Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 17 մարտի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վ. Սիմոնյանի,

i

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի հունվարի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը, գործում առկա եզրակացություններն ու մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում` ծառայությունների առևտրի և ներդրումների ոլորտում խոչընդոտները վերացնելու, բիզնես ծախսերը նվազեցնելու, տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու և ավելի լայն տնտեսական համագործակցության ու փոխշահավետության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

2. Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում 3-րդ գլխին կից 3-Ա հավելվածը` «Օտարում» վերտառությամբ, 5-րդ գլխին կից 5-1 «Արբիտրաժի կանոնակարգը» և 5-2 «Արբիտրների վարքագծի կանոնակարգը» վերտառությամբ հավելվածները, ինչպես նաև Համաձայնագրի հավելված I-ը և հավելված II-ը` «Չհամապատասխանող միջոցները» վերտառությամբ:

Համաձայնագրի բաղկացուցիչ մասն են կազմում նաև հավելված I-ի և հավելված II-ի երկուական առդիրները, որոնցից երկուսը բովանդակում են Հայաստանի Հանրապետությանը, մյուսները` Սինգապուրի Հանրապետությանը վերաբերող դրույթներ:

3. Հայաստանի Հանրապետությունը, փոխադարձության հիման վրա, Համաձայնագրով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես`

- ստեղծել ազատ առևտրի գոտի` ԱՀԿ համաձայնագրի 1 «Բ» հավելվածում նշված` Ծառայությունների առևտրի գլխավոր համաձայնագրի V հոդվածին համապատասխան (Հոդված 1.1),

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը համանման իրավիճակում տրամադրում է Կողմ չհանդիսացող երկրի ծառայություն մատուցողներին (Հոդված 2.3),

- սինգապուրյան կողմի ծառայություն մատուցողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն ռեժիմը, որը համանման իրավիճակում տրամադրում է իր սեփական ծառայությունը մատուցողներին (Հոդված 2.4),

- չընդունել կամ չիրականացնել այնպիսի միջոցներ, որոնցով`

ա) կսահմանափակվի ծառայություն մատուցողների թիվը` քանակական քվոտաների, մենաշնորհների, բացառիկ ծառայություն մատուցողների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձևով,

բ) կսահմանափակվեն ծառայության մատուցման հետ կապված գործարքների ընդհանուր արժեքը կամ ակտիվները` քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձևով,

գ) կսահմանափակվի ծառայության հետ կապված գործողությունների ընդհանուր թվի կամ ծառայության արդյունքի` հատկորոշված թվային միավորներով արտահայտած ընդհանուր թիվը` քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձևով,

դ) կսահմանափակվի այն ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը, որոնք կարող են աշխատանքի անցնել ծառայության որոշակի ոլորտում, կամ որոնց կարող է աշխատանքի վերցնել ծառայություն մատուցողը, և որոնք անհրաժեշտ են կոնկրետ ծառայության մատուցման համար և ուղղակիորեն առնչվում են դրան` քանակական քվոտաների կամ տնտեսական կարիքների ստուգորոշման պահանջի ձևով, կամ

ե) կսահմանափակվեն կամ կպահանջվեն իրավաբանական անձի կամ համատեղ ձեռնարկության որոշակի տեսակներ, որոնց միջոցով ծառայություն մատուցողն ունի ծառայություն մատուցելու հնարավորություն (Հոդված 2.5),

- չպահանջել, որ մյուս Կողմի ծառայություն մատուցողը հիմնադրի կամ վարի ներկայացուցչական գրասենյակ կամ ձեռնարկության ցանկացած ձև, կամ իր տարածքում լինի ռեզիդենտ` որպես միջսահմանային ծառայության մատուցման պայման (Հոդված 2.6),

- ապահովել, որ Համաձայնագրի 2.3-րդ հոդվածը (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածը (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածը (Շուկայի հասանելիությունը) և 2.6-րդ հոդվածը (Տեղական մակարդակում ներկայությունը) չկիրառվեն Համաձայնագրի 2.7-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված դեպքերում, ինչպես նաև այնպիսի միջոցի նկատմամբ, որը հայկական կողմն ընդունում կամ իրականացնում է II հավելվածի իրեն վերաբերող առդիրում սահմանված ոլորտների, ենթաոլորտների կամ գործունեության տեսակների նկատմամբ (Հոդված 2.7),

- կոնկրետ երկրում, այդ թվում` մյուս Կողմի և կողմ չհանդիսացող երկրների տարածքում ստացած կրթությունն ու փորձը, կատարված պահանջները կամ տրամադրված լիցենզիաները կամ հավաստագրերը ճանաչելու իր իրավունքը չիրացնել այնպիսի եղանակով, որը կհամարվի երկրների միջև` ծառայություն մատուցողներին թույլտվություն տրամադրելու, նրանց լիցենզավորման կամ հավաստագրման ստանդարտների կամ չափորոշիչների կիրառման հարցում խտրական միջոց կամ ծառայությունների առևտրի թաքնված սահմանափակում (Հոդված 2.9, կետ 4),

- ապահովել, որ ՀՀ տարածքում ցանկացած մենաշնորհային ծառայություն մատուցող համապատասխան շուկայում մենաշնորհային ծառայություն մատուցելիս չգործի`

ա) Համաձայնագրի 2.3-րդ հոդվածով (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածով (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածով (Շուկայի հասանելիությունը) և 2.6-րդ հոդվածով (Տեղական մակարդակում ներկայությունը) սահմանված` Կողմի պարտավորություններին չհամապատասխանող ձևով (Հոդված 2.10, կետ 1),

բ) սինգապուրյան կողմի մենաշնորհային ծառայություն մատուցողի կողմից ուղղակիորեն կամ փոխկապակցված ընկերության միջոցով այնպիսի ծառայության մատուցման հարցում մրցակցելու դեպքում, որն իր մենաշնորհային իրավունքների շրջանակից դուրս է, և որի վրա տարածվում են Համաձայնագրի 2.3-րդ հոդվածով (Ազգերի առավել բարենպաստության ռեժիմը), 2.4-րդ հոդվածով (Ազգային ռեժիմը), 2.5-րդ հոդվածով (Շուկայի հասանելիությունը) և 2.6-րդ հոդվածով (Տեղական մակարդակում ներկայությունը) սահմանված` Հայաստանի Հանրապետության պարտականությունները, ապա ապահովել, որ այդ ծառայություն մատուցողը չչարաշահի իր մենաշնորհային դիրքը` Հայաստանի Հանրապետության տարածքում այդ հանձնառություններին չհամապատասխանող ձևով գործելու եղանակով (Հոդված 2.10, կետ 2),

- Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ապահովել, որ սինգապուրյան կողմի ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ չձեռնարկվեն երաշխիքային ապահովման գործողություններ, ինչպես նաև չնախաձեռնել կամ չշարունակել սինգապուրյան կողմի ծառայությունների և ծառայություն մատուցողների նկատմամբ որևէ երաշխիքային ապահովման գծով քննություն (Հոդված 2.11),

- թույլատրել, որ միջսահմանային ծառայությունների մատուցման հետ կապված` դեպի ՀՀ տարածք կամ դրանից դուրս փոխանցումներն ու վճարումները կատարվեն ազատորեն և առանց ուշացման (Հոդված 2.12, կետ 1),

- թույլատրել, որ միջսահմանային ծառայությունների մատուցման հետ կապված փոխանցումներն ու վճարումները կատարվեն ազատ փոխարկելի արժույթի` փոխանցման օրվա դրությամբ գործող` տարադրամի փոխանակման հիմնական շուկայական փոխարժեքով (Հոդված 2.12, կետ 2),

