Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

13 մայիսի 2020 թվականի N 170-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 14-Ի N 97-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

27. Եթե ամուսնալուծության պետական գրանցման դիմումը ներկայացվում է Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կամ «գ» կետերի հիման վրա և ամուսնության պետական գրանցումը առկա չէ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում կամ եթե դիմումը ներկայացվել է ամուսնության գրանցումը չկատարած ՔԿԱԳ մարմին, ապա ամուսնության պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքները կազմակերպվում են սույն Հրամանով հաստատված Հավելված N 1-ով սահմանված կարգով:

28. Սույն հավելվածի 31-րդ կետով նախատեսված դեպքում ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսնության պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքների մասին հաղորդումը ստանալու նույն աշխատանքային օրը, եթե սույն հրամանով այլ ժամկետ սահմանված չէ կամ այլ օր չի ընտրվել ամուսնալուծվողի կողմից:

29. Եթե դատապարտված ամուսինը դիմում է ամուսնալուծության մասին պետական վկայական ստանալու համար, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից սահմանված կարգով ամուսնալուծության պետական գրանցումը կատարելուց հետո դատապարտյալի ամուսնալուծության մասին պետական վկայականն ուղարկվում է դատապարտյալի www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեներին, դրանց բացակայության դեպքում` համապատասխան քրեակատարողական հիմնարկի վարչակազմի էլեկտրոնային հասցեին` այն արտատպելու և դատապարտյալին հանձնելու համար:

30. Եթե ամուսնալուծություն է գրանցվել անհայտ բացակայող ճանաչված անձի հետ, ապա նրա ի հայտ գալու և նրան անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը վերացնելու դեպքում, ամուսնալուծվածը կարող է դիմել ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության մասին պետական վկայական ստանալու նպատակով:

Սույն կետով սահմանված դեպքում ՔԿԱԳ մարմին է ներկայացվում անձին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ դատական ակտը վերացնելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը կամ պատճեն, որը էլեկտրոնային կառավարման համակարգ լուսապատճենահանման միջոցով մուտքագրելուց հետո վերադարձվում է դիմողին:

31. Եթե ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսիններից մեկի դիմումի հիման վրա և մյուս կողմի գործող անձնական տվյալները և էլեկտրոնային հասցեների վերաբերյալ տեղեկատվությունը առկա է ՀՀ բնակչության պետական ռեգիստրում և դրանք համապատասխանում են ամուսնության պետական գրանցման ակտին, ապա մյուս կողմի տվյալները ամուսնալուծության պետական գրանցման ակտում լրացվում են ինքնաշխատ էլեկտրոնային կառավարման համակարգում, իսկ ամուսնալուծության մասին պետական վկայականը ամուսնալուծության մյուս կողմ հանդիսացող անձին ուղարկվում են` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

32. Եթե ամուսնալուծության պետական գրանցումը կատարվում է ամուսիններից մեկի դիմումի հիման վրա և դիմողը չի տիրապետում մյուս կողմի գործող անձնական տվյալներին և էլեկտրոնային հասցեի վերաբերյալ տեղեկատվությանը և դրանք հնարավոր չէ բեռնել ՀՀ բնակչության պետական ռեգիստրից, ապա մյուս կողմի տվյալները ամուսնալուծության պետական գրանցման ակտում լրացվում են համաձայն ամուսնության պետական գրանցման ակտի:

33. Սույն հավելվածի 32-րդ կետով սահմանված դեպքում, ամուսնալուծված մյուս կողմը ամուսնալուծության վկայական կարող է ստանալ ամուսնալուծության պետական գրանցման ակտում իրեն վերաբերող տեղեկությունները լրացնելու համար դիմում ներկայացնելու նույն աշխատանքային օրը, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:

34. Եթե ամուսնության պետական գրանցումը, որը ենթակա է լուծման, չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների փաստաթղթային արխիվում և էլեկտրոնային միասնական գրանցամատյանում, ապա ամուսնալուծության պետական գրանցումը հնարավոր է կատարել միայն Օրենքով սահմանված կարգով ամուսնության պետական գրանցումը վերականգնելուց հետո:

35. Այն դեպքում, երբ ամուսնության պետական գրանցման ժամանակ ամուսնալուծվողը փոխել է ազգանունը, սակայն անձը հաստատող փաստաթուղթը հետագայում չի փոխել, ամուսնալուծության պետական գրանցում կատարող ՔԿԱԳ մարմինը իրավունք չունի մերժելու ամուսնալուծության պետական գրանցման մասին դիմումը: Ամուսնալուծության պետական գրանցման ակտի մեջ ամուսնալուծվողի «Ազգանունը մինչև ամուսնալուծվելը» սյունակում նշվում է ամուսնության ակտի գրանցման «Ազգանունն ամուսնությունից հետո» սյունակում նշված ազգանվանը համապատասխան: «Ազգանունն ամուսնալուծությունից հետո» սյունակում դիմողի ազգանունը նշվում է անձը հաստատող փաստաթղթում նշված ազգանվանը համապատասխան:

36. Այն դեպքում երբ ամուսնության պետական գրանցման ակտի մեջ նշված տեղեկությունները չեն համապատասխանում ամուսնալուծվող անձանց գործող անձնագրային տվյալներին, ապա ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետը կասեցվում է, մինչև ամուսնության պետական գրանցման ակտում ՀՀ օրենսդրությամբ սահմանված ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելը: Այս դեպքում ամուսնալուծության պետական գրանցման դիմումի ժամկետը վերսկսվում է ամուսնության ակտում համապատասխան ուղղումը, փոփոխությունը կամ լրացումը հաստատելու օրվանից:

37. Եթե ամուսնության պետական գրանցումը կատարված է ՀՀ միջազգային պայմանագրի կողմ հանդիսացող օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմինը պարտավոր է դիմումը մուտքագրելուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում հարցում կատարել օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմին` ամուսնության պետական գրանցման ակտը ստանալու համար:

38. Սույն հավելվածի 37-րդ կետով սահմանված դեպքում` ամուսնալուծության պետական գրանցման կատարման դիմումի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնության պետական գրանցման ակտը ստանալը: Ամուսնության պետական գրանցման ակտի ստացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում (համատեղ դիմումի հիման վրա կատարվող ամուսնալուծության դեպքում, եթե չի լրացել մեկ ամսյա ժամկետը)` ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել ամուսնալուծության պետական գրանցումը, եթե ամուսնալուծվողների կողմից այլ օր չի ընտրվել և նույն աշխատանքային օրը ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին` ամուսնալուծության վկայական ստանալու պահանջով, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ պետության օրենսդրությամբ:

39. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ամուսնալուծության մասին վկայականը ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում փոստային ծառայության միջոցով ուղարկում է ամուսնալուծված անձի դիմումում նշված հասցեով կամ տրամադրում է դիմողին` առձեռն:

40. Եթե ամուսնալուծության պետական գրանցման համար դիմումը ներկայացվում է ամուսնալուծվողներից մեկը և ամուսնալուծության պետական գրանցման կատարման վարույթի ընթացքում հայտնաբերվում է արդեն իսկ գրանցված ամուսնալուծություն և անձը հաստատող տվյալների հետ առկա չեն անհամապատասխանություններ, ապա ՔԿԱԳ մարմինը պարտավոր է վարույթը ավարտել` ուղարկելով ամուսնալուծության մասին պետական վկայականը ամուսնալուծվողի www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

41. Եթե ամուսնության պետական գրանցումը կատարվել է այլ ՔԿԱԳ մարմնի կողմից, ապա ամուսնալուծության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը` ամուսնալուծության պետական գրանցման մասին հաղորդում է ամուսնության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ` փաստաթղթային արխիվում ամուսնալուծության նշումներ կատարելու նպատակով:

42. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ամուսնալուծության նշումներ են կատարում ամուսնության պետական գրանցման ակտի մեջ:

43. Ամուսնալուծության պետական գրանցման կապակցությամբ զինապարտի կամ զորակոչիկի ազգանունը փոխվելու դեպքում Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հայտնում է զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

44. Ամուսնալուծության պետական գրանցումը վերացնելու մասին օրինական ուժի մեջ մտած դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ (քաղվածքը) ստանալու դեպքում` ՔԿԱԳ մարմինը չեղյալ է համարում ամուսնալուծության պետական գրանցումը առանց լրացուցիչ դիմումի` վճիռը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում: Ամուսնալուծության պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է չեղյալ համարվելու համար հիմք հանդիսացած` դատարանի վճռի տվյալների նշումը:

45. Ամուսնալուծության պետական գրանցումը չեղյալ համարելու նույն աշխատանքային օրը վճիռը ստացած ՔԿԱԳ մարմինը հաղորդում է կատարում ամուսնալուծության պետական գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ` փաստաթղթային արխիվում համապատասխան նշումներ կատարելու նպատակով:

46. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշումներ են կատարում ամուսնալուծության պետական գրանցման ակտի մեջ:

47. Չեղյալ ճանաչված ամուսնալուծության պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակներ չեն տրամադրվում: Իսկ տրված ամուսնալուծության մասին պետական վկայականները կամ դրանց կրկնօրինակները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

48. Անհրաժեշտության դեպքում դատարանի և իրավասու այլ մարմինների հարցումներին ի պատասխան ուղարկվում է անվավեր ճանաչված ակտի գրանցման պատճենը, ամուսնալուծության անվավեր ճանաչված լինելու մասին նշումով:

49. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում կատարված ամուսնալուծությունը լուծվում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից, ամուսնության պետական գրանցման դադարման հիմքը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու դեպքում ամուսնության պետական գրանցման ակտի մեջ նույն աշխատանքային օրը կատարվում է ամուսնության դադարման հիմքի տվյալների մասին նշում և ամուսնալուծված անձին ուղարկվում «ամուսնալուծության գրանցման մասին նշումով» ամուսնության պետական գրանցման մասին տեղեկանքը www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմումում տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին, եթե սույն հավելվածով այլ բան նախատեսված չէ:

50. Ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված փաստաթուղթը (փաստաթղթերը) և քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի անձը հաստատող փաստաթուղթը թարգմանվում են հայերեն և վավերացվում նոտարական կարգով:

51. Ամուսնալուծության պետական գրանցում կատարելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգում լուծված ամուսնության մասին առկա պետական վկայականները, դրանց կրկնօրինակները չեղյալ են հայտարարվում:

 

Հավելված 6

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՐԴԵԳՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է անկախ որդեգրման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցած ժամկետից կամ որդեգրվողի տարիքից: Որդեգրման պետական գրանցումը կատարվում է, եթե առկա չեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված` որդեգրման պետական գրանցումը մերժելու հիմքերը:

2. Մինչև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքն (այսուհետ` Օրենք) ուժի մեջ մտնելը (2005 թ-ի ապրիլի 19-ը) որդեգրումը կատարվում էր խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման, իսկ Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա (այսուհետ` իրավասու մարմնի որոշմամբ):

Սույն հավելվածում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռին վերաբերող դրույթները կիրառելի են նաև սույն կետի առաջին պարբերությունում նշված խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման համար:

Եթե նախկինում որդեգրման գրանցումը չի կատարվել, ապա որդեգրման մասին իրավասու մարմնի որոշումը ստանալու օրը ՔԿԱԳ մարմինը կատարում է որդեգրման գրանցման համար սույն հավելվածով սահմանված գործողություններ` ծննդյան ակտային գրանցման մեջ «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշելով որոշումը կայացնող մարմնի անվանումը, որոշման համարը և ժամանակը:

3. Որդեգրման պետական գրանցումը կատարվում է դիմումը և որդեգրման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու նույն աշխատանքային օրը:

4. Որդեգրման պետական գրանցման ակտը լրացվում է հետևյալ կարգով.

1) որդեգրվողի վերաբերյալ տվյալները` «երեխայի մասին տեղեկություններ որդեգրումից առաջ» հատվածում լրացվում են ծննդի պետական գրանցման ակտի գրառումների հիման վրա, իսկ «երեխայի մասին տեղեկություններ որդեգրումից հետո» հատվածում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռին ճիշտ համապատասխան.

2) «Երեխայի կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ» հատվածում լրացվում են երեխայի ծնողների վերաբերյալ տվյալները` երեխայի ծննդի պետական գրանցման ակտում առկա հոր և մոր տեղեկությունների հիման վրա:

3) եթե երեխայի կենսաբանական ծնողը, գտնվելով որդեգրողի հետ ամուսնության մեջ, մինչև որդեգրման պետական գրանցումն ընդունում է վերջինիս ազգանունը, ապա որդեգրման պետական գրանցման ակտում «Երեխայի կենսաբանական ծնողների մասին տեղեկություններ» սյունակի այդ ծնողի վերաբերյալ հատվածում նշվում է նրա մինչամուսնական ազգանունը, որը նշված է եղել որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում, իսկ որդեգրման պետական գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում` ամուսնության գրանցման ժամանակը և գրանցման համարը, ինչպես նաև ծնողի ազգանունը` ամուսնության պետական գրանցումից հետո.

4) «Երեխայի որդեգրող ծնողների մասին տեղեկություններ» հատվածում որդեգրողների վերաբերյալ տեղեկությունները գրանցվում են որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա.

Եթե երեխան որդեգրվել է մեկ անձի կողմից, ապա որդեգրման պետական գրանցման ակտում լրացվում է միայն վերջինիս տվյալները, իսկ մյուս որդեգրողի վերաբերյալ սյունակը չի լրացվում:

5. Եթե որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռում նշված որդեգրվողի վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում նրա ծննդյան ակտի գրանցման մեջ լրացված տվյալներին կամ որդեգրողի` վճռում նշված տեղեկությունները չեն համապատասխանում վերջինիս անձը հաստատող փաստաթղթերում կամ ամուսնության պետական գրանցման ակտի տվյալներին, ապա որդեգրման պետական գրանցման վարույթը կասեցվում է: Գրանցումը կատարվում է սույն կետում նշված փաստաթղթերում առկա անհամապատասխանությունները վերացնելուց հետո` վերացնելու փաստը հավաստող փաստաթուղթը ներկայացնելու օրը:

6. Սույն հավելվածի 5-րդ կետում նշված դեպքում ՔԿԱԳ մարմինն առաջարկում է որդեգրողներին դիմել որդեգրման մասին վճիռ կայացրած դատարան` տեղեկությունների անհամապատասխանությունը շտկելու նպատակով կամ, անհրաժեշտության դեպքում, քաղաքացիական կացության պետական գրանցման համապատասխան ակտում օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվում են ուղղումներ, փոփոխություններ կամ լրացումներ:

7. Որդեգրման պետական գրանցումը ավարտելուց հետո` նույն պահին, ՔԿԱԳ մարմինը, որդեգրման պետական գրանցման ակտի տվյալներին համապատասխան փոփոխություններ է կատարում երեխայի ծննդի պետական գրանցման մեջ` տրամադրելով ծննդի պետական գրանցման մասին նոր վկայական: Մինչև որդեգրման պետական գրանցումը երեխայի ծննդի մասին տրամադրված պետական վկայականը էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ է համարվում:

8. Մինչև որդեգրման ակտի գրանցում իրականացնելը ՔԿԱԳ մարմինը, իր արխիվում պահպանվող կամ հարցման միջոցով ՔԿԱԳ այլ մարմնից ստանալուց հետո ուսումնասիրում է երեխայի ծննդյան ակտի գրառումները` որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված տեղեկությունների համապատասխանությունը ստուգելու նպատակով:

9. Եթե երեխայի ծննդի պետական գրանցումը կատարվել է մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը այլ ՔԿԱԳ մարմնի կողմից և այն թվայնացված չէ էլեկտրոնային կառավարման համակարգում, ապա ծննդի պետական գրանցման ակտի թվայնացման աշխատանքները կազմակերպվում են սույն Հրամանի հավելված 1-ում նախատեսված կարգով:

10. Եթե երեխայի ծննդի ակտի պետական գրանցումը կատարվել է այլ ՔԿԱԳ մարմնի կողմից, ապա որդեգրման պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը` որդեգրման պետական գրանցման մասին հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ` փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

11. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Արխիվը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան փոփոխություններ են կատարում ծննդի մասին պետական գրանցման ակտի մեջ:

12. Որդեգրման գրանցմանը համապատասխան երեխայի ծննդի պետական գրանցման ակտի մեջ փոփոխություն կատարելիս (ազգանունը, անունը, հայրանունը, ծննդավայրը, ծննդյան ժամանակը, ծնողների մասին տեղեկությունները փոխելիս) որպես այդպիսի փոխման հիմք «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է որդեգրման ակտի գրանցումը (որդեգրման ակտային գրանցում կատարած ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը):

13. Եթե որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ չի նշվում որդեգրվողի և ծնողների վերաբերյալ տվյալների փոխման մասին, ապա ՔԿԱԳ մարմինը կազմում է որդեգրման պետական գրանցման ակտ, առանց ծննդի պետական գրանցման մեջ փոփոխություններ կատարելու և տրամադրում որդեգրման մասին պետական վկայական: Սույն դեպքում որդեգրվածի ծննդի պետական գրանցման ակտում նշում է կատարվում որդեգրման պետական գրանցումը կատարելու մասին:

14. Այն դեպքում, երբ որդեգրողը, ըստ որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ամուսնության մեջ չգտնվող կին է, և երեխայի նկատմամբ չեն պահպանվել նրա հոր իրավունքները, ապա վերջինս երեխայի ծննդի պետական գրանցման ակտում գրառվում է որպես մայր, իսկ, որդեգրողի ցանկության դեպքում, հոր վերաբերյալ հատվածում ազգանունը նշվում է իր ազգանվամբ, իսկ անունը և հայրանունը` որդեգրողի ցուցումով, որի մասին նշվում է ծննդյան ակտի պետական գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում: Որդեգրողի ցուցումով գրառված հոր անվան համապատասխան գրառվում է նաև երեխայի հայրանունը: Սույն կետի դրույթը վերաբերում է այն դեպքերին, երբ որդեգրման մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռում նշված չէ երեխայի հայրանունը: Այն դեպքում, երբ վճռում նշված է երեխայի հայրանունը որդեգրումից հետո, ապա, հոր վերաբերյալ տեղեկություններում հոր անունը նշվում է այդ հայրանվան համապատասխան:

15. Այն դեպքում, երբ որդեգրողը, ըստ որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի, ամուսնության մեջ չգտնվող տղամարդ է, և երեխայի նկատմամբ չեն պահպանվել նրա մոր իրավունքները, ապա վերջինս երեխայի ծննդի պետական գրանցման ակտում գրառվում է որպես հայր, իսկ, որդեգրողի ցանկության դեպքում, մոր վերաբերյալ հատվածում ազգանունը նշվում է իր ազգանվամբ, իսկ անունը և հայրանունը` վերջինիս ցուցումով:

16. Եթե երեխայի ծննդյան ժամանակը որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով փոփոխվել է մինչև երեք ամիս առաջ ժամանակահատվածով, ապա փոփոխվում է միայն երեխայի ծննդյան ժամանակը: Իսկ եթե երեխայի ծննդյան ժամանակը որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով փոփոխվել է երեք ամիս հետո ժամանակահատվածով, ապա փոփոխվում է երեխայի ծննդյան ժամանակը և ծննդի պետական գրանցման ակտի ժամանակը, որը նշվում է որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի մեջ նշված երեխայի ծննդյան ժամանակին համապատասխան: Եթե փոփոխված ծննդի ակտի գրանցման ժամանակը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ծննդի պետական գրանցման ակտում ծննդի գրանցման ժամանակը նշվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:

17. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով երեխայի ծննդավայրը փոխելու դեպքում որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռին համապատասխան ծննդավայրի փոփոխության դեպքում ՔԿԱԳ մարմնում կազմվում է երեխայի ծննդի պետական գրանցման նոր ակտ: Երեխայի ծննդի պետական գրանցման նոր ակտի տվյալները և գրանցման վայրը ակտային գրանցման համարը և ժամանակը լրացվում է երեխայի ծննդի պետական գրանցման ակտի նախկին գրանցման մեջ` «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում:

18. Ծննդի պետական նոր գրանցումը կազմվում է ընթացիկ տարվա ծննդի վերականգնված ակտային գրանցման գրքում, իսկ «Երեխայի ծննդի փաստը հաստատող փաստաթղթի տվյալները» սյունակում նշվում է որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի տվյալները և որդեգրման պետական գրանցող ՔԿԱԳ մարմնի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

19. Ծննդի նոր կազմված ակտային գրանցման «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է ծննդի պետական գրանցման մասին ակտի նախկին գրանցման վայրի անվանումը, ակտի գրանցման համարը և ժամանակը:

20. Ծննդի պետական գրանցումից հետո դիմողին տրամադրվում է որդեգրվողի ծննդի պետական գրանցման մասին վկայական:

21. Եթե որդեգրման մասին վճիռը կայացրած դատարանի կողմից ի լրումն որդեգրման մասին ընդունած նախորդ վճռին, նոր լրացուցիչ վճիռ է կայացվում, ըստ որի որդեգրողները պետք է գրվեն որպես որդեգրվողի ծնողներ կամ փոխվում են երեխայի վերաբերյալ տվյալները և այլն, ապա ՔԿԱԳ մարմինը որդեգրվողի որդեգրման և ծնունդների նախկինում կազմված պետական գրանցման ակտերում կատարում է համապատասխան փոփոխություններ:

Սույն հավելվածը կիրառվում է նաև այն դեպքում, երբ որդեգրման պետական գրանցումը կատարվում է արդեն որդեգրման մասին լրացուցիչ վճիռ ընդունելուց հետո:

22. Որդեգրման պետական գրանցման կապակցությամբ զինապարտների կամ զորակոչիկների ազգանվան կամ հայրանվան փոխման դեպքում` ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հաղորդում է ուղարկում զինվորական կոմիսարիատ, որտեղ զինապարտը կամ զորակոչիկը գտնվում է հաշվառման մեջ և վերջինիս բնակության վայրի ոստիկանության համապատասխան բաժին:

23. Եթե ծննդի պետական գրանցումը, որի հիման վրա պետք է կատարվի որդեգրման պետական գրանցումը չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների և Արխիվի փաստաթղթային արխիվում և էլեկտրոնային միասնական գրանցամատյանում, ապա որդեգրման պետական գրանցումը հնարավոր է կատարել միայն «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով սահմանված կարգով ծննդի պետական գրանցումը վերականգնելուց հետո:

24. Եթե երեխայի ծնունդը գրանցված է օտարերկրյա պետության կողմից, ապա ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման պետական գրանցման հիման վրա ծննդի պետական գրանցման ակտում փոփոխությունները կատարում է այն դեպքում, երբ ծնունդը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգով երկկողմանի կամ բազմակողմ ՀՀ միջազգային պայմանագիր:

25. Սույն հավելվածի 24-րդ կետով սահմանված դեպքում որդեգրման պետական գրանցման կատարման դիմումի ժամկետը կասեցվում է մինչև հարցմանն ի պատասխան օտարերկրյա պետության ՔԿԱԳ մարմնի կողմից ծննդի պետական գրանցման ակտը ստանալը: Ծննդի պետական գրանցման ակտի ստացման նույն աշխատանքային օրը ՔԿԱԳ մարմինը պարտավոր է կատարել որդեգրման պետական գրանցումը և ուղարկել համապատասխան հաղորդումը օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմին` ծննդի վկայական ստանալու պահանջով:

26. Օտարերկրյա պետության ՔԿԱԳ տարածքային մարմնի կողմից ուղարկված ծննդի պետական գրանցման մասին վկայականը ստանալու դեպքում ՔԿԱԳ մարմինը այն երկու աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է դիմողին, վերջինիս ցանկությամբ` փոստային ծառայության միջոցով դիմողի կողմից նշված հասցեին կամ հանձնում առձեռն:

27. Որդեգրման պետական գրանցման համար հիմք հանդիսացող օտար լեզվով փաստաթղթերը (անձը հաստատող փաստաթուղթ, դիմում և այլն) պետք է թարգմանված լինեն հայերեն և վավերացված լինեն նոտարական կարգով:

28. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը անվավեր ճանաչելու կամ որդեգրումը վերացնելու դեպքում ՔԿԱԳ մարմնի կողմից որդեգրման պետական գրանցումը չեղյալ է համարվում:

29. Այն դեպքում, երբ սույն հավելվածի 28-րդ կետում նշված վճռով պահպանվում են որդեգրման կապակցությամբ երեխային տրված անունը, հայրանունը և ազգանունը, ծննդյան ժամանակը, վայրը, ապա այդ տեղեկությունները, ապա ՔԿԱԳ մարմինը դրանք չի փոփոխում:

30. Որդեգրման մասին դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը անվավեր ճանաչելու մասին վճիռը կամ վերացնելու մասին վճիռը կամ դրա պատճեն ընդունող ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը հաղորդում է կատարում ծննդի պետական գրանցում (ծննդի նոր պետական գրանցում) կատարած ՔԿԱԳ մարմին և Արխիվ` փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

31. Հաղորդումը ստացած ՔԿԱԳ մարմինը և Արխիվը նույն աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան նշում են կատարում ծննդի պետական գրանցման ակտի մեջ` վերականգնելով նախկին տեղեկությունները:

32. Որդեգրման պետական գրանցման հիման վրա տրամադրված ծննդի և որդեգրման պետական գրանցման մասին վկայականները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

33. Որդեգրման գրանցումը չեղյալ համարելու դեպքում այն անձին, ով նախկինում գրանցվել է որպես երեխայի որդեգրող, երեխայի ծննդի մասին վկայականի կրկնօրինակ և տեղեկանք չի տրամադրվում:

34. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման պետական գրանցման արդյունքում նրա` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ծննդի պետական գրանցման մեջ տվյալների փոփոխությունները կատարվում են, եթե որդեգրումը չի հակասում տվյալ որդեգրումը հաստատող պետության, ինչպես նաև ՀՀ-ի և միջազգային պայմանագրերով սահմանված կարգին:

 

Հավելված 7

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՄԱՀՎԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Երևան քաղաքում մահվան գրանցումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանման կողմից:

2. Մահվան պետական գրանցման կատարման մասին դիմումին կից ներկայացվում են`

ա) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը,

բ) Օրենքով սահմանված մահվան փաստը հաստատող փաստաթուղթը,

գ) առկայության դեպքում` մահացած անձի անձը հաստատող փաստաթուղթը,

դ) սույն կարգով նախատեսված այլ փաստաթղթեր:

3. Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատության կողմից տրված` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատված մահվան մասին բժշկական վկայականը (այսուհետ` բժշկական վկայական) գեներացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ինքնաշխատ` դիմողի կողմից տրամադրված բժշկական վկայականի քաղվածքի վրա զետեղված հատուկ համարանիշը մուտքագրելով էլեկտրոնային կառավարման համակարգ:

4. ՀՀ քաղաքացի հանդիսացող մահացած անձի անձնագրային տվյալները գեներացվում են էլեկտրոնային կառավարման համակարգում` ՀՀ բնակչության պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից ինքնաշխատ:

5. Եթե մահացած անձը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի և նրա անձը հաստատող փաստաթղթերում առկա են անհամապատասխանություններ, ապա մահվան պետական գրանցումը կատարվում է մահվան բժշկական վկայականում նշված անձնական տվյալների հիման վրա:

6. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցում կատարելիս մահացածի անձը հաստատող փաստաթղթերը պետք է ներկայացվեն թարգմանված հայերեն լեզվով: Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով:

7. Օտարերկրյա պետության քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցումը կատարելիս ՔԿԱԳ մարմինը մահացած անձի մասին տեղեկությունները լրացնում է մահվան մասին բժշկական վկայականի հիման վրա:

8. Օտարերկրյա պետությունում մահացած անձի մահվան պետական գրանցումը Հայաստանի Հանրապետությունում կատարվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տրամադրված բնօրինակ մահվան փաստը հաստատող բժշկական փաստաթղթի և անձը հաստատող փաստաթուղթը ՔԿԱԳ մարմին ներկայացնելու դեպքում: Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով` հայերեն լեզվով և վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Թարգմանության իսկությունը վավերացվում է նոտարական կարգով: Թարգմանությունը և վավերացումը ապահովվում են դիմողի կողմից:

9. Մահվան պետական գրանցման համար Օրենքով սահմանված եռօրյա ժամկետը բաց թողնելը հիմք չի հանդիսանում մահվան պետական գրանցումը մերժելու համար:

10. Եթե մահվան գրանցման մասին դիմումը տրվել է սահմանված ժամկետի բացթողումով, սակայն մինչև մեկ տարին լրանալը, ապա մահը գրանցվում է ընդհանուր կարգով` մահվան ընթացիկ գրանցամատյանում:

11. Եթե մահվան պետական գրանցման դիմումը ստացվում է մահվանից մեկ տարի անց, ապա մահվան պետական գրանցումը կատարվում է որպես սկզբնական գրանցում, հերթական համարից հետո լրացնելով «Գրանցում` ժամկետի բացթողմամբ» (կրճատ ժ/բ տառերը) բառերը:

12. ՔԿԱԳ մարմինը դիմումը լրացնելիս ստուգում է դիմումին կցված Օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը:

13. Դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա կամ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հաստատված իրավաբանական փաստով մահացած ճանաչված անձանց մահվան պետական գրանցման ակտի մեջ որպես մահվան ժամանակ նշվում է դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելու կամ նոտարի կողմից իրավաբանական փաստի հաստատման ժամանակը, եթե մահվան ժամանակը նշված փաստաթղթերով որոշված չէ:

14. Եթե սույն հավելվածի 13-րդ կետով սահմանված փաստաթղթերով հաստատված է անձի մահվան փաստի ժամանակը և վայրը, ապա մահվան պետական գրանցման ակտի մեջ նշվում են հաստատված տեղեկությունները: Այս դեպքում մահվան պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում նշվում է դատարանի անվանումը և նրա կայացրած վճռի ամսաթիվը, օրը, ամիսը, տարեթիվը և համարը կամ նոտարի անունը, ազգանունը, իրավաբանական փաստի հաստատման օրը, ամիսը, տարեթիվը և համարը:

15. Անհայտ (չճանաչված) անձանց մահվան պետական գրանցման ակտում մահացած անձի վերաբերյալ տեղեկությունները գեներացվում են բացառապես մահվան մասին բժշկական վկայականի հիման վրա:

16. Անհայտ (չճանաչված) անձի մահվան պետական գրանցման մեջ փոփոխություններ կարող են կատարվել իրավասու մարմինների` իրավապահ մարմինների կամ դատարանի կամ նոտարի կողմից տրված փաստաթղթերի հիման վրա «Քաղաքացիական կացության ակտերի» օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոփոխություն կամ լրացում կատարելու միջոցով:

17. Մահվան պետական գրանցման ժամանակ մահացածի անձը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) ենթակա է հանձնման մահը գրանցող ՔԿԱԳ մարմնին:

18. Մահվան պետական գրանցում կատարող ՔԿԱԳ մարմնի կողմից իրեն հանձնված անձը հաստատող փաստաթղթի առաջին էջի վրա նշվում է մահվան պետական գրանցման համարը և ժամանակը: Եթե անձը հաստատող փաստաթղթի վրա հնարավոր չէ կատարել նման նշում, ապա անձը հաստատող փաստաթղթին կցվում է մահվան պետական գրանցման համարի և ժամանակի վերաբերյալ տեղեկություններ պարունակող գրությանը:

19. Եթե մահվան պետական գրանցում կատարելիս մահացածի անձը հաստատող փաստաթղթերը ՔԿԱԳ մարմին չեն հանձնվում, ապա այդ մասին մահվան պետական գրանցման ակտի «Անհրաժեշտ այլ տեղեկություններ» սյունակում կատարվում է նշում:

20. Եթե մահվան պետական գրանցման ժամանակ ներկայացվում է մահացած անձի ծննդյան վկայականը, ապա այն լուսապատճենահանվում և կցվում է էլեկտրոնային կառավարման համակարգում` «դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր» բաժնում:

21. Ծննդի մասին պետական վկայականի բնօրինակը վերադարձվում է դիմողին:

22. Օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մահվան պետական գրանցման դեպքում ՔԿԱԳ մարմինները մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մահը գրանցելուց հետո 15-օրյա ժամկետում ցուցակով ներկայացնում են Գործակալություն:

23. Գործակալությունը ստացված ցուցակները և անձը հաստատող փաստաթղթերը ուղարկում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ստորաբաժանում:

24. Զինապարտի կամ զորակոչիկի մահվան գրանցման դեպքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան մահվան պետական գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմինը մեկշաբաթյա ժամկետում այդ մասին հաղորդում է կատարում այն զինվորական կոմիսարիատին, որտեղ զինվորական հաշվառման մեջ է գտնվում զինապարտը կամ զորակոչիկը:

25. Մահվան պետական գրանցման համար, ներառյալ մահվան մասին պետական վկայական տրամադրելու համար «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով պետական տուրք սահմանված չէ:

26. Մահվան պետական գրանցման դիմումի վարույթի ավարտման արդյունքում մահվան մասին վկայականը կամ մահվան պետական գրանցումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկում է դիմողի` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին:

27. Մահացած անձանց անձը հաստատող փաստաթղթերը մեկամսյա պարբերականությամբ մահվան գրանցումը կատարող մարմնի կողմից փոխանցում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության լիազոր մարմին, իսկ մահացած զինծառայողների զինվորական գրքույկները` 15-օրյա պարբերականությամբ համապատասխան տարածքային զինվորական կոմիսարիատներ:

 

Հավելված 8

արդարադատության նախարարի

2020 թվականի մայիսի 13-ի

N 170-Ն հրամանով

 

ՀՐԱՀԱՆԳՉԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքով (այսուհետ` Օրենք) նախատեսված հիմքերի առկայության, ինչպես նաև շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքերում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից:

2. Եթե քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու հետևանքով անհրաժեշտություն է առաջանալու փոփոխություն կատարել նաև անձի նկատմամբ կազմված այլ քաղաքացիական կացության ակտերում, ապա դիմումը քննարկվում է հիմք ընդունելով նաև այլ քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու պահանջի շրջանակներում:

3. Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերի, բացառությամբ «թ» կետով սահմանված հիմքի, դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխությունները կատարվում են ՔԿԱԳ մարմնի կողմից` առանց եզրակացություն կազմելու:

4. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղում կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է եթե`

1) քաղաքացիական կացության ակտը կազմելու ընթացքում կատարվել է այնպիսի գրառում, որը չի համապատասխանել քաղաքացիական կացության ակտ գրանցելու համար ներկայացված փաստաթղթերին կամ տեղեկություններին կամ գրառում կատարելու ընթացքում թույլ է տրվել ուղղագրական սխալ, բացառությամբ առանձին տառերի ուղղման դեպքերի.

5. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում լրացում կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է, եթե`

1) քաղաքացիական կացության ակտը կազմելիս դրանում չեն գրառվել անձի, ում վերաբերյալ կազմվել է քաղաքացիական կացության ակտը կամ նրա ծնողների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունները, որոնք պետք է կամ կարող էին լրացվել քաղաքացիական կացության ակտը գրանցելիս, ինչպես նաև այն դեպքում, երբ լրացման ենթակա տվյալը իրավասու մարմնի տրամադրված փաստաթղթերով հաստատվել է քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո:

6. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված` քաղաքացիական կացության ակտերի գրառումներում փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը ՔԿԱԳ մարմինը կազմում է, եթե`

1) քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո, քաղաքացիական կացության ակտում նշված անձը (անձինք) օտարերկրյա պետությունում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր նկատմամբ կազմված պաշտոնական փաստաթղթերում անձնական տվյալների փոփոխություն է կատարել (անձը հաստատող փաստաթուղթ, վկայական).

2) քաղաքացիական կացության ակտը գրանցելուց հետո քաղաքացիական կացության ակտում նշված անձը (անձինք) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք են բերել Հայաստանի Հանրապետության անձը հաստատող փաստաթուղթը, որում նշված տվյալները չեն համապատասխանում քաղաքացիական կացության ակտի գրառումներին.

3) անձը ում նկատմամբ կազմվել է քաղաքացիական կացության ակտը, կատարել է սեռի փոփոխություն:

7. Սույն հավելվածով սահմանված ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը լրացվում է էլեկտրոնային կառավարման համակարգում ՔԿԱԳ մարմնի աշխատակցի կողմից` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը դիմողի կամ նրա լիազորված անձի կողմից ներկայացնելու պահին և էլեկտրոնային եղանակով ստորագրվում դիմողի կողմից (տեխնիկական անհնարինության դեպքում դիմումն արտատպվում, ստորագրվում, լուսապատճենահանվում և մուտքագրվում է էլեկտրոնային կառավարման համակարգ:

8. Մահացած անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը կատարվում է մահացածի ազգականի կամ շահագրգիռ այլ անձի դիմումի հիման վրա:

9. 18 տարին չլրացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումները կարող են ուղղվել, լրացվել կամ փոփոխվել նրա ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա: Դիմումը կարող է ներկայացվել 16-18 տարին լրացած անձի կողմից, եթե նա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել են գործունակ:

10. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անգործունակ ճանաչված անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի գրառումները կարող են ուղղվել, լրացվել կամ փոփոխվել նրա խնամակալի կամ հոգաբարձուի դիմումների հիման վրա:

11. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու համար ներկայացվում է`

1) դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում` նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում` հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը.

2) դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում` այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը.

3) ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը (առկայության դեպքում) կամ քաղաքացիական կացության ակտի տվյալները (կազմող ՔԿԱԳ մարմնի վայրը, ժամանակը):

12. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու գործ կազմելու համար հիմք հանդիսացող` օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրամադրված կամ հաստատված փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն սահմանված կարգով` հայերեն լեզվով և վավերացված ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով: Փաստաթղթերը պետք է թարգմանված լինեն ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) կողմից վավեր որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Թարգմանությունը և վավերացումը ապահովվում են դիմողի կողմից:

13. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումում նշվում են հետևյալ տեղեկությունները`

1) դիմողի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան վայրը և ժամանակը, բնակության վայրը.

2) քաղաքացիական կացության ակտի գրառման այն տվյալները, որոնք ենթակա են ուղղման, լրացման կամ փոփոխման.

3) անհրաժեշտ այլ տեղեկություններ:

14. Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում, նաև ներկայացվում է անձի կողմից հասարակ լիազորագիր:

15. Եթե ուղղման, լրացման կամ փոփոխման ենթակա քաղաքացիական կացության ակտի գրանցումը առկա չէ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում և այն գրանցվել է ՔԿԱԳ այլ մարմնում, դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմինը դիմումն ընդունելուց հետո նույն աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով հարցում է կատարում քաղաքացիական կացության ակտային գրանցումը կատարած ՔԿԱԳ մարմին:

1) Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

2) Հարցումը ստացած ՔԿԱԳ մարմինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

3) Հարցում ստացած ՔԿԱԳ մարմինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

4) Եթե պահանջվող քաղաքացիական կացության ակտային գրանցումը չի հայտնաբերվում հարցում ստացած ՔԿԱԳ մարմնի փաստաթղթային արխիվում, ապա հարցմանն ի պատասխան ուղարկվում է պահանջվող քաղաքացիական կացության ակտը չհայտնաբերելու մասին տեղեկանքը, ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

5) Սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը ստանալուց հետո դիմումն ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը նույն օրը հարցում է կատարում Գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժին (այսուհետ` Բաժին):

6) Բաժինը պահանջվող քաղաքացիական կացության ակտի առկայությունը ստուգում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերով` դիմումում նշված օրվանից մեկ տարի առաջ և մեկ տարի հետո կազմված քաղաքացիական կացության ակտերի գրանցումներով:

7) Բաժինը պահանջվող քաղաքացիական կացության ակտը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գրքերում հայտնաբերելու դեպքում, այն թվայնացնում է էլեկտրոնային կառավարման համակարգում ոչ ուշ, քան հարցումը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում:

8) Բաժինը քաղաքացիական կացության ակտը թվայնացնելուց հետո էլեկտրոնային կառավարման համակարգով աշխատանքի ավարտի մասին տեղեկացնում է հարցումը ուղարկած ՔԿԱԳ մարմնին:

16. Եթե դիմողի կողմից չեն ներկայացվում հստակ տեղեկություններ պահանջվող քաղաքացիական կացության ակտը գրանցող ՔԿԱԳ մարմնի վայրի վերաբերյալ, ապա դիմումը ընդունող ՔԿԱԳ մարմնի աշխատակիցը հարցում է կատարում գրանցումը կատարած` դիմողի կողմից նշված ենթադրյալ ՔԿԱԳ մարմիններ:

17. Եթե պահանջվող քաղաքացիական կացության պետական գրանցման ակտը չի հայտնաբերվում ՔԿԱԳ մարմինների և Բաժնի փաստաթղթային արխիվում, ապա դիմումով պահանջվող ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը հնարավոր է կատարել միայն Օրենքով սահմանված կարգով քաղաքացիական կացության ակտի գրառումը վերականգնելուց հետո:

18. Դիմումին կից ներկայացված պահանջը հիմնավորող փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստի լինելու վերաբերյալ կասկած առաջանալու դեպքում` դրանք քննարկվում են ՔԿԱԳ մարմնի կողմից` համապատասխան մարմիններին (կազմակերպություններին) հարցումներ կատարելու միջոցով ստացված պատասխանների շրջանակում:

19. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով` քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը կատարելու դիմումի վարույթը ՔԿԱԳ մարմինը ավարտում է` սույն հավելվածի 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո յոթ օրյա ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ սույն հավելվածով:

20. ՔԿԱԳ մարմինը ուսումնասիրելով դիմումի պահանջը հիմնավորող փաստաթղթերը և տեղեկությունները սույն հավելվածի 19-րդ կետով սահմանված ժամկետում կատարում կամ մերժում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը:

21. Քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարվում է էլեկտրոնային կառավարման համակարգում` քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ համապատասխան սյունակներում նոր կամ լրացուցիչ տեղեկություններ լրացնելու միջոցով: Էլեկտրոնային կառավարման համակարգում ուղղված, լրացված կամ փոփոխված քաղաքացիական կացության ակտին կցվում է ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը հիմնավորող փաստաթղթերը, իսկ Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով` նաև քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ եզրակացությունը:

22. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղման, լրացման կամ փոփոխության վերաբերյալ նշումը հաստատվում է այն կատարող ՔԿԱԳ մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:

23. Քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղման, լրացման կամ փոփոխության արդյունքում էլեկտրոնային կառավարման համակարգում գեներացվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման նոր վկայականը: Մինչև քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա տրված վկայականները էլեկտրոնային կառավարման համակարգում չեղյալ են համարվում:

24. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերով քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումի վարույթն ավարտելու արդյունքում քաղաքացիական կացության ակտի գրանցման վկայականը կամ սույն հավելվածի 38-րդ կետով սահմանված դիմումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` դիմումը ընդունած ՔԿԱԳ մարմնի կողմից:

25. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում մուտքագրելուց հետո, ՔԿԱԳ մարմնի կողմից կազմվում է քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը, որը իր մեջ ներառում է դիմումը, դրան կից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերը և ՔԿԱԳ մարմնի եզրակացությունը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կամ մերժելու վերաբերյալ:

26. ՔԿԱԳ մարմնի կողմից քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը կազմվում է սույն հավելվածի 11-րդ կետով անհրաժեշտ փաստաթղթերը ստանալու հաջորդ աշխատանքային օրը, բայց ոչ ուշ քան դիմումը մուտքագրելուց հետո մեկ ամսյա ժամկետում: Գործը կազմվում է մեկ օրինակից, դրանում առկա բոլոր փաստաթղթերը համարակալվում են: Եզրակացությունը կազմվում է մեկ օրինակից:

27. Օրենքի 70-րդ հոդվածով սահմանված հիմքերով ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուղարկվում է Նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ` Գործակալություն) հաստատմանը կամ մերժմանը` այն կազմելուց հետո նույն աշխատանքային օրը:

28. ՔԿԱԳ մարմնի կողմից սույն հավելվածի 27-րդ կետով սահմանված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ստանալուց հետո, Գործակալությունը կատարված ուսումնասիրությունների հիման վրա հաստատում կամ մերժում է ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը:

29. Գործակալության կողմից քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուսումնասիրվում է մեկ ամսյա ժամկետում:

30. Եթե ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործով սպառված չեն քաղաքացու խնդրանքը հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերման կամ լրացուցիչ ուսումնասիրության հնարավորությունները, Գործակալությունը` Գործակալության պետի գրավոր որոշմամբ կարող է գործը ուղարկել լրացուցիչ ուսումնասիրության գործը կազմող ՔԿԱԳ մարմին կամ ինքնուրույն կազմակերպել լրացուցիչ տեղեկությունների հավաքագրումը:

31. Գործակալության կողմից լրացուցիչ ուսումնասիրման ուղարկված գործը ՔԿԱԳ մարմնի կողմից կրկին ուսումնասիրվում է ոչ ավել քան մեկ ամսյա ժամկետում: Սույն կետով սահմանված ժամկետը լրանալուց հետո կամ անհրաժեշտ փաստաթղթերը համալրելուց հետո նույն աշխատանքային օրը քաղաքացիական կացության ակտի գրառման մեջ ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործը ուղարկվում է Գործակալություն հաստատմանը կամ մերժմանը:

32. ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը հաստատվում կամ մերժվում է Գործակալության պետի կողմից, ինչի մասին նշում է կատարվում եզրակացության վերին աջ անկյունում` «Հաստատում եմ» կամ «Մերժում եմ» մակագրությամբ:

33. Եթե Գործակալության պետի կողմից հաստատվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու կամ մերժվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, ապա ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը ավարտում է դիմումի վարույթը` կատարելով քաղաքացիական կացության ակտի գրառումներում համապատասխան ուղղումը, լրացումը կամ փոփոխությունը:

34. Եթե Գործակալության պետի կողմից մերժվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը կամ հաստատվում է քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելը մերժելու մասին ՔԿԱԳ մարմնի կողմից կազմված եզրակացությունը, ապա ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը ավարտում է դիմումի վարույթը` կազմելով դիմումը մերժելու մասին որոշում:

35. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին եզրակացությունը հաստատելուց հետո Գործակալությունը կազմված գործը վերադարձնում է ՔԿԱԳ մարմին:

36. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին գործի վարույթն ավարտելու արդյունքում քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ դիմումը մերժելու մասին որոշումը ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտի գրանցման մեջ նշված անձանց` www.e-citizen.am կայքի պաշտոնական, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին` դիմումը ընդունած ՔԿԱԳ մարմնի կողմից:

37. Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայականը կամ դիմումը մերժելու մասին որոշումը դիմողի պահանջով տրամադրվում է նաև թղթային կրիչի վրա:

38. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին դիմումը մերժելու մասին որոշումը պարունակում է Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված մերժման հիմքերը, որոշման բողոքարկման կարգը և ժամկետները:

39. Դիմումը մերժելու մասին որոշումը ստորագրում է ՔԿԱԳ մարմնի ղեկավարը և հաստատում ՔԿԱԳ մարմնի կնիքով:

40. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխությունը կատարելը մերժվում է, եթե`

1) դիմումի պահանջը չի հիմնավորվում դիմումին կից ներկայացվող փաստաթղթերով.

2) դիմումը ներկայացրել է Օրենքի 71-րդ հոդվածով և սույն հավելվածով սահմանված նման իրավունք չունեցող անձի կողմից:

41. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մերժումը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

42. Քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարած ՔԿԱԳ մարմինը նույն աշխատանքային օրը քաղաքացիական կացության ակտում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու մասին հաղորդում է կատարում քաղաքացիական կացության պետական գրանցում կատարած ՔԿԱԳ մարմին և Բաժին` փաստաթղթային արխիվում համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով:

43. Ստացված հաղորդման հիման վրա ՔԿԱԳ մարմինը և Բաժինը երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ուղղում, լրացում կամ փոփոխություն է կատարում քաղաքացիական կացության պետական գրանցման թղթային ակտի մեջ:

44. Օտարերկրյա պետության կողմից կազմված քաղաքացիական կացության ակտի գրառումներում ուղղում, լրացում կամ փոփոխություն կատարելու ընդունել դիմումը կարող է ընդունվել միայն այն դեպքում, երբ քաղաքացիական կացության ակտը գրանցող պետության հետ առկա է սույն ոլորտը կանոնակարգող երկկողմանի կամ բազմակողմ միջազգային պայմանագիր:

 

 

pin
Արդարադատության նախարարություն
13.05.2020
N 170-Ն
Հրաման