Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՇԴ3/0066/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՇԴ3/0066/01/16

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Մ. Արղամանյան

                       Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

(1-ին մաս)

 

դռնփակ դատական նիստում, քննության առնելով Վահան Կարլենի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշման դեմ պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 18100116 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Վահան Կարլենի Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է` ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը:

3. Մեղադրող Ա.Եդիգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը` ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Մաթևոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Մաթևոսյանի` կալանքի տակ գտնվելու 9 (ինը) օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի պաշտպան Մ.Մուրադյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «(...) նա 2016 թվականի հունվարի 6-ին ժամը 09:30-ի սահմաններում, իր կողմից մոռացած իրը վերցնելու պատրվակով մտել է ծանոթուհու` Մարինա Վլադիմիրի Լեշովայի` Գյումրի քաղաքի 8-րդ զինթաղամասի 8-րդ շենքի 10-րդ բնակարան, Մարինա Լեշովային սեռական հարաբերություն ունենալու վերաբերյալ առաջարկ կատարելուց և մերժում ստանալուց հետո, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, սեռական պահանջմունքները բավարարելու ձգտմամբ փորձել է բռնաբարել վերջինիս` Լեշովայի կամքին հակառակ հրել և գցել է հյուրասենյակի բազմոցին, հանել իր հագուստները, Լեշովայի կամքին հակառակ հանել նրա հագուստները, վերջինիս կողմից սեռական կապի մեջ մտնելուց խուսափելու նպատակով ցուցաբերած դիմադրությունը ճնշելու, հաղթահարելու, օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով բռնություն է գործադրել` միմյանցից հեռացնելու համար սեղմել ոտքերը, մի քանի անգամ ձեռքի ափով հարվածել է դեմքին, կծել կուրծքը, քաշքշել մազերից, սեղմել և քաշել ձեռքերը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է` ճանկռել Վահան Մաթևոսյանի պարանոցի, կրծքավանդակի և ուսի հատվածը, հրել ոտքերով, ոտքով հարվածել սեռական օրգաններին:

Դրանից հետո, իր սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով, Մարինա Վլադիմիրի Լեշովայի կամքին հակառակ, զուգորդված բռնություն գործադրելով սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ` վերջինիս հրել և գցել է բազկաթոռին, նստել է նրա կրծքավանդակին, մարմնի ամբողջ ծանրությամբ սեղմելով կոտրել նրա դիմադրությունը, թույլ չտալով շարժվել և ձեռնաշարժությամբ զբաղվելով սերմնահեղուկը լցրել է Մարինա Լեշովայի մարմնի վրա»(1):

__________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 108:

 

6. Տուժող Մարինա Լեշովան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Մաթևոսյանը փորձել է իրեն բռնաբարել, բռնություն է գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Տուժողի ցուցմունքների համաձայն` Վ.Մաթևոսյանի կողմից բռնություն գործադրելու արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ(2): Նշված ցուցմունքները տուժողը պնդել է նաև մեղադրյալ Վ.Մաթևոսյանի հետ առերես հարցաքննվելիս(3):

__________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 11-14:

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 51-55:

 

6.1 Նախաքննության ընթացքում միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում հարցաքննվելիս տուժող Մ.Լեշովան հրաժարվել է իր` նախկինում տրված ցուցմունքներից և նշել, որ Վ.Մաթևոսյանին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ, քանի որ հասկացել է, որ ամուսինը կգար տուն և կտեսներ իր մարմնի վրա առկա վնասվածքները: Տուժողը նաև հայտնել է, որ դեպքից մի քանի օր անց, երբ վերականգնվել է, գնահատել է Վ.Մաթևոսյանի գործողություններն իր նկատմամբ, հասկացել է, որ քննիչի մոտ մի փոքր սխալ է նշել կատարված հանգամանքները, ուստի գրել է լրացուցիչ դիմում(4) և փոխանցել քննիչին: Մ.Լեշովան նշել է, որ Վ.Մաթևոսյանի դեմ բողոք չունի, քանի որ նրա գործողությունների հետևանքով իրեն վնաս չի հասցվել(5):

__________________

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 90:

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 108-112:

 

6.2 Վկա Դմիտրի Լեշովը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ կինը` Մ.Լեշովան, զանգահարել է իրեն և հայտնել, որ Վ.Մաթևոսյանը գնացել է իրենց տուն և փորձել բռնաբարել(6): Նախաքննության ընթացքում որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս Դ.Լեշովը ցուցմունք է տվել այն մասին, որ Մ.Լեշովան իրեն է տվել մի դիմում և խնդրել, որ այն փոխանցի քննիչին: Վկայի ցուցմունքի համաձայն` Մ.Լեշովան իրեն հայտնել է, որ Վ.Մաթևոսյանը չի փորձել բռնաբարել նրան, իսկ մարմնական վնասվածքների մասին ոչինչ չի ասել(7):

__________________

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 67-69:

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 94-99:

 

6.3 Վկա Սերգեյ Կալանտայը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Դ.Լեշովն իրեն պատմել է, որ կինը զանգահարել է նրան և հայտնել, որ ինչ-որ մեկը ցանկացել է բռնաբարել նրան: Դ.Լեշովի հետ գնացել է նրա տուն, տեսել է նրա կնոջը, ով ոչինչ չի ասել(8):

__________________

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 134-135:

 

6.4 Վկա Լևոն Մկրտչյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ իր մասնակցությամբ կատարվել է Վ.Մաթևոսյանի անձի զննություն, որի ժամանակ իր կողմից հայտնաբերվել է ձախ ուսի շրջանում կապտուկ, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի ստորին հատվածում քերծվածք, որովայնի մեզոգաստրալ շրջանի ձախ կեսի արյունազեղում, պարանոցի աջ կեսի քերծվածք(9):

__________________

9) Տե՛ս 17.03.2017 դատական նիստի արձանագրություն, քրեական գործ, հատոր 4, թերթ 110:

 

7. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում 2017 թվականի հունվարի 12-ին(10) ծանուցագիր, իսկ հունվարի 26-ին(11) հեռագիր է ուղարկվել տուժող Մ.Լեշովայի հասցեով, որոնցից առաջինը ետ է վերադարձվել` «չպահանջված» նշումով(12): 2017 թվականի հունվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն` Առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական Ժ.Մելիքսեթյանը դատավոր Վ.Գրիգորյանի վարույթում գտնվող թիվ ՇԴ3/0066/01/16 քրեական գործով զանգահարել է տուժող Մ.Լեշովային, ով, սակայն, անջատել է հեռախոսը, որից հետո հեռախոսահամարը դարձել է անհասանելի(13): 2017 թվականի փետրվարի 14-ին կազմված արձանագրության համաձայն` Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի փետրվարի 15-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ գտնվում է Մոսկվա քաղաքում, չի կարող ներկայանալ դատական նիստին և նրա հետ կապ կարելի է հաստատել համապատասխան հեռախոսային հավելվածի միջոցով(14): 2017 թվականի փետրվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն` Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի մարտի 17-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ ինտերնետ կապի բացակայությամբ պայմանավորված` իր հետ տեսակապ հաստատել հնարավոր չէ(15):

__________________

10) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 34:

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 48:

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 36:

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 44:

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65:

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65:

 

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանը դատարանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել (...):

(...) Սույն գործով, Վ.Մաթևոսյանի կողմից Մ.Լեշովայի կամքին հակառակ գործելու մասին ուղղակի տեղեկություններ պարունակում է միայն վերջինիս կողմից 2016 թվականի հունվարի 6-ին հաղորդում տալու, ցուցմունք տալու, և առերես ցուցմունք տալու վերաբերյալ կազմված արձանագրություններում: Սակայն, հետագայում, 2016 թվականի հունվարի 10-ին, Մ.Լեշովան դիմում է գրել, որ իրականում այդ գործողությունները եղել են իր համաձայնությամբ, իսկ այդպիսի համաձայնության վերաբերյալ նաև վերջինս` 2016 հուլիսի 29-ին ցուցմունք է տվել` միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում:

(...) Ապացույցի արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից (...) Մ.Լեշովայի հայտնած երկու իրարամերժ տեղեկությունները համադրելով գործով հավաքված այլ ապացույցների` Վ.Մաթևոսյանին զննելու մասին արձանագրության, դատաբժշկական փորձաքննության թիվ 0009 և 0008 եզրակացությունների, Մ.Լեշովայի և Վ.Մաթևոսյանի աջ և ձախ ձեռքերի եղնգային կտրվածքների դատաբժշկական թիվ 160 եզրակացության, դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացության (...) հետ (...) դատարանն արձանագրում է, որ տուժող Մ.Լեշովայի կողմից դեպքի օրը տված հաղորդումը և ցուցմունքները, որոնք մեկ աղբյուրից ստացված տեղեկություն են, վճռորոշ են Վ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, որոնցում առկա (...) տեղեկությունները չեն համապատասխանում սույն գործով (...) առկա այլ ապացույցներով հաստատված փաստական տվյալների հետ:

Բացի այդ, միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում Մ.Լեշովան 2016 թվականի հուլիսի 29-ին հարցաքննվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Ռոստովի մարզի ՔՎ Ազով քաղաքի ՔԲ ավագ քննիչ Ա.Գ.Իվանչենկոյի կողմից և հերքել է իր կամքին հակառակ գործելու վերաբերյալ նախկին ցուցմունքներում հայտնած տեղեկությունները:

(...) Հակասությունների առկայության պայմաններում նաև հնարավոր չեղավ դատաքննության ընթացքում հարցաքննել տուժողին` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու պատճառով: Դատարանի փորձերը` տուժողին տարածության մեջ տեխնիկական միջոցների գործածմամբ հարցաքննելու ուղղությամբ արդյունք չտվեցին, քանի որ վերջինս` դատաքննության սկզբնական շրջանում, թեպետ համաձայնություն տվեց տեսակապի միջոցով հարցաքննվելու, սակայն, հետագայում, հրաժարվեց դրանից և այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

(...)

