Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 մարտի 2020 թվականի N 395-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման նպատակով էլեկտրոնային աճուրդի անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 882-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ գլուխը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության

2020 թվականի մարտի 26-ի

N 395-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են էլեկտրոնային աճուրդի միջոցով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Էլեկտրոնային աճուրդով պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացները կանոնակարգվում են «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող իրավական ակտերի պահանջների հիման վրա:

3. Էլեկտրոնային աճուրդի համակարգը (այսուհետ` համակարգ) իր մեջ ընդգրկում է «Ինտերնետ»-ի տիրույթում http://www.e-auctions.am դոմենի անունով կայք, էլեկտրոնային սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որոնց միջոցով էլեկտրոնային աճուրդի կազմակերպման ընթացքում ավտոմատ եղանակով ընտրվում է աճուրդի հաղթողը:

4. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա է ցանկացած պետական գույք, այդ թվում` անշարժ և շարժական, ինչպես նաև օգտագործման իրավունք (վարձակալություն)` բացառությամբ «Պետական գույքի կառավարման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված օտարման ոչ ենթական գույքի:

5. Էլեկտրոնային աճուրդով վարձակալության են տրամադրվում պետական մարմիններին ամրացված, այդ թվում` պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը, որը պետական մարմինների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների կարիքների բավարարման համար օգտագործման որոշակի ժամանակահատվածում համարվում են ազատ կամ թերի ծանրաբեռնված:

6. Էլեկտրոնային աճուրդը կազմակերպում և անցկացնում է էլեկտրոնային աճուրդի կազմակերպիչը:

7. Էլեկտրոնային աճուրդի համակարգող և կազմակերպիչ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

8. Էլեկտրոնային աճուրդի կազմակերպչի ղեկավարն իր կողմից տրված հրամանի համաձայն սահմանում է համակարգից օգտվողներին և նրանց գործառույթները:

9. Համակարգից օգտվողներն են`

1) համակարգի շահագործման և դրանից օգտվելու թույլատվություն ունեցող անձինք` ելնելով յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող գործառույթներից և պահանջվող համապատասխան մասնագիտական առկայությունից.

2) աճուրդային հանձնաժողովը, որը հսկում է էլեկտրոնային աճուրդի անցկացման ամբողջ ընթացքը և համակարգի միջոցով հաղթողին ընտրելու հիման վրա, աճուրդի կայացման օրը, որոշում է ընդունում հաղթող մասնակցի վերաբերյալ, կազմում է այդ մասին արձանագրություն և ներկայացնում աճուրդի հաղթող մասնակցի ստորագրությանը, իսկ վճարումները սահմանված կարգով ամբողջությամբ կատարելուց հետո` կազմակերպչի ղեկավարի հաստատմանը: Աճուրդային հանձնաժողովը բաղկացած է առնվազն 5 անդամից.

3) աճուրդի համակարգողը, ով իրականացնում է համակարգում մասնակիցների գրանցումն ու դրա հաստատումը, ապահովում է նաև համակարգի միջոցով, հրամանի և սույն կարգի համաձայն, մասնակիցներին տեղեկությունների տրամադրումը և ընդունումը: Աճուրդի համակարգողը չի կարող հանդիսանալ աճուրդային հանձնաժողովի անդամ:

10. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է աճուրդի կայացման օրվանից առնվազն 30 օր առաջ զանգվածային լրատվության միջոցով և կազմակերպչի էլեկտրոնային կայքում www.e-auctions.am (այսուհետ` կայք)` 3 լեզուներով (հայերեն, ռուսերեն և անգլերեն), ինչպես նաև կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում:

11. Էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի աճուրդի մասին հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի իրականացման սկիզբը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անունը (անվանումը).

3) աճուրդի կազմակերպչի գտնվելու վայրը (հասցեն), էլեկտրոնային կայքի հասցեն.

4) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

5) աճուրդի պայմանները, այդ թվում` գույքի անվանումը, գույքի նկատմամբ սահմանափակումները, եթե գույքն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը), շահագործման պատմությունը և (կամ) արտադրման տարեթիվը, լուսանկարները, (անհրաժեշտության դեպքում` տեսաձայնագրությունները), գույքի մեկնարկային գինը, գույքը վարձակալությամբ տրամադրելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև գույքի վիճակը բնութագրող այլ տեղեկություններ.

6) աճուրդին գրանցվելու և մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը.

7) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

8) էլեկտրոնային աճուրդի մասնակիցների գրանցման վերջնաժամկետը.

9) մասնակիցների կողմից գնային հայտերի ներկայացման սկիզբը` տարեթիվը, ամիսը, ամսաթիվ և ժամը.

10) էլեկտրոնային աճուրդի տևողությունը` ժամ, րոպե, որի ընթացքում որոշվում է ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը.

11) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, նվազագույն գնային հավելումի չափը, ինչպես նաև գնման գնի կամ վարձավճարի վճարման կարգը և ժամկետները.

12) էլեկտրոնային աճուրդին մասնակցության վճարի մեծությունը, վճարման կարգը և ժամկետները.

13) նախավճարի և մասնակցության վճարի փոխանցման հաշվեհամարները.

14) գույքն ուսումնասիրելու վայրը, ամսաթիվը և ժամանակը.

15) անշարժ գույքի օտարման դեպքում հողի կադաստրային արժեքը, վճարման կարգը և ժամկետները:

12. Էլեկտրոնային աճուրդով օտարման ենթակա գույքի վաճառքի, ինչպես նաև վարձակալության տրամադրվող գույքի (տարածքի) վարձավճարի մեկնարկային գինը, որից սկսվում է յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդը, սահմանվում է պետական գույքի օտարման և վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերով` հաշվի առնելով սահմանված կարգերի համաձայն տվյալ գույքի և տարածքի վարձավճարի գնահատված արժեքի մեծությունը:

13. Աճուրդն անցկացվում է լոտի մեկնարկային գնի բարձրացմամբ, առնվազն մեկնարկային գնի 5 տոկոսի չափով:

14. Համակարգում գրանցվելու և աճուրդին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին ներկայացնում է անձնագիր կամ նույնականացման քարտ, փախստական անձի դեպքում` նույնականացման քարտ կամ ճամփորդական փաստաթուղթ, իսկ օտարերկրյա քաղաքացին` անձնագիր, իրավաբանական անձի դեպքում` հիմնադիր մարմնի որոշում, հիմնադիր փաստաթղթեր, (լիազորված անձի առկայության դեպքում` նաև լիազորագիր), (բոլոր դեպքերում էլ ստորագրված, սկանավորված PDF ֆայլ), ինչպես նաև տալիս է հայտարարություն` մինչ աճուրդի սկիզբը գրանցման ներկայացված փաստաթղթերում փոփոխությունների առկայության դեպքում գրանցման համակարգ անմիջապես փոփոխությունները մուտքագրելու մասին (հայտարարություն` Ձև N 1):

15. Համակարգում գրանցումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:

16. Համակարգողը մասնակցի գրանցումից հետո ստուգում է մասնակցի կողմից գրանցման ընթացքում մուտքագրված տվյալներն ու ուղարկված ֆայլերը: Մուտքագրված տվյալներն ու ուղարկված ֆայլերը սույն կարգի 14-րդ կետի պահանջներին համապատասխանելու դեպքում համակարգողը հաստատում է տվյալ օգտվողի գրանցումը, չհամապատասխանելու դեպքում մերժում է գրանցումը` նշելով պատճառը, ինչի մասին մասնակիցն ավտոմատ ծանուցվում է էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով:

17. Աճուրդին մասնակցելու համար համակարգում գրանցված անձը յուրաքանչյուր լոտի աճուրդին մասնակցելու համար վճարում է մասնակցության վճար և լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով աճուրդի նախավճար:

18. Աճուրդի մասնակիցը նախավճարը կամ մասնակցության վճարն իրականացնում է առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով:

19. Մինչև յուրաքանչյուր աճուրդի ավարտն աճուրդի մասնակիցների անհատական տվյալների վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ:

20. Յուրաքանչյուր լոտի էլեկտրոնային աճուրդն սկսվում է հրապարակային ծանուցման հրավերով սահմանված ժամին: Ընդ որում, մեկից ավելի լոտի աճուրդի կազմակերպման դեպքում հաջորդ լոտի աճուրդն սկսվում է նախորդ լոտի աճուրդն ավարտելուց հետո:

21. Էլեկտրոնային աճուրդի սկիզբ չի կարող սահմանվել ժամը 15:00-ից հետո և ոչ աշխատանքային օրերին: Եթե էլեկտրոնային աճուրդն սկսելու օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա էլեկտրոնային աճուրդը վերահայտարարված է համարվում տվյալ ոչ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա նույն ժամին:

22. Աճուրդի ընդհանուր տևողությունը սահմանվում է 3 րոպե, եթե աճուրդի ընդհանուր տևողության ընթացքում նոր քայլ չի կատարվում: Աճուրդի ընթացքում յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ներկայացնելու նոր գնային առաջարկ, որը պետք է գերազանցի մասնակիցների կատարած նախորդ գնային առաջարկը` առնվազն նվազագույն հավելման չափով: Եթե աճուրդի (ընդհանուր տևողության) ընթացքում որևէ քայլ կատարելու պահից հաշված մինչև 3 րոպեն լրանալը չի կատարվում նոր քայլ, ապա աճուրդը համարվում է ամփոփված, և վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցն ավտոմատ կարգով համակարգի միջոցով ընտրվում է հաղթող:

23. Աճուրդի համակարգողն աճուրդային հանձնաժողովի կողմից հաղթող մասնակցի մասին որոշում կայացնելուց հետո աճուրդի արդյունքների մասին արձանագրությունն աճուրդի կայացման օրը համակարգի միջոցով ուղարկում է հաղթող մասնակցին, այն ստորագրելու և վաճառքի դեպքում` գնման գնի վճարման, իսկ վարձակալության տրամադրման դեպքում` վարձավճարի վճարման մասին համաձայնություն ստանալու համար:

24. Աճուրդի հաղթող մասնակիցը գնման գնի կամ վարձավճարի վճարման պարտավորությունը սահմանված ժամկետում կատարելու մասին համաձայնությունը և ստորագրված աճուրդային արձանագրությունը, աճուրդի կայացման օրը մինչև աշխատանքային օրվա ավարտը, համակարգի միջոցով կամ առձեռն փոխանցում է կազմակերպչին:

25. Աճուրդի կազմակերպիչը սույն կարգի 24-րդ կետով սահմանված տեղեկատվությունը, ինչպես նաև սահմանված ժամկետում գնման գնի կամ վարձավճարի վճարման մասին հավաստումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում հաղթող մասնակցին համակարգի միջոցով տրամադրում է ընդունման-հանձնման ակտը: Ընդ որում, անշարժ գույքի օտարման դեպքում` նաև առքուվաճառքի պայմանագիրն ստորագրելու մասին առաջարկ, որտեղ նշվում է մնացած վճարումները և որոշակի պարտադիր գործողություններ կատարելու պահանջը, իսկ վարձակալության տրամադրման դեպքում` վարձակալության պայմանագիր ստորագրելու առաջարկ:

26. Օտարման ենթակա գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով գրավոր առաջարկն ստանալուց հետո`

1) շարժական գույքի դեպքում` 5 աշխատանքային օրվա ընթացքում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ գույքի գտնվելու վայր, հանձնման-ընդունման ակտն ստորագրելու և այն ընդունելու, սահմանված իրավունքի գրանցման դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում գրանցումը պարտադիր կատարելու պայմանով (գրավոր առաջարկ` Ձև N 2).

2) անշարժ գույքի դեպքում` մեկամսյա ժամկետում առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո պարտավոր է ներկայանալ կոմիտե առքուվաճառքի պայմանագիրը և հանձնման-ընդունման ակտն ստորագրելու, սահմանված կարգի համաձայն կատարել սեփականության իրավունքի գրանցում (գրավոր առաջարկ` Ձև N 2.1):

27. Վարձակալության տրամադրվող գույքի աճուրդի հաղթող մասնակիցը համակարգի միջոցով առաջարկն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում պետական մարմիններին ամրացված և պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված անշարժ գույքի մեկ տարվանից ավելի ժամկետի դեպքում պարտավոր է ներկայանալ կոմիտե, իսկ պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում` տվյալ կազմակերպություն վարձակալական պայմանագիր կնքելու և պայմանագրից բխող հետագա գործընթացն իրականացնելու համար (գրավոր առաջարկ` Ձև N 2.2):

28. Աճուրդի հաղթող մասնակիցը սույն կարգի 24-րդ կետով առաջարկվող վճարումները կարող է իրականացնել առցանց բանկային հաշվեհամարով կամ բանկի մասնաճյուղ այցելելով և փոխանցում կատարելով:

29. Աճուրդի կազմակերպիչը պարտավոր է տրանսպորտային միջոցների վաճառքի դեպքում սահմանված կարգով հանձնման-ընդունման ակտով տրանսպորտային միջոցը հաղթող մասնակցին հանձնելու հաջորդող աշխատանքային օրը գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան ծառայությանը:

30. Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած մասնակցի նախավճարը վերադարձվում է անկանխիկ եղանակով բանկային փոխանցման միջոցով կամ առցանց դիմում ներկայացնելու դեպքում` 3 աշխատանքային օրվա ընթացքում` կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից:

31. Էլեկտրոնային աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդին գրանցվել և չի մասնակցել ոչ մի գնորդ կամ վարձակալ.

2) աճուրդում հաղթած մասնակիցը չի ստորագրել աճուրդային արդյունքների մասին արձանագրությունը:

32. Սույն կարգի պահանջների խախտմամբ կազմակերպված և անցկացված էլեկտրոնային աճուրդը դատական կարգով կարող է ճանաչվել անվավեր:

33. Սույն կարգի 31-րդ կետում նշված դեպքերում աճուրդի նախավճարի գումարը վերադարձվում է եռօրյա ժամկետում:

34. Եթե աճուրդում հաղթած մասնակիցն ստորագրել է աճուրդային արդյունքների մասին արձանագրությունը, սակայն օտարման դեպքում չի վճարել գնման գինը, վարձակալության դեպքում` սահմանված ժամկետներում հետագա վճարումները, ապա աճուրդի նախավճարը չի վերադարձվում և այն ենթակա է փոխանցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

35. Էլեկտրոնային աճուրդը չկայացած հայտարարվելու դեպքում աճուրդի կազմակերպչի կողմից էլեկտրոնային աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը կազմվելուց հետո դրա մասին տեղեկատվությունը տեղադրվում է կազմակերպչի էլեկտրոնային կայքում:

36. Համակարգի տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքում աճուրդների անցկացումը կարող է կասեցվել մինչև տեխնիկական անսարքությունների վերացումը, որոնց մասին աճուրդի կազմակերպիչը տեղեկացնում է տվյալ լոտի աճուրդի մասնակիցներին` էլեկտրոնային փոստի կամ հեռախոսային հաղորդագրության միջոցով: Յուրաքանչյուր տեխնիկական անսարքության դեպքում կազմվում է տեղեկանք անսարքության պատճառների մասին և այն տեղադրվում է էլեկտրոնային մատյանում: Տեղեկանքին կից ներկայացվում է համակարգն սպասարկող անձի եզրակացությունը:

37. Տեխնիկական անսարքությունները վերացնելուց հետո աճուրդը շարունակվում է նույն պայմաններով:

38. Աճուրդի մասնակիցների համակարգում տեխնիկական անսարքության (ձախողման) դեպքերի համար կազմակերպիչը պատասխանատվություն չի կրում:

39. Աճուրդի համակարգողն աճուրդի անցկացման ընթացակարգը, համակարգի տեխնիկական անսարքության դեպքում` դրա մասին տեղեկանքը, աճուրդով վաճառքի կամ վարձակալության տրամադրման ենթակա լոտերի գնահատման հաշվետվությունները և աճուրդի արդյունքների մասին տեղեկատվությունը ներառում է էլեկտրոնային մատյանում:

40. Էլեկտրոնային աճուրդն անվավեր ճանաչվելու դեպքում սահմանված կարգով կազմակերպվում է նոր էլեկտրոնային աճուրդ:

41. Էլեկտրոնային աճուրդը չկայանալու դեպքում կազմակերպիչն օտարման կամ վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով սահմանված նախորդ աճուրդի մեկնարկային գնի նվազման չափով և ժամկետներում կազմակերպում է նոր աճուրդ:

42. Եթե լոտի (լոտերի) աճուրդը համարվում է չկայացած հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում լոտի (լոտերի) վաճառելու նպատակով հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով, առանց մեկնարկային գնի նվազման:

 

Ձև N 1

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայտարարություն տվողի _______________________________________________

(անունը, ազգանունը, հասցեն, անձնական տվյալները)

