ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
12 մարտի 2020 թվականի N 101-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 42-րդ հոդվածով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վավերապայմանները` համաձայն N 1 հավելվածի,
2) սնանկության գործով պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման կարգը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
Ռ. Բադասյան
Հավելված N 1
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի
N 101-Ն հրամանի
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Գրանցամատյան
...թ. դրությամբ
թիվ ... սնանկության գործով
պարտապան ...-ի պարտատերերի
պահանջների
Սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է`...թ., հայտարարության հղումը` ...
Պահանջների ներկայացման մեկամսյա ժամկետի վերջին օրը` ...թ.
Պարտատերերի պահանջների նախնական ցուցակը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակվել է` ...թ., հայտարարության հղումը` ...
Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատվել է դատարանի ...թ. որոշմամբ, որը օրենքով սահմանված ժամկետում չի առարկվել/առարկվել է (դատական ակտի վերանայման ընթացքը` վերաքննիչ դատարանում, վճռաբեկ դատարանում. նշել բոլոր մանրամասները)
Դատարանի կողմից պարտատերերի առաջին ժողովը նշանակվել է ...թ., որը կայացել է/չի կայացել (չկայանալու դեպքում` պատճառը), պարտատերերի առաջին ժողովի օր է նշանակվել ...թ., այդ օրը ժողովը կայացել է/չի կայացել (չկայանալու դեպքում` պատճառը):
Պարտատերերի կայացած առաջին ժողովի օրը` ...թ.
._________________________________________________________________________.
|N |Պարտա- |Գրառ-|Ար- |Պա- |Ներկայացված |Ձայնը|Պահանջի |Այլ |
| |տեր |ման |ժույթ|հանջի| պահանջ |1-ին |բավարարում |նշում-|
| |(պահան-|ամսա-| |հիմք |_______________|ժողո-|_______________|ներ |
| |ջատեր) |թիվ | | |ներ- |հաս-|հեր-|վում |բավա-|մնա-|հեր-| |
| | | | | |կայաց|տատ-|թը |(%) |րա- |ցորդ|թը | |
| | | | | |ված |ված | | |րում | | | |
|__|_______|_____|_____|_____|_____|____|____|_____|_____|____|____|______|
|1.| | | | | | | | | | | | |
|__|_______|_____|_____|_____|_____|____|____|_____|_____|____|____|______|
|2.| | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
Այլ տեղեկություններ Սնանկության գործով կառավարիչ`
Հավելված N 2
արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 12-ի
N 101-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ
1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) «Սնանկության մասին» օրենքին համապատասխան յուրաքանչյուր սնանկության գործով վարում է պարտատերերի պահանջների գրանցամատյանը (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաշվառում և հաշվարկում է պարտապանի նկատմամբ ներկայացված պահանջների չափերը և առաջնահերթությունը:
2. Պարտապանի սնանկության մասին հայտարարությունը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու օրը համարվում է գրանցամատյանի բացման և վարման սկզբնական օրը:
3. Կառավարիչը գրանցամատյանը վարում է նաև էլեկտրոնային եղանակով, որը համարվում է կառավարչի կողմից վարվող էլեկտրոնային գործի մասը: Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և ստորագրվում են կառավարչի կողմից:
4. Պահանջը ստանալուց հետո` ոչ ուշ, քան հաջորդ օրը, ինչպես նաև պարտատերերի պահանջների առնչությամբ համապատասխան դատական ակտի ընդունման կամ ցանկացած այլ փոփոխություն կատարվելու դեպքում` դրանց մասին հայտնի դառնալուց ոչ ուշ, քան հաջորդ օրը, կառավարիչը գրանցամատյանում կատարում է գրառում կամ փոփոխություն` նշելով գրառման կամ փոփոխության կատարման հիմքը և ամսաթիվը:
5. Այն դեպքում, երբ պահանջների հաստատման վերաբերյալ դատարանի որոշումը չի բողոքարկվում, այդ մասին գրանցամատյանում կատարվում է գրառում` «Չի բողոքարկվել» նշման ձևով, իսկ բողոքարկման դեպքում կառավարիչը գրառումներ է կատարում բողոքարկման բոլոր փուլերի և դրանց արդյունքների վերաբերյալ:
6. Պարտատերերի առաջին ժողովը կայանալու դեպքում գրանցամատյանի «Այլ տեղեկություններ» տողում կատարվում է այդ մասին գրառում` նշելով ժողովի անցկացման ժամանակը և վայրը, ժողովին ներկայացած պարտատերերի տվյալները (անվանումը կամ անունը), նրանցից յուրաքանչյուրի ձայնի իրավունքը` տոկոսային արտահայտությամբ, իսկ ժողովի չկայանալու դեպքում կատարվում է գրառում դրա չկայանալու պատճառների և հրավիրված հաջորդ ժողովի ժամանակի և վայրի մասին:
7. Գրանցամատյանում գրառվում են նաև այն ապահովված պարտատերերի (ներառյալ` այն անձանց, որոնց նկատմամբ պարտապանը հանդես է գալիս որպես երրորդ անձ գրավատու) պահանջները, որոնց վերաբերյալ դատարանը կայացրել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքների առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում:
8. «Այլ նշումներ» սյունակում լրացվում են պահանջին առնչվող այլ գրառումներ, մասնավորապես` պահանջի լրիվ կամ մասնակի բողոքարկման, այն վերացնելու կամ անփոփոխ թողնելու, պահանջից լրիվ կամ մասնակի հրաժարման, պահանջի ավելացման, դադարման և ցանկացած այլ տեղեկատվության մասին, որը կառավարիչը անհրաժեշտ է համարում նշել: Պահանջի բավարարման դեպքում նշվում է միջանկյալ բաշխման ծրագիրը կառավարչի կողմից հաստատվելու ամսաթիվը, բավարարվող գումարի չափը:
9. «Այլ նշումներ» լրացվում է նաև նշված կարգին համապատասխան լրացման ենթակա ցանկացած վավերապայմանի փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը: Կատարված փոփոխությունները համարակալվում են ըստ փոփոխության կատարման ամսաթվի հերթականության:
10. Փոփոխությունների դեպքում գրանցամատյանում ավելի վաղ նշված տվյալները որևէ կերպ չեն վերացվում, փոփոխությունները լրացվում են որպես դրան նախորդող տվյալներին (տեղեկատվության) հաջորդող նոր տվյալներ (տեղեկատվություն), այնպես, որ տեսանելի լինի փոփոխությունը կամ լրացումը` նախորդ տվյալի (տեղեկատվության) համեմատ:
11. Արտարժույթով պահանջների բավարարման դեպքում այլ տեղեկություններից բացի նշվում է բավարարման օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ արժույթի համար սահմանված փոխարժեքը:
12. Սույն կարգի համաձայն գրանցամատյանում լրացվող ցանկացած տեղեկատվության, այդթվում` կատարվող ցանկացած փոփոխության մասով նշվում է նաև դրա ստացման և (կամ) ծագման հիմքը:
13. Կառավարիչը պարտատիրոջ, պարտապանի կամ նրանց ներկայացուցչի պահանջով ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է գրանցամատյանի քաղվածքը: Գրանցամատյանի քաղվածքը պատրաստվում է բոլոր էջերը արտատպելու միջոցով: Կառավարիչը ստորագրում է քաղվածքի յուրաքանչյուր էջը` նշելով քաղվածքի տրամադրման ամսաթիվը: