ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության ՏԴ2/0083/01/17
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ՏԴ2/0083/01/17
Նախագահող դատավոր` Ա. Դանիելյան
Դատավորներ` Ս. Չիչոյան
Ռ. Մխիթարյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` նաև
Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ` Լ. Թադևոսյանի
մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի
Ս. Ավետիսյանի
Ե. Դանիելյանի
Ա. Պողոսյանի
Ս. Օհանյանի
քարտուղարությամբ` Մ. Ավագյանի
մասնակցությամբ`
դատախազ Դ. Մելքոնյանի
2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ սպայական վաշտի տեսուչի` 2017 թվականի օգոստոսի 9-ի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` դիմում-բողոքի բացակայության հիմքով:
Տավուշի մարզի դատախազության դատախազ Գ.Աղասյանի` 2017 թվականի սեպտեմբերի 15-ի որոշմամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին վերոնշյալ որոշումը վերացվել է, ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 56200117 քրեական գործը և նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն:
Նախաքննության մարմնի` 2017 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ Գրիգոր Ծատուրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով:
2017 թվականի դեկտեմբերի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռով ամբաստանյալ Գ.Ծատուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով` ավտոտրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելով` 2 (երկու) տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատական ակտով տուժողի օրինական ներկայացուցիչ Իշխան Խաչատրյանի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով տվյալ հարցը համարվել է լուծված: Բացի այդ, վճռվել է դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը թողնել առանց քննության:
3. Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել մեղադրող Գ.Աղասյանը` միջնորդելով դատական ծախսերի մասով բեկանել, փոփոխել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 05-ի դատավճիռը և ամբաստանյալ Գ.Ծատուրյանից որպես դատական ծախսեր բռնագանձել քննության ընթացքում նշանակված դատաբժշկական և դատաավտոտեխնիկական փորձաքննությունների համար ծախսված փորձագետների վարձատրությունը կազմող ընդհանուր` 102.960 ՀՀ դրամ գումարը:
3.1. Մեղադրողի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճիռը թողնելով օրինական ուժի մեջ:
4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի տեղեկանքի համաձայն` «(...) Սույն քրեական գործով թիվ 72/Հ, թիվ 73/Հ, թիվ 143/ամբ, թիվ 144/ամբ, թիվ 145/ամբ և թիվ 146/ամբ եզրակացությունների դատաբժշկական փորձաքննություններն իրականացվել են ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պետական պատվերի պայմանագրով իրականացվող աշխատանքների շրջանակներում:
72/Հ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,
73/Հ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,
143/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,
144/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,
145/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ,
146/ամբ եզրակացություն - 8.000 (ութ) հազար դրամ»(1):
____________________
1) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 138:
6. Դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության` 2017 թվականի դեկտեմբերի 12-ի հանձնման-ընդունման արձանագրության համաձայն` ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքների և տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի հետազոտությունների համար վճարման ենթակա գումարը կազմում է 54.960 ՀՀ դրամ(2):
____________________
2) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 146:
6.1 Մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքի համաձայն` «(...) Դատաբժշկական փորձաքննությունների համար ծախսվել է ընդհանուրը` 36.000 ՀՀ դրամ, դատաավտոտեխնիկական փորձաքննության համար` 54.960 ՀՀ դրամ (...)»(3):
____________________
3) Տե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 194:
7. Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռում արձանագրել է. «(...) Տուժողի օրինական ներկայացուցչի կողմից քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը պետք է համարել լուծված: Մեղադրողի միջնորդությամբ նշված` դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ, պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացվելու պատճառով տվյալ հարցը պետք է թողնել առանց քննության (...)»(4):
____________________
4) Տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 40-41:
8. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ փաստել է. «(...) Սույն քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ այդ առնչությամբ գործում առկա փաստական տվյալներում (12.12.17թ. թվագրմամբ հանձնման-ընդունման արձանագրություն, 08.12.2017թ. թվագրմամբ տեղեկանք) տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ ինքնին բավարար դիտարկվել չեն կարող դատական ծախսերի հարցը կոնկրետ դեպքում, փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար:
Հետևաբար, այդ առնչությամբ մեղադրողի վերաքննիչ բողոքում բերված պատճառաբանությունները, քննարկվող դեպքում, բավարար չափով փաստարկված չեն և այն այդ առնչությամբ բավարարելու առումով որևէ իրավական հետևանք առաջացնել չեն կարող (...)»(5):
____________________
5) Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթ 30:
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
10. Բողոք բերած անձը գտել է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը օրինական և հիմնավորված չեն, ուստի ենթակա են բեկանման:
Ի հիմնավորումը վերոնշյալի` բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ընթացքում կատարվող ծախսերի` նյութական կորուստների շրջանակ, որոնք կարող են գանձվել հանցագործության համար մեղավոր ճանաչված անձից: Այդ ծախսերի շարքին են դասվում փորձագետի վարձատրության ծախսերը: Մինչդեռ դատարանները, չտարբերակելով քաղաքացիական հայցի և դատական ծախսերի բաշխման հարցերի լուծման դատավարական ընթացակարգերը, չհետևելով քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկայի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումներին` հանգել են սխալ հետևության:
11. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է մասնակիորեն` Գ.Ծատուրյանից դատական ծախսերը չբռնագանձելու մասով, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
12. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի գանձման դատավարական կարգի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար:
13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատական ծախսերի գանձումը մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացմամբ պայմանավորելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանի կողմից օրինական ուժի մեջ թողնելը:
14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի համաձայն` «Դատախազը հարուցում և պաշտպանում է հարուցված քաղաքացիական հայցը, եթե խախտվել են պետության գույքային շահերը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Դատական ծախսերը բաղկացած են` (...) փորձագետի (...) վարձատրության գումարներից»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի համաձայն` «1.Սույն օրենսգրքի 168 հոդվածի առաջին մասի 1-6-րդ կետերում թվարկված դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա:
2. Դատարանն իրավունք ունի դատապարտյալին լրիվ կամ մասնակի ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց, եթե դատապարտյալն անվճարունակ է, կամ գումարի գանձումը կարող է էապես ազդել դատապարտյալի խնամքի տակ գտնվող անձանց նյութական վիճակի վրա:
3. Քրեական գործով մի քանի անձ դատապարտվելիս դատական ծախսերը գանձվում է նրանցից յուրաքանչյուրից` ըստ դատարանի կողմից որոշված բաժնի` հաշվի առնելով այդ անձանց մեղավորության, նրանց նշանակված պատժի խստության աստիճանը և յուրաքանչյուրի գույքային դրությունը (...)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
(...)
10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.
(...)
14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.
(...)»:
15. Դատական ծախսերն այն նյութական ռեսուրսներն են, որոնք օգտագործվում են գործի պատշաճ քննությունն ապահովելու և/կամ տուժողի խախտված իրավունքները վերականգնելու համար: Մասնավորապես, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու անհրաժեշտությամբ գործին ներգրավված մասնագետի, թարգմանչի, փորձագետի մատուցած ծառայությունների և այլ միջոցառումների իրականացման համար ծախսված գումարները քրեական դատավարությունում ներառված են դատական ծախսերի մեջ: Միևնույն ժամանակ, օրենսդիրը դատական ծախսերի շարքին է դասել նաև տուժողին հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման գումարները` որպես վերջինիս խախտված իրավունքների վերականգնման միջոց:
Սակայն քրեական դատավարությունում վերոնշյալ դատական ծախսերի գանձման կառուցակարգերը չեն նույնանում: Այսպես, եթե տուժողին պատճառված վնասի հատուցման վերականգնումը որպես կանոն պայմանավորվում է նրա կողմից քաղաքացիական հայցի ներկայացման հետ, ապա մյուս դատական ծախսերի դեպքում օրենսդիրն այդպիսի պահանջ չի նախատեսել: Մասնավորապես, եթե հանցագործության հետևանքով տուժողին անմիջականորեն պատճառված վնասը հատուցվում է վերջինիս կողմից ներկայացված քաղաքացիական հայցի քննության արդյունքում, ապա գործի քննության համար ծախսված նյութական միջոցները հատուցվում են ամբաստանյալի կողմից առանց այդպիսի ընթացակարգի, դատարանի կողմից proprio motu (սեփական նախաձեռնությամբ): Վերջինս բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասից, որտեղ մի կողմից դատական ծախսերի լուծման հարցը տարանջատված է քաղաքացիական հայցի լուծման հարցից և ձևակերպված է առանձին կետով, մյուս կողմից դատական ծախսերի լուծումը պայմանավորված չէ դատավարության մասնակցի կողմից դրանց գանձման վերաբերյալ ներկայացվող պահանջով: Ավելին, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-169-րդ հոդվածներում օրենսդրի կողմից օգտագործվող «դատական ծախսերը կարող են դատարանի կողմից դրվել դատապարտյալի վրա», «դատարանն իրավունք ունի (...) ազատել որպես պետության եկամուտ գանձվելիք դատական ծախսերը վճարելուց», «դատական ծախսերը գանձվում է (...) ըստ դատարանի կողմից որոշված բաժնի» ձևակերպումները ևս վկայում են այն մասին, որ դատարանի կողմից դատական ծախսերի գանձման վերաբերյալ հարցը լուծվում է proprio motu` առանց քաղաքացիական հայցի ներկայացման:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ դատական ծախսերի գումարը չի կարող հանդիսանալ քաղաքացիական հայցի առարկա: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կողմից ձևավորված կայուն նախադեպային իրավունքի համաձայն` քրեական դատավարությունում քաղաքացիական հայցի առարկան է կազմում հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասը(6): Մինչդեռ, դատական ծախսերի գումարը չի հանդիսանում հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնաս: Դատական ծախսերն առաջանում են քրեական գործի հարուցման և քննության, այլ ոչ թե հանցագործության կատարման արդյունքում: ՈՒստի, դատական ծախսերի գումարը չի կարող ներառվել քրեական դատավարությունում քննվող քաղաքացիական հայցի առարկայի մեջ:
____________________
6) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Արկադի Վարդանյանի գործով 2013 թվականի ապրիլի 18-ի թիվ ՇԴ2/0013/01/11 որոշման 14-15-րդ կետերը:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտ կայացնելիս դատարանը սեփական նախաձեռնությամբ որոշում է, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը` առանց այն պայմանավորելու մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացման հետ:
16. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- դատաբժշկական փորձաքննությունների իրականացման համար ծախսվել է ընդհանուր առմամբ` 48.000 ՀՀ դրամ գումար(7), իսկ դատաավտոտեխնիկական փորձաքննության համար` 54.960 ՀՀ դրամ գումար(8):
___________________
7) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:
8) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- Առաջին ատյանի դատարանը 2018 թվականի փետրվարի 5-ի դատավճռում արձանագրել է, որ մեղադրողի միջնորդությամբ դատական ծախսերի բռնագանձման վերաբերյալ պատշաճ կարգով քաղաքացիական հայցի պահանջ չներկայացնելու պատճառով` տվյալ հարցը պետք է թողնել առանց քննության(9),
___________________
9) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
- Վերաքննիչ դատարանը 2018 թվականի մարտի 28-ի որոշմամբ մերժելով մեղադրողի բողոքը և օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` փաստել է, որ գործում առկա փաստական տվյալներում տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ ինքնին բավարար դիտարկվել չեն կարող դատական ծախսերի հարցը կոնկրետ դեպքում, փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և այդ առնչությամբ հիմնավոր հետևության հանգելու համար(10):
___________________
10) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:
17. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը դատավճիռ կայացնելիս պետք է սեփական նախաձեռնությամբ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հարցերի հաջորդականության, քննարկեր և որոշեր, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը: Ընդ որում, նշված հարցը դատարանը պետք է որոշեր` հիմք ընդունելով քրեական գործի նյութերում պարունակվող համապատասխան փաստական տվյալները («Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի` 2017 թվականի դեկտեմբերի 8-ի տեղեկանքը, դատաավտոտեխնիկական փորձաքննության եզրակացության 2017 թվականի դեկտեմբերի 12-ի հանձնման-ընդունման արձանագրությունը), որոնք բավարար էին դատական ծախսերի արժեքը հստակ պարզելու համար: Այսինքն` Վերաքննիչ դատարանի դատողությունն այն մասին, թե գործում առկա փաստական տվյալներում տեղ գտած տեղեկություններն իրենց համադրությամբ բավարար չեն փորձագետների վարձատրության գումարների չափը գնահատելու և հիմնավոր հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանի համար ընդունելի չէ:
Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի գանձումը մեղադրողի կողմից քաղաքացիական հայցի ներկայացմամբ պայմանավորելու մասով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը Վերաքննիչ դատարանի կողմից օրինական ուժի մեջ թողնելն իրավաչափ չէ:
18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը, օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը, դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 168-րդ, 169-րդ հոդվածների և 360-րդ հոդվածի 1-ին մասի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու հիմք է:
Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է որոշի, թե ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը: Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը պետք է քննարկման առարկա դարձնի նաև դատական ծախսերի ընդհանուր չափի վերաբերյալ մեղադրական եզրակացությանը կից տեղեկանքում նշված (ընդհանուր` 36.000 և 54.960 ՀՀ դրամ) գումարի չափի և գործի նյութերում պարունակվող փաստական տվյալներում նշված (ընդհանուր` 48.000 և 54.960 ՀՀ դրամ) գումարի չափի վերաբերյալ առկա անհամապատասխանությունը(11):
____________________
11) Տե՛ս սույն որոշման 6.1-րդ կետը:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը պետք է թողնել անփոփոխ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
2. Ամբաստանյալ Գրիգոր Հրաչյայի Ծատուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Լ. Թադևոսյան
Դատավորներ` Հ. Ասատրյան
Ս. Ավետիսյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան