ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 հունիսի 2020 թվականի N 940-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ և 22-րդ հոդվածները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշումները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն ամրացված` պետական սեփականություն հանդիսացող` քաղ. Երևան, Կենտրոն Մոսկովյան փողոց 1 հասցեում գտնվող` 1934.8 քառ մետր մակերեսով վարչական շենքը (այսուհետ` գույք) և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 0.067667 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
2. Սահմանել`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով գույքի գնահատված արժեքը 2020 թվականի մայիսի 4-ի դրությամբ 1 294 090 800 դրամ.
2) մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը` գնահատված արժեքի 100 տոկոսի չափով` 1 294 090 800 դրամ.
3) որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը` 40 600 200 դրամ:
3. Կոմիտեի նախագահին`
1) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ կոմիտեի պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի N 820-Ն որոշման 13-րդ կետով պահանջվող տեղեկություններ գույքի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների և մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.
3) մրցույթի հաղթողի կողմից (այսուհետ` նաև գնորդ) գույքի վաճառքի գումարի, ինչպես նաև հողամասի կադաստրային արժեքի և գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 238 176 դրամ գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը) վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքային իրավունքների պետական գրանցման համար օրենքով սահմանված գումարներն ու տուրքերը:
4. Սահմանել, որ`
1) մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ).
2) մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով` օտարվող գույքի համար առաջարկվող գինը` 90%, ներդրումների չափը` 10%.
3) գույքի օտարման նպատակով առաջարկվող ներդրումների չափը պետք է ներկայացվի ըստ տարիների` նշելով ամեն տարվա ներդրման չափը և չի կարող գերազանցել երեք տարին.
4) ըստ Երևան քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանական գոտիների նախագծի (այսուհետ` պահպանական գոտիների նախագիծ)` սույն որոշման 1-ին կետում նշված գույքը դասվում է պատմական միջավայր ձևավորող, ճարտարապետական տեսանկյունից արժեքավոր շենքերի թվին, որոնց վերաբերյալ ծավալատարածական փոփոխություններ նախատեսված չեն, հետևաբար դրանց հետ կապված որևէ քաղաքաշինական գործունեություն իրականացնելիս անհրաժեշտ է առաջնորդվել պահպանական գոտիների նախագծով սահմանված դրույթներով` հաշվի առնելով գույքի ճարտարապետական արժեքն ու զբաղեցրած դիրքը քաղաքում, իսկ վերակառուցման առաջարկները նախապես համաձայնեցնել լիազոր մարմնի հետ.
5) մրցույթի հաղթողը գույքի արժեքը վճարում է մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի, իսկ հողամասի կադաստրային արժեքը մեկամսյա ժամկետում վճարում է գանձապետական համապատասխան հաշվին:
5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի նվազագույն գնի 5 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հունիսի
Երևան