Սեղմել Esc փակելու համար:
«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 43-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 9-ՐԴ ՄԱՍԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Սնանկության գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/0462/04/16

    Սնանկության գործ թիվ ԵԱՔԴ/0462/04/16    2019 թ.

Նախագահող դատավոր` Գ. Խանդանյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 27-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ դիմումի «Մանտրա Մակինա Լիմիթեդ» ընկերության (այսուհետ` Ընկերություն)` «Աշտարակ Կաթ» ՓԲԸ-ին (այսուհետ` Կազմակերպություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2019 թվականի որոշման դեմ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) ներկայացուցչի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությանը ճանաչել սնանկ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) 19.12.2016 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 17.02.2017 թվականի որոշմամբ Կազմակերպության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատվել է մասնակիորեն, նույն որոշմամբ հաստատվել է նաև Բանկի պահանջը` 10.803.160,73 ԱՄՆ դոլարի և 21.170.000 ՀՀ դրամի չափով` որպես ապահովված պահանջ:

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2017 թվականի «Գույքի վաճառքը հրապարակային սակարկություններով իրականացնելը թույլատրելու մասին» որոշմամբ թույլատրվել է նաև Կազմակերպության պարտավորությունների համար Բանկի օգտին գրավադրված` Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հանգրվան-համալիր հասցեում գտնվող, երրորդ անձ Հայկ Ափոյանին պատկանող անշարժ գույքի (5,2 հա ընդհանուր մակերեսով հողատարածք և 1.899,34 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություն) (այսուհետ` Անշարժ գույք) վաճառքը` 79.730.000 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով:

ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) (այսուհետ` Դատարան) 26.02.2019 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:

Բանկը 03.05.2019 թվականին միջնորդել է Բանկի գրավի առարկա հանդիսացող Անշարժ գույքը, որպես սեփականություն, փոխանցել Սարգիս Վարդանյանին և վերջինիս փոխանցվելու դեպքում պարտատերերի ռեեստրում հաշվառված Բանկի պահանջը նվազեցնել գրավադրված գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի (25.020.124 ՀՀ դրամի) և անշարժ գույքի պահպանման, փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված (վճարման ենթակա) գումարների տարբերության չափով. Բանկը, որպես կառավարչի վարձատրության գումար, վճարել է 1.251.006 ՀՀ դրամ (25.020.124 * 5%):

Դատարանի 31.05.2019 թվականի որոշմամբ Բանկի միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.07.2019 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասը, խախտել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը չի բխում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի տրամաբանությունից: Նման մեկնաբանության արդյունքում խախտվում են ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանի շահերը, քանի որ հնարավոր է իրավիճակ, երբ մեկնարկային գինը նվազի և հասնի անշարժ գույքի գնահատված արժեքի 5 տոկոսին: Արդյունքում ստորադաս դատարանների մեկնաբանության կիրառման դեպքում ո՛չ պարտատիրոջ պահանջը կբավարարվի, ո՛չ պարտապանի պարտավորությունը կնվազեցվի, այլ միայն կվճարվի կառավարչի վարձատրությունը:

Վերաքննիչ դատարանի գնահատմամբ «մեկնարկային գին» արտահայտության ներքո պետք է նկատի ունենալ լոտի վաճառքի համար նախատեսված գինը, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին, հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված «գրավի առարկայի արժեք» հասկացությունը չի նույնանում գույքի մեկնարկային գնի հետ: Մինչդեռ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված «գրավի առարկայի արժեք» հասկացությունը դրանում պարունակող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ մեկնաբանելու արդյունքում հնարավոր չէ եզրակացնել, որ օրենսդիրը տարբերակել է այս երկու հասկացությունները:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 17.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Դատարանի թիվ ԵԱՔԴ/0462/04/16 սնանկության գործով 19.12.2016 թվականի վճռով Կազմակերպությունը ճանաչվել է սնանկ (գործի հավելված, գ.թ. 8-13):

2) Դատարանի 17.02.2017 թվականի որոշմամբ մասնակի հաստատվել է Կազմակերպության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը: Նշված որոշմամբ, ի թիվս այլ պահանջների, հաստատվել է նաև Բանկի` 10.803.160,73 ԱՄՆ դոլարի և 21.170.000 ՀՀ դրամի չափով ապահովված պահանջը (գործի հավելված, գ.թ. 16-73):

3) Դատարանի 20.09.2017 թվականի որոշմամբ թույլատրվել է նաև Կազմակերպության պարտավորությունների համար Բանկի օգտին գրավադրված` Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հանգրվան-համալիր հասցեում գտնվող, երրորդ անձ Հայկ Ափոյանին պատկանող անշարժ գույքի (5,2 հա ընդհանուր մակերեսով հողատարածք և 1.899,34 քմ ընդհանուր մակերեսով շենք-շինություն) վաճառքը` 79.730.000 ՀՀ դրամ մեկնարկային արժեքով (գործի հավելված, գ.թ. 74-138):

4) Բանկը 03.05.2019 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` խնդրելով Կազմակերպության պարտավորությունների համար Բանկի օգտին գրավադրված անշարժ գույքը վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի` 25.020.124 (քսանհինգ միլիոն քսան հազար մեկ հարյուր քսանչորս) ՀՀ դրամի դիմաց, որպես սեփականություն, փոխանցել Սարգիս Հարությունի Վարդանյանին: Միաժամանակ Բանկը հայտնել է իր պատրաստակամությունը փոխհատուցելու անշարժ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` սեփականության իրավունքով Սարգիս Վարդանյանին փոխանցվող Անշարժ գույքի արժեքի` 25.020.124 ՀՀ դրամի 5 տոկոսի չափով (գործի հավելված, գ.թ. 141-142):

5) Բանկի կողմից սնանկության հատուկ հաշվին` որպես սնանկության կառավարչի վարձատրության գումար, փոխանցվել է 1.251.006 ՀՀ դրամ (գործի հավելված, գ.թ. 147,151):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում բացահայտել «ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գին» և «գրավի առարկայի արժեք» հասկացությունների բովանդակությունն այն իրավիճակում, երբ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը միջնորդել է դատարանին որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին փոխանցել գրավի առարկան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապահովված իրավունքն օրենքի կամ պայմանագրի ուժով, ի ապահովումն պարտավորության կատարման, գույքի կամ գույքային իրավունքի կամ պարտավորական իրավունքի նկատմամբ պարտատիրոջ իրավունքն է:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացվում է «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատարան` այդ մասին երեք օր առաջ տեղեկացնելով պարտատերերին նույն օրենքի 34-րդ հոդվածի առաջին մասով սահմանված կարգով: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի առաջարկվող մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

աճուրդ` սակարկությունների ձև, որի ընթացքում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որն առաջարկել է առավել բարձր գին.

լոտ` աճուրդով վաճառվող կամ մրցույթով առաջարկվող գույք կամ իրավունք, որն ունի համապատասխան նկարագրություն, նույն օրենքով նախատեսված այլ տվյալներ, իսկ աճուրդի դեպքում` նաև մեկնարկային գին.

մեկնարկային գին` լոտի վաճառքի համար նախատեսված գին, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` եթե ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատերն իրավունք ունի իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի առարկան` փոխհատուցելով այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով: Այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Հիմք ընդունելով վկայակոչված նորմերը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սնանկության վարույթում առանձնահատուկ ուշադրության է արժանացրել ապահովված պահանջների և դրանց բավարարման հարցը` առանձին նորմերով նախատեսելով դրանց հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Մասնավորապես, վերը թվարկված կարգավորումների ուժով սնանկության վարույթում ապահովված պահանջատերերն օժտված են իրավական հնարավորությամբ` ստանալու գրավի առարկան կա՛մ իրենց նշած անձի օգտին, կա՛մ որպես իրենց սեփականություն: Նման կարգավորումը բխում է ապահովված իրավունքի բնույթից, քանի որ պարտատերը, որը սնանկության վարույթում դարձել է պահանջատեր, պարտապանի հետ որոշակի քաղաքացիաիրավական` մասնավորապես պարտավորական հարաբերությունների մեջ մտնելիս ձեռնարկել է միջոցներ ապահովելու իր պահանջի կատարումը` հիմնական պարտավորության հետ միասին պարտապանի հետ մտնելով նաև գրավից ծագող հարաբերությունների մեջ: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ արժևորելով այն հանգամանքը, որ պահանջատերը (ապահովված իրավունքով պարտատերը) ի սկզբանե ձեռնամուխ է եղել իր պահանջի կատարումն ամբողջությամբ կամ մասամբ ապահովելու այլ միջոցներով, մասնավորապես` գրավով, օրենսդիրը նրա համար որոշակի գործիքակազմ է սահմանել իր պահանջի բավարարումը հենց այդ ապահովված իրավունքի առարկայի հաշվին ստանալու համար` միաժամանակ նախատեսելով որոշակի պահանջներ այդ իրավունքի իրացման համար:

Անդրադառնալով այդ պահանջներին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ որպեսզի ապահովված պահանջով պահանջատերն օգտվի վերոնշյալ կարգավորմամբ ամրագրված իր հնարավորությունից, նախ և առաջ հարկավոր է, որ ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը հավասար լինի ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր լինի դրանից: Այդ նախապայմանին համապատասխանելու դեպքում արդեն պարտատիրոջ առջև դրվում են հետևյալ պահանջները`

1. փոխհատուցել այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը,

2. փոխհատուցել կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկայում տարաբնույթ մեկնաբանություններ են ձևավորվել երկրորդ պահանջի կապակցությամբ, մասնավորապես` տվյալ իրավիճակում կառավարչի վարձատրությունը հաշվարկելիս գրավի առարկայի արժեքի որոշման կապակցությամբ, ուստի միասնական դատական պրակտիկա ապահովելու նկատառումով Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած` «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրություն» արտահայտության մեկնաբանությանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված իրավանորմի մեկնաբանման կանոնով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած` «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրություն» արտահայտության բովանդակությունը հարկավոր է բացահայտել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների լույսի ներքո` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը:

Այսպես` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարող մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի արժեքն ավելի կամ հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի: Եթե ապահովված իրավունքի առարկայի արժեքը (մեկնարկային գինը) հրապարակային սակարկություններով իրացման ընթացքում կամ գույքի կորստի (ոչնչացման, հափշտակության) կամ վնասելու արդյունքում նվազում է ապահովված պահանջի չափից, ապա ապահովված պարտատերը ձեռք է բերում քվեարկության ձայնի իրավունք` ապահովված իրավունքի առարկայի արժեքի նվազած չափով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` երկրորդ և յուրաքանչյուր հերթական աճուրդից հետո գույքը (ներառյալ դեբիտորական պարտքերը, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերը և այլ պահանջի իրավունքները) չիրացվելու դեպքում տվյալ պահի դրությամբ բավարարում չստացած` պահանջների բավարարման առաջիկա հերթում ընդգրկված պարտատերերն իրավունք ունեն պահանջելու կառավարչից` չկայացած աճուրդի մեկնարկային գնով գույքը հանձնել իրենց որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն, ըստ իրենց գրանցված պահանջներին համամասնական բաժինների, պայմանով, որ պարտատերերը նախքան գնման գործարքի կնքումն անվճարունակության հաշվին կկատարեն գույքի իրացումից ծագող հարկային պարտավորությունները, տվյալ գույքի պահպանության, իրավունքի ճանաչման (գրանցման), գնահատման ու իրացման համար կատարված ծախսերը, կառավարչի հավելյալ վարձատրությունը մեկ տոկոսի չափով և գույքի մեկնարկային գնի ու այդ պարտատիրոջ մասով գրանցված պահանջների գումարի տարբերությունը, եթե այն առկա է:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` կառավարիչը պարտավոր է պարտապանի գույքի կազմում ընդգրկված պահանջի իրավունքների (դեբիտորական պարտքերի, վճարային պահանջի իրավունք վկայող արժեթղթերի) աճուրդները սկսել ոչ ուշ, քան լուծարման որոշումից 2 ամիս հետո և 15-օրյա պարբերականությամբ յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպել չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոս նվազեցմամբ:

