Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 ապրիլի 2020 թվականի N 470-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը`

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի ղեկավարումը վերապահել Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյակը մեկ հանձնախմբի աշխատանքների մասին հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

2020 թ. ապրիլի 21-ի

N 470-Ա որոշման

 

ԿԱԶՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ

 

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար (հանձնախմբի նախագահ)

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (համաձայնությամբ)

ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ (հանձնախմբի քարտուղար)

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

2020 թ. ապրիլի 21-ի

N 470-Ա որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ, ՆԵՐԱՌՅԱԼ` ԱՐԱՏԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՁՐԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի (այսուհետ` հանձնախումբ) գործունեության, գործառույթների, աշխատանքների համակարգման, բաշխման և ղեկավարման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնախումբն իր գործունեության իրականացման ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով, միջազգային պայմանագրերով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

3. Հանձնախմբի առաջին նիստն անցկացվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

4. Հանձնախումբն իր գործառույթների իրականացման նպատակով ձևավորում է աշխատանքային խմբեր` անհրաժեշտության դեպքում` գաղտնի:

5. Աշխատանքային խմբերի աշխատանքներին, ըստ անհրաժեշտության, կարող են ներգրավվել նաև փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

II. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

6. Հանձնախմբի խնդիրներն են Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտում առկա խնդիրների վերհանումը, դրանց պատճառների բացահայտումը, հետևանքների կանխարգելումը, ռիսկերի նվազեցումը և պաշտպանական ոլորտի բարեփոխումների իրականացման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը:

7. Հանձնախումբն իր առջև դրված խնդիրների կատարման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նպատակով ուսումնասիրում է ոլորտում առկա խնդիրները, այդ թվում` արատավոր երևույթները` ներգրավելով ոլորտի իրավասու մարմիններին.

2) վեր է հանում արատավոր երևույթների ծագման հնարավոր պատճառները, տարածվածությունն ու տեղայնացումը, տարածմանը նպաստող պայմանները.

3) նախանշում է արատավոր երևույթների տարածման և հետևանքների կանխարգելմանն ուղղված մեխանիզմները, ինչպես նաև ռիսկերի նվազեցմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների շրջանակը.

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնելու նպատակով կազմակերպում է անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի մշակման աշխատանքները.

5) կատարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի անհրաժեշտ բարեփոխումներ իրականացնելուն, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների ծրագրի մշակման աշխատանքներ, ներկայացնում է առաջարկներ` ուղղված ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղությունների սահմանմանը, արատավոր երևույթների կանխարգելմանը և ռիսկերի նվազեցմանը, հետևում է դրանց կատարման ընթացքին.

6) Հայաստանի Հանրապետության պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնելուն, ներառյալ` արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումների իրագործման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության վարչապետին` եռամսյակը մեկ.

7) իրականացնում է աշխատանքների արդյունքում վեր հանված և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների լուծման նպատակով այլ գործառույթներ:

 

III. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Հանձնախմբի նախագահը`

1) ղեկավարում է հանձնախմբի գործունեությունը.

2) հրավիրում, վարում և նախագահում է հանձնախմբի նիստերը կամ իր բացակայության դեպքում հանձնախմբի նախագահի լիազորությունների կատարումը հանձնարարում է հանձնախմբի անդամներից որևէ մեկին.

3) նշանակում է հանձնախմբի նիստի անցկացման վայրը և օրը.

4) հաստատում է հանձնախմբի անդամին փոխարինող անձի թեկնածությունը.

5) ամփոփում է հանձնախմբի նիստերի օրակարգում ընդգրկվող հարցերի առաջարկները.

6) որոշում է կայացնում աշխատանքային խմբերի աշխատանքներում փորձագետներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ ներգրավելու մասին.

7) հաստատում է աշխատանքային խմբերի անհատական կազմը.

8) իրականացնում է հանձնախմբի գործունեությամբ պայմանավորված` իրեն վերապահված այլ գործառույթներ:

9. Հանձնախումբն իր գործունեությունն իրականացնում է կոլեգիալության սկզբունքով` նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ:

10. Հանձնախմբի նիստերի օրակարգը հաստատում է հանձնախումբը:

11. Հանձնախմբի նիստերի արձանագրություններն ստորագրում են նիստի նախագահը և քարտուղարը:

12. Հանձնախմբի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնախմբի անդամների առնվազն 2/3-ը:

13. Հանձնախմբի նիստերի վերջնական օրակարգը և քննարկվելիք հարցերին վերաբերող այլ անհրաժեշտ փաստաթղթերը հանձնախմբի անդամներին են փոխանցվում նիստից առնվազն երեք օր առաջ:

14. Հանձնախմբի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ` նիստին ներկա անդամների ձայների 2/3-ով:

15. Ձայների հավասարության դեպքում հարցը դրվում է լրացուցիչ քննարկման և անցկացվում է նոր քվեարկություն: Եթե հանձնախմբի որոշման վերաբերյալ որևէ անդամ ունի հատուկ կարծիք, ապա այն գրավոր կցվում է հանձնախմբի նիստի արձանագրությանը և հանդիսանում է վերջինիս անբաժանելի մասը:

16. Հանձնախմբի յուրաքանչյուր անդամ նիստին մասնակցելու անհնարինության դեպքում կարող է հանձնախմբի նախագահին` իրեն փոխարինող անձի թեկնածության առաջարկ ներկայացնել նիստից առնվազն հինգ օր առաջ:

17. Հանձնախմբի անդամները`

1) մասնակցում են հանձնախմբի նիստերին.

2) առաջարկություններ են ներկայացնում հանձնախմբի նիստի օրակարգում ընդգրկվող հարցերի վերաբերյալ.

3) առաջարկում են ձևավորվող աշխատանքային խմբերում իրենց կողմից ներկայացվող գերատեսչության աշխատակցի թեկնածությունը.

4) առաջարկ են ներկայացնում աշխատանքային խմբերի աշխատանքներին փորձագետների կամ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավման վերաբերյալ.

5) իրականացնում են հանձնախմբի անդամի կարգավիճակով պայմանավորված այլ գործառույթներ:

 

IV. ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ

 

18. Հանձնախմբի նիստերն արձանագրում է հանձնախմբի քարտուղարը` Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակիցը:

19. Հանձնախմբի նիստի արձանագրության մեջ նշվում են`

1) նիստի անցկացման վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը, նիստն սկսելու և ավարտելու ժամերը.

2) նիստի օրակարգը.

3) նիստին մասնակցող հանձնախմբի անդամների ներկայացրած հատուկ կարծիքը, առաջարկները և դիտողությունները.

4) ընդունված որոշումները` ներառյալ տվյալ որոշման վերաբերյալ քվեարկության արդյունքները.

5) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

20. Հանձնախմբի նիստերի արձանագրությունները կամ արձանագրության քաղվածքները տրամադրվում են հանձնախմբի անդամներին` յոթնօրյա ժամկետում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
21.04.2020
N 470-Ա
Որոշում