Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.06.2007 ԹՎԱԿԱՆԻ Թ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 28.06.2007 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 955-Ն ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ 80-ՐԴ ԵՎ 8 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                 Վարչական գործ                  

    դատարանի որոշում                      թիվ ՎԴ/4031/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/4031/05/17       2019 թ.

Նախագահող դատավոր` Կ. Մաթևոսյան

    Դատավորներ`        Կ. Բաղդասարյան

                       Կ. Ավետիսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Հարություն Սարգսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հարություն Սարգսյանի ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության (այսուհետ` Ծառայություն)` Ծառայության 13.02.2017 թվականի թիվ 1705722611 որոշումն (այսուհետ` Որոշում) անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Հարություն Սարգսյանը պահանջել է անվավեր ճանաչել Որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Խանդանյան) (այսուհետ` Դատարան) 06.07.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.06.2018 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 06.07.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է, և Հարություն Սարգսյանից հօգուտ Ծառայության բռնագանձվել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հարություն Սարգսյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայի 23-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետը, ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման թիվ 1 հավելվածի 80-րդ և 84-րդ կետերը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը ճիշտ է մեկնաբանել և կիրառել ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնների 80-րդ և 84-րդ կետերը: Ակնհայտ է, որ ճանապարհային երթևեկության կանոնների` կանգառն արգելող դրույթներում իսպառ բացակայում է ոչ զուգահեռ կայանելու դրույթը: Բացի այդ, անկյան տակ և հեռվից նկարահանող սարքը կարող է ստեղծել տեսողական խաբկանք, ուստի սխալ է միանշանակ պնդել, որ մեքենան կայանվել է ոչ զուգահեռ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հնարավոր իրավախախտման վայրում բացակայում է երթևեկելի մասը, և բացի հայցվորի կողմից կայանման ձևից, այլ կայանման ձև ընտրելը, որը միաժամանակ չի խոչընդոտի կամ ակնհայտ վթարային իրավիճակ չի ստեղծի երթևեկության այլ մասնակիցների համար անհնար է:

Բացի այդ, տեսանյութում չեն երևում երթևեկելի գոտու եզրերը, գծանշումները, որոնց զուգահեռ պետք է կայաներ վարորդը, ուստի և պնդել, որ տեսանյութից ակներև է, որ այն տեղակայված է երթևեկելի մասին ոչ զուգահեռ, սխալ է:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածը և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով ֆիզիկական անձն ազատված է պետական տուրքի վճարումից` անկախ դատաքննության ելքից: Հետևաբար տվյալ դեպքում Հարություն Սարգսյանի վրա չէր կարող դրվել Ծառայության կողմից վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականություն, քանի որ Հարություն Սարգսյանն ազատված է պետական տուրք վճարելու պարտականությունից: Նման դիրքորոշում է արտահայտել նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ: Վերաքննիչ դատարանը, բավարարելով պատասխանող վարչական մարմնի ներկայացրած վերաքննիչ բողոքը և վերաքննիչ բողոք բերելու համար վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցման պարտականություն դնելով հայցվորի վրա, խախտել է հայցվորի` դատարան դիմելու մատչելիության իրավունքը և նրան ծանրաբեռնել օրենքով չնախատեսված պարտականությամբ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.06.2018 թվականի որոշումը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

1) Ծառայության Որոշմամբ Հարություն Սարգսյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով` այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող «KIA» մակնիշի 25UU352 համարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը 04.02.2017 թվականին` ժամը 14:09-ին, Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում կանգառ կատարելով, խախտել է ՀՀ կառավարության 28.06.2007 թվականի թիվ 955-Ն որոշման 1-ին հավելվածի 80-րդ կետի պահանջը (գ.թ. 12):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այսինքն` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի խախտման արդյունքում թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.

1) Վճռաբեկ բողոքն առաջին հիմքով անհիմն է` հետևյալ պատճառաբանությամբ.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի համաձայն` տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում ճանապարհային երթևեկության կանոնները սահմանելու լիազորությունը «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի «գ» կետով օրենսդիրը վերապահել է ՀՀ կառավարությանը: Վերջինս, հիմք ընդունելով իր այդ լիազորությունը, 28.06.2007 թվականին ընդունել է «Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության կանոնները և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկը հաստատելու մասին» թիվ 955-Ն որոշումը, որի թիվ 1 հավելվածի 80-րդ կետի համաձայն` տրանսպորտային միջոցը տեղակայել թույլատրվում է երթևեկելի մասի եզրին զուգահեռ մեկ շարքով (...):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների քննարկվող խախտումը հաճախ հայտնաբերվում է տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով:

