Սեղմել Esc փակելու համար:
ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

ԲԴԽ-6-Ո-Կ-3

2020թ.

 

ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ՆԱԻՐԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ`

 

Նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի

                   նախագահ`                     Ռ. Վարդազարյանի

                   մասնակցությամբ անդամներ`     Գ. Բեքմեզյանի,

                                                Հ. Հովհաննիսյանի,

                                                Մ. Մակյանի,

                                                Լ. Մելիքջանյանի,

                                                Ա. Մխիթարյանի,

                                                Ս. Չիչոյանի,

 

                   Արդարադատության նախարար`     Ռ. Բադասյանի,

 

Արդարադատության նախարարի

                   ներկայացուցիչ`               Դ. Գասպարյանի,

 

Լոռու մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության

                   դատարանի դատավոր`            Ն. Մխիթարյանի,

 

                   Լոռու մարզի առաջին ատյանի    Շ. Նիկողոսյանի

                   ընդհանուր իրավասության       Հ. Ազատյանի,

                   դատարանի դատավորի

                   փաստաբաններ`

 

                   քարտուղարությամբ`            Մ. Թելոյանի

 

դռնփակ նիստում, քննության առնելով Արդարադատության նախարարի` «ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի փետրվարի 24-ի թիվ N 20-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է քաղաքացի Էդմոնդ Գրիգորյանի 17.12.2019թ. Արդարադատության նախարարին ներկայացրած դիմումը, որի շրջանակներում Էդմոնդ Գրիգորյանը դժգոհություն է հայտնել թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործի ընթացքից և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Դատարան) դատավոր Նաիրա Մխիթարյանի գործողություններից: Արդարադատության նախարարի 14.01.2020թ. թիվ 5-Ա որոշմամբ դատավոր Նաիրա Մխիթարյանի (այսուհետ` նաև Դատավոր) նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:

Արդարադատության նախարարի 24.02.2020թ. թիվ N 20-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

Դիմողը պնդում է, որ Դատարանի 02.10.2017թ. որոշմամբ վարույթ ընդունված գործով 25.10.2018թ.-ին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր: Այնուամենայնիվ, Դատարանը 25.10.2018թ. որոշմամբ գործի քննությունը վերսկսել է գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման և ապացույցների լրացուցիչ հետազոտման շարունակումն անհրաժեշտ համարելու հիմնավորմամբ, և դատական նիստ է նշանակել 13.02.2019թ.-ին ժ. 14:00-ին:

Այնուհետև, 13.02.2019թ.-ին նշանակված դատական նիստի կայացմամբ գործի քննությունն ավարտվել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 27.02.2019թ.-ին: Դատարանը, սակայն, գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզման և ապացույցների լրացուցիչ հետազոտման շարունակումն անհրաժեշտ համարելու վերաբերյալ նույն հիմնավորմամբ 27.02.2019թ. որոշմամբ գործի քննությունը կրկին վերսկսել է և դատական նիստ է նշանակել 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին:

Դիմողը նաև նշում է հետևյալը. «Ընդ որում, թեև Դատավորի կողմից ՀՀ արդարադատության նախարարին 30.01.2020թ. ներկայացված բացատրության համաձայն` վերջինս 27.02.2019թ. որոշմամբ գործի քննությունը վերսկսել է օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու, կողմերի արդար դատաքննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, քանի որ եզրափակիչ դատական ակտ կազմելու ժամանակ կրկին անհրաժեշտ է համարել լրացուցիչ հետազոտել ապացույցները և պարզել գործի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ, չի հստակեցվել` ինչ ապացույցների և գործի համար էական նշանակություն ունեցող ինչ հանգամանքների մասին է խոսքը»:

Դիմողն ընդգծում է, որ քննարկվող քաղաքացիական գործը քննվում է 01.01.1999թ.-ին ուժի մեջ մտած և 09.04.2018թ.-ին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` նաև Օրենսգիրք) նորմերով:

Դիմողը վկայակոչում է Օրենսգրքի մի շարք դրույթներ, մասնավորապես նշելով, որ Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:

Օրենսգրքի 108-րդ հոդվածը սահմանում է գործի վարույթը կասեցնելու և վերսկսելու կարգը: Մասնավորապես նշված հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկելով գործին մասնակցող անձանց:

i

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն` շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

Դիմողը շեշտում է, որ կոնվենցիոն, սահմանադրական կարգավորումները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումների բովանդակությունը վկայում են այն մասին, որ դատարանները, հաշվի առնելով յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքները, դրա բարդությունը, պետք է միջոցներ ձեռնարկեն գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման ուղղությամբ:

Սույն դեպքում Դատարանի կողմից 02.10.2017թ.-ին վարույթ ընդունված գործով 07.12.2017թ.-ին, 01.02.2018թ.-ին, 07.03.2018թ.-ին նախնական դատական նիստեր, այնուհետև դատաքննության անցնելուց հետո 10.07.2018թ.-ին, 06.09.2018թ.-ին, 10.10.2018թ.-ին (08.05.2018թ.-ին, 27.06.2018թ.-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել) դատական նիստեր անցկացվելու պայմաններում երկու անգամ որոշվել է վերսկսել գործի վարույթը, ընդ որում` գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը և ապացույցների լրացուցիչ հետազոտումը շարունակելու անորոշ հիմնավորմամբ:

i

Դիմողը նաև նշում է, որ Օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումից հետևում է, որ դատարանի կողմից գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը դատավարության մասնակիցներին տրամադրելու պարտականության կատարման համար սահմանված է եռօրյա ժամկետ: Միևնույն ժամանակ գործի նյութերում բացակայում են Դատարանի` գործի վարույթը վերսկսելու մասին 27.02.2019թ. որոշումը դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: Գործի նյութերում առկա` Դատավորի օգնական Գ. Պողոսյանի կողմից հայցվորին և պատասխանողին ուղղված` 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին և 05.08.2019թ.-ին ժ. 12:00-ին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերում` թվագրված համապատասխանաբար 27.02.2019թ. և 01.07.2019թ., բացակայում են համապատասխան ելից համարները և ստորագրությունները: Գործի նյութերում բացակայում են նաև նշված դատական նիստերի վերաբերյալ դատավարության մասնակիցներին ծանուցելու կապակցությամբ Դատարան ուղարկված հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը): Դիմողը նաև հայտնում է, որ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատարի 29.01.2020թ. գրությամբ քաղաքացի Էդմոնդ Գրիգորյանին ուղարկվել է հարցում` քննարկվող գործով վարույթը վերսկսելու մասին 27.02.2019թ. որոշումը, ինչպես նաև 15.04.2019թ.-ին, 05.08.2019թ.-ին, 23.01.2020թ.-ին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցումները վերջինիս կողմից ստացված լինելու հանգամանքը պարզելու համար: Նշված հարցմանն ի պատասխան` քաղաքացու կողմից 10.02.2020թ.-ին ներկայացված գրությամբ հայտնվել է, որ Դատարանի 27.02.2019թ.-ի որոշումը ստացել է փոստային ծանուցման միջոցով 30.01.2020թ.-ին` գրեթե 1 տարի անց և ելից համարից հստակ երևում է, որ այն դուրս է գրվել 2020 թվականին:

Դիմողը նաև գտնում է, որ Դատավորի կողմից թույլ են տրվել դատավորի վարքագծի կոպիտ խախտումներ, մասնավորապես «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Սույն կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորը ներկայացրել է գրավոր բացատրություն Արդարադատության նախարարին:

Արդարադատության նախարարին ներկայացրած գրավոր բացատրության մեջ Դատավորը նշել է, որ 25.10.2018թ.-ին Դատարանը եզրափակիչ դատական ակտ չի հրապարակել, քանի որ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ հետազոտել ապացույցները: Հրապարակվել է քաղաքացիական գործի քննությունը վերսկսելու մասին որոշում, դատական նիստը նշանակվել է 13.02.2019թ.-ին ժ. 14:00-ին: Դատարանի որոշումը և դատական նիստի ժամանակի, վայրի մասին ծանուցագրերն ուղարկվել են կողմերի ներկայացուցիչներին: 13.02.2019թ. դատական նիստում Դատարանն անհրաժեշտ ապացույցը հետազոտել և պարզել է, որ կողմերը չեն տիրապետում անհրաժեշտ ապացույցի ամբողջական էջերին: Դատարանը գործի քննությունն ավարտել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 27.02.2019թ.-ին ժ. 17:35-ին: Դատարանը եզրափակիչ դատական ակտ կազմելու ժամանակ կրկին անհրաժեշտ է համարել լրացուցիչ հետազոտել ապացույցները և պարզել գործի համար նշանակություն ունեցող որոշակի հանգամանքներ: Արդյունքում, օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու, կողմերի արդար դատաքննությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված, Դատարանը 27.02.2019թ.-ի որոշմամբ, հիմք ընդունելով Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը, գործի քննությունը վերսկսել է, դատական նիստը նշանակել է 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին, որը չի կայացել դատավորի անաշխատունակության մեջ գտնվելու հիմքով: Հաջորդ դատական նիստը, որը նշանակվել է 05.08.2019թ.-ին ժամը 12:00-ին, նույնպես տեղի չի ունեցել` Դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով: Հերթական դատական նիստը նշանակվել է 23.01.2020թ.-ին ժամը 15:00-ին: Գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դրանց վերաբերյալ ապացույցները հետազոտելու անհրաժեշտությունից ելնելով` Դատարանը 23.01.2020թ. դատական նիստը հետաձգել է, դատական նիստ է նշանակել 20.02.2020թ.-ին ժամը 11:00-ին: Քննարկվող գործով Դատարանը 2017-2018թթ. նշանակել է դատական նիստեր` ապահովելով կողմերի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը: Նշված ժամանակահատվածում Դատավորի ծանրաբեռնվածությունը գնալով մեծացել է, ինչն էլ հիմք է հանդիսացել հերթական դատական նիստերն ավելի երկար ընդմիջումով նշանակելու համար:

Դատավորը նաև նշել է, որ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա) պայմանավորվող պետություններին պարտավորեցնում է իրենց իրավական համակարգերը կազմակերպել այնպես, որ դատարանները կարողանան ապահովել 6-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները` ներառյալ ժամկետների ողջամտությունը, և որ ներպետական դատարանների ժամանակավոր ծանրաբեռնվածությունը չի հանգեցնում պետության պատասխանատվության, եթե պետությունը ձեռնարկում է նման իրավիճակը շտկելուն ուղղված անհապաղ արդյունավետ գործողություններ: Դատավորի համոզմամբ` ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը խախտելու համար «պատասխանատվություն» պետք է կրի նաև պետությունը:

Ինչ վերաբերում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում քննարկվող գործով որոշակի ժամանակ տեղեկատվության մասնակի բացակայությանը` համակարգը լրացնելու գործառույթն իրականացնում է Դատավորի գործավարը, որը ևս ունեցել է մեծ ծանրաբեռնվածություն:

Սույն գործով հրավիրված Բարձրագույն դատական խորհրդի նիստում Դատավորի փաստաբանը հայտնել է, որ Դատավորը կայացրել է որոշում, որում հստակ նշվել է, որ գործի քննության վերսկսումը պայմանավորված է գործի համար նշանակություն ունեցող շարժառիթները, հանգամանքները և գործում առկա ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտությամբ, իսկ թե կոնկրետ, որ հանգամանքները և (կամ) ապացույցները հետազոտելուն է ուղղված եղել գործի քննության վերսկսումը, նշել է, որ մասնավորեցնելու անհրաժեշտությունից դուրս է եղել` հիմք ընդունելով ինչպես վեճն ըստ էության չլուծող դատական ակտերին առաջադրվող պահանջները, այնպես էլ այն իրողությունը, որ գործի քննության վերսկսմամբ Դատարանը վերսկսման հիմքում դրած հանգամանքները պարզում է հենց դատական նիստով, այսինքն` ամեն դեպքում Դատարանը բացահայտում է վերսկսման առավել բուն նպատակը` հետազոտման առարկա դարձնելով այն հանգամանքները, որոնք էական նշանակություն ունեն գործի քննության համար: Բացի այդ, գործի քննության համար էական նշանակություն ունեցող այս կամ այն հանգամանքները կարող են շղթայական կապի մեջ գտնվել այլ հանգամանքների հետ, որոնք պակաս կարևոր չեն գործի քննության համար: Հետևաբար, որպեսզի դատարանը կաշկանդված չլինի իր որոշմամբ (այդ թվում` արձանագրային և/կամ թղթային) սահմանված հետազոտման ենթակա հանգամանքների շրջանակով, գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության սկզբունքից է բխում հետազոտման ենթակա հանգամանքները չթվարկելը: Հակառակ դեպքում հնարավոր է ստեղծվի իրավիճակ, երբ մի հանգամանքի պարզմամբ, ինքնըստինքյան կվերանա մնացած հանգամանքների պարզաբանման անհրաժեշտությունը և (կամ) հակառակը, իսկ դա էլ կհանգեցնի որոշմամբ առաջադրված նպատակների ոչ լրիվ կատարման:

Միջնորդությամբ Դատավորին վերագրվել է նաև 15.04.2019թ.-ի, 05.08.2019թ.-ի դատական նիստերի ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու պարտականությունը կատարած չլինելու խախտում: Դատավորը 01.04.2019 թվականից առ 05.04.2019 թվականը մասնակցել է 2019 թվականի դատավորների վերապատրաստման դասընթացներին, որի ընթացքում առողջական խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով էլ 10.04.2019 թվականից մինչև 14.04.2019 թվականը գտնվել է անաշխատունակության մեջ, այնուհետև այն երկարաձգվել է մինչև 19.04.2019 թվականը: Թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով 15.04.2019թ.-ին նշանակված դատական նիստը վերանշանակվել է 05.08.2019թ.-ին, ինչի մասին կողմերը ծանուցվել են, սակայն նշված օրը դատական նիստը տեղի չի ունեցել Դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով` հիմք Դատարանի նախագահի 19.07.2019 թվականի համապատասխան հրամանը: Դատական նիստերը չեն կայացել մի դեպքում Դատավորի վատառողջ լինելու, մյուս դեպքում` արձակուրդում գտնվելու պատճառներով, այսինքն` առկա չէ որևէ պատճառահետևանքային կապ գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին ծանուցված չլինելու ու դատական նիստերը հետաձգելու միջև:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ ի պատասխան հնչեցված հետևյալ հարցերի` «Ինչո՞ւ 05.04.2019թ.-ին և 05.08.2019թ.-ին նշանակված դատական նիստերի մասին ծանուցագրերին կցված չեն հետադարձ ծանուցման ձևաթղթերը, ծանուցագրերը չեն պարունակում ելքի համար և ստորագրություն, ինչո՞ւ է 05.04.2019թ.-ին, 05.08.2019թ.-ին և 23.01.2020թ.-ին նշանակված դատական նիստերի մասին գրառումները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում կատարվել 19.12.2019թ. 11:20-22-ը ընկած ժամանակահատվածում», Դատավորը պատասխանել է, որ և՛ ծանուցագրերը, և՛ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ կատարելու գործառույթն իրականացնում է դատավորի գործավարը, որը թերացել է իր գործողություններում և այն բանից հետո, երբ Դատավորն իմացել է Արդարադատության նախարարին ներկայացված բողոքի մասին, հետամուտ է եղել, որ համապատասխան տեղեկատվությունը լրացվի:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Հայցվոր) 22.09.2017թ.-ին հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Էդմոնդ Գրիգորյանի (այսուհետ` նաև Պատասխանող)` գումարի բռնագանձման պահանջի մասին: Դատարանի 02.10.2017թ.-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ, քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 07.12.2017թ.-ին ժ. 12:40-ին: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ բավարարվել է Հայցվորի` հայցի ապահովման միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդությունը, և որոշվել է հայցագնի չափով արգելանք դնել Պատասխանողին պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա:

2. 07.12.2017թ.-ին նշանակված նախնական դատական նիստի շրջանակներում Դատարանի կողմից բավարարվել է Պատասխանողի ներկայացուցչի` լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու նպատակով գործի քննությունը հետաձգելու մասին միջնորդությունը, և հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 01.02.2018թ.-ին, ժ. 16:00-ին:

3. 01.02.2018թ. նախնական դատական նիստի շրջանակներում Դատարանի արձանագրային որոշմամբ բավարարվել է Պատասխանողի ներկայացուցչի` գործով վկաներ ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը: Նշված դատական նիստում կողմերի ներկայացուցիչների հետ քննարկվել է ապացուցման հարցը և արձանագրային որոշմամբ կողմերի միջև բաշխվել է ապացուցման պարտականությունը: Նույն դատական նիստում Հայցվորի ներկայացուցչի` հայցապահանջի չափն ավելացնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել է, ավելացված հայցապահանջի մասով պատասխան ներկայացնելու համար Պատասխանողին տրամադրվել է օրենսդրությամբ սահմանված երկշաբաթյա ժամկետ: Գործի քննությունը հետաձգվել է ու նշանակվել 07.03.2018թ.-ին ժ. 14:15-ին:

4. 07.03.2018թ.-ին նշանակված նախնական դատական նիստի շրջանակներում կողմերի ներկայացուցիչները հայցապահանջի ավելացված մասի վերաբերյալ ներկայացրել են իրենց դիրքորոշումները: Դատարանի արձանագրային որոշմամբ բաշխվել է կողմերի ապացուցման բեռը: Գործը 08.05.2018թ.-ին ժ. 15:00-ին նշանակվել է դատաքննության:

5. 08.05.2018թ.-ին նշանակված դատական նիստը հետաձգվել է` հիմք ընդունելով Դատարանում 08.05.2018թ.-ին էլեկտրոնային փոստով ստացված` Հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` Երևան քաղաքից դուրս եկող ճանապարհները փակ լինելու հիմքով դատական նիստը հետաձգելու մասին, ինչպես նաև պատասխանող կողմի` դատական նիստին Դատարանին անհայտ պատճառով չներկայանալու հանգամանքը: Հերթական դատական նիստ է նշանակվել 27.06.2018թ.-ին ժ. 15:30-ին:

6. 27.06.2018թ.-ին նշանակված նախնական դատական նիստը չի կայացել Դատավորի արձակուրդում գտնվելու հիմքով, դատական նիստը վերանշանակվել է 10.07.2018թ.-ին ժ. 15:30-ին:

7. 10.07.2018թ. դատական նիստի շրջանակներում` կողմերի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիրքորոշումները հայցապահանջի վերաբերյալ: Պատասխանողի ներկայացուցիչը Դատարանին խնդրել է հետաձգել գործի քննությունը վկաների ստույգ հասցեները պարզելու նպատակով: Հայցվորի ներկայացուցիչը միջնորդության դեմ չի առարկել: Դատարանի արձանագրային որոշմամբ գործի քննությունը հետաձգվել է և նշանակվել 06.09.2018թ.-ին ժ. 16:00-ին:

8. 06.09.2018թ. դատական նիստին ներկայացել է Պատասխանողի ներկայացուցիչը և գործով վկաները, իսկ Հայցվորի ներկայացուցիչը չի ներկայացել Դատարանին անհայտ պատճառով: Պատասխանող կողմը միջնորդել է հետաձգել գործի քննությունը` հայցվոր կողմի կողմից վկաներին հարցեր ուղղելու հնարավորություն տալու համար: Միջնորդությունը բավարարվել է, հերթական նիստը նշանակվել է 10.10.2018թ.-ին ժ. 12:00-ին:

9. 10.10.2018թ.-ին դատական նիստը կայացել է, գործի քննությունն ավարտվել է, դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 25.10.2018թ.-ին ժ. 17:35-ը:

10. Դատարանը, ղեկավարվելով Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետով, անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը և ապացույցների լրացուցիչ հետազոտումը, 25.10.2018թ. որոշմամբ գործի քննությունը վերսկսել է, դատական նիստ է նշանակել 13.02.2019թ.-ին ժ. 14:00-ին:

11. 13.02.2019թ.-ի դատական նիստում Դատարանը գործի քննությունն ավարտել է և դատական ակտի հրապարակման օր է նշանակել 27.02.2019թ.-ին ժ. 17:35-ին:

12. Դատարանը, ղեկավարվելով Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ կետով, անհրաժեշտ համարելով շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը և ապացույցների լրացուցիչ հետազոտումը, 27.02.2019թ. որոշմամբ գործի քննությունը վերսկսել է, դատական նիստ է նշանակել 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին: Գործի նյութերում բացակայում են Դատարանի` գործի քննությունը վերսկսելու մասին 27.02.2019թ.-ի որոշումը` դատավարության մասնակիցներին ուղարկելու վերաբերյալ ապացույցներ: 27.02.2019թ. որոշումը գործի քննությունը վերսկսելու մասին պատասխանողին ուղարկվել է 23.01.2020թ.-ին թիվ 3963/20 ելից գրությամբ և վերջինիս կողմից ստացվել է 31.01.2020թ.-ին (հիմք` նշված գրությանը կից ներկայացված ծրարի պատճենը):

13. Գործի նյութերում առկա են Դատավորի օգնական Գ. Պողոսյանի կողմից Հայցվորին և Պատասխանողին ուղղված 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագրեր` թվագրված 27.02.2019թ. առանց համապատասխան ելից համարի և ստորագրության: Գործի նյութերում բացակայում են հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը):

14. 15.04.2019թ. ժ. 14:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել Դատավորի անաշխատունակության պատճառով: Դատական նիստը վերանշանակվել է 05.08.2019թ.-ին ժ. 12:00-ին:

15. Գործի նյութերում առկա են Դատավորի օգնական Գ. Պողոսյանի կողմից Հայցվորին և Պատասխանողին ուղղված` 05.08.2019թ.-ին ժ. 12:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագրեր` թվագրված 01.07.2019թ. առանց համապատասխան ելից համարի և ստորագրության: Գործի նյութերում բացակայում են հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը):

16. 05.08.2019թ.-ին ժ. 12:00-ին նշանակված դատական նիստը չի կայացել Դատավորի արձակուրդի մեջ գտնվելու պատճառով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի 19.07.2019թ. թիվ 48-Ա հրաման): Հաջորդ դատական նիստը նշանակվել է 23.01.2020թ.-ին ժ. 15:00-ին:

17. Գործի նյութերում առկա են Դատավորի օգնական Գ. Պողոսյանի կողմից Հայցվորին և Պատասխանողին ուղղված` 23.01.2020թ.-ին ժ. 15:00-ին նշանակված դատական նիստի վերաբերյալ ծանուցագրեր` թվագրված 18.11.2019թ. թիվ 61845/19 և թիվ 61847/19 ելից համարներով և համապատասխան ստորագրությամբ: Գործի նյութերում բացակայում են հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը):

18. Կողմերի ներկայացուցիչները 23.01.2020թ.-ին ժ. 15:00-ին նշանակված դատական նիստին չեն ներկայացել: Հերթական դատական նիստ է նշանակվել 20.02.2020թ.-ին ժամը 11:00-ին:

19. Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվության` 20.02.2020թ.-ին ժ. 11:00-ին նշանակված դատական նիստը կայացել է և 05.03.2020 թ.-ին ժ. 17:30-ին նշանակվել է վճռի հրապարակման օր:

20. Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա տվյալների` 15.04.2019թ., 05.08.2019թ., 23.01.2020թ. նշանակված դատական նիստերի վերաբերյալ տվյալները լրացվել են 19.12.2019թ.-ին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Արդարադատության նախարարի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի ներկայացուցչի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է բավարարման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:

i

Նույն օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ` քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատական ակտի պատճառաբանված լինելու օրենսդրական պահանջը,

2. արդյո՞ք թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է դատական նիստի/նիստերի մասին կողմերի պատշաճ ծանուցման օրենսդրական պահանջը,

3. արդյո՞ք թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորը խախտել է գործի ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը,

4. արդյո՞ք թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտումները կարող են որակվել որպես ակնհայտ և կոպիտ,

5. արդյո՞ք թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի/կանոնների խախտում, որը կրում է կոպիտ բնույթ:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործը Դատարանի կողմից քննվել է 17.06.1998թ.-ին ընդունված, 01.01.1999թ.-ին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով:

i

Օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերսկսում է գործի քննությունը: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործի քննությունը վերսկսելու մասին կայացվում է որոշում:

i

Օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:

i

Բարձրագույն դատական խորհուրդն իր մի շարք որոշումներում (19.03.2020թ. թիվ ԲԴԽ-6-Ո-Կ-2, 10.12.2019թ. թիվ ԲԴԽ-69-Ո-Կ-17) անդրադարձել է դատական ակտի պատճառաբանվածության պահանջին: Բարձրագույն դատական խորհուրդը շեշտում է, որ դատական ակտի պատճառաբանվածության պահանջը բխում է իրավունքի գերակայության և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու արդար դատաքննության իրավունքից: Ցանկացած դատական ակտ` ընդունված դատարանի կողմից կոնկրետ գործով, պետք է բավարարի պատճառաբանվածության չափանիշը: Եվրոպական դատարանն իր մի շարք որոշումներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում` արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով:

i

Սահմանադրական դատարանը 05.02.2013թ. թիվ ՍԴՈ-1074 որոշման շրջանակներում անդրադառնալով 01.01.2008թ. ուժի մեջ մտած և 07.01.2014թ. ուժը կորցրած ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով գործի քննությունը վերսկսելու վերաբերյալ որոշումներին` արտահայտել է իրավական դիրքորոշում առ այն, որ տվյալ դատական ակտը կայացնելու իրավասությունը ենթադրում է իրավունքով սահմանափակված հայեցողություն և պատճառաբանված դատական ակտ կայացնելու պարտականություն:

Քննարկվող պարագայում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատարանի 25.10.2018թ. և 27.02.2019թ. գործի քննությունը վերսկսելու մասին որոշումներում առհասարակ բացակայում է պատճառաբանություն, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքների պարզումը կամ որ ապացույցները լրացուցիչ հետազոտելու անհրաժեշտությունն է առաջացել, որն էլ իր հերթին հիմք կհանդիսանար գործի քննությունը վերսկսելու մասին որոշում (այն էլ` անընդմեջ երկու անգամ) կայացնելու համար: Նման պատճառաբանության անհրաժեշտությունն ինքնանպատակ չէ և գործի ողջամիտ ժամկետում քննության տեսանկյունից կոչված է երաշխավորելու գործին մասնակցող անձանց իրավունքների պատշաճ իրացման հնարավորությունը: Դատավորը բավարարվել է որոշումներում միայն գործի քննությունը վերսկսելու ընդհանրական հնարավորությունը սահմանող օրենսդրական ձևակերպումների վերարտադրությամբ, ինչը չի կարող համարվել որոշման պատշաճ պատճառաբանվածություն, ուստի այս պարագայում հերքվում են Դատավորի փաստաբանի հնչեցրած այն փաստարկները, որ Դատավորի կողմից կայացված որոշման մեջ հստակ նշվել են այդ շարժառիթները:

Ինչ վերաբերում է Դատավորի փաստաբանի այն փաստարկին, որ Դատարանը գործի քննության վերսկսման հիմքում դրված հանգամանքները պարզում է հենց դատական նիստով, ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ վերսկսման հիմքում դրված հանգամանքները դատական նիստով պարզելուն ուղղված գործողությունների արդյունավետ իրականացմանն է միտված գործի քննությունը վերսկսելու մասին որոշման մեջ դրա համար հիմք հանդիսացած շարժառիթները նշելու կարևորությունը:

i

Բարձրագույն դատական խորհուրդը, հիմք ընդունելով այն, որ Պատասխանողն առանձին ակտի ձևով կայացված Դատարանի` գործի քննությունը վերսկսելու մասին 27.02.2019թ. որոշումն ստացել է 31.01.2020թ.-ին, փաստում է, որ խախտվել է Օրենսգրքի 145-րդ հոդվածի պահանջը, ըստ որի` առանձին ակտի ձևով կայացված դատարանի որոշումը պատշաճ ձևով ուղարկվում է գործին մասնակցող անձանց` որոշումը կայացնելու օրվանից եռօրյա ժամկետում: Եվ քանի որ գործի քննությունը 27.02.2019թ.-ին վերսկսելուց հետո 15.04.2019թ.-ին, 05.08.2019թ.-ին նշանակված դատական նիստերի վերաբերյալ տվյալները «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացվել են 19.12.2019թ.-ին, իսկ գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց օրենքով սահմանված ժամկետում չի ուղարկվել, ուստի դրա արդյունքում` վերջիններս առնվազն զրկվել են գործի ընթացքի մասին տեղեկանալու հնարավորությունից:

Անդրադառնալով դատական նիստի/նիստերի մասին կողմերի պատշաճ ծանուցման օրենսդրական պահանջը Դատավորի կողմից պահպանված լինելուն` Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք, իսկ 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության և իրավահավասարության հիման վրա:

Եվրոպական դատարանն իր նախադեպային որոշման մեջ արտահայտել է այն դիրքորոշումը, որ «հավասարության» սկզբունքը` կողմերի միջև «արդար հավասարակշռության» իմաստով պահանջում է, որ յուրաքանչյուր կողմ ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի նվազ բարենպաստ վիճակում:

Մրցակցային դատաքննության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն:

Տվյալ դեպքում դատական քննության ընթացքում կողմերի հավասարության սկզբունքի պահպանմանն է ուղղված դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի ընթացակարգի պահպանումը:

i

Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձիք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին: Դատական ծանուցագրերով դատարան են կանչվում նաև վկաները, փորձագետները և թարգմանիչները:

i

Դատական ծանուցումներին վերաբերող հարցի վերաբերյալ իրավական դիրքորոշում է հայտնել նաև Վճռաբեկ դատարանն իր մի շարք որոշումներում, մասնավորապես, 30.04.2015 թվականի թիվ ԵԿԴ/2767/02/09 որոշմամբ նշել է. «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի տեղեկացնելու պարտականությունը ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով, դատական նիստի օրվա, ժամի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է քաղաքացիադատավարական օրենքի էական խախտում»:

Սույն գործի նյութերում առկա` Դատավորի օգնական Գ. Պողոսյանի կողմից Հայցվորին և Պատասխանողին ուղղված 15.04.2019թ.-ին ժ. 14:00-ին և 05.08.2019թ.-ին ժ. 12:00-ին նշանակված դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերում` թվագրված համապատասխանաբար 27.02.2019թ. և 01.07.2019թ., բացակայում են համապատասխան ելից համարները և ստորագրությունները: Գործի նյութերում բացակայում են նաև նշված դատական նիստերի վերաբերյալ դատավարության մասնակիցներին ծանուցելու կապակցությամբ Դատարան ուղարկված ստացման մասին հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը): Ինչ վերաբերում է 23.01.2020թ. ժ. 15:00-ին նշանակված դատական նիստին` գործի նյութերում առկա են Հայցվորին և Պատասխանողին ուղղված այդ դատական նիստի վերաբերյալ ծանուցագրեր` թվագրված 18.11.2019թ. թիվ 61845/19 և թիվ 61847/19 ելից համարներով և համապատասխան ստորագրությամբ: Այնուամենայնիվ, բացակայում են ստացման մասին հետադարձ ծանուցումները (ծանուցման մասին անդորրագրերը):

Վերոգրյալները հիմք ընդունելով` Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ տվյալ դեպքում չեն պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի պահանջները: Միաժամանակ նկատի ունենալով այն հանգամանքը, որ 15.04.2019թ. և 05.08.2019թ. դատական նիստերը տեղի չեն ունեցել Դատավորի համապատասխանաբար անաշխատունակության և արձակուրդում գտնվելու պատճառներով` Բարձրագույն դատական խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված` դատական նիստերի չկայանալու պայմաններում չի դադարում գործել դատական նիստի մասին կողմերին ծանուցելու օրենսդրական պահանջը: Մասնավորապես Դատավորն Օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին մասի ուժով պարտավոր էր պատշաճ կերպով ծանուցել դատավարության մասնակիցներին դատական նիստերի մասին. Օրենսգիրքը որևէ բացառություն այս ընդհանուր կանոնից չի նախատեսում: Նման պայմաններում անհիմն է դառնում Դատավորի այն փաստարկը, ըստ որի` դատական նիստի մասին ծանուցման անհրաժեշտությունն առկա չէ այն դեպքում, երբ դատական նիստը չի կայացել:

Բացառելով Դատավորի գործողություններում որևէ դիտավորություն, միաժամանակ Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում 15.04.2019թ. և 05.08.2019թ. նշանակված դատական նիստերի վերաբերյալ տվյալները 19.12.2019թ.-ին լրացվելու և դրանց վերաբերյալ դատավարության մասնակիցներին համապատասխան ծանուցումներն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` 2020 թվականին ուղարկելու հանգամանքները` անկողմնակալ դիտորդի մոտ կարող են առաջացնել այն տպավորությունը, որ Դատավորի կողմից այդ նիստերը նշանակվել են նախապես դրանց կայացումը բացառող հանգամանքների հաշվառմամբ:

Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ է համարում նաև անդրադառնալ թիվ ԼԴ/2137/02/17 քաղաքացիական գործով Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննելու պարտականության իրացման հարցին:

Բարձրագույն դատական խորհուրդը կարևորում է ողջամիտ ժամկետում գործի քննության անհրաժեշտությունը` հաշվի առնելով, որ այդպիսի խախտումը կարող է հանգեցնել ոչ միայն արդար դատաքննության իրավունքի խախտման, այլ նաև այլ իրավունքների` մասնավորապես սույն գործով` անձի սեփականության իրավունքի խախտման:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորը 27.02.2019թ.-ին նշանակել է վճռի հրապարակման օր` երկրորդ անգամ, սակայն նշված գործի քննությունը 27.02.2019թ.-ին վերսկսել է, Պատասխանողը դրա վերաբերյալ որոշումը ստացել է փոստային ծանուցման միջոցով 31.01.2020թ.-ին, իսկ ելից համարից հստակ երևում է, որ այն ելքագրվել է 2020 թվականին: Փաստորեն, Դատավորը մեկ տարի անց է տեղեկացրել Պատասխանողին գործի քննությունը վերսկսելու մասին: Ավելին` Դատարանի կողմից 02.10.2017թ.-ին վարույթ ընդունված գործով 07.12.2017թ.-ին, 01.02.2018թ.-ին, 07.03.2018թ.-ին անցկացվել են նախնական դատական նիստեր, այնուհետև դատաքննության անցնելուց հետո 10.07.2018թ.-ին, 06.09.2018թ.-ին, 10.10.2018թ.-ին (08.05.2018թ.-ին, 27.06.2018թ.-ին նշանակված դատական նիստերը չեն կայացել) կայացած նիստերի ընթացքում գործի ելքի համար էական նշանակություն ունեցող հանգամանքների և ապացույցների հետազոտումը բավարար չհամարելով երկու անգամ որոշվել է վերսկսել գործի քննությունը, ընդ որում` առանց դրանց հետազոտումը շարունակելու անհրաժեշտության վերաբերյալ որևէ հիմնավորման: Տվյալ պարագայում Բարձրագույն դատական խորհուրդը փաստում է գործի ողջամիտ ժամկետում քննության Դատավորի պարտականության խախտում:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի խախտումների առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Խախտումները նաև կոպիտ են, քանի որ առանց պատճառաբանության դատական ակտի ընդունումը, դատական նիստի վերաբերյալ ծանուցման օրենսդրական պահանջի չկատարումը և ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջի չպահպանումը խախտում է անձի արդար դատաքննության իրավունքը, ինչն իր հերթին հեղինակազրկում է դատական իշխանությունը և նվազեցնում վստահությունը դատական իշխանության նկատմամբ:

Վերոգրյալն էլ իր հերթին հանգեցրել է դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտման, մասնավորապես մի կողմից ոչ պատճառաբանված դատական ակտի ընդունումը և դատական նիստերի մասին կողմերին ոչ պատշաճ ծանուցելը խախտել է Դատավորի կողմից անաչառության, անկողմնակալության պահպանման պահանջը, մյուս կողմից` գործի քննության ձգձգումը, երկու անգամ գործի քննության վերսկսումը` առանց պատճառաբանության, խախտել է Դատավորի կողմից գործի ողջամիտ քննության վերաբերյալ վարքագծի կանոնը:

Բարձրագույն դատական խորհուրդը նաև արձանագրում է, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնների խախտումները կրում են կոպիտ բնույթ, քանի որ հեղինակազրկում են դատական իշխանությունը:

Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Դատավորի կողմից դատավարական իրավունքի նորմերի և դատավորի վարքագծի կանոնների խախտումները թույլ են տրվել կոպիտ անփութությամբ:

i

Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ դատական նիստերի վերաբերյալ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար Դատավորը պատասխանատվություն չի կրում, քանի որ այդ գործառույթն իրականացնում է դատավորի աշխատակազմը (մասնավորապես գործավարը), ապա Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ Դատավորի նման պատճառաբանությունը հիմնավոր չէ, քանի որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար», նույն օրենքի 67-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն` «Դատավորը պարտավոր է մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը` ինչպես անձամբ պահպանելով վարքագծի կանոնները, այնպես էլ հետամուտ լինելով այլ դատավորների և դատարանի աշխատակազմի կողմից դրանց պահպանմանը»: «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի համաձայն` «Ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է բարեխղճորեն և լիարժեք կատարել իր պաշտոնեական պարտականությունները, համագործակցել դատարանի աշխատակազմի և այլ դատավորների հետ»: Օրենսգրքի 78-րդ հոդվածի ուժով դատավարության մասնակիցները դատական նիստերի մասին պատշաճ ծանուցվում են դատարանի կողմից: Վերոգրյալ իրավակարգավորումների համատեքստում Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ դատավորի պարտականությունն է ապահովել գործը ողջամիտ ժամկետում քննության օրենսդրական պահանջը, ուստի դատավարության մասնակիցներին պատշաճ ծանուցելու առումով իր աշխատակազմի թերացումների կամ անգործության համար պատասխանատվությունը կրում է դատավորը: Եվ Դատավորի այն պատճառաբանությունը, որ ծանուցագրերը կողմերին պատշաճ չուղարկելու և «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում լրացումներ չկատարելու համար պատասխանատվությունը կրում է վերջինիս աշխատակազմը, չի կարող դիտվել որպես հիմնավոր բացատրություն, քանի որ օրենսդրի կողմից դատարանների վրա է դրված անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների ապահովմանն ուղղված օրենսդրական բոլոր գործողությունների պատշաճ կատարումը:

Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է նաև, որ կարգապահական պատասխանատվության հարցի քննության պահին Դատավորը չի ունեցել կարգապահական տույժ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատավորի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժը պետք է համաչափ լինի կատարված խախտմանը: Կարգապահական տույժ կիրառելիս Բարձրագույն դատական խորհուրդը հաշվի է առնում խախտման բնույթը և հետևանքները, դատավորի անձը, առկա տույժերը և ուշադրության արժանի այլ հանգամանքներ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով, 149-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Արդարադատության նախարարի միջնորդությունը` Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` բավարարել: Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Մխիթարյանին հայտարարել խիստ նկատողություն:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ       Ռ. Վարդազարյան

    Անդամներ`             Գ. Բեքմեզյան

                          Հ. Հովհաննիսյան

                          Մ. Մակյան

                          Լ. Մելիքջանյան

                          Ա. Մխիթարյան

                          Ս. Չիչոյան

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
02.04.2020
N ԲԴԽ-6-Ո-Կ-3
Որոշում