ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 854-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ 19-ՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշման N 1 հավելվածի 239-240 կետերը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառումը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` մինչև 2020 թվականի հունիսի 10-ը հաստատել միջոցառման շրջանակում շահառուների ընտրության և միջոցառման իրականացման մոնիթորինգի իրականացման կարգը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. մայիսի 30
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 27-ի
N 854-Լ որոշման
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԿՍՆԱԿ ԿԱՄ ՆՈՐԱՐԱՐ ԳՈՐԾԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և առանձին տնտեսավարողներին (այսուհետ` շահառուներ) հաղթահարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների ազդեցությունը մրցունակ գործարար ծրագրեր իրագործելու եղանակով:
2. Օժանդակության նպատակն է ձեռնարկատիրական գիտելիքների ընդլայնման և ֆինանսների հասանելիության բարձրացման միջոցով նպաստել`
1) «Զրոյից» բիզնես ստեղծելու ձգտում ունեցող շահառուների ձեռնարկատիրական գաղափարների իրագործմանը.
2) շահառուների գործարար ծրագրերի նորարարական զարգացմանը:
3. Սույն միջոցառման իմաստով շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ ոլորտում գործունեությունը), որոնք`
1) համապատասխանում են «Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափանիշներին.
2) աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն.
3) գործունեությունն առավելապես իրականացնում են Հայաստանի Հանրապետության մարզերում.
4) չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՆԱԿ) շահառու, եթե դիմել են սույն միջոցառման սկսնակների համար աջակցությանը.
5) մինչև աջակցության հայտ ներկայացնելու օրն առնվազն 24 ամիսների ընթացքում հանդիսացել են «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (այսուհետ` ՆԱԿ) միջոցով իրականացվող պետական ֆինանսական աջակցության շահառու, եթե դիմել են միջոցառման նորարարական զարգացման աջակցությանը:
4. Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների 75%-ը հատկացվում է որպես 8 տարվա մարման ժամկետով անտոկոս փոխառություն, իսկ 25%-ը` որպես դրամաշնորհ:
5. Միջոցառումն իրականացվում է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի միջոցով` արտոնյալ վարկավորման նպատակով երաշխիքների տրամադրման եղանակով: Վարկավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լիցենզավորված բանկերի և վարկային հաստատությունների կողմից:
6. Օժանդակության գործիքների կիրառմամբ տրամադրվող վարկերը պետք է համապատասխանեն հետևյալ պահանջներին`
1) արժույթը` դրամ.
2) ժամկետը` առավելագույնը 60 ամիս.
3) վարկի մայր գումարի արտոնյալ ժամանակահատվածը կարող է կազմել առավելագույնը 6 ամիս` սկսնակ շահառուների համար.
4) մեկ շահառուի վարկի առավելագույն սահմանաչափը կազմում է 10 մլն դրամ` սկսնակների համար և 20 մլն դրամ (հանրագումարով)` նորարարական զարգացման շահառուների համար.
5) վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը` 7-10%:
7. Ծրագրով նախատեսված օժանդակությունն իրականացնել նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի (նախկին անվանումը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամ) վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագրի շրջանակներում ձևավորված դրամագլխի` 2003-2009 թթ. ընթացքում «Փոքր և միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցություն» ծրագրի շրջանակներում ՀՀ պետական բյուջեից ստացված ազատ դրամական միջոցների հաշվին:
(7-րդ կետը լրաց. 20.10.2022 թիվ 1615-Լ որոշում)