապավենների վրա` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ:

5. Զինանշանի պատկերի կիրառման այլ դեպքերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի կողմից:

 

Հավելված N 4

ՀՀ վարչապետի

2020 թ. մարտի 6-ի

N 311-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զինանշանը (այսուհետ` զինանշան)` համաձայն ձևի, բաղկացած է սրից և վահանից (սուրը խորհրդանշում է ուժ և հարկադրանք, իսկ վահանը` պաշտպանություն, անվտանգություն):

2. Զինանշանի լայնության և երկարության հարաբերությունն է` 1:2:

3. Զինանշանի վերին մասում նշած է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ», իսկ ստորին մասում` «ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ» բառերը:

4. Արույրից պատրաստված վահանի կենտրոնում Հայաստանի Հանրապետության զինանշանն է:

5. Վահանի եզրին կից շրջանակն ունի խորություն, որը լցված է Հայաստանի Հանրապետության դրոշի եռագույն արծնով:

6. Վահանի միջով անցնող սուրը, որը զինանշանի վրա երևում է իր ծայրով և բռնակով, նույնպես պատրաստված է արույրից:

7. Բռնակն ունի 10 ուռուցիկ փաթույթ և վահանի մոտ սահմանափակվում է երկկողմանի երիզով:

8. Զինանշանի հիմնական գույնը ոսկեգույնն է:

9. Արույրից պատրաստված զինանշանը տեղադրվում է բարձր որակի մուգ շագանակագույն փայտե պատվանդանի վրա:

 

Ձև

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ _______________________

ԻՐՏԵԿ - զինանշանի պատկերը չի բերվում

 

 

pin
ՀՀ Վարչապետ
06.03.2020
N 311-Ն
Որոշում