Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԳԴ4/0022/01/09

ԳԴ5/0038/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ' դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

    2019 թվականի ապրիլի 12-ին                        ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով դատապարտյալ Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճռով (թիվ ԳԴ4/0022/01/09 քրեական գործ) Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2.1-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Կ.Ղասաբօղլյանը ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով` ազատազրկման` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Կ.Ղասաբօղլյանին թողնվել է կրելու ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

2. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, 2010 թվականի հոկտեմբերի 8-ի որոշմամբ քննության առնելով 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճռի եզրափակիչ մասում թույլ տրված վրիպակի ուղղման հարցը, որոշել է Կ.Ղասաբօղլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով որպես պատիժ նշանակել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով` ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` ազատազրկում` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ Կ.Ղասաբօղլյանին թողնվել է կրելու ազատազրկում` 9 (ինը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

3. Կ.Ղասաբօղլյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2011 թվականի հունվարի 31-ի որոշմամբ բողոքը մերժել է, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը թողել օրինական ուժի մեջ:

4. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ղասաբօղլյանի և պաշտպան Ա.Սաղաթելյանի վճռաբեկ բողոքները Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մարտի 31-ի որոշմամբ վերադարձվել են:

5. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճռով (թիվ ԳԴ5/0038/01/10 քրեական գործ) Կ.Ղասաբօղլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Կ.Ղասաբօղլյանը դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 10.488.439.7 ՀՀ դրամի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կանոններով` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու, ինչպես նաև վերջնական պատժի ժամկետին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճռով նշանակված պատժի կրած մասը հաշվակցելու միջոցով, Կ.Ղասաբօղլյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` հանցավոր ճանապարհով ստացված գույքի` 10.488.439.7 ՀՀ դրամի բռնագրավմամբ:

Կ.Ղասաբօղլյանի պատժի սկիզբը հաշվվել է 2009 թվականի մարտի 13-ից:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Արսեն Առաքելյանը, Արթուր Թովմասյանը, Նարինե Նավասարդյանը, Սահականույշ Ասատրյանը, Արա Մկրտչյանը, Վիկտորյա Ասատրյանը և Պապ Մանուկյանը:

6. Կ.Ղասաբօղլյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012 թվականի փետրվարի 20-ի որոշմամբ բողոքը մերժել է, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը` թողել օրինական ուժի մեջ:

7. Վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Կ.Ղասաբօղլյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի ապրիլի 23-ի որոշմամբ վերադարձվել է:

8. Դատապարտյալ Կ.Ղասաբօղլյանի կողմից նոր հանգամանքի հիմքով բերված բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 3-ի որոշմամբ հարուցել է դատական ակտի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքն ընդունել է վարույթ:

9. Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճռով (թիվ ԳԴ4/0022/01/09 քրեական գործ) Կ.Ղասաբօղլյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2.1-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և արձանագրել, որ. «(...) Ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը 2008թ. նոյեմբերին Վարդան Գալստյանին անձամբ ներարկելու միջոցով` ապօրինի իրացրել է «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև` 2008թ. դեկտեմբերին, ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը Վարդան Գալստյանին նույն միջոցով կրկին անգամ ապօրինի իրացրել է «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Բացի այդ, 2009թ. փետրվարին ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը նույն միջոցով կրկին անգամ ապօրինի «ափիոն» տեսակի թմրամիջոց է իրացրել նաև Արման Պողոսյանին:

Շարունակելով իր հանցավոր գործունեությունը` 2009թ. փետրվարին ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը դարձյալ անձամբ ներարկելու միջոցով Արման Պողոսյանին կրկին անգամ ապօրինի իրացրել է «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Դրանից երեք օր անց` ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը նույն միջոցով կրկին անգամ ապօրինի «ափիոն» տեսակի թմրամիջոց է իրացրել Արման Պողոսյանին:

Բացի այդ, մի քանի օր անց, ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը դարձյալ անձամբ ներարկելու միջոցով Արման Պողոսյանին կրկին անգամ ապօրինի իրացրել է «ափիոն» տեսակի թմրամիջոց:

Այնուհետև` 2009թ. փետրվարից մարտն ընկած ժամանակահատվածում, ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը կրկին անգամ ապօրինի «ափիոն» տեսակի թմրամիջոց է իրացրել նաև Ալիկ Անդրեասյանին:

(...)

Նախաքննության մարմինն ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով այն բանի համար, որ ըստ մեղադրական եզրակացության. «2009թ. հունվար ամսին առանց իրացնելու նպատակի Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը, Վարդան Մարտինի Գալստյանի հետ յուրաքանչյուրը 10.000-ական դրամ ներդնելով, ապօրինի ձեռք է բերել ու պահել խոշոր չափի` շուրջ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

2009թ. փետրվար ամսին կրկին անգամ, առանց իրացնելու նպատակի Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը, Վարդան Մարտինի Գալստյանի հետ յուրաքանչյուրը 10.000-ական դրամ ներդնելով, ապօրինի ձեռք է բերել ու պահել խոշոր չափի` շուրջ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

2009թ. փետրվար ամսվա վերջերին, մարտ ամսվա սկզբներին Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը կրկին անգամ ապօրինի իրացրել է թմրամիջոց` հյուրասիրելու միջոցով Ալիկ Հուսիկի Անդրեասյանին Երևան քաղաքում ապօրինի իրացրել է խոշոր չափի` շուրջ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

2009թ. մարտ ամսին կրկին անգամ առանց իրացնելու նպատակի Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանը, Արման Օնիկի Պողոսյանից վերցնելով վերջինիս «Մոտոռոլլա» տեսակի բջջային հեռախոսը, դրա դիմաց ապօրինի ձեռք է բերել ու պահել խոշոր չափի` շուրջ 1 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոց:

(...)

Տվյալ դեպքում` դատարանն արձանագրում է, որ ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանի կողմից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերած ու պահած, ինչպես նաև իրացրած թմրամիջոցների չափերի վերաբերյալ հետևությունները հիմնված են լոկ ենթադրությունների վրա, մինչդեռ թմրամիջոցի քաշը կարող է հաստատվել միայն գիտականորեն հիմնավորված մեթոդիկայի համաձայն կատարված փորձաքննության արդյունքում, իսկ նախաքննության մարմինը թմրամիջոցների խոշոր չափի վերաբերյալ որևէ ապացույց չի վկայակոչել:

(...)

Նման պայմաններում, նկատի ունենալով, որ ամբաստանյալ Ղասաբօղլյանի կողմից առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք բերած ու պահած, ինչպես նաև վկա Ալիկ Անդրեասյանին ապօրինի իրացրած թմրամիջոցների խոշոր չափերի վերաբերյալ որևէ ապացույց ձեռք չի բերվել նաև գործի դատաքննության ընթացքում, ինչպես նաև հաշվի առնելով ամբաստանյալի գործողություններում առկա կրկնակիության հատկանիշը, դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից պետք է վերաորակել նույն օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով առաջադրված մեղադրանքը` նույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննության մարմինն ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նաև այն բանի համար, որ 2009թ. մարտի 13-ին ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը Երևան քաղաքում, ինքնությունը չպարզված անձից, իրացնելու նպատակով կրկին անգամ ապօրինի ձեռք է բերել և իր մոտ պահել խոշոր չափի` 0.62 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որն էլ նույն օրը նրա մոտ հայտնաբերվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:

(...)

Տվյալ դեպքում` ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանի մոտից հայտնաբերված թմրամիջոցի քանակությունն ինքնըստինքյան այն իրացնելու անվիճելի ապացույց չէ:

Ավելին դատաքիմիական փորձաքննության եզրակացությամբ հաստատված է, որ ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանից 2009թ. մարտի 14-ին վերցված մեզի փորձանմուշում հայտնաբերվել են ափիոնի խմբի թմրամիջոցի թմրալկալոիդների հետքեր (հատոր 1, գ.թ. 109):

Այլ ապացույց, որ ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը թմրամիջոցը կրկին անգամ ձեռք է բերել իրացնելու նպատակով` նախաքննության մարմինը չի վկայակոչել: Նման ապացույց ձեռք չի բերվել նաև դատաքննության ընթացքում:

Հետևաբար` դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանի կատարած արարքը` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

Այսպիսով, ամբաստանյալ Կարեն Ղասաբօղլյանը կատարել է հանցանք, նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 266-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 2.1-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, որոնցով և նա պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության և պատժի (...)»(1):

_______________________

1) Տե՛ս քրեական գործ, թիվ ԳԴ4/0022/01/09, հատոր 4, թերթեր 507, 510-512:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոշարադրյալ հիմնավորումներով.

11. Բողոք բերած անձը, հղում կատարելով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև վկայակոչելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածը և ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասը, փաստարկել է, որ նշված փոփոխություններով բարելավվել է իր վիճակը, հետևաբար դրանք ենթակա են կիրառման իր նկատմամբ:

11.1. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է իր վերաբերյալ կայացված դատական ակտերով հաստատված արարքները համապատասխանեցնել թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններին, և փոփոխել իր նկատմամբ նշանակված վերջնական պատիժը կամ ազատել հետագա պատիժը կրելուց` արարքի ապաքրեականացման հիմքով:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք ՀՀ սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքները նոր հանգամանք են դատապարտյալ Կ.Ղասաբօղլյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մարտի 31-ի և 2012 թվականի ապրիլի 23-ի որոշումները վերանայելու համար:

13. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «(...) Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն»:

14. Քրեական օրենքը հետադարձ ուժով կիրառելու նորմերի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Դրա հետ մեկտեղ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքի հետադարձության կանոնը սկսում է գործել այն դեպքերում, երբ նոր օրենքը կա՛մ վերացնում է արարքի հանցավորությունը (ապաքրեականացում), կա՛մ մեղմացնում է պատիժը, կա՛մ այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը: Թվարկված պայմաններն ունեն իմպերատիվ բնույթ, և նոր օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դրանցից առնվազն մեկի առկայության պարագայում նոր օրենքի գործողությունը տարածվում է մինչև այն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են այն, սակայն ունեն դատվածություն(2):

___________________________

2) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11 որոշման 16-17-րդ կետերը:

 

15. ՀՀ սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման շրջանակներում անդրադառնալով արարքի պատժելիությունը վերացնող օրենքը հետադարձությամբ կիրառելու կառուցակարգին, արձանագրել է. «(...) Ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից և վերջինիս` սույն որոշման մեջ բացահայտված բովանդակությամբ կիրառումն ապահովելու համար իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում արարքի պատժելիությունը վերացնող օրենքի հետադարձ կիրառումը պատիժ կրող անձանց նկատմամբ անհրաժեշտ է իրականացնել նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման վերաբերյալ իրավակարգավորումների շրջանակներում` արարքի պատժելիությունը վերացնող օրենքի ուժի մեջ մտնելը դիտարկելով որպես դատական ակտը վերանայելու համար նոր հանգամանք (...)»:(3)

___________________________

3) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման 7-րդ կետը:

 

Արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.2-րդ հոդվածը և դրա հետ համակարգային առումով փոխկապակցվածության մեջ գտնվող` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն այնպիսի սահմանադրաիրավական բովանդակությամբ, համաձայն որի` ելնելով ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի անմիջական գործողությունից` արարքի պատժելիությունը վերացնող օրենքն ուժի մեջ մտնելն իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում պետք է ընկալվի որպես նոր հանգամանք, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը նոր հանգամանքի հիմքով ենթակա է վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով (...)»(4):

___________________________

4) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման եզրափակիչ մասը:

 

16. Նախորդ կետում մեջբերված Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքի ընդունմամբ նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը ենթակա են վերանայման ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 49.1-րդ գլխով սահմանված` նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման կանոններով: Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը նոր հանգամանք է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայելու համար:

17. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով»:

ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի համաձայն` «1. Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը`

պատժվում է կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով»:

2. Նույն արարքները, որոնք կատարվել են`

(...)

2) խոշոր չափերով,

պատժվում են ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով: (...)»:

Մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանող ՀՀ քրեական օրենսգրքի 1-ին հավելվածում «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես խոշոր չափ է սահմանված եղել 0.5 գրամից մինչև 10.0 գրամը ներառյալ:

Վերոնշյալ օրենքի 4-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 1-5-րդ հավելվածներն ուժը կորցրած ճանաչելուց հետո ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի թիվ 707-Ն որոշման 1-ին հավելվածով «ափիոն» տեսակի թմրամիջոցի համար որպես զգալի չափ է սահմանվել 0.5 գրամից մինչև 2.5 գրամը ներառյալ, որպես խոշոր չափ` 2.5 գրամից մինչև 12.5 գրամը ներառյալ:

18. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ մինչև «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որպես տվյալ հանցագործությունների որակյալ տեսակ օրենսդիրը առանձնացրել էր վերոնշյալ հոդվածներով նախատեսված հանցանքները կատարելը նախկինում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ, 268-275-րդ հոդվածներով նախատեսված հանցանք կատարած անձանց կողմից:

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետը և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած են ճանաչվել:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Կ.Ղասաբօղլյանը դատապարտվել է`

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով` «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով` «ափիոն» տեսակի թմրամիջոց կրկին անգամ ապօրինի իրացնելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով` առանց իրացնելու նպատակի «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար,

- ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով` առանց իրացնելու նպատակի «ափիոն» տեսակի թմրամիջոց կրկին անգամ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, առանց իրացնելու նպատակի խոշոր չափի` 0.62 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց կրկին անգամ ապօրինի ձեռք բերելու և պահելու համար(5):

