Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 53-ՐԴ ԵՎ 78-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵՄԴ/0341/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0341/02/16     2020 թ.

Նախագահող դատավոր` Հ. Ենոքյան

    Դատավորներ`        Ս. Միքայելյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի ապրիլի 10-ին

 

Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձինք պարտավոր են դատարանին և գործին մասնակցող այլ անձանց հայտնել գործի վարույթի ժամանակ իրենց հասցեն փոխելու մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում դատավարական փաստաթղթերն ուղարկվում են նրանց վերջին հայտնի հասցեով և համարվում են հանձնված, թեկուզև հասցեատերն այդ հասցեում այլևս չի բնակվում կամ չի գտնվում:

Նախկին օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պատասխանող ֆիզիկական անձի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է նույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո:

Նախկին օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բողոք բերած անձն իրավունք ունի ներկա գտնվելու վերաքննիչ դատարանի նիստին: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` բացատրություններ տալու անհրաժեշտության դեպքում վերաքննիչ դատարանի նիստին կարող են կանչվել բողոք բերած անձը, ինչպես նաև գործին մասնակցող անձինք, որոնք պատշաճ ձևով ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Նախկին օրենսգրքի 220.4-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է գործին մասնակցող անձանցից որևէ մեկի բացակայությամբ, որը պատշաճ ձևով չի տեղեկացվել նիստի ժամանակի և վայրի մասին:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում, մասնավորապես` Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով, արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս, Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38):

ՀՀ վճռաբեկ դատարանը Եվրոպական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման համատեքստում նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման վերաբերյալ օրենսդրական համապատասխան իրավակարգավորումներին և դրանց կիրառման հետ կապված հիմնախնդիրներին: Այսպես, դիտարկելով Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի` մինչև 03.07.2014 թվականը գործող խմբագրությամբ կիրառման հարցը ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները պատշաճ ծանուցված են համարվում այն դեպքում, երբ դատարանում հավաստի տեղեկություն է ստացվում դատական ծանուցագիրը հասցեատիրոջը հանձնվելու մասին: Գործին մասնակցող անձանց` դատական նիստի ժամանակի և վայրի, դատավարական այլ գործողությունների իրականացման մասին պատշաճ ծանուցումը կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանն է: ՀՀ վճռաբեկ դատարանը նաև գտել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված` դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը և դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով պաշտպանվող մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն: Այդ իսկ պատճառով դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկացնելը դատարանի պարտականությունն է, որի չպահպանելը իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է դատավարական իրավունքի էական խախտում: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված ծանուցման պահանջի չպահպանումը հանգեցնում է նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի խախտման: Թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետում ուղղակիորեն նշված չէ, սակայն Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում

(տե՛ս, Կոլոցցան ընդդեմ Իտալիայի գործով 12.02.1985 թվականի վճռի 28-րդ կետ) արտահայտել է այն դիրքորոշումը, որ Պայմանավորվող պետությունները ոչ միայն պետք է ամրագրեն քաղաքացիական իրավունքների դատական պաշտպանության իրավունքը, այլև կոնկրետ գործով պետք է ապահովեն անձի կողմից այդ իրավունքի իրականացման իրական հնարավորությունը (տե՛ս, օրինակ, «Հայկապ» բանկ ՓԲԸ-ի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարն ընդդեմ Շահեն Բաբայանի թիվ 2-2128 (Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.10.2006 թվականի, Շենգավիթի թաղապետարանն ընդդեմ Ալվինա և Լիանա Կազկոների և մյուսների թիվ 3-2236(Ա) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.12.2006 թվականի որոշումները):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի` 03.07.2014 թվականից հետո գործող խմբագրությամբ 78-րդ հոդվածի 1-ին մասում կատարված փոփոխությունները կրել են զուտ խմբագրական բնույթ և, ըստ երևույթին, որևէ նոր կանոնակարգում չեն նախատեսել: Ինչ վերաբերում է նույն հոդվածի 2-րդ մասին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այդ իրավանորմում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվել է դատական ծանուցման եղանակների շրջանակը, առավել մանրակրկիտ և հստակ ամրագրում են ստացել դատական ծանուցագրերը դատավարության մասնակիցներին հանձնելու միջոցները: Նշված նորմի կանոնակարգումների համաձայն` այդ եղանակներն են.

1) ծանուցագիրը պատվիրված նամակով ուղարկելը, ընդ որում` հանձնման մասին ծանուցմամբ,

2) ծանուցագիրը դատավարության մասնակցին առձեռն հանձնելը,

3) էլեկտրոնային եղանակով ուղարկելը, որը, ընդ որում, իրագործելի է միայն նույն հոդվածի համապատասխան կետերով նախատեսված դեպքերում և կարգով:

Ըստ այդմ` ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: Նոր իրավակարգավորումների պարագայում ևս, անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը: Հետևաբար վերահաստատելով դատական ծանուցումների դատավարական ինստիտուտի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դրանք կիրառելի են նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի` 03.07.2014 թվականից ուժի մեջ մտած խմբագրությամբ նախատեսված իրավակարգավորումների նկատմամբ:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պետք է մեկնաբանել նաև իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածը: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը վերաքննիչ դատարանում դատական նիստին ներկա գտնվելու իրավունքն անվերապահորեն ճանաչել է միայն բողոք բերող անձի առնչությամբ, չնայած, միաժամանակ, թե՛ բողոք բերող անձին, թե՛ գործին մասնակցող անձանց դատական նիստին կանչելը (հրավիրելը, ծանուցելը) սահմանվել է որպես վերաքննիչ դատարանի «հայեցողական լիազորություն», քանի որ վերջինս այդ գործողությունները կատարում է միայն համապատասխան «անհրաժեշտության դեպքում»: Այս կապակցությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատական նիստերին ներկա գտնվելու, իր իրավունքների պաշտպանության դատավարական միջոցներն օգտագործելու իրավունքը (օրինակ` դատական կազմի մեջ ընդգրկված դատավորին ինքնաբացարկի միջնորդության ներկայացում և այլն) չի կարող համարվել միայն վերաքննիչ բողոք բերած անձին պատկանող իրավունք, այն իրավաչափորեն և արդարացիորեն պետք է վերապահվի նաև գործին մասնակից հանդիսացող մյուս բոլոր անձանց: Հետևաբար բոլոր դեպքերում վերաքննիչ դատարանը կրում է գործին մասնակցող անձանց դատական նիստերի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով ծանուցելու պարտականություն (տե՛ս, Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Դատական ծանուցման վերաբերյալ վերոգրյալ իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանը սույն գործով հարկ է համարում անդրադառնալ նաև Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի կարգավորմանը: Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ քաղաքացիական դատավարությունը կողմերի իրավահավասարության հիման վրա իրականացնելու սկզբունքի էությունը կայանում է նրանում, որ դատավարության բոլոր փուլերում կողմերն օժտված են իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության միջոցներ օգտագործելու հավասար հնարավորություններով: Նշված սկզբունքը դրսևորվում է նաև դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց հասցեի փոփոխության վերաբերյալ գործին մասնակցող անձի կողմից ծանուցելով: Նման կերպ պաշտպանվում է ոչ միայն հասցեն փոխած անձի իրավունքը, այլև դատավարության մյուս մասնակիցների իրավունքները, քանի որ դատարանը, ծանուցագրերն ուղարկելով փոխված հասցեով, ըստ էության ապահովում է գործի ողջամիտ ժամկետում քննությունը մի կողմից և դատավարության մասնակիցների` դատական նիստին ներկա գտնվելու հնարավորությունը մյուս կողմից: Դրանով է պայմանավորված նաև այն, որ օրենսդիրն իր դատավարական իրավունքներից ոչ բարեխիղճ օգտվող կողմի վրա է թողնում հետևանքները կրելու ռիսկը, այն է` հասցեն փոփոխելու վերաբերյալ հաղորդման բացակայության դեպքում ծանուցումը համարվում է հանձնված` անկախ հասցեատիրոջ` այդ հասցեում բնակվելու հանգամանքից (տե՛ս, Արամ Մակարյանն ընդդեմ Խաչիկ Մանուկյանի թիվ ԵԱՆԴ/0326/02/12 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատաքննության մասնակիցներից յուրաքանչյուրն ինքը պետք է շահագրգռված լինի իր իրավունքների պաշտպանությամբ և ողջամիտ ժամկետում գործի քննությունն ավարտվելու հարցում և չպետք է կատարի այնպիսի գործողություններ, որոնք կխոչընդոտեն գործի քննության բնականոն ընթացքին և կձգձգեն դատավարությունը: Հակառակ պարագայում կստացվի այնպես, որ կողմերից մեկը, ունենալով անսահմանափակ իրավունքներ, պաշտպանության գործող մեխանիզմը կօգտագործի մյուս կողմին ի վնաս` խախտելով վերջինիս իրավունքները և օրինական շահերը, ինչը կհակասի արդարադատության բուն էությանն ու դատավարության նպատակին, քանի որ դատավարությունը կոչված է վերականգնելու և պաշտպանելու մարդու իրավունքները և օրինական շահերը (տե՛ս, ՀՀ Սյունիքի մարզի Ագարակի քաղաքապետարանն ընդդեմ Ստյոպա Հովհաննիսյանի թիվ ՍԴ2/0196/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Սույն գործով Վերաքննիչ դատարանը 14.09.2016 թվականի դատական նիստի վերաբերյալ ծանուցումն Աշոտ Բարսեղյանին ուղարկել է քաղաք Երևան, Հաղթանակի 2-րդ փողոց, թիվ 8 տուն հասցեով: Նշված ծանուցումն Աշոտ Բարսեղյանը ստացել է 10.08.2016 թվականին: Հետագա` 28.09.2016, 16.11.2016, 21.12.2016 թվականներին նշանակված նիստերի վերաբերյալ ծանուցումներն Աշոտ Բարսեղյանին ուղարկվել են նույն հասցեով, սակայն վերադարձվել են «տեղափոխված» նշումով: Վերաքննիչ դատարանը 16.11.2016 և 21.12.2016 թվականների նիստերի վերաբերյալ Աշոտ Բարսեղյանի ծանուցումն իրականացրել է Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով` ծանուցագրերն ուղարկելով նաև Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարին և տեղադրելով Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում:

Անդրադառնալով վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանի ծանուցված լինելու հարցին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վերաքննության փուլում Աշոտ Բարսեղյանը ստացել է առաջին դատական նիստի վերաբերյալ ծանուցագիրը, իսկ հետագա ծանուցագրերը չի ստացել: Ընդ որում, այլ հասցե տեղափոխվելու վերաբերյալ Աշոտ Բարսեղյանը Վերաքննիչ դատարանին տեղեկություն չի հայտնել: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Աշոտ Բարսեղյանի կողմից նախապես իր բնակության վայրի մասին տեղեկություններ ներկայացնելուց հետո այդ հասցեում փաստացի չգտնվելու և դատական ծանուցագրերը չստանալու պարագայում վերջինս է կրել իր իսկ մատնանշած հասցեով ուղարկված դատական ծանուցագրերը չստանալու` Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածով սահմանված բացասական հետևանքների ռիսկը: Այսինքն` փաստացի բնակության հասցեն փոփոխելու վերաբերյալ տեղեկության բացակայության պայմաններում ծանուցումները համարվում են հանձնված` անկախ Աշոտ Բարսեղյանի` այդ հասցեում բնակվելու հանգամանքից: Հետևաբար` սույն գործով հայցվոր Աշոտ Բարսեղյանն Նախկին օրենսգրքի 80-րդ հոդվածի ուժով համարվել է պատշաճ ծանուցված:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ թեև վերոգրյալն արդեն իսկ բավարար էր Աշոտ Բարսեղյանին պատշաճ ծանուցված համարելու համար, այդուհանդերձ Վերաքննիչ դատարանը ձեռնարկել է պատշաճ ծանուցումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ ևս` Աշոտ Բարսեղյանին ծանուցելով նաև Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված կարգով: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ Վերաքննիչ դատարանը դատավարական նորմի` Նախկին օրենսգրքի 78-րդ հոդվածի խախտում թույլ չի տվել, հետևաբար վճռաբեկ բողոքն այդ հիմքով անհիմն է:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ արտադատական կարգով ձեռք բերված փորձագիտական եզրակացությունը որպես ապացույց ընդունելու որոշ խնդիրներին:

2) Նախկին օրենսգրքի 47-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործով ապացույցներ են նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված կարգով ձեռք բերված տեղեկությունները, որոնց հիման վրա դատարանը պարզում է գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Այդ տեղեկությունները հաստատվում են` (...) փորձագետների եզրակացություններով (...): Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն իրավաբանական ուժ չունեն և չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:

Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործի քննության ժամանակ ծագող հատուկ գիտելիքներ պահանջող հարցերի պարզաբանման նպատակով` դատարանը կարող է կողմի (կողմերի) միջնորդությամբ կամ իր նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակել:

Նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն` դատարանը նախազգուշացնում է փորձագետին` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը:

Նախկին օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը կազմվում է գրավոր: Այն պետք է պարունակի`

1) նշում` կիրառված մեթոդների մասին.

2) կատարված հետազոտությունների մանրամասն նկարագրությունը.

3) հետազոտությունների արդյունքում արված հետևությունները.

4) առաջադրված հարցերի հիմնավորված պատասխանները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե փորձագետը փորձաքննություն կատարելիս պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետևություններն արտացոլել իր եզրակացությունում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` փորձագետի եզրակացությունը հետազոտվում է դատական նիստում և գնահատվում մյուս ապացույցների հետ: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքերում դատարանը կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության), իսկ նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` եթե դատարանի կամ դատավարության մասնակիցների մեջ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության արժանահավատության կամ հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացություններում, ապա դատարանը միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ապացույցների զանգվածում ներառված փորձագիտական եզրակացությունների գնահատման խնդրին, նշել է, որ փորձագիտական եզրակացությունների գնահատումը պետք է կատարել այնպես, որ ամբողջ եզրակացությունը, այլ ոչ թե այդ եզրակացության որոշակի բաժնում արտացոլված տվյալները, գնահատվեն որպես մեկ ապացույց (տե՛ս, Ռաֆայել Ավետիսյանն ընդդեմ Սեյրան Վարդանյանի իրավահաջորդներ Արթուր և Անժելա Վարդանյանների թիվ ԿԴ3/0133/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը): Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման վերոնշյալ ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: ՀՀ վճռաբեկ դատարանը մասնավորապես գտել է, որ արժանահավատության տեսանկյունից փորձագետի եզրակացության գնահատում իրականացնելիս պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, փորձաքննությանը տրամադրված նյութի որակը և բավարարությունը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, գործին մասնակցող անձանց` փորձաքննությանը ներկա գտնվելու իրական հնարավորությունը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին (տե՛ս, «Կանաչապատում» ՊՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Եղյանն ընդդեմ Կարեն Ախիկյանի և մյուսների թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Զարգացնելով վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից արդյունավետ գնահատելու համար էական է հենց փորձագետի եզրակացության բովանդակությունը: Փորձագետի եզրակացության բովանդակությունը կազմող ներածական տվյալների միջոցով հնարավոր է լինում տեղեկություն ստանալ փորձաքննության տեսակի, այն կատարող փորձագետի, փորձաքննություն անցկացնելու հիմքի և նման այլ տվյալների վերաբերյալ: Փորձագետի եզրակացության հետազոտական (նկարագրական) և եզրափակիչ մասերին ներկայացվող պահանջները սահմանվում են Նախկին օրենսգրքով: Ընդ որում, նման պահանջներն օրենքով սահմանելն օրենսդրի կողմից ինքնանպատակ չի արվել: Եզրակացության հետազոտական մասում ներկայացվում են կատարված հետազոտության ընթացքը և դրա արդյունքները մանրամասն նկարագրվում են նաև հետազոտության ընթացքում փորձագետի կիրառած մեթոդները: Նշված մասում պետք է արտացոլվի հետազոտությունների ողջ ընթացքը և փորձագետի եզրահանգումների պատճառաբանությունը: Հետազոտական մասի հիմնավորվածության և պատճառաբանվածության տրամաբանական հետևությունը պետք է արտացոլվի եզրակացության եզրափակիչ մասում` առաջադրված հարցերին պատասխանելու միջոցով: Հետևաբար, փորձագետի եզրակացությունը պետք է բավարարի օրենսդրի կողմից սահմանված պահանջներին` պարունակելով առնվազն այն տվյալները, որոնք պարտադիր են համարվել Նախկին օրենսգրքով (տե՛ս, Ղուկաս Ավագյանն ընդդեմ Հայկ Միրզախանի Մալխասյանի թիվ ԱՐԴ/0303/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2017 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը 28.12.2016 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 31.05.2016 թվականի դատական ակտն արձանագրել է, որ անդորրագրերը ստորագրված լինելու և փոստային բաժանմունքի կողմից Դատարան հետ վերադարձվելու պայմաններում փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է բողոք ներկայացրած անձը, քանի որ հետադարձ ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել, այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Սույն դեպքում վերաքննիչ բողոք բերած անձինք տվյալ փաստն ապացուցելու համար ներկայացրել են փորձագետի եզրակացություն, որի համաձայն. «Փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի (թվով 2), 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն և ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից»: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերած անձանց կողմից ապացուցվել է, որ ստացման մասին անդորրագրերը ստորագրվել են, ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ մեկ այլ անձի կողմից:

Վերոնշյալ իրավական վերլուծությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական փորձաքննության դատավարական ձևի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով` փորձագետի կողմից, ով դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Առանց այդ դատավարական ընթացակարգի պահպանման, հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը չի կարող ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն: ՈՒստի, այդպիսի փորձաքննության արդյունքը դատարանը չի կարող ընդունել որպես փորձագիտական եզրակացություն:

Հաշվի առնելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը կարող է ապացուցողական նշանակություն ունենալ առնվազն այն դեպքում, երբ դատարանը փորձաքննություն կատարած անձին հրավիրում է դատական նիստին, ստուգում է վերջինիս որակավորումը և ճանաչելով որպես փորձագետ նախազգուշացնում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:

Բացի այդ, ենթակա էր պարզել նաև փորձաքննության համար տրված նյութերի նույնականության հարցը, քանի որ ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննությունն իրականացնելու համար անհրաժեշտ նյութերը` դատական ծանուցագրերն ուղարկելու փոստային առաքանու հետադարձ ծանուցումները, գտնվել են քաղաքացիական գործի նյութերում, հետևաբար համեմատության համար տրված ստորագրությունների փորձանմուշների պատկանելիության հարցը ևս Վերաքննիչ դատարանի կողմից պարզված չէ:

Սույն պարագայում Վերաքննիչ դատարանը չէր կարող ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիմքով ապացուցված համարել վերաքննիչ բողոքի հիմքում դրված փաստը:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունը դատարանի կողմից առանցքային նշանակություն ունի դատավարության համար և չի կարող պայմանավորվել բացառապես ապացույցի վերաբերյալ դատավարության կողմերի արտահայտած դիրքորոշումներով: Ցանկացած դեպքում ապացույցները գնահատելիս դատարանը պարտավոր է հաշվի առնել ապացույցի յուրաքանչյուր տեսակի համար դատավարական օրենքով նախատեսված ձևի և բովանդակության պահանջի պահպանումը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի, 60-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման թիվ 2-ի ներքո նշված պատճառաբանական մասում, ինչպես նաև եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 31.05.2016 թվականի վճռով Աշոտ Բարսեղյանի հայցը բավարարվել է մասնակիորեն: Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք են ներկայացրել Համապատասխանողները` որպես Դատարանի կողմից թույլ տրված դատավարական նորմի խախտման հիմնավորում նշելով նաև այն, որ Դատարանում իրենք չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն` դրանք ստորագրված են այլ անձանց կողմից` որպես այդ հիմնավորումը հաստատող ապացույց վկայակոչելով փորձագետի եզրակացությունը:

Վերաքննիչ բողոքի քննության ժամանակ Համապատասխանողների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարան է ներկայացրել Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագետի եզրակացությունը, որի համաձայն` փորձագետ Հ. Հարությունյանը հետևություն է արել այն մասին, որ փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի թվով երկու, 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի թվով երկու ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն-ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղադրված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու և փոստային բաժանմունքի կողմից Դատարան հետ վերադարձվելու պայմաններում փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ ոչ պատշաճ անձի հանձնելու հանգամանքի ապացուցման բեռը կրում է բողոքաբերը, քանի որ հետադարձ ստացման մասին անդորրագրերը ստորագրված լինելու պայմաններում վերջինս է պարտավոր ապացուցել այն ստորագրող և ստացող անձի` այդ իրավասությունը չունենալու հանգամանքը: Սույն դեպքում բողոքաբերները տվյալ փաստն ապացուցելու համար ներկայացրել են փորձագետի եզրակացություն, որի համաձայն` փորձաքննությանը տրամադրված 26.02.2016 թվականի թվով 2, 01.04.2016 թվականի, 02.05.2016 թվականի և 18.06.2016 թվականի ծանուցագրերի պատճենների աջ մասում «ստացողի անուն և ազգանուն, ստորագրություն/ամսաթիվ» տպագիր բառերի հատվածում տեղավորված ստորագրությունները չեն կատարվել Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից», գտել է, որ «բողոքաբերի կողմից ապացուցվել է, որ ստացման մասին անդորրագրերն ստորագրվել են ոչ թե սույն գործով պատասխանողներ Տիգրան Պողոսյանի և Լիլիթ Մնացականյանի կողմից, այլ` մեկ այլ անձի կողմից: Թեև Տիգրան Պողոսյանը մասնակցել է 14.03.2016 թվականին ժամը 14:30-ին նշանակված դատական նիստին, սակայն մյուս նիստերի տեղի և ժամանակի մասին դատական ծանուցագրերը, ըստ փորձագետի եզրակացության, ստորագրվել են այլ անձի կողմից, հետևաբար հիմնավոր է բողոքաբերների այն փաստարկը, ըստ որի գործի քննությունն անցկացվել է առանց դատական նիստերի տեղի և ժամանակի մասին իրենց պատշաճ ծանուցելու»:

Վերոգրյալի հիման վրա 28.12.2016 թվականի որոշմամբ Վերաքննիչ դատարանը Համապատասխանողների վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 31.05.2016 թվականի վճիռը բեկանել է, և գործն ուղարկել է նոր քննության` Լիլիթ Մնացականյանին և Տիգրան Պողոսյանին հնարավորություն տալով իրականացնելու իրենց արդար դատաքննության իրավունքը:

Նշված որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել Աշոտ Բարսեղյանը` վճռաբեկ բողոքում որպես վճռաբեկ բողոքի հիմք այդ մասով նշելով Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 53-րդ հոդվածի խախտում թույլ տալը, իսկ որպես դրա հիմնավորում նշելով, որ վերը նշված եզրակացությունը չէր կարող Վերաքննիչ դատարանի համար բավարար հիմք հանդիսանալ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված չլինելու վերաբերյալ հետևություն անելու համար. դրա համար անհրաժեշտ էր գործի բազմակողմանի և օբյեկտիվ քննություն, որը Վերաքննիչ դատարանի կողմից չի կատարվել: Բացի այդ, պատճենահանված ծանուցագրերով անցկացված փորձաքննությունը չի կարող լինել արժանահավատ:

Այժմ Վճռաբեկ դատարանը, պատճառաբանելով, որ`

1) դատական փորձաքննության դատավարական ձևի առանձնահատկությունը պայմանավորված է նրանով, որ այն իրականացվում է քաղաքացիադատավարական օրենքով սահմանված կարգով` փորձագետի կողմից, ով դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նախազգուշացված է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին: Դատարանը փորձագետից ստորագրություն է վերցնում նախազգուշացման մասին, որը կցվում է դատական նիստի արձանագրությանը: Առանց այդ դատավարական ընթացակարգի պահպանման, հատուկ մասնագիտական գիտելիքների տիրապետող անձի կողմից տրված մասնագիտական եզրակացությունը չի կարող ընդունվել և գնահատվել որպես փորձագետի եզրակացություն: ՈՒստի, այդպիսի փորձաքննության արդյունքը դատարանը չի կարող ընդունել որպես փորձագիտական եզրակացություն,

2) արտադատական կարգով իրականացված փորձաքննության արդյունքում կազմված փորձագիտական եզրակացությունը կարող է ապացուցողական նշանակություն ունենալ առնվազն այն դեպքում, երբ դատարանը փորձաքննություն կատարած անձին հրավիրում է դատական նիստին, ստուգում է վերջինիս որակավորումը և ճանաչելով որպես փորձագետ` նախազգուշացնում է ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին,

3) ենթակա էր պարզման նաև փորձաքննության համար տրված նյութերի նույնականության, համեմատության համար տրված ստորագրությունների փորձանմուշների պատկանելիության հարցերը ևս, որոնք Վերաքննիչ դատարանը չի պարզել,

գտել է, որ Վերաքննիչ դատարանը չէր կարող Հայաստանի Հանրապետության Փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 03.10.2016 թվականին տրված փորձագիտական եզրակացության հիմքով ապացուցված համարել վերաքննիչ բողոքի հիմքում դրված փաստը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից Նախկին օրենսգրքի 53-րդ հոդվածի և 60-րդ հոդվածի 6-րդ կետի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է բացառապես վերը նշված թվով 3 շարժառիթներով: Նշված շարժառիթներից առաջինը և երկրորդը վերլուծելով դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից ելնելով` գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանը, ըստ էության, նպատակ է ունեցել Վերաքննիչ դատարանին վերագրելու նախկին քաղաքացիադատավարական օրենքով սահմանված դատական փորձաքննության կանոնների խախտումներ, որոնք տվյալ դեպքում պայմանավորել է նրանով, որ Վերաքննիչ դատարանը հիմք է ընդունել այնպիսի փորձաքննության արդյունք և այն դիտել որպես փորձագիտական եզրակացություն, որը տված փորձագետին չի հրավիրել դատական նիստին, չի ստուգել վերջինիս որակավորումը, չի ճանաչել որպես փորձագետ, չի նախազգուշացրել ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության մասին, և նրանից ստորագրություն չի վերցրել նախազգուշացման մասին ու չի կցել դատական նիստի արձանագրությանը:

Նախկին օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի բովանդակությունից բխել է, որ վերաքննիչ բողոքում պետք է նշում կատարվի նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտման մասին, որն ազդել է գործի ելքի վրա, իսկ նույն կետի 5-րդ ենթակետի համաձայն` պետք է նշվի դրա վերաբերյալ հիմնավորումը:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Դատարանի 31.05.2016 թվականի վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքում այն ներկայացրած անձանց կողմից նշվել է ինչպես համապատասխան դատավարական իրավունքի նորմի խախտման մասին, այնպես էլ` դրա վերաբերյալ հիմնավորումը, որի համաձայն` վերաքննիչ բողոք ներկայացրած անձինք չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն` դրանք ստորագրված են այլ անձանց կողմից: Ի հաստատումն նշված հիմնավորման` վերաքննիչ բողոք ներկայացրած անձանց կողմից ներկայացվել է վերը նշված փորձագետի եզրակացությունը:

Ինչպես վերաքննիչ բողոքը ներկայացնելու ժամանակ գործած Նախկին օրենսգիրքը, այնպես էլ այլ նորմատիվ իրավական ակտերը Վերաքննիչ դատարանի համար չեն նախատեսել լիազորություն` արտադատարանական կարգով ձեռք բերված և ի հաստատումն վերաքննիչ բողոքում նշված տվյալ հիմքերի (որ պատշաճ ձևով չեն ծանուցվել որոշակի օրերին և ժամերին նշանակված դատական նիստերի մասին, ծանուցագրերի վրա առկա ստորագրություններն իրենցը չեն` դրանք ստորագրված են այլ անձանց կողմից) ներկայացված մասնագիտական եզրակացություններով կատարելու Վճռաբեկ դատարանի կողմից վկայակոչված վերը նշված դատավարական գործողությունները: Ավելին` ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

Ի տարբերություն Նախկին օրենսգրքի` ներկայումս գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը որոշակի կանոն է նախատեսել գործին մասնակցող անձանց կողմից արտադատական կարգով ձեռք բերված փորձագետի եզրակացություններին իրենց ապացուցողական նշանակությամբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ նշանակված փորձաքննության արդյունքով ստացված փորձագետի եզրակացություններին հավասարազոր դարձնելու վերաբերյալ: Ընդ որում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածը մեկնաբանելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` կարծում եմ, որ նշված կանոնը բացառապես կիրառելի է առաջին ատյանի դատարանների կողմից` հիմք ընդունելով նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի սկզբունքները և համապատասխան ինստիտուտների վերաբերյալ տրված կարգավորումները:

Նման պայմաններում գտնում եմ, որ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշված վերը նշված գործողությունները չկատարելը որպես քաղաքացիադատավարական օրենքով սահմանված դատական փորձաքննության կանոնների խախտումներ Վերաքննիչ դատարանին վերագրելը չի բխում իմ կողմից հայտնված վերը նշված դիրքորոշումից:

Վերաքննիչ բողոքին կից ներկայացված «փորձագետի եզրակացությունը», որպես ի հաստատումն վերաքննիչ բողոքում նշված համապատասխան հիմքի ներկայացված գրավոր ապացույց, ենթակա էր հետազոտման և գնահատման Վերաքննիչ դատարանի կողմից` պարզելու համար վերաքննիչ բողոքում նշված համապատասխան հիմքի առկայությունը կամ բացակայությունը, որպիսի գործողությունները և կատարել է Վերաքննիչ դատարանը:

Նման պայմաններում կարծում եմ, որ վերը նշված 1-ին և 2-րդ շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հիմք հանդիսացած երրորդ շարժառիթին, ապա կարծում եմ, որ այն ևս չէր կարող հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ ինչպես վճռաբեկ բողոք բերած անձն իր վճռաբեկ բողոքում չի հիմնավորել «պատճենահանված ծանուցագրերով արված դատաձեռագրաբանական փորձաքննության» անարժանահավատությունը, այնպես էլ` Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ չի հիմնավորել երրորդ շարժառիթի հիմքով դատական ակտը բեկանելու անհրաժեշտությունը` պայմանավորված վճռաբեկ բողոք ներկայացրած անձի իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առկայությամբ:

Վերը նշված պատճառաբանությամբ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով ևս ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 28.12.2016 թվականի որոշումը` անփոփոխ թողնման:

 

Դատավոր` Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
10.04.2020
N ԵՄԴ/0341/02/16
Որոշում