Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 հունիսի 2020 թվականի N 914-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 731, 2001 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 125 ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1106-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 29-րդ հոդված 1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը վարձակալության տրամադրելու կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության տրամադրելու կարգը` համաձայն N 2 հավելվածի.

3) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման մրցույթի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 3 հավելվածի.

4) պետական կառավարման համակարգի մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման կարգը` համաձայն N 4 հավելվածի:

2. Պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմիններ) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքը (բացառությամբ` պաշտպանական, սահմանային, քաղաքացիական պաշտպանության ռազմարդյունաբերության, ինչպես նաև ազգային անվտանգության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի տիրապետմանը և օգտագործմանը հանձնված պետական գույքը, որն իր նշանակությամբ նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման համար), ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքը (այսուհետ` պետական գույք) տրամադրվում է վարձակալության` հրապարակային սակարկություններով (մրցույթ կամ աճուրդ (նաև էլեկտրոնային) կամ ուղղակի եղանակով, եթե`

1) տվյալ գույքը պետական մարմինների, կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների կողմից չի օգտագործվում կամ`

2) պետական գույքի կառավարման լիազոր մարմինը գտնում է, որ տվյալ գույքի օգտագործումը չի համապատասխանում իրենց կանոնադրական գործառույթներին և առաջարկվել է տրամադրել վարձակալության.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

3. Պետական մարմինների տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման գործընթացը կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն (այսուհետ` կոմիտե):

4. Սահմանել, որ կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում` Երևանի քաղաքապետի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի և հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ` մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության է տրամադրվում կոմիտեի նախագահի հրամանով, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետով` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ներկայացմամբ:

5. Սահմանել, որ կոմիտեին են վերապահվում`

1) պետական գույքի ուղղակի ձևով, մրցույթով և աճուրդով վարձակալության տրամադրումը, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակով աճուրդների (այդ թվում` էլեկտրոնային) և մրցույթների կազմակերպումն ու անցկացումը.

2) պետական գույքի վարձակալության պայմանագրերի կնքումը և պայմանագրային պարտավորությունների կատարման վերահսկումը: Ընդ որում` վերահսկումն իրականացվում է պայմանագրով նախատեսված կարգով ու ժամկետներում վարձակալի կողմից ներկայացված հաշվետվությունների կամ պայմանագրային պարտավորությունների կատարումը հիմնավորող փաստաթղթերի, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տեղում կատարվող ուսումնասիրության արդյունքների հիման վրա.

3) պետական գույքի վարձակալության պայմանագրերի հաշվառումը.

4) գույքի վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը պետական մարմնին, որի տիրապետմանը և օգտագործմանն է հանձնված (ամրացված) վարձակալության տրամադրված գույքը, կազմակերպությունների, ընկերությունների, հիմնադրամների դեպքում վարձակալության պայմանագրի պատճենի տրամադրումը վերջիններիս կառավարումն իրականացնող լիազոր պետական մարմնին.

5) կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքը մինչև հինգ տարի ժամկետով վարձակալության տրամադրման դեպքում` վարձակալության տրամադրվող անշարժ գույքը կազմակերպությունից, ընկերությունից և հիմնադրամից հետ վերցնելու իրավասությունները:

6. Պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքերում` վարձակալության տրամադրման աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերով (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում կամ կոմիտեի նախագահի հրաման) նախատեսված լինելու դեպքում` պետական գույքի վարձակալության տրամադրման աճուրդները կարող են իրականացվել էլեկտրոնային համակարգի միջոցով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 395-Ն որոշման:

7. Պետական մարմինների ղեկավարներին` պետական մարմնին ամրացված գույքից չօգտագործվող տարածք առաջանալու դեպքում, եթե այն իր կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, վարձակալության տրամադրման նպատակով 10 աշխատանքային օրվա ընթացքում կոմիտե ներկայացնել տեղեկատվություն, որը պետք է ներառի`

1) գույքի վարձակալության տրամադրման նպատակահարմարության վերաբերյալ հիմնավորումը, այդ թվում` սահմանափակումները և վարձակալության տրամադրվող տարածքի օգտագործման նպատակը, եթե այդպիսին առկա է, ինչպես նաև տեղեկատվություն նշված տարածքը պետական մարմնի կողմից չօգտագործվելու մասին.

2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը` ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը, համապատասխան հիմնավորմամբ, ինչպես նաև առկայության դեպքում` ամսական վարձավճարի վերաբերյալ գրավոր առաջարկությունը.

3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև վարձակալության տրամադրվող անշարժ գույքի (տարածքի) հատակագիծը.

4) չօգտագործվող գույքն իր կանոնադրական գործառույթների իրականացման նպատակով օգտագործելու դեպքում` գույքի վերաբերյալ սույն կետում նախատեսված տվյալները և համապատասխան ձևով օգտագործման հիմնավորումը:

8. Սույն որոշմամբ սահմանված ձևերով վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձակալական վճարների մեծությունը որոշվում է շուկայական գնահատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից` իր կանոնադրությամբ սահմանված գործառույթների շրջանակներում և որակավորում ունեցող անկախ գնահատողի կողմից:

Կազմակերպություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տարածքներն իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին վարձակալության տրամադրման դեպքում` վարձակալական վճարի մեծության նկատմամբ կիրառվում է զեղչ` տվյալ տարածքի շուկայական գնահատված արժեքի 50 տոկոսի չափով:

9. Կոմիտեի նախագահին` սույն որոշման 7-րդ կետով վարձակալության տրամադրման նպատակով պետական մարմինների կողմից ներկայացված տեղեկատվությունը (այդ թվում` մեկնարկային գնի վերաբերյալ) սահմանված ժամկետում ստանալուց հետո, ինչպես նաև կոմիտեին ամրացված գույքից ազատ տարածքների վերաբերյալ տեղեկատվությունը, գույքի գնահատման հաշվետվությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրել կոմիտեի պաշտոնական կայքում և «www.azdarar.am» կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն գույքի գտնվելու վայրի, մակերեսի, ամսական վարձավճարի մեծության (աճուրդի և մրցույթի դեպքում` մեկնարկային գնի), վարձակալության տրամադրման ձևի և վարձակալության նպատակով հայտեր ներկայացնելու ժամկետների մասին:

10. Սույն որոշման համաձայն վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

11. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների վարձակալությունից մուտքագրված միջոցների 20 տոկոսը տվյալ բյուջետային տարվա վերջում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված, Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից լիազոր մարմնի ներկայացմամբ, որպես կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին իրենց կանոնադրական գործառույթների իրականացման համար լրացուցիչ հատկացում, տրամադրել կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին` համապատասխան կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին փոխանցելու համար:

12. Կազմակերպությունների և հիմնադրամների կառավարումն իրականացնող իրավասու մարմինների ղեկավարներին` սույն որոշման 10-րդ և 11-րդ կետերով սահմանված դրույթների պահանջներից ելնելով` համապատասխան փոփոխություններ կատարել իրենց ենթակայության կազմակերպությունների և հիմնադրամների կանոնադրություններում:

13. Սույն որոշումը չի կանոնակարգում կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքը, օգտագործման իրավունքի մասին պայմանագրերին համապատասխան, մինչև 15 օր ժամավճարով (ընդ որում` նշված ժամկետը 1 տարվա մեջ չի կարող գերազանցել 60 օրացուցային օրը), ինչպես նաև թատերահամերգային գործունեություն իրականացնող կազմակերպությունների կողմից երրորդ անձանց կրթամշակութային, թատերահամերգային միջոցառում իրականացնելու համար տրամադրվող տարածքների օգտագործման և ծառայությունների մատուցման գործընթացը: Ընդ որում` նշված գործընթացը կանոնակարգում է տվյալ մարմնի կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը (Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում` Երևանի քաղաքապետը):

14. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում հաստատել պետական սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի տիպային օրինակելի ձևը` դրանցում սահմանելով դրույթ, որի համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված վարձավճարի նվազագույն մեծության փոփոխման (ավելացման) դեպքում վարձատուի պահանջով վարձավճարի չափը ենթակա է վերահաշվարկման:

15. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն համարվող տարածքների վարձակալության տրամադրման համար կնքված վարձակալության պայմանագրերը գործում են մինչև պայմանագրերի ժամկետների ավարտը, իսկ տվյալ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրերը կնքվում են սույն որոշմամբ սահմանված կարգերով:

16. Կոմիտեն իր իրավասությունների շրջանակներում սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգերին համապատասխանությունը պարզելու նպատակով կարող է իրականացնել կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքից վարձակալության տրամադրված գույքի ուսումնասիրություն ու հայտնաբերված թերությունները տեղեկացնել լիազոր մարմնին և իրականացնել օրենսդրությամբ սահմանված քայլեր:

i

17. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը լիազորություններ տալու մասին» N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության, ինչպես նաև մինչև մեկ տարի ժամկետով պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման գործընթացը կանոնակարգելու մասին» N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը մեկ տարվանից ավելի ժամկետով վարձակալության տրամադրելու կարգը, մրցույթի և աճուրդի կազմակերպման ու անցկացման կարգը հաստատելու մասին» N 1106-Ն որոշումները:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2020 թ. հունիսի 8

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 4-ի

N 914-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Պետական մարմիններին ամրացված գույքը, եթե բավարարում է սույն որոշման 2-րդ կետով սահմանված պահանջներին, կարող է վարձակալությամբ տրամադրվել ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով:

3. Պետական մարմնին ամրացված գույքը կարող է ուղղակի ձևով վարձակալության տրամադրվել`

1) տվյալ գույքի վարձակալին (այսուհետ` վարձակալ), որը պատշաճ, բարեխիղճ կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ ներկայացրել է վարձակալության պայմանագիրը վերակնքելու հայտ.

2) միակ հայտը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը (այսուհետ` անձ), եթե սույն որոշման 9-րդ կետով նախատեսված հայտերի ներկայացման համար սահմանված ժամկետում տվյալ գույքի վարձակալության նպատակով այլ հայտեր չեն ներկայացվել:

4. Պետական մարմիններին ամրացված գույքը սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց վարձակալության տրամադրման ժամկետները սահմանվում են`

1) ներդրումային ծրագիր չներկայացվելու դեպքում` մինչև 5 տարի ժամկետով.

2) գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու դեպքում` առավելագույնը 10 տարի ժամկետով.

3) միակ հայտը ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձին, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջը գույքի բարելավման նպատակով ներդրումային ծրագիր ներկայացնելու դեպքում` մինչև 10 տարի ժամկետով:

5. Պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման նպատակով` սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձինք Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե) են ներկայացնում հայտ, որը պետք է ներառի`

1) իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները.

2) քաղաքացիների համար` նույնականացման քարտի պատճենը կամ անձնագրի պատճենը.

3) անհատ ձեռնարկատիրոջ համար` անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը.

4) վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

5) առաջարկություն վարձակալության ժամկետի մասին.

6) գույքի բարելավման նպատակով (ցանկության դեպքում) գործարար (ներդրումային) ծրագիր:

6. Կոմիտեի նախագահը սույն կարգի 5-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին ծանուցում է պետական մարմնին, որին ամրացված է տվյալ գույքը և հայտը ներկայացնող անձին:

7. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հայտերում թերությունների առկայության դեպքում կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է հայտ ներկայացնող անձանց, որոնք գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող են շտկել հայտում առկա թերությունները:

8. Ներկայացված հայտը կոմիտեի կողմից մերժվում է, եթե`

1) չեն ապահովվել սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պահանջները.

2) 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության տրամադրման դեպքում` գույքի բարելավման համար գործարար (ներդրումային) ծրագիրը կամ վարձակալի կողմից նախկինում ներդրումներ կատարված լինելու մասին հավաստող փաստաթղթեր չեն ներկայացվել.

