ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
23 ապրիլի 2020 թվականի N 638-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2020-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
Անգլո-սաքսոնական համակարգի ժողովրդավարական երկրներում ռազմական ոստիկանական միավորները ներառված են ընդհանուր ոստիկանական համակարգում և չունեն ինստիտուցիոնալ ինքնավարություն, և դրանք հանդես են գալիս որպես ընդհանուր բազմության ոստիկանական վերահսկողության (policing) գործիք: Այս միավորների անդամների մի մասը պաշտոնապես կցված է այլ ստորաբաժանումների (օրինակ` պարեկային ծառայությանը) և մոբիլիզացվում է միայն արտակարգ դեպքերում: Ռազմականացված ոստիկանական միավորները կարող են ունենալ տարբեր անվանումներ, ինչպես` հատուկ զենքերի և մարտավարության թիմ (SWAT teams), այնուհանդերձ, նրանց մեթոդաբանությունն ու գործելակերպը, ինչպես նաև սարքավորումներն ու զենքերի կիրառելիությունը նույնն են:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում շուրջ յոթ տարի գործում է բացառապես պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը, և, ի տարբերություն օրինակ Իսրայելի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը, մինչև 2018 թվականի հունիսը, գլխավորապես իրականացրել են հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման գործառույթներ: Կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը ոստիկանության զորքերը մասնակցել են մասնակիորեն (պահպանում են միայն ՀԱԷԿ-ը):
Վերջին հինգ տարիներին ոստիկանության զորքերը վերափոխվել են: Թե՛ իրենց սպառազինության որակով, թե՛ զինծառայողների ծառայողական պատրաստականության մակարդակով, թե՛ կուտակած փորձով ոստիկանության զորքերը գլխավորապես պիտանի են իրավակարգի ապահովման ոստիկանական գործառույթների իրականացմանը հատկապես այն դեպքերում, երբ իրավակարգին սպառնացող վտանգների չեզոքացումը պահանջելու է ուժի կիրառման սաստկության (ինտենսիվության) բարձր մակարդակ (զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս): Զորքերի օգտագործումն արդարացված կլինի նաև պատերազմի ժամանակ, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, դժբախտ պատահարների հետևանքները վերացնելիս, այդ թվում` տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս:
Նկատի ունենալով ոստիկանության զորքերի հնարավորությունների օգտագործման առանձնահատկությունները` առաջարկվում է օրենքով այն նախատեսել որպես ոստիկանական ստորաբաժանում, որի կազմակերպման և գործունեության կարգն այլևս չի կարգավորվելու ռազմական օրենսդրական ակտերով: Նման փոփոխությունը պահանջելու է կառուցվածքային և օրենսդրական շտկումներ, բայց և արդյունքում փոխելու է հանրություն-ոստիկանություն հարաբերությունների էությունը` ոստիկանության զորքերն ավելի մոտեցնելով թափանցիկ ու պատասխանատու գործելակերպի և պահանջվող զգայունության մարդու իրավունքների պաշտպանության հարցերի նկատմամբ:
Այսպիսով` ոստիկանության ապառազմականացումը տեղի է ունենալու նախ և առաջ ոստիկանության զորքերի կարգավիճակի փոփոխությամբ: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է`
1) ոստիկանության զորքերի կազմակերպման և գործունեության կարգը կանոնակարգել բացառապես ոստիկանական օրենսդրական ակտերով և ուժը կորցրած ճանաչել «Ոստիկանության զորքերի մասին» օրենքը,
2) «զորքեր» հասկացությունից հրաժարվել և ոստիկանության զորքերը վերանվանել «ազգային գվարդիա»,
3) իրականացնել ներկայիս ոստիկանության զորքերի համապարփակ աուդիտ ու կարիքների գնահատում` հստակեցնելով ինչ օպտիմալ քանակ է անհրաժեշտ նշված գործառույթներն իրականացնելու համար,
4) զորքերի կարգավիճակի փոփոխությունը չպետք է հանգեցնի նրա ծառայողների սոցիալական իրավունքների սահմանափակմանը կամ վատթարացմանը,
5) ազգային գվարդիան ըստ անհրաժեշտության կարող է մասնակցել հասարակական կարգի պահպանման աշխատանքներին, ապահովել կարևորագույն նշանակության օբյեկտների և կառավարական շենքերի պահպանությունը.
6) ազգային գվարդիան ներգրավվելու է զանգվածային անկարգությունները կանխելիս ու խափանելիս, հակաահաբեկչական միջոցառումներ իրականացնելիս, ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելիս, տարերային աղետների կամ տեխնածին վթարների ժամանակ որոնողական-փրկարարական աշխատանքներին աջակցելիս, հատուկ բեռների տեղափոխման անվտանգության ապահովելիս.
7) բարձրաստիճան պաշտոնատար անձանց, ինչպես նաև պետական արարողակարգով նախատեսված օտարերկրյա պատվիրակությունների, ներկայացուցիչների անվտանգության ապահովմանն աջակցելիս:
Հասարակական կարգի պահպանություն
Այն բոլոր դեպքերում, երբ համակարգային բարեփոխումների անհրաժեշտությունը գալիս է ներսից` անդրադառնալով վարչակազմին, ֆինանսական արդյունավետությանն ու այն խնդրին, թե ինչպես շարժվել առաջ, կարևոր հարցերից մեկն էլ այն է, թե որքանով և որտեղ են պետք հավելյալ մարդիկ: Արդյոք նրանք անհրաժե՞շտ են բանակին:
Եթե ոստիկանության համակարգում կան ծառայություններ, որոնք բավարար չափով համալրված չեն և գործառույթներն արդյունավետ չեն իրականացվում, ապա պետք է ոստիկանական ջոկատներին համապատասխանաբար վերապատրաստել ու նշանակել այդ ոլորտներում: Սա նաև վերաբերում է Հայաստանին: Վերոնշյալ ոստիկանության զորքերում համապատասխան աուդիտի անցկացումից հետո, եթե պարզվի, որ անհրաժեշտ է ունենալ որոշակի թվով բազմության վերահսկողության (հասարակական կարգի պահպանության) ջոկատներ, ուրեմն պետք է ոստիկանության զորքերի մի մասին վերապատրաստել և ուղղորդել այս հատված:
Այդուհանդերձ, հասարակական կարգի պահպանման ջոկատները ներկայիս ժամանակակից աշխարհում համարվում են ոստիկանության համակարգում լավագույնս կրթվածը` և՛ մարտավարական, և՛ հոգեբանական պատրաստվածության առումով: Հաշվի առնելով, որ բազմության վերահսկողությունն ու հասարակական կարգի պահպանումը դարձել են առավելապես ոչ բռնի գործողություններ, այս կադրերի պատրաստման գործում կարևոր տեղ են զբաղեցնում մտավոր պատրաստվածությունը, սցենարների զարգացման, արագ արձագանքման, բանակցությունների և այլ հմտությունների տիրապետումը:
Միևնույն ժամանակ հասարակական կարգի պահպանությունն ու հասարակական անվտանգության ապահովումը պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ է նաև համապատասխան միավորներին զինել ժամանակակից տեխնիկայով ու սարքավորումներով, որոնց համընդգրկուն ու ժամանակակից ցանկը կսահմանվի հետագա գնահատման արդյունքում:
6. ՔՐԵԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության ներկայիս գործառույթները քրեական վարույթի ընթացքում
2014 թվականին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորմամբ ոստիկանության կողմից քրեական գործերով նախաքննություն կատարելու լիազորությունն ամբողջությամբ փոխանցվեց նորակազմ քննչական մարմնին, որն, ըստ էության, մինչ այդ ոստիկանության համակարգում գործող քննչական գլխավոր վարչության հիմքով ստեղծված քննչական մարմին է, և այստեղ են ներկայումս կենտրոնացած ամենամեծ քանակությամբ քրեական գործերը:
Ժամանակին նման համակարգային փոփոխությունը հիմնավորվեց մարդու իրավունքների պաշտպանության առավել բարձր երաշխիքների ապահովմամբ, ինչպես նաև հետաքննություն իրականացնող մարմնի կազմից նախաքննության իրականացման գործառույթով օժտված մարմնի տարանջատմամբ: Այդուհանդերձ, համակարգային գործող կարգավորումները չեն կարող բավարար արդյունավետ համարվել ժողովրդավարական հասարակությունում անհրաժեշտ արդյունավետությամբ քրեական գործերի քննություն և մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ապահովման տեսանկյունից:
Ի տարբերություն հետաքննության այլ մարմինների` Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննության հիմնական մարմին, լիազորված է հետաքննություն իրականացնել քրեական օրենսգրքով նախատեսված արարքներ կատարելու բոլոր դեպքերով: Այս հանգամանքը փաստում է այնպիսի ոստիկանություն ունենալու ձգտման մասին, որը բավարար ռեսուրսների է տիրապետում ենթադրյալ հանցագործությունների որոշ դեպքերով օբյեկտիվ ճշմարտությունը վեր հանելու գործում: Ոստիկանության ստորաբաժանումների հետաքննիչները մի շարք դեպքերով նախապատրաստում են նյութեր, հարուցում քրեական գործեր և կատարում հետաքննություն` այդ ընթացքում կատարելով օրենքով նախատեսված քննչական և դատավարական գործողություններ: Հաճախ ենթադրյալ հանցագործության մի շարք դեպքերի վերաբերյալ քննություն կատարելիս քննչական կոմիտե փոխանցված գործերով քննիչը մեխանիկական կերպով կրկնում է նույն գործողությունները, որոնք մինչ այդ կատարվել են ոստիկանության հետաքննիչների կողմից, այդ թվում` անձինք հավելյալ ստիպված են լինում ներկայանալու իրավապահ մարմին:
Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում էլ նախատեսված չեն այնպիսի ընթացակարգեր, որոնցով կմեծանա ոստիկանության աշխատակիցների դերը քրեական գործի քննության ընթացքում: Հակառակը, նախագծի համաձայն ոստիկանության դերակատարումը սահմանափակված է լինելու բացառապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների կատարմամբ:
Ռազմավարությամբ առաջարկվող քրեական ոստիկանության մոդելը
Ոստիկանության տրամադրության տակ եղած ռեսուրսների արդյունավետ կիրառման նպատակով անհրաժեշտ է քննարկման առարկա դարձնել նաև քրեական գործերի քննության ընթացքում ոստիկանության դերի բարձրացումը: Քրեական ոստիկանության ծառայողներին անհրաժեշտ է ապահովել բավարար լիազորություններով հանցագործությունների ամբողջական քննության համար: Ընդ որում, քննարկման առարկա կարող է դառնալ միջազգայնորեն ոստիկանության կողմից քրեական գործերի քննության երկու մոդել:
Մոդելների ընտրության հարցը կարող է պայմանավորվել քննչական մարմինների քանակով և իրավապահ համակարգում դրանց դասավորվածությամբ: Մի դեպքում ոստիկանությունում կարող է վերականգնվել քննիչների գործառույթը և քննչական ստորաբաժանումը, ինչը իրավապահ դաշտում ևս մեկով կավելացնի նախաքննական մարմինների թիվը: Նման մոտեցումը տրամաբանորեն կշարունակի քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծի այն տրամաբանությունը, որ քրեական գործերի քննության լիազորությամբ օժտված են լինելու միայն քննիչները:
Որպես այլընտրանք կարող է դիտարկվել ոստիկանության ծառայողների կողմից գործող քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում հետաքննությամբ քրեական գործի ամբողջական քննությունը և դրա ընթացքը լուծելը:
Այնուամենայնիվ, անկախ քրեական գործերի քննության լիազորության սահմանման մոդելից, անհրաժեշտություն է առաջանալու հստակ տարանջատել ոստիկանության և մյուս մարմիններին քննչական ենթակայությամբ հանձնվող գործերի շրջանակը կամ այն գործերի շրջանակը, որոնցով ոստիկանության ծառայողները լիազորություններ կունենան ամբողջական քննություն իրականացնել և լուծել դրա վերջնական ընթացքը:
Կախված իրենց բնույթից, վտանգավորության աստիճանից, ինչպես նաև միջամտության հրատապությունից` ոստիկանության քննությանը կարող են հանձնվել ընտանեկան բռնության և ճանապարհատրանսպորտային դեպքերի քննությունը: Միևնույն ժամանակ, ուշադրության կենտրոնում պետք է պահել ոչ մեծ ծանրության հանցագործությունները մնացածների համեմատ ավելի նվազ հանրային վտանգավորության հանգամանքը: Այս շարքում պետք է նշել տվյալ տեսակին պատկանող մարդու դեմ ուղղված հանցագործությունները, սեփականության դեմ ուղղված հանցագործություններից մասնավորապես` գողության, խարդախության, յուրացման կամ վատնման հանցակազմերի առաջին մասերով նախատեսված հանցագործությունները: Նշված հանցագործությունների դեպքերով քննության իրականացումը ոչ միայն արդյունավետ կդիտվի և կչեզոքացնի քրեական գործերի քննության ընթացքում ոստիկանության դերի արհեստական նվազեցումը, այլև թիրախային կլինի պետության բոլոր իրավապահ մարմինների ռեսուրսների արդյունավետ օգտագործման տեսանկյունից:
7. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈՒՄ
Համայնքային ոստիկանության գործող մոդելը
Համայնքային ոստիկանների ինստիտուտը կազմավորման պահին կոչված էր համայնքներում ավելի սերտ կապ ապահովելու տեղի բնակչության և ոստիկանության միջև, ինչը ողջամտորեն պետք է հանգեցներ նաև փոխադարձ վստահությանը և կոնկրետ տարածքում քաղաքացի-ոստիկան լավ հարաբերության հաստատմանը:
Այդուհանդերձ, համայնքային ոստիկանության գործառույթների ոչ ճիշտ կազմակերպման արդյունքում քաղաքացու վստահությունը վայելող ինստիտուտը չստացվեց կայացնել և համայնքային ոստիկանությունն, ըստ էության, գործառութային իմաստով հիմնականում նույնացավ խորհրդային ժամանակի միլիցիայի կազմում գործող նախկին թաղային տեսուչների գործառույթների հետ:
Միևնույն ժամանակ համայնքային ոստիկանների գործունեության կազմակերպման կարգում տեղ գտան այնպիսի գործառույթներ, որոնք հիմնականում կրկնում էին պրոբացիայի ծառայության, այլ դեպքերում` սոցիալական ծառայությունների գործառույթները: Դրանց շարքում են, օրինակ` պրոֆիլակտիկ աշխատանքները պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվածների, ազատազրկման վայրերում պատիժը լրիվ կրելուց ազատվածների հետ, հարբեցողությամբ, թմրամոլությամբ տառապող կամ հակահասարակական այլ վարքագիծ դրսևորող անձանց հետ:
Բացի այս, գործնականում համայնքային ոստիկանության գործառույթները որոշ դեպքերում կրկնում են կամ մասամբ համընկնում նաև ոստիկանության մյուս ծառայությունների գործառույթների հետ, ինչի արդյունքում համայնքային ոստիկանն արդյունավետորեն չի կատարում իր առջև դրված խնդիրները:
Ռազմավարությամբ առաջարկվող համայնքային ոստիկանության գործառույթի իրականացումը
Համայնքային ոստիկանության հիմնական գործառույթները կազմելու են`
. սպասարկվող վարչական տարածքում իրավախախտումների հայտնաբերումը, վարչական իրավախախտումների քննությունը.
. օրենքով նախատեսված դեպքերում և կարգով` անհատական պրոֆիլակտիկ միջոցների կիրառումը,
. աջակցությունը ոստիկանության օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, հետաքննչական և այլ ստորաբաժանումներին,
. ամենօրյա կապը համայնքի բնակչության հետ, սերտ համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Համայնքային ոստիկանությունն իր լիազորություններն առավել արդյունավետ կիրականացնի, եթե դրանց շրջանակից դուրս բերվեն բոլոր դեպքերում անձին բժշկական օգնություն ցուցաբերելու հիվանդանոցային ահազանգերի ստուգումը և պարտապան ֆիզիկական անձանց որոնողական աշխատանքների իրականացումը:
Բացի այդ` համայնքային ոստիկանության գործառույթի գաղափարից չի բխում տեղամասային տեսուչների օրինակով տեղեկատվության հավաքագրումը, ինչպես նաև տարատեսակ դիմումների վերաբերյալ պատասխաններ տրամադրելը, ինչը ներկայումս գործող պրակտիկան է համայնքային ոստիկանների դեպքում:
Ըստ էության, առաջարկվող գործառույթների իրականացումը հնարավոր է ներդրվող պարեկային ծառայության և նոր պարեկային ոստիկանի կողմից ծառայության իրականացման ընթացքում: Նման մոտեցմամբ առաջարկվում է համայնքային ոստիկանությանը մոտենալ ոչ թե պարտադիր առանձին ստորաբաժանման առկայության, այլ դրա գործառութային իմաստով համակարգում ունենալուն, որպիսի պայմաններում ծառայություն իրականացնող պարեկային ոստիկանը կապահովի այն բոլոր խնդիրների լուծումը, որոնց լուծմանը կոչված է համայնքային ոստիկանությունը:
8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով միջազգային հանցավորության բնույթն ու այս ոլորտի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև տեսական ու գործնական փոխկապակցվածությունը մի շարք ոլորտների հետ` ոստիկանության ոլորտի բարեփոխումները պահանջում են հստակ համակարգում ու փոխգործելիություն ինչպես տեղական դերակատարների, այնպես էլ միջազգային գործընկերների հետ:
Այս համատեքստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ՀՀ ոստիկանության` միջազգային համագործակցության շրջանակի ընդլայնումը մի շարք միջազգային կառույցներում ու կազմակերպություններում: ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման և ընդհանրապես ԵՄ և ԵՄ անդամ պետությունների հետ բազմաոլորտ համագործակցությունը կարևոր նշանակություն կունենա թե՛ փորձի փոխանակման և թե՛ մասնավորապես կազմակերպված հանցավորության դեմ արդյունավետ պայքար իրականացնելու համար: ՈՒստի, իրավական փոխօգնության և իրավապահ ոլորտում Եվրոպական միության համապատասխան մարմինների հետ համագործակցությունը պետք է սկսվի Եվրոջասթից(11) և Եվրոպոլից(12), որոնց հետ համագործակցությունը կարող է ներառել այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են կազմակերպված հանցավորության դեմ պայքարը և այլ ոլորտներ:
_____________________
11) Հիմնականում պատասխանատու է ԵՄ անդամ պետությունների, ինչպես նաև երրորդ պետությունների միջև հիմնականում դատախազական մանդատի շրջանակներում իրականացվող քրեական գործերով իրավական փոխօգնության հարցերով կոորդինացիայի, ահաբեկչության ու կազմակերպված հանցավորության գործերով համատեղ դատախազական քննությունների, ինչպես նաև տարբեր կարողությունների զարգացման համար:
12) Հիմնականում պատասխանատու է ԵՄ անդամ և երրորդ պետությունների իրավապահ համակարգի մարմինների միջև իրավական օգնության կորդինացիայի, ահաբեկչության, թմրամիջոցների միջազգային շրջանառության, կազմակերպված և տնտեսական հանցագործությունների, թրաֆիքինգի հարցերով կարևորագույն ու վտանգավոր գործերով համատեղ քննությունների և օպերատիվ գործողությունների իրականացման համար:
Այս համատեքստում հատկանշական է, որ արդեն մեկնարկել է համագործակցություն Եվրոպայի խորհրդի Կիբեռհանցագործությունների մասին ԵԽ կոնվենցիայի շրջանակում (Բուդապեշտի կոնվենցիա) գործող 24/7 կոնտակտային կետերի, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի տարածաշրջանային ու տեղական այլ պլատֆորմներում:
Զուգահեռաբար անհրաժեշտ է երկկողմ մակարդակում խորացնել համագործակցությունը ՌԴ ներքին գործերի նախարարության հետ` ՌԴ ներքին գործերի նախարարության և Ոստիկանության Միավորված կոլեգիայի ֆորմատով, ինչպես նաև համագործակցությունը ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարությունների հետ` ԱՊՀ ՆԳՆ Խորհրդի շրջանակներում:
Միևնույն ժամանակ, հարկ է խորացնել երկկողմ և բազմակողմ համագործակցությունն այլ օտարերկրյա պետությունների գործընկեր կառույցների և միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես` Միգրացիայի միջազգային կազմակերպության, Եվրոպայի Խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի, Եվրոպական ոստիկանական քոլեջի (CEPOL) և այլ միջազգային կազմակերպությունների հետ:
Առանձնապես կարևորվում է նաև ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի, նահանգային իրավապահ և ոստիկանական կառույցների և, հատկապես, ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի հետ համագործակցության խորացումը:
Հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու, ինչպես նաև պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի լիակատար իրագործման նպատակով նոր ստեղծվելիք ներքին գործերի նախարարության համար կարևոր ուղենիշ պետք է լինի քրեական գործերով իրավական օգնության վերաբերյալ համաձայնագրեր և պայմանագրեր ստորագրելու հարցերը թե երկկողմ և թե բազմակողմ մակարդակներում:
ՀՀ ոստիկանությունն այսօր խնդիր ունի բարձրացնելու իր հանդեպ վստահությունն ու իմիջը ոչ միայն տեղական մակարդակում, այլ նաև միջազգային հարթակում: Այսպես օրինակ` Կովկասյան բարոմետրի հարցումների արդյունքներով ՀՀ ոստիկանության վերաբերյալ ամբողջական անվստահությունը 28% է, առավելապես անվստահությունը` 18%, և հարցումները միայն 8% ամբողջական վստահություն են արձանագրում(13):
____________________
13) https://www.caucasusbarometer.org/en/cb2017am/TRUPOLI/
Ուստի, այս և այլ ուղղություններով անհրաժեշտ է հետևողականորեն իրականացնել նախատեսված քայլերը` նաև միջազգային հեղինակավոր գնահատումներում Հայաստանի դիրքերն այս ոլորտում բարելավելու համար:
9. ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Ոստիկանության ոլորտի բարեփոխումներն ուղղակի և անուղղակի փոխկապակցվածություն ունեն իրավապահ, դատական և այլ ոլորտների հետ, ինչի հետևանքով համապատասխան ոլորտների պատասխանատու մարմինների հետ համագործակցությունը, մասնակցությունն ու կոորդինացիան, ինչպես նաև ոլորտային զարգացման ծրագրերի հետ փոխգործելիության ապահովումը ոստիկանության բարեփոխումների հաջողության գրավական են լինելու:
Ռազմավարության և Գործողությունների ծրագրի լիարժեք և արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվելու է Ոստիկանության բարեփոխումների համակարգող խորհուրդը (Խորհուրդ), որը ղեկավարվում է Վարչապետի կողմից և ներառում ոլորտը համակարգող փոխվարչապետին ու բոլոր շահագրգիռ պետական մարմիններին, քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:
Ռազմավարության և Գործողությունների ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով պատասխանատու մարմինները յուրաքանչյուր կիսամյակի ավարտից 5 աշխատանքային օրվա ընթացքում Խորհրդի քարտուղարություն ներկայացնում են հաշվետվություն: Խորհրդի քարտուղարությունը 2 աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունների փաթեթը ներկայացնում է Խորհրդին և հրապարակում ինտերնետային իր պաշտոնական կայքում: Կիսամյակային հաշվետվությունների հիման վրա Խորհուրդը մինչև հաջորդ տարվա հունվարի 31-ն ընդունում է Ռազմավարության և Գործողությունների ծրագրի կատարման տարեկան հաշվետվություն:
Ռազմավարության և Գործողությունների ծրագրի ընթացքի մշտադիտարկումը և գնահատման գործառույթներն իրականացնում է Ոստիկանությունը, իսկ Ներքին գործերի նախարարության ձևավորումից հետո` նախարարությունը (Խորհրդի քարտուղարություն), որը յուրաքանչյուր տարվա վերջում մշտադիտարկման ու գնահատման արդյունքները ներկայացնում է Խորհրդին` հիմք ստեղծելով քաղաքական քննարկումներ մեկնարկելու Ռազմավարության ու Գործողությունների ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Առավել համապարփակ ու բազմակողմանի գնահատում ունենալու նպատակով քաղաքացիական հասարակության կազմակերպություններն առնվազն յուրաքանչյուր կիսամյակ կարող են իրականացնել անկախ մշտադիտարկում ու գնահատում և դրանց արդյունքները ներկայացնել Խորհուրդ:
Խորհուրդը յուրաքանչյուր տարվա վերջում` Խորհրդի քարտուղարության կողմից տարեկան ամփոփ հաշվետվությունը ստանալուց ու վերլուծելուց հետո, համապատասխան պատասխանատու մարմինների ներգրավմամբ կարող է առաջարկներ ներկայացնել ՀՀ կառավարությանը` վերանայելու Ռազմավարությունն ու Գործողությունների ծրագիրը` հիմնվելով մշտադիտարկման արդյունքների և առաջարկությունների վրա հիմնված համապատասխան փոփոխությունների վրա:
Ռազմավարության ու Գործողությունների ծրագրի ազդեցության գնահատման նպատակով Խորհուրդը միջնաժամկետ ու երկարաժամկետ փուլերում տարբեր թիրախային խմբերում կարող է նախաձեռնել հանրային կարծիքի հարցումներ, որոնց անցկացման հիման վրա չափվում է բարեփոխումների ազդեցությունը հասարակության վրա: Միջնաժամկետ փուլում իրականացված հարցումների արդյունքների գնահատման ու վերլուծության արդյունքում Խորհուրդը կարող է նախաձեռնել Ռազմավարության ու Գործողությունների ծրագրի, ինչպես նաև իրականացման մեթոդների ու մեխանիզմների վերանայման ու փոփոխությունների նոր շրջափուլ:
Գործընթացի նկատմամբ առավել թափանցիկություն ապահովելու նպատակով Ռազմավարությունը և Գործողությունների ծրագիրն առանձին բաժինների տեսքով տեղադրվում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջում: Կայքէջում տեղադրվում են նաև Խորհրդի տարեկան հաշվետվությունները:
10. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Որևէ ոլորտային բարեփոխման հաջողություն բացի թիրախավորված իրական փոփոխությունների հաջող իրականացումից, մեծապես կապված է արտաքին և ներքին արդյունավետ հաղորդակցության հետ: Այս առումով Ոստիկանության բարեփոխումների համար կարևոր է պատշաճ հանրային հաղորդակցություն իրականացնել նախատեսվող փոփոխությունների մասին, միաժամանակ փոփոխել հաղորդակցության նախկին ոճը:
Նկատի ունենալով ոլորտային այս ռազմավարության ընդգրկուն և հավակնոտ բնույթը, ինչպես նաև այն, որ դրա վերջնարդյունքը կապված է հանրային ընկալումների փոփոխության հետ, ուստի, դեռևս բարեփոխումների մշակման փուլից սկսած լավ մշակված ռազմավարական հաղորդակցության հետևողական իրականացումը դառնում է առաջնահերթություն:
Ռազմավարական հաղորդակցության անհրաժեշտության մեկ այլ կարևոր հիմնավորումը ոստիկանությունում նոր կադրերի ներգրավման, ծառայության գրավչության ավելացման և վերջնարդյունքում ոստիկանության նկատմամբ հանրային վստահության ու հարգանքի բարձրացումն է:
Հաղորդակցության ընթացքում անհրաժեշտ է մատչելիորեն ներկայացնել ռեֆորմի անհրաժեշտությունը, կարևորապես, թե ինչպես են այս փոփոխություններն ազդելու մարդկանց կյանքի որակի վրա, որոնք են հիմնական փոփոխությունները և այն արդյունքները, որոնք նախատեսված են արձանագրել առաջիկա երեք տարիների ընթացքում: Բարեփոխումների իրականացման ընթացքում կարևոր է լինելու Ազգային ժողովի, քաղաքացիական հասարակության և մասնագիտական շրջանակների, միջազգային գործընկերների ու հատկապես երիտասարդության ներգրավումը:
Նկատի ունենալով, որ կարճաժամկետ կտրվածքով ռեֆորմի լոկոմոտիվը լինելու է Պարեկային ծառայության ստեղծումը, ապա հանրային հաղորդակցության առաջնահերթ բաղադրիչ է դառնալու հենց այս ուղղությամբ իրականացվելիք հաղորդակցությունը:
Կարևոր է լինելու ոստիկանության ներսում ղեկավարության կողմից իրականացվող հաղորդակցության ուղերձների և միջոցների պատշաճ մշակումն ու իրականացումը:
Գալով հաղորդակցության ոճի փոփոխության խնդրին, որպես վստահելի ու հաշվետու հանրային ծառայություն` անհրաժեշտ է բարելավել ոստիկանության աշխատանքի թափանցիկությունը` առավել հաճախակի, պրոակտիվ ու մատչելի տեղեկությունների, հաշվետվությունների և ուսումնասիրությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման, պարբերական մեդիա բրիֆինգների և հասարակայնության հետ կապերի առավել նոր ու ժամանակակից միջոցների արդյունավետ օգտագործմամբ: Եթե ոստիկանությունը կարողանա հանրությանը պրոակտիվ կերպով (ոչ թե պոստ ֆակտում) տեղեկացնել հանրային հնչեղության հարցերի, իր ծառայության առանձնահատկությունների, խիզախություն և ծառայողական արժանիքներ դրսևորած ծառայողների (կարևորապես ոչ բարձրաստիճանների) վերաբերյալ պատմությունների ներկայացմամբ, ինչու ոչ` հումորային հաղորդաշարերի միջոցով ոստիկանության ամենօրյա ծառայության մասին պատմելով, ապա առավել ընկալելի, ուստի և առավել մոտ կդառնա հանրությանը` դրանով իսկ երաշխավորելով ոլորտի բարեփոխումների վերջնարդյունքը:
11. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՍՑԵԱԳՐՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|Ռիսկեր |Ռիսկի |Ռիսկերի նվազեցման միջոցներ |
| |աստիճան| |
| |(Բ/Մ/Ց)| |
|______________________________|_______|______________________________|
|1. Միջոցառումների իրականացմանը|Բ |1.1 Յուրաքանչյուր գործողության|
|խոչընդոտող ֆինանսական | |իրականացման համար պատասխանատու|
|միջոցների բացակայություն/ոչ | |պետական կառավարման համակարգի |
|բավարար միջոցների տրամադրում | |մարմինը պետք է գործողության |
| | |իրականացման համար անհրաժեշտ |
| | |ֆինանսական միջոցների գնահատման|
| | |հիման վրա ապահովի ֆինանսական |
| | |միջոցների հատկացման |
| | |նախատեսումը իր կողմից |
| | |ներկայացվող բյուջետային |
| | |հայտում, միջնաժամկետ ծախսերի |
| | |ծրագրում կամ այլ աղբյուրներից;|
| | |1.2 Միջազգային գործընկերների |
| | |հետ նախօրոք բանակցվող |
| | |փաստաթղթերում հստակ նախանշել |
| | |այն աջակցությունը, որը |
| | |տրամադրվելու է ոլորտին` |
| | |կապելով դրանք Ռազմավարության |
| | |ու ԳԾ առանձին կետերի հետ: |
|______________________________|_______|______________________________|
|2. Պետական մարմինների միջև |Մ |2.1 Իրենց լիազորությունների |
|ոչ բավարար համագործակցություն | |շրջանակներում աջակցություն |
| | |ցուցաբերել պատասխանատու |
| | |մարմինների գործողությունների |
| | |իրականացման հարցում |
|______________________________|_______|______________________________|
|3. Լրացուցիչ/չպլանավորված |Ց |3.1 Գործողությունների |
|աշխատանքների կատարման | |իրականացման ընթացքում |
|անհրաժեշտության առաջացման | |չպլանավորված աշխատանքների |
|ռիսկեր | |իրականացման անհրաժեշտության |
| | |առաջացման դեպքում ձեռնարկել |
| | |լրացուցիչ աշխատանքների ծավալի |
| | |և պահանջվող ֆինանսավորման |
| | |(առկայության դեպքում) |
| | |գնահատում և արդյունքների |
| | |մասին հայտնել Խորհրդի առաջիկա |
| | |նիստում |
|______________________________|_______|______________________________|
|4. Կազմակերպական |Ց |4.1 Միջոցներ ձեռնարկել մարմնի |
|մարտահրավերներ | |կառուցվածքային |
| | |ստորաբաժանումների միջև` |
| | |գործողությունների իրականացման |
| | |վերաբերյալ տվյալների |
| | |փոխանակման համար |
|______________________________|_______|______________________________|
|5. Քաղաքական կամքի |Ց |5.1 ՀՀ կառավարությունը |
|բացակայություն | |ամբողջության հանձն է առել ու |
| | |ունի լիարժեք քաղաքական կամք` |
| | |իրականացնելու ոլորտի |
| | |բարեփոխումներ: |
._____________________________________________________________________.
__________________________________
ԻՐՏԵԿ - N 2 հավելվածը չի բերվում
(2-րդ հավելվածը փոփ. 27.05.2021 թիվ 854-Լ որոշում)