Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 ապրիլի 2020 թվականի N 638-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ցանկի 374-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշմամբ նախատեսված` Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարության 2020-2022 թվականների միջոցառումների ծրագրով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից անհրաժեշտ ծախսերի հատկացման հարցը քննարկել տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 29

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի ապրիլի 23-ի

N 638-Լ որոշման

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ 2. ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ 3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

Ոստիկանության ժամանակակից կառուցվածքը և ընթացիկ իրավիճակը

Ռազմավարությամբ առաջարկվող կազմակերպաիրավական ձևը

4. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Պարեկային ծառայության ստեղծում

Մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության զորքերի ապառազմականացում

Հասարակական կարգի պահպանություն

6. ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Ոստիկանության ներկայիս գործառույթները քրեական վարույթի ընթացքում

Ռազմավարությամբ առաջարկվող քրեական ոստիկանության մոդելը

7. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ

Համայնքային ոստիկանության գործող մոդելը

Ռազմավարությամբ առաջարկվող համայնքային ոստիկանության գործառույթի իրականացումը

8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ 9. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ 10. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ 11. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄԸ

 

ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Հայաստանի Հանրապետությունում անկախացումից ի վեր հանրության շրջանում ոստիկանության ընկալումը հանրային վստահության առումով տարբեր աստիճաններ է արձանագրել: Սա պայմանավորված է եղել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների համադրությամբ, մասնավորապես` մի կողմից` խորհրդային ժամանակաշրջանի կարծրացած ընկալումներով և արդեն անկախ պետության ոստիկանության կողմից նույն խորհրդային միլիցիայի գործելակերպին բնորոշ ասպեկտների պահպանման պրակտիկայով, իսկ մյուս կողմից` անվտանգության ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու և դրանք հասցեագրելու անբավարար կարողություններով, թերի ֆինանսավորմամբ և որպես արմատական պատճառ` ոստիկանության մասնագիտական կրթական և պատրաստման համակարգի արժեքային փոփոխությունների դանդաղությամբ, իսկ որոշ ուղղություններով` այդ փոփոխությունների իսպառ բացակայությամբ:

Հետխորհրդային պետություններից շատերում անկախացումից ի վեր միլիցիա անվանումը փոխվել է պոլիցիա, պոլիս(1) (ոստիկանություն), սակայն ժողովրդավարական արժեքային ու բովանդակային կայուն փոփոխությունները հաջողվել են թերևս քչաթիվ նման պետություններում:

_____________________

1) «Միլիցիա» բառի հիմքում «զինվոր» արմատն է, այն դեպքում, երբ «պոլիցիա», «պոլիս» բառի հիմքում` հանրային, քաղաքացիական կարգ կամ հունարեն` քաղաք բառն է:

 

Նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում հանցավորության աստիճանի համեմատաբար ցածր մակարդակը(2) Հայաստանում ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտությունն առաջին հերթին պայմանավորված է ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ոստիկանության ծառայություն ունենալու իրական անհրաժեշտությամբ, ոստիկանության գործունեության արդյունավետության բարձրացմամբ, տարիներ ի վեր բարձրաձայնված հանրային պահանջով և անկեղծ քաղաքական կամքի առկայությամբ:

_____________________

2) https://www.numbeo.com/crime/rankings_by_country.jsp?title= 2020®ion=142

 

Պետության հարկադրանք կիրառող, օրվա իշխանությանը ծառայող մարմնի իմիջն անհրաժեշտ է փոխել հանրության անվտանգությունն ապահովող, հանրությանը ծառայող վստահելի և հարգանքի արժանի հանրային ծառայության տեսակի:

Այս ոլորտում նման կայուն փոփոխությանը հնարավոր է հասնել պետության ու հանրության երկխոսության միջոցով` ոստիկանությունում ինստիտուցիոնալ փոփոխությունների (արժեքային, բովանդակային, միջավայրային և նյութական հագեցվածության) իրականացման ճանապարհով, բարեփոխումների մշակման և իրականացման ընթացքում ներառական մասնագիտական քննարկումների միջոցով և իհարկե, փոփոխությունների մասին գրագետ ու թիրախային ռազմավարական հաղորդակցության իրականացմամբ:

Հաշվի առնելով այլ պետություններում իրականացված ոստիկանության բարեփոխումների փորձը` հասարակական երկխոսությունն ու ռազմավարական հաղորդակցությունը երկարաժամկետ, կայուն և զգալի փոփոխությունների կարևոր գրավական են:

Մյուս կողմից, նկատի ունենալով ոլորտի առանձնահատկությունը` անհրաժեշտ է լիակատար ներդաշնակություն ապահովել Կառավարության կողմից ոլորտային բարեփոխումների ծրագրերի, մասնավորապես` Ազգային անվտանգության, դատական և իրավական, կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային ծառայության, մարդու իրավունքների պաշտպանության և ոլորտային բարեփոխումների մյուս ռազմավարությունների և իհարկե, ամփոփման փուլում գտնվող քրեադատավարական նոր օրենսդրության հետ:

 

1. ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԱՄՓՈՓԱԳԻՐ

 

Ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանության վերափոխումն ու ժողովրդավարական իրավակարգին բնորոշ նոր ոստիկանի կերպարի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ կլինի լուծել հետևյալ հիմնական խնդիրները`

- վերանայել ու ըստ մասնագիտական կարիքների բարեփոխել ոստիկանության ծառայողների պատրաստման ու շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգը` թե՛ ծրագրերի բովանդակության, թե՛ պատրաստման մեթոդի տեսանկյունից,

- ստեղծել ոլորտի քաղաքականություն մշակող և իրականացնող, հաշվետվողականության ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներ ունեցող գործադիր իշխանության մարմին, ինչպես նաև իրականացնել ոստիկանության ծառայության կառուցվածքային ու գործառութային վերանայում` ըստ բարեփոխումների հիմնական ուղղություններով իրականացվելիք փոփոխությունների,

- ապահովել բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ օրենսդրական բազան,

- իրականացնել հանրային երկխոսություն նաև մասնագիտացված շրջանակների հետ ոչ միայն բարեփոխումների պլանավորման, այլև իրականացման փուլում,

- հանրությանը մատչելի ու ժամանակին ներկայացնել բարեփոխումների ընթացքի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև հարգանքի արժանի նոր ոստիկանի կերպարը,

- բարձրացնել հանրային ծառայության այս տեսակի նկատմամբ գրավչությունը` նաև նախատեսելով սոցիալական լրացուցիչ երաշխիքներ` Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում ու ծառայության բոլոր տեսակներում պրոֆեսիոնալների համաչափ ներգրավման նպատակով,

- արդյունավետ համագործակցության հիմքեր ստեղծել կամ զարգացնել տարածաշրջանային ու գլոբալ մակարդակներում գործող միջազգային մասնագիտացված կազմակերպությունների ու ցանցերի հետ համագործակցությունը` միտված լավագույն փորձառության շարունակական փոխանակմանը, ինչպես նաև միասնական ջանքերով կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքարին:

Առաջնահերթ ուղղությունները. Բարեփոխման յուրաքանչյուր ուղղությամբ անհրաժեշտ կլինի իրականացնել իրավիճակի առավել մանրամասն ուսումնասիրություն, մասնավորապես` նկատի ունենալով ոլորտային օրենսդրական ակտերի, նյութական և տեխնիկական ապահովվածության (ներառյալ` տվյալների բազաների և տեղեկատվական համակարգերի) աուդիտը:

ա. Կառուցվածքային փոփոխություններ և գործառույթների հստակեցում Անհրաժեշտ է ստեղծել ժողովրդավարական խորհրդարանական պետությանը բնորոշ կառուցվածք` քաղաքականության մշակման և իրականացման դասական գործառույթներով, այլ կերպ ասած` ներքին գործերի նախարարություն, որն իր տանիքի տակ կմիավորի ոստիկանությանը բնորոշ և ոչ այնքան բնորոշ ֆունկցիաների իրականացումը և հատկապես` իր համակարգման ոլորտի քաղաքականության մշակումը, իրականացումն ու դրա պատասխանատվությունը: Նախարարության ձևավորումը թույլ կտա ապահովել ոլորտի թե՛ խորհրդարանական, թե՛ քաղաքացիական վերահսկողությունը: Այս փոփոխությունը կենթադրի օրենսդրության, ինչպես նաև որոշ ներքին կառուցվածքային փոփոխություններ:

Քրեադատավարական նոր օրենսդրության կարգավորումների ու սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է ոլորտային օրենսդրությամբ հստակեցնել նաև ոստիկանության ֆունկցիաները քրեական դատավարության կարգով իրականացվող նախաքննության առումով: Մյուս կողմից` անհրաժեշտ է հստակեցնել վարչական իրավախախտումների կանխարգելման ու քննության ոլորտներում ոստիկանության տարբեր ծառայությունների գործառույթները, համագործակցության մեխանիզմները: Կարևոր է լինելու նաև քննարկել սահմանային որոշ անցման կետերում պետական սահմանի ռեժիմի պահպանության գործառույթները ոստիկանությանը վերապահելու հարցը:

բ. Պարեկային ծառայություն և Օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծում Անհրաժեշտ է ստեղծել տուժողներին արագ օգնության հասնելու և որակյալ, անհետաձգելի բժշկական, հոգեբանական օգնություն ցուցաբերելու, իրավախախտումները կանխելու ու խափանելու, իրավախախտում կատարած անձանց հայտնաբերելուն աջակցելու, նրանց կողմից ցուցաբերվող դիմադրությանը համարժեք ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ կիրառելու հմտություններ ունեցող Պարեկային ոստիկանություն(3):

_____________________

3) Ավտոպարեկային ու հետիոտն ստորաբաժանումներով` Երևանում և մարզերում:

 

Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանալու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներն ընդունող միասնական օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնն ունենալու է տեղեկատվական վերլուծության հնարավորություններ, ինչպես նաև փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր: Միջնաժամկետ կտրվածքով քննարկման առարկա պետք է դառնա նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնի և շտապ օգնության հետ ոստիկանության օպերատիվ կենտրոնի միավորման հարցը` ընդգրկելով ամբողջ պետության տարածքը:

Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի գործունեության արդյունավետության տեսանկյունից կարևոր է լինելու Ոստիկանության համակարգում նրանց կենտրոնաձիգ ենթակայություն նախատեսող կառուցվածքի ապահովումը:

գ. Նախաքննության արդյունավետություն Ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունը 2014 թվականին ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական կոմիտեին, որն, ըստ էության, մինչ այդ համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է, և հենց քննչական կոմիտեի վարույթում են ներկայումս կենտրոնացած ամենամեծ քանակությամբ քրեական գործերը: Նախաքննություն իրականացնող մյուս երեք քննչական մարմիններն են` պետական եկամուտների կոմիտեն (հարկային ու մաքսային իրավախախտումների գործերով), ազգային անվտանգության ծառայությունը (ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք հանցագործությունների վերաբերյալ գործերով) և հատուկ քննչական ծառայությունը (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ կատարած հանցագործությունների, ինչպես նաև քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցագործությունների վերաբերյալ գործերով):

Քննչական մարմինների նման դասավորվածության պայմաններում ոստիկանության համակարգի ամբողջ ռեսուրսը դուրս է մնում քրեական գործերի նախաքննության գործառույթից, ինչը, բացի հանցավորության դեմ արդյունավետ պայքարի խնդրից, նաև խնդրահարույց է պետության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման տեսանկյունից:

Այդ իսկ պատճառով քննարկվող ռազմավարության շրջանակներում քննարկման առարկա է դարձել նաև ոստիկանության քրեադատավարական գործառույթների հստակեցումը, մասնավորապես` երկարաժամկետ կտրվածքում ամբողջական կամ որոշ տեսակի գործերի դեպքում ոստիկանությանը նախաքննություն իրականացնելու գործառույթ վերապահելու հարցը: Եվ այս համատեքստում, կրկին, երկարաժամկետ կտրվածքով քննարկման մյուս կարևոր հարցը քրեական ոստիկանությունում քննչական ու օպերատիվ ֆունկցիաների միավորմամբ դետեկտիվների ինստիտուտի ներդրումն է լինելու, ովքեր լիազորված կլինեն ամբողջական քննություն իրականացնել առանձին հանցագործությունների դեպքերով, ինչպես նաև գործուն կապ կապահովեն մյուս քննչական մարմինների հետ:

Այս ուղղությամբ մյուս կարևոր խնդիրը քրեական ոստիկանության կադրային պատրաստման ու կարողությունների զարգացումն է, որի արդյունքում հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել ոստիկանության համակարգի ներուժը քրեական արդարադատության ոլորտում:

դ. Հասարակական կարգի պահպանություն Այս ուղղությամբ աշխատանքները հիմնականում միտված են լինելու ոստիկանության հասարակական կարգը պահպանող ծառայությունների հատուկ կարողությունների զարգացմանն ու տակտիկական արդյունավետ լուծումների ներդրմանը, բանակցային ու հաղորդակցության կարողությունների զարգացման, իրավապահ համակարգում մարդու իրավունքների ստանդարտների վերաբերյալ վերապատրաստումներին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածության բարելավման հարցերին:

ե. Համայնքային ոստիկանության վերաիմաստավորում Անհրաժեշտ է վերանայել համայնքային ոստիկանության գործառույթները (օրենսդրական և կառուցվածքային առումներով), որոնք շատ հաճախ կրկնում են որոշ դեպքերում` պրոբացիայի ծառայության(4), մյուս դեպքերում` սոցիալական ծառայությունների(5) գործառույթները, միաժամանակ անհստակություն գոյություն ունի այլ պետական մարմինների, ինչպիսիք են` քննչական մարմինները, զինվորական կոմիսարիատները, հետ համագործակցության շրջանակներում իրականացվող գործառույթների մասով:

____________________

4) Պրոֆիլակտիկ աշխատանքները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածների, անձանց հետ, որոնց նկատմամբ պատժի կրումը հետաձգվել է և պատիժը պայմանականորեն չի կիրառվել և այլն:

5) Պրոֆիլակտիկ աշխատանքները հարբեցողությամբ կամ թմրամոլությամբ տառապող և հակահասարակական այլ վարքագիծ (անբարո կամ հակաիրավական արարքներ կատարող) դրսևորող անձանց, շրջապատի համար վտանգ ներկայացնող` հոգեկան հիվանդություններով տառապող անձանց, մշտական բնակության վայր չունեցող թափառաշրջիկների և մուրացկանների հետ:

 

զ. Ոստիկանությունում ծառայության գրավչություն, կադրերի պատրաստում և մասնագիտական զարգացում Լրջորեն պետք է վերանայել ոստիկանության կադրերի պատրաստման, կարողությունների շարունակական զարգացման ու բարոյահոգեբանական պատրաստման, ոստիկանության ծառայողի բարեվարքության ու հակակոռուպցիոն կրթություն ստանալու հարցերին` նպատակ ունենալով ոստիկանությունում ներգրավել հանցագործությունների նկատմամբ անհանդուրժողական, իրավունքների պաշտպանությանը զգայուն և հասարակության անվտանգության հարցերով մտահոգ, բարեվարք ու հարգարժան հանրային ծառայող ոստիկաններ: Միևնույն ժամանակ նոր կերպարի կերտման համար առանձնահատուկ կարևոր է լինելու ոստիկանության գործի պրոֆեսիոնալների պատրաստման, ինչպես նաև փորձառու ծառայողների արժևորումն ու նրանց կողմից նորեկների համար մենթորության ու առաջնորդության ինստիտուցիոնալ ընթացակարգի ներդրումը: Այս առումով կարևոր է լինելու Ոստիկանության կրթահամալիրի կրթական ծրագրերի կազմակերպման ու բովանդակային վերանայման հարցերին լրջագույն անդրադարձը` ապահովելով մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցում ու միջազգային չափանիշներ: Ծառայությունը պետք է առավել բաց, հասանելի ու գրավիչ դառնա պոտենցիալ կադրերի համար` խրախուսելով կիրթ, պատրաստված, օտար լեզուների տիրապետող ու ժամանակակից ոստիկան ծառայողների` արժանիքների վրա հիմնված առաջխաղացումը: Նոր իմիջով ու վարվելակերպով կադրերի և բարելավված հաղորդակցության կարողությունների միջոցով հնարավոր է կարճ ժամանակահատվածում փոխել ոստիկանության նկատմամբ հանրության վերաբերմունքը:

է. Մարդու իրավունքների պաշտպանության զգայուն հարցեր Որպես իրավախախտների հետ շփման պետության առաջին օղակ` ոստիկանությունում պետք է բարելավել քրեաիրավական ու վարչաիրավական կարգով ներգրավվող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, մասնավորապես` խոսքը խոշտանգումների կանխարգելման միջոցառումների(6), բերման ենթարկվող անձանց իրենց հասկանալի լեզվով իրավունքների մասին գրավոր ծանուցումների, ձերբակալվածների պահման վայրերում բժշկական ծառայությունների ապահովման, ինչպես նաև ոստիկանության տարբեր ծառայությունների կողմից անձանց տվյալների պաշտպանության հարցերի (ներառյալ` շտեմարանների վարման, տեղեկությունների փոխանցման և պահպանման տեսանկյունից) մասին է:

____________________

6) Առավել մանրամասն նախատեսված են ՄԻՊ ռազմավարությամբ և Գործողությունների Ծրագրով:

 

ը. Թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն Որպես հանրությանը ծառայող ու վստահելի ծառայություն` անհրաժեշտ է բարելավել ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը` առավել հաճախակի ու մատչելի տեղեկությունների, հաշվետվությունների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման, պարբերական մեդիա բրիֆինգների և հասարակայնության հետ կապերի առավել նոր ու ժամանակակից միջոցների արդյունավետ օգտագործմամբ: Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների (կարևորապես` ոչ բարձրաստիճանների) վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ` հումորային հաղորդաշարերի միջոցով ոստիկանության ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը:

Հաշվետվողականությունը հնարավոր է բարելավել տարբեր իրավախախտումների տեսակների վերաբերյալ առավել մատչելի, հակիրճ ու անալիտիկ վերլուծությունները հաճախակի հաշվետվությունների տեսքով հրապարակելու միջոցով: Այս ակտիվությունը հետագայում թե՛ հանրային ու թե՛ խորհրդարանական քննարկումների ժամանակ (ներառյալ բյուջետային) առավել մեծ լեգիտիմություն կտա ծառայության նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման հարցում:

 

2. ՆՈՐ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

Ոստիկանության զարգացման ռազմավարության հիմնական նպատակներից է հասարակությանը նոր ոստիկանի կերպարով նոր ոստիկանություն ներկայացնելը: Այս համատեքստում, նկատի ունենալով առաջարկվող բարեփոխումների ծավալը, անհրաժեշտ է լինելու ապահովել նոր կադրերի ներգրավումը ծառայություն, ինչպես նաև գործող անձնակազմի վերապատրաստումը կոնկրետ ծառայությունների ուղղությամբ:

Կադրերի համալրման գործընթացում ուղենիշ պետք է հանդիսանա այնպիսի անձանց ներգրավումը ոստիկանությունում, ովքեր հանցագործության, ներառյալ` քրեական ենթամշակույթի նկատմամբ ունեն անհանդուրժող վերաբերմունք, պատրաստ և ունակ են գնահատել իրենց գործառույթի իրականացումը, հասարակական անվտանգության կարևոր արժեքը, ինչպես նաև անձանց նկատմամբ ցուցաբերել հոգատար ու պատասխանատու վերաբերմունք:

Նախ` անհրաժեշտ է լուծել ոստիկանության համակարգում որոշ պաշտոնների խմբերի (կապված ֆինանսական, տնտեսական, մարդկային ռեսուրսների կառավարման, իրավաբանական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակայնության հետ կապերի գործառույթների հետ) քաղաքացիական ծառայության համակարգ անցնելու հարցը:

Կադրային արդյունավետությունն ուղղակիորեն պայմանավորված է լինելու նաև ոստիկանության կրթահամալիրում ծրագրերի վերանայմամբ և թիրախային դասընթացների ապահովմամբ: Այն պետք է հանդիսանա հիմնական ինստիտուտը, որտեղից կհամալրվի ոստիկանության անձնակազմը` կարճաժամկետ կամ երկարաժամկետ դասընթացներն ավարտելուց հետո:

Ժամանակակից աշխարհում ոստիկանությունն այլևս մասնագիտություն է, այն չի կարող պատշաճ իրականացվել մասնակիորեն փոփոխված նախկին կրթական համակարգի կողմից պատրաստված իրավաբաններով: Անհրաժեշտ է պատրաստել և կրթել անհրաժեշտ չափի և խորության տեսական, ոստիկանության գործի տակտիկական գիտելիքների ու մասնագիտական հմտությունների զարգացմանը միտված կրթական ծրագրերով: Բարձրագույն կրթությունը չպետք է դիտարկվի հորիզոնական նախապայման ծառայության բոլոր ուղղություններով համակարգ ընդունվելու կամ առաջընթաց ապահովելու համար, այլև այն պետք է ծառայի որպես մասնագիտական առաջընթացի կամ վերաորակավորման արդյունավետ ու բալանսավորված մեխանիզմ: Հատուկ հոգածություն պետք է ցուցաբերվի ոստիկանության գործի կառավարիչների պատրաստման հարցին` մեծահասակների կրթության ժամանակակից մեթոդների կիրառմամբ: ՈՒստի, լուրջ քննարկման հարց պետք է դառնա Ոստիկանության կրթահամալիրի կողմից բարձրագույն իրավաբանական կրթության (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) տրամադրման կամ եղած ծավալներով պահպանման հարցը:

Իրականում ոստիկանության ոլորտի կրթությունը չպետք է գոյություն ունենա որպես լավ ավանդույթների շարունակություն, այլև այն պետք է լրջորեն կապակցվի ոստիկանության ծառայության առջև դրված մարտահրավերներին և իրական ու անաչառ գնահատված կարիքներին: Կրթահամալիրը պետք է կենտրոնանա այն կարողությունների պատրաստման ու վերապատրաստման վրա, որոնք իրապես և այդ ծավալով անհրաժեշտ են ծառայությանը: Բանն այն է, որ ժամանակակից ոստիկանության առջև դրվող խնդիրները շատ բազմաշերտ ու բարդ են, ուստի, պահանջում են ավելի զարգացած ու ավելի նեղ մասնագիտական կարողություններ ու հմտություններ, հատուկ սարքավորումների ու տեխնիկական միջոցների հագեցում, ժամանակակից ոստիկանությունը պահանջում է առավելապես խնդիրներ լուծելու, սթրեսային բարդ իրավիճակներում կողմնորոշվելու, իրավիճակը գնահատելու, արագ որոշումներ կայացնելու և քննադատական մտածողության կարողություններ:

Մյուս կողմից` կադրերի պատրաստման մեթոդը ևս հավասարապես կարևոր է: Ժամանակակից ոստիկանության կադրերի պատրաստման հաջողված մեթոդն այլևս մանկավարժականը չէ, այլև մեծահասակների համար ինտերակտիվ կրթության, հոգեբանական ու տակտիկական պատրաստման մեթոդն է, որը լրջորեն թիրախավորում է միջանձնային հաղորդակցության, մշակութային բազմազանության, խնդիրների լուծման ու հաշտարարության կարողությունների զարգացումը:

Եվ վերջապես, կարևոր է նաև այն բարոյահոգեբանական միջավայրը և անգամ ֆիզիկական պայմանները, որում պատրաստվում են ոստիկանության կադրերը: Ըստ էության, հայրենասեր ու վստահելի, հանրության անվտանգության երաշխավոր ծառայողի պատրաստման ընթացքում արմատախիլ պետք է արվի ոստիկանին հասարակությունից դուրս դնելու կամ հասարակության հետ կոնֆրոնտացիայի մեջ գտնվող հանրային ծառայողի կերպարի մասին մտածողությունը:

Բացի այս, նոր կադրերի ընդունման ընթացակարգում անհրաժեշտ է նաև վերանայել հոգեբանական թեստավորումից բացի թեկնածուների բարեվարքության ու սոցիալական վարքի ստուգման արդյունավետ ընթացակարգը, ինչպես նաև անկախ փորձագետների ներգրավմամբ ընդունելության հարցազրույցների անցկացման պրակտիկայի ներդրումը:

Առավել կարճաժամկետ կտրվածքով անհրաժեշտ է լինելու Պարեկային ոստիկանության համար պատրաստել և անցկացնել թիրախային և ընդգրկուն կադրերի կարճաժամկետ պատրաստման ծրագիր, որպեսզի մինչև 2021 թվականի վերջը հնարավոր լինի ծառայության գործարկումն ամբողջ հանրապետության տարածքում:

Անհրաժեշտ է լինելու նաև համակողմանիորեն վերանայել կադրերի վարձատրման հարցը` անհրաժեշտության դեպքում սահմանելով սոցիալական երաշխիքների առավել գրավիչ փաթեթ մարզերում աշխատանք իրականացնող ծառայողների համար` տեղերում որակյալ կադրերի ներգրավման նպատակով:

Ոստիկանության տարբեր ծառայությունների և հատկապես օպերատիվ աշխատողների պատրաստման խնդիրն օր առաջ պետք է լուծվի նոր ծրագրերով ու մեթոդներով մասնագիտական վերապատրաստման ու փորձի փոխանակման դինամիկ կուրսերի միջոցով:

Ռազմավարության ու միջոցառումների ծրագրի վերջնարդյունքը պետք է լինի նոր հանդերձանքով, պրոֆեսիոնալ, տեխնիկապես հագեցված և վերափոխված վարվելակերպով ոստիկանի կերպարը:

Բարեփոխումների այս ուղղության ծախսարդյունավետությունը ևս կենտրոնական հարցերից է լինելու: Այսպես, 2020 թվականի բյուջեում ոստիկանության համար նախատեսված ավելի քան 65 միլիարդ դրամից ոստիկանության կրթահամալիրի մասով նախատեսված է ավելի քան 1,5 միլիարդ դրամ կամ ոլորտի պետական ֆինանսավորման 2,4 տոկոսը: Միաժամանակ փաստ է նաև, որ ոստիկանության մասնագիտական կրթության ու վերապատրաստման ուղղությամբ ներդրումներ են անում նաև միջազգային գործընկերները:

Մյուս կողմից` անհրաժեշտ է արդյունավետ կապ ստեղծել Ոստիկանության կրթահամալիրի ու Արդարադատության ակադեմիայի միջև` նկատի ունենալով մասնագիտական պատրաստման ծրագրերի համադրման ու լավագույնս համաձայնեցման, ինչպես նաև որոշ առարկայական ուղղություններով ռեսուրսների մեկտեղման հնարավոր առավելությունները: Սակայն բացի ծախսարդյունավետությունից, կարևորապես, այս համագործակցությունը կհանգեցնի մասնագիտական պատրաստվածության առավել բարձր որակի ծրագրեր, հետևապես նաև կադրեր ունենալուն:

 

3. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄՈԴԵԼԸ

 

Ոստիկանության ժամանակակից կառուցվածքը և ընթացիկ իրավիճակը

 

Ոստիկանության պատշաճ գործունեության և իր առջև դրված խնդիրների լիակատար լուծման համար անհրաժեշտ նախապայման է այնպիսի կառուցվածքը, որը լիազորությունների տարանջատման արդյունքում թույլ կտա ոստիկանությանը ռեսուրսներն ամբողջովին ուղղել իր հիմնական գործառույթների իրականացմանը:

Նախկինում գործելով որպես Ներքին գործերի նախարարություն, ինչպես նաև ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարություն` ՀՀ ոստիկանությունը 2002 թվականից ձևավորվեց այն կառուցվածքով, ինչպիսին առանձին փոփոխություններով պահպանվել է մինչև այսօր: 2002 թվականից նախարարությունը վերակազմակերպվեց ծառայության` պահպանելով նույն կառուցվածքը, ավելին, Հանրապետության նախագահի հրամանագրում նշվում էր, որ այս լուծումն ունի ժամանակավոր բնույթ: Ըստ էության` նախարարության դասական կառուցվածքով մասնագիտական ծառայությունը չի կարող, մեղմ ասած, ապահովել արդյունավետ գործունեություն, ավելին` փաստացիորեն մասնագիտական ծառայությունը ծանրաբեռնված է ոստիկանությանը ոչ բնորոշ գործառույթներով (անձնագրերի և վիզաների տրամադրում, ավտոտրանսպորտային միջոցների հաշվառում, վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունել և վարորդական վկայական տալ և այլն):

Մյուս կողմից, նախարարության կառուցվածքը պահպանած մասնագիտական ծառայությունը տեխնիկապես և ինստիտուցիոնալ առումով օբյեկտիվորեն չէր կարող ապահովել իր առջև դրված խնդիրների լուծման փիլիսոփայության փոփոխումը, ուստի և չէր կարող բավարարել հանրության կողմից նախարարության և ծառայության սիմբիոզից ակնկալվող խառը սպասումները: Այլ կերպ ասած` ոստիկանության ծառայության համար առկա է ներքին և արտաքին սպասումների և ընկալումների անհամապատասխանություն:

Այդուհանդերձ, մեկ կարևոր հանգամանք պետք է հստակ լինի, ներքին գործերի նախարարության վերականգնումը չի կարող և չպետք է ասոցացվի կառավարության կառուցվածքում ուժերի կուտակման ոչ ժողովրդավարական և անվերահսկելի մի բևեռի ստեղծման գաղափարի կամ դառը փորձի հետ: Այս համեմատությունը տեղին չէ թեկուզ միայն այն հիմնավորմամբ, որ նախկին ներքին գործերի և ստեղծվելիք նոր նախարարության առջև դրված թե՛ քաղաքական և թե՛ քաղաքականության խնդիրները լիովին տարբեր են: Այդ տարբերության օգտին են վկայում կառավարման ձևի փոփոխությունը և քաղաքացիական գիտակցության ավելի զարգացած մակարդակը, ուստի և ժողովրդավարական պետությանը բնորոշ քաղաքացիական և խորհրդարանական վերահսկողության գործուն մեխանիզմների առկայությունը: Մյուս ծանրակշիռ փաստարկը գաղափարախոսական այն փոփոխությունն է, որը նոր Հայաստանի նոր ոստիկանության համար նախատեսված է այս ռազմավարությամբ, սակայն այդ համակարգային ու մտածողության փոփոխությունը բերելը դժվար կլինի առանց համակարգային և կառուցվածքային փոփոխությունների:

«Ոստիկանության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ ոստիկանությունում ծառայությունն իրականցվում է (...) միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով: Ծառայության նման կազմակերպման պայմաններում ոստիկանության պատասխանատվության ներքո են գտնվում նաև պարտականություններ, որոնք իրենց բնույթով ոչ այդքան ոստիկանական են, որքան պետության կողմից մատուցվող հանրային ծառայություններ: Նման գործառույթների իրականացումը ոստիկանության ծառայողների կողմից առանձին դեպքերում անհասկանալի է` նկատի ունենալով դրանց սպասարկող նշանակությունը:

Ոստիկանության գործող կազմակերպաիրավական ձևը դժվարություններ է առաջացնում նաև ստորաբաժանումների համակարգման ընթացքում: Ավելին` համակարգում անհրաժեշտություն է առաջացել բացառել նաև կրկնվող գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների առկայությունը, մասնավորապես` տարբեր ծառայությունների կազմում աջակցող, ինչպես նաև գերատեսչական վերահսկողության լիազորություններ իրականացնող կառուցվածքային միավորների առկայությունը:

Այս համատեքստում անհրաժեշտություն է նաև միգրացիոն ծառայության գործառույթներ իրականացնող մարմնի հետագա կարգավիճակի փոփոխությունն ու այդ գործառույթների ներառումը նոր նախարարության կազմակերպաիրավական ձևում:

Այս անհրաժեշտությունն առաջանում է միգրացիոն ծառայությունների գործառույթների խորն ուսումնասիրության ու միջազգային լավագույն ընդունված մոդելների վերլուծության արդյունքում:

Այսպես` առաջատար երկրների ու անդրսահմանյան կառույցների պրակտիկան ցույց է տալիս, որ միգրացիոն ծառայությունները լավագույնս գործարկվում են համապատասխան ներքին գործերի հարցերով զբաղվող կառույցներում (Ավստրալիայի պարագայում` Department of Home Affairs, ԱՄՆ պարագայում` Department of Homeland Security, ԵՄ պարագայում` DG for Migration and Home Affairs)` հաշվի առնելով միգրացիոն գործառույթների բնույթն ու մատուցվող ծառայությունների տեսակները (օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի տրամադրման կազմակերպում, ռեադմիսիոն միջպետական համաձայնագրերով սահմանված հանձնառությունների կատարման ապահովում և այլն):

Այս համատեքստում Հայաստանում միգրացիոն գործառույթների անարդյունավետության հիմնական պատճառն այն է, որ դրա էական բաղադրիչներից մեկը` քաղաքացիներին, օտարերկրացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց ծառայությունների մատուցումը բաշխված է տարբեր մարմինների միջև, և շահառու խմբերը ստիպված են լինում գործ ունենալ բազմաթիվ գերատեսչությունների հետ մեկ խնդիր լուծելու համար: Արդյունքում նվազում է միգրացիայի ոլորտի կառավարման արդյունավետությունը և ինտեգրվածությունը, բարդանում է գործողությունների համակարգումը, դանդաղում են հանրային ծառայությունների մատուցման գործընթացները, մեծանում է գործողությունների կրկնակի իրականացումը, առաջանում են տվյալների փոխանցելիության և տվյալների շտեմարանների սինխրոնացման հարցեր, ինչպես նաև անձերի և դեպքերի նույնականացման հետ կապված բարդություններ:

Միգրացիոն իրավիճակի շարունակական փոփոխությունը և միգրացիոն քաղաքականության գերակայությունների վերագնահատումն այսօր արդիական են դարձնում միգրացիայի կառավարման պետական համակարգի բարեփոխումների և արդյունավետության բարձրացման խնդիրը: Նշված բացերի հաղթահարման և միգրացիայի կառավարման արդյունավետության և համապարփակության մեծացման նպատակով միգրացիայի կառավարումը նպատակահարմար է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունը ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության հետ միավորմամբ կենտրոնացնել ոլորտի քաղաքականություն մշակող մեկ կառույցի ներքո քաղաքացիական բնույթի ծառայության ձևով` ինտեգրված մոտեցում ցուցաբերելով միգրացիոն շղթայի բոլոր բաղադրիչների կառավարմանը:

 

Ռազմավարությամբ առաջարկվող կազմակերպաիրավական ձևը

 

Առաջին հերթին` անդրադառնալով ոստիկանության ղեկավարման կենտրոնացված կամ ապակենտրոնացված ձևերի ընտրությանը` անհրաժեշտ է նշել, որ այս հարցում միջազգայնորեն ընդունված միասնական չափանիշ չկա: Հետևաբար, պետություններն իրենք են ընտրում, թե ինչպես կազմակերպել իրենց ազգային ոստիկանության ղեկավարումը` հիմք ընդունելով ինչպես վարչատարածքային, գործառնական, այնպես էլ ընդհանուր իրավական համակարգի և պետության կառավարման ձևի առանձնահատկությունները:

Հայաստանի Հանրապետության տարածքի առանձնահատկությամբ, ինչպես նաև ոստիկանության համակարգում օպերատիվ որոշումների կայացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` ընդունելի է համարվում ներկայիս կենտրոնացված ղեկավարման ձևի պահպանումը:

Հատկանշական է, որ բազմաթիվ երկրներում(7) անկախ համակարգի ղեկավարման ձևից և դրա կառուցվածքից, ոստիկանությունը ներառված է գործադիր որևէ մարմնի կառուցվածքում` քաղաքացիական վերահսկողության ներքո:

____________________

7) Վրաստան, ՈՒկրաինա, ԱՄՆ, Ֆրանսիա, Իսպանիա, Բուլղարիա, Իսլանդիա, Լիտվա

 

Որպես կանոն` այդ մարմնի հիմնական գործառույթներից են լինում ոստիկանության ղեկավարումը, ֆինանսաբյուջետային ապահովումը և ընթացիկ գերատեսչական վերահսկողությունը: Միևնույն ժամանակ, վերջինս հանդես է գալիս նաև որպես ոստիկանության գործունեության քաղաքականության մշակող և դրա արդյունքների վերաբերյալ անմիջական քաղաքական պատասխանատու:

Մեր դեպքում ևս կառուցվածքին անդրադառնալիս առավել էական հստակեցման կարիք ունի Հայաստանի Հանրապետության ոստիկանության տեղը պետական կառավարման մարմինների համակարգում: Անհրաժեշտ է այնպիսի կառուցվածքային լուծում, որը հնարավորություն կտա հստակ տարանջատել քաղաքացիական բնույթի ծառայության իրականացումը ոստիկանական գործառույթների իրականացումից: ՈՒստի, այդ իսկ պատճառով Ռազմավարությամբ նախատեսվում է միասնական նախարարության ստեղծում:

Այսպիսով, որպես ոստիկանության արդյունավետ գործունեության մոդել առաջարկվում է այն համապատասխան ինքնուրույն կարգավիճակով նախատեսել նախարարության կառուցվածքում` սահմանելով նախարարությանը ոստիկանության ենթակայությունը, դրա կառուցակարգերը և համապատասխանաբար, փոփոխելով ոստիկանության կառուցվածքն ու հստակեցնելով գործառույթները: Ներկայիս ոստիկանության որոշ ստորաբաժանումներ, որոնց գործառույթները հիմնականում հանգում են հանրությանը ծառայությունների մատուցմանը(8), դուրս կգան ոստիկանության կառուցվածքից և կներառվեն նախարարության կառուցվածքում:

_____________________

8) Օրինակ` վարորդական իրավունքի վկայականների տրամադրման, տրանսպորտային միջոցների գրանցման, դրանց հաշվառման համարանիշների տրամադրման, անձնագրային և վիզաների տրամադրման հետ կապված գործառույթները:

 

Եվ նկատի ունենալով ծառայության արդյունավետության գնահատման ժամանակակից մեթոդները(9) ռազմավարական նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է լինելու իրականացնել ոստիկանության ընդհանուր կառուցվածքի արդյունավետության աուդիտ, որն, ի թիվս այլնի, հնարավորություն կտա փաստերի վրա հիմնված պլանավորել ոստիկանության ներքին կառուցվածքի փոփոխությունները, ներառյալ` վերանայել մարզային ստորաբաժանումների և դրանց կազմի մեջ մտնող կառուցվածքային միավորների պահպանման անհրաժեշտությունը:

_____________________

9) Օրինակ` SWOT վերլուծություն, որը գնահատում է (ինստիտուտի ուժեղ և թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը:)

 

Կազմակերպաիրավական նման վերլուծության վրա հիմնված փոփոխության պայմաններում միայն ոստիկանության կողմից հնարավոր կլինի առավել արդյունավետորեն ապահովել իրեն հատուկ խնդիրների կատարումը:

Նշվածներից բացի, կանոնակարգման և տարանջատման կարիք ունի նաև ոստիկանության գործունեության վերահսկողությունը և ներգերատեսչական հսկողությունը: «Ոստիկանության մասին» օրենքի 42-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վարչապետը: Ոստիկանության` նախարարության կառուցվածքում լինելու պայմաններում նման գործառույթի իրականացումը կվերապահվի նախարարին, որպիսի պայմաններում վերջապես կլինի այնպիսի անձ, ով իր անմիջական լիազորությունների իրականացման կապակցությամբ քաղաքական պատասխանատվություն կկրի ոստիկանության գործունեության համար:

Առաջարկվող կազմակերպաիրավական ձևը հնարավորություն կտա նաև ապահովել առավել թափանցիկություն, ինչպես նաև հենք կստեղծի մեր կառավարման համակարգի պայմաններում ոստիկանության` խորհրդարանական վերահսկողության ապահովման համար` կառավարության գործունեության վերահսկողության շրջանակներում:

Նախարարության պատշաճ գործունեությունը կարող է ապահովվել, եթե համապատասխան օրենսդրական կարգավորումների միջոցով սահմանվի ոստիկանության և նախարարության հարաբերակցությունը, ինչպես նաև ոստիկանության ղեկավարության նշանակման այնպիսի համակարգ, որը, մի կողմից անօգտակար կախվածության մեջ չի դնի ոստիկանության պետին նախարարից, իսկ մյուս կողմից` չի կտրի քաղաքականության մշակողի և իրականացնողի տրամաբանական և անհրաժեշտ կապը, ուստի, ոստիկանության պետը կարող է նշանակվել վարչապետի կողմից` նախարարի առաջարկությամբ:

Բացի այս, բովանդակային և միջսեկտորալ կապ պետք է ապահովվի դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ ռազմավարությամբ նախատեսված հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակների ներդրման ու զարգացման մոտեցման հետ` իրականացման տեսանկյունից էլ միավորելով ջանքերը և ապահովելով հանրային որևէ ծառայության` ամբողջական ցիկլով ներդրումը:

 

4. ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՈՒՄ, ՕՊԵՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ, ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

Պարեկային ծառայության ստեղծում

Հասարակական անվտանգության ապահովման ոլորտում, ինչպես նաև հասարակություն-ոստիկան առողջ կապ ունենալու համատեքստում ոստիկանության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, մասնավորապես`

. Բացակայում է պարեկային ուժերի` պարեկապահակետային (ՊՊԾ) և ճանապարհապարեկային ստորաբաժանումների կառավարման միասնական հրամանատարությունը,

. Առկա են գործառութային տարաբնույթ կրկնություններ, որոնք առաջացնում են առկա ռեսուրսների անարդյունավետ կառավարում, ինչպես նաև գործառույթների համակարգման բարդություններ,

. Անբավարար են հանցագործությունների մասին հաղորդումներին (ահազանգերին) արագ արձագանքող և քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող բարձր պրոֆեսիոնալիզմ ու անհրաժեշտ հմտություններ ունեցող շարժական ոստիկանական ստորաբաժանումները,

. Պարեկային ստորաբաժանումների գործառույթները սահմանափակված են նեղ` նախկին միլիցիայի համակարգում եղած պարեկային ծառայության պարտականությունների միայն փոքր մաս կազմող գործողությունների կատարմամբ (հիմնականում երթևեկության անվտանգության և հասարակական կարգի պահպանում),

. Գործող պարեկային ծառայողներն ունեն մասնագիտական «նեղ» պատրաստվածություն ու ոչ բավարար հմտություններ` հաղորդակցության, ուժի և հատուկ միջոցների կիրառման տեսանկյունից:

Այս պահի դրությամբ Ոստիկանության արտաքին ծառայությունն իրականացվում է Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության միջոցով, որոնք թե՛ հանցագործությունների կանխման, նախականխման և թե՛ դրանց հակազդման տեսանկյունից ունեն տարբեր և միմյանց հետ չկապակցված արձագանքման մեթոդներ ու գործողությունների ոչ բավարար մակարդակի համակարգում, ուստի և արտաքին ծառայությունների անբավարար արդյունավետություն: Բացի դա, այս երկու արտաքին ծառայությունների գործելակերպում հստակորեն բացակայում է ժամանակակից ոստիկանությանը բնորոշ քաղաքացիակենտրոն ծառայություն մատուցելու մոտեցումը, որի պատճառներն արմատավորված են հիմնականում մասնագիտական կրթության և շարունակական վերապատրաստման ծրագրերի մեջ: Արտաքին այս ծառայությունների միավորմամբ կլուծվի նաև մեկ կենտրոնից ռեսուրսների ծախսարդյունավետ կառավարման խնդիրը:

Նշված հաշվառմամբ նոր Պարեկային ծառայության գործառույթներն են լինելու`

- հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը,

- հանցագործությունների և վարչական իրավախախտումների նախականխումն ու կանխումը,

- հանցագործությունների և վարչական իրավախախտումների հայտնաբերումը, դրանց խափանումը,

- հանցագործությունների և վարչական իրավախախտումների ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանների պարզումը, դրանք վերացնելու ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը,

- հանցագործությունների հայտնաբերման, կանխման, խափանման կամ բացահայտման նպատակով «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքին համապատասխան օպերատիվ հարցումների կատարումը կամ օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը,

- հանցագործությունների և այլ իրավախախտումների հետևանքով անձանց կյանքի և առողջության նկատմամբ վտանգ հանդիսացող գործոնների չեզոքացումը և վերացումը,

- հանցագործությունների մասին հաղորդումների ընդունումը, իրավախախտումների ու պատահարների մասին հաղորդումներին ու ահազանգերին օպերատիվ արձագանքումը,

- իրավախախտում կատարած անձանց արգելանքի վերցնելը, նրանց հետաքննության մարմնի կամ նախաքննություն իրականացնող մարմնի վարչական շենք տեղափոխումը, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքում անձին ձերբակալումը և դրան ուղեկցող անձնական խուզարկություն կատարումը,

- հետախուզման մեջ գտնվող և անհետ կորած անձանց, ինչպես նաև հետախուզվող տրանսպորտային միջոցների հայտնաբերումը,

- դեպքի վայրի պահպանությունը,

- ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգության ապահովումը,

- քաղաքացիական շրջանառությունից հանված առարկաներ, նյութեր և իրեր, հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք, առարկաներ, հանցագործության գործիքներ և հանցագործության հետքեր կրող այլ առարկաներ տեղափոխելու մասին տեղեկություններ կամ հիմնավոր կասկածներ առկա լինելու դեպքերում` վարորդների կամ քաղաքացիների ներկայությամբ տրանսպորտային միջոցների, ինչպես նաև փոխադրվող բեռի զննությունը,

- իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների դեպքերի արձանագրումը և հաշվառումը,

- իր ենթակայությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթի իրականացումը,

- քննչական և դատավարական գործողությունների կատարման ընթացքում վարույթն իրականացնող մարմիններին աջակցությունը, դրանց կատարմանը խոչընդոտող հանգամանքների վերացումը,

- բնակչությանն անհետաձգելի օգնություն ցուցաբերող ծառայություններին աջակցելը,

- տուժած անձանց անհետաձգելի բժշկական օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը,

- իրավախախտումների դեմ պայքարի ոլորտում ոստիկանության ստորաբաժանումների և շահագրգիռ այլ մարմինների հետ համագործակցությունը,

- օրենքով սահմանված այլ գործառույթներ:

Արդյունքում նոր Պարեկային ոստիկանության ստեղծմամբ և ամբողջ հանրապետությունում գործարկմամբ(10) կրճատվելու են Ճանապարհային ոստիկանությունն ու ՊՊԾ ստորաբաժանումները:

_____________________

10) Ավտոպարեկային ու հետիոտն ստորաբաժանումներով` Երևանում և մարզերում:

 

Նկատի ունենալով այս ծառայության համար կադրերի պատրաստման անհրաժեշտ ժամանակահատվածը և այլ պետություններում նմանատիպ նոր ծառայությունների ներդրման պրակտիկան` որդեգրվել է ծառայության գործարկման փուլային մոտեցում այն հաշվարկով, որ առնվազն 2021թ-ի առաջին կիսամյակում ծառայությունը կներդրվի Երևանում, իսկ մինչև 2022թ-ի 1-ին կիսամյակը` ամբողջ հանրապետությունում: Այս կերպ հնարավոր կլինի ծառայության ներդրումից առաջ իրականացնել անհրաժեշտ գույքի ու ավտոմեքենաների, մարդկային ռեսուրսների, պահպանման ծախսերի, տվյալների բազաների աուդիտ, ինչից հետո միայն` ծառայության ներդրման համար անհրաժեշտ վերջնական հաշվարկ` ըստ միջազգայնորեն կիրառվող ալգորիթմների: Զուգահեռաբար նոր ծառայություն պոտենցիալ կադրերի ներգրավման նպատակով գործընթացը ենթադրում է լայնամասշտաբ իրազեկման արշավ, ինչպես նաև օրենսդրական բազայի ձևավորում, կրթական ծրագրերի մշակում և կրթական անհրաժեշտ միջավայրի ձևավորում:

Նոր պարեկային ծառայության գործառույթների տրամաբանությունից ելնելով` վերջինիս կազմում կգործի նաև ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերով նյութերի նախապատրաստում և հետաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված ստորաբաժանում: Վերջինիս իրավասությունը կլինի գործող «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության համապատասխան լիազորությամբ օժտված ստորաբաժանման իրավասությանը ներկայումս հանձնված պատահարներով նյութերի նախապատրաստումը և հետաքննության իրականացումը: Ընդ որում` նկատի ունենալով, որ ռազմավարության հիմքում ընկած գաղափարներից է քրեական վարույթի ընթացքում ոստիկանության միջոցների արդյունավետ կիրառումը` երկարաժամկետ կտրվածքում նախատեսվում է, որ պարեկային ծառայության համապատասխան ստորաբաժանման ծառայողները, հետագայում անցնելով նաև պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, լիազորված կլինեն նույն դեպքերով իրականացնել ամբողջական քննություն` դատախազական հսկողության ներքո կատարել նախնական քննություն և կայացնել մինչդատական վարույթի ընթացքը լուծող դատավարական որոշումներ: Պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը երաշխավորելու համար առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել ծառայության աշխատանքում էլեկտրոնային գործիքների կիրառմանն ու համապատասխան տվյալների բազաների հասանելիությանը և դրանց թվայնացմանը` ապահովելով փոխգործելիություն քրեական արդարադատության ոլորտում գործող այլ պատասխանատու մարմինների տվյալների բազաների ու էլեկտրոնային պլատֆորմների հետ:

Ժողովրդավարական պետություններում սահմանային կառավարումն իրականացվում է ոչ գաղտնի և քաղաքացիական հսկողության տակ գտնվող ծառայությունների կողմից:

Նման համակարգ ունեն Եվրոպական միության անդամ պետությունների մեծ մասը, որոնց պարագայում ազգային ոստիկանությունը հանդես է գալիս որպես զինված քաղաքացիական միավոր, որը, ի թիվս այլ գործառույթների, իրականացնում է նաև պետության սահմանների արդյունավետ կառավարում ու միգրացիայի և փախստականների հարցերով միջազգային պարտավորությունների ապահովում:

Հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը` Ռազմավարությամբ առաջարկվում է քննարկել սահմանային անցակետերում սահմանային ռեժիմի պահպանությունը Պարեկային ծառայության գործառույթների կազմում ներառելու հարցը: Սահմանային պահպանության ներառումը քաղաքացիական ծառայության մեջ կարող է ունենալ 2 կարևոր առավելություն. մի կողմից` սահմանապահը, լինելով առաջին մարդը, ով շփվում է օտարերկրացու հետ, կարևորագույն նշանակություն ունի երկրի իմիջի ու գրավչության համար: ՈՒստի, կիրթ, օտար լեզուներով հաղորդակցվող, բացառապես այլ վարվելակերպով սահմանային ծառայողներ ունենալու արդյունքում Հայաստան մուտք գործող անձի առաջին տպավորությունը դառնում է դրական, ինչն էլ իր հերթին պոտենցիալ ունի անխուսափելիորեն դրական ազդելու թե՛ պետության իմիջի, թե՛ զբոսաշրջության խթանման վրա:

Միաժամանակ սահմանային անցակետերում ոստիկանի ու մաքսային աշխատակցի ամենօրյա շփումների հետևանքով միանշանակ կբարելավվի հանցագործությունների կանխման ուղղությամբ իրավապահների համագործակցությունն ու տվյալների փոխանակումը:

Միջնաժամկետ կտրվածքում պետք է նախատեսվի նաև հատուկ վարժեցված շների ներգրավումը պարեկային ծառայության մեջ: Բացի այս, հանրապետության ամբողջ տարածքում պարեկային ծառայության ներդրմանը համընթաց, անհրաժեշտ է պատրաստել անտառապատ, ջրային և առանձնահատուկ այլ տարածքներում պարեկային մասնագիտացված, ներառյալ` հեծյալ և նավակային պարեկային ծառայողների կարողությունները` մասնագիտական հարցերը քննարկելով Շրջակա միջավայրի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների հետ:

 

Մեկ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոնի (ՕԿԿ) ստեղծում

Ոստիկանության պարեկային ստորաբաժանման առանցքային ենթակառուցվածքը միասնական օպերատիվ կառավարման կենտրոնն է:

Օպերատիվ կառավարման կենտրոնը հանդիսանալու է իրավախախտումների և պատահարների վերաբերյալ հաղորդումներ ընդունող օպերատոր, որն այդ հաղորդումների բնույթի վերլուծության հիման վրա ապահովելու է նաև պարեկային ոստիկանության ուժերի և միջոցների կառավարումը: Կենտրոնին հասանելի են լինելու հասարակական վայրերում տեղադրված բոլոր տեսանկարահանող սարքերը, ոստիկանության և այլ մարմինների տեղեկատվական այն շտեմարանները, որոնք անհրաժեշտ են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար: Կենտրոնն ունենալու է փրկարար ծառայության (911) և շտապ օգնության (1-03) օպերատիվ կենտրոնների մշտական հենակետեր:

Պարեկային ծառայողների տրանսպորտային միջոցների և պարեկային ծառայողների տեղաշարժը վերահսկվելու է GPS համակարգի միջոցով, իսկ բնակավայրերը` 2D ձևաչափի գեոտեղեկատվական համակարգով քարտեզի օգնությամբ (հետագայում 3D):

Տեխնիկական հնարավորությունների դեպքում մարդաշատ վայրերում հետախուզվող անձանց նույնականացնելու է դիմապատկերով` բնակչության պետական ռեգիստրում առկա կենսաչափական լուսանկարների օգնությամբ: Պետք է ապահովվի անձնական տվյալների պաշտպանության և դրա նկատմամբ քաղաքացիական վերահսկողության արդյունավետ ու գործուն համակարգ:

Թվային եղանակով վարելու է հանցագործությունների և այլ իրավախախտումների դեպքերի հաշվառման գրանցամատյանները:

Օպերատիվ կառավարման կենտրոնի խնդիրներն են լինելու`

. քաղաքացիներից ստացված ահազանգերի սպասարկումը.

. պարեկային ծառայության օպերատիվ կառավարումը.

. ոստիկանական ծառայությունների տեղեկատվական-վերլուծական ապահովումը.

. ոստիկանության ուժերի համատեղ գործողությունների համակարգումը:

Վերը նշված խնդիրները լուծելու համար Օպերատիվ կառավարման կենտրոնի գործառույթներն են լինելու`

. ստացված ահազանգերի ընդունումը, գրանցումը, դասակարգումը, սպասարկումը և ստացված տեղեկատվության ըստ ենթակայության փոխանցումը.

. արտակարգ իրավիճակի կամ շտապ բժշկական օգնության զանգեր ստանալու դեպքում դրանք իրավասու մարմիններին (օպերատորներին) փոխանցումը.

. քաղաքացիներին խորհրդատվական, մասնագիտական տեղեկատվության տրամադրումը և հոգեբանական աջակցության ցուցաբերումը.

. ահազանգող քաղաքացու գտնվելու վայրի և վերջինիս կողմից նշված դեպքի վայրի պարզումը (տեղորոշում).

. անհրաժեշտությամբ պայմանավորված` ահազանգող քաղաքացու գտնվելու կամ վերջինիս կողմից նշված դեպքի վայր պարեկային կամ այլ օպերատիվ կարգախմբերի մեկնման ապահովումը.

. մեկնող պարեկային կարգախմբին անհրաժեշտ տեղեկությունների և կողմնորոշիչ տվյալների տրամադրումը.

. պարեկային կարգախմբից ստացած տեղեկատվության հիման վրա օպերատիվ խմբին և քննիչին դեպքի վայրի վերաբերյալ կողմնորոշիչ տվյալների տրամադրումը.

. օպերատիվ իրավիճակով պայմանավորված` լրացուցիչ պարեկային կարգախմբեր դեպքի վայր ուղարկելը և պարեկային վերակարգերի տեղաբաշխման փոփոխության կազմակերպումը.

. զանգվածային միջոցառումների ժամանակ ոստիկանական ուժերի կառավարումը և համակարգումը.

. ոստիկանության ծառայություններին անհրաժեշտ տեղեկատվական տվյալների փոխանցումը, ինչպես նաև վերլուծական աջակցության ցուցաբերումը.

. ըստ անհրաժեշտության` հասարակական վայրերի տեսադիտարկումը (վիդեոմոնիթորինգ).

. տեսավերլուծության արդյունքում ստացված ազդանշաններին օպերատիվ արձագանքումը (հետախուզվող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների ավտոմատ նույնականացում)

. օրենքով սահմանված այլ գործառույթներ:

 

5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Ոստիկանության զորքերի ապառազմականացում

«Ոստիկանության զորքերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ենթակայության տակ գտնվող հիմնարկ է, որը կոչված է օրենքին համապատասխան պաշտպանելու մարդու իրավունքները և ազատությունները հանցավոր և այլ հակաիրավական ոտնձգություններից, ապահովելու հասարակության և պետության անվտանգությունը:

Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ոստիկանության զորքերի խնդիրներն են`

. հասարակական կարգի պահպանությանը և հասարակական անվտանգության ապահովմանը մասնակցելը.

. հատուկ և կարևորագույն օբյեկտների պահպանումը ու հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովումը.

. ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովմանը մասնակցելը.

. Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելը:

Ոստիկանության զորքերի առջև դրված խնդիրները հիմնականում համահունչ են «Ոստիկանության մասին» օրենքով նախատեսված խնդիրներին: Այդուհանդերձ, ի թիվս հիմնական ոստիկանական գործառույթների, ոստիկանության զորքերի առջև դրված է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու խնդիր:

Այսպիսով` ոստիկանության զորքերին բնորոշ է արտաքին անվտանգության և իրավակարգի ապահովման պետական ֆունկցիաների (համապատասխանաբար արտաքին և ներքին) զուգակցում, որը բացարձակ չի բխում ոստիկանության առջև օրենքով դրված խնդիրներից: Ոստիկանության զորքերում ծառայություն անցնելու կարգը գտնվում է ռազմաիրավական օրենսդրության տիրույթում, մասնավորապես, լինելով ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանում, ծառայությունն իրականացվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերով: Ըստ էության, ոստիկանության զորքերը զինված ուժերի մաս են և այս իմաստով` ոստիկանության ռազմականացման հիմնական նախադրյալը:

Կարևոր է արձանագրել, որ ոստիկանության մասին նոր տեսլականի ու գաղափարախոսության մաս կազմող ոստիկանության ապառազմականացման կոնցեպտը չի նշանակում, որ ոստիկանական բոլոր ուժերը պետք է բացառապես լինեն քաղաքացիական: Եվրոպական գրեթե բոլոր պետություններն իրենց կառուցվածքում ունեն ռազմական կամ կիսառազմական կառույցներ: Այս առումով կարևոր առանձնահատկությունն այն է, որ նշյալ ռազմական ու կիսառազմական կառույցները խաղաղ ժամանակ գործում են քաղաքացիական կառավարման ներքո:

Մինչդեռ, ավելի ընդհանրական` ապառազմականացումը վերաբերում է ամբողջ ոստիկանական ինստիտուտի մշակութային ու իրավական ապառազմականացմանը` վերանայելով այն ենթաօրենսդրական ակտերը, որոնք տեղեկատվությունը դարձնում են ոչ հասանելի, ինչպես նաև իրականացնելով պարբերական հաղորդակցություն և նաև այդպիսով բարելավելով քաղաքացիական ու խորհրդարանական վերահսկողությունը:

Որոշ երկրներում, օրինակ` Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, կենտրոնական ոստիկանության ապարատի կիսառազմական ուժերը փոխակերպված են բազմության վերահսկման միավորների հետ: Օրինակ` Ֆրանսիայում Պետական անվտանգության ոստիկանությունը (Ազգային ոստիկանության կազմում) մասնագիտացված է բազմության վերահսկողության ու պահպանման վրա:

 

--------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.04.2020
N 638-Լ
Որոշում