«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցն իրավախախտումն ամրագրած տեսանյութն է կամ լուսանկարը:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:

Նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում (...):

Հաշվի առնելով Աիդա Նազարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6199/05/13 վարչական գործով 30.04.2015 թվականի որոշմամբ և Լուսինե Վիրաբյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1570/05/14 վարչական գործով 27.11.2015 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով հայտնաբերված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կանգառ կատարելու փաստը կարող է հաստատված համարվել միայն այն դեպքում, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների միջև առկա է ակնհայտ համընկնում, որը որևէ կասկած չի հարուցում: Այսինքն` այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ տեղակայելու փաստը հայտնաբերվում է տեսանկարահանման կամ լուսանկարահանման միջոցով, ապա ըստ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» ՀՀ օրենքի` այդ արարքի կատարման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասի հիմքով անձին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմանն այն է, որ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի և իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը որևէ կասկած չհարուցի:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այս կամ այն տրանսպորտային միջոցը երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելու փաստի առկայությունը տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի ընթացքում կարող է կասկած չհարուցել միայն այն պարագայում, երբ վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պարունակում է միանշանակ տվյալներ այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ: Այլ կերպ` քննարկվող իրավիճակում վարչական մարմնի կողմից ձեռք բերված լուսանկարը կամ տեսանյութը պետք է բովանդակի այնպիսի տեղեկություններ, որոնք անառարկելիորեն վկայում են այն մասին, որ տվյալ տրանսպորտային միջոցի վարորդը կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Հարություն Սարգսյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Ծառայության Որոշումը: Նշված վարչական ակտով Հարություն Սարգսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 124-րդ հոդվածի 21-րդ մասով նախատեսված արարքի կատարման համար, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք` 5.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցի վարորդը 04.02.2017 թվականին` ժամը 14:09-ին, Երևանի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում կանգառ է կատարել երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Դատարանը բավարարել է Հարություն Սարգսյանի հայցը: Դատարանը, հետազոտելով Որոշմամբ նշված խախտումն ամրագրող տեսանյութը, փաստել է, որ վարչական վարույթի նյութերով չի հաստատվում, թե կանգառ կատարելու ո՞ր կանոնն է խախտվել, ինչը նշանակում է, որ վարչական իրավախախտումը ոչ իրավաչափորեն է վերագրվել Հարություն Սարգսյանին:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը, բեկանել և փոփոխել է Դատարանի վճիռը և հայցը մերժել է: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հայցվորին պատկանող տրանսպորտային միջոցը կանգառ է կատարել երթևեկելի մասին ոչ զուգահեռ:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության հարցը լուծելու համար էական նշանակություն ունի այն հարցը, թե արդյոք այդ վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված տեսանյութով ամրագրված արարքի և իրավախախտման, այսինքն` երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կանգառ կատարելու հատկանիշների համապատասխանությունը կասկած հարուցում է, թե` ոչ: Սույն գործի փաստերից երևում է, որ Որոշմամբ Հարություն Սարգսյանին վերագրվող արարքն ամրագրող` Ծառայության 13.02.2017 թվականի որոշման հիմքում ընկած տեսանյութը, պարունակում է այնպիսի տվյալներ, որոնց միջոցով հնարավոր է ապացուցել, որ Հարություն Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը 04.02.2017 թվականին` ժամը 14:09:41-ից մինչև 14:10:43-ն ընկած ժամանակահատվածում, կայանված է եղել Երևան քաղաքի Վ. Համբարձումյան-Երզնկյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ:

Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ տեսանյութում ամրագրված արարքի և Հարություն Սարգսյանին վերագրվող իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում, և Որոշումն անվավեր ճանաչելու հիմքերը բացակայում են:

2) Վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով հիմնավոր է` հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված հարցը հանգում է հետևյալին. արդյո՞ք վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա կարող է դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն այն դեպքում, երբ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվել է ի վնաս հայցվորի:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է (...) մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը դատարան դիմելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատման ձևով օրենքի ուժով սահմանված արտոնության` դատական բողոքարկման փուլերում կիրառման առանձնահատկություններին անդրադարձել է Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ: Նշված որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է դատական ծախսերի բաշխման հարցն այն իրավիճակում, երբ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման պահանջի հիման վրա հարուցված դատական գործը վարչական դատարանում լուծվում է հայցվորի օգտին, վարչական դատարանի դատական ակտը վերադաս դատական ատյան է բողոքարկվում ոչ թե հայցվորի, այլ պատասխանող վարչական մարմնի կողմից, և այդ բողոքի քննության արդյունքում գործի ելքը փոխվում է ի վնաս հայցվորի: Նշված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել իրավական դիրքորոշումներ ձևավորել հենց այդ խնդրահարույց իրավիճակի վերաբերյալ` հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

