ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 մայիսի 2020 թվականի N 870-Ա
ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 4-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգի 24-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հավանություն տալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի հատուկ համալիր փորձաքննության ամփոփ եզրակացությանը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի 3
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2020 թվականի մայիսի 27-ի
N 870-Ա որոշման
ԱՄՓՈՓ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 4-Ի ՍԻՍԻԱՆ-ՔԱՋԱՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծի (այսուհետ` նախագիծ) հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի, 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների մանրամասն նախագծերի, ինչպես նաև ծրագիր 2-ի, 3-ի, 4-ի և 5-ի շրջանակներում վերակառուցվող ճանապարհահատվածների հատուկ համալիր փորձաքննություն անցած նախագծերի փոփոխված նախագծերի հատուկ համալիր փորձաքննություն անցկացնելու, ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 508-Ա որոշմամբ ստեղծվել է ժամանակավոր փորձաքննական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով):
Ընդհանուր առմամբ տեղի է ունեցել հանձնաժողովի երկու նիստ` 14.12.2018 թ.-ին և 07.03.2019 թ.-ին:
Հանձնաժողովի եզրակացությունը կազմվել է նախագծի առանձին բաժինների վերաբերյալ` «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի եզրակացության, ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի եզրակացության, ինչպես նաև հանձնաժողովի կողմից կազմակերպված քննարկումների արդյունքների հիման վրա:
Նախագծի իրականացման համար հիմք են ընդունվել հետևյալ շինարարական նորմերն ու ստանդարտները`
. ՀՀՇՆ IV-11.05.02-99 Ավտոմոբիլային ճանապարհներ
. EUROCODE եվրոպական ստանդարտներ
. ՀՀՇՆ II-6.02-2006 Սեյսմակայուն շինարարություն, նախագծման նորմեր
. AASHTO, Պետական մայրուղիների և տրանսպորտային պաշտոնյաների ամերիկյան ասոցիացիա:
II. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել`
1. «Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)», կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2009 թվականի սեպտեմբերի 15-ին,
2. «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 3» վարկային համաձայնագիր (Վարկ թիվ 2993-ARM), կնքված Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2014 թվականի մարտի 11-ին,
3. «Ժամանակի վրա հիմնված, միանվագ վճարման բաղադրիչով, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Տրանշ 3» խորհրդատվական ծառայությունների մատուցման թիվ ՕՅ-ՇՏ-001 պայմանագիրը` կնքված 2015 թվականի մարտի 30-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և «Սպեա Ինջինիրինգ Ս.Պ.Ա. և Այ-Ար-Դի Ինջինիրինգ Ս.ր.Լ.» կազմակերպության միջև:
Նախագծի վերաբերյալ տրվել են հետևյալ փորձաքննությունների եզրակացությունները`
1. Նախագծի, թունելների և նախահաշվի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (27.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-225Փ, 30.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-227Փ և 03.08.2018 թ.-ի N 17/ՓՊ-236Փ),
2. ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացություն (16.03.2018 թ.-ի N ԲՓ 18):
III. ՆԱԽԱԳԾԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԵՐԸ
Փորձաքննվող աշխատանքային նախագծի մշակմանը նախորդել են մանրամասն տեխնիկատնտեսական հետազոտություններ և հիմնավորումներ, որոնց ժամանակ նախանշվել են երեք հիմնական ուղղություններ, և կատարվել են ինչպես տեխնիկական, այնպես էլ նախնական արժեքային համեմատություններ, ինչի արդյունքում ընտրվեց առավել արդյունավետ տարբերակը` նոր ճանապարհահատված շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ:
Աշխատանքային նախագծում ներառված են ճանապարհի հատակագծի, երկայնական և լայնական պրոֆիլների, ճանապարհային հանգույցների, ջրթող խողովակների, հենապատերի, հողային պաստառի, ճանապարհային պատվածքների, արհեստական կառուցվածքների (կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, ջրթող խողովակներ, հենապատեր, անասնանցումներ), ճանապարհային լուսավորության և կահավորման նախագծային լուծումները:
Ինժեներաերկրաբանական հետազոտությունները կատարվել են ակնադիտարկման և հորատանցքերի հորատման եղանակով: Ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ճանապարհի հատվածի գոտու գրունտային շերտավորումները, հիդրոերկրաբանական պայմանները և լաբորատոր փորձարկումներով` գրունտների ֆիզիկամեխանիկական ցուցանիշները:
Ճանապարհահատվածի նախագծման համար ընդունվել է II տեխնիկական կարգը, հաշվարկային արագությունը 100 կմ/ժ:
Երկայնական կտրվածքը նախագծված է ՀՀՇՆ IV-11.05.02-99 նորմատիվի պահանջների համապատասխան: Երկայնական կտրվածքի նիշերը կապված են պետական միկրոեռանկյունավորման կետերի հետ:
Ճանապարհահատվածի հիմնական պարամետրերն են`
. Ընդհանուր երկարությունը` 60 կմ
. Թունելների քանակը և ընդհանուր երկարությունը` 9 հատ, 12.94 կմ
. Կամուրջների քանակը և ընդհանուր երկարությունը` 27 հատ, 5.1 կմ
. Փոխհատումների քանակը` 3 հատ
. Երթևեկելի գոտիների քանակը և լայնությունը` 3x3,30 մ
. Հողային պաստառի լայնությունը, ներառյալ ճամփեզրերը` 15.6 մ
. Հորիզոնական կորերի նվազագույն շառավիղը` 425 մ
. Առավելագույն լայնական թեքությունը 6%
. Առավելագույն երկայնական թեքությունը 5%
. ՈՒղղաձիգ ուռուցիկ կորերի նվազագույն շառավիղը 8000 մ
. ՈՒղղահայաց գոգավոր նվազագույն շառավիղը 4500 մ:
Կառուցվող ճանապարհի պատվածքը ասֆալտաբետոնից է:
Ճանապարհի պատվածքի կառուցվածքն է`
. Ա/բ-ի վերին շերտի հաստությունը` 50 մմ
. Ա/բ-ի ներքին շերտի հաստությունը` 70 մմ
. Կապակցող շերտի հաստությունը` 80 մմ
. Խճաքարային հիմքի հաստությունը` 300 մմ
. Ավազակոպճային ենթահիմքի հաստությունը` 100 մմ:
Կամուրջների կառուցման համար նախագծով նախատեսված է կիրառել երկու տիպի թռիչքային կառուցվածք` պողպատերկաթբետոնյա և նախալարված երկաթբետոնյա: Կառուցվող կամուրջները դասակարգված են հետևյալ կերպ`
. Երկաթբետոնե կամուրջներ` թռիչքի 72 մ առավելագույն երկարությամբ
. Հավաքովի բետոնե կամուրջներ` թռիչքի 28 մ առավելագույն երկարությամբ:
Ճանապարհի երկայնքով նախատեսվում է կառուցել 104 բետոնե հենապատ` ընդհանուր 5000 մ երկարությամբ (բարձրությունը տատանվում է 1-ից մինչև 11 մ):
Նախագծով նախատեսված է կառուցել թվով 9 թունելներ`
. Թունել 1` երկարությունը 515.5 մ
. Թունել 2` երկարությունը 717.5 մ
. Թունել 3` երկարությունը 532.0 մ
. Թունել 4` երկարությունը 8643.0 մ
. Թունել 5` երկարությունը 526.0 մ
. Թունել 6` երկարությունը 375.0 մ
. Թունել 7` երկարությունը 480.0 մ
. Թունել 8` երկարությունը 542.5 մ
. Թունել 9` երկարությունը 566.5 մ:
Նախագծով նախատեսված է շինարարությանը խոչընդոտ հանդիսացող հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխում և նորերի կառուցում: Բոլոր հաղորդակցուղիների նախագծերը համաձայնեցված են հաղորդակցուղիների սեփականատերերի և շահագործող կազմակերպությունների հետ:
IV. ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Հանձնաժողովը, քննության առնելով Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագիծը, կազմակերպել է աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև հանձնաժողովի երկու նիստ, որոնց արդյունքում փաստվեց, որ`
. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:
. ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:
. «Veolia Ջուր»-ի ներկայացուցչի կողմից ներկայացվել են որոշ հարցադրումներ: Հարցադրումներն ուղղվել են նախագծող կազմակերպությանը, որը տրամադրել է սպառիչ պարզաբանումներ:
. Նշված ճանապարհահատվածի ուղեգծին հարող տարածքներում հաղորդակցուղիների (ոռոգման և ջրամատակարարման համակարգեր, գազատարներ, էլեկտրամատակարարման համակարգեր) տեղափոխման աշխատանքները ներառված են նախագծային փաստաթղթերում:
. Իրականացվել է աշխատանքային հանդիպում ՀՀ Սյունիքի մարզպետարանում` ազդակիր մարզպետարանի ներկայացուցիչների և համայնքների ղեկավարների մասնակցությամբ: Նախագծման փուլում նախագծային լուծումները, ճանապարհային ենթակառուցվածքները և ճանապարհի ծրագիծը համաձայնեցված է ազդակիր համայնքների հետ:
Հիմք ընդունելով`
ա) Նախագծի, թունելների և նախահաշվի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի դրական եզրակացությունները (27.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-225Փ, 30.07.2018 թ.-ի N 17/ՓՊ-227Փ և 03.08.2018 թ.-ի N 17/ՓՊ-236Փ),
բ) ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի դրական եզրակացությունը (16.03.2018 թ.-ի N ԲՓ 18),
գ) ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017 թվականի մայիսի 19-ին ժամը 18:00-ին կայացած` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի արձանագրություն N 23.1/[407568]-17 Սիսիան-Քաջարան (60 կմ) ճանապարհահատվածի մանրամասն նախագծին հավանություն տալու մասին.
հանձնաժողովը երաշխավորում է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման մանրամասն նախագծային փաստաթղթերը նախագծողի տեխնիկական առաջադրանքի շրջանակներում համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերին պահանջներին: