Սեղմել Esc փակելու համար:
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ` ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 19 մայիսի 2020թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի Ա. Գյուլումյանի, Ա. Դիլանյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2019 թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

i

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի փետրվարի 20-ի N 175-Ա որոշմամբ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի փետրվարի 28-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի փետրվարի 28-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը (այսուհետ` Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 21-ին` Պրահայում:

i

2. Արձանագրության նպատակն է Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերություններում դյուրացնել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում ստորագրված և 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) կիրարկումը: Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2013 թվականի նոյեմբերի 11-ի ԱԺՈ-091-Ն որոշմամբ (ՍԴՈ-1113):

3. Արձանագրությունը նախատեսում է մանրամասն կանոններ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև հարաբերություններում Համաձայնագրի կիրարկման համար (հոդվ. 1): Միաժամանակ, Արձանագրության 2-րդ հոդվածի 1-ին կետով սահմանվում է, որ Համաձայնագրի 1-ին հոդվածի «ժա» կետով նախատեսված` դրա 20-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն` Համաձայնագրի կիրարկման համար Հայաստանի Հանրապետության պատասխանատու իրավասու մարմինը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությունն է:

4. Արձանագրությունով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո` երեսուն (30) օրացուցային օրվա ընթացքում, ինչպես սահմանված է Արձանագրության 11-րդ հոդվածում, մյուս կողմի հետ դիվանագիտական ուղիներով փոխանակել իրավասու մարմինների կոնտակտային տվյալները, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ցանկացած փոփոխության մասին անմիջապես դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցել մյուս կողմին, ինչպես նաև ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները մյուս կողմի իրավասու մարմիններին ծանուցեն նշված կոնտակտային տվյալներում որևէ փոփոխության մասին (հոդվ. 2, կետեր 2 և 3),

- ապահովել, որ հետընդունման և տարանցման դիմումները հիմնականում ուղարկվեն Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի այսուհետ` ՌՀԿԷՀ) միջոցով: Անհրաժեշտության դեպքում դիմումը հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով (հոդվ. 3, կետ 1),

- ապահովել, որ հետընդունման և տարանցման դիմումների պատասխանները և այլ հարակից հաղորդակցությունը հիմնականում ուղարկվի ՌՀԿԷՀ-ի միջոցով: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ուղարկել փոստի, ֆաքսի կամ պաշտպանված էլեկտրոնային նամակի միջոցով (հոդվ. 3, կետ 2),

- համաձայնվել, որ Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի կարգավորումներին համապատասխան` տվյալ անձի փոխադրումն իրականացրած ավիաընկերության կողմից փաստաթղթերի կամ գրավոր հաստատման ներկայացումը նույնպես համարվի prima facie քաղաքացիության ապացույց` ի լրումն Համաձայնագրի 2-րդ Հավելվածում թվարկված ապացույցների (հոդվ. 4, կետ 1),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները մյուս կողմի իրավասու մարմինների հետ փոխանակեն անձնագրերի և նույնականացման քարտերի նմուշները (հոդվ. 4, կետ 3),

- որպես հայցող կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը մուտքագրի առաջարկվող փոխադրման ժամկետների, մուտքի անցակետի և հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ տվյալները հետընդունման դիմումի «Զ» մասում, եթե այդ տվյալները հայտնի լինեն դիմումի ներկայացման պահին, իսկ որպես հայցվող կողմ` ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պատասխանի վերոհիշյալ առաջարկին հետընդունման դիմումի պատասխանում (հոդվ. 6, կետ 1),

- եթե Արձանագրության 6-րդ հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվությունը չի ներառվել հետընդունման դիմումի մեջ, ապա որպես հայցող կողմ ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինն այդ մասին ծանուցի հայցվող կողմի իրավասու մարմնին Համաձայնագրի 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետներում, իսկ որպես հայցվող կողմ, ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը պատասխանի այդ առաջարկին հնարավորինս շուտ, բայց առաջարկն ստանալուց հետո առավելագույնը երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում (հոդվ. 6, կետ 2),

- ապահովել, որ տարանցման դիմումները ներկայացվեն հայցվող կողմի իրավասու մարմնին նախատեսված տարանցումից առնվազն տասը (10) օրացուցային օր առաջ, իսկ եթե անհրաժեշտ է, ապա այդ դիմումը կպարունակի Համաձայնագրի 8-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված տեղեկությունը, որը կմուտքագրվի տարանցման դիմումի «Գ» մասում (հոդվ. 7, կետ 1),

- ապահովել, որ տարանցման գործողությունը` որպես սկզբունք, իրականացվի օդային ճանապարհով և հնարավոր ուղեկցորդների վերաբերյալ մանրամասները, ինչպես շարադրված է Արձանագրության 6-րդ հոդվածի 3-րդ կետում, մուտքագրվեն տարանցման դիմումի «Բ» մասում, և այս տվյալներին վերաբերող ցանկացած փոփոխության մասին ծանուցվի անհապաղ (հոդվ. 7, կետ 2),

- երաշխավորել, որ ուղեկցող խմբի անդամները հայցվող կողմի տարածքում իշխանություն չեն գործադրի, զինված չեն լինի, պարտավորված կլինեն հարգել հայցվող կողմի իրավական համակարգը և իրենց մոտ կունենան հայցվող կողմի տված տարանցման համաձայնության պատճենը (հոդվ. 7, կետ 3),

- Համաձայնագրի 20-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` օդային ճանապարհով իրականացվող հետընդունումը և տարանցումը իրականացնել սահմանային հետևյալ անցակետում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում, եթե այլ բան համաձայնեցված չէ (հոդվ. 8, կետ 1),

- որպես փաստաթուղթ տրամադրող կողմ` հոգալ հետընդունման ենթակա անձին փոխարինող ճամփորդական փաստաթղթի տրամադրման հետ կապված հնարավոր ծախսերը (հոդվ. 9, կետ 3) և այլն:

5. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Արձանագրությամբ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չեխիայի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

19 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1532

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 19 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
19.05.2020
N ՍԴՈ-1532
Որոշում