Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ԵՎ 54-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 13-ՐԴ ԵՎ 54-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ՍԴ/0020/01/17

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՍԴ/0020/01/17

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում քննության առնելով Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշման դեմ դատապարտյալ Գ.Վարդանյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2017 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ոստիկանության Մեղրիի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է թիվ 45150717 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 6-ի որոշմամբ Գրիգոր Արկադյայի Վարդանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով:

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 11-ի որոշմամբ Գ.Վարդանյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով:

2017 թվականի մարտի 15-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 31-ի դատավճռով Գ.Վարդանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան` 3 (երեք) տարի ժամկետով:

3. Մեղադրող Ս.Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հունիսի 30-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառման մասով Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 31-ի դատավճիռը բեկանել է և ամբաստանյալ Գ.Վարդանյանին թողել է կրելու պատիժ` ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով:

4. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշմամբ դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը մերժվել է:

Դատապարտյալ Գ.Վարդանյանի պաշտպան Լ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ բողոքը մերժել է` Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Գ.Վարդանյանի պաշտպան Լ.Գրիգորյանը:

Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Լ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Դատապարտյալ Գ.Վարդանյանը 2017 թվականի մարտի 31-ի դատավճռով դատապարտվել է այն բանի համար, որ նա «(...) Էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ, պարբերաբար անառակաբարո գործողություններ է կատարել իր համար ակնհայտ տասնվեց տարին չլրացած Էլեն Արամի Գրիգորյանի նկատմամբ:

Այսպես, Գրիգոր Վարդանյանն իր կողմից օգտագործվող «Ալկատել» մոդելի բջջային հեռախոսի միջոցով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծելով «Անի Գասպարյան» անվամբ անհատական էջ ծանոթացել է նույն կայքի օգտատեր, Մեղրի քաղաքի անչափահաս բնակչուհի Էլեն Գրիգորյանի հետ և իր համար ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի սեռական բնազդը գրգռելու, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելու դիտավորությամբ, վերջինիս ֆեյսբուքյան կայքի անհատական էջին 2017 թվականի փետրվարի 10-ին էլեկտրոնային ցանցի կիրառմամբ հաղորդագրություններ ուղարկելու միջոցով նրա հետ տարել է սեռական կյանքին վերաբերող լկտի զրույց, այնուհետև փետրվարի 13-ին նույն եղանակով Էլեն Գրիգորյանի անհատական էջին է ուղարկել պոռնկագրական բնույթի լուսանկար (...)»(1):

_____________________

1) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթ 7:

 

7. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշման համաձայն` «(...) Կատարած արարքի նկարագրությունը վկայում է Գրիգոր Վարդանյանի անձի և կատարած հանցագործության վտանգավորության առավել բարձր աստիճանի մասին, քանի որ այն կատարվել է անչափահաս անձի նկատմամբ, ուստի Դատարանը հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով օրինականության, հիմնավորվածության և արդարացիության հատկանիշներով, որոնց լույսի ներքո բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման ենթարկելով դատապարտյալի անձի վերաբերյալ տվյալները և նրա նկատմամբ հանրային աշխատանքներ պատժատեսակի կիրառման դեպքում պատժի նպատակների իրականացման հնարավորությունը, գտնում է, որ դատապարտյալի դիմումը ենթակա է մերժման»(2):

____________________

2) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 47:

 

8. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի ապրիլի 9-ի որոշմամբ արձանագրել է. «(...) Գնահատելով դատապարտյալ Գրիգոր Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելը մերժելու վերաբերյալ Դատարանի փաստարկներն ու պատճառաբանությունները, Վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ Դատարանը, մերժելով դատապարտյալի դիմումը, հանգել է ճիշտ հետևության:

Վերաքննիչ դատարանը նման հետևության է հանգում` հաշվի առնելով դատապարտյալ Գ.Վարդանյանի կողմից կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, մասնավորապես այն, որ դատապարտյալ Գ.Վարդանյանն ոտնձգել է անձի սեռական անձեռնմխելիության իրավունքի դեմ, այն է` հանցագործությունը կատարել է իր համար ակնհայտ 16 տարին չլրացած երեխայի նկատմամբ, ինչը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ վերջինիս հետագա կյանքի վրա` նրան մղելով սեռական այլասերվածության:

(...)

Ինչ վերաբերում է դատապարտյալ Գ.Վարդանյանի անձը բնութագրող տվյալներին և պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին այն մասին, որ վերջինս նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրական, կատարած հանցագործության համար իրեն լիովին մեղավոր է ճանաչել և անկեղծորեն զղջացել է, տուժող կողմը վերջինիս նկատմամբ որևէ բողոք կամ պահանջ չի ներկայացրել, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերոգրյալ հանգամանքները սույն գործի շրջանակներում չեն նվազեցնում դատապարտյալի կողմից կատարած հանցանքի` հանրային վտանգավորության աստիճանը, ուստի չեն կարող բավարար հիմք հանդիսանալ դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներ պատժատեսակով փոխարինելու համար:

(...)

Ինչ վերաբերում է պաշտպանի վերաքննիչ բողոքի փաստարկին այն մասին, որ դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ կիրառելի չեն 2017 թվականի մարտի 1-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-59-Ն օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3.1-րդ կետով սահմանված չափանիշները, քանի որ դատապարտյալը հանցանքը կատարել է 24.02.2017 թվականին, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածը փոփոխվել է 21.03.2017 թվականին, հետևաբար դատապարտյալի նկատմամբ ենթակա է կիրառման մինչև ՀՕ-59-Ն օրենքի ուժի մեջ մտնելը ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի կիրառման կարգը, համաձայն որի` դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բերված փաստարկն անհիմն է (...):

(...)

Ներկայացված նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալ Գ.Վարդանյանը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 31.03.2017 թվականի դատավճռով երկու տարի ժամկետով ազատազրկման է դատապարտվել 2017 թվականի մարտի 31-ին` ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված հանցանքը կատարելու համար, իսկ կատարման կարգադրությունը տրվել է 29.12.2017 թվականին:

Այսինքն` 2017 թվականի մարտի 1-ի` «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-59-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո (ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 8-ին), 29.12.2017 թվականին արդեն իսկ տրված է եղել կատարման կարգադրությունը, ինչից հետևում է, որ սույն գործի շրջանակներում դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ կիրառելի է ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3.1.-րդ մասի իրավակարգավորումը:

Այսինքն` տվյալ դեպքում իրավահարաբերության ծագման պահը պետք է հաշվել ոչ թե դատապարտյալի կողմից հանցանք կատարելու օրվանից, այն է` 13.02.2013 թվականից, այլև կատարման կարգադրությունը տալու պահից, այն է` 29.12.2017 թվականից, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 29.12.2017 թվականին արդեն իսկ ուժի մեջ է մտած եղել «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-59-Ն օրենքը, հետևաբար այն տարածվում է ուժի մեջ մտած և արդեն իսկ ծագած իրավահարաբերության վրա (...)»(3):

____________________

3) Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 61-64:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

9. Բողոքաբերի կարծիքով ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ` նյութական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա: Մասնավորապես, ստորադաս դատարանները սխալ են մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված քրեաիրավական նորմերը: Բողոք բերած անձը, հղում կատարելով ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի` ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս գործով իրավանորմերին, ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածին, փաստարկել է, որ քրեական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխություններով Գ.Վարդանյանի վիճակը վատթարացել է:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի` բողոքի հեղինակը, մեջբերելով Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ անձի կողմից հանցանք կատարելու պահի դրությամբ քրեական օրենքում ամրագրված` հանրային աշխատանքները կարգավորող նորմում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում, ի տարբերություն նախկինում գործող դրույթների, ընդլայնվել է դատարանի կողմից քննարկման ենթակա հանգամանքների շրջանակը: ՈՒստի, գործող օրենսդրական նորմերը Գ.Վարդանյանի նկատմամբ տարածելու դեպքում տեղի կունենա անձի վիճակի վատթարացում, հետևաբար դրանք անձի նկատմամբ կիրառելն անթույլատրելի է:

10. Հիմք ընդունելով վերոգրյալը` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավորվա՞ծ է արդյոք ստորադաս դատարանների կողմից դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը մերժելն այն պատճառաբանությամբ, որ նրա անձը և կատարած արարքն օժտված են հանրային բարձր վտանգավորությամբ:

12. ՀՀ Սահմանադրության 72-րդ հոդվածի համաձայն` «Ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին հանցագործություն չի հանդիսացել: Չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը ենթակա էր կիրառման հանցանք կատարելու պահին: Արարքի պատժելիությունը վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենքն ունի հետադարձ ուժ»:

ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածի համաձայն` «1. Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

(...)»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Ոչ ոք չպետք է մեղավոր ճանաչվի որևէ գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն, քրեական հանցագործություն չի համարվել: Չի կարող նաև նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառելի է եղել քրեական հանցագործության կատարման պահին»:

ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով:

2. Հանցանքը կատարելու ժամանակ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքները վրա հասնելու պահից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն` «1. Արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն` տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց, այդ թվում` այն անձանց վրա, ովքեր կրում են պատիժը կամ կրել են դա, սակայն ունեն դատվածություն:

2. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենքը հետադարձ ուժ չունի:

(...)»:

Անդրադառնալով ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությանը և դրա հետադարձ ուժի հիմնախնդրին` Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է, որ «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնը համընդհանուր ճանաչում ստացած հիմնարար սկզբունք է և իրավունքի գերակայության կարևորագույն տարր: Այն բացառիկ նշանակություն ունի մարդու իրավունքների պաշտպանության համակարգում, հետևաբար նշված սկզբունքից շեղումը բացարձակապես անթույլատրելի է: Միևնույն ժամանակ քրեական օրենքի ժամանակի ընթացքում գործողության ընդհանուր կանոնն ունի նաև բացառություն: Մասնավորապես, քրեական օրենքը հետադարձ ուժ է ստանում, այսինքն` դրա գործողությունը տարածվում է մինչև այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց վրա հետևյալ դեպքերում`

ա) նոր օրենքը լրիվ կամ մասնակի վերացնում է արարքի հանցավորությունը (լրիվ կամ մասնակի ապաքրեականացում),

բ) նոր օրենքը մեղմացնում է պատիժը,

գ) նոր օրենքն այլ կերպ բարելավում է հանցանք կատարած անձի վիճակը(4):

___________________

4) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Գասպար Պողոսյանի վերաբերյալ գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ ԳԴ1/0013/01/11, Վաղարշակ Գալոյանի վերաբերյալ գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13, Հարություն Շահբազյանի վերաբերյալ գործով 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ ՇԴ3/0012/01/15 որոշումները:

 

13. Միաժամանակ Վճռաբեկ դատարանը նշել է, որ ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության և քրեական օրենքի հետադարձ ուժի կառուցակարգերը ճիշտ կիրառելու հարցում ելակետային նշանակություն ունի հանցավոր արարքի կատարման պահը: Քրեական օրենքի իմաստով` հանցանքը կատարելու պահ է համարվում հանրության համար վտանգավոր գործողությունը (անգործությունը) իրականացնելու ժամանակը` անկախ հետևանքների վրա հասնելու պահից (ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մաս): Հետևաբար իրավասու մարմինը հանցանք կատարած անձի նկատմամբ քրեական օրենքի այս կամ այն նորմի կիրառելիության հարցը լուծելիս պետք է ղեկավարվի հանցավոր արարքի (գործողության կամ անգործության) փաստացի կատարման պահի և քրեական օրենքի ուժի մեջ մտնելու պահի համադրմամբ` անկախ այն հանգամանքից, թե երբ է իրականացվում վարույթը և վարույթն իրականացնելու պահին կիրառման ենթակա օրենքը գործում է, թե ոչ: Ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողության վերը նշված ընդհանուր կանոնի միակ բացառությունը քրեական օրենքի հետադարձության կանոնն է, ինչը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, հանցանք կատարած անձի համար բարենպաստ հետևանքներ առաջացնող նոր օրենքը պետք է տարածվի այդ անձի վրա(5):

____________________

5) Տե՛ս, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի` Վաղարշակ Գալոյանի գործով 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0008/15/13 որոշումը:

 

Մինչդեռ, եթե հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված նոր օրենքն անձի համար վատթարացնող հետևանքներ է առաջացնում (հանցավորություն է սահմանում, պատիժն է խստացնում կամ այլ կերպ վատթարացնում է անձի վիճակը), ապա չի կարող տարածվել նախքան այդ օրենքի ընդունումը ծագած հարաբերությունների նկատմամբ:

14. Նախքան «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-59-Ն ՀՀ օրենքի ընդունումը գործող ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

Դատարանը դիմումը մերժում է, եթե չի պահպանվել այն ներկայացնելու սահմանված կարգը»:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-59-Ն ՀՀ օրենքի ընդունումից հետո գործող ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ և 3.1-րդ մասերի համաձայն` «3. Հանրային աշխատանքները նշանակվում են որպես որոշակի ժամկետով ազատազրկմանն այլընտրանքային պատժատեսակ` ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո` քսանօրյա ժամկետում` դատապարտյալի գրավոր դիմում ներկայացնելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 51-րդ հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:

3.1. Դատարանը դիմումը քննարկելիս հաշվի է առնում դատապարտյալի կողմից կատարված հանցագործության` հանրության համար վտանգավորության աստիճանը, բնույթը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ, որոնք կհիմնավորեն անձի նկատմամբ նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը պատժի նպատակների իրականացման տեսանկյունից»:

ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի նախկին և ներկայիս գործող խմբագրությունների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-59-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ հանրային աշխատանքների` որպես այլընտրանքային պատժատեսակի նշանակման կարգն ըստ էության խստացվել է, քանի որ օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվել են ազատազրկում պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելիս պարտադիր գնահատման ենթակա որոշակի հանգամանքներ, որպիսիք նախկինում բացակայում էին:

Այսպես` նախկին կարգավորումների համաձայն` օրենքով սահմանված պայմանների առկայության, այն է` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու և առավելագույնը երկու տարի ժամկետով ազատազրկման դատապարտվելու դեպքում, ուժի մեջ մտած դատավճիռն ի կատար ածելու կարգադրությունը ստանալուց հետո քսանօրյա ժամկետում` դատապարտյալի կողմից գրավոր դիմում ներկայացվելու պարագայում, ազատազրկումը փոխարինվում էր հանրային աշխատանքներով` որպես այլընտրանքային պատժատեսակ: Այլ կերպ` դատարանը նշանակված ազատազրկում պատժատեսակը փոխարինում էր հանրային աշխատանքներով, եթե դատապարտյալը պահպանել էր դիմում ներկայացնելու օրենքով սահմանված կարգն ու ժամկետները, և բացակայում էին հանրային աշխատանքների նշանակմանը խոչընդոտող` ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները. դատարանը հայեցողություն դրսևորելու հնարավորություն` պայմանավորված արարքի հանրային վտանգավորությամբ, հանցավորի անձը բնութագրող տվյալներով և այլ հանգամանքներով, չուներ:

Մինչդեռ կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատարանն ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելիս ոչ միայն պետք է ստուգի դատապարտյալի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու` օրենքով սահմանված կարգի պահպանումը, այլև պատժի նպատակների իրականացման տեսանկյունից գնահատման ենթարկի գործի այն հանգամանքները, որոնք հիմնավորում են նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու հիմնավորվածությունն ու արդարացիությունը: Այսինքն` գործող օրենսդրական կարգավորումները դատարանին տրամադրում են որոշակի հայեցողական ազատություն` օրենքով սահմանված հանգամանքների գնահատման արդյունքում (հանցագործության հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, դատապարտյալի անձը բնութագրող տվյալները, պատճառված վնասը հատուցելու մասին պահանջի բացակայությունը կամ հատուցված լինելը, ինչպես նաև այլ հանգամանքներ) ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու կամ չփոխարինելու հարցում հանգելու համապատասխան հետևության:

15. Սույն գործի փաստերի վերլուծությունից երևում է, որ դատապարտյալ Գ.Վարդանյանն իրեն մեղսագրվող արարքը կատարել է 2017 թվականի փետրվարի 13-ին(6):

____________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Առաջին ատյանի դատարանը նշանակված ազատազրկում պատժատեսակը հանրային աշխատանքներով փոխարինելու վերաբերյալ դատապարտյալի դիմումը մերժել է` նշելով, որ Գ.Վարդանյանի անձը, նրա կատարած արարքը բնութագրվում են վտանգավորության առավել բարձր աստիճանով, քանի որ հանցանքը կատարվել է անչափահասի նկատմամբ(7):

____________________

7) Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:

 

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը մերժելու հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է ճիշտ հետևության: Անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխությունները դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ կիրառելի չլինելու վերաբերյալ բողոքաբերի փաստարկին` Վերաքննիչ դատարանը գտել է, որ 2017 թվականի մարտի 1-ին ընդունված` «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-59-Ն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (ուժի մեջ է մտել 2017 թվականի ապրիլի 8-ին)` 2017 թվականի դեկտեմբերի 29-ին, դատապարտյալի նկատմամբ կայացված դատական ակտն ի կատար ածելու կարգադրությունն արդեն իսկ տրված է եղել, ուստի վերջինիս նկատմամբ կիրառելի է եղել ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3.1-րդ մասի իրավակարգավորումը: Այլ կերպ` Վերաքննիչ դատարանն իրավահարաբերության ծագման պահ է դիտարկել ոչ թե դատապարտյալի կողմից հանցանքը կատարելու, այլ նրա նկատմամբ կայացված դատական ակտն ի կատար ածելու կարգադրություն տալու պահը(8):

____________________

8) Տե՛ս սույն որոշման 8-րդ կետը:

 

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-15-րդ կետերում մեջբերված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սխալ հետևության են եկել դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու հարցը քննարկելիս վերջինիս արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, անձը բնութագրող տվյալները գնահատման ենթարկելու և դրա արդյունքում ներկայացված դիմումը մերժելու հարցում:

Այսպես` սույն որոշման 15-րդ կետում կատարված վերլուծությունից բխում է, որ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-59-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ նախատեսվել են իրավակարգավորումներ, որոնք ըստ էության խստացրել են հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման կարգը, հետևաբար այդ օրենքի տարածումը նախքան դրա ընդունվելը ծագած իրավահարաբերությունների նկատմամբ անթույլատրելի է, քանի որ խախտում է անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջը:

17. Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողությանը, որ սույն դեպքում իրավահարաբերության ծագման պահը պետք է հաշվել ոչ թե դատապարտյալի կողմից հանցանքը կատարելու օրվանից, այլ դատական ակտի կատարման կարգադրությունը տալու պահից, որի դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածում կատարված փոփոխություններն արդեն ուժի մեջ էին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն հիմնավոր չէ: Այսպես` 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-59-Ն ՀՀ օրենքի ընդունմամբ կատարված փոփոխություններն անմիջականորեն առնչվում են արարքի պատժելիության հարցերին, քանի որ դրանց արդյունքում հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման կարգն ըստ էության խստացվել է, պատիժ նշանակելիս նախատեսվել են այնպիսի կարգավորումներ, որոնք, ի տարբերություն նախկինի, անձի համար առաջացրել են վատթարացնող հետևանքներ: Հետևաբար, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածով ամրագրված` ժամանակի ընթացքում քրեական օրենքի գործողությունը սահմանող կանոնն առ այն, որ արարքի հանցավորությունը և պատժելիությունը որոշվում են հանցանքը կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով, և նկատի ունենալով, որ խնդրո առարկա փոփոխություններն ուղղակիորեն առնչվում են հանրային աշխատանքներ պատժատեսակի նշանակման կարգին, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ կիրառելի է եղել իր կողմից հանցավոր արարքը կատարելու պահին գործող` ՀՀ քրեական օրենսգրքի 54-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումը:

18. Ուստի, հիմք ընդունելով սույն որոշման 13-18-րդ կետերում կատարված վերլուծությունը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարանների կողմից դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելը մերժելն այն պատճառաբանությամբ, որ Գ.Վարդանյանի անձը և նրա կատարած արարքն օժտված են բարձր հանրային վտանգավորությամբ, հիմնավորված չէ:

19. Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, դատապարտյալ Գ.Վարդանյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին դիմումը հանցավոր արարքը կատարելուց հետո փոփոխված և պատիժ նշանակելիս վերջինիս համար վատթարացնող հետևանքներ առաջացնող քրեական օրենքի նորմերին համապատասխան քննության առնելով ու այդ օրենքին փաստացի հետադարձ ուժ տալով, թույլ են տվել ՀՀ քրեական օրենսգրքի 12-րդ, 13-րդ և 54-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում է, հետևաբար հիմք է Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նույն դատարան նոր քննության ուղարկելու համար:

(19-րդ կետը փոփ. 30.12.2019 ՍԴ/0020/01/17 որոշում)

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Գրիգոր Արկադյայի Վարդանյանի վերաբերյալ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի փետրվարի 15-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի ապրիլի 9-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ՍԴ/0020/01/17
Որոշում