Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 37...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 376.1-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    Հայաստանի Հանրապետության               ԵԴ/0606/01/18

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԴ/0606/01/18

Նախագահող դատավոր` Կ. Մարդանյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

 

                   նախագահությամբ`            Լ. Թադևոսյանի

                   մասնակցությամբ` դատավորներ Հ. Ասատրյանի

                                              Ս. Ավետիսյանի

                                              Ե. Դանիելյանի

                                              Ա. Պողոսյանի

                                              Ս. Օհանյանի

 

                   քարտուղարությամբ`          Մ. Ավագյանի

                   մասնակցությամբ`

                   պաշտպան                    Լ. Ասլանյանի

 

2019 թվականի ապրիլի 11-ին ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշման դեմ ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ թիվ ԵԴ/0606/01/18 քրեական գործը` ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (երկու դրվագ) և 112-րդ հոդվածի 1-ին մասով միացվել է թիվ ԵԴ/0367/01/18 քրեական գործին` ըստ մեղադրանքի Վաչագան Ավդալյանի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասով և 137-րդ հոդվածի 1-ին մասով, և նշանակվել դատական քննության: Նույն որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ մինչդատական վարույթի ընթացքում ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու, փոփոխելու կամ անփոփոխ թողնելու հարցը քննարկելու համար նշանակվել է դատական նիստ` 2018 թվականի սեպտեմբերի 4-ին:

2. 2018 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստի ընթացքում պաշտպան Լ.Ասլանյանը միջնորդել է վերացնել իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին, կամ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց` գրավի կիրառումը ճանաչել թույլատրելի` սահմանելով գրավի ողջամիտ չափ:

3. Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 4-ի որոշմամբ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` կալանավորումը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի միջնորդությունը` որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, մերժվել:

4. Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշմամբ բողոքը թողել է առանց քննության:

5. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանը: Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունվարի 16-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

6. Վերաքննիչ դատարանը, բողոքն առանց քննության թողնելու մասին որոշմամբ վկայակոչելով Ա.Ղավալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշումը, արձանագրել է. «(...) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածի 4-րդ մասի տառացի մեկնաբանման արդյունքում ստացվում է, որ դատական կարգով բողոքարկման ենթակա են միայն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու մասին որոշումները: Քրեադատավարական օրենքը որևէ նշում չի պարունակում որպես խափանման միջոց ընտրված կալանքն անփոփոխ թողնելու մասին որոշման` վերաքննության կարգով բողոքարկման հնարավորության մասին (...):

(...) Սույն գործի նյութերից երևում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի` դատաքննության ընթացքում կայացված` ամբաստանյալ Վաչագան Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում:

(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը պետք է թողնել առանց քննության` նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերաքննիչ բողոք է բերվել այնպիսի դատական ակտի դեմ, որը ենթակա չէ վերաքննիչ բողոքարկման (...)»(1):

______________________

1) Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 57-58:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ և սխալ է պատճառաբանված:

7.1 Մասնավորապես, բողոքաբերի պնդմամբ` սույն գործով Վերաքննիչ դատարանը խախտել է Վ.Ավդալյանի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ և 6-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքները, ՀՀ Սահմանադրության և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք դրույթները: Բողոքաբերը, վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներ, նշել է, որ ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի իրեն ազատությունից զրկելու որոշումը բողոքարկելու իրավունք, մինչդեռ, Վերաքննիչ դատարանը ներկայացված վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության: Նման պայմաններում բողոքաբերը հանգել է հետևության, որ առկա է Վ.Ավդալյանի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

8. Վերոշարադրյալի հիման վրա` բողոքի հեղինակը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` վերացնելով Վ.Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը` նրան ազատելով արգելանքից:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

10. ՀՀ սահմանադրական դատարանը, 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշմամբ անդրադառնալով գործը դատական քննության նախապատրաստելու փուլում դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ չընտրելու և կալանքը որպես խափանման միջոց ընտրված լինելու դեպքում դրա հիմնավոր լինելու կամ չլինելու հարցի քննության արդյունքում կայացված որոշման բողոքարկման հնարավորությանը, արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(...) Գործը դատական քննության նախապատրաստելու փուլում վիճարկվող իրավակարգավորման ուժով մեղադրյալի նկատմամբ անձնական ազատության իրավունքի սահմանափակում նախատեսող խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունվում է որոշում (Օրենսգրքի 293-րդ հոդվածի 2-րդ մաս), որն, ի թիվս այլնի, Օրենսգրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի 20-րդ կետի, ինչպես նաև Օրենսգրքի 73-րդ հոդվածի 15-րդ կետի ուժով կարող է բողոքարկվել մեղադրյալի, նրա պաշտպանի կողմից (...): Ուստիև, Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող իրավակարգավորումը խնդրահարույց չէ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում այն առումով, որ Օրենսգրքում, մասնավորապես, առկա են կալանքի` որպես խափանման միջոցի վերաբերյալ հարցի քննության արդյունքում ընդունված որոշման դատական բողոքարկման (ստուգման) օրենսդրական երաշխիքներ (...)»(2):

______________________

2) Տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2018 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1421 որոշման 4.2-րդ կետը:

 

11. ՀՀ սահմանադրական դատարանի` նախորդ կետում մեջբերված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը վերանայելով Անուշ Ղավալյանի գործով արտահայտած իրավական դիրքորոշումները(3)` Գարիկ Սարգսյանի գործով փաստել է, որ գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու (այդ թվում նաև` կալանավորումը վերացնելու կամ այլ խափանման միջոցով փոխարինելու միջնորդությունը մերժելու) մասին որոշումը ենթակա է բողոքարկման վերաքննության կարգով(4):

______________________

3) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Անուշ Ղավալյանի գործով 2008 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ԵՔՐԴ/0299/01/08 որոշման 21-րդ կետը:

4) Տե՛ս Վճռաբեկ դատարանի` Գարիկ Սարգսյանի գործով 2018 թվականի հուլիսի 20-ի թիվ ԵԿԴ/0294/01/17 որոշման 14-րդ կետը:

 

12. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը թողել է առանց քննության այն պատճառաբանությամբ, որ պաշտպանի կողմից վերաքննության կարգով բողոքարկվել է Առաջին ատյանի դատարանի` գործը դատական քննության նախապատրաստելու փուլում կայացված ամբաստանյալ Վ.Ավդալյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը, որն ընդգրկված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376.1-րդ հոդվածով նախատեսված Վերաքննիչ դատարան բողոքարկման ենթակա ակտերի շարքում(5):

______________________

____________________

5) Տե՛ս սույն որոշման 6-րդ կետը:

 

13. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 10-11-րդ կետերում վկայակոչված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից Վ.Ավդալյանի պաշտպանի ներկայացրած վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելը` Առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա չլինելու պատճառաբանությամբ այն դեպքում, երբ բողոքարկվել է գործը դատական քննության նախապատրաստելու փուլում մեղադրյալի նկատմամբ կալանավորումն անփոփոխ թողնելու մասին որոշումը:

14. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտ կայացնելիս թույլ է տվել քրեադատավարական օրենքի պահանջի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկել համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը պետք է ըստ էության քննության առնի Վ.Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ամբաստանյալ Վաչագան Աշոտի Ավդալյանի պաշտպան Լ.Ասլանյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 24-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Լ. Թադևոսյան

Դատավորներ` Հ. Ասատրյան

Ս. Ավետիսյան

Ե. Դանիելյան

Ա. Պողոսյան

Ս. Օհանյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.04.2019
N ԵԴ/0606/01/18
Որոշում