29.03.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
13 մարտի 2020 թվականի N 110-Ն
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սնանկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել սնանկության գործը կառավարչի կողմից վարելու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 15-ից:
Ռ. Բադասյան
Հավելված
Արդարադատության նախարարի
2020 թվականի մարտի 13-ի
N 110-Ն հրամանի
ԿԱՐԳ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸ ԿԱՌԱՎԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԵԼՈՒ
1. Սնանկության գործով կառավարիչը (այսուհետ` կառավարիչ) սնանկության գործով որպես ժամանակավոր կառավարիչ (կառավարիչ) նշանակվելու մասին դատարանի որոշումն ստանալու պահից էլեկտրոնային սնանկության համակարգի (այսուհետ` համակարգ) միջոցով` համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան` էլեկտրոնային եղանակով վարում է սնանկության գործերը:
2. Սույն կարգի 3-րդ կետում սահմանված դեպքերում սնանկության գործերը վարվում են նաև թղթային եղանակով:
3. Թղթային կրիչով փաստաթղթերը պահելու նպատակով կառավարիչը բացում է թղթապանակ (այսուհետ` թղթապանակ), որում հավաքվում (կարվում) են սնանկության գործին (վարույթին) առնչվող հետևյալ փաստաթղթերը.
1) թղթային կրիչով փաստաթղթեր, որոնք ստացվել են համակարգն օգտագործող չհամարվող անձից,
2) թղթային կրիչով փաստաթղթեր, որոնք կազմվել են կառավարչի կողմից, սակայն դրանց վրա այլ անձի կողմից կատարված է որևէ գրառում, որը ապացուցողական նշանակություն ունի,
3) կառավարչի հայեցողությամբ ցանկացած այլ փաստաթղթեր:
4. Կառավարիչը պարտավոր է թղթային կրիչով օրենքով նախատեսված փաստաթղթեր ստանալուց հետո եռօրյա ժամկետում դրանք ներբեռնել համակարգ և համակարգի գործիքակազմին համապատասխան կցել վերաբերելի սնանկության գործին, բացառությամբ այն դեպքերի, երբ թղթային կրիչով փաստաթուղթն ուղարկողը այն արդեն բեռնել է համակարգ կամ այդ փաստաթղթի հասցեատերը նաև դատարանն է:
5. Այլ անձից ստացված թղթային կրիչով փաստաթուղթը կարող է չպահպանվել, եթե այդ փաստաթուղթը կազմողը այն բեռնել է համակարգում` հասանելի դարձնելով առնվազն մեկ օգտատիրոջ:
6. Կառավարչի կողմից կազմված և այլ անձանց կողմից կատարված գրառում չպարունակող փաստաթուղթը կարող է չպահպանվել, եթե կառավարիչն այն բեռնել է համակարգում` հասանելի դարձնելով առնվազն մեկ օգտատիրոջ:
7. Թղթապանակի վրա նշվում են սնանկության գործի համարը, պարտապանի անունը և ազգանունը (անվանումը), կառավարչի անունը և ազգանունը, որակավորման վկայականի համարը:
8. Կառավարիչը թղթապանակում փաստաթղթերը հավաքում (կարում) է ժամանակագրական հաջորդականությամբ:
9. Թղթապանակի առավելագույն ծավալը 200 թերթ է, որը գերազանցելու դեպքում հաջորդ փաստաթղթերը հավաքվում (կարվում) են նոր թղթապանակում:
10. Սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության հետ միաժամանակ կառավարիչը դատարան է ներկայացնում տվյալ գործին առնչվող թղթապանակների վերաբերյալ տեղեկանք, որում նշվում են սնանկության գործի համարը, պարտապանի անունը և ազգանունը (անվանումը), կառավարչի անունը և ազգանունը, որակավորման վկայականի համարը, թղթապանակների ընդհանուր քանակը, յուրաքանչյուր թղթապանակում կարված էջերի քանակը:
11. Փաստաթղթերի և տվյալների արխիվացումն իրականացվում է Համակարգի միջոցով` ինքնաշխատ եղանակով: Արխիվացման ժամկետները և կարգը, ինչպես նաև արխիվացման համակարգին առնչվող մանրամասները կարգավորվում են Համակարգի միջոցով: Այն դեպքում, երբ սնանկության գործը վարվում է նաև թղթային եղանակով, կառավարիչը սնանկության գործն ավարտվելուց հետո տվյալ գործին առնչվող թղթապանակները պահպանում է 3 տարի:
12. Կառավարչի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվելու դեպքում կառավարիչը, համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան, փոխարինվում է, որի դեպքում նոր կառավարիչը սնանկության գործը ստանում է համակարգի միջոցով` այդ մասին միաժամանակ տեղեկացվելով նաև էլեկտրոնային փոստի հասցեին: Այն դեպքում, երբ սնանկության գործը վարվում է նաև թղթային եղանակով, ապա կառավարիչը գործին առնչվող բոլոր թղթապանակները և փաստաթղթերը կարված վիճակում, հանձնման-ընդունման ակտի հիման վրա հանձնում է նոր կառավարչին:
13. Օրենքով նախատեսված դեպքերում կառավարչից սնանկության վարույթին վերաբերող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջվելու դեպքում կառավարիչը համակարգում իր կողմից վարվող գործից, համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին և առաջադրվող պահանջներին համապատասխան, տրամադրում է համապատասխան փաստաթղթին հասանելիություն, իսկ թղթային եղանակով վարվող գործի (փաստաթղթերի) դեպքում հնարավորություն է տալիս ծանոթանալ այդ նյութերին և լուսապատճենել դրանք:
(հավելվածը խմբագրվել է 29.03.2024 թիվ 182-Ն /ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի` էլեկտրոնային սնանկության համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից/ հրաման)