ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
21 ապրիլի 2020 թվականի N 1313-Ա
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID19) ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին «Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 24-րդ հոդվածի 2-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով, ինչպես նաև նոր կորոնավիրուսային համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման գործընթացը կանոնակարգելու նպատակով.
ՀՐԱՆԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել «Կորոնավիրուսային հիվանդության (COVID19) համավարակի ընթացքում իմունականխարգելման միջոցառումների իրականացման մեթոդական ուղեցույցը»` համաձայն հավելվածի:
2. Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանին`
1) ապահովել սույն հրամանի տեղադրումը առողջապահության նախարարության պաշտոնական կայքում:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին:
ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ
Հավելված
Առողջապահության նախարարի
2020 թվականի ապրիլի 21-ի
N 1313-Ա հրամանի
ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID19) ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
1. Կորոնավիրուսային հիվանդության (այսուհետ` COVID-19) գլոբալ տարածման և համավարակի առաջացման արդյունքում առկա է իմունականխարգելման գործընթացի պլանային միջոցառումների խափանման ռիսկ` պայմանավորված ինչպես առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությամբ, պատվաստումների պահանջարկի նվազմամբ, այնպես էլ բնակչության տեղաշարժի սահմանափակումներով:
2. Իմունականխարգելման գործընթացի դադարեցումը, նույնիսկ կարճաժամկետ, կբերի հիվանդությունների նկատմամբ ընկալ բնակչության քանակի ավելացման և կբարձրացնի կառավարելի վարակիչ հիվնադությունների (այսուհետ` ԿՎՀ) բռնկման առաջացման ռիսկը (օրինակ, կարմրուկ, կապույտ հազ և այլն):
3. ԿՎՀ-ի բռնկումները կարող են բերել հիվանդացության և մահացության աճի, հատկապես վաղ հասակի երեխաների և ռիսկի խմբերի անձանց շրջանում, և կառաջանա ավելի մեծ բեռ առողջապահական համակարգի համար, որն արդեն իսկ ծանրաբեռնված է COVID-19 հիվանդությամբ պայմանավորված միջոցառումներով:
4. ԿՎՀ-ի բռնկումների առաջացման հավանականությամբ պայմանավորված ապահովվում է իմունականխարգելման գործընթացի շարունակականությունը, անխափանությունը և անվտանգ պայմաններում իրականացումը:
5. Հիվանդությունների նախկին բռնկումները շեշտադրում են կարևորագույն առողջապահական ծառայությունների, այդ թվում իմունականխարգելման, մատուցմանն օժանդակելու անհրաժեշտությունը, ինչպես նաև համայնքների արդյունավետ ներգրավումը ծառայությունների պլանավորման և մատուցման գործընթացում:
6. Սույն մեթոդական ուղեցույցում ներառված են COVID-19-ի համավարակի ընթացքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (այսուհետ` ԱՀԿ) Իմունականխարգելման ռազմավարական խորհրդատվական փորձագետների խմբի կողմից իմունականխարգելման վերաբերյալ առաջարկությունները:
7. Սույն մեթոդական ուղեցույցը լրացվում է ԱՀԿ-ի կողմից առաջարկված COVID-19-ի հետևանքների մեղմացման և արձագանքման միջոցառումների վերաբերյալ մի շարք տեխնիկական փաստաթղթերով:
8. Իրականացվում է ռիսկերի գնահատում` հիմք ընդունելով COVID-19-ի տեղական փոխանցման շարժընթացը, իմունականխարգելման համակարգի և առողջապահական համակարգի բնութագիրը, ինչպես նաև ԿՎՀ-ի առումով առկա իրավիճակը:
ԳԼՈՒԽ 2. |
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ |
9. Իմունականխարգելումը առողջապահության հիմնական ուղղություններից է և COVID-19 համավարակի ընթացքում անհրաժեշտ է ապահովել պատվաստումային գործընթացի անընդհատությունն ու շարունակականությունը:
10. Տեղայնացվում են իմունականխարգելման ռազմավարությունները` ապահովելով պատվաստումային գործընթացի անվտանգ իրականացումը:
11. Ուժեղացվում է ԿՎՀ-ի համաճարակաբանական դիտարկումը` ապահովելով ԿՎՀ-ի դեպքերի վաղ հայտնաբերումը և կառավարումը:
12. Իմունականխարգելման ազգային փորձագիտական խորհրդատվական խմբերը մեծ դեր ունեն իմունականխարգելման ծառայությունների շարունակականության, հարմարեցման, կասեցման և/կամ վերականգնման վերաբերյալ առաջարկությունների տրամադրման գործընթացում:
13. Իմունականխարգելման գործընթացի վրա COVID-19 համավարակի բացասական ազդեցության դեպքում անհրաժեշտ կլինի COVID-19-ի բռնկումից հետո մշակել պատվաստումների իրականացման ռազմավարություն` լրացնելու համար բաց թողնված պատվաստումները, կազմել պլաններ, որոնք կնպաստեն գործընթացի աստիճանական վերականգնմանը:
14. Ժամանակավոր դադարեցվում են զանգվածային պատվաստումները` պարբերաբար վերագնահատելով զանգվածային պատվաստումները հետաձգելու անհրաժեշտությունը:
ԳԼՈՒԽ 3. |
ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ |
15. Առողջապահական համակարգի հնարավորությունների և կարողությունների առկայության դեպքում ապահովվում է ԿՎՀ-ի հսկողության և համաճարակաբանական դիտարկման գործընթացների իրականացումը` կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերում, լաբորատոր ախտորոշում, կանխարգելիչ միջոցառումների իրականացում:
16. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` ԲԿ) ապահովվում է ԿՎՀ-ների վաղ հայտնաբերման, շտապ հաղորդում ներկայացման և նմուշառման գործընթացների իրականցումը:
17. ԿՎՀ-ների հաստատված և/կամ կասկածելի դեպքերի վերաբերյալ բուժաշխատողների կողմից ներկայացվում է շտապ հաղորդում` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 35-Ն հրամանի պահանջների:
18. Ապահովվում են ԿՎՀ-ների լաբորատոր ախտորոշման գործընթացները, մասնավորապես` ԿՎՀ-ների կասկածելի դեպքերի նմուշառում, նմուշների տեղափոխում, լաբորատոր հետազոտությունների իրականացում:
19. Լաբորատոր հետազոտությունների իրականացման անհնարինության դեպքում նմուշները հավաքվում և պահպանվում են սահմանված կարգով` հետագայում հետազոտելու և ԿՎՀ-ի կասկածելի դեպքերը լաբորատոր հաստատելու նպատակով:
ԳԼՈՒԽ 4. |
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ |
20. Իմունականխարգելման գործընթացի իրականացումը պայմանավորված է առողջապահական համակարգի կարողություններով, ռեսուրսներով, պատվաստանյութերի պատշաճ բաշխման առկա մեխանիզմներով, ԿՎՀ-ի համաճարակային շարժընթացով, COVID-19-ի համաճարակային իրավիճակով (դեպքերի բացակայություն, սպորադիկ դեպքեր, կլաստերային դեպքեր կամ տեղական փոխանցում), ինչպես նաև այնպիսի գործոններով, ինչպիսիք են բնակչության ժողովրդագրական ցուցանիշները և միգրացիայի ձևերը:
21. Առողջապահական համակարգի հնարավորությունների և կարողությունների առկայության դեպքում (օրինակ` բավարար մարդկային ռեսուրսներ, պատվաստանյութերի պատշաճ մատակարարում) ապահովվում է իմունականխարգելման գործընթացների իրականացումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2017 թվականի ապրիլի 10-ի թիվ 1189-Ա հրամանով հաստատված մեթոդական ցուցումների համաձայն` պահպանելով վարակի հսկողության համապատասխան նախազգուշական միջոցառումները և սոցիալական հեռավորության սկզբունքները:
22. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ` ԲԿ) մուտքի մոտ կազմակերպվում է ֆիլտր` սուր շնչառական վարակներին բնորոշ կլինիկական նշաններով բուժառուներին հայտնաբերելու, մեկուսարան ուղղորդելու նպատակով` կանխելով հիվանդ և առողջ բուժառուների հետ անմիջական շփումը:
23. ԲԿ-ների մուտքի մոտ ապահովվում է ախտահանիչ նյութերի տեղադրումը` բոլոր այցելուների ձեռքերի ախտահանման նպատակով:
24. Բնակչությանն իրազեկվում է COVID-19-ի կանխարգելման միջոցառումների վերաբերյալ, մասնավորապես` ձեռքերի հաճախակի և ճիշտ լվացում, հազալիս կամ փռշտալիս անձեռոցիկների կամ արմունկի կիրառմամբ բերանի փակում, սոցիալական հեռավորության պահպանում:
25. Ապահովվում է պատվաստվող բուժառուներին ուղեկցող անձանց թվի սահմանափակումը` մեկ պատվաստվողի հետ մեկ ուղեկցող անձ:
26. Կանխարգելվում է ԲԿ-ների սպասասրահներում և միջանցքներում անձանց կուտակումների առաջացումը` ապահովելով պատվաստման համար այցերի հստակ ժամի գրանցումը, ԲԿ-ի շենքից դուրս սպասելը` մինչև բուժաշխատողի կողմից հեռախոսակապի միջոցով հրավերը, բուժառուներին ուղեկցող անձանց թվի սահմանափակումը և այլն:
27. Այլընտրանքային ռազմավարությունների (օրինակ` շարժական կամ արտագնա ծառայությունների մատուցում, պատվաստանյութերի բաշխման նորարարական մեթոդներ և այլն) կիրառումը գնահատվում և հարմարեցվում է` ելնելով համայնքի հնարավորություններից և ռեսուրսներից` ապահովելով առողջապահական համակարգի աշխատակիցների և համայնքի անվտանգությունը:
28. Ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունների դեպքում առաջնահերթություն է տրվում բռնկումներ առաջացնող ԿՎՀ-ի դեմ պատվաստումների իրականացմանը, օրինակ` կարմրուկ, պոլիոմիելիտ, դիֆթերիա, կապույտ հազ և այլն, ինչպես նաև բնակչության ռիսկի խմբերի պատվաստումների իրականացմանը:
ԳԼՈՒԽ 5. |
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
29. ԲԿ-ներում պատվաստումների իրականացման համար սահմանվում է հստակ ժամանակացույց (որոշակի ժամեր կամ օրեր)` հնարավորության դեպքում իմունականխարգելման կաբինետն ապահովելով առանձին մուտքով:
30. Ծննդօգնություն իրականացնող ԲԿ-ներում շարունակվում են նորածինների կանխարգելիչ պատվաստումները իրականացումը` համաձայն Պատվաստումների ազգային օրացույցի:
31. Կանխարգելիչ պատվաստումների իրականացման ընթացքում հաճախակի օդափոխվում և ախտահանվում է իմունականխարգելման կաբինետը:
32. Կանխարգելիչ պատվաստումներ իրականացնող բուժաշխատողն ապահովվում է ձեռքերի հիգիենան`
1) Նախքան բուժառուին մոտենալը,
2) Նախքան ցանկացած միջամտություն իրականացնելը,
3) Կենսաբանական հեղուկների հետ շփումից հետո,
4) Բուժառուին դիպչելուց հետո,
5) Բուժառուի իրերին դիպչելուց հետո:
33. Ձեռքերի հիգիենան ձեռքերի լվացումն է օճառով և ախտահանումը համապատասխան ախտահանիչ նյութերով (60%-ից 80% սպիրտ պարունակող նյութեր):
34. Բուժաշխատողը ձեռքերով չի դիպչում աչքերին, քթին, բերանին:
35. Բուժաշխատողը հազալիս կամ փռշտալիս ապահովում է անձեռոցիկի կամ արմունկի կիրառմամբ բերանի փակումը, անձեռոցիկի անմիջապես նետումը աղբաման:
36. Բուժաշխատողը կրում է բժշկական դիմակ:
37. Սուր շնչառական վարակներին բնորոշ կլինիկական նշանների դեպքում բուժաշխատողն ինքնամեկուսանում է և դիմում բժշկի:
38. COVID-19-ով հիվանդների պատվաստումներն իրականացվում են կլինիկական երևույթների բացակայության դեպքում և եթե առկա է բացասական արդյունքով երկու լաբորատոր հետազոտություն` 24 ժամ ընդմիջումով, եթե չկա լաբորատոր հետազոտություն իրականացնելու հնարավորություն, ապա կլինիկական երևույթների բացակայությունից 14 օր հետո:
39. COVID-19-ով հիվանդի հետ շփված անձանց պատվաստումներն իրականացվում են, եթե վերջին շփումից հետո անցել է 14 օր և շփված անձի մոտ չի դիտվել որևէ կլինիկական երևույթ:
ԳԼՈՒԽ 6. |
ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ |
40. Առաջարկվում է ժամանակավորապես դադարեցնել զանգվածային պատվաստումների իրականացումը` պայմանավորված COVID-19-ի փոխանցման ուղիներով և որպես կանխարգելիչ միջոց սոցիալական հեռավորության պահպանման կիրառման անհրաժեշտությամբ:
41. ԿՎՀ-ի բռնկմանն ի պատասխան զանգվածային պատվաստումների իրականացման վերաբերյալ որոշումը կայացվում է յուրաքանչյուր առանձին դեպքում գնահատելով` ռիսկերը և օգուտները, ինչպես նաև COVID-19 համավարակի պայմաններում արդյունավետ և որակյալ զանգվածային պատվաստումներ իրականացնելու առողջապահական համակարգի ունակությունը: Գնահատումն իրականացվում է համեմատելով ԿՎՀ-ի հիվանդացության և մահացության կանխարգելման հետաձգված միջոցառումների և COVID-19-ի հետագա փոխանցման վրա պոտենցիալ ազդեցության ռիսկերը:
42. ԿՎՀ-ի բռնկմանն ի պատասխան զանգվածային պատվաստումների իրականացման դեպքում բուժաշխատողների և ազգաբնակչության պաշտպանության նպատակով ապահովվում են խիստ միջոցառումներ` COVID-19-ի դեմ ստանդարտ և սպեցիֆիկ կանխարգելիչ միջոցառումներ, անվտանգ պատվաստումների իրականացման ապահովում, բժշկական թափոնների պատշաճ կառավարում:
43. ԿՎՀ-ի բռնկմանն ի պատասխան զանգվածային պատվաստումների իրականացման հետաձգման դեպքում իրականացվում է ԿՎՀ-ի հիվանդացության և մահացության ցուցանիշների մշտադիտարկում, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային համաճարակային իրավիճակի պարբերական գնահատում:
ԳԼՈՒԽ 7. |
ԻՄՈՒՆԱԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ |
44. Իմունականխարգելման գործընթացի ժամանակավոր նվազման կամ դադարեցման դեպքում հնարավորինս շուտ վերականգնվում և ակտիվացվում է իմունականխարգելման գործընթացը: COVID-19-ի տեղական փոխանցման կրճատումը թույլ է տալիս վերսկսել ԲԿ-ներում իրականացվող ծառայությունները:
45. COVID-19-ով պայմանավորված առողջության առաջնային պահպանման հաստատություններում ծառայությունների մատուցման սահմանափակ հնարավորությունների դեպքում առաջնահերթություն է տրվում բռնկումներ առաջացնող ԿՎՀ-ի դեմ պատվաստումների իրականացմանը, օրինակ` կարմրուկ, պոլիոմիելիտ, դիֆթերիա, կապույտ հազ և այլն, ինչպես նաև բնակչության ռիսկի խմբերի պատվաստումների իրականացմանը:
46. Բնակչության շրջանում պատվաստումների պահանջարկի բարձրացման նպատակով ակտիվացվում և բարելավվում են պատվաստումների վերաբերյալ իրազեկման աշխատանքները և բնակչության հետ հաղորդակցությունը: