ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մարտի 2020 թվականի N 412-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ութերորդ միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` մինչև 2020 թվականի ապրիլի 9-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մարտի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մարտի 30-ի
N 412-Լ որոշման
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
i
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով մասնավոր հատվածի տուժած ոլորտների (այսուհետ` Տուժած ոլորտ) վարձու աշխատողներին, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` Շահառու):
(1-ին կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)
i
2. Սույն որոշման իմաստով տուժած ոլորտներ են համարվում հետևյալ գործունեության տեսակները`
1) հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ.
2) հանրային սննդի ծառայություններ.
3) զբոսաշրջային ծառայություններ.
4) վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ.
5) մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում` առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն.
6) ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ).
7) նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ).
8) սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ).
9) զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն.
10) հագուստի արտադրություն.
11) կոշիկի և այլ կաշվե արտադրատեսակների արտադրություն.
12) կահույքի արտադրություն.
13) թանկարժեք և ոչ թանկարժեք մետաղներից և քարերից զարդերի պատրաստում.
14) ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում.
15) օդային տրանսպորտի գործունեություն.
16) կինոթատրոնների գործունեություն.
17) լուսանկարչության բնագավառում գործունեություն.
18) ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ.
19) կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում.
20) ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն.
21) լվացման, մաքրման և չոր մաքրման ծառայությունների մատուցում.
22) պոլիգրաֆիական գործունեություն (տպագրության ծառայություն).
23) առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ.
24) մանածագործական արտադրատեսակների արտադրություն.
25) փայտանյութի մշակում, փայտից, խցանակեղևից, ծղոտից և հյուսկեն նյութերից արտադրատեսակների արտադրություն` բացի կահույքից.
26) թղթի և թղթե արտադրատեսակների արտադրություն.
27) ռետինե և պլաստմասսայե արտադրատեսակների արտադրություն.
28) համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն.
29) էլեկտրական սարքավորանքի արտադրություն.
30) ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակող վարչարարական և լրացուցիչ այլ գործունեություն.
31) համակարգիչների, անձնական օգտագործման և կենցաղային արտադրատեսակների նորոգում.
32) ֆիզիկական առողջության պահպանման հետ կապված գործունեություն:
(2-րդ կետը փոփ. 16.04.2020 թիվ 558-Լ, 30.04.2020 թիվ 646-Լ, 07.05.2020 թիվ 703-Լ, 04.06.2020 թիվ 897-Լ որոշումներ)
i
3. Սույն միջոցառման իմաստով Տուժած ոլորտ չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակում վաճառվում է սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլային խմիչք` հիմք ընդունելով մինչև 2020 թվականի մարտի 31-ն ընկած վերջին հաշվետու ժամանակաշրջանի համար մայիսի 5-ի դրությամբ հարկ վճարողների կողմից ներկայացված վերջին հարկային հաշվարկներում արտացոլված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող` տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը և գործունեության տեսակների տեսակարար կշիռը: Տուժած ոլորտ չեն համարվում նաև ոչ մասնագիտացված խանութներում այլ մանրածախ առևտրի գործունեություն իրականացնողները, եթե նրանց կողմից 2020 թվականի առաջին եռամսյակում հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված` սննդամթերքի, ծխախոտի, դեղորայքի և ալկոհոլային խմիչքի շրջանառությունը գերազանցում է նույն ժամանակահատվածի համար հսկիչ դրամարկղային մեքենաներով արտացոլված շրջանառության 20 տոկոսը:
(3-րդ կետը փոփ. 14.04.2020 թիվ 555-Լ, 07.05.2020 թիվ 703-Լ որոշումներ)
4. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ) գործունեություն ծավալող գործատու տնտեսավարող սուբյեկտների (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) (այսուհետ` Գործատու) աշխատակիցների աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:
5. Մեկից ավելի ոլորտներում (որոնցից մեկը կամ մի քանիսը ներառված են Տուժած ոլորտներում, իսկ մնացածը` ոչ) գործունեություն ծավալող` Շահառու հանդիսացող անհատ ձեռնարկատերերի աջակցության չափի որոշման կարգն ու պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության առանձին որոշմամբ:
i
6. Վարձու աշխատողները Շահառու են հանդիսանում այն պարագայում, եթե 2020 թվականի մարտի 13-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում հանդիսացել են Տուժած ոլորտների վարձու աշխատողներ (2020 թվականի մարտի 13-ին կամ դրանից առաջ աշխատանքի են ընդունվել Տուժած ոլորտի գործատուի մոտ և մինչև 2020 թվականի մարտի 30-ը ներառյալ անընդմեջ աշխատել են նույն գործատուի մոտ): Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողները Շահառու են այն պարագայում, եթե 2020 թվականի մարտ ամսվա որևէ պահի դրությամբ հանդիսացել են Տուժած ոլորտների քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողներ:
(6-րդ կետը փոփ. 21.04.2020 թիվ 584-Լ, 30.04.2020 թիվ 646-Լ որոշումներ)
7. Աջակցությունը տրամադրվում է միանվագ հետևյալ չափերով`
i
1) եթե վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը, ապա վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան նվազագույն աշխատավարձի չափը և ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկը.
2) եթե վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձը պակաս է նվազագույն աշխատավարձի չափից, ապա վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսների համար հաշվարկված միջին ամսական աշխատավարձի չափով.
3) անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` 2019 թվականի 4-րդ եռամսյակի իրացման շրջանառության 10 տոկոսի չափով, բայց ոչ ավել, քան նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:
(7-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)
i
8. Աջակցությունը տրամադրվում է Շահառուի կողմից www.online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումի հիման վրա, եթե դիմումը ներկայացվում է մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը (ներառյալ):
(8-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1464-Լ որոշում)
i
9. Սույն միջոցառման շրջանակներում աջակցություն ստացած անձանց տվյալները հրապարակվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պաշտոնական կայքէջում:
(9-րդ կետը փոփ. 03.09.2020 թիվ 1464-Լ որոշում)
i
10. Համատեղությամբ աշխատող վարձու աշխատողի (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի) դեպքում աջակցությունը տրվում է մեկ անգամ` աջակցության չափը որոշելու համար հիմք ընդունելով Տուժած ոլորտներում գործող բոլոր գործատուներից 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին ստացած եկամուտների հանրագումարը` հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:
(10-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)
11. Միաժամանակ վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և անհատ ձեռնարկատեր հանդիսացող Շահառուի դեպքում աջակցությունը տրամադրվում է առանձին որպես վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող) և առանձին որպես անհատ ձեռնարկատեր հաշվարկված աջակցության չափերից առավելագույնի հաշվարկով` հիմք ընդունելով սույն կարգի 7-րդ կետում նշված դրույթները:
(11-րդ կետը փոփ. 30.04.2020 թիվ 646-Լ որոշում)
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 14.04.2020 թիվ 555-Լ որոշում)
i
(12-րդ կետը լրաց. 09.04.2020 թիվ 500-Լ որոշում)