Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒ ...

 

 

040.0344.230600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«23» հունիսի 2000 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2000 թվականի N 344

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի կանոնադրությունը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկն ստեղծել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերի և աշխատողների թվի սահմաններում:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության համար նախատեսված ծախսերում համապատասխան վերաբաշխում կատարելու վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 23-ի N 344 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության

նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման

ծառայություն» պետական հիմնարկի

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության (այսուհետև` նախարարություն) «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկը (այսուհետև` ծառայություն) իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է: Ծառայությունն ստեղծվել է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

2. Ծառայությունն իր գործունեության ընթացքում ղեկավարում է «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Ծառայությունն անմիջականորեն ենթարկվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին (այսուհետև` նախարար):

4. Նախարարության և ծառայության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

5. Ծառայության գույքը սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանի Հանրապետությանը և գտնվում նախարարության հաշվեկշռում:

6. Ծառայության անվանումն է`

հայերեն լրիվ` «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկ,

հայերեն կրճատ` «ԼՀԾ» պետական հիմնարկ,

ռուսերեն լրիվ` Գոսուդարստվեննոյե ուչրեժդենիե «Սլուժբա լիցենզիրովանիյա և ակկրեդիտացիի», ռուսերեն կրճատ` Գոսուդարստվեննոյե ուչրեժդենիե «ՍԼԱ»,

անգլերեն լրիվ` «State Institution Licensing and Accreditation

Service»,

անգլերեն կրճատ` State Institution «LAS»:

7. «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» պետական հիմնարկի հասցեն է` Երևան, Տիգրան Մեծի 67:

 

II. Ծառայության գործունեության նպատակը,

հիմնական խնդիրներն ու գործառույթները

 

8. Ծառայության գործունեության հիմնական նպատակը կրթական գործունեության լիցենզավորման, ուսումնական հաստատություններում ուսուցման որակի պետական վերահսկողության և դրանց հավատարմագրման համար եզրակացություն տալն է:

9. Ծառայության հիմնական խնդիրներն են`

ա) ոչ պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության լիցենզավորման մասին, փորձաքննության արդյունքի հիման վրա, նախարարին եզրակացություն ներկայացնելը.

բ) պետական և ոչ պետական միջին մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման մասին, փորձաքննության արդյունքի հիման վրա, նախարարին եզրակացություն ներկայացնելը.

գ) ուսումնական հաստատությունների կողմից լիցենզավորման պայմանները, ուսուցման որակը կամ պետական կրթական չափորոշիչների պահանջները չապահովելու մասին, պարբերական ատեստավորումների արդյունքների հիման վրա, նախարարին եզրակացություն ներկայացնելը:

10. Իր հիմնական խնդիրներն իրականացնելու համար ծառայությունը սահմանված կարգով`

ա) իրականացնում է իրավաբանական անձի ներկայացրած փաստաթղթերում առկա տվյալների լիցենզավորման պայմաններին համապատասխանության փորձաքննություն.

բ) եզրակացություն է ներկայացնում նախարարին կրթական գործունեության լիցենզիա տալու մասին.

գ) կազմակերպում է ուսումնական հաստատություններում ուսուցման որակի փորձաքննություն (թեստավորում, ստուգողական աշխատանքներ, դասալսումներ և այլն).

դ) փորձաքննության արդյունքների հիման վրա եզրակացություն է ներկայացնում նախարարին ուսումնական հաստատությանը պետական հավատարմագիր տալու մասին.

ե) ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ ատեստավորում է հավատարմագրված ուսումնական հաստատությունը.

զ) եզրակացություն է ներկայացնում նախարարին լիցենզիան կամ հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին.

է) մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակում է տեղեկություններ լիցենզիա կամ պետական հավատարմագիր տալու և լիցենզիան կամ պետական հավատարմագիրն ուժը կորցրած ճանաչելու մասին:

 

III. Ծառայության իրավասությունը

 

11. Ծառայության իրավունակությունը ծագում է նրա կանոնադրության հաստատման պահից:

12. Ծառայության իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

13. Ծառայությունը, սույն կանոնադրության նպատակներին համապատասխան, նախարարության անունից կարող է ունենալ քաղաքացիական իրավունքներ և այդ գործունեության հետ կապված քաղաքացիական պարտականություններ:

Ծառայությունն իր քաղաքացիական իրավունքները, ներառյալ դրա պաշտպանության իրավունքը, իրականացնում է նախարարության հայեցողությամբ` նրա անունից:

14. Ծառայությունն ունի անվանում, նախարարության անունից իրեն ամրագրված գույք, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմ, բանկերում գանձապետական հաշիվներ` Հայաստանի Հանրապետության արժույթով և արտարժույթով:

15. Ծառայությունն իր կանոնադրությամբ նախատեսված խնդիրների իրականացման համար նախարարության անունից, օրենքի սահմաններում, իրավունք ունի`

ա) ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, պարտականություններ.

բ) դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր:

16. Ծառայության պարտավորությունների համար, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվություն է կրում նախարարությունը:

17. Ծառայությունը պարտավոր է`

ա) օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել հաշվետվություններ.

բ) ապահովել կազմակերպության փաստաթղթերի (կազմակերպության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հաստատող փաստաթղթեր, կազմակերպության ներքին փաստաթղթեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. Ծառայության կառավարումը

 

18. Ծառայության կառույց որոշելը և աշխատանքային վարձատրության ֆոնդը սահմանելը նախարարության բացառիկ իրավասությունն է:

19. Ծառայության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

20. Ծառայության բարձրագույն ղեկավար պաշտոնատար անձը ծառայության պետն է, որին աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` նախարարի ներկայացմամբ:

21. Ծառայության պետը գործում է սույն կանոնադրության համաձայն:

22. Ծառայության պետը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, տալիս ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

բ) մրցութային կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ծառայության աշխատողներին (բացառությամբ սպասարկող աշխատակազմի).

գ) կազմում և հաստատման է ներկայացնում ծառայության աշխատանքային պլաններն ու ժամանակացույցը.

դ) պատասխանատու է ծառայության աշխատանքի կազմակերպման համար.

ե) մասնագետների միջև կատարում է աշխատանքի բաժանում.

զ) տնօրինում է ծառայությանը հանձնված գույքը (այդ թվում` ֆինանսական միջոցները), գործարքներ կնքում ծառայության անունից.

է) տալիս է լիազորագրեր.

ը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

թ) բանկերում բացում է ծառայության գանձապետական հաշվարկային (այդ թվում` տարադրամային) և այլ հաշիվներ.

ժ) կատարում է տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

ժա) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

ժբ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և նախարարի հանձնարարականներով նախատեսված այլ լիազորություններ:

23. Ծառայության պետը, ի պաշտոնե, նախարարության կոլեգիայի անդամ է:

24. Ծառայության պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետի պարտականությունները կատարում է տեղակալներից մեկը:

 

V. Ծառայության միջոցները

 

25. Ծառայությունը նախարարությունից առանձնացված գույք չունի:

26. Ծառայության գույքային իրավունքների օբյեկտներն են`

ա) գույքը` ներառյալ դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները.

բ) աշխատանքները և ծառայությունները.

գ) տեղեկատվությունը.

դ) ոչ նյութական բարիքները:

27. Ծառայության տնօրինմանը կարող է պատկանել ցանկացած գույք` բացառությամբ գույքի առանձին տեսակների, որոնք օրենքին համապատասխան չեն կարող պատկանել պետական հիմնարկին: Ծառայության տնօրինմանը պատկանող գույքի թիվն ու արժեքը չի սահմանափակվում` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

28. Ծառայության գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

 

VI. Ծառայության գործունեության դադարումը

 

29. Ծառայության գործունեությունը կարող է դադարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.06.2000
N 344
Որոշում