ՀՀ սահմանադրական դատարանը նշված որոշմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը: Նույն որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք` վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով` դատական բողոքարկման բոլոր փուլերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը վկայակոչված որոշմամբ փաստել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության` ՀՀ սահմանադրական դատարանի կողմից բացահայտված սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է հետևյալին. վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները` ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք, չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները և նպատակ ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի կողմից 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները ներդնել վարչական գործերով իրավակիրառ պրակտիկայի հիմքում` ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է հետևյալ եզրակացության. եթե վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման գործերով պատասխանող վարչական մարմնի վերաքննիչ բողոքի հիման վրա օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտի հայցը վերաքննիչ վարչական դատարանի կողմից մերժվում է, ապա վերջինս չպետք է կրի պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված կամ վճարման ենթակա պետական տուրքի հատուցման պարտականություն: Այլ կերպ ասած` վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքից օրենքի ուժով ազատված հայցվորի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվորի փոխվելու հանգամանքից: Այդ դեպքում վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող վարչական մարմնի կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված (տե՛ս, Գագիկ Ավետիսյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/1390/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Հարություն Սարգսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով ազատված է Որոշման` որպես անձին վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտի, վիճարկման հայցով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրք վճարելու պարտականությունից:

Դատարանը, ինչպես վերը նշվեց, բավարարել է Հարություն Սարգսյանի հայցը` Որոշումը ճանաչելով անվավեր:

Դատարանի վճիռը վերաքննության կարգով բողոքարկել է պատասխանող Ծառայությունը: Ծառայությունն ազատված չէ վերաքննիչ բողոքի համար պետական տուրք վճարելու պարտականությունից և վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարել է պետական տուրք` 10.000 ՀՀ դրամի չափով: Սակայն Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ծառայության վերաքննիչ բողոքը և բեկանելով ու փոփոխելով Դատարանի վճիռը` հայցը մերժել է: Անդրադառնալով դատական ծախսերի բաշխման հարցին` Վերաքննիչ դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի կիրառմամբ Հարություն Սարգսյանից հօգուտ Ծառայության բռնագանձել է 10.000 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված պետական տուրքի փոխհատուցում:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը Ծառայության կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի հատուցման պարտականությունը դրել է պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված ֆիզիկական անձի` Հարություն Սարգսյանի վրա:

Մինչդեռ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի 10.07.2018 թվականի թիվ ՍԴՈ-1423 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում սույն որոշմամբ արված իրավական հետևությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Հարություն Սարգսյանի վրա չի կարող դրվել պատասխանող վարչական մարմնի կողմից վերաքննիչ բողոք ներկայացնելու համար վճարված պետական տուրքի փոխհատուցման պարտականություն` անկախ այդ վերաքննիչ բողոքի քննության արդյունքում գործի ելքն ի վնաս հայցվոր Հարություն Սարգսյանի փոխվելու հանգամանքից, քանի որ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտերի վիճարկման համար օրենքի ուժով պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված սուբյեկտները չեն կարող կրել պետական տուրք վճարելու կամ վճարված պետական տուրքի գումարները փոխհատուցելու պարտականություն` թե՛ վարչական դատարանում, թե՛ դատական բողոքարկման փուլերում` անկախ գործի ելքից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված հայցվոր Հարություն Սարգսյանի վրա պետական տուրք վճարելու (փոխհատուցելու) պարտականություն դնելու փոխարեն, պարտավոր էր վերաքննիչ բողոք բերելու համար պատասխանող Ծառայության կողմից վճարված պետական տուրքի հարցը համարել լուծված:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի վերոգրյալ հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը մասնակիորեն փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հարություն Սարգսյանը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության ուժով ազատված է վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի վճարման պարտականությունից: Հաշվի առնելով վերոգրյալը և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Հարություն Սարգսյանը տվյալ դեպքում վճռաբեկ բողոքի համար պետական տուրք չի վճարել, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 01.06.2018 թվականի որոշման` վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման մասը, և այդ մասով այն փոփոխել` վերաքննիչ բողոքի համար վճարված պետական տուրքի բաշխման հարցը համարել լուծված:

Որոշումը` մնացած մասով, թողնել անփոփոխ:

2. Վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2019
N ՎԴ/4031/05/17
Որոշում