- կատարված ներդրումներին տրամադրել այնպիսի ռեժիմ, որը միջազգային իրավունքի նվազագույն չափանիշի համաձայն` տրամադրվում է օտարերկրացիներին, այդ թվում` արդարացի և անաչառ վերաբերմունք և լիարժեք պաշտպանություն ու անվտանգություն (Հոդված 3.4, կետ 1),

- ապահովել, որ սինգապուրյան կողմի ներդրողներին տրամադրվի ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը տրամադրվում է ՀՀ ներդրողներին` ՀՀ տարածքում ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման և վաճառքի կամ այլ ձևով տնօրինման առումով, ինչպես նաև կատարված ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը համանման հանգամանքներում տրամադրվում է ՀՀ ներդրողների կողմից ՀՀ տարածքում իրականացված ներդրումներին` դրանց ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաև վաճառքի կամ այլ ձևով տնօրինման առումով (Հոդված 3.5),

- սինգապուրյան կողմի ներդրողներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը համանման հանգամանքներում տրամադրում է կողմ չհանդիսացող որևէ երկրի ներդրողներին` ՀՀ տարածքում ներդրման ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաև վաճառքի կամ այլ ձևով տնօրինման առումով, ինչպես նաև կատարված ներդրումներին տրամադրել ոչ պակաս բարենպաստ ռեժիմ, քան այն, որը համանման հանգամանքներում տրամադրում է կողմ չհանդիսացող որևէ երկրի ներդրողների կողմից ՀՀ տարածքում իրականացված ներդրումներին` դրանց ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման, ինչպես նաև վաճառքի կամ այլ ձևով տնօրինման առումով (Հոդված 3.6, կետեր 1, 2),

- սինգապուրյան կողմի ներդրողների` ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ որևէ այլ նմանատիպ իրադարձությունների պատճառով ՀՀ տարածքում կատարած ներդրումների հետ կապված վնասներ կրելու դեպքում սինգապուրյան կողմի ներդրողի կատարած ներդրումներին տրամադրել վնասների վերականգնման, հատուցման, փոխհատուցման կամ որևէ այլ ձևով կարգավորման այնպիսի ռեժիմ, որը ոչ պակաս բարենպաստ է, քան այն ռեժիմը, որը Հայաստանի Հանրապետությունը կտրամադրեր իր ներդրողների ներդրումների կամ Կողմ չհանդիսացող որևէ այլ երկրի ներդրողների ներդրումների համար` նայած դրանցից որն է առավել բարենպաստ (Հոդված 3.7, կետ 1),

- սինգապուրյան կողմի ներդրողների` ՀՀ տարածքում պատերազմի կամ այլ զինված հակամարտության, հեղափոխության, արտակարգ իրավիճակի, խռովության, քաղաքացիական անկարգությունների կամ որևէ այլ նմանատիպ իրադարձությունների պատճառով ՀՀ տարածքում կատարած ներդրումների հետ կապված վնասներ կրելու դեպքում, որն առաջանում է ՀՀ ուժային կառույցների կամ իշխանությունների կողմից սինգապուրյան կողմի ներդրողների կատարած ներդրումների կամ դրանց մի մասի բռնագրավման հետևանքով, ինչպես նաև ոչնչացման հետևանքով, ինչը չի պահանջվել տվյալ իրավիճակի անհրաժեշտությունից, սինգապուրյան կողմի ներդրողին տրամադրել այդ վնասի վերականգնում, փոխհատուցում կամ, անհրաժեշտության դեպքում, երկուսը միասին (Հոդված 3.7, կետ 2),

