ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
27 փետրվարի 2020 թվականի թիվ 04-Ն
«ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի ««Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-գմ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 19-ի թիվ 189-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` Ս. Մնացականյան
_______________________
ԻՐՏԵԿ - N 1 հավելվածը չի բերվում
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2020 թվականի փետրվարի 27-ի
թիվ 04-Ն որոշման
ՀՐԱՀԱՆԳ «ՆԱԽՆԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 2-ԳՄ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում են «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների մասին» Ձև 2-ԳՄ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը կազմում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե` մինչև հաշվետու ժամանակաշրջանի հոկտեմբերի 5-ը:
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է` համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Պետպատվեր բաժինը ներառում է`
1) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ մասնագիտությունների և կուրսերի, որտեղ`
ա. սյունակ 5-ում լրացվում է ընդունված ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (մասնագիտության դասիչը, որը լրացվում է սյունակ 2-ում, հաստատվում է Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության կողմից) (տողեր 101-118),
բ. սյունակ 6-ում լրացվում է ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-118), իսկ ուսանողների թվաքանակն ըստ կուրսերի լրացվում է սյունակներ 7-11-ում,
գ. սյունակ 12-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ մասնագիտությունների (տողեր 101-118),
դ. տող 119-ում լրացվում է ուսուցման ընթացքում վերականգնված (երկտարեցիներ) ուսանողների թվաքանակն ըստ սյունակներ 6-12-ի,
ե. տող 121-ում լրացվում է ուսուցման ընթացքում դուրս մնացած ուսանողների ընդհանուր թվաքանակն ըստ սյունակներ 7-11-ի, իսկ նրանց թվաքանակն ըստ պատճառների լրացվում է տողեր 123-132-ում,
զ. տողեր 101-132-ը լրացվում են հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների համար,
է. տողեր 133-164-ը լրացվում են միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների համար 6-րդ կետի լրացման սկզբունքին համապատասխան,
ը. տող 165-ում լրացվում է հիմնական ընդհանուր և միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների ընդհանուր թվաքանակը,
2) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ տարիքի, որտեղ ուսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ տարիքի (սյունակներ 4-17) լրացվում է տող 201-ում, որից առանձնացվում է հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների թվաքանակը (տող 202),
3) ուսանողների թվաքանակի բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի, որտեղ ուսանողների ընդհանուր թվաքանակը և նրանց բաշխվածությունն ըստ կրթաթոշակի չափերի (սյունակներ 4-9) լրացվում է տող 301-ում, որից առանձնացվում է հիմնական ընդհանուր կրթություն ունեցող ուսանողների թվաքանակը (տող 302):
7. Վճարովի հիմունքով բաժնի ենթաբաժինները լրացվում են սույն հրահանգի 6-րդ կետի ենթաբաժինների լրացման սկզբունքով` վճարովի հիմունքով ուսուցմամբ ուսանողների համար:
8. Աշխատակազմը բաժնում`
1) տող 401-ում լրացվում է ուսումնական հաստատության աշխատակազմի ընդհանուր թվաքանակը (սյունակ 4), նրանց բաշխվածությունն ըստ կրթական մակարդակի (սյունակներ 5-7), ըստ գիտական աստիճանի (սյունակներ 8-9) և ըստ գիտական կոչման (սյունակներ 10-12),
2) տող 403-ում լրացվում է հիմնական հաստիքային դասավանդողների թվաքանակը, որն իր մեջ ներառում է նաև ուսումնաարտադրական վարպետների թվաքանակը:
9. Օտարերկրացի ուսանողների թվաքանակը բաժնում`
1) Սյունակ 2-ում լրացվում է երկրի անվանումը,
2) Սյունակ 3-ում լրացվում է ընդունված ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
3) Սյունակ 5-ում լրացվում է ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի, որից առանձնացվում է վճարովի հիմունքներով սովորողները (սյունակ 5),
4) Սյունակ 9-ում լրացվում է հաշվետու տարում ավարտած ուսանողների թվաքանակն ըստ համապատասխան երկրի,
5) սփյուռքահայեր ենթաբաժինը լրացվում է սույն հրահանգի 9-րդ կետին համապատասխան` սփյուռքահայ ուսանողների համար:
10. 701 տողում լրացվում է հանրակացարանի կարիք ունեցող ուսանողների թվաքանակը:
11. 702 տողում հանրակացարանում ապրող ուսանողների թվաքանակը:
12. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը ուսումնական հաստատությունում`
1) Սյունակ 1-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական միջոցները:
2) Սյունակ 2-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին:
3) Ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները բերվում են սյունակներ 3-11-ում:
4) Սյունակ 12-ում լրացվում է ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
ա. «նյութական ծախսեր» սյունակ 13-ում լրացվում է ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
բ. «ոչ նյութական ծառայությունների վճարումներ» սյունակ 14-ում լրացվում է աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
գ. «գործուղման ծախսեր» սյունակ 15-ում լրացվում է հաստիքացուցակում ընդգրկված աշխատողների աշխատանքի մշտական վայրից դուրս որոշակի ժամկետով այլ վայրում հանձնարարություն կատարելու համար տրվող վճարները,
դ. «աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներ» սյունակ 16-ում լրացվում է ինչպես հիմնական, այնպես էլ պայմանագրային աշխատողների կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված աշխատավարձը, ներառյալ խթանող և փոխհատուցող վճարները: Խթանող վճարներ են համարվում, մասնավորապես, արտադրական ցուցանիշների, տարվա աշխատանքի արդյունքների համար պարգևատրումները, մասնագիտական վարձատրության համար տրվող հավելումները, երկարամյա ծառայության համար աշխատողներին տրվող միանվագ պարգևատրումները: Փոխհատուցող վճարներ (կապված աշխատանքային ռեժիմի և պայմանների հետ) են համարվում գիշերային աշխատանքի, արտաժամյա աշխատանքի, հանգստյան և տոն (ոչ աշխատանքային) օրերին, բազմահերթ ռեժիմով աշխատանքի, մասնագիտությունների համատեղման, սպասարկման գոտիների ընդլայնման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ծանր, վնասակար և խիստ վնասակար համարվող աշխատանքի պայմաններում աշխատանքի համար աշխատավարձի նկատմամբ սահմանված հավելավճարներն ու լրավճարները: Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների մեջ են ներառվում նաև հերթական (ամենամյա) և լրացուցիչ արձակուրդների վարձատրությունները (չօգտագործված արձակուրդի համար փոխհատուցումը), աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից զբաղվածության, կենսաթոշակային, պարտադիր սոցիալական ապահովագրության համար կատարված վճարները և աշխատողների աշխատանքի վարձատրությանն ուղղված այլ վճարումները,
ե. սյունակ 17-ում լրացվում է ուսանողներին տրված կրթաթոշակի չափը,
զ. սյունակ 18-ում լրացվում է ուսումնական հաստատության կողմից կատարված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման և վերանորոգման ծախսերը,
է. սույն հրահանգի 12-րդ կետի 4-րդ ենթակետի ա-զ կետերում նշված տողերում չընդգրկված և ընթացիկ գործունեության հետ կապված այլ ծախսերը նշվում են սյունակ 19-ում,
ը. սյունակ 20-ում լրացվում է ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
13. Ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը: