Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԴ/0559/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0559/01/18

Նախագահող դատավոր` Մ. Պետրոսյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ' դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշման դեմ Սարգիս Գառնիկի Գյուլումյանի պաշտպան Հ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2018 թվականի ապրիլի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի և 244-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է թիվ 60109918 քրեական գործը:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի ապրիլի 27-ի որոշմամբ Ս.Գյուլումյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի ապրիլի 28-ի որոշմամբ Ս.Գյուլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որը նույն դատարանի` 2018 թվականի հունիսի 20-ի որոշմամբ երկարացվել է:

Նախաքննության մարմնի` 2018 թվականի հունիսի 26-ի որոշմամբ Ս.Գյուլումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով:

2018 թվականի հուլիսի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):

2. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ին որոշմամբ քրեական գործը նշանակվել է դատական քննության: Միաժամանակ որոշվել է Ս.Գյուլումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնել անփոփոխ, իսկ Ս.Գյուլումյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերացնելու կամ վերջինիս նկատմամբ անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու կամ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու մասին Ս.Գյուլումյանի պաշտպանի միջնորդությունը մերժել:

3. Ս.Գյուլումյանի պաշտպան Հ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ թողել է առանց քննության:

4. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել Ս.Գյուլումյանի պաշտպան Հ.Գրիգորյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 21-ի որոշմամբ պաշտպան Հ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Վերաքննիչ դատարանը բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին, (...):

(...) Վերաքննիչ դատարանը` նկատի ունենալով, որ մեղադրյալ Ս.Գյուլումյանի պաշտպան Հ.Գրիգորյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի քրեական գործը դատական քննություն նշանակելու մասին որոշմամբ` մեղադրյալ Ս.Գյուլումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու և պաշտպանի միջնորդությունը` կալանավորումը վերացնելու, անազատության մեջ պահելու հետ չկապված այլ խափանման միջոցով փոխելու, կալանավորումը գրավով փոխարինելու մասին մերժելու վերաբերյալ որոշումը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից այն ըստ էության քննության առնվել չի կարող»(1):

____________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1, թերթեր 46-47:

 

6. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով Ս.Գյուլումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և 244-րդ հոդվածով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 4 (չորս) տարի ժամկետով` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելով` 3 (երեք) տարի ժամկետով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 1-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կիրառմամբ Ս.Գյուլումյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց: Ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը և այն թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը(2):

____________________

2) Տե՛ս www.datalex.am, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 4-ի թիվ ԵԴ/0559/01/18 դատավճիռը:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն անհիմն է և անօրինական:

Ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 13-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթների խախտումներ: Հետևաբար ըստ բողոքի հեղինակի` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

8. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել և փոփոխել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը և բավարարել ներկայացրած միջնորդությունը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Ս.Գյուլումյանի պաշտպանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

10. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (...): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»(3):

____________________

3) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

 

11. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև` կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով(4):

____________________

4) Տե՛ս Գարիկ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Հ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի` քրեական գործը դատական քննության նշանակելու մասին որոշմամբ` մեղադրյալ Ս.Գյուլումյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, որը նախատեսված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով(5):

____________________

5) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Ս.Գյուլումյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք են ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Սակայն հաշվի առնելով, որ Ս.Գյուլումյանն Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 4-ի դատավճռով դատապարտվել է և ազատվել ազատազրկման ձևով նշանակված պատիժը կրելուց(6), ուստի բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ եղել է ժամանակավոր, կորցրել է իր իրավական նշանակությունը և դադարել իրավաբանորեն գոյություն ունենալուց: Հետևաբար Ս.Գյուլումյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը պետք է բավարարել մասնակիորեն, ճանաչել Ս.Գյուլումյանի իրավունքի խախտման փաստը և ստորադաս դատարանի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

________________________

6) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն:

2. Ճանաչել Սարգիս Գառնիկի Գյուլումյանի իրավունքի խախտման փաստը:

3. Սարգիս Գառնիկի Գյուլումյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 10-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ԵԴ/0559/01/18
Որոշում