_______________________

5) Տե՛ս սույն որոշման 9-10-րդ կետերը:

 

20. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-18-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները հիմք չեն Կ.Ղասաբօղլյանի վերաբերյալ կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատված` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության:

21. Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թմրամիջոցների չափերի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունները բարելավում են դատապարտյալ Կ.Ղասաբօղլյանի վիճակը և հիմք են ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով նախատեսված արարքի իրավական որակման փոփոխության: Մասնավորապես, «ափիոն» տեսակի թմրամիջոցի խոշոր չափի նվազագույն և առավելագույն սահմանների օրենսդրական փոփոխությունների համեմատական ուսումնասիրությունից երևում է, որ դրանց արդյունքում 0.62 գրամ «ափիոն» տեսակի թմրամիջոցն այսուհետ ոչ թե խոշոր, այլ զգալի չափի է:

22. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ և 268-րդ հոդվածներում կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում Կ.Ղասաբօղլյանին մեղսագրված հանցավոր արարքների որակյալ հատկանիշը` հանցանքը կրկին անգամ կատարելը, ճանաչվել է ուժը կորցրած:

23. Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատապարտյալ Կ.Ղասաբօղլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքները համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասին և 268-րդ հոդվածի 1-ին մասին:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով Կ.Ղասաբօղլյանին պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ` նկատի ունենալով, որ վերջինս դատապարտվել է չպարզված քանակությամբ «ափիոն» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար, մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասը քրեական պատասխանատվություն է նախատեսում զգալի չափով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և պահելու համար:

24. Նման պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքում կատարված օրենսդրական փոփոխություններին պետք է տալ հետադարձ ուժ և դրանց գործողությունը տարածել մինչև դրանց ուժի մեջ մտնելը Կ.Ղասաբօղլյանի կատարած արարքների վրա:

25. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի` 2017 թվականի փետրվարի 14-ի թիվ ՍԴՈ-1348 որոշման ուժով «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2011 թվականի մայիսի 23-ի թիվ ՀՕ-143-Ն, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ ՀՕ-241-Ն ՀՀ օրենքները նոր հանգամանք են դատապարտյալ Կարեն Ղասաբօղլյանի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մարտի 31-ի և 2012 թվականի ապրիլի 23-ի որոշումները վերանայելու համար:

26. Վերանայման արդյունքում անհրաժեշտ է դատապարտյալ Կարեն Ղասաբօղլյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը, դատավճիռն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանել և փոփոխել:

Կարեն Ղասաբօղլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում պետք է արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Կ.Ղասաբօղլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքը պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: Կ.Ղասաբօղլյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները պետք է թողնել անփոփոխ:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը պետք է մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից` 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից` 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը, այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի փետրվարի 20-ի որոշումը պետք է բեկանել և փոփոխել:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կանոններով նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկումից պետք է հանել 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական թողնել կրելու ազատազրկում` 10 (տասը) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` պատժի ժամկետի սկիզբը հաշվվելով 2009 թվականի մարտի 13-ից:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Դատապարտյալ Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մարտի 31-ի և ՀՀ վճռաբեկ դատարանի` 2012 թվականի ապրիլի 23-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:

2. Դատապարտյալ Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի վերաբերյալ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հուլիսի 29-ի դատավճիռը, դատավճիռն ի կատար ածելու ընթացքում ծագած կասկածները և անհստակությունները լուծելու մասին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի հոկտեմբերի 8-ի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հունվարի 31-ի որոշումը բեկանել և փոփոխել:

3. Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացնել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետով որակված արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով որակված արարքները վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժները թողնել անփոփոխ:

4. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված` 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակիորեն գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 3 (երեք) տարի ժամկետով ազատազրկումից 2 (երկու) տարի 6 (վեց) ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկումից 1 (մեկ) տարի 9 (ինը) ամիս ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը, և Կարեն Վարդգեսի Ղասաբօղլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում` 7 (յոթ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման:

5. Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 11-ի դատավճիռը, այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի փետրվարի 20-ի որոշումը բեկանել և փոփոխել:

6. ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ մասերի կանոններով նշանակված 12 (տասներկու) տարի ժամկետով ազատազրկումից հանել 1 (մեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը, և վերջնական թողնել կրելու ազատազրկում` 10 (տաս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Պատժի ժամկետի սկիզբը հաշվել 2009 թվականի մարտի 13-ից:

7. Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ:

8. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
12.04.2019
N ԳԴ4/0022/01/09
Որոշում