Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԳԵԼԱՆՔ ԿԻՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐԳԵԼԱՆՔ ԿԻՐԱՌՎԱԾ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԿՈՂՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱՆԴ/1224/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/1224/02/16    2020 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի ապրիլի 10-ին

 

Վերաքննիչ դատարանը, բավարարելով Ընկերության վերաքննիչ բողոքը, պատճառաբանել է, որ Եղիշե Թորոսյանի և Հռիփսիմե Սողոմոնյանի միջև վիճելի գույքի առուվաճառքի պայմանագիրը կնքվել է 27.07.2015 թվականին, սակայն այդ ժամանակ Եղիշե Թորոսյանի սեփականության իրավունքը դեռևս վիճելի բնակարանի նկատմամբ չի դադարել, այլ նրա իրավունքը դադարել է 30.07.2015 թվականին, սկսած այն պահից, երբ այդ բնակարանի նկատմամբ պետական գրանցում է ստացել հայցվորի սեփականության իրավունքը, իսկ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2015 թվականի որոշմամբ արգելանք է դրվել Եղիշե Թորոսյանին այդ պահի դրությամբ պատկանող Երևանի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանի վրա: Այսինքն` Հռիփսիմե Սողոմոնյանի սեփականության իրավունքը վիճելի բնակարանի նկատմամբ գրանցվել է այն պարագայում, երբ արդեն իսկ առկա է եղել վերը նշված դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշում` այդ բնակարանի վրա արգելանք կիրառելու մասին:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, ելնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից, արձանագրում է հետևյալը.

Հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ կատարողական վարույթ է հարուցվել 07.08.2015 թվականին և թիվ Ե12000346794 հաղորդագրության համաձայն` գույքի նկատմամբ արգելանքը Կադաստրում գրանցվել է 11.08.2015 թվականին: ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 18.07.2016 թվականի թիվ ՎԴ/1600/05/16 վարչական գործի վճռով մերժվել է Ընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Հռիփսիմե Սողոմոնյանի, Եղիշե Թորոսյանի` Երևան քաղաքի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 30.07.2015 թվականին Հռիփսիմե Սողոմոնյանի անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Հետևաբար Հռիփսիմե Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանի վրա դրված արգելանքը խախտում է հայցվորի սեփականության իրավունքը` նրան զրկելով իր հայեցողությամբ այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

Հռիփսիմե Սողոմոնյանը հայցադիմում է ներկայացրել դատարան` պահանջելով իրեն պատկանող` Երևանի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանը հանել արգելանքից:

Հայցի փաստական հիմքում Հռիփսիմե Սողոմոնյանը դրել է այն, որ վերը նշված բնակարանը ձեռք է բերել 27.07.2015 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով, նշված պայմանագրից բխող իրավունքը 30.07.2015 թվականին գրանցել է Կադաստրի համապատասխան ստորաբաժանումում, մինչդեռ Ծառայության 07.08.2015 թվականի որոշման հիման վրա իր բնակարանի նկատմամբ 11.08.2015 թվականին կադաստրի կողմից կիրառվել է արգելանք: Դիմել է Ծառայությանը` արգելանքը հանելու խնդրանքով, սակայն ստացել է մերժում:

Հայցի իրավական հիմքում Հռիփսիմե Սողոմոնյանը դրել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ և 346-րդ հոդվածները, ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածը, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածը:

Վճռաբեկ դատարանի որոշման մեջ վկայակոչված վերը նշված պատճառաբանություններով Դատարանը հայցը բավարարել է, իսկ Վերաքննիչ դատարանը Դատարանի 09.11.2017 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության:

Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ`

1) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ կատարողական վարույթը հարուցվել է 07.08.2015 թվականին,

2) գույքի նկատմամբ արգելանքը Կադաստրում գրանցվել է 11.08.2015 թվականին,

3) ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած 18.07.2016 թվականի թիվ ՎԴ/1600/05/16 վարչական գործի վճռով մերժվել է Ընկերության հայցն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք Հռիփսիմե Սողոմոնյանի, Եղիշե Թորոսյանի` Երևան քաղաքի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 30.07.2015 թվականին Հռիփսիմե Սողոմոնյանի անվամբ կատարված պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

որոշմամբ արտահայտված վերը նշված իրավական դիրքորոշումներից ելնելով` եզրակացրել է, որ Հռիփսիմե Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող` Երևան քաղաքի Բակունցի 2-րդ նրբանցքի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանի վրա դրված արգելանքը խախտում է նրա սեփականության իրավունքը` վերջինիս զրկելով իր հայեցողությամբ այն տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունքից:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վերաքննիչ դատարանի դատական ակտը Վճռաբեկ դատարանը բեկանել է բացառապես վերը նշված թվով 3 շարժառիթներով: Անդրադառնալով թիվ 1 և թիվ 2 շարժառիթներին` գտնում եմ, որ դրանք չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը դատական ակտը բեկանելիս ղեկավարվել է հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` նաև Օրենք) 45-րդ հոդվածով` նկատի ունենալով, որ բնակարանի վրա դրված արգելանքը խախտում է Հռիփսիմե Սողոմոնյանի` նույն որոշման մեջ վկայակոչված ՀՀ Սահմանադրությամբ, Կոնվենցիայով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով և ՄԻԵԴ-ի համապատասխան դիրքորոշումներում ամրագրված սեփականության իրավունքը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` օրենսդրական ակտերը կարող են ունենալ ընդհանուր և հատուկ մասեր: Տվյալ դեպքում օրենսդրական ակտի ընդհանուր մասը կազմող նորմերը նախորդում են հատուկ մասը կազմող նորմերին: Ընդհանուր և հատուկ մասերում ընդգրկվում են օրենսդրական ակտի բովանդակությամբ համասեռ գլուխները, բաժինները (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենսդրական ակտերում բովանդակությամբ համասեռ հոդվածները միավորվում են գլուխներում (...):

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` (...) Բաժիններն ու գլուխները ունենում են վերնագրեր, որոնք պետք է համապատասխանեն դրանց բովանդակությանը (...):

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` արգելանքի տակ գտնվող գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագելու դեպքում շահագրգիռ անձն իրավունք ունի գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցով դիմել գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան: Գույքն արգելանքից հանելու վերաբերյալ հայցը կարող է ներկայացնել ինչպես այդ գույքի սեփականատերը, այնպես էլ դրա օրինական տիրապետողը:

Նշված հոդվածն ընդգրկված է Օրենքի` «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը» վերնագիրը կրող 5-րդ գլխում, որը մանրամասն կարգավորում է Օրենքի 5-րդ հոդվածի իմաստով հարկադիր կատարման միջոցի` պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու պայմանները և կարգը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 41-րդ հոդվածների հիմքով մեկնաբանելով Օրենքի 45-րդ հոդվածը` գտնում եմ, որ այն բովանդակությամբ համասեռ այլ` 43-44.3-րդ և 46-53.2-րդ հոդվածների հետ միավորված լինելով «Պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելը» վերնագիրը կրող 5-րդ գլխում, բացառապես կարող է կիրառելի լինել այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք ծագել են պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով դատական ակտի հարկադիր կատարումն ապահովելու ժամանակ: Նման իրավիճակ է, օրինակ, երբ հարկադիր կատարողը, ի կատարումն Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի, պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով արգելանք է դնում որևէ գույքի վրա, իսկ շահագրգիռ անձը` այդ գույքի սեփականատերը կամ օրինական տիրապետողը, գույքի պատկանելության վերաբերյալ վեճ ծագած լինելու հիմքով հայց է ներկայացնում գույքի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան` այդ գույքն արգելանքից հանելու վերաբերյալ պահանջով:

Նման պայմաններում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը որոշում կայացնելիս չէր կարող ղեկավարվել հայցադիմումը դատարան ներկայացնելու ժամանակ գործած խմբագրությամբ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով, քանի որ սույն գործի փաստերի համաձայն` առկա չէ հարկադիր կատարումն ապահովելու նպատակով պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու միջոցով գույքի վրա դրված արգելանք: Ինչպես պարզվեց նաև թիվ ԵԱՔԴ/3623/02/15 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Եղիշե Թորոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, 06.04.2017 թվականին կայացված վճռի ուսումնասիրությունից, տվյալ դեպքում բնակարանի վրա արգելանքը դրվել է ոչ թե պարտապանի գույքի վրա բռնագանձում տարածելու նպատակով, այլ` որպես հայցի ապահովման միջոց: Ընդ որում` հենց Դատարանի կողմից է այդ գույքի վրա ուղղակիորեն դրվել, որպիսի որոշումն անհապաղ կատարելու համար ուղարկվել է Ծառայությանը:

Վեր նշվածից ելնելով` գտնում եմ, որ կոնկրետ անշարժ գույքի վրա դրված արգելանքը, որը դրվել է հենց հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշմամբ` անմիջապես դատարանի կողմից, ի տարբերություն դատական պրակտիկայում կիրառվող մյուս հայցի ապահովման միջոցների, որոնց ժամանակ դատարանը, կիրառելով պատասխանողին պատկանող գույքի վրա հայցագնի չափով արգելանք դնելու հայցի ապահովման միջոցը` առանց կոնկրետ նշելու համապատասխան անշարժ գույքը և դրա հասցեն, ու երբ հետագայում արդեն հարկադիր կատարողն է արգելանք դրել կոնկրետ որևէ անշարժ գույքի վրա` ի կատարումն հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման, կարող է վերացվել բացառապես կիրառված հայցի ապահովման միջոցը վերացնելու կամ այն մեկ այլ միջոցով փոխարինելու եղանակով: Դրանից ելնելով էլ գտնում եմ, որ երբ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի գործողության ժամանակ ներկայացվել է նման պահանջի վերաբերյալ հայցադիմում, որը պարունակել է սույն գործի փաստերին նույնանման փաստական հանգամանքներ, ապա դրա ընդունումը, նույն օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին կետ 1-ին ենթակետի համաձայն, ենթակա է եղել մերժման, իսկ վարույթ ընդունված լինելու դեպքում քաղաքացիական գործի վարույթը, նույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, ենթակա է եղել կարճման` «վեճը դատարանի քննությանը ենթակա չլինելու» պատճառաբանությամբ:

Ավելին` ինչպես պարզվեց «datalex.am» դատական տեղեկատվական համակարգում առկա թիվ ԵԱՔԴ/3623/02/15 քաղաքացիական գործով 06.04.2017 թվականին կայացված վերը նշված վճռի ուսումնասիրությունից, սույն գործով հայցվոր Հռիփսիմե Սողոմոնյանը դատական պաշտպանության հենց այդ եղանակն էլ ընտրել ժամանակին` դեռևս 27.11.2015 թվականին միջնորդություն ներկայացնելով գործը քննող դատարան` խնդրելով իրեն այդ գործով ներգրավել որպես երրորդ անձ, իսկ 08.12.2015 թվականին միջնորդություն է ներկայացրել կիրառված հայցի ապահովման միջոցը` Երևանի Բակունցի 2-րդ նրբանցք թիվ 2 շենքի 6-րդ բնակարանի վրա դրված արգելանքը, վերացնելու մասին, որպիսի միջնորդությունները Դատարանի 23.02.2016 թվականի որոշումներով մերժվել են: Դրանից հետո` 27.04.2016 թվականին Հռիփսիմե Սողոմոնյանի ներկայացուցիչ Ռ. Սեփխանյանը թիվ ԵԱՔԴ/3623/02/15 քաղաքացիական գործով կրկին դիմում է ներկայացրել դատարան` խնդրելով Հռիփսիմե Սողոմոնյանին ներգրավել որպես երրորդ անձ, որպիսի միջնորդությունը դատարանի 28.04.2016 թվականի որոշմամբ կրկին մերժվել է:

Բացի այդ, նույն վճռով դատարանը, եզրահանգում կատարելով կիրառված հայցի ապահովման միջոցը պահպանելու կամ այն վերացնելու մասին, նկատի ունենալով, որ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի հայցն ընդդեմ Եղիշե Թորոսյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, ենթակա է բավարարման, վճռել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 29.07.2015 թվականի որոշմամբ կիրառված վերը նշված հայցի ապահովման միջոցը պահպանել մինչև վճռի կատարումը, և այն վերացնել միայն վճռի կատարումից հետո: Նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ` դառնալով պարտադիր նաև բոլոր պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց համար:

Հիմք ընդունելով վերը նշված հանգամանքները` կարծում եմ, որ վերը նշված 1-ին և 2-րդ շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու հիմքում դրված 3-րդ շարժառիթին, ապա այդ մասով անհրաժեշտ եմ համարում նշել, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը բավարարվել է բացառապես ՀՀ վարչական դատարանի կողմից քննված վարչական գործի համարը և կայացրած դատական ակտի ամսաթիվը վկայակոչելով ու նշել, որ Ընկերության հայցը մերժվել է` առանց վկայակոչելու տվյալ դատական ակտով հաստատված` գործի քննության համար նշանակություն փաստերը և վերլուծելու այդ փաստերի առնչությունը սույն գործի փաստերին:

Վերը նշվածի հիման վրա գտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի, 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, անկախ սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, Վերաքննիչ դատարանի 10.05.2018 թվականի որոշումը ենթակա էր բեկանման, և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով սահմանված հիմքով` գործի վարույթը ենթակա էր կարճման, քանի որ Դատարանում գործի քննության պահին առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետում նշված` գործի վարույթը կարճելու հիմքը` վերը նշված պատճառաբանությամբ վեճը ենթակա չի եղել Դատարանում քննության:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.04.2020
N ԵԱՆԴ/1224/02/16
Որոշում