Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-6-Ո-Կ-2

2020թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Նախագահությամբ

Բարձրագույն դատական խորհրդի

                   նախագահ`                     Ռ. Վարդազարյանի,

                   մասնակցությամբ անդամներ`     Գ. Բեքմեզյանի,

                                                Հ. Հովհաննիսյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

                                                Վ. Քոչարյանի,

 

                   Արդարադատության նախարար`     Ռ. Բադասյանի,

 

Արդարադատության նախարարի

                   ներկայացուցիչ`               Դ. Գասպարյանի,

 

Երևան քաղաքի առաջին

ատյանի ընդհանուր

իրավասության դատարանի

                   դատավոր`                     Վ. Գրիգորյանի,

 

                   քարտուղարությամբ`            Մ. Թելոյանի,

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Լևոնի Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի փետրվարի 19-ի թիվ N 19-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

i

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` զանգվածային լրատվության միջոցի կողմից 12.12.2019 թ-ին արված` «Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել» վերնագրով հրապարակումը` /https://armtimes.com/hy/article/176045/:

Ուսումնասիրելով վերոնշյալ հրապարակումը` Արդարադատության նախարարը 10.01.2020թ. թիվ 4-Ա որոշմամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Վարդան Գրիգորյանի (այսուհետ` Դատավոր) նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 19.02.2020թ. թիվ N 19-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Դիմողը նշում է, որ ՀՀ Սահմանադրության 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: (...): Դիմողը վկայակոչում է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 144-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև ընդգծում, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված:

i

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:

i

Դիմողն իր դիրքորոշումը հիմնավորելու համար նաև վկայակոչում է Վճռաբեկ դատարանի 12.04.2017թ. թիվ ԵԿԴ/0104/11/16 և թիվ ԱՐԴ1/0005/11/16 դատական գործերով ընդունված որոշումները: Դիմողը նշել է, որ սույն գործի փաստերի համաձայն` Դատարանը 29.07.2019թ. և 22.08.2019թ. որոշումներով այլ տեղանք մեկնելու թույլտվության վերաբերյալ միջնորդությունները բավարարել է` գալով այն հետևության, որ ամբաստանյալի` Հայաստանի Հանրապետությունից բացակայելը կապված է նրա մոտ առկա հիվանդությունների շուրջ հետազոտություններ անցնելու, հնարավորության դեպքում` նաև բուժում ստանալու հետ: Դատարանը կրում է պարտականություն պատճառաբանելու, թե ինչ փաստական տվյալների գնահատման արդյունքում է ձևավորվել իր եզրահանգումն առ այն, որ այլ երկիր մեկնելը պայմանավորված է ամբաստանյալի` տվյալ երկրում բժշկական օգնություն ստանալու հանգամանքով:

Դիմողը նշում է, որ Դատարանի 29.07.2019թ. և 22.08.2019թ. որոշումների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Դատարանի վերոնշյալ հետևությունը զուրկ է փաստական հիմքերից: Մասնավորապես դատական գործի նյութերում բացակայում է այլ երկրում բժշկական օգնություն ստանալու նպատակի իրական լինելը հիմնավորող որևէ ապացույց, մինչդեռ տվյալ հանգամանքն է նշված դեպքում հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու արգելքը որոշակի ժամկետով վերացնելու թույլտվություն տալու միակ հիմքը: Դատական նիստերի արձանագրությունների ուսումնասիրությունը ակնհայտ է դարձնում, որ միջնորդության քննարկման շրջանակներում դատարանի կողմից չի ձեռնարկվել որևէ միջոց պարզելու համար իրականացվելիք հետազոտության բնույթը, ՀՀ տարածքում այդ բժշկական հետազոտությունն անցնելու իրական հնարավորության առկայությունը կամ բացակայությունը, ինչն ամբաստանյալի` ՀՀ տարածքից բացակայելու օբյեկտիվ պատճառների առկայության վերաբերյալ հիմնավոր եզրահանգումներ կատարելու հնարավորություն պետք է ապահովեր: Ավելին` Դատարանի հետևությունը կառուցված է լոկ ամբաստանյալի մոտ որոշակի հիվանդությունների ախտորոշումների առկայության փաստի վրա, որը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով զուրկ է համոզիչ և որոշակի լինելուց: Դատական ակտերում ընդամենը մասնագիտական տերմիններով արտահայտված ինչ-ինչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ փաստի մատնանշումը, գործում այլ փաստական տվյալների բացակայության պայմաններում, որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալի` այլ երկրում բժշկական օգնություն ստանալու իրավունքն իրացնելու նպատակը հաստատելու, այլ երկրում հետազոտություններ անցնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, այլ ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Դատարանի` այլ երկրում բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ հետևությունը կառուցված է ենթադրությունների և կանխատեսումների վրա:

i

Դիմողը նաև գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կոպիտ խախտումներ, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի խախտումներ:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը չի ներկայացրել ոչ գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին, ոչ էլ գրավոր պատասխան Բարձրագույն դատական խորհրդին:

Տվյալ գործով Բարձրագույն դատական խորհրդի կողմից հրավիրված նիստի ժամանակ Դատավորի կողմից ներկայացված փաստարկները հանգում են հետևյալին.

Դատավորը նշել է, որ այն դեպքում, երբ անձի նկատմամբ կիրառվում է խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին, ապա վերջինս չի կարող մեկնել այլ վայր առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության: Դատավորը հավելել է, որ օրենքը չի սահմանում որևէ չափորոշիչ այդ թույլտվության տրամադրման վերաբերյալ. այստեղ նախատեսված է դատավորի հայեցողությունը:

Դատական ակտի պատճառաբանվածության վերաբերյալ Դատավորը նշել է, որ իր կարծիքով իր կողմից կայացված դատական ակտն ունի պատճառաբանական մաս, միգուցե որևէ մեկի համար այն կարող է լինել համոզիչ, մեկ այլ անձի համար` ոչ, այնուամենայնիվ պատճառաբանական մաս առկա է:

Դատավորը հայտնել է, որ ինքը չի ունեցել մտավախություն, որ ամբաստանյալը չի վերադառնալու Հայաստանի Հանրապետություն և հետևաբար ուշադրություն չի դարձրել այն հարցին, թե արդյոք հնարավոր էր ամբաստանյալի բուժումն իրականացնել ՀՀ տարածքում: Դատավորը լսել է պաշտպանական կողմի բանավոր հայտարարությունները, նրանց կողմից ներկայացվել է նաև տեղեկանք հիվանդության առնչությամբ, որտեղ նշված է եղել դինամիկ հսկողության և բուժման անհրաժեշտության մասին:

Դատավարական նորմի խախտման կոպիտ բնույթի առնչությամբ Դատավորը կարծիք է հայտնել, որ այդ խախտումը դատական իշխանությունը հեղինակազրկող կամ դատավորի անաչառությունը կասկածի տակ դնող որակելը սուբյեկտիվ բնույթ է կրում: Դատավորը Բարձրագույն դատական խորհրդի ուշադրությունը հրավիրել է այն հանգամանքի վրա, որ Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվության միջնորդությունը ներկայացվել է 2019 թվականի հունիս ամսին, մինչդեռ զանգվածային լրատվամիջոցների կողմից «Դատարանը թույլատրել է «օրենքով գող» Հայկո Աստրախանսկիին լքել երկիրը, ապա հետախուզում հայտարարել» վերնագրով հրապարակումը` /https://armtimes.com/hy/article/176045/ եղել է 2019 թվականի դեկտեմբեր ամսին: 2019 թվականի հունիս ամսին դեռևս շրջանառության մեջ չէր դրվել ՀՀ քրեական օրենսգրքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը պատկանող անձանց վերաբերյալ լրացումների նախագիծը, իսկ դեկտեմբերին արդեն նման նախագիծն առկա էր: Դատավորը կարծիք է հայտնել, որ միգուցե զանգվածային լրատվամիջոցի կողմից արված վկայակոչված հրապարակումը կապված է դրա հետ: Ըստ Դատավորի` որոշ լրատվամիջոցներ ուսումնասիրել են որոշ դատական գործեր և արել նման հրապարակում արդեն այն ժամանակ, երբ կար ՀՀ քրեական օրենսգրքում քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ լրացումների նախագիծ:

Դատավորը նաև ընդգծել է, որ անձի վարքագիծն ապագայի նկատմամբ պետք է լինի մոտավոր կանխորոշող բնույթի: Դատավորը նշել է, որ իր ներքին համոզմունքն էր, որ պաշտպանական կողմը մինչև վերջ պայքարելու է ամբաստանյալի համար բարենպաստ դատական ակտի կայացման համար, և ինքը /Դատավորը/ չէր կարող և հիմքեր չուներ գիտակցելու, որ ամբաստանյալը խախտելու է խափանման միջոցի պայմանները և չի ներկայանալու դատական նիստին:

Դատավորը անդրադարձել է նաև այն մտքին, ըստ որի` անձին Հայաստանի Հանրապետության տարածքը լքելը թույլատրելը վերացնում է խափանման միջոցի կիրառման նպատակը: Այս առնչությամբ Դատավորը նշեց, որ օրենսդիրը հստակ սահմանել է, որ անձը կարող է մեկնել այլ տեղանք վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Դատավորը հայտնեց, որ «այլ տեղանք» է նաև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս տարածաշրջանը, հետևաբար խափանման միջոցի նպատակը չի վերանում:

Դատավորը հավելեց, որ ցանկացած դատական ակտ, որն ինքը կայացնում է և չի հրապարակում դատական նիստի ժամանակ, ուղարկում է բոլոր կողմերին, սա էլ բացառություն չէ. մեղադրողին որոշումներն ուղարկվել են:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի (այսուհետ` Քննչական բաժին) ՀԿԳ քննիչի (այսուհետ` Քննիչ) 21.03.2019թ. որոշման համաձայն` որոշվել է թիվ 16172119 քրեական գործով վերջինիս նկատմամբ կիրառել ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

2. Դատարանի 24.05.2019թ. որոշմամբ թիվ ԵԴ/0336/01/19 քրեական գործը, ըստ մեղադրանքի` Հայկ Սարգսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, ընդունվել է վարույթ:

3. 20.06.2019 թ-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում ամբաստանյալի պաշտպանների կողմից ներկայացվել է միջնորդություն առ այն, որ պաշտպանյալն ունի առողջական խնդիրներ և հետազոտվելու նպատակով ցանկանում է մեկնել Իտալիայի Հանրապետություն, որի կապակցությամբ խնդրել են Դատարանի թույլտվությունը: Դատախազն առարկել է` հայտարարելով, որ միջնորդության դեմ իր կողմից առարկություն չի ներկայացվի միայն երկրի, հիվանդանոցի, կոնկրետ բժշկի մոտ բուժում անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:

4. Արդյունքում Դատարանը որոշել է որոշակի ժամանակահատվածով ամբաստանյալի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը հետաձգել` նշելով, որ այն պահին, երբ կներկայացվեն հիվանդության առկայության վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, Դատարանը կորոշի թույլատրել ամբաստանյալին լքելու Հայաստանի Հանրապետության տարածքը, իսկ այն պահին, երբ կներկայացվի համապատասխան թույլտվությունը եվրոպական երկիր մուտք գործելու վերաբերյալ, Դատարանը կորոշի Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու ժամկետը և համապատասխան գրություն կուղարկի ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն այդ ժամկետով ելքի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:

5. Ամբաստանյալի պաշտպան Է. Արամյանի կողմից 26.07.2019 թ-ին Դատարան է ներկայացվել դիմում առ այն, որ ամբաստանյալի մոտ ախտորոշվել է ստորին վերջույթների վարիկոզ լայնացում, քրոնիկ վիրուսային հեպատիտ «C» դեպի լյարդի ցերոզ անցումով ռեպլիկատիվ ձև և ամբաստանյալին անհրաժեշտ է անցնել բուժում արտերկրում, որից ելնելով` խնդրել է թույլատրել նրան մեկնել Հայաստանի Հանրապետությունից 01.08.2019 թ-ից մինչև 20.08.2019 թ-ը:

6. Դատարանը 29.07.2019թ. որոշմամբ բավարարել է միջնորդությունը` թույլատրելով ամբաստանյալին 01.08.2019 թ-ից մինչև 20.08.2019 թ-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից:

7. Դատարանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին ուղղված 29.07.2019 թ. գրությամբ խնդրել է 01.08.2019 թ-ից մինչև 20.08.2019 թ-ը ընկած ժամանակահատվածում վերացնել ամբաստանյալի վերաբերյալ ՀՀ ոստիկանության ՍԷԿՏ համակարգում (այսուհետ` նաև Համակարգ) առկա սահմանափակումները:

8. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 05.08.2019 թ. պատասխան գրության համաձայն` հանձնարարվել է ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունը 01.08.2019 թ. ժամը 00:01-ից հանել Համակարգի պահոցից: Միաժամանակ տեղեկացվել է, որ Համակարգ մուտքագրված կամ հանված տվյալների հաշվառում չի իրականացվում, իսկ ամբաստանյալի վերաբերյալ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ տեղեկատվությունը 20.08.2019 թ-ից հետո համակարգ կրկին մուտքագրելու համար անհրաժեշտ է համապատասխան լրացուցիչ գրավոր հանձնարարություն:

9. Ամբաստանյալի պաշտպան Է. Արամյանի կողմից 21.08.2019 թ-ին Դատարան է ներկայացվել միջնորդություն առ այն, որ ամբաստանյալին մուտքի վիզայի թույլտվություն տրվել է 21.08.2019 թ-ին, ինչի պատճառով վերջինս չի կարողացել Դատարանի կողմից սահմանված ժամկետում բացակայել Հայաստանի Հանրապետությունից, ուստի խնդրել է արտերկրում բուժում անցնելու համար թույլատրել վերջինիս Հայաստանի Հանրապետությունից մեկնել 25.08.2019 թ-ից մինչև 16.09.2019 թ-ը:

Միաժամանակ 21.08.2019 թ-ին Դատարան են մուտքագրվել ամբաստանյալի անձնագրի` անձնական տվյալներով էջի և Շենգեն երկրներ մուտքի վիզայի թույլտվությամբ էջի պատճենները:

10. Դատարանը 22.08.2019թ. որոշմամբ միջնորդությունը բավարարել է` թույլատրելով ամբաստանյալին 25.08.2019 թ-ից մինչև 16.09.2019 թ-ը բացակայել Հայաստանի Հանրապետությունից:

11. Դատարանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին ուղղված 01.10.2019 թ. գրությամբ խնդրել է 22.08.2019 թ-ից մինչև պատասխան ներկայացնելու օրը տրամադրել ամբաստանյալի սահմանափակումների վերաբերյալ Համակարգում առկա տվյալները` միաժամանակ նշելով, որ անհրաժեշտ է վերջինիս վերաբերյալ կիրառված խափանման միջոցի տվյալները մուտքագրել Համակարգ:

12. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից 14.10.2019թ. պատասխան գրությամբ ներկայացվել է Համակարգում առկա տեղեկատվությունն ամբաստանյալի կողմից ՀՀ պետական սահմանը հատելու վերաբերյալ, որի համաձայն` 22.08.2019-04.10.2019 թթ. ընկած ժամանակահատվածում ամբաստանյալը 25.08.2019 թ-ին դուրս է եկել Հայաստանի Հանրապետությունից, մուտքի վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

13. 15.10.2019 թ-ին տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալը չի ներկայացել: Դատարանը, հաշվի առնելով, որ նշված նիստի տեղի և ժամանակի վերաբերյալ ծանուցագիրն ամբաստանյալին ուղարկվել է 08.10.2019 թ-ին, սակայն վերջինիս կողմից ծանուցագիրը ստացած լինելու վերաբերյալ տեղեկատվություն Դատարան չի ստացվել, որոշել է նիստը հետաձգել, ևս մեկ անգամ միջոցներ ձեռնարկել ամբաստանյալի ներկայությունը ապահովելու համար: Միաժամանակ որոշում է կայացրել ամբաստանյալին բերման ենթարկելու մասին:

14. 25.10.2019 թ-ին տեղի ունեցած դատական նիստին ամբաստանյալը չի ներկայացել և չի ներկայացրել չներկայանալու վերաբերյալ որևէ հարգելի պատճառ: Դատարանը նշված հանգամանքի արձանագրմամբ և հաշվի առնելով, որ ամբաստանյալի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստն անցկացնել` որոշում է կայացրել ամբաստանյալին 22.11.2019 թ-ին ժամը 10.00-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայր` թիվ 3 դահլիճ բերման ենթարկելու վերաբերյալ: Որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մալաթիայի բաժնի աշխատակիցներին:

Դատարանը ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետին ուղղված 25.10.2019թ. գրությամբ խնդրել է 04.10.2019 թ-ից մինչև գրությանը պատասխանելու օրը տրամադրել ամբաստանյալի սահմանափակումների վերաբերյալ Համակարգում առկա տվյալները:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 06.11.2019թ. պատասխան գրության համաձայն` ամբաստանյալի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու վերաբերյալ Համակարգում տեղեկություններ առկա չեն:

15. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի 18.11.2019թ. գրության համաձայն` հնարավոր չի եղել կատարել բերման ենթարկելու մասին որոշման պահանջը, քանի որ Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի թիվ 39 բնակարանի դուռը գտնվել է փակ վիճակում և ըստ նույն շենքի պատասխանատուի գրավոր հայտարարության` ամբաստանյալը նշված հասցեում չի բնակվում:

16. 22.11.2019 թ-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում մեղադրողի կողմից ներկայացվել է միջնորդություն ամբաստանյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու, հետախուզում հայտարարելու և գործի վարույթը կասեցնելու մասին` այն հիմքով, որ ամբաստանյալի բացակայությամբ հնարավոր չէ դատական նիստը շարունակել, սպառվել են նրան Դատարան հրավիրելու բոլոր հնարավորությունները, ինչպես նաև այն, որ ամբաստանյալը մեկնել է Հայաստանի Հանրապետությունից և նրա վերադարձի վերաբերյալ տեղեկություններ առկա չեն:

17. Դատարանը 22.11.2019 թ-ին կայացրել է որոշում միջնորդությունը բավարարելու, «ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը փոխելու, որպես խափանման միջոց ամբաստանյալի նկատմամբ կալանավորումը կիրառելու մասին, այն պատճառաբանությամբ, որ ամբաստանյալը թաքնվում է քննությունից, իսկ ընտրված խափանման միջոցը տվյալ պարագայում ի զորու չէ ապահովելու նրա պատշաճ վարքագիծը: Դատարանը, նաև հաշվի առնելով, որ դատական նիստերի վերաբերյալ ամբաստանյալին ուղարկված ծանուցումները վերադարձվել են Դատարան «չպահանջված» գրառմամբ, ամբաստանյալը թաքնվում է քննությունից, նրա փաստացի գտնվելու վայրը հայտնի չէ, որոշել է ամբաստանյալի նկատմամբ հայտարարել հետախուզում և քրեական գործի վարույթը կասեցնել: Նշված որոշումն ուղարկվել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ (...): Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է լինել անաչառ և զերծ մնալ իր խոսքով կամ վարքագծով կողմնակալություն կամ խտրականություն դրսևորելուց կամ ողջամիտ, անկողմնակալ դիտորդի մոտ նման տպավորություն ստեղծելուց:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԵԴ/0336/01/19 քրեական գործով Դատավորը խախտել է դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը,

2. արդյո՞ք թիվ ԵԴ/0336/01/19 քրեական գործով Դատավորը թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնի խախտում,

3. արդյո՞ք թիվ ԵԴ/0336/01/19 քրեական գործով դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումը կարող է գնահատվել որպես կոպիտ և ակնհայտ, իսկ դատավորի վարքագծի խախտումը` կոպիտ:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով: Նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` խափանման միջոց է ստորագրություն` չհեռանալու մասին:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն`

1. Չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը: Նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին:

2. Կասկածյալից կամ մեղադրյալից չհեռանալու մասին ստորագրությունը վերցնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միջնորդության և պահանջի վերաբերյալ ընդունված որոշումները պետք է լինեն պատճառաբանված:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման` վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից:

i

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված: Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Վճռաբեկ դատարանը թիվ ԵԿԴ/0058/11/09 գործով իր 26.03.2010թ. որոշմամբ նշել է հետևյալը. «17. Մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողությունը նպատակ է հետապնդում նպաստել քրեական դատավարության խնդիրների իրականացմանը, այդ թվում` հանցագործությունների բացահայտմանը, անձի, հասարակության և պետության պաշտպանությանը հանցագործություններից: Միևնույն ժամանակ դատական վերահսկողությունն անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության կարևորագույն երաշխիքներից է, ինչն էականորեն բարձրացնում է քրեական դատավարության այդ փուլում դատարանների կողմից կայացվող որոշումների իրավական նշանակությունը: ՈՒստի մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների օրինականության և հիմնավորվածության ստուգման արդյունքում դատարանների կողմից օրինականությունից շեղվող, չհիմնավորված, չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված որոշումների կայացումն անընդունելի է:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև մինչդատական վարույթի նկատմամբ իրականացվող դատական վերահսկողության շրջանակներում կայացվող դատական ակտերին (որոշումներին):

18. Դատական ակտն օրինական է, եթե կայացվել է գործող օրենսդրության պահանջների պահպանմամբ, և հիմնավորված` եթե դրանում արված հետևությունները հիմնված են դատական քննության ժամանակ հետազոտված ապացույցների վրա: Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար:

19. Պատճառաբանված որոշման բացակայությունն արդեն իսկ օբյեկտիվորեն սահմանափակում է վերադաս դատական ատյանի հնարավորությունը` լիարժեք դատական ստուգման ենթարկելու բողոքարկվող դատական ակտի օրինականությունն ու հիմնավորվածությունը և կայացնելու արդարացի որոշում, հետևաբար դատական ակտի չպատճառաբանված լինելը հանգեցնում է քրեական դատավարության կարևորագույն սկզբունքներից մեկի` ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատական քննության իրավունքի խախտման»:

i

Թիվ ԵԷԴ/0030/01/12 գործով Վճռաբեկ դատարանն իր 18.10.2013թ. որոշմամբ նշել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված` դատավճռին ներկայացվող օրինականության, հիմնավորվածության և պատճառաբանվածության պահանջները վերաբերելի են նաև դատարանի կողմից կայացվող այլ դատական ակտերին, այդ թվում` քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշմանը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված միջնորդության քննության արդյունքում պարզ է դարձել, որ Դատավորը, բավարարելով ամբաստանյալի միջնորդությունը` Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու վերաբերյալ, հաշվի չի առել իր կողմից քննվող քրեական գործին առնչվող մի շարք կարևոր հանգամանքներ, մասնավորապես օտարերկրյա պետությունում բուժվելու անհրաժեշտության մասին ապացույցի, Հայաստանի Հանրապետությունում ամբաստանյալին պատշաճ որակի բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորության, նախկինում օտարերկրյա պետությունում բուժվելու փաստի մասին ապացույցի, բուժում ստանալու համար օտարերկրյա պետությունում կոնկրետ բժշկական հաստատության և/կամ կոնկրետ բժշկի վերաբերյալ փաստաթղթի բացակայությունը, Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանության կողմից տրված վիզայի տուրիստական նպատակը, ամբաստանյալի` այլ պետության քաղաքացիություն ունենալու, նրա` նախկինում դատված լինելու հանգամանքները, ինչպես նաև նրա անձը բնութագրող այլ տվյալներ:

i

Բարձրագույն դատական խորհուրդն ընդգծում է, որ թեպետ, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի` դատավորը, ինչպես նաև հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը ապացույցները գնահատում են իրենց ներքին համոզմամբ, այնուամենայնիվ «դատավորի ներքին համոզմունքը» վերացական կատեգորիա չէ և չի կարող վերածվել կամայականության` ապացույցների գնահատման ժամանակ: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ «դատավորի ներքին համոզմունքը» պետք է անմիջականորեն բխի գործում առկա հանգամանքներից և ապացույցներից, ձևավորվի դրանց բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ ուսումնասիրության արդյունքում:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է նաև այն, որ Դատավորն ընդունել է, որ ինքն ուշադրություն չի դարձրել այս կամ այն փաստի վրա, օրինակ, ամբաստանյալի մոտ առկա հիվանդությունը ՀՀ-ում բուժելու հնարավորությանը, նախկինում օտարերկրյա պետությունում բուժվելու մասին տվյալների բացակայությանը, ամբաստանյալին տրամադրված վիզայի նպատակին: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ Դատավորը պարտավոր էր հաշվի առնել գործի բոլոր հանգամանքները, այլ ոչ թե առաջնորդվեր սեփական նախազգացումներով` ամբաստանյալի կողմից փախուստի դիմելու կամ չդիմելու հնարավորությունը գնահատելիս: Թեև Դատավորը Բարձրագույն դատական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ ինքն ամբաստանյալի վարքագիծը ոչ պատշաճ գնահատելու հիմքեր չի ունեցել, քանի որ վերջինս մշտապես ներկայացել է դատական նիստերին, ուստի չէր կարող կանխատեսել ամբաստանյալի հետագա ոչ պատշաճ վարքագիծը, այնուամենայնիվ Բարձրագույն Դատական խորհուրդը փաստում է, որ հիշյալ քրեական գործով ամբաստանյալի մասնակցությամբ կայացել է ընդամենը մեկ դատական նիստ, ինչի դեպքում անհնար է օբյեկտիվորեն գնահատել ամբաստանյալի` ինչպես ներկա, այնպես էլ հետագա վարքագիծը:

i

Վերոնշյալ հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր 27.11.2015թ. թիվ ՎԴ5/0029/05/14 գործով կայացրած որոշմամբ հայտնել է իրավական դիրքորոշում առ այն, որ «...թեև ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետևաբար և դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես`

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի և ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցների ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող և այլ անձանց տված գնահատականներով և արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետևությունները, ինչպես նաև այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձևավորման հիմքերը»:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ ապացույցների գնահատման «ներքին համոզմունքը» չի կարող դատավորի կողմից շահարկվել ցանկացած այն դեպքում, երբ դատավորը չի կարևորում և անտարբերություն է դրսևորում գործի հանգամանքների նկատմամբ: Նման պայմաններում խախտվում է նաև դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջը:

i

Բարձրագույն դատական խորհուրդն իր 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17 որոշմամբ ընդգծել է. «Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի կողմից 2010 թվականի նոյեմբերի 17-ին ընդունված` Դատավորներ. անկախություն, արդյունավետություն և պատասխանատվություն CM/Rec(2010)12 հանձնարարականի 1-ին գլխի 5-րդ մասով սահմանվում է, որ դատավորները պետք է ունենան գործերով որոշում կայացնելու անխափան ազատություն` անաչառորեն, օրենքի հիման վրա և փաստերի իրենց մեկնաբանությամբ, իսկ 15-րդ մասում ամրագրված է, որ վճիռները պետք է լինեն պատճառաբանված և հրապարակված: Դատավորները չպետք է այլ կերպ արդարացնեն իրենց վճիռների հիմքերը»:

Բարձրագույն դատական խորհուրդը հիմնավոր է համարում դիմողի այն փաստարկը, համաձայն որի` Դատարանի հետևությունը կառուցված է լոկ ամբաստանյալի մոտ որոշակի հիվանդությունների ախտորոշումների առկայության փաստի վրա, որը դատական ակտի պատճառաբանվածության չափանիշի իմաստով զուրկ է համոզիչ և որոշակի լինելուց: Դատական ակտերում ընդամենը մասնագիտական տերմիններով արտահայտված ինչ-ինչ հիվանդությունների ախտորոշման վերաբերյալ փաստի մատնանշումը, գործում այլ փաստական տվյալների բացակայության պայմաններում, որևէ նշանակություն չի կարող ունենալ ամբաստանյալի` այլ երկրում բժշկական օգնություն ստանալու իրավունքն իրացնելու նպատակը հաստատելու, այլ երկրում հետազոտություններ անցնելու անհրաժեշտությունը հիմնավորելու համար, այլ ուղղակիորեն վկայում է այն մասին, որ Դատարանի` այլ երկրում բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ հետևությունը կառուցված է ենթադրությունների և կանխատեսումների վրա:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԵԴ/0336/01/19 քրեական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատական ակտի պատճառաբանվածության օրենսդրական պահանջի խախտում, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումը նաև կոպիտ է, քանի որ առանց պատճառաբանության ամբաստանյալին Հայաստանի Հանրապետության տարածքը լքելու թույլտվությունը հանգեցրել է արդարադատության շահի խախտման, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և նվազեցնում վստահությունը դատական իշխանության նկատմամբ: Վերոգրյալն էլ իր հերթին հանգեցրել է դատավորի վարքագծի կոպիտ խախտման, մասնավորապես` գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներն անուշադրության մատնելու արդյունքում` ոչ պատճառաբանված ակտի ընդունումը խախտել է դատավորի կողմից անաչառության, անկողմնակալության պահպանման պահանջը:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմի և վարքագծի կանոնի խախտումը թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

i

Բարձրագույն դատական խորհուրդը հավելում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնի խախտման` իր բնույթով և հնչեղությամբ հեղինակազրկել է դատական իշխանությունը: Այնուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև ձևավորված նախադեպային իրավունքով սահմանված չեն չհեռանալու մասին ստորագրության ձևով խափանման միջոցի ներքո գտնող անձի սահմանահատումների արգելքի վերացման վերաբերյալ միասնական պրակտիկա, և հարցը վերաբերում է անձի այնպիսի սահմանադրական հիմնարար իրավունքին, ինչպիսինն ազատ տեղաշարժվելու իրավունքն է, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի նկատմամբ չի կարող կիրառվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված կարգապահական տույժի տեսակներից խիստ նկատողությունը, ուստի Դատավորի նկատմամբ պետք է հայտարարվի նկատողություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին հայտարարել նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

ք. Երևան, 19 մարտի 2020թ

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ        Ռ. Վարդազարյան

    Անդամներ`              Գ. Բեքմեզյան

                           Հ. Հովհաննիսյան

                           Մ. Մակյան

                           Լ. Մելիքջանյան

                           Ա. Մխիթարյան

                           Ս. Չիչոյան

                           Վ. Քոչարյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
19.03.2020
N ԲԴԽ-6-Ո-Կ-2
Որոշում