Սեղմել Esc փակելու համար:
2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ...

 

 

i

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ՎԵՐԱՆԱՅՎԱԾ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 26 մայիսի 2020 թ.

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)`

Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Խզմալյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, 169-րդ հոդվածի 3-րդ մասի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 23, 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր` 2020 թվականի ապրիլի 9-ի` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին» N 512-Ա որոշմամբ` միջազգային նշված պայմանագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան: Հիշյալ որոշումը Հայաստանի Հանրապետության վարչապետը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2020 թվականի ապրիլի 27-ին:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության կառավարության` 2020 թվականի ապրիլի 27-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով Կառավարության ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վերոնշյալ կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը` Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (վերանայված) (այսուհետ` Կոնվենցիա) ստորագրվել է 2017 թվականի հունվարի 30-ին և ուժի մեջ է մտել 2017 թ. հոկտեմբերի 1-ին: Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիան ստորագրվել է 2018 թ. հունվարի 24-ին:

Կոնվենցիայի անբաժանելի մաս են կազմում 2 հավելվածները, որոնցում ներառված են «Հայտերի ներկայացման ընթացակարգը» և «Կինեմատոգրաֆիական ստեղծագործությունը որակավորող սահմանումը»:

2. Կոնվենցիայի նպատակն է, հաշվի առնելով կինոարդյունաբերության մեջ տեղ գտած տեխնոլոգիական, տնտեսական և ֆինանսական զարգացումները, վերանայել 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիան` նպաստելով կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության համար այդ շրջանակի համապատասխանության և արդյունավետության շարունակաբար ապահովմանը և Կոնվենցիային մասնակից պետությունների կողմից միջազգային կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության զարգացման խրախուսմանը:

3. Կոնվենցիան կարգավորում է Կողմերի տարածքներում ստեղծվող բազմակողմ համատեղ արտադրության բնագավառում Կողմերի հարաբերությունները (հոդվ. 2, կետ 1) և այն կիրառվում է. ա) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի երեք տարբեր Կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի, և բ) այն համատեղ արտադրությունների նկատմամբ, որոնք ընդգրկում են Կոնվենցիայի անդամ երեք Կողմերում հիմնադրված առնվազն երեք համատեղ արտադրողի և այդ Կողմերի տարածքներում չհիմնադրված մեկ կամ մի քանի արտադրողի: Վերջիններիս ներդրումի հանրագումարը, սակայն, չի կարող գերազանցել արտադրանքի ընդհանուր արժեքի 30%-ը (հոդվ. 2, կետ 2):

4. Ըստ Կոնվենցիայի` համատեղ արտադրության պայմանագիրը յուրաքանչյուր համատեղ արտադրողի համար պետք է երաշխավորի կինոնկարի նյութական և ոչ նյութական սեփականության իրավունքները, ընդ որում, այդ պայմանագիրը պետք է ներառի դրույթ, ըստ որի` կինոնկարի մաստեր-պատճենը (առաջին ավարտուն տարբերակ) պետք է պահվի համաարտադրողների փոխադարձ համաձայնությամբ ընտրված վայրում, և դրա հասանելիությունը նրանց համար պետք է երաշխավորված լինի (հոդվ. 7, կետ 1):

5. Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Կողմերի միջև կինեմատոգրաֆիական հարաբերություններում պետք է պահպանվի ընդհանուր հավասարակշռություն` հաշվի առնելով ինչպես համատեղ արտադրությամբ նկարահանված կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներդրումների ընդհանուր չափի, այնպես էլ ստեղծագործական և տեխնիկական մասնակցությունը: Միաժամանակ, այն Կողմը, որը խելամիտ ժամանակահատվածում դեֆիցիտ է հայտնաբերում մեկ կամ ավել Կողմերի հետ համատեղ արտադրության իր հարաբերություններում, կարող է մերժել հաջորդ համատեղ արտադրությունը հաստատելուց, մինչև այդ Կողմի կամ Կողմերի հետ իր կինեմատոգրաֆիական հարաբերությունների հավասարակշռության վերականգնումը (հոդվ. 10, կետեր 1, 2):

6. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը` փոխադարձության հիման վրա, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- ապահովել, որ բազմակողմ համատեղ արտադրությամբ իրականացված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններն օգտվեն նշված համատեղ արտադրությանը մասնակցած` Հայաստանի Հանրապետությունում գործող օրենսդրական և կանոնակարգային դրույթների համաձայն ազգային ֆիլմերին վերապահվող բոլոր առավելություններից (հոդվ. 4, կետ 1),

- Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված յուրաքանչյուր համատեղ արտադրողի տրամադրել առավելություններ` Հայաստանի Հանրապետության օրենսդրական և կանոնակարգային դրույթներով նախատեսված պայմաններով ու սահմաններում և սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան (հոդվ. 4, կետ 2),

- ապահովել, որ կինեմատոգրաֆիական ստեղծագործության յուրաքանչյուր համատեղ արտադրություն ստանա Հայաստանի Հանրապետության և մյուս Կողմերի իրավասու մարմինների հաստատումը, որտեղ հիմնադրված են համատեղ արտադրողները, այդ իրավասու մարմինների միջև խորհրդակցությունից հետո և I հավելվածում նախատեսված ընթացակարգի համաձայն (հոդվ. 5, կետ 1),

- չտրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ ակնհայտորեն պոռնոգրաֆիական բնույթ ունեցող կամ խտրականությունը, ատելությունը կամ բռնությունը արդարացնող կամ բացահայտորեն մարդու արժանապատվությունը ոտնահարող ծրագրերին (հոդվ. 5, կետ 3),

- ապահովել, որ համատեղ արտադրության կարգավիճակով նախատեսված առավելությունները տրվեն այն համատեղ արտադրողներին, որոնք տիրապետում են համարժեք ֆինանսական և տեխնիկական միջոցների և ունեն բավարար մասնագիտական որակավորում (հոդվ. 5, կետ 4),

- տրամադրել համատեղ արտադրության կարգավիճակ ֆինանսական մասնակցությամբ համատեղ արտադրություններին միայն յուրաքանչյուր առանձին գործով իրավասու մարմինների հաստատում ստանալուց հետո` մասնավորապես հաշվի առնելով Կոնվենցիայի 10-րդ հոդվածի դրույթները (հոդվ. 9, կետ 2),

- Հայաստանի Հանրապետության օրենքների և կանոնակարգերի, ինչպես նաև գործող միջազգային պարտավորությունների համաձայն` դյուրացնել համատեղ արտադրության մասնակից մյուս Կողմերի տեխնիկական և դերասանական անձնակազմերի` Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելը և կեցությունը, իր տարածքում աշխատանքի թույլտվության տրամադրումը, ինչպես նաև թույլատրել Կոնվենցիայի շրջանակներում կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների արտադրության և տարածման համար անհրաժեշտ սարքավորումների ժամանակավոր ներմուծումը և վերաարտահանումը (հոդվ. 11),

- ապահովել, որ համատեղ արտադրված կինեմատոգրաֆիական ստեղծագործություններում նշվեն համաարտադրող երկրները, այդ երկրների անունները հստակ հիշատակվեն ֆիլմի տիտրերում, բոլոր հանրային և գովազդային նյութերում, ինչպես նաև այդ կինեմատոգրաֆիական ստեղծագործությունների ներկայացման ժամանակ (հոդվ. 12) և այլ պարտավորություններ:

i

7. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Կոնվենցիայում հղում է կատարվում ՅՈԻՆԵՍԿՕ-ի 2005 թվականի հոկտեմբերի 20-ի` «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիային, (Հայաստանի Հանրապետությունը միացել է 2007 թվականի մայիսի 27-ին (ՍԴՈ-644)) և 1992 թվականի հոկտեմբերի 2-ին ստորագրված «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» եվրոպական կոնվենցիային (Հայաստանի Հանրապետության կողմից վավերացվել է Ազգային ժողովի 2004 թվականի նոյեմբերի 9-ի ԱԺՆ-150-3 որոշմամբ, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2005 թվականի ապրիլի 1-ին):

8. Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված պարտավորությունները համահունչ են Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված` միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 74-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 2017 թվականի հունվարի 30-ին ստորագրված` «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայում (վերանայված) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

i

2. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

    ՆԱԽԱԳԱՀՈՂ                              Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

 

26 մայիսի 2020 թվականի

ՍԴՈ-1541

 

Հրապարակվել է պաշտոնական կայքէջում՝ 27 մայիսի 2020 թվական:

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
26.05.2020
N ՍԴՈ-1541
Որոշում