Դատարանը, ապացույցների գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության (...) պահանջների և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ արժանահավատ և բավարար ապացույցների համակցությամբ, անմեղության կանխավարկածի հաղթահարմամբ չհիմնավորվեց այն, որ Վ.Մաթևոսյանը սեռական պահանջմունքները բավարարելու ձգտմամբ փորձել է բռնաբարել Մարինա Լեշովային, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է, իսկ դրանից հետո Մարինա Լեշովայի կամքին հակառակ, զուգորդված բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»(16):

_____________________

16) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 108-117:

 

9. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության, վերաբերելիության վերաբերյալ քրեադատավարական պահանջների տեսանկյունից, իրավական գնահատական տալով տուժող Մարինա Լեշովայի և վկա Դմիտրի Լեշովի նախաքննական ցուցմունքներին, արժանահավատ է համարում նրանց նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, (...):

Գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` տուժող Մարինա Լեշովայի, վկա Դմիտրի Լեշովի նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, վկաներ Սերգեյ Կալանտայի նախաքննական ցուցմունքը, Լևոն Մկրտչյանի ցուցմունքը, Վահան Մաթևոսյանին 06.01.2016 թվականին զննելու մասին արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության թիվ 0008, 0009 եզրակացությունները, դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացությունը, բավարար են ամբաստանյալ Վահան Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար (...)»(17):

_____________________

17) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 66-86:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

10. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ուստի Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ:

Ի հիմնավորումը վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները չենթարկելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, եկել է սխալ եզրահանգման` ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղավորության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով քրեադատավարական նորմերի պահանջները, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է ի վնաս ամբաստանյալի:

Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ամբաստանյալի` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը կազմող հակընդդեմ հարցման իրավունքը: Մասնավորապես` պաշտպանական կողմը դատաքննության փուլում զրկված է եղել գործով տուժողին և վկաներին հարցաքննելու հնարավորությունից, սակայն, նշված ցուցմունքները Վերաքննիչ դատարանը դրել է Վ.Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում: Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք նա տվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ տուժողի կողմից հետագայում գրված դիմումը և միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում տրված ցուցմունքը` ոչ արժանահավատ:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, հիմնվելով միայն նախաքննական ցուցմունքների վրա, ուշադրություն չի դարձրել գործում առկա մյուս ապացույցների, ինչպես նաև նախաքննության փուլում տուժողի կողմից տրված ցուցմունքների միջև եղած հակասությունների վրա:

11. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ին որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի արդարացման դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի կողմից տուժող Մ.Լեշովային գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի համաձայն` «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի`

(...)

4) իր դեմ ցուցմունք տվող անձանց հարցման ենթարկելու իրավունք, կամ որ այդ անձինք ենթարկվեն հարցման, ինչպես նաև, որ իր օգտին ցուցմունք տվող անձինք կանչվեն և հարցաքննվեն նույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված անձինք. (...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Եվրոպական կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` «Քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները.

(...)

դ. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները, (...)»:

14. Հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքը հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից մեկն է: Այն երաշխավորում է մեղադրյալի դեմ ցուցմունք տվող անձանց խաչաձև հարցաքննությունը, որպիսի պայմաններում մեղադրյալը հնարավորություն է ունենում հրապարակային դատաքննության ընթացքում անմիջականորեն լսելու իր դեմ տրվող ցուցմունքը և այդ կապակցությամբ ուղղելու հարցեր ու ստանալու պատասխաններ: Այլ կերպ, հակընդդեմ հարցման իրավունքը քրեական վարույթի արդարացիության ապահովման հիմնարար երաշխիքներից է, որի կենսագործման միջոցով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձը գործի դատական քննության ընթացքում կարողանում է վիճարկել իր դեմ տրված ցուցմունքը: Այդ գործընթացն առանցքային նշանակություն ունի նաև գործն ըստ էության քննության առնող դատարանի համար, որը ենթադրյալ հանցանք կատարած անձի մեղավորությունը որոշելիս համակողմանի գնահատման է ենթարկում ինչպես վկայի տված ցուցմունքը, այնպես էլ հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի կողմից վկային ուղղված հարցերի առնչությամբ վերջինիս տրված պատասխանները(18):

____________________

18) Տե՛ս Արտուշ Ղուլյանի գորրծով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 17-րդ կետը:

 

14.1 Հակընդդեմ հարցման իրավունքը կարևորվում է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, որը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ բոլոր ապացույցները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց դատական քննության ժամանակ, մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Այս սկզբունքն ունի նաև բացառություններ, սակայն, դրանք չպետք է խախտեն պաշտպանության կողմի իրավունքները. որպես կանոն, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի` իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում(19):

____________________

19) Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 118-րդ կետ:

 

14.2 Այսինքն` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.

- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն` դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր` դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության, վախի (20), վկային հայտնաբերելու անհնարինության (21) կամ այլ պատճառներով: Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին(22),

____________________

20) Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը:

21) Տե՛ս Paic v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ:

22) Տե՛ս Seton v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ:

 

- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված` «միակ կամ վճռորոշ կանոնը»): Այդ համատեքստում, որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ» պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար(23),

____________________

23) Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր: Նշվածի կապակցությամբ տե՛ս նաև Համայակ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 23-րդ կետը, որտեղ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում:

 

- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները: Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել` արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները(24):

____________________

24) Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 116-րդ, 145-րդ կետեր:

 

14.3 Հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ երեք տարրերից բաղկացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված թեստն ունի առանցքային նշանակություն: Այդ երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և հիմք են ծառայում որոշելու համար, թե ընդհանուր առմամբ ապահովվել է քրեական վարույթի արդարացիությունը, թե ոչ(25):

____________________

25) Տե՛ս նույն որոշման 117-118-րդ կետերը:

 

14.4 Վերոնշյալի հետ մեկտեղ պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել դատական վարույթի որևէ փուլում, դատաքննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է լինի ծայրահեղ միջոց(26): Այդ հանգամանքը մշտապես ընդգծվել է նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված մի շարք վճիռներում(27):

____________________

26) Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 125-րդ կետ:

27) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, Avetisyan v. Armenia գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 13479/11, Asatryan v. Armenia գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 3571/09, Dadayan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 14078/12 և այլն:

 

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

- տուժողը նախաքննության ընթացքում հարցաքննվելիս Վ.Մաթևոսյանի դեմ ցուցմունք է տվել, որը պնդել է նաև վերջինիս հետ առերեսման ժամանակ(28): Սակայն, հետագայում, նախաքննության ընթացքում տուժողը կրկին հարցաքննվել է միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում` հրաժարվելով իր նախկին ցուցմունքներից(29),

____________________

28) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

29) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:

 

- դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը միջոցներ է ձեռնարկել տուժողի ներկայությունը դատարանում ապահովելու և հարցաքննելու համար, մասնավորապես, ուղարկվել է ծանուցագիր, կատարվել են հեռախոսազանգեր(30), որի արդյունքում Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ տուժողը բացակայում է Հայաստանի Հանրապետությունից և հնարավոր չէ դատաքննության ընթացքում հարցաքննել տուժողին, իսկ վերջինիս տեխնիկական միջոցների գործածմամբ հարցաքննելու ուղղությամբ ձեռնարկված քայլերն արդյունք չեն տվել, քանի որ նա հրաժարվել է տեսակապի միջոցով հարցաքննվելուց(31),

____________________

30) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

31) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

- Առաջին ատյանի դատարանը ճանաչել և հռչակել է Վ.Մաթևոսյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով այն պատճառաբանությամբ, որ արժանահավատ, բավարար ապացույցների համակցությամբ հիմնավոր կասկածից վեր չի հիմնավորվել Վ.Մաթևոսյանի մեղավորությունը նրան մեղսագրված արարքներում: Առաջին ատյանի դատարանը միաժամանակ փաստել է, որ տուժողի սկզբնական ցուցմունքը վճռորոշ նշանակություն ունի Վ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի համար, սակայն, դրանում առկա տեղեկությունները հակասում են քրեական գործով ձեռքբերված մյուս ապացույցներով հաստատված փաստերին, մինչդեռ տուժողին հնարավոր չի եղել հարցաքննել դատաքննության ընթացքում(32),

____________________

32) Տե՛ս նույն տեղում:

 

- Վերաքննիչ դատարանը, գնահատելով քրեական գործով ձեռք բերված ապացույցներն իրենց համակցության մեջ, մասնավորապես` տուժող Մ.Լեշովայի, վկա Դ.Լեշովի նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, արձանագրել է, որ դրանք առավել արժանահավատ են և քրեական գործում առկա այլ ապացույցների հետ բավարար են ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար(33):

____________________

33) Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:

 

16. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-13.4-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների իրարամերժ հետևությունները հիմնված չեն գործի փաստական հանգամանքների մանրամասն վերլուծության վրա:

17. Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ տուժողի սկզբնական նախաքննական ցուցմունքը վճռորոշ նշանակություն ունի մեղադրական ապացույցների շարքում, սակայն այն հակասում է գործում առկա մյուս ապացույցներին, իսկ տուժողին, չնայած ձեռնարկված միջոցներին, հնարավոր չի եղել դատաքննության ընթացքում հարցաքննել` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու պատճառով: Այս առնչությամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները տուժողին դատարան հրավիրելու և հարցաքննելու ուղղությամբ ու բավարարվել է վերջինիս նախաքննական հակասական և իրարամերժ ցուցմունքները գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ գնահատելով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների համաձայն` այն փաստը, որ ներպետական դատարանները չեն կարողացել պարզել տվյալ վկայի գտնվելու վայրը, կամ այն փաստը, որ վկան բացակայել է այն երկրից, որտեղ իրականացվել է գործով վարույթը, ինքնին Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի պահանջների տեսանկյունից բավարար չէ: Այդ պահանջների համաձայն` Պայմանավորվող պետությունները պետք է դրական քայլեր ձեռնարկեն` մեղադրյալին հնարավորություն ընձեռելով հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության(34): Այդ քայլերը Պայմանավորվող պետությունների կողմից կատարման ենթակա այն պարտավորությունների մաս են կազմում, որոնք ուղղված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներից արդյունավետորեն օգտվելու հնարավորությունն ապահովելուն(35):

____________________

34) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ, Lucic v. Croatia գործով 2014 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 5699/11, 79-րդ կետ:

35) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ:

 

17.1 Առաջին ատյանի դատարանը թեև որոշակի քայլեր ձեռնարկել է տուժող Մ.Լեշովային գտնելու և նրան հակընդդեմ հարցման ենթարկելու համար, սակայն, Վճռաբեկ դատարանի համոզմամբ` հնարավոր բոլոր միջոցները չեն ձեռնարկվել: Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով(36), տվյալ դեպքում ևս, Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի հիման վրա, որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը:

____________________

36) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:

 

17.2 Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից համակողմանի գնահատման չեն ենթարկվել հակակշռող գործոնների առկայությունը, դրանց բավարարությունը: Այսինքն` չի ուսումնասիրվել տուժող Մ.Լեշովային ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար դատավարական միջոցների առկայությունը:

18. Վերաքննիչ դատարանը, ի հակառակ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման, գտել է, որ առավել արժանահավատ են Մ.Լեշովայի` նախաքննության ընթացքում տրված սկզբնական ցուցմունքները, և դրանք դրել է ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղքը հաստատող դատական ակտի հիմքում: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, թեև նախաքննության ընթացքում տուժողը և ամբաստանյալն առերեսվել են, սակայն դրանից հետո, տուժողը տվել է սկզբնական ցուցմունքներին էապես հակասող ցուցմունք, իսկ դատական քննության փուլում տուժողը դատարան չի ներկայացել և չի հարցաքննվել: Ընդ որում, նշված հանգամանքին Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում առհասարակ չի անդրադարձել` որևէ իրավական գնահատական չտալով Առաջին ատյանի դատարանի կողմից տուժող Մ.Լեշովային հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներին: Նման պայմաններում, Վերաքննիչ դատարանի կողմից տուժողի սկզբնական նախաքննական ցուցմունքն ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղադրական դատական ակտի հիմքում դնելը հանգեցրել է վերջինիս` հակընդդեմ հարցման իրավունքի խախտման:

Հետևաբար, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ հիմնավոր չեն ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի կողմից տուժող Մ.Լեշովային գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

19. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված` իր դեմ ցուցմունք տված վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու (կոնֆրոնտացիայի) իրավունքի պահանջները, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա հիմք է` ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու, և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար, որի պայմաններում միայն կարող է ապահովվել գործում առկա ապացույցների գնահատման, դրանց թույլատրելիության և վերաբերելիության հարցերի ողջ ծավալով քննությունը, այդ թվում` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ տուժող Մ.Լեշովայի ցուցմունքների օգտագործման իրավաչափության վերաբերյալ:

20. Անդրադառնալով Վ.Մաթևոսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 1-ին մասով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

Հատուկ կարծիք հայտնած դատավոր` Ս. Ավետիսյան

 

ՇԴ3/0066/01/16

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

Դատավոր Սերժիկ Ավետիսյան

 

    2019 թվականի ապրիլի 11-ին                        ք. Երևանում

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` Վճռաբեկ դատարան)` 2019 թվականի ապրիլի 11-ի` Վահան Կարլենի Մաթևոսյանի վերաբերյալ կայացրած դատական ակտի եզրափակիչ մասի վերաբերյալ.

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հունվարի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է թիվ 18100116 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի` 2016 թվականի հունվարի 9-ի որոշմամբ Վահան Կարլենի Մաթևոսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով:

2016 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճռով ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում արդարացրել է` ճանաչելով և հռչակելով վերջինիս անմեղությունը:

3. Մեղադրող Ա.Եդիգարյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 12-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը` ամբաստանյալ Վ.Մաթևոսյանին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ` Վ.Մաթևոսյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվակցվել է Վ.Մաթևոսյանի` կալանքի տակ գտնվելու 9 (ինը) օրը, և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի 2 (երկու) ամիս 21 (քսանմեկ) օր ժամկետով:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի պաշտպան Մ.Մուրադյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

5. Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն: Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով, 139-րդ հոդվածի 1-ին մասով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումը բեկանվել և գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության, որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վ.Մաթևոսյանին 2016 թվականի հունվարի 9-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա 2016 թվականի հունվարի 6-ին ժամը 09:30-ի սահմաններում, իր ծանոթուհի` Մարինա Վլադիմիրի Լեշովայի` Գյումրի քաղաքի 8-րդ զինթաղամասի 8-րդ շենքի 10-րդ բնակարանում գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, բռնություն գործադրելու միջոցով փորձել է բռնաբարել վերջինիս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է(1):

______________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթ 108:

 

7. Առաջադրված մեղադրանքում Վ.Մաթևոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ դեպքի օրը տուժողի տանը վերջինիս հետ օգտագործել է ոգելից խմիչքներ և նրա համաձայնությամբ փորձել է ունենալ սեռական հարաբերություն, բայց չի ստացվել: Ինքը տուժողի նկատմամբ բռնություն չի գործադրել, ընդամենը մեկ անգամ ապտակել է զայրացած լինելու պատճառով(2):

______________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 41-44, 75-79, ստորադաս

 

8. Տուժող Մարինա Լեշովան նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Վ.Մաթևոսյանը փորձել է իրեն բռնաբարել, բռնություն է գործադրել իր նկատմամբ, ինչպես նաև կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ: Տուժողի ցուցմունքների համաձայն` Վ.Մաթևոսյանի կողմից բռնություն գործադրելու արդյունքում ինքը ստացել է մարմնական վնասվածքներ(3): Նշված ցուցմունքները տուժողը պնդել է նաև մեղադրյալ Վ.Մաթևոսյանի հետ առերես հարցաքննվելիս(4): դատարանների դատական նիստերի արձանագրություններ:

______________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 11-14:

4) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 51-55:

 

8.1. Նախաքննության ընթացքում միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում հարցաքննվելիս տուժող Մ.Լեշովան հրաժարվել է իր` նախկինում տրված ցուցմունքներից և նշել, որ դեպքի օրը իր տանը Վ.Մաթևոսյանի հետ օգտագործել է ոգելից խմիչքներ, այդ ընթացքում ինքը համաձայնվել է նրա հետ սեռական հարաբերություններ ունենալ: Վ.Մարտիրոսյանը իր նկատմամբ բռնություն չի գործադրել, իսկ մարմնական վնասվածք իրեն հասցրել է այլ բնույթի հարաբերություններից հետո: Վ.Մաթևոսյանին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ, քանի որ հասկացել է, որ ամուսինը կգար տուն և կտեսներ իր մարմնի վրա առկա վնասվածքները: Տուժողը նաև հայտնել է, որ դեպքից մի քանի օր անց, երբ վերականգնվել է, գնահատել է Վ.Մաթևոսյանի գործողություններն իր նկատմամբ, հասկացել է, որ քննիչի մոտ մի փոքր սխալ է նշել կատարված հանգամանքները, ուստի գրել է լրացուցիչ դիմում(5) և փոխանցել քննիչին: Մ.Լեշովան նշել է, որ Վ.Մաթևոսյանի դեմ բողոք չունի, քանի որ նրա գործողությունների հետևանքով իրեն վնաս չի հասցվել(6):

______________________

5) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթ 90:

6) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 108-112:

 

8.2. Վկա Դմիտրի Լեշովը նախաքննության ժամանակ ցուցմունք է տվել այն մասին, որ կինը` Մ.Լեշովան, զանգահարել է իրեն և հայտնել, որ Վ.Մաթևոսյանը գնացել է իրենց տուն և փորձել բռնաբարել(7): Նախաքննության ընթացքում որպես վկա լրացուցիչ հարցաքննվելիս Դ.Լեշովը ցուցմունք է տվել այն մասին, որ Մ.Լեշովան իրեն է տվել մի դիմում և խնդրել, որ այն փոխանցի քննիչին: Վկայի ցուցմունքի համաձայն` Մ.Լեշովան իրեն հայտնել է, որ Վ.Մաթևոսյանը չի փորձել բռնաբարել նրան, իսկ մարմնական վնասվածքների մասին ոչինչ չի ասել(8):

______________________

7) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 67-69:

8) Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 94-99:

 

8.3. Վկա Սերգեյ Կալանտայը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Դ.Լեշովն իրեն պատմել է, որ կինը զանգահարել է նրան և հայտնել, որ ինչ-որ մեկը ցանկացել է բռնաբարել նրան, Դ.Լեշովի հետ գնացել է նրա տուն, տեսել է նրա կնոջը, ով ոչինչ չի ասել(9):

______________________

9) Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 134-135:

 

8.4. Վկա Լևոն Մկրտչյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ իր մասնակցությամբ կատարվել է Վ.Մաթևոսյանի անձի զննություն, որի ժամանակ իր կողմից հայտնաբերվել է ձախ ուսի շրջանում կապտուկ, կրծքավանդակի ձախ կեսի առաջային պատի ստորին հատվածում քերծվածք, որովայնի մեզոգաստրալ շրջանի ձախ կեսի արյունազեղում, պարանոցի աջ կեսի քերծվածք(10):

______________________

10) Տե՛ս 17.03.2017 դատական նիստի արձանագրություն, քրեական գործ հատոր 4, թերթ 110:

 

9. Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում 2017 թվականի հունվարի 12-ին(11) ծանուցագիր, հունվարի 26-ին(12) հեռագիր է ուղարկվել տուժող Մ.Լեշովայի հասցեով, որոնցից առաջինը ետ է վերադարձվել «չպահանջված» նշումով(13): 2017 թվականի հունվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն` Առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական Ժ.Մելիքսեթյանը դատավոր Վ.Գրիգորյանի վարույթում գտնվող թիվ ՇԴ3/0066/01/16 քրեական գործով զանգահարել է տուժող Մ.Լեշովային, ով, սակայն, անջատել է հեռախոսը, որից հետո հեռախոսահամարը դարձել է անհասանելի(14): 2017 թվականի փետրվարի 14-ին կազմված արձանագրության համաձայն` Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի փետրվարի 15-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ գտնվում է Մոսկվա քաղաքում, չի կարող ներկայանալ դատական նիստին և նրա հետ կապ կարելի է հաստատել համապատասխան հեռախոսային հավելվածի միջոցով(15): 2017 թվականի փետրվարի 26-ին կազմված արձանագրության համաձայն` Ժ.Մելիքսեթյանը զանգահարել է Մ.Լեշովային, ծանուցել 2017 թվականի մարտի 17-ին կայանալիք դատական նիստի մասին, սակայն վերջինս հայտնել է, որ ինտերնետ կապի բացակայությամբ պայմանավորված` իր հետ տեսակապ հաստատել հնարավոր չէ(16):

_____________________

11) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 34:

12) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 48:

13) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 36:

14) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 44:

15) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65:

16) Տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթ 65:

 

10. Առաջին ատյանի դատավճռի համաձայն` «(...) Ամբաստանյալ Վահան Կարլենի Մաթևոսյանը դատարանում ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել (...):

(...) Վերը շարադրված ապացույցների հիման վրա դատարանը գտնում է, որ հաստատված է, ինչպես նաև դատավարության մասնակիցների կողմից վիճարկման առարկա չի դարձվում այն փաստական հանգամանքները, որ 2016 թվականի հունվարի 6-ի առավոտյան Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասի 8-րդ շենքի թիվ 10-րդ բնակարանում Վ.Մաթևոսյանի և Մ.Լեշովայի միջև սեռական հարաբերություն ունենալու փորձ կատարվել է, սեքսուալ բնույթի գործողություն տեղի ունեցել է:

Հետևաբար դատարանը գտնում է, որ սույն գործով ապացուցման առարկան կայանում է նրանում, թե արդյո՞ք Վահան Կարլենի Մաթևոսյանը փորձել է խախտել և խախտել է Մարինա Վլադիմիրի Լեշովայի սեռական անձեռնմխելիությունը կամ ազատությունը, այն է` վերը նշված փորձը և գործողությունը տեղի է ունեցել Վ.Մաթևոսյանի և Մ.Լեշովայի փոխադարձ համաձայնությամբ, թե Մ.Լեշովայի կամքին հակառակ:

(...) Սույն գործով, Վ.Մաթևոսյանի կողմից Մ.Լեշովայի կամքին հակառակ գործելու մասին ուղղակի տեղեկություններ պարունակում է միայն վերջինիս կողմից 2016 թվականի հունվարի 6-ին հաղորդում տալու, ցուցմունք տալու և առերես ցուցմունք տալու վերաբերյալ կազմված արձանագրություններում: Սակայն, հետագայում` 2016 թվականի հունվարի 10-ին, Մ.Լեշովան դիմում է գրել, որ իրականում այդ գործողությունները եղել են իր համաձայնությամբ, իսկ այդպիսի համաձայնության վերաբերյալ նաև վերջինս 2016 հուլիսի 29-ին ցուցմունք է տվել` միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում:

(...) Ապացույցի արժանահավատությունը գնահատելու տեսանկյունից (...) Մ.Լեշովայի հայտնած երկու իրարամերժ տեղեկությունները համադրելով գործով հավաքված այլ ապացույցների Վ.Մաթևոսյանին զննելու մասին արձանագրության, դատաբժշկական փորձաքննության թիվ 0009 և 0008 եզրակացությունների, Մ.Լեշովայի և Վ.Մաթևոսյանի աջ և ձախ ձեռքերի եղնգային կտրվածքների դատաբժշկական թիվ 160 եզրակացության, դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացության (...) հետ (...) դատարանն արձանագրում է, որ տուժող Մ.Լեշովայի կողմից դեպքի օրը տված հաղորդումը և ցուցմունքները, որոնք մեկ աղբյուրից ստացված տեղեկություն են, վճռորոշ են Վ.Մաթևոսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, որոնցում առկա (...) տեղեկությունները չեն համապատասխանում սույն գործով (...) առկա այլ ապացույցներով հաստատված փաստական տվյալների հետ:

Բացի այդ, միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում Մ.Լեշովան 2016 թվականի հուլիսի 29-ին հարցաքննվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Ռոստովի մարզի ՔՎ Ազով քաղաքի ՔԲ ավագ քննիչ Ա.Գ.Իվանչենկոյի կողմից և հերքել է իր կամքին հակառակ գործելու վերաբերյալ նախկին ցուցմունքներում հայտնած տեղեկությունները:

(...) Հակասությունների առկայության պայմաններում նաև հնարավոր չեղավ դատաքննության ընթացքում հարցաքննել տուժողին` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու պատճառով: Դատարանի փորձերը` տուժողին տարածության մեջ տեխնիկական միջոցների գործածմամբ հարցաքննելու ուղղությամբ արդյունք չտվեցին, քանի որ վերջինս դատաքննության սկզբնական շրջանում թեպետ համաձայնություն տվեց տեսակապի միջոցով հարցաքննվելու, սակայն հետագայում հրաժարվեց դրանից և այլևս նրա հետ կապ հաստատել չհաջողվեց:

(...)

Դատարանը, ապացույցների գնահատումը կանոնակարգող ՀՀ քրեադատավարական օրենսդրության (...) պահանջների և ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները, գտնում է, որ արժանահավատ և բավարար ապացույցների համակցությամբ, անմեղության կանխավարկածի հաղթահարմամբ չհիմնավորվեց այն, որ Վ.Մաթևոսյանը սեռական պահանջմունքները բավարարելու ձգտմամբ փորձել է բռնաբարել Մարինա Լեշովային, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ Մարինա Լեշովան ակտիվ դիմադրել է, իսկ դրանից հետո Մարինա Լեշովայի կամքին հակառակ, զուգորդված բռնություն գործադրելով, սեքսուալ բնույթի այլ բռնի գործողություններ է կատարել նրա նկատմամբ»(17):

______________________

17) Տե՛ս քրեական գործ, հատոր 4, թերթեր 108-117:

 

11. Վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, արձանագրել է. «(...) Վերաքննիչ դատարանը քրեական գործով ձեռք բերված յուրաքանչյուր ապացույց վերլուծելով թույլատրելիության, վերաբերելիության վերաբերյալ քրեադատավարական պահանջների տեսանկյունից, իրավական գնահատական տալով տուժող Մարինա Լեշովայի և վկա Դմիտրի Լեշովի նախաքննական ցուցմունքներին, արժանահավատ է համարում նրանց նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, (...):

Գործով ձեռք բերված ապացույցները, մասնավորապես` տուժող Մարինա Լեշովայի, վկա Դմիտրի Լեշովի նախաքննության սկզբնական փուլում տված ցուցմունքները, վկաներ Սերգեյ Կալանտայի նախաքննական ցուցմունքը, Լևոն Մկրտչյանի ցուցմունքը, Վահան Մաթևոսյանին 06.01.2016 թվականին զննելու մասին արձանագրությունը, դատաբժշկական փորձաքննության թիվ 0008, 0009 եզրակացությունները, դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր փորձաքննության թիվ 16-0709 եզրակացությունը, բավարար են ամբաստանյալ Վահան Մաթևոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով նախաքննական մարմնի կողմից առաջադրված մեղադրանքը հիմնավորված համարելու համար: (...)»(18):

_____________________

18) Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 66-86:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

12. Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ` դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, ուստի Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտած իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Վերաքննիչ դատարանը, գործի օրինական, հիմնավորված և արդարացի լուծման համար նշանակություն ունեցող ապացույցներն ու հանգամանքները չենթարկելով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, եկել է սխալ եզրահանգման ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղավորության մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, խախտելով քրեադատավարական նորմերի պահանջները, չփարատված բոլոր կասկածները մեկնաբանել է` ի վնաս ամբաստանյալի:

Բողոքաբերի պնդմամբ` Վերաքննիչ դատարանը խախտել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված ամբաստանյալի` արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը կազմող հակընդդեմ հարցման իրավունքը: Մասնավորապես` պաշտպանական կողմը դատաքննության փուլում զրկված է եղել գործով տուժողին և վկաներին հարցաքննելու հնարավորությունից, սակայն նշված ցուցմունքները Վերաքննիչ դատարանը դրել է Վ.Մաթևոսյանի մեղադրանքի հիմքում: Վերաքննիչ դատարանը ոչ իրավաչափորեն արժանահավատ է համարել տուժողի նախաքննական սկզբնական ցուցմունքները, որոնք նա տվել է ալկոհոլի ազդեցության տակ, իսկ տուժողի կողմից հետագայում գրված դիմումը և միջազգային իրավական փոխօգնության շրջանակներում տրված ցուցմունքը` ոչ արժանահավատ:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, հիմնվելով միայն նախաքննական ցուցմունքների վրա, ուշադրություն չի դարձրել գործով առկա մյուս ապացույցների, ինչպես նաև նախաքննության փուլում տուժողի կողմից տրված ցուցմունքների միջև եղած հակասությունների վրա:

Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումը` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի արդարացման դատավճիռը:

 

Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության դիրքորոշումները և եզրահանգումները.

13. Վճռաբեկ դատարանը գտել է, որ սույն գործով իր առջև բարձրացրած իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր են արդյոք ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի կողմից տուժող Մ.Լեշովային գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Մեջբերելով հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից մեկի` հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքին առնչվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները և Արտուշ Ղուլյանի գործով(19) ձևավորած իրավական դիրքորոշումները, Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է հետևյալը:

____________________

19) Տե՛ս Արտուշ Ղուլյանի գորրծով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի թիվ ՏԴ2/0037/01/15 որոշման 17-րդ կետը:

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ձևավորված ընդհանուր կանոնը վկաներին գործի դատական քննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելն է: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոչ բոլոր դեպքերում են վկաները ներկայանում դռնբաց դատական քննությանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մշակել է հետևյալ սկզբունքներն այդ վկաների նախաքննական ցուցմունքների օգտագործման հնարավորությունը գնահատելու համար.

- վկայի չներկայանալու համար պետք է առկա լինի հիմնավոր պատճառ, այսինքն` դատարանը պետք է ունենա հիմնավոր փաստական և իրավական հիմքեր` դատական քննությանը վկայի ներկայությունն ապահովել չկարողանալու համար: Կան մի շարք պատճառներ, թե ինչու վկան չի կարող մասնակցել դատական քննությանը, օրինակ` վկայի մահվան, վրեժխնդրության վախի(20), վկային հայտնաբերելու անհնարինության(21) կամ այլ պատճառներով: Ընդ որում, այս սկզբունքի կապակցությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդգծում է, որ նույնիսկ եթե ենթադրվի, որ դատական նիստի ժամանակ վկաներին չհարցաքննելու համար չեն եղել հիմնավոր պատճառներ, ապա դրանց բացակայությունն ինքնին չի կարող վկայել քրեական վարույթի անարդարացիության մասին(22),

____________________

20) Տե՛ս նույն գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը:

21) Տե՛ս Paic v. Croatia գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 29-ի վճիռը, գանգատ թիվ 47082/12, 34-րդ կետ:

22) Տե՛ս Seton v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2016 թվականի մարտի 31-ի վճիռը, գանգատ թիվ 55287/10, 62-րդ կետ:

 

- եթե անձին մեղավոր ճանաչելու հիմքում բացառապես կամ հիմնականում դրվել են այն անձի ցուցմունքները, որին մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննելու կամ, որը հարցաքննության չի ենթարկվել նախնական քննության կամ դատաքննության ընթացքում, ապա պաշտպանության կողմի իրավունքները կարող են սահմանափակվել այնքան, որ դա անհամատեղելի կլինի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների հետ (այսպես կոչված` «միակ կամ վճռորոշ կանոնը»): Այդ համատեքստում որպես «միակ» պետք է հասկանալ մեղադրյալի դատապարտման հիմքում դրված միակ ցուցմունքը, իսկ «վճռորոշ»-ը պետք է հասկանալ այնպիսի նշանակության կամ կարևորության ցուցմունքը, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար(23),

______________________

23) Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 123-124-րդ կետեր: Նշվածի կապակցությամբ տե՛ս նաև Համայակ Սահակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԼԴ/0212/01/10 որոշման 23-րդ կետը, որտեղ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հակընդդեմ հարցման (կոնֆրոնտացիայի) իրավունքով չապահովված ապացույցը մեղադրական դատավճռի հիմքում դնելը քրեադատավարական օրենքի էական խախտում չի կազմի, եթե այդ ապացույցը վճռական կշիռ չունի անձի մեղքը հաստատող ապացույցների զանգվածում:

 

---------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ՇԴ3/0066/01/16
Որոշում