Սեղմել Esc փակելու համար:
ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՐՑՄԱՆ (ԿՈՆՖՐՈՆՏԱՑԻԱՅԻ) ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության                         ՇԴ3/0066/01/16

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Քրեական գործ թիվ ՇԴ3/0066/01/16

Նախագահող դատավոր` Ս. Չիչոյան

    Դատավորներ`        Մ. Արղամանյան

                       Ռ. Մխիթարյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

 

(2-րդ մաս)

 

- պետք է ուսումնասիրվի հակակշռող բավարար գործոնների առկայությունը, ինչպես օրինակ` մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույցների առկայությունը և դատաքննության ժամանակ վկաներին ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար ձեռնարկված դատավարական միջոցները: Ընդ որում, այդ գործոնների առկայությունը պետք է ուսումնասիրվի ոչ միայն այն գործերում, որոնցում չներկայացած վկայի ցուցմունքը միակ կամ վճռորոշ հիմքն է հանդիսացել անձին դատապարտելու համար, այլ նաև այն գործերում, որոնցում դատարանը չի կարողացել հստակ պարզել` արդյոք խնդրո առարկա ցուցմունքը միակը և վճռորոշն է եղել, սակայն, այնուհանդերձ, համոզվել է, որ այն կարևոր նշանակություն է ունեցել, և այն որպես ապացույց ճանաչելը, հնարավոր է սահմանափակել է պաշտպանության կողմի միջոցները(24):

_____________________

24) Տե՛ս Schatschaschwili v. Germany գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատ թիվ 9154/10, 116-րդ, 145-րդ կետեր:

 

Հակընդդեմ հարցման իրավունքի վերաբերյալ վերոնշյալ երեք տարրերից բաղկացած` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից մշակված թեստն ունի առանցքային նշանակություն: Այդ երեք տարրերը փոխկապակցված են միմյանց հետ և հիմք են ծառայում որոշելու համար, թե ընդհանուր առմամբ ապահովվել է քրեական վարույթի արդարացիությունը, թե ոչ(25):

_____________________

25) Տե՛ս նույն որոշման 117-118-րդ կետերը:

 

Վերոնշյալի հետ մեկտեղ պետք է փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտնում է, որ այն դեպքում, երբ վկան չի հարցաքննվել դատական վարույթի որևէ փուլում, դատաքննության ժամանակ դատարանում ցուցմունք տալու փոխարեն վկայի` նախկինում տված գրավոր ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը պետք է լինի ծայրահեղ միջոց(26): Այդ հանգամանքը մշտապես ընդգծվել է նաև ընդդեմ Հայաստանի Հանրապետության կայացված մի շարք վճիռներում(27):

____________________

26) Տե՛ս Al-Khawaja and Tahery v. The United Kingdom գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2011 թվականի դեկտեմբերի 15-ի վճիռը, գանգատներ թիվ 26766/05 և 22228/06, 125-րդ կետ:

27) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, Avetisyan v. Armenia գործով 2016 թվականի նոյեմբերի 10-ի վճիռը, գանգատ թիվ 13479/11, Asatryan v. Armenia գործով 2017 թվականի ապրիլի 27-ի վճիռը, գանգատ թիվ 3571/09, Dadayan v. Armenia գործով 2018 թվականի սեպտեմբերի 18-ի վճիռը, գանգատ թիվ 14078/12 և այլն:

 

Մեջբերված փաստական տվյալները գնահատելով վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստել է, որ ստորադաս դատարանների իրարամերժ հետևությունները հիմնված չեն գործի փաստական հանգամանքների մանրամասն վերլուծության վրա:

Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ տուժողի սկզբնական նախաքննական ցուցմունքը վճռորոշ նշանակություն ունի մեղադրական ապացույցների շարքում, սակայն այն հակասում է գործում առկա մյուս ապացույցներին, իսկ տուժողին, չնայած ձեռնարկված միջոցներին, հնարավոր չի եղել դատաքննության ընթացքում` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվելու պատճառով: Առաջին ատյանի դատարանը չի ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները տուժողին դատարան հրավիրելու և հարցաքննելու ուղղությամբ ու բավարարվել է վերջինս նախաքննական հակասական և իրարամերժ ցուցմունքները գործում առկա մյուս ապացույցների հետ համակցության մեջ գնահատելով(28):

____________________

28) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Gabrielyan v. Armenia գործով 2012 թվականի ապրիլի 10-ի վճիռը, գանգատ թիվ 8088/05, 81-րդ կետ, Lucic v. Croatia գործով 2014 թվականի փետրվարի 27-ի վճիռը, գանգատ թիվ 5699/11, 79-րդ կետ:

 

Ինչպես նշել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը` Տեր-Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով(29), տվյալ դեպքում ևս, Առաջին ատյանի դատարանը կարող էր դիմել միջազգային իրավական օգնության` «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 1993 թվականի հունվարի 22-ի Մինսկի կոնվենցիայի հիման վրա, որի մասնակից են և՛ Հայաստանի Հանրապետությունը, և՛ Ռուսաստանի Դաշնությունը:

____________________

29) Տե՛ս Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Ter-Sargsyan v. Armenia գործով 2016 թվականի հոկտեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 27866/10, 51-րդ կետ:

 

Բացի այդ, Առաջին ատյանի դատարանի կողմից համակողմանի գնահատման չեն ենթարկվել հակակշռող գործոնների առկայությունը, դրանց բավարարությունը: Այսինքն` չի ուսումնասիրվել տուժող Մ.Լեշովային ուղղակիորեն խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հակակշռելու համար դատավարական միջոցների առկայությունը:

Վերաքննիչ դատարանը, ի հակառակ Առաջին ատյանի դատարանի եզրահանգման, գտել է, որ առավել արժանահավատ են Մ.Լեշովայի` նախաքննության ընթացքում տրված սկզբնական ցուցմունքները և դրանք դրել է ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղքը հաստատող դատական ակտի հիմքում: Որևէ իրավական գնահատական չտալով Առաջին ատյանի դատարանի կողմից տուժող Մ.Լեշովային հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված միջոցներին, Վերաքննիչ դատարանի կողմից տուժողի սկզբնական նախաքննական ցուցմունքն ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի մեղադրական դատական ակտի հիմքում դնելը հանգեցրել է վերջինիս հակընդդեմ հարցման իրավունքի խախտման:

Հետևաբար, հիմնավոր չեն ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի կողմից տուժող Մ.Լեշովային գործի դատաքննության ընթացքում հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի սահմանափակման իրավաչափության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

Պաշտպանի բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի հիման վրա ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել է և գործն ուղարկել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

 

Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումը և եզրահանգումները.

14. Ուսումնասիրելով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի դատավճիռը, Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումը, դրա դեմ բերված պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը, ծանոթանալով քրեական գործում առկա նյութերին, հայտնում եմ Հատուկ կարծիք Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման եզրափակիչ մասի վերաբերյալ, ներքոշարադրյալ պատճառաբանություններով:

14.1. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ տուժող Մ.Լեշովան նախաքննության ընթացքում հարցաքննվել է և մեղադրյալ Վ.Մաթևոսյանը հնարավորություն է ունեցել առերեսվել տուժողի հետ: Այլ խոսքով` նախաքննության ընթացքում Վ.Մաթևոսյանը փաստացի զրկված չի եղել վիճարկել քննության սկզբնական փուլում իր դեմ տված տուժողի ցուցմունքի իսկությունը, քանի որ իրական հնարավորություն է ունեցել տուժողին հարցեր տալու և օրենքով չարգելված այլ եղանակներով մեղադրանքից պաշտպանվելու համար:

Բացի այդ, տուժող Մ.Լեշովան նախաքննության ընթացքում միջազգային փոխօգնության շրջանակներում 2016 թվականի հուլիսի 29-ին հարցաքննվել է ՌԴ քննչական կոմիտեի Ռոստովի մարզի ՔՎ Ազով քաղաքի ՔԲ ավագ քննիչ Ա.Գ.Իվանչենկոյի կողմից և հերքել է իր կամքին հակառակ գործելու վերաբերյալ նախկին ցուցմունքում հայտնած տեղեկությունները, մասնավորապես, հայտնելով հետևյալը`

. Վ.Մաթևոսյանի հետ եղել են ծանոթներ, դեպքի օրը` 2016 թվականի հունվարի 6-ին իր բնակարանում նրա հետ օգտագործել է ոգելից խմիչքներ,

. Վ.Մաթևոսյանն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ, ինքը համաձայնվել է, սակայն ալկոհոլի ազդեցության տակ գտնվելու պատճառով իրենց մոտ դա չի ստացվել, այդ ընթացքում Վ.Մաթևոսյանը իր նկատմամբ բռնություն չի գործադրել, իր մարմնի վրա հայտնաբերված առանձին վնասվածքները նա պատճառել է ոչ թե իր կամքին հակառակ բռնաբարություն կատարելու նպատակով, այլ զայրացած լինելու արդյունքում,

. քննության սկզբնական փուլում հայտարարություն է տվել, որ Վ.Մաթևոսյանը փորձել է իրեն բռնաբարել և իր ամուսնու ներկայությամբ դա առերես պնդել է Վ.Մաթևոսյանին ստիպված լինելով, քանի որ մարմնական վնասվածքներ տեսնելով ամուսնու մոտ կարող էր կասկածներ առաջանալ,

. քննիչի մոտ տված ցուցմունքում մի փոքր սխալ է նշել կատարված հանգամանքները և այդ պատճառով գրել է լրացուցիչ դիմում և փոխանցել քննիչին,

. Վ.Մաթևոսյանի դեմ բողոք չունի, քանի որ նրա գործողությունների հետևանքով իրեն վնաս չի հասցվել:

14.2. Ստորադաս դատարանները ունեցել են հիմնավոր և հավաստի փաստական և իրավական հիմքեր` տուժողի մասնակցությունը դատական քննությանն ապահովելու անհնարինության վերաբերյալ: Մասնավորապես, դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը համապատասխան միջոցներ է ձեռնարկել տուժողի ներկայությունը դատարանում ապահովելու և հարցաքննելու համար (ուղարկվել է ծանուցագիր, դատավորի օգնականը հեռախոսազանգեր է ունեցել տուժողի հետ):

Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին 1993 թվականի Կոնվենցիայի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հարցնող Պայմանավորվող կողմը վկային, փորձագետին, ինչպես նաև տուժողին և նրա օրինական ներկայացուցչին փոխհատուցում է այդ պետությունում գտնվելու և ուղևորության հետ կապված ծախսերը, ինչպես նաև չաշխատած օրերի աշխատավարձը. փորձագետն ունի նաև կատարած փորձագիտության համար պարգևատրության իրավունք: Կանչում պետք է նշվի, թե ինչ վճարումներ ստանալու իրավունք ունեն կանչված անձինք. հարցնող Պայմանավորվող կողմի արդարադատության մարմինը նրանց միջնորդությամբ համապատասխան ծախսերը հոգալու կանխավճար է տալիս»:

Չնայած տուժողը հայտնել է իր գտնվելու տեղը, սակայն նշել է, որ չի կարող ներկայանալ դատական նիստին:

Նման պայմաններում տուժողի բացակայությունն ինքնին չի կարող վկայել սույն վարույթի անարդարացիության մասին:

Վերոգրյալի համատեքստում, Վճռաբեկ դատարանի այն փաստարկը, որ Առաջին ատյանի դատարանը բավարար միջոցներ չի ձեռնարկել տուժողի մասնակցությունը ապահովելու համար, խնդրահարույց է, քանի որ դատարանը ձեռնարկել է բոլոր ողջամիտ միջոցները տուժողի մասնակցությունը դատարանում ապահովելու համար:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածում ամրագրված է, որ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը արդար դատական քննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է:

Այս առումով հարկ եմ համարում նշել, որ սույն քրեական գործը դատական ատյաններում քննվում է 2016 թվականի դեկտեմբերի 27-ից, գործը բաղկացած է հինգ հատորից, որից երկուսը` նախաքննության նյութեր են, գործով անցնում են մեկ ամբաստանյալ, մեկ տուժող, երեք վկա: Հետևապես, տուժողի մասնակցությունը դատական քննությանը պարտադիր դարձնելու նպատակով գործն Առաջին ատյանի դատարան նոր քննության ուղարկելու արդյունքում, հանցագործության մեջ մեղադրվող Վ.Մաթևոսյանի` գործը ողջամիտ ժամկետում քննության առնելու իրավունքը կարող է չարդարացված ձգձգվել:

Վերջին հաշվով տուժող Մ.Լեշովան միջազգային փոխօգնության շրջանակներում հարցաքննվելիս հրաժարվել է ամբաստանյալի դեմ տված ցուցմունքից, հայտնելով, որ Վ.Մաթևոսյանը վերագրված արարքները կատարել է իր համաձայնությամբ:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ ստորադաս դատարանների կողմից տուժողի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելը կարող էր դիտվել որպես ծայրահեղ և արդարացված միջոց:

14.3. «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված երաշխիքների (այսպես կոչված` «միակ կամ վճռորոշ կանոնը») լույսի ներքո գնահատության ենթարկելով գործի փաստական հանգամանքները, գտնում եմ, որ ամբաստանյալ Վ.Մաթևոսյանի արդար դատաքննության իրավունքը չի խախտվել, այն հաշվառմամբ, որ Առաջին ատյանի դատարանն արդարացման դատավճռի հիմքում դրել է տուժողի` ամբաստանյալի օգտին տված «վճռորոշ» ցուցմունքները, պատճառաբանելով, որ ամբաստանյալի մեղավորությունը հավաստող այլ արժանահավատ և բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել:

Ամփոփելով վերոգրյալը, գտնում եմ, որ Առաջին ատյանի դատարանը պահպանելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 23-րդ, 25-րդ, 124-127-րդ հոդվածների պահանջները և ղեկավարվելով ապացույցների գնահատման կանոնների առնչությամբ ձևավորած Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներով, հանգել է ճիշտ հետևության, որ քրեական գործում առկա չէ արժանահավատ ապացույցների բավարար համակցություն, որը թույլ կտար հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան ապացուցված համարել, որ Վ.Մաթևոսյանը կատարել է իրեն մեղսագրված` ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի և 139-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված արարքները:

Այսպիսով, գտնում եմ, որ պաշտպանի վճռաբեկ բողոքի քննության արդյունքում անհրաժեշտ է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 12-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի արդարացման դատավճռին:

Հաշվի առնելով վերոշարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-42-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով`

 

միջնորդում եմ

 

Բավարարել պաշտպան Մ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը, օրինական ուժ տալ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի արդարացման դատավճռին:

 

Դատավոր` Ս. Ավետիսյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ՇԴ3/0066/01/16
Որոշում