- ՀՀ տարածքում սինգապուրյան կողմի կամ Կողմ չհանդիսացող երկրի ներդրողի ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման կամ վաճառքի կամ այլ ձևով տնօրինման հետ կապված չսահմանել կամ չկիրառել որևէ պահանջ կամ չպահանջել կատարելու որևէ հանձնառություն կամ պարտավորություն որպեսզի, ի թիվս այլնի, ապահովի հայրենական կապիտալի որոշակի մակարդակ կամ տոկոսային հարաբերակցություն, ինչպես նաև իր տարածքում սահմանափակի այդպիսի ներդրումների միջոցով արտադրվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների վաճառքը` այդ վաճառքը որևէ կերպ կապակցելով իր արտահանման ծավալի կամ արժեքի կամ արտարժույթի մուտքերի հետ (Հոդված 3.8, կետ 1),

- ՀՀ տարածքում սինգապուրյան կողմի կամ Կողմ չհանդիսացող երկրի ներդրողի ներդրումների ստեղծման, ձեռքբերման, ընդլայնման, կառավարման, իրականացման, գործարկման կամ վաճառքի կամ այլ ձևով տնօրինման հետ կապված առավելությունների ստացումը կամ դրանց շարունակական ստացումը չպայմանավորել որևէ պահանջի կատարմամբ, որպեսզի, ի թիվս այլնի, ապահովի հայրենական կապիտալի որոշակի մակարդակ կամ տոկոսային հարաբերակցություն, ինչպես նաև ՀՀ տարածքում սահմանափակի այդպիսի ներդրումների միջոցով արտադրվող ապրանքների կամ մատակարարվող ծառայությունների վաճառքը` այդ վաճառքը որևէ կերպ պայմանավորելով արտահանման ծավալով կամ արժեքով կամ արտարժույթի մուտքերով (Հոդված 3.8, կետ 2),

- չպահանջել, որ կատարված ներդրում համարվող սինգապուրյան Կողմի ձեռնարկությունում ղեկավար բարձր պաշտոնների նշանակվեն որևէ կոնկրետ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք (Հոդված 3.9, կետ 1),

- չազգայնացնել, չպետականացնել կատարված ներդրումը կամ այն չենթարկել ազգայնացմանը կամ պետականացմանը համարժեք ազդեցություն ունեցող միջոցներին, բացառությամբ եթե այդ միջոցը ձեռնարկվել է ոչ խտրական հիմունքներով, հանրային նպատակներով` պատշաճ իրավական ընթացակարգին համապատասխան և նախնական, համարժեք և արդյունավետ փոխհատուցման վճարմամբ (Հոդված 3.11, կետեր 1, 2),

- թույլ տալ, որ կատարված ներդրումների հետ կապված` դեպի ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից դուրս փոխանցումները կատարվեն ազատ և առանց ուշացման (Հոդված 3.12, կետ 1),

- ձեռնարկել արբիտրաժային կոլեգիայի վերջնական զեկույցի պահանջները բարեխղճորեն կատարելու համար անհրաժեշտ ցանկացած միջոց (Հոդված 5.12, կետ 1),

- հաստատել ԱՀԿ համաձայնագրի շրջանակներում և դրա շրջանակներում կնքված այլ համաձայնագրերի, ինչպես նաև ցանկացած այլ միջազգային համաձայնագրի շրջանակներում, որի կողմեր են Հայաստանի Հանրապետությունը և Սինգապուրի Հանրապետությունը, Սինգապուրի Հանրապետության նկատմամբ ստանձնած` Հայաստանի Հանրապետության գործող իրավունքներն ու պարտավորությունները (Հոդված 6.4, կետ 1):

i

4. Համաձայնագրում հղում է կատարված Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծման մասին Մարաքեշի համաձայնագրին, որը, ինչպես նաև կից փաստաթղթերը Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովի թիվ Ն-322-2 որոշմամբ:

i

5. Սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած հիշյալ պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված` արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

i

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության միջև ծառայությունների առևտրի և ներդրումների մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

17 մարտի 2020 թվականի

ՍԴՈ-1516

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 18 մարտի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
17.03.2020
N ՍԴՈ-1516
Որոշում