Սեղմել Esc փակելու համար:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 357-Լ

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 8-րդ կետով սահմանված օժանդակության գործիքների կիրառման կարգը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին և առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված շահառուների ընտրության ընթացակարգը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված վարկերի մարման ընթացակարգը:

5. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման դիմումների վերջնաժամկետ է ամրագրվում 2020 թվականի հունիսի 30-ը: Հետևաբար 2020 թվականի հուլիսի 1-ից սույն միջոցառման շրջանակներում վարկերի տրամադրման նոր հայտեր չեն ընդունվելու:

(5-րդ կետը փոփ. 12.06.2020 թիվ 947-Լ որոշում)

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 357-Լ որոշման

 

ԵՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ

 

1. ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԵՎ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ

 

1. Միջոցառման նպատակն է օժանդակել ՀՀ փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող, սույն միջոցառմամբ սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարողներին (այսուհետ` տնտեսավարողներ)` կորոնավիրուսի տարածման հետևանքով վերջիններիս մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմելու նպատակով:

2. Օժանդակության նպատակն է տնտեսավարողների համար ստեղծել ֆինանսական միջոցների ժամանակավոր հասանելիության հնարավորություն` շուկաների փոփոխվող պայմաններին արձագանքելու, արտաքին մարտահրավերներին դիմակայելու և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորվելու կամ փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու և զարգացման ռազմավարությունը ճշգրտելու գործողություններ իրականացնելու համար:

 

2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ

 

3. Սույն միջոցառման իմաստով տնտեսավարող է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի գործունեություն իրականացնող այն առևտրային կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը`

1) հիմնական գործունեություն (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի) է ծավալում ստորև թվարկված ոլորտներից որևէ մեկում`

ա. մշակող արդյունաբերություն,

բ. կացության և հանրային սննդի կազմակերպում,

գ. փոխադրումներ և պահեստային տնտեսություն,

դ. զբոսաշրջային ծառայություններ,

ե. սպասարկման այլ ծառայություններ,

զ. առողջապահություն.

է. նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),

ը. սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),

թ. զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն,

ժ. շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն.

2) Հայաստանի Հանրապետության տարածքում առևտրային գործունեություն է իրականացրել առնվազն դիմումի ներկայացմանը նախորդող մեկ տարվա ընթացքում.

3) 2019 թվականի շրջանառությունը կազմել է առնվազն 24 մլն դրամ, սակայն չի գերազանցել 500 մլն դրամը.

4) 2019 թվականի յուրաքանչյուր եռամսյակի շրջանառությունը չի գերազանցել տվյալ տարվա շրջանառության գումարի 70 տոկոսը.

5) ունի բարվոք վարկային պատմություն, այսինքն` ըստ ԱՔՐԱ տեղեկատվության` վարկի համար դիմելու ամսաթվին նախորդող 12 ամիսների ընթացքում չի ունեցել գումարային 30 օր և ավելի ժամկետով ժամկետանց վարկային պարտավորություններ.

6) ունեցել է բարվոք հարկային պատմություն, այսինքն`

ա. դիմումի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում չկատարված հարկային պարտավորությունները գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չէ, կամ

բ. դիմումը ներկայացնելու օրը 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ առկա ժամկետանց հարկային պարտավորությունները չեն գերազանցել 2019 թվականի ընթացքում միասնական գանձապետական հաշվից մարված հարկային պարտավորությունների, 2019 թվականի ընթացքում վճարված պետական տուրքի գումարների և 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ միասնական գանձապետական հաշվի մնացորդի հանրագումարի 1 տոկոսը:

(3-րդ կետը փոփ. 03.04.2020 թիվ 464-Լ, 14.04.2020 թիվ 554-Լ, 16.04.2020 թիվ 559-Լ, 29.04.2020 թիվ 640-Լ, 30.04.2020 թիվ 646-Լ, 13.05.2020 թիվ 728-Լ որոշումներ)

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 29.04.2020 թվականի թիվ 640-Լ որոշման 3-րդ կետի համաձայն

հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետում «2019 թվականի դեկտեմբերի

31-ի դրությամբ չի ունեցել ժամկետանց հարկային պարտավորություն»

բառերը պետք է փոխարինվեին այլ բառերով: Սակայն հավելվածի 3-րդ

կետի 4-րդ ենթակետում նման բառեր չկան: Այդ բառերն առկա են

հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում: Այս իսկ պատճառով ԻՐՏԵԿ-ը

փոփոխությունը կատարել է հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետում:

------------------------------------------------------------------

 

3.1. Ընդ որում, սույն որոշմամբ հաստատված միջոցառումից չեն կարող օգտվել այն տնտեսավարողները, ովքեր օգտվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 355-Լ որոշմամբ սահմանված միջոցառումից:

(3.1-ին կետը լրաց. 09.04.2020 թիվ 503-Լ որոշում)

 

4. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԸ

 

4. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին Ներդրումների աջակցման կենտրոնի միջոցով: ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերը և վարկային հաստատությունները հանդիսանում են վարկերի սպասարկման գործակալներ:

 

5. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՍՏԱՑՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

5. Օժանդակությամբ ստացվող վարկերի միջոցները կարող են տնտեսավարողների կողմից օգտագործվել միայն հետևյալ ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացման նպատակով`

1) աշխատակիցներին աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը), բայց յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 300 հազ. դրամ գումարի չափով` առավելագույնը 6 ամսվա համար.

2) պետական կամ համայնքի բյուջե հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վճարումներ (այսուհետ` հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների վարկեր) (ընդ որում, վճարում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը 6 ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների.

3) հումքի (բացառությամբ վառելանյութի) գնում կամ ներմուծում` պայմանով, որ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը, կամ պայմանագիրը կնքվել է մինչև 2020 թվականի փետրվարի 1-ը և հաշվարկային փաստաթղթերը տրվել (թողարկվել) են 2020 թվականի փետրվարի 1-ից հետո, կամ հաշվարկային փաստաթղթերը տրվել են փետրվարի 1-ից հետո և հումքի ամբողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետությունում` տվյալ տնտեսավարողի արտադրական, ծառայությունը մատուցելու և սպասարկումը կազմակերպելու նպատակներով: Օգտագործման նպատակայնության նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ներդրումների աջակցման կենտրոնը (համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հրամանի).

4) հանրային ծառայությունների վճարումներ (էլեկտրաէներգիայի, ջրի, գազի, կապի և հեռահաղորդակցության գծով ծախսերից մեկի կամ մի քանիսի իրականացում) (ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում նաև 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը)` առավելագույնը 6 ամսվա համար` բացառությամբ կանխավճարների և գերավճարների.

5) տնտեսավարողի կողմից արտադրական կամ ծառայությունների մատուցման նպատակով անշարժ գույքի և հողամասի վարձակալական վճարներ, եթե տնտեսավարողն ունի փետրվար 1-ի դրությամբ գործող պայմանագիր: Ընդ որում, ծախսերի իրականացում է համարվում 2020 թվականի մարտի 1-ից հետո նույն նպատակով և փաստացի չափով իրականացված ծախսերը` առավելագույնը 6 ամիս ժամկետով:

(5-րդ կետը փոփ. 09.04.2020 թիվ 503-Լ, 22.04.2020 թիվ 586-Լ, 13.05.2020 թիվ 728-Լ որոշումներ)

 

6. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ ՎԱՐԿԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`

1) արժույթը` դրամ.

2) ժամկետը` 36 ամիս, առաջին 6 ամսում վարկի մարում չի նախատեսվում.

3) մեկ տնտեսավարող սուբյեկտի վարկի առավելագույն չափը` 50 մլն դրամ, բայց ոչ ավելի, քան տնտեսավարող սուբյեկտի 2019 թվականի շրջանառության 10%-ը.

4) վարկային միջոցների օգտագործման կարգը` միայն անկանխիկ և բանկային փոխանցումով` ծախսերի նպատակայնությունը հաստատելուց հետո, վարկի հաստատմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում.

5) օժանդակության գործիքները կիրառվում են առանց դրանց համար վարկային միջոցների տրամադրման վճարների գանձման` բացառությամբ այն դեպքի, եթե տնտեսավարողը չի համապատասխանում սույն կարգի 3-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված պահանջին: Այդ դեպքում վճարվում է վարկային միջոցների տրամադրման վճար` փաստացի հատկացվող միջոցների 1 տոկոսի չափով:

(6-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 554-Լ, 13.05.2020 թիվ 728-Լ որոշումներ)

 

7. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՎԱՐԿԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ

 

7. Վարկերը կարող են տրամադրվել ՀՀ-ում գործող բոլոր առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների միջոցով, որոնք Ներդրումների աջակցման կենտրոնից կստանան վարկի սպասարկման վճար յուրաքանչյուր վարկի դիմաց:

8. Օժանդակության գործիքների կիրառման կարգը կհաստատվի ՀՀ կառավարության որոշմամբ:

9. Շահառուների ընտրության և վարկերի մարման ընթացակարգերը կսահմանվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

8. ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

10. Օժանդակությունը տրամադրվում է տնտեսավարողներին` ՀՀ տարածքում գործող և լիցենզավորված բանկերից կամ վարկային կազմակերպություններից (այսհուհետև` ֆինանսական կազմակերպություն) ստացվող նպատակային վարկերի տրամադրմամբ:

11. Սույն միջոցառման շրջանակում վարկ ստանալու նպատակով ցանկացած տնտեսավարող, որը համապատասխանում է միջոցառմամբ նախատեսված պայմաններին, կարող է հայտ ներկայացնել Ներդրումների աջակցման կենտրոն թղթային կամ էլեկտրոնային եղանակով: Հայտի գնահատումը իրականացնելուց հետո Ներդրումների աջակցման կենտրոնը պայմանագիր է կնքում տնտեսվարողին սպասարկող բանկի հետ և ապահովում վարկի գումարի հասանելիությունը բանկի համար:

12. Վարկի ապահովման համար կպահանջվի սեփականատիրոջ կամ կազմակերպության կառավարմանը մասնակցող այլ ֆիզիկական անձի (անձանց) անձնական երաշխավորություն, որը կներկայացվի Ներդրումների աջակցման կենտրոնին: Երաշխավորը պետք է բավարարի ԱՔՐԱ համակարգի չափանիշներով սքորինգի` Ներդրումների աջակցման կենտրոնի սահմանած նվազագույն պայմաններին:

13. Օժանդակության շրջանակներում տրամադրվող վարկերի տոկոսները կկազմեն` առաջին տարում 0%, երկրորդ տարում 0%, երրորդ տարում` 12%:

14. Ներդրումների աջակցության կենտրոնը իրականացնելու է ընթացիկ մշտադիտարկում` ՊԵԿ-ից, տնտեսավարողից և բանկից և/կամ ֆինանսական կազմակերպություններից ստացվող տեղեկության հիման վրա և կարող է դադարեցնել վարկի տրամադրումը և (կամ) պահանջել անհապաղ վարկի մարում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 357-Լ
Որոշում