Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈ ...

 

 

050.0012.270100

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունվարի 2000 թվականի թիվ 12

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 և 31 հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի եզրակացությունը (կցվում է):

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

2.1. «ՀՀ 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետև` նախագիծ) 5 հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 5. Սահմանել, որ.

ա) 2001 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության փոխադարձ զուտ պարտավորությունների տարեկան չափաքանակը կազմելու է մինչև 8350 մլն դրամ: Պարտավորությունների նշված սահմանաքանակը կարող է գերազանցվել միայն եռամսյակների ընթացքում` եռամսյակի վերջում պահպանելով 8350 մլն դրամ մակարդակը: Ընդ որում, ՀՀ կառավարության` ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ պարտավորությունների գերազանցումը եռամսյակի ընթացքում չի կարող լինել ավելի, քան եռամսյակի սկզբից մինչև տվյալ պահը հավաքագրված կուտակողական հարկային եկամուտների 10 տոկոսը:

բ) ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության պարտավորությունները որոշվում են ՀՀ ԿԲ հաշվեկշռի հետևյալ երկու հատվածների տարբերությամբ`

ՀՀ կենտրոնական բանկի պահանջները ՀՀ կառավարության նկատմամբ.

- ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ կառավարությանը տրված վարկեր,

- ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ կառավարությանը նախկինում տրված

վարկերի դիմաց տրամադրված արժեթղթեր,

- Երկրորդային շուկայից ձեռք բերված արժեթղթերի գծով

պարտավորություններ:

ՀՀ կենտրոնական բանկի նկատմամբ ՀՀ կառավարության պահանջները.

- Մարդասիրական օգնությամբ ստացված միջոցների իրացումից մուտքեր,

- ՀՀ կառավարության դեպոզիտներ,

- ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցներ»:

2.2. Նախագծում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդված.

«Հոդված ...

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների` ՀՀ կենտրոնական բանկում բացված առանձին հաշիվները մինչև 2000 թվականի ապրիլի 1-ը փակվում են:

Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային ֆինանսավորումն իրականացվում է բացառապես ՀՀ կենտրոնական գանձապետարանում կամ նրա տեղական գանձապետական բաժանմունքում բացված հաշիվների միջոցով:

ՀՀ կենտրոնական գանձապետարանը և նրա տեղական գանձապետական բաժանմունքները, բացի ՀՀ կենտրոնական բանկում միասնական հաշվից, այլ հաշիվներ կամ այլ կերպ առաջացած միջոցներ ունենալ չեն կարող:

ՀՀ կենտրոնական բանկում ՀՀ կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի վրա հաշվեգրվում են տոկոսներ` ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարության լիազորված մարմնի միջև կնքված պայմանագրին համապատասխան»:

2.3. Նախագծում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդված`

«Հոդված ...

ՀՀ կառավարությանը` մինչև 2001 թվականի հունվարի 1-ը մշակել և ՀՀ Ազգային ժողով ներկայացնել ՀՀ գանձապետական համակարգի մասին ՀՀ օրենքի նախագիծ:

2.4. Նախագծում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր հոդված`

«Հոդված ...

2000 թվականի համար եզրափակիչ շրջանառություն չի նախատեսվում»:

Միաժամանակ, համապատասխան փոփոխություն կատարել նաև «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 6 հոդվածում:

2.5. Նախագծում սահմանել, որ մինչև 2000 թվականի մարտի 31-ը ԾԻԳ-երի հաշիվները ՀՀ կենտրոնական բանկից տեղափոխվում են ՀՀ առևտրային բանկեր:

2.6. Նախագծի 16 հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ «գ» կետ. «գ) ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` սույն օրենքի 3-րդ հավելվածով սահմանված ՀՀ կենտրոնական բանկի ծախսերի ենթահոդվածների միջև կարող են իրականացվել վերաբաշխումներ` չգերազանցելով սույն հոդվածի «ա» կետով սահմանված ծախսային հոդվածների սահմանաչափերը»:

2.7. Նախագծի 17 հոդվածում ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«ՀՀ կենտրոնական բանկի կողմից բյուջետային տարվա ընթացքում ուղղակի վարկավորմամբ ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորում չի իրականացվում: Սույն օրենքի 5 հոդվածով նախատեսված չափաքանակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը բյուջետային տարվա ընթացքում իրականացվում է բացառապես «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածով սահմանված` ֆինանսական շուկայում պետական արժեթղթերի ձեռքբերման և օտարման միջոցով»:

2.8. Նախագծում սահմանել, որ ՀՀ կառավարությունը ԱՄՆ-ի, Եվրամիության և Ճապոնիայի կառավարությունների կողմից տրամադրված և ՀՀ կենտրոնական բանկի 3621 և 3624 հաշիվներում կուտակված 5993.6 մլրդ դրամի միջոցները մինչև սույն թվականի ապրիլի 1-ը զիջում է ՀՀ կենտրոնական բանկին, ՀՀ կենտրոնական բանկի կողմից վարկային գծով տրամադրված նույն գումարի չափով միջոցների զիջման դիմաց` արտացոլելով պետական բյուջեի համապատասխան հոդվածներով:

2.9. Նախագծում սահմանել, որ բյուջետային տարվա ընթացքում ՀՀ կառավարության` ՀՀ կենտրոնական բանկում ունեցած սեփականաշնորհման հատուկ հաշվից կատարվող ծախսերի հանրագումարը չի կարող գերազանցել «ՀՀ 2000 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափաքանակը:

2.10. Նախագծից հանել 4 հոդվածը կամ սահմանել, որ ՀՀ կենտրոնական բանկը և ՀՀ կառավարությունը, օրենքներով իրենց վերապահված իրավասության սահմաններում, միջոցներ են ձեռնարկում 2000 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ սղաճի չափը 1999 թվականի նույն ժամկետի համեմատ 5.0 տոկոսի շրջանակներում պահելու ուղղությամբ:

2.11. ՀՀ 2000 թվականի պետական բյուջեի բոլոր հաշվարկներն իրականացնել 547 դրամ/ԱՄՆ դոլար միջին տարեկան փոխարժեքով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական քաղաքականությունը բնութագրվում է տնտեսական կայունության ամրապնդման բնագավառում ձեռք բերված հաջողություններով, թեև տնտեսության ոլորտում դեռևս առկա են բազմաթիվ չհաղթահարված խնդիրներ, այդ թվում` հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում:

Տարիների փորձը ցույց տվեց, որ առանց տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների ամբողջական իրականացման, ներքին ռեսուրսների հավաքագրման, միջոցների տեղաբաշխման արդյունավետության բարձրացման և առկա հիմնախնդիրների արմատական լուծումների հնարավոր չէ ձեռք բերել տնտեսական աճի ցանկալի մակարդակ: Ակնհայտ է, որ տնտեսության ճյուղերի ռազմավարական ծրագրերի բացակայությունը խոչընդոտում է երկարաժամկետ և արդյունավետ ներդրումների համար առկա ռեսուրսների օգտագործմանը: Հետևաբար, առանց այսպիսի ծրագրերի չեն ստեղծվի կայուն տնտեսական աճի երաշխիքներ:

1999 թվականի ընթացքում ձևավորված մակրոտնտեսական միջավայրը բնութագրվում է հետևյալ ցուցանիշներով`

- ՀՆԱ իրական աճը, նախորդ տարվա նկատմամբ, կազմել է 3.0 %.

- տարվա ընթացքում սղաճը կազմել է 2.1%` նախորդ տարվա -1.3%

դեֆլյացիայի դիմաց.

- արտահանումը (ՖՕԲ), նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,

աճել է 5.9%-ով, իսկ ներմուծումը (ՍԻՖ)` նվազել 11.2 %-ով.

- գրանցվել է համախառն արժութային պահուստների 1*) բարձր մակարդակ`

317.9 մլն դոլար (ըստ նախնական տվյալների):

-----------

1*) Պահուստները հաշվարկված են առանց սեփականաշնորհման միջոցների,

ծրագրային փոխարժեքով:

 

1999 թվականին իրականացվող հարկաբյուջետային քաղաքականությունը ընդհանուր առմամբ բնութագրվում է երկու հիմնական դրսևորումներով. 2*)

-----------

2*) Հայաստանի Հանրապետության պետբյուջեի 1999 թվականի տասնմեկ ամիսների

փաստացի տվյալները վերցված են Հայաստանի Հանրապետության ֆինանսների

նախարարության նախնական տվյալների հիման վրա կազմված

հաշվետվությունից, իսկ ծրագրային ցուցանիշները` Հայաստանի

Հանրապետության պետբյուջեի 1999 թվականի վերանայված տարբերակից:

Սույն փաստաթղթում բերված 1999 և 2000 թվականների ՀՆԱ ցուցանիշներն

են, համապատասխանաբար` 988.5 մլրդ և 1079.4 մլրդ դրամ:

 

- Տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի տարեկան ցուցանիշների կատարման լարվածության պայմաններում բյուջեի եկամուտների հավաքագրման խիստ սեզոնային բնույթով: Եթե 1998 թվականին ամսական եկամուտների մոտ 40%-ը հավաքագրվում էր ամսվա վերջին շաբաթվա ընթացքում, ապա 1999 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 50 %` որոշակի ամիսների հասնելով նույնիսկ 60%-ի (սեպտեմբեր ամսին): Վերջինս, իր հերթին, նպաստել է պետբյուջեի ծախսումների սեզոնային բնույթի ձևավորմանը:

- Դրամաշնորհների և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրների տարեկան ծրագրված մակարդակների ցածր փաստացի կատարման պատճառով` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի կրճատմամբ:

Տասնմեկ ամիսների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կազմել են տարեկան ծրագրվածի 81.0%-ը, իսկ առաջին կիսամյակում, համապատասխանաբար` 34.4%-ը:

Ակնհայտ է, որ նշված հարկաբյուջետային քաղաքականությունը համախառն պահանջարկի վրա չի ունեցել ծրագրված ընդլայնողական ազդեցությունը, ինչն առավելապես նպաստել է սղաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Հարկ է նշել, որ տարեկան հարկաբյուջետային քաղաքականության ծրագրի իրականացման ընթացքում պակասուրդի ֆինանսավորման տարեկան ծրագրի շուրջ 25 տոկոսը ապահովվել է միայն նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:

Վերը նշված պայմաններում 1999 թվականի տարեկան ծրագրված ցուցանիշների ապահովումը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում 2000 թվականի դրամավարկային քաղաքականության իրականացման համար` հատկապես նկատի ունենալով կառուցվածքային բարեփոխումների վարկի և դրամաշնորհների արագ ծախսումը կարճ ժամանակահատվածում: 2000 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տնտեսության ոչ ակտիվ բնույթով պայմանավորված` դրամի նկատմամբ պահանջարկի անկումը, ուղեկցվելով պետական բյուջեի կողմից վերը նշված հոսքերով իրացվելիության ներարկմամբ, առաջ կբերի դրամի առաջարկի (դրամական բազա, դրամական զանգված) առաջանցիկ աճ պահանջարկի նկատմամբ` լուրջ խնդիրներ առաջադրելով փոխարժեքի և հատկապես գների կառավարման տեսանկյունից:

Անդրադառնալով տնտեսական ծրագրերի իրականացմանը` նշենք, որ դեռևս առկա են խնդիրներ, որոնց լուծումից են կախված հետագա տարիների մակրոտնտեսական քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության ծրագրերի իրականացումը, տնտեսությունում կառուցվածքային բարեփոխումների արդյունավետության բարձրացումը` տնտեսական քաղաքականության երկարաժամկետ նպատակներին համապատասխան: Դրանք են`

- ՊԿՊ-երի ուղղությամբ տարվող քաղաքականության հստակեցումը: Այդ նպատակով առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում բացել հատուկ հաշիվ` 2000 թվականին ՊԿՊ-երի տեղաբաշխումների և մարումների արդյունքում ձևավորված միջոցների կուտակման համար: Որոշ ժամանակ անց, այդ հաշվում կուտակված միջոցներն օգտագործել եռամսյակների ընթացքում եկամուտների, ծախսերի և պակասուրդի հարթեցման նպատակով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կուտակված միջոցների մնացորդի դիմաց կվճարի շուկայական տոկոսադրույքներով տոկոսավճար, որն էլ, իր հերթին, լրացուցիչ օժանդակություն կհանդիսանա ծախսերի սեզոնայնության հարթեցման համար: Միաժամանակ առաջարկում ենք ՊԿՊ-երի տեղաբաշխման գործընթացում անցնել տոկոսադրույքային քաղաքականության: Նշված մեխանիզմի ներքո Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը աճուրդների անցկացման ժամանակ հայտարարում է տոկոսադրույք` մտապահելով ՊԿՊ-երի տեղաբաշխման ծավալները, ապա համամասնորեն տեղաբաշխում է այդ ծավալները: Այս գործընթացը կնպաստի ՊԿՊ-երի տոկոսադրույքների նվազեցման ուղղությամբ տարվող քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև ներքին պարտքի սպասարկման ծախսերի կրճատմանը: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ցանկալի է համարում երկրորդ տարբերակը.

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եռամսյակային և ամսական ծրագրման որակի բարձրացումը և փաստացի ցուցանիշների հրապարակայնության ապահովումը (տես «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26 հոդվածի գ) և դ) ենթակետերը).

- բյուջետային և արտաբյուջետային միջոցների կառավարելիության ու հաշվետվությունների մակարդակի և որակի բարձրացումը, կապիտալի և ֆինանսական շուկաների կարգավորման մեխանիզմների ստեղծումը.

- նպատակային և այլ վարկային ծրագրերի արդյունավետության բարձրացումը և այդ միջոցների ծախսման հաշվետվությունների և թափանցելիության ապահովումը.

- Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեների կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացումը.

- տնտեսական վիճակագրության կատարելագործումը` նոր խնդիրներին համապատասխան.

- համախմբված բյուջեի վիճակագրության կատարելագործման և հրապարակայնության ապահովումը.

- հարկման բազայի ընդլայնումը` արտոնությունների վերացման կամ նվազեցման միջոցով.

- հարկային քաղաքականության և վարչարարության կատարելագործման միջոցով հարկերի հավաքագրման արդյունավետության բարձրացումը.

- խմելու ջրի, ոռոգման համակարգի, ջեռուցման և էներգետիկայի ոլորտի հաշվեկշիռների բարելավումը.

- բյուջեից ֆինանսավորվող ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից էլեկտրաէներգիայի դիմաց չվճարումների գծով կվազի-ֆիսկալ ծախսերի կրճատման ապահովումը.

- սեփականաշնորհման միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված ռազմավարական ծրագրերի ապահովումը.

- տնտեսության բոլոր ճյուղերի զարգացման հեռանկարների հիման վրա ռազմավարական ծրագրերի ապահովումը և դրանց համադրումը մակրոտնտեսական ծրագրերին.

- պետական պարտքի կուտակման արդյունավետ սահմանաքանակի ճշգրտումը այն նպատակով, որ հետագա տարիներին դրա սպասարկումը չխոչընդոտի կայուն տնտեսական աճի ապահովմանը.

- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող ԾԻԳ-երի միջոցների փոխադրումը Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր, քանզի նշված միջոցների հոսքերը լուրջ դժվարություններ են առաջացնում դրամավարկային ցուցանիշների կառավարման գործընթացում: Հատկապես եթե հաշվի առնենք, որ ԾԻԳ-երի հաշիվների սպասարկումը չի բխում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խնդիրներից, և Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը այսօր իրականացնում են միջազգային չափանիշներին համապատասխան բանկային սպասարկում.

- Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հավաքագրումը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկում գտնվող Հայաստանի Հանրապետության գանձապետարանի միասնական հաշվում: Այն բխում է դրամային իրացվելիության վրա Հայաստանի Հանրապետության պետբյուջեի ունեցած ազդեցության կանխատեսելիությունը առավելագույնի հասցնելու անհրաժեշտությունից.

- նախորդ տարիներից փոխանցված չվճարումների խնդրի արմատական լուծումը:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պետք է կոորդինացնեն իրենց գործողությունները ինչպես 2000 թվականի պետական բյուջեի կատարման, այնպես էլ միջնաժամկետ հատվածում տնտեսական ծրագրերի մշակման ուղղությամբ: Նշված բարդ, արդիական խնդիրների իրականացման գործընթացում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակիցների մտավոր ներուժի ու մասնագիտական կարողությունների լիարժեք օգտագործումը խթանելու, վերջին տարիներին նկատվող կադրերի արտահոսքը կրճատելու, նրանցից յուրաքանչյուրի ակտիվ ու շահագրգիռ մասնակցությունը ապահովելու համար կարևորում ենք ֆինանսների նախարարության աշխատակիցների պարգևատրման ֆոնդի մեծությունը պահպանել 250 մլն դրամի մակարդակին: Հակառակ դեպքում կառաջանան հարկաբյուջետային և տնտեսական ոչ արդյունավետ ծրագրերի կազմման, հարկաբյուջետային կարգապահության թուլացման և «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից էական շեղումների ռիսկեր:

Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի տարեկան ցուցանիշներին` նշենք, որ դրանք պետք է բխեն Հայաստանի Հանրապետության միջնաժամկետ տնտեսական ծրագրերից և նպատակներից: Այս առումով առավել կարևորվում է եկամուտների աճի բարձր տեմպերի ապահովումը, որի հիմնական բաղկացուցիչը պետք է հանդիսանա հարկային արտոնությունների նվազեցման և վերացման միջոցով հարկային բազայի ավելացումը և վարչարարության խստացումը: Իսկ ծախսերը պետք է կատարվեն որոշակի հոդվածներին առաջնահերթություններ տալով` հիմնավորելով դրանց նպատակայնությունը: Միջնաժամկետ ծրագրի դրույթներից կարևորվում է սեփականաշնորհման միջոցների ծախսման ռազմավարության մշակումը և 2000 թվականից սկսած` դրա իրականացումը:

 

ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները 1996-2003 թթ. *3)

 

ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ            1996  1997  1998   1999   2000   2001   2002   2003

ՀՆԱ, իրական աճը (%)     5.8   3.3   7.2    3.0    6.0    6.0    6.0    6.0

Սղաճ` նախորդ տարվա

վերջի նկատմամբ (%)      5.6  21.7  -1.3    2.1      5      4      4      4

Սղաճ` նախորդ տարվա նույն

ժամ. նկատմամբ (%)      18.7  13.8   8.7    0.6    3.1      4      4      4

ՀՆԱ, անվանական

(մլրդ դրամ)           661.2 804.4 958.8  988.5 1079.4 1190.8 1317.9 1464.7

Դրամական զանգվածի

աճը (%)                32.8  28.8  36.0   13.6   14.0   14.0   14.0   14.0

Արտահանում

/ՀՆԱ (%)               23.1  20.2  18.6   20.2   19.7   20.8   21.7   22.5

Ներմուծում

/ՀՆԱ (%)               55.5  57.7  52.4   46.8   45     44.7   43.7   42.2

Վճ. հաշվեկշռի ընթացիկ հաշիվ (առանց պաշտոնական տրանսֆերտների)/ՀՆԱ(%) -25.6 -27.8 -27.3 -19.2  -18  -15.9 -13.9 -11.5 ՀՀ պետբյուջեի

պակասուրդ/ՀՆԱ (%)      -8.5  -5.9  -4.2   -5.7   -4.1   -3.2   -2.2   -2.0

Մասնավոր ներդրումներ

(%), իրական աճ         12.8   5.7   7.5    7.5    8.7    8.9    9.1    9.5

Համախառն արտաքին պահուստներ (մլն դոլար) 168  243  287 316.9 314.5 316.5 317.5 320.5 ՀԱՊ-ի ներմուծման

ծածկույթը (ամիս)        2.2   2.8   3.6    4.3    3.8    3.8    3.8    3.8

 

---------------

3*) ՀՀ ԿԲ-ի կողմից առաջարկվող ՀՀ միջնաժամկետ ծրագրային ցուցանիշները:

 

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների անվանական աճը, նախորդ տարվա (1999 թվականի ճշգրտված բյուջեի) համեմատ, կազմել է 10.7%, սակայն ՀՆԱ-ում դրանց կշիռները նվազում են (15.0%` 2000 թվականին և 15.3%` 1999 թվականի ճշգրտված բյուջեում): 2000 թվականին հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի աճով` պահպանելով ՀՆԱ-ում դրանց կշիռների` 1999 թվականին ձևավորված մակարդակները:

Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի ուղերձում հստակեցման կարիք ունի արտաքին աղբյուրների հաշվին կապիտալ ծախսերի կատարման գործընթացը: Առաջարկում ենք ուղերձի բացատրագրում («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի 2 գ) կետ) ներառել միջոցների տեղաբաշխման նպատակների, ակնկալվող արդյունքի և արդյունավետության գնահատման չափանիշների մանրակրկիտ նկարագրությունը: Վերջինիս վերաբերյալ առաջարկում ենք օգտվել Համաշխարհային բանկի և այլ ֆինանսական միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակված «Նախագծերի վերլուծություն և գործնական ուղեցույց» և նման այլ ձեռնարկներից:

Հայաստանի Հանրապետության արտաքին պետական պարտքի սպասարկման տեսանկյունից 2000 թվականը կարելի է համարել բավականաչափ ծանրաբեռնված, քանի որ արտաքին պետական պարտքի սպասարկումը (ներառյալ` պետական երաշխիքով վարկերի սպասարկումը) կկազմի ապրանքների և ծառայությունների արտահանման մոտ 16.8%-ը: Հետևաբար, ապագայում Հայաստանի Հանրապետության կառավարությունը հնարավորին չափ զերծ պետք է մնա նոր` ոչ արտոնյալ պայմաններով արտաքին վարկերի ներգրավումից, ինչպես նաև պետական երաշխիքներ տրամադրելուց:

1999 թվականին վատացել է պետական պարտք/ՀՆԱ հարաբերության ցուցանիշը և պետական պարտքի կառուցվածքը: Նոր պարտքերի գոյացմանը զուգընթաց, երկարաձգվել են մի շարք թանկ` առևտրային պայմաններով վերցված վարկեր, այդ թվում` Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերից, որոնք էլ վատացրել են Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքի կառուցվածքը: ՈՒստի, 2000 թ. նպատակահարմար է ծրագրված հարկաբյուջետային քաղաքականության` պետական պարտքի կառավարմանն առնչվող գնահատականների համար հիմք ընդունել 1998 թվականի ցուցանիշները: Արդյունքում` 1998 թվականի պարտք/ՀՆԱ ցուցանիշի մակարդակը 2000 թվականին կայուն պահելու համար անհրաժեշտ է ՀՆԱ-ում ապահովել 2.4%-ից ոչ ավելի առաջնային պակասուրդ կամ 4.1%-ից ոչ ավելի հաշվարկային պակասուրդ` նախատեսված 4.8%-ի դիմաց:

2000 թվականին սղաճի 5% ծրագրային ցուցանիշի ապահովումն իրատեսական է ներկայացված բյուջեի սցենարի պայմաններում: Վերջինիս շրջանակներում ծրագրվելու են համապատասխան դրամավարկային ցուցանիշներ, որոնք էլ ուղղվելու են սղաճի ծրագրային ցուցանիշի ապահովմանը: Սակայն վերջինս, դրամավարկային ցուցանիշների միջոցով կառավարումից զատ, կախված է նաև բազմաթիվ այլ գործոններից, որոնք մշտապես առկա են եղել նախորդ տարիներին` խոչընդոտելով սղաճի ծրագրված մակարդակի պահպանմանն ուղղված դրամավարկային քաղաքականության իրականացմանը: Դրանք են.

1. Բյուջեի ծախսումների թերակատարումը (օրինակ` 1998 և 1999 թվականների առաջին կիսամյակների ընթացքում դրամաշնորհների, վարկերի չստացման պատճառով), որը զսպողական ազդեցություն է թողնում ամբողջական պահանջարկի ձևավորման վրա և հանգեցնում գների մակարդակի նվազմանը.

2. Բյուջեի եկամուտների հավաքագրման և ծախսերի կատարման անհավասարաչափ բաշխումը տարվա ամիսների, եռամսյակների միջև (օրինակ` 1998 և 1999 թվականների վարկերի` սահմանված ժամկետից ուշ ստացումը և շատ արագ ծախսումը), որոնք անմիջականորեն ազդում են ամբողջական պահանջարկի, հետևաբար նաև` սղաճի մակարդակի ձևավորման վրա: Դրանց ոչ հավասարաչափ բնույթը դրամավարկային ցուցանիշների կտրուկ տատանումների պատճառ է դառնում, առաջանում են խնդիրներ` կապված դրանց կառավարելիության հետ, ֆինանսական անկայուն վիճակ և, ի վերջո, ծրագրային մակարդակից սղաճի փաստացի ցուցանիշի զգալի շեղումներ.

3. Բյուջետային տարվա ընթացքում հարկային համակարգում բյուջեով չնախատեսված փոփոխությունների իրականացումը.

4. Տարվա ընթացքում պետության կողմից կարգավորվող գների փոփոխությունները, որոնց մասին կարող է բավականաչափ վաղօրոք չտեղեկացվել:

Վերը նշված հիմնական խնդիրների մեծ մասն առաջանում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստացվող արտաքին ֆինանսավորման ծրագրերի փոփոխությունների հետևանքով, որոնք պայմանավորվում են այդ ծրագրերով նախատեսված կառուցվածքային բարեփոխումների և այլ միջոցառումների թերի կատարմամբ:

Ամփոփելով նշենք, որ սույն փաստաթղթում տեղ գտած խնդիրների ամբողջական և հետևողական լուծումներն առավելապես կնպաստեն դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետ կոորդինացման և ծրագրային համամասնությունների պահպանմանը: Հակառակ պարագայում էապես կդժվարանա ընդհանուր տնտեսական քաղաքականությամբ ամրագրված մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների, մասնավորապես` սղաճի ծրագրված մակարդակի ապահովումը:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
27.01.2000
N 12
Որոշում