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

Պարտավոր եմ համակարգում գրանցվելուց հետո, մինչև աճուրդին մասնակցելը, գրանցման ներկայացված փաստաթղթերում փոփոխություններ կատարվելու դեպքում փաստաթղթերում տեղ գտած փոփոխություններն անմիջապես անցկացնել գրանցման համակարգ:

 

Ձև N 2

 

______________________________________________________________

(աճուրդում հաղթող մասնակցի քաղաքացու դեպքում` անձնագիրը կամ

նույնականացման քարտի տվյալները, փախստական անձի դեպքում`

նույնականացման քարտը կամ ճամփորդական փաստաթուղթը, իրավաբանական

անձի դեպքում` հիմնադիր փաստաթղթեր)

 

______________________________________________________________

                   (աճուրդում հաղթող մասնակցի հասցեն)

 

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿ

 

Հիմք ընդունելով 20__ թ.-ի _________________________-ին էլեկտրոնային

(ամիսը, օրը, ժամը) աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը _____________________________

(շարժական գույքի անվանումը)

 

գույքը ____________________ դրամ գումարով առաջարկվում է Ձեզ:

(թվերով և բառերով)

 

Դուք պարտավոր եք 5 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո ներկայանալ գույքի գտնվելու վայր, հանձնման-ընդունման ակտն ստորագրել և այն ընդունել, սահմանված իրավունքի պետական գրանցման դեպքում` 10 աշխատանքային օրվա ընթացքում իրականացնել իրավունքի պետական գրանցումը:

Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

 

____________________

                                                     (ստորագրությունը)

 

Ձև N 2.1

 

_____________________________________________________________________

(աճուրդում հաղթող մասնակցի քաղաքացու դեպքում` անձնագիրը կամ

նույնականացման քարտի տվյալները, փախստական անձի դեպքում`

նույնականացման քարտը կամ ճամփորդական փաստաթուղթը, իրավաբանական

անձի դեպքում` հիմնադիր փաստաթղթեր)

 

_____________________________________________________________________

                   (աճուրդում հաղթող մասնակցի հասցեն)

 

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿ

 

Հիմք ընդունելով 20__թ.-ի _______________________-ին էլեկտրոնային

(ամիսը, օրը, ժամը)

 

աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը __________________________

(անշարժ գույքի անվանումը)

 

գույքը _______________________ դրամ գումարով առաջարկվում է Ձեզ:

(թվերով և բառերով)

 

Դուք պարտավոր եք եռամսյա ժամկետում գրավոր առաջարկում նշված վճարումները կատարելուց հետո ներկայանալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե առուվաճառքի պայմանագիրն ստորագրելու և սահմանված կարգի համաձայն սեփականության իրավունքը գրանցելու նպատակով: Նշված ժամկետում չներկայանալու, ինչպես նաև սահմանված ժամկետում գումարը չվճարելու դեպքում Դուք կզրկվեք գույքը գնելու իրավունքից:

 

____________________

                                                     (ստորագրությունը)

 

Ձև N 2.2

 

_____________________________________________________________________

(աճուրդում հաղթող մասնակցի քաղաքացու դեպքում` անձնագիրը կամ

նույնականացման քարտի տվյալները, փախստական անձի դեպքում`

նույնականացման քարտը կամ ճամփորդական փաստաթուղթը, իրավաբանական

անձի դեպքում` հիմնադիր փաստաթղթեր)

 

_____________________________________________________________________

                   (աճուրդում հաղթող մասնակցի հասցեն)

 

ԳՐԱՎՈՐ ԱՌԱՋԱՐԿ

 

Հիմք ընդունելով 20__թ.-ի __________________________-ին էլեկտրոնային

(ամիսը, օրը, ժամը)

 

աճուրդային հանձնաժողովի արձանագրությունը ________________________________

(գույքի անվանումը, գտնվելու

վայրը, մակերեսը (քառ. մ)

 

գույքը _____________________ դրամ վարձավճարով առաջարկվում է Ձեզ:

(թվերով և բառերով)

 

Դուք պարտավոր եք գրավոր առաջարկն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայանալ Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման կոմիտե (պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված անշարժ գույքը մինչև մեկ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում` տվյալ կազմակերպություն) վարձակալական պայմանագիր կնքելու և պայմանագրից բխող հետագա գործընթացն իրականացնելու համար:

 

____________________

                                                     (ստորագրությունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.03.2020
N 395-Ն
Որոշում