Սեղմել Esc փակելու համար:
Ո՞Վ Է ԿՐՈՒՄ ՓԱՍՏԻ ԺԽՏՄԱՆ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ Պ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 
 

Ո՞Վ Է ԿՐՈՒՄ ՓԱՍՏԻ ԺԽՏՄԱՆ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ՎԻՃԵԼԻ ՄՆԱԼՈՒ ԲԱՑԱՍԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԳԴ/0966/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/0966/02/17      2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ս. Թորոսյան

                       Հ. Ենոքյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի ապրիլի 13-ին

 

Վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ շինարարական կապալի պայմանագրի հիման վրա պայմանագրի կողմերի ստորագրությամբ հաստատված ակտն ազդարարում է շինարարական կապալի պայմանագրով նախատեսված և ակտում նշված աշխատանքները կապալառուի կողմից կատարված և պատվիրատուի կողմից ընդունված լինելու հանգամանքը (տե՛ս, «ԱՎԱԼՈՆ» ՍՊԸ-ն ընդդեմ «ՌԱՄԷՕ-ՕՏԵԼ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/2150/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Կազմակերպության միջև 01.09.2016 թվականին կնքվել է թիվ Ենթ. TAN-05 շինարարական ենթակապալի պայմանագիր, որի համաձայն` Ենթակապալառուն (Կազմակերպությունը) պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետում Գլխավոր կապալառուի (Ընկերության) առաջադրանքով իրականացնել հավելված 1-ով սահմանված «Ապարանի թիվ 1 դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի» աշխատանքները, իսկ Գլխավոր Կապալառուն պարտավորվում է Ենթակապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել Պայմանագրով հաստատված գինը նախահաշիվներով նախատեսված չափով: Աշխատանքի գինը որոշվել է Կողմերի համաձայնությամբ հաստատված` Պայմանագրի անբաժանելի մասը համարվող նախահաշվով (հավելված 1) և կազմել է 35.672.969 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ:

Ենթակապալառուի կողմից ներկայացվել են կատարողական-հաշվետվություններ` կատարված աշխատանքների ծավալի և արժեքի վերաբերյալ: Կատարողական-հաշվետվություն թիվ 1-ով 19.08.2016 թվականից մինչև 16.09.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 9.854.626 ՀՀ դրամ: Կատարողական-հաշվետվություն թիվ 2-ով 17.09.2016 թվականից մինչև 18.10.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 8.500.020 ՀՀ դրամ: Կատարողական-հաշվետվություն թիվ 3-ով 19.10.2016 թվականից մինչև 01.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 17.318.323 ՀՀ դրամ: Կազմակերպության կողմից ներկայացված թվով 9 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպությանը վճարվել է 32.861.895 ՀՀ դրամ:

Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել փաստացի կատարված աշխատանքների ծավալներից ելնելով: Ընդ որում կողմերի կողմից վերջնահաշվարկ կատարելու համար հիմք է հանդիսանում նախահաշիվներով հաստատված միավորի արժեքը: Վերջնահաշվարկը կատարվում է համաձայն ավարտական ակտի:

Պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելուց հետո, եթե աշխատանքը կատարված է պատշաճ որակով, ավարտական ակտը երկկողմանի հաստատելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Գլխավոր Կապալառուն վճարում է աշխատանքի մնացած մասը:

Պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն` կատարված աշխատանքի արդյունքների հանձնում-ընդունումը կատարում և ձևակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պայմանագրի 7.3-րդ կետի համաձայն` աշխատանքի հանձնում-ընդունումն իրականացվում է կատարողական ակտերով: Պայմանագրի 7.10-րդ կետի համաձայն` աշխատանքի ավարտը հավաստվում է մեկ ավարտական ակտ կազմելու միջոցով:

Վերաքննիչ դատարանը, 24.08.2018 թվականի որոշմամբ բեկանելով և փոփոխելով Դատարանի կողմից կայացված վճիռը, արձանագրել է. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Դատարանի կողմից հաստատված այն փաստը, որ շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն և օբյեկտը պատվիրատուին պայմանագրով սահմանված ժամկետում չի հանձնվել: Նշված փաստը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ սույն գործով չեն ներկայացվել, արդյունքում այն մնացել է վիճելի»:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետը, քանի որ սույն գործում Պայմանագրի 7.10-րդ կետով ամրագրված` ավարտական ակտի բացակայության և Կազմակերպության կողմից աշխատանքներն ամբողջությամբ կատարված լինելու հանգամանքը Ընկերության կողմից գործի քննության ընթացքում ժխտելու պայմաններում, Վերաքննիչ դատարանը շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չլինելու և օբյեկտը պատվիրատուին պայմանագրով սահմանված ժամկետում հանձնած չլինելու հանգամանքի ապացուցման պարտականությունը դրել է Ընկերության վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Պայմանագրի 3.2-րդ կետով հստակ նախատեսված է, որ կողմերի միջև վերջնահաշվարկը պետք է կատարվի ավարտական ակտի համաձայն, ավելին` Պայմանագրի 3.4-րդ կետի բովանդակությունից երևում է, որ Գլխավոր Կապալառուի կողմից աշխատանքի գնի մնացած մասը վճարելու պարտականության կատարումը ևս ծագում է ավարտական ակտը երկկողմանի ստորագրելուց հետո:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` առանց գործի հանգամանքները լրիվ և բազմակողմանի բացահայտելու` բողոք բերած անձի վրա դրվել է օրենքով չնախատեսված պարտավորություն:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վերաքննիչ դատարանի կողմից լրիվ և բազմակողմանի չեն բացահայտվել սույն գործի հանգամանքները, ինչպես նաև անտեսվել է այն հանգամանքը, որ գործում բացակայում է աշխատանքների ավարտը հավաստող ապացույցը` ավարտական ակտը, որի հիման վրա պետք է կատարվի նաև կողմերի միջև վերջնահաշվարկը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործն ամբողջ ծավալով պետք է ուղարկել նոր քննության:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար»:

Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ռ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտած կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

1. Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը` կապված նաև Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումը հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասով բեկանելու և գործն այդ մասով Դատարան` նոր քննության ուղարկելու հետ, հայտնում ենք հետևյալ կարծիքը.

Այսպես`

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության` պահանջելով վերջինիցս բռնագանձել 3.144.463 ՀՀ դրամ և 62.890 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: Կազմակերպությունն իր հերթին հակընդդեմ հայց է ներկայացրել Դատարան ընդդեմ Ընկերության` պահանջելով վերջինիցս բռնագանձել 2.811.074 ՀՀ դրամ:

Դատարանի 22.05.2018 թվականի վճռով Ընկերության հայցը բավարարվել է ամբողջությամբ, իսկ Կազմակերպության հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` նաև վճռվել է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության բռնագանձել 956.448,2 ՀՀ դրամ:

Նշված վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել միայն Կազմակերպությունը. Ընկերությունը հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` իրենից հօգուտ Կազմակերպության նաև վերը նշված 956.448,2 ՀՀ դրամը բռնագանձելու մասով վերաքննիչ բողոք չի ներկայացրել:

Վերաքննիչ դատարանը, քննելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը, 24.08.2018 թվականին որոշում է կայացրել Կազմակերպության վերաքննիչ բողոքը բավարարելու` Դատարանի 22.05.2018 թվականի վճիռը բեկանելու և այն փոփոխելու` հայցը մերժելու, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասին:

Այժմ սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը` պահանջելով ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումը և այն փոփոխել` Ընկերության հայցը բավարարել, իսկ Կազմակերպության հակընդդեմ հայցը մերժել:

Վճռաբեկ դատարանը, քննելով Ընկերության ներկայացուցչի վճռաբեկ բողոքը, այն բավարարել է մասնակիորեն` Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումը բեկանելով նաև հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասով:

Կարծում ենք, որ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասով Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումն Ընկերությունը չէր կարող Վճռաբեկ դատարանում բողոքարկել հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման ենթակա եզրափակիչ դատական ակտն անձը չի կարող բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե նա նույն հիմքերով չի բողոքարկել դատական ակտը վերաքննիչ դատարանում:

Նշված նորմի վերլուծությունից բխում է, որ անձը չի կարող դատական ակտը բողոքարկել Վճռաբեկ դատարանում, եթե այդ դատական ակտը հանդիսացել է եզրափակիչ դատական ակտ, ենթակա է եղել վերաքննության կարգով բողոքարկման, սակայն տվյալ անձը նույն հիմքերով այդ դատական ակտը վերաքննիչ դատարանում չի բողոքարկել:

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 22.05.2018 թվականի վճիռը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգավորումների համաձայն` հանդիսանում է եզրափակիչ դատական ակտ, ենթակա է եղել վերաքննության կարգով բողոքարկման, սակայն Ընկերությունը նշված դատական ակտն իր համար անբարենպաստ մաս հանդիսացող` հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու` իրենից հօգուտ Կազմակերպության 956.448,2 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, վերաքննիչ դատարանում նույն հիմքերով, ինչ նշված է սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում, չի բողոքարկել:

Նման պայմաններում գտնում ենք, որ Ընկերությունը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել այն մասով, որը վերաբերում է իրենից հօգուտ Կազմակերպության 956.448,2 ՀՀ դրամ բռնագանձելու մասով հակընդդեմ հայցը բավարարելու մասին:

Ինչ վերաբերում է Ընկերությունից հօգուտ Կազմակերպության` մնացած գումարը բռնագանձելու մասով հակընդդեմ հայցը բավարարելու մասին Վերաքննիչ դատարանի դատական ակտը Վճռաբեկ դատարանում բողոքարկելու Ընկերության հնարավորությանը, ապա կարծում եմ, որ այդ մասով ևս Վերաքննիչ դատարանի դատական ակտը չի կարող վճռաբեկության կարգով բողոքարկվել հետևյալ պատճառաբանությամբ.

Դատարանը Կազմակերպության հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասին վճռի հիմքում դրել է այն, որ «Կատարողական-հաշվետվությունների հիման վրա Ենթակապալառուի կողմից դուրս է գրվել և այն Պատվիրատուի կողմից հաստատվել թվով երեք հարկային հաշիվ 9.854.626,01 ՀՀ դրամի, 8.500.020 ՀՀ դրամի և 17.318.323,2 ՀՀ դրամի ընդամենը 25.818.343,2 ՀՀ դրամ: Վճարման հանձնարարագրի թվով 9 անդորրագրերի համաձայն` Պատվիրատուի կողմից Ենթակապալառուին վճարվել է ընդամենը 24.861.895 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով վերը նշվածը դատարանը փաստում է, որ հարկային հաշվի հիման վրա ծագել է Կատարողին վճարելու Պատվիրատուի պարտականությունը, որը կոնկրետ դեպքում կազմում է 956.448,2 ՀՀ դրամ (25,818,343.20-24,861,895): Նման պայմաններում դատարանը գտնում է, որ հակընդդեմ պատասխանողի պահանջը ենթակա է բավարարման մասնակի»:

Այսինքն` Դատարանը Կազմակերպության հակընդդեմ հայցը բավարարելու հիմքում դրել է ինչպես «կատարողական-հաշվետվությունների հիման վրա Ենթակապալառուի կողմից դուրս գրված և Պատվիրատուի կողմից հաստատված թվով երեք հարկային հաշիվները», որոնցում, համապատասխանաբար, նշումներ են կատարված 9.854.626,01 ՀՀ դրամի, 8.500.020 ՀՀ դրամի և 17.318.323,2 ՀՀ դրամի վերաբերյալ, այնպես էլ «վճարման հանձնարարագրի թվով 9 անդորրագրերը` եզրահանգելով, որ «հարկային հաշվի հիման վրա ծագել է Կատարողին վճարելու Պատվիրատուի պարտականությունը»:

Ընկերությունը Դատարանի 22.05.2018 թվականի վճիռն ստացել է, որի հիմքով և հնարավորություն է ունեցել ծանոթանալու Դատարանի ինչպես հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ վերը նշված պատճառաբանությանը, այնպես էլ այդ պահանջը մասնակիորեն բավարարելու վերաբերյալ եզրակացությանը, որոնք իր համար հանդիսացել են անբարենպաստ:

Ընկերությունը նշված դատական ակտն իր համար անբարենպաստ մաս հանդիսացող` հակընդդեմ հայցը մասնակիորեն բավարարելու մասով վերաքննիչ դատարանում նույն հիմքերով, ինչ նշված է սույն գործով ներկայացված վճռաբեկ բողոքում, չի բողոքարկել:

Վերաքննիչ դատարանը քննել է Կազմակերպության վերաքննիչ բողոքը, և հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասին որոշումը պատճառաբանել է նրանով, որ «Ինչ վերաբերում է ենթակապալառուի կողմից դուրս գրված և պատվիրատուի կողմից հաստատված թվով երեք հարկային հաշիվների հիման վրա ենթակապալառուին վճարման ենթակա գումարի հաշվարկը Դատարանի կողմից սխալ կատարված լինելու վերաբերյալ բողոքում բերված պնդմանը, ապա Վերաքննիչ դատարանն այն հիմնավոր է համարում: Մասնավորապես, ներկայացված երեք հարկային հաշիվների հիման վրա ենթակապալառուին սահմանվածից պակաս վճարված լինելու փաստի վերաբերյալ իրավաչափ եզրակացության հանգելով հանդերձ, Դատարանը ենթակապալառուին վճարման ենթակա գումարի չափը սխալ է նշել` արձանագրելով, որ 9.854.626 ՀՀ դրամի, 8.500.020 ՀՀ դրամի և 17.318.323 ՀՀ դրամի հանրագումարը կազմում է 25.818.343,2 ՀՀ դրամ, այնինչ այդ գումարների հանրագումարը կազմում է 35.672.969 ՀՀ դրամ: Իսկ ներկայացված վճարման հանձնարարագրի թվով 9 անդորրագրերի համաձայն` պատվիրատուի կողմից ենթակապալառուին վճարվել է ընդամենը 32.861.895 ՀՀ դրամ, այսինքն` նախատեսված 35.672.969 ՀՀ դրամ գումարից 2.811.074 ՀՀ դրամ պակաս: (...) Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում նաև Դատարանի կողմից հաստատված այն փաստը, որ վճարման հանձնարարագրի թվով 9 անդորրագրերի համաձայն` Պատվիրատուի կողմից Ենթակապալառուին վճարվել է ընդամենը 24.861.895 ՀՀ դրամ: Իրականում թվով 9 անդորրագրերում նշված գումարների հանրագումարը կազմում է 32.861.895 ՀՀ դրամ»:

Այսինքն` Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքը քննելու հետևանքով Դատարանի 22.05.2018 թվականի վճիռը նաև հակընդդեմ հայցի մասով բեկանել է և փոփոխել` հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարել է, ըստ էության, զուտ Դատարանի թույլ տված «թվաբանական սխալներն ուղղելու» արդյունքում` կրկին հիմք ընդունելով նույն գրավոր ապացույցները, որոնք վկայակոչել է Դատարանը, և հաստատված է համարել նույն փաստերը, ի հաստատումն որոնց, ներկայացվել են այդ ապացույցները:

Նման պայմաններում գտնում ենք, որ վերը նշված պատճառաբանությամբ Ընկերությունը չէր կարող Վերաքննիչ դատարանի որոշումը վճռաբեկության կարգով բողոքարկել նաև այդ մասով, որպիսի հիմքով և Ընկերության վճռաբեկ բողոքը` կապված Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումը նաև վերը նշված մասերով բեկանելու և այն փոփոխելու հետ, անհիմն է ու ենթակա է մերժման:

Ավելին` «Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ» վերնագրված մասում կարծում ենք, որ բացակայում է Վերաքննիչ դատարանի որոշումը Կազմակերպության հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելու մասով բեկանելու և գործն այդ մասով Դատարան` նոր քննության ուղարկելու շարժառիթը, որի պայմաններում, կարծում ենք, որ բացակայում է Վերաքննիչ դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելու իրավական հիմքը:

 

2. Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի որոշմանը` կապված նաև Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշումն Ընկերության հայցը մերժելու մասով բեկանելու և գործն այդ մասով Դատարան` նոր քննության ուղարկելու հետ, հայտնում ենք հետևյալ կարծիքը.

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, Վճռաբեկ դատարանը իր կողմից կայացված որոշման «Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ» վերնագրված մասում որպես գործի փաստեր վկայակոչելով նաև, որ`

- «Ընկերության և Կազմակերպության միջև 01.09.2016 թվականին կնքվել է թիվ Ենթ. TAN-05 շինարարական ենթակապալի պայմանագիր, որի համաձայն` Ենթակապալառուն (Կազմակերպությունը) պարտավորվել է Պայմանագրով սահմանված ժամկետում Գլխավոր կապալառուի (Ընկերության) առաջադրանքով իրականացնել հավելված 1-ով սահմանված «Ապարանի թիվ 1 դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցում մանկապարտեզի» աշխատանքները, իսկ Գլխավոր Կապալառուն պարտավորվում է Ենթակապալառուի համար ստեղծել աշխատանքը կատարելու համար անհրաժեշտ պայմաններ, ընդունել դրա արդյունքը և վճարել Պայմանագրով հաստատված գինը նախահաշիվներով նախատեսված չափով: Աշխատանքի գինը որոշվել է Կողմերի համաձայնությամբ հաստատված` Պայմանագրի անբաժանելի մասը համարվող նախահաշվով (հավելված 1) և կազմել է 35.672.969 ՀՀ դրամ` ներառյալ ԱԱՀ»,

- «Ենթակապալառուի կողմից ներկայացվել են կատարողական-հաշվետվություններ` կատարված աշխատանքների ծավալի և արժեքի վերաբերյալ: Կատարողական-հաշվետվություն թիվ 1-ով 19.08.2016 թվականից մինչև 16.09.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 9.854.626 ՀՀ դրամ: Կատարողական-հաշվետվություն թիվ 2-ով 17.09.2016 թվականից մինչև 18.10.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 8.500.020 ՀՀ դրամ: Կատարողական-հաշվետվություն թիվ 3-ով 19.10.2016 թվականից մինչև 01.12.2016 թվականն ընկած ժամանակահատվածում կատարված շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 17.318.323 ՀՀ դրամ: Կազմակերպության կողմից ներկայացված թվով 9 վճարման հանձնարարագրի համաձայն` Ընկերության կողմից Կազմակերպությանը վճարվել է 32.861.895 ՀՀ դրամ»,

- «Պայմանագրի 3.2-րդ կետի համաձայն` պայմանագրի գինը կողմերի համաձայնությամբ կարող է փոփոխվել փաստացի կատարված աշխատանքների ծավալներից ելնելով: Ընդ որում կողմերի կողմից վերջնահաշվարկ կատարելու համար հիմք է հանդիսանում նախահաշիվներով հաստատված միավորի արժեքը: Վերջնահաշվարկը կատարվում է համաձայն ավարտական ակտի»,

- «Պայմանագրի 3.4-րդ կետի համաձայն` աշխատանքի արդյունքն ամբողջությամբ ընդունելուց հետո, եթե աշխատանքը կատարված է պատշաճ որակով, ավարտական ակտը երկկողմանի հաստատելուց հետո 10 (տասը) բանկային օրվա ընթացքում Գլխավոր Կապալառուն վճարում է աշխատանքի մնացած մասը»,

- «Պայմանագրի 7.1-րդ կետի համաձայն` կատարված աշխատանքի արդյունքների հանձնում-ընդունումը կատարում և ձևակերպվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Պայմանագրի 7.3-րդ կետի համաձայն` աշխատանքի հանձնում-ընդունումն իրականացվում է կատարողական ակտերով: Պայմանագրի 7.10-րդ կետի համաձայն` աշխատանքի ավարտը հավաստվում է մեկ ավարտական ակտ կազմելու միջոցով»,

- «Վերաքննիչ դատարանը, 24.08.2018 թվականի որոշմամբ բեկանելով և փոփոխելով Դատարանի կողմից կայացված վճիռը, արձանագրել է. «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը հաստատված չի համարում Դատարանի կողմից հաստատված այն փաստը, որ շինարարական աշխատանքները ամբողջությամբ ավարտված չեն և օբյեկտը պատվիրատուին պայմանագրով սահմանված ժամկետում չի հանձնվել: Նշված փաստը հիմնավորող թույլատրելի և վերաբերելի ապացույցներ սույն գործով չեն ներկայացվել, արդյունքում այն մնացել է վիճելի»»,

գտել է, որ «Վերաքննիչ դատարանի կողմից իրավահարաբերության ծագման պահին գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի խախտման արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, մասնավորապես` առանց գործի հանգամանքները լրիվ և բազմակողմանի բացահայտելու` բողոք բերած անձի վրա դրվել է օրենքով չնախատեսված պարտավորություն»:

Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Գտնում ենք, որ վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար հետևյալ պատճառաբանությամբ.

Նախ ցանկանում ենք նշել, որ հայցապահանջի հիմքում վկայակոչվել են թվով չորս առանձին կատարողական հաշվետվություններ, իսկ հակընդդեմ հայցի հիմքում` թվով երեք առանձին կատարողական հաշվետվություններ, որոնք հանդիսանում են ինքնուրույն ապացույցներ, համապատասխանաբար, հայցում և հակընդդեմ հայցում նշված փաստերը հաստատելու առումով: Վճռաբեկ դատարանը, վերը նշված «Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ» վերնագրված մասում վկայակոչելով թվով երեք կատարողական հաշվետվություններն ու թվով ինը վճարման հանձնարարագրերը, որոնք, ինչպես արդեն իսկ վերը նշվեց, բացառապես առնչվում են հակընդդեմ հայցի հիմքում դրված փաստական հանգամանքներին և ներկայացվել են ի հաստատումն դրանց, այնուհետև բառացիորեն մեջ է բերել Վերաքննիչ դատարանի 24.08.2018 թվականի որոշման պատճառաբանական մասի այն հատվածը, որը բացառապես վերաբերում է սկզբնական հայցին: Նշված կատարողական հաշվետվություններն ու վճարման հանձնարարագրերը որևէ առնչություն չունեն ինչպես սկզբնական հայցով վկայակոչված փաստերի, այնպես էլ ի հաստատումն դրանց ներկայացված ապացույցների հետ: Նման պայմաններում գտնում եմ, որ միայն այդ գրավոր փաստաթղթերի վկայակոչմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտում նշված այդ հետևության հետ Վճռաբեկ դատարանի կողմից չհամաձայնվելը և դրա արդյունքում այնպիսի հետևություն կատարելը, որ Վերաքննիչ դատարանի կողմից խախտվել է Նախկին օրենսգրքի 48-րդ հոդվածի 6-րդ կետը, որի հետևանքով էլ խաթարվել է արդարադատության բուն էությունը, չի կարող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով հանդիսանալ այն շարժառիթը, որը հիմք կհանդիսանար Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Վերը նշվածի հիման վրա գտնում ենք, որ վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման:

 

Դատավորներ` Գ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
13.04.2020
N ԳԴ/0966/02/17
Որոշում