«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` աճուրդը չկայացած համարվելու դեպքում հաջորդ աճուրդի պայմանները, այդ թվում` մեկնարկային գինը, կարող են փոփոխվել:

Համակարգային վերլուծության ենթարկելով վկայակոչված իրավակարգավորումները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելիս կառավարչի կողմից առաջարկվում է մեկնարկային գին, որը, սակայն, աճուրդը չկայանալու դեպքում փոփոխվում է, այն է` յուրաքանչյուր հերթական աճուրդը կազմակերպվում է չկայացած աճուրդի մեկնարկային գնի 10 տոկոսի նվազեցմամբ: Վերոգրյալից հետևում է, որ մեկնարկային գինը` որպես հրապարակային սակարկության իրականացման համար անհրաժեշտ պայման, հաստատուն չէ և օրենքով նախատեսված դեպքերում ենթակա է փոփոխման:

Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն հանգամանքը, որ վկայակոչված հոդվածում խոսելով գույքի արժեքի նվազումից` օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վկայակոչված կարգավորման մեջ նույնացվել են «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները: Այլ կերպ ասած` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասում օրենսդիրն «ապահովված իրավունքի առարկայի արժեք» հասկացության ներքո նկատի է ունեցել ապահովված իրավունքի առարկայի մեկնարկային գինը:

Այսպիսով, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորման վերլուծության արդյունքում` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ նախ` հրապարակային սակարկություններով գույքի իրացման ժամանակ գույքի արժեքը կարող է նվազել, և երկրորդ` գույքի արժեքի նվազում ասելով` օրենսդիրը փաստորեն նկատի է ունեցել գույքի մեկնարկային գնի նվազումը, քանի որ վերը վկայակոչված կարգավորման մեջ օրենսդիրը նույնացրել է «ապահովված իրավունքի առարկայի արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները:

Անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի կարգավորմանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված հոդվածով նույն հերթում գտնվող պահանջատերերի (չապահովված պահանջներով պահանջատերեր) համար օրենսդիրը նախատեսել է հնարավորություն մի շարք պահանջների իրականացման դեպքում գույքը վերցնել որպես տվյալ խմբի բոլոր պարտատերերի ընդհանուր բաժնային սեփականություն չկայացած աճուրդի մեկնարկային գնով: Սույն կարգավորումից Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ օրենսդիրը նախատեսել է նաև մեկ այլ դեպք, երբ հնարավոր է հրապարակային սակարկություններով վաճառվող գույքը վերցնել ի սեփականություն, ընդ որում` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել այն, որ օրենսդիրը նպատակ է հետապնդել որոշակի պահանջների բավարարման դեպքում հանձնել գույքը պարտատերերին ի սեփականություն ոչ թե դրա շուկայական արժեքով, այլ չկայացած աճուրդի մեկնարկային գնով: Նշվածից կարելի է եզրահանգել, որ օրենսդիրը հրապարակային սակարկություններով վաճառվող գույքը պարտատերերին ի սեփականություն հանձնելու դեպքում որևէ իրավական արժեք չի տվել այդ գույքի շուկայական արժեքին, այլ կարևորել է չկայացած, այսինքն` վերջին աճուրդի մեկնարկային գինը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի մի շարք կարգավորումների բովանդակության լույսի ներքո վերհանելով օրենսդրի կողմից դրանցում ներդրված նպատակը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տեղ գտած «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» արտահայտության ներքո պետք է նկատի ունենալ իրացվող գույքի մեկնարկային գնի հինգ տոկոսը, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր հաջորդ աճուրդի դեպքում մեկնարկային գինը փոփոխվում է` նվազում է 10 տոկոսով, «գրավի առարկայի արժեքի հինգ տոկոս» ներքո պետք է նկատի ունենալ գրավի առարկայի` վերջին չկայացած աճուրդով առաջարկված մեկնարկային գնի հինգ տոկոսը:

Վերոնշյալ մեկնաբանությունների համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում տրված «մեկնարկային գին» եզրույթը վերաբերում է վերջին չկայացած աճուրդում առաջարկված մեկնարկային գնին, որը, եթե հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից, ապա հնարավորություն է տալիս պարտատերերի ցանկում ընդգրկված պարտատիրոջն իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալու գրավի այդ առարկան: Ինչ վերաբերում է նշված իրավունքն իրացնելու համար կառավարչի վարձատրության հարցին, ապա այն պետք է վճարվի գրավի առարկայի` վերջին չկայացած աճուրդով սահմանված «գրավի առարկայի արժեքի» հինգ տոկոսից, որտեղ «գրավի առարկայի արժեք» եզրույթը վերը նշված վերլուծությունների համատեքստում նույնանում է «չկայացած աճուրդում գույքի համար սահմանված մեկնարկային գին» հասկացության հետ, որպիսի մեկնաբանությունը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի ընդհանուր տրամաբանությունից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում նկարագրված իրավիճակում պարտատիրոջ պահանջը ենթակա է նվազեցման միայն գրավի առարկա հանդիսացող գույքի մեկնարկային գնի չափով, իսկ գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարների չափով պահանջի նվազեցում չի իրականացվում: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի այն կարգավորումից, համաձայն որի` ... այդ դեպքում տվյալ պարտատիրոջ պահանջի չափը չի նվազեցվում գույքի պահպանման և փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված գումարի չափով:

Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտատերերի ցուցակում ընդգրկված պարտատերը կարող է իր պահանջի կամ դրա մասի չափով դատարանի որոշմամբ որպես սեփականություն իր կամ իր նշած անձի օգտին ստանալ գրավի առարկա հանդիսացող գույքը` հետևյալ պայմանների առկայության դեպքում.

1. եթե իրացվող գույքի վերջին չկայացած աճուրդի համար առաջարկվող մեկնարկային գինը հավասար է ապահովված պարտատիրոջ պահանջի գումարին կամ ցածր է դրանից,

2. եթե ապահովված պարտատերը փոխհատուցում է այդ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև

3. եթե փոխհատուցում է կառավարչի վարձատրությունը` գրավի առարկայի արժեքի, այսինքն` վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի հինգ տոկոսի չափով:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործով Բանկն ընդգրկվել է որպես 10.803.160,73 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 21.170.000 ՀՀ դրամի ապահովված պահանջատեր: Ի թիվս այլ գույքի` Բանկի պահանջն ապահովված է եղել Հայկ Ափոյանին սեփականության իրավունքով պատկանող` Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հասցեում գտնվող անշարժ գույքի` հանգրվան-համալիրի գրավով, որպիսի անշարժ գույքի շուկայական արժեքը «Վարմօն Ռիելթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գնահատվել է 79.730.000 ՀՀ դրամ, իսկ վերջին աճուրդին ներկայացվող անշարժ գույքի մեկնարկային գինը սահմանվել է 25.020.124 ՀՀ դրամ: Բանկը, դիմելով Դատարան, խնդրել է Բանկի գրավի առարկա հանդիսացող ՀՀ, Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հասցեում գտնվող անշարժ գույքը դրա վերջին չկայացած աճուրդում սահմանված մեկնարկային գնի` 25.020.124 ՀՀ դրամի դիմաց որպես սեփականություն փոխանցել Սարգիս Վարդանյանին` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով Ընկերության սնանկության հաշվին փոխանցել այդ անշարժ գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, այդ թվում` կառավարչի վարձատրության գումարը` քննարկվող անշարժ գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի, այն է` 1