3) սույն կարգի 7-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված հայտում առկա թերությունները:

9. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված պայմանները բավարարող հայտն ստանալուց հետո կոմիտեն նախկին վարձակալի կամ միակ հայտ ներկայացրած անձի հետ 30 աշխատանքային օրվա ընթացքում կնքում է գույքի վարձակալության պայմանագիր:

10. Եթե սույն որոշման 9-րդ կետով սահմանված ժամկետում, պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության համար ընդունվել են մեկից ավելի հայտեր, ապա տվյալ գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով` որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար անբաժանելի ներդրումների ծավալի մեծությունը, տվյալ ներդրումների կատարման ժամկետը և վարձակալական վճարի չափը:

Պետական մարմիններին ամրացված գույքը մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը սահմանվում է մինչև 10 տարի:

11. Եթե սույն որոշման 9-րդ կետով սահմանված ժամկետում պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության համար ընդունվել են մեկից ավելի հայտեր և գույքի վարձակալության համար որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից, ապա պետական մարմիններին ամրացված գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով: Պետական մարմիններին ամրացված գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել մինչև 5 տարի:

12. Կոմիտեն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված հայտերը ստանալուց հետո որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն, սույն որոշման 1-ին կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով հաստատված կարգերին համապատասխան, կազմակերպում ու անցկացնում է պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթները և աճուրդները:

13. Աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված պետական մարմիններին ամրացված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկնարկային գնի 25 տոկոսից:

14. Յուրաքանչյուր կազմակերպվող աճուրդից կամ մրցույթից հետո գույքը վարձակալության չտրամադրվելու դեպքում, մինչև հաջորդ աճուրդը կամ մրցույթը կազմակերպելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, գույքի հավանական վարձակալները կարող են դիմել կոմիտե` տվյալ գույքի վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի համաձայն կազմակերպված վերջին աճուրդի կամ մրցույթի համար սահմանված պայմաններով գույքը վարձակալելու համար: Ընդ որում` մրցույթի համար ներդրումային պայմաններ սահմանված լինելու դեպքում` հավանական վարձակալը պետք է ներկայացնի ներդրումների վերաբերյալ հստակ հիմնավորված թվային առաջարկություն: Հավանական վարձակալը պետք է ներկայացնի սույն կարգի 5-րդ կետով սահմանված հայտերը:

15. Կոմիտեն սույն կարգի 14-րդ կետում նշված պայմաններով գույքի վարձակալության վերաբերյալ հայտարարությունն իր պաշտոնական կայքում տեղադրելուց հետո, եթե ստացել է մեկ դիմում, իսկ մրցույթի դեպքում` նաև գործարար (ներդրումային) ծրագիր, ապա դիմումը ստանալուց հետո յոթերորդ աշխատանքային օրը կայացնում է որոշում այն ընդունելու կամ մերժելու մասին և մեկ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է հավանական վարձակալին: Ընդ որում` դիմումն ընդունելու դեպքում` հավանական վարձակալին ներկայացնում է ուղղակի ձևով գույքը վարձակալելու վերաբերյալ գրավոր առաջարկություն:

16. Եթե սույն կարգի 15-րդ կետով նախատեսված դիմումը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նույն գույքի վարձակալության համար ստացվել են մեկից ավելի դիմումներ, ապա կոմիտեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպում է տվյալ գույքի աճուրդը կամ մրցույթը:

17. Դիմումատուի կողմից սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը թերություններով ներկայացվելու դեպքում` կոմիտեն երեք աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է դիմումատուին, որը գրությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում պետք է շտկի փաստաթղթերում առկա թերությունները:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերի համաձայն ներկայացված դիմումը մերժվում է, եթե`

1) չեն ներկայացվել սույն կարգի 14-րդ կետով նախատեսված փաստաթղթերը.

2) սույն կարգի 17-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված փաստաթղթերում առկա թերությունները:

19. Սույն կարգի 18-րդ կետով նախատեսված հիմքերով դիմումների մերժման դեպքում` գործընթացը շարունակվում է սույն կարգի 14-18-րդ կետերով սահմանված պայմաններով:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 4-ի

N 914-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետ` գույք) վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին ամրացված գույքը (բացառությամբ ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի կազմակերպման համար տրամադրվող տարածքների), եթե պետական մարմինների կողմից իրենց կանոնադրական գործառույթներին համապատասխան չի օգտագործվում, ապա կարող է տրամադրվել վարձակալության` ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով:

3. Կազմակերպություններին, ընկերություններին և հիմնադրամներին ամրացված գույքն ուղղակի ձևով վարձակալության կարող է տրամադրվել`

1) տվյալ պահին գույքի վարձակալ հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձին (այսուհետ` վարձակալ), որի հետ կնքված վարձակալության մասին պայմանագրի գործողության ժամկետը հայտ ներկայացնելու պահին ավարտված չէ, եթե բարեխիղճ վարձակալը կատարել է վարձակալության պայմանագրով նախատեսված պարտավորությունները և գույքի վարձակալության ժամկետը երկարաձգելու համար վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ քան 1 ամիս առաջ դիմել է կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին: Այս դեպքում`

ա. վարձակալության պայմանագիրը կարող է երկարաձգվել մեկ անգամ` առավելագույնը նախկին պայմանագրով սահմանված ժամկետով` առանց գույքի բարելավման նպատակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու,

բ. վարձակալի կողմից գույքի բարելավման նպատակով գործարար (ներդրումային) ծրագիր ներկայացնելու դեպքում վարձակալության առավելագույն ժամկետ սահմանվում է մինչև 10 տարի.

2) այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` անձ), որոնք տվյալ գույքի բարելավման նպատակով ներկայացրել են գործարար (ներդրումային) ծրագիր և դիմել կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին: Այս դեպքում վարձակալության ժամկետ սահմանվում է մինչև 10 տարի.

3) ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում կրթական, մշակութային, սպորտային խմբակների և սովորողների սննդի (այսուհետ` ոլորտ) կազմակերպման համար տարածքները վարձակալության են տրամադրվում նախապես տվյալ տարածքում նշված ոլորտներում համապատասխան գործունեության կազմակերպման իրավունք ունեցող անձանց.

4) ուսումնական (հանրակրթական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն) հաստատություններում իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին սննդի ոլորտում գործունեության կազմակերպման իրավունքը տրամադրվում է մրցութային եղանակով, որը կազմակերպում է վարձակալության տրամադրվող գույքը օգտագործող կազմակերպության վերադաս պետական մարմինը:

4. Կազմակերպությանը, ընկերությանը և հիմնադրամին անհատույց օգտագործման տրամադրված գույքն ուղղակի ձևով, մրցույթով կամ աճուրդով վարձակալության տրամադրման նպատակով` կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավարը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում` Երևանի քաղաքապետը, կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի ղեկավարը` ընկերության գործադիր տնօրենի, հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հիմնադրամի տնօրենի առաջարկությամբ հայտ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե (այսուհետ` կոմիտե), որը պետք է ներառի`

1) գույքի վարձակալության տրամադրման հիմնավորումը, սահմանափակումները և վարձակալության տրամադրվող գույքի օգտագործման նպատակը.

2) վարձակալության տրամադրվող գույքի նկարագիրը` ներառյալ գտնվելու վայրը, մակերեսը, հարկը, վիճակը և վարձակալության առաջարկվող ժամկետը` համապատասխան հիմնավորմամբ.

3) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը և վարձակալության տրամադրվող տարածքի հատակագիծը.

4) առկայության դեպքում` վարձավճարի չափի վերաբերյալ առաջարկությունը.

5) վարձակալության տրամադրվող գույքի ամսական վարձավճարի շուկայական գնահատված արժեքը` ըստ գնահատման մասին հաշվետվության.

6) առկայության դեպքում` դիմումատուի վերաբերյալ տեղեկատվությունը:

5. Սույն կարգի 4-րդ կետով նախատեսված հայտերում թերությունների առկայության դեպքում` կոմիտեն 10 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրությամբ դրա մասին տեղեկացնում է հայտ ներկայացնող լիազոր մարմնին, որը գրությունը ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կարող է շտկել հայտում առկա թերությունները:

6. Կոմիտեի նախագահը սույն կարգի 4-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում որոշում է կայացնում այն ընդունելու կամ մերժելու մասին և 10 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում Երևանի քաղաքապետին, բաժնետոմսերի կառավարման պետական մարմնին և հիմնադրամների հոգաբարձուների խորհրդին: Ընդ որում` ներկայացված հայտը մերժվում է, եթե`

1) չեն ապահովվել սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պահանջները.

2) մինչև 10 տարի ժամկետով ուղղակի ձևով վարձակալության դեպքում չի ներկայացվել գույքի բարելավման համար գործարար (ներդրումային) ծրագիր.

3) պետության կարիքների համար այդ գույքի օգտագործումը համարվել է առավել նպատակահարմար.

4) սույն կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում չեն շտկվել ներկայացված հայտում առկա թերությունները:

7. Կոմիտեի նախագահը համապատասխան հայտը ստանալուց հետո վարձակալության տրամադրվող տարածքի մասին հայտարարությունը 10 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրում է կոմիտեի պաշտոնական կայքում և «www.azdarar.am» կայքում, որը պետք է ներառի տեղեկատվություն տարածքի գտնվելու վայրի, մակերեսի և ամսական վարձավճարի չափի մասին, վարձակալության տրամադրման ձևի, ինչպես նաև վարձակալության տրամադրման նպատակի վերաբերյալ:

8. Եթե հայտարարության տեղադրումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տվյալ գույքի վարձակալության համար այլ հայտեր չեն ներկայացվել, ապա գույքը վարձակալության է տրամադրվում միակ հայտը ներկայացրած անձին:

9. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում տվյալ գույքի վարձակալության համար ընդունվել է մեկից ավելի հայտ, որի մեջ առկա է գույքի բարելավման համար գործարար ներդրումային ծրագիր, ապա տվյալ գույքը վարձակալության է տրամադրվում մրցույթով` որպես մրցույթի պարտադիր պայմաններ սահմանելով գույքի բարելավման համար գործարար ներդրումների մեծությունը և վարձակալական վճարի չափը: Գույքի` մրցույթով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 10 տարի:

10. Եթե սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում տվյալ գույքի վարձակալության համար ընդունվել է մեկից ավելի հայտ և գույքի վարձակալի կողմից որևէ պարտավորություն չի նախատեսվում բացի վարձավճարի չափից, ապա գույքը վարձակալության է տրամադրվում աճուրդով: Գույքն աճուրդով վարձակալության տրամադրման առավելագույն ժամկետը կարող է սահմանվել 5 տարի:

11. Կոմիտեն սույն կարգի 4-րդ կետում նշված հայտը ստանալուց հետո, եթե այն բավարարում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված պայմանները, մշակում է գույքը վարձակալության տրամադրման մասին իրավական ակտի նախագիծ, ընդ որում` մինչև հինգ տարի ժամկետի դեպքում` կոմիտեի նախագահի հրամանի, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետի դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Մինչև հինգ տարի ժամկետի դեպքում` հրամանի նախագիծը ներկայացվում է կոմիտեի նախագահի հաստատմանը, իսկ հինգ տարվանից ավելի ժամկետի դեպքում` որոշման նախագիծը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը:

12. Սույն կարգի 11-րդ կետով նախատեսված իրավական ակտերի նախագծերը պետք է ներառեն առնվազն հետևյալ տեղեկությունները`

1) վարձակալության տրամադրման ձևի մասին` համապատասխան հիմնավորումներով.

2) գույքն աճուրդով վարձակալության ներկայացնելու դեպքում`

ա. գույքի ամսական (տարեկան) մեկնարկային վարձակալական վճարի չափը,

բ. վարձակալության տրամադրման ժամկետը,

գ. աճուրդը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

3) գույքը մրցույթով վարձակալության ներկայացնելու դեպքում`

ա. գույքի նվազագույն (մեկնարկային) ամսական (տարեկան) վարձակալական վճարի չափը,

բ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին,

գ. վարձակալության տրամադրման ժամկետը,

դ. մրցույթը չկայանալու դեպքում վարձավճարի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին մրցույթի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) գույքն ուղղակի ձևով վարձակալության ներկայացնելու դեպքում`

ա. իրավաբանական անձանց համար` գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի կամ անձնագրի համարը,

բ. վարձակալության տրամադրվող գույքի ամսական (տարեկան) վարձակալական վճարը,

գ. ներդրումային ծրագիր իրականացնելու անհրաժեշտության մասին.

5) գույքի օգտագործման վերաբերյալ առկա սահմանափակումների մասին և այլ տեղեկատվություն:

13. Աճուրդով (մրցույթով) վարձակալության չտրամադրված գույքի մեկնարկային (վարձավճարի նվազագույն) գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի (մրցույթի) ժամանակ (եթե այդպիսին նախատեսվում է վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով) նվազեցվում է վերջին աճուրդի (մրցույթի) մեկնարկային գնի 20 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկնարկային գնի 25 տոկոսից, եթե վարձակալության տրամադրման մասին իրավական ակտով ավելի փոքր չափ չի սահմանվել:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 4-ի

N 914-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` պետական գույք) մրցույթով վարձակալության տրամադրման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով ստեղծված մրցութային հանձնաժողովը (այսուհետ` մրցութային հանձնաժողով):

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

3. Մրցութային հանձնաժողովը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են կոմիտեի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), համապատասխան պետական մարմնի (երկու անդամ) ներկայացուցիչներ (ընդ որում` կազմակերպությանը, ընկերությանը կամ հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում` մեկ ներկայացուցիչը պետք է լինի կազմակերպությունից կամ ընկերությունից կամ հիմնադրամից) և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:

4. Պետական մարմինների գույքի վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում` վարձակալության մրցույթ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մրցութային հանձնաժողովը 10 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում հրապարակման:

5. Սույն կարգի 4-րդ կետում նշված մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում մրցութային հանձնաժողովն ընդունում է մրցույթի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմակերպում և անցկացնում է գույքի վարձակալության մրցույթը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության մրցույթի հաղթողին:

6. Մրցութային հանձնաժողովի գործունեությունն իրավազոր է հանձնաժողովի անդամների թվի առնվազն 2/3-ի մասնակցության դեպքում: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

7. Մրցութային հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփելուց և դրա մասին արձանագրություն կազմելուց ու կոմիտեի նախագահին ներկայացնելուց հետո:

 

III. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

8. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի մրցույթի անցկացման օրվանից առնվազն 30 օր առաջ կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում:

9. Պետական գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) մրցույթի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).

3) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).

4) մրցույթի հաղթողին որոշելու կարգը.

5) մրցույթով վարձակալության տրվող գույքի անվանումը, մրցույթի պայմանները և դրանց գնահատման կշռային գործակիցները (այդպիսիք սահմանված լինելու դեպքում).

6) մրցույթի մասնակցության հայտին կից` անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. գրավոր գնային առաջարկ,

բ. նախավճարի մուծումը հաստատող անդորրագիր,

գ. գործարար (ներդրումային) ծրագիր,

դ. իրավաբանական անձանց համար` գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի կամ անձնագրի պատճենը,

ե. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիրը (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը).

7) գույքի վարձակալության մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են հրապարակվել լրացուցիչ տեղեկություններ.

8) մրցույթի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն որոշման 8-րդ կետի համաձայն` հաշվարկված գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, մրցույթի հաղթող չճանաչվելու դեպքում` նախավճարի հետ վերադարձման կարգը.

9) ծածկագրերը և դրանք կիրառելու կարգը (պետական գույքը մրցույթով վարձակալության տրամադրելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում).

10) մրցույթի հայտերի ընդունման և բացման ժամկետները, ինչպես նաև մրցույթի հայտերի ամփոփման նիստերի օրերը և ժամերը.

11) մրցույթի կարգին ծանոթանալու և դրա պատճենը տրամադրելու կարգը:

10. Պետական գույքի վարձակալության մրցույթին մասնակցելու հայտերի ընդունման վերջնաժամկետը պետք է սահմանվի մրցույթի անցկացման օրվան նախորդող երրորդ աշխատանքային օրվա ժամը 18:00-ն:

11. Պետական գույքի վարձակալության մրցույթի պայմանների փոփոխման դեպքում` հանձնաժողովը պարտավոր է մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն միջոցով, որով հրապարակվել է մրցույթի մասին հրապարակային ծանուցումը: Հրապարակային ծանուցման մեջ թույլատրվում է կատարել փոփոխություններ և (կամ) լրացումներ, եթե դրանցով չեն փոփոխվում մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները:

12. Պետական գույքի վարձակալության մրցույթի էական պայմանների փոփոխման դեպքում մրցութային հանձնաժողովի կողմից անհրաժեշտ է հրապարակել մրցույթի անցկացման մասին նոր հրապարակային ծանուցում` չեղյալ հայտարարելով նախկին ծանուցումը:

 

IV. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

13. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը ներկայացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

14. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը` մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին, ներկայացվում են սոսնձված և ստորագրված ծրարով` անձամբ կամ փոստով: Փոստով ուղարկված հայտերը (ծրարները) ներկայացնելու ժամկետ է համարվում ծրարի` պետական գույքի կառավարման կոմիտե մուտքագրման օրը և ժամը:

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերի պահանջներին չհամապատասխանող հայտերն առանց ծրարը բացելու վերադարձվում են հայտը ներկայացնողին:

16. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները, մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտը: Մրցույթի հայտի փոփոխությունը կատարվում է հայտերը ներկայացնելու կարգով` ծրարի վրա ավելացնելով «Փոփոխում» բառը: Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնական ժամկետի ավարտից հետո ներկայացված հայտի փոփոխության կամ վերադարձման մասին դիմումները ենթակա չեն քննարկման:

17. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտը գրանցվում է հատուկ գրանցամատյանում` հայտատուին տալով ստացական մրցույթի մասնակցության հայտն ընդունելու մասին:

18. Պետական գույքի վարձակալության մրցույթի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են մրցույթի մասնակցության նախավճարը` կոմիտեի անվամբ բացված համապատասխան հաշվին:

19. Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի վճարած նախավճարը ներառվում է մասնակցի առաջարկած գույքի վարձակալական վճարի գնի մեջ: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից մրցույթի արդյունքների արձանագրությունը չստորագրվելու, հետագա վճարումները չկատարվելու և (կամ) պայմանագիր չկնքվելու դեպքերում` մրցույթը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը կոմիտեի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

20. Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցներին, ինչպես նաև մասնակցի կարգավիճակ չստացած հայտատուներին մրցույթի մասնակցության նախավճարը վերադարձվում է հայտատուին մրցութային հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

21. Գույքի վարձակալության մրցույթի մասնակցության հայտերը բացվում են մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված օրը և ժամին` մրցույթի մասնակցության հայտերի բացման նիստում:

22. Գույքի վարձակալության մրցույթի հայտատուները և նրանց լիազոր ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել մրցույթի մասնակցության հայտերի բացման, ինչպես նաև մրցութային առաջարկների քննարկման նիստերին և ծանոթանալ նիստերի արձանագրություններին:

23. Եթե հայտատուների կողմից եղել է առաջարկություն, ապա ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի հայտատուի կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից:

24. Պետական գույքի վարձակալության մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանվում է մրցույթի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ: Մրցութային առաջարկները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն պետական գույքի վարձակալության տրամադրման մասին համապատասխան իրավական ակտով սահմանված նվազագույն արժեքներից:

25. Հանձնաժողովը մրցույթի հայտերի բացման նիստում բացում է մրցույթի մասնակցության համար ներկայացված փակ ծրարները և հրապարակում`

1) անունը, ազգանունը (անվանումը) և նախատեսված լինելու դեպքում` մրցույթի հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի ծածկանունը.

2) մրցույթի մասնակցության հայտերի համապատասխանությունը հրապարակային ծանուցմամբ մրցույթի համար սահմանված պայմաններին.

3) ամփոփ տվյալներ մրցույթի մասնակցության հայտերում փոփոխություն կատարելու մասին:

26. Այն հայտատուներին, որոնց հայտերը համապատասխանում են մրցույթի համար սահմանված պայմաններին, տրվում է մրցույթի մասնակցի կարգավիճակ:

27. Այն հայտերը, որոնք չեն համապատասխանում մրցույթի համար սահմանված պայմաններին, հանձնաժողովի կողմից չեն քննարկվում:

28. Մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ:

29. Հանձնաժողովի անդամները, ներկայացված առաջարկությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, իրավունք ունեն դիմելու մրցույթի մասնակիցներին կամ նրանց լիազոր ներկայացուցիչներին:

30. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների ամփոփման օրը կազմում է մրցույթի արդյունքների մասին արձանագրություն:

31. Հանձնաժողովի անդամի հատուկ կարծիքը ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

32. Հանձնաժողովին մրցույթի մասնակիցների մասին տեղեկությունները, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, ենթակա չեն հրապարակման` առանց մրցույթի մասնակիցների համաձայնության:

33. Հանձնաժողովի գործունեությունը համարվում է դադարած` մրցույթի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրություն կազմվելուց հետո:

 

VI. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

 

34. Պետական գույքի վարձակալության տրամադրման մրցույթը համարվում է չկայացած, եթե`

1) մրցույթի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) մրցույթի հայտատուներից ոչ մեկը մրցույթի մասնակցի կարգավիճակ չի ստացել:

35. Մրցույթի մասնակցության համար միայն մեկ հայտ ներկայացնելը հիմք չէ մրցույթը չկայացած համարելու համար:

36. Մրցույթն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով:

37. Դատական կարգով մրցույթն անվավեր ճանաչելը հանգեցնում է մրցույթի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերության:

38. Եթե մրցույթը համարվում է չկայացած` հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքում գույքի վարձակալության մրցույթը կազմակերպվում է նույն պայմաններով` առանց մեկնարկային գնի նվազման:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2020 թվականի հունիսի 4-ի

N 914-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՄԱՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ (ԱՄՐԱՑՎԱԾ) ԳՈՒՅՔԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետական կառավարման համակարգի մարմինների (այսուհետ` պետական մարմին) տիրապետմանը և օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` կազմակերպություն), պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին (այսուհետ` ընկերություն) և հիմնադրամներին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված պետական սեփականություն հանդիսացող գույքի (այսուհետև` գույք) վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները, եթե Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ:

2. Գույքի վարձակալության տրամադրման աճուրդի կազմակերպման դեպքում, բացի գույքի վարձակալության վարձավճարի չափից, այլ պայմաններ և սահմանափակումներ չեն կարող սահմանվել:

3. Պետական մարմիններին ամրացված գույքի վարձակալության տրամադրման աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկության, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում` վարձակալության տրամադրման աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտերի (Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում կամ կոմիտեի նախագահի հրաման) համաձայն գույքի վարձակալության աճուրդը (այդ թվում էլեկտրոնային) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան կազմակերպում և անցկացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ` կոմիտե) «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` ՊՈԱԿ) տնօրենի հրամանով ստեղծված աճուրդի հանձնաժողովը (այսուհետ` կազմակերպիչ):

 

II. ԱՃՈՒՐԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ

 

4. Կազմակերպիչը պետք է կազմված լինի առնվազն 5 անձից, որի կազմում ընդգրկվում են ՊՈԱԿ-ի (հանձնաժողովի նախագահ, երկու անդամ), պետական մարմնի (մեկ անդամ) կազմակերպության կառավարումն իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայության կազմակերպություններում` Երևանի քաղաքապետարանի, ընկերության բաժնետոմսերի կառավարման պետական մարմնի, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի (մեկ անդամ) և կազմակերպության, ընկերության և հիմնադրամի (մեկ անդամ) ներկայացուցիչներ և հանձնաժողովի քարտուղար, որը հանձնաժողովի անդամ չէ:

5. Պետական մարմիններին հանձնված (ամրացված) գույքի վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ համապատասխան առաջարկություն ստանալուց, իսկ կազմակերպությունների, ընկերությունների և հիմնադրամների անհատույց օգտագործման իրավունքով ամրացված գույքի դեպքում` վարձակալության աճուրդ կազմակերպելու վերաբերյալ իրավական ակտն ընդունվելուց հետո կազմակերպիչը հինգ աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման տեքստը և ներկայացնում է կոմիտե` հրապարակելու համար:

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետում կազմակերպիչն ընդունում է աճուրդի մասնակցության հայտերը (ըստ սահմանված ձևի), կազմում և անցկացնում է գույքի վարձակալության աճուրդը, ինչպես նաև որոշում գույքի վարձակալության աճուրդի հաղթողին:

7. Կազմակերպչի գործունեությունն իրավազոր է կազմակերպչի անդամների թվի 2/3-ի մասնակցության դեպքում: Աճուրդի անցկացմանը մասնակցող կազմակերպչի գործունեությունն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին ծանուցվում են աճուրդի մասնակցության հայտ ներկայացրած բոլոր անձինք` հրապարակային ծանուցմամբ սահմանված ժամկետներում:

8. Կազմակերպիչն իրավասու է գույքի վարձակալության աճուրդի արդյունավետ իրականացման նպատակով գույքի վարձակալության աճուրդը նախապատրաստելու և կազմակերպելու համար ընդգրկել մասնագիտացված կազմակերպություն(ներ) (համաձայնությամբ):

9. Կազմակերպչի գործունեությունը համարվում է դադարած` աճուրդի վերջնական արդյունքներն ամփոփվելուց և դրա մասին արձանագրությունը կոմիտեի նախագահի հաստատմանը ներկայացվելուց հետո:

 

III. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ

 

10. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է հրապարակվի աճուրդի անցկացման օրվանից առնվազն 15 օր առաջ կոմիտեի պաշտոնական և «www.azdarar.am» կայքերում:

11. Գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցումը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները`

1) աճուրդի անցկացման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և ժամը.

2) աճուրդի կազմակերպչի անվանումը.

3) աճուրդի կազմակերպման վայրը (հասցեն).

4) աճուրդը չկայանալու դեպքում` վարձավճարի մեկնարկային գնի նվազման չափը.

5) աճուրդի ձևը և անցկացման կարգը.

6) աճուրդով վարձակալության տրվող գույքի անվանումը, գույքի որակական և քանակական պայմանները (անշարժ գույքի դեպքում` հասցեն (գտնվելու վայրը), մակերեսը և այլն).

7) աճուրդի պայմանները, այդ թվում` լոտի(երի) անվանումը(ները), լոտի նկատմամբ սահմանափակումները, եթե լոտն առարկա է, ապա նրա ֆիզիկական վիճակը (մաշվածությունը) և (կամ) արտադրման տարեթիվը, լոտի մեկնարկային գինը, լոտի իրավունք լինելու դեպքում` այդ իրավունքի գործողության ժամկետը, ինչպես նաև էական այլ պայմաններ.

8) աճուրդի մասնակցության հայտին կից անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, մասնավորապես`

ա. նախավճարի վճարումը հաստատող անդորրագիրը,

բ. մասնակցության վճարումը հաստատող անդորրագիրը,

գ. իրավաբանական անձանց համար` գրանցման համարը, իսկ քաղաքացիների համար` նույնականացման քարտի, իսկ վերջինիս բացակայության դեպքում` անձնագրի և սոցիալական քարտի համարը,

դ. հայտատուի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրված լիազորագիր (եթե աճուրդին ներկայանում է լիազորված անձը).

9) աճուրդում հաղթողին որոշելու կարգը.

10) կազմակերպչի կողմից սահմանված նախավճարի չափը, ինչպես նաև վճարման կարգը և ժամկետները.

11) լոտն ուսումնասիրելու ամսաթիվը, ժամանակը և վայրը.

12) ընդհանուր աճուրդի դեպքում` լոտերի վաճառքի հերթականությունը.

13) աճուրդի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը.

14) աճուրդի մասնակցության նախավճարների չափը (մասնակցության նախավճարի չափը սահմանվում է սույն որոշման 8-րդ կետի համաձայն` հաշվարկված գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի մեկնարկային գնի չափով), ինչպես նաև նախավճարի վճարման կարգը և ժամկետները, աճուրդում հաղթող չճանաչվելու դեպքում նախավճարի վերադարձման կարգը:

12. Աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցմամբ կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր:

13. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերի ընդունումը դադարում է գույքի վարձակալության աճուրդի անցկացման օրվան նախորդող աշխատանքային օրվա ժամը 13:00-ին:

14. Գույքի վարձակալության աճուրդի պայմանների փոփոխման դեպքում կազմակերպիչն օրենքով սահմանված կարգով պարտավոր է աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ անհապաղ կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ այն ձևով, ինչպես կատարվել է գույքի վարձակալության աճուրդի մասին հրապարակային ծանուցումը: Թույլատրվում է հրապարակային ծանուցման փոփոխությամբ կատարել լրացում, եթե դրանով չեն փոփոխվում աճուրդի մասին հրապարակային ծանուցման մեջ նշված էական պայմանները: Գույքի վարձակալության աճուրդի էական պայմանների փոփոխման դեպքում անհրաժեշտ է կատարել նոր հրապարակային ծանուցում` նախկին ծանուցումը չեղյալ հայտարարելով:

 

IV. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

 

15. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը ներկայացվում են գույքի վարձակալության աճուրդի անցկացման մասին հրապարակային ծանուցման մեջ նշված հայտերի ընդունման ժամկետում:

16. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցության հայտերը` աճուրդի մասնակցության համար անհրաժեշտ փաստաթղթերով, ներկայացվում են անձամբ կամ փոստով` պատվիրված նամակով:

17. Սույն կարգի 13-րդ կետով սահմանված ժամկետի ավարտից հետո ստացված հայտերը չեն քննարկվում:

18. Գույքի վարձակալության աճուրդի հայտատուները հրապարակային ծանուցմամբ սահմանված կարգով, չափով ու ժամկետներում վճարում են գույքի վարձակալության աճուրդի մասնակցության նախավճար` այդ նպատակով կոմիտեի անվամբ բացված համապատասխան հաշվին:

19. Գույքի վարձակալության աճուրդին մասնակցության իրավունք ձեռք բերած սուբյեկտները գնում են մասնակցի տոմս, որում նշված համարով հանդես են գալիս աճուրդում:

20. Գույքի վարձակալության աճուրդի մասնակից չհամարվող անձանց համար կարող են վաճառվել դիտորդի տոմսեր:

21. Մասնակցի և դիտորդի տոմսերի վճարի մեծությունը սահմանվում է ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով:

22. Գույքի վարձակալության աճուրդի մասնակցի տոմսերի վաճառքը դադարեցվում է գույքի վարձակալության աճուրդի սկզբից երկու ժամ առաջ, իսկ դիտորդի տոմսերի վաճառքը շարունակվում է ընդհուպ մինչև գույքի վարձակալության աճուրդի սկսվելը:

23. Գույքի վարձակալության աճուրդին կարող են մասնակցել հայտ ներկայացնողները կամ նրանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձինք:

24. Գույքի վարձակալության աճուրդում հաղթող ճանաչված հայտատուի նախավճարը ներառվում է մասնակցի կողմից առաջարկված վարձավճարի մեջ:

25. Աճուրդի մասին հրապարակային ծանուցմամբ վճարման որոշակի ժամկետ սահմանված չլինելու դեպքում աճուրդում հաղթող ճանաչված անձն արձանագրությունը ստորագրելու օրվանից 10 օրվա ընթացքում պարտավոր է վճարել լոտի(երի) գինը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

26. Աճուրդի արդյունքների ամփոփման մասին արձանագրությունն ստորագրելուց հետո կազմակերպիչը գույքի վարձակալության տրամադրման աճուրդում հաղթող ճանաչված անձին տրամադրում է լոտի գնի վճարման հանձնարարագիր` հաղթող անձի առաջարկած երեք ամսվա վարձավճարի և նախավճարի տարբերության չափով, որի հիման վրա վերջինս հանձնարարագրով սահմանված ժամկետում կատարում է վճարում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին ու վճարման անդորրագիրը ներկայացնում կազմակերպչին:

27. Սույն կարգի 25-րդ և 26-րդ կետերով սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու դեպքում հաղթող ճանաչված անձի կողմից վճարված նախավճարը չի վերադարձվում` աճուրդը համարվում է չկայացած, իսկ վճարված նախավճարը կոմիտեի կողմից փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին: Ընդ որում` եթե աճուրդը համարվում է չկայացած` հաղթող մասնակցի կողմից վճարումները սահմանված ժամկետում չկատարվելու կամ աճուրդային արձանագրությունը չստորագրվելու պատճառով, ապա այդ դեպքերում հաջորդ աճուրդը կազմակերպվում է նույն պայմաններով` առանց մեկնարկային գնի նվազման:

28. Կազմակերպիչն աճուրդը կայանալուց կամ չկայացած հայտարարվելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկություն է տրամադրում կոմիտե` չհաղթած մասնակիցների վճարած նախավճարները վերջիններիս բանկային հաշվեհամարներին փոխանցելու համար:

 

V. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

29. Գույքի վարձակալության աճուրդն անցկացնում է աճուրդավարը, որը հրապարակում է վարձակալության առաջարկվող գույքը բնութագրող ցուցանիշները, գույքի մեկնարկային վարձավճարի չափը (որը սահմանվում է սույն որոշման 8-րդ կետի համաձայն` հաշվարկված գույքի առնվազն մեկ ամսվա վարձավճարի նվազագույն չափով), աճուրդային քայլի չափը, որը սահմանվում է գույքի մեկնարկային վարձավճարի չափի 5 տոկոսից ոչ պակաս չափով:

30. Աճուրդի մասնակիցը բարձրացնում է իր տոմսին համապատասխանող համարը, որով տալիս է իր համաձայնությունը հայտարարված արժեքով գույքը վարձակալելու մասին:

31. Յուրաքանչյուր մասնակից կարող է գույքի` իր կողմից առաջարկվող վարձավճարի չափն ավելացնել մեկ կամ մեկից ավելի քայլերով, կամ քայլի չափից ոչ պակաս գումարով:

32. Աճուրդավարը շարունակում է աճուրդն այնքան ժամանակ, քանի դեռ չի մնացել առավելագույն վարձավճարի չափն առաջարկած մեկ թեկնածու, որից հետո աճուրդը դադարեցվում է:

33. Գույքի առավելագույն վարձավճարի չափ առաջարկած թեկնածուն աճուրդավարի կողմից երրորդ անգամ առաջարկված վարձավճարի չափը հայտարարվելուց հետո ճանաչվում է աճուրդի հաղթող:

34. Կազմակերպիչը մեկօրյա ժամկետում աճուրդի արդյունքների ամփոփման մասին կազմում է արձանագրություն: Կազմակերպչի անդամի հատուկ կարծիք լինելու դեպքում` այն ներկայացվում է գրավոր, որը կցվում է արձանագրությանը և համարվում է դրա անբաժանելի մասը:

35. Կազմակերպիչը գույքի արդյունքների մասին կազմված արձանագրությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է կոմիտե:

 

VI. ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՃՈՒՐԴԸ ՉԿԱՅԱՑԱԾ ԿԱՄ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼԸ

 

36. Գույքի վարձակալության աճուրդը համարվում է չկայացած, եթե`

1) աճուրդի մասնակցության համար ոչ մի հայտ չի ներկայացվել.

2) օրենսդրությամբ սահմանված և սույն կարգով նախատեսված այլ դեպքերում:

37. Աճուրդն անվավեր կարող է ճանաչվել դատական կարգով: Դատական կարգով աճուրդն անվավեր ճանաչելը հանգեցնում է աճուրդի արդյունքների հիման վրա կնքված պայմանագրի անվավերությանը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2020
N 914-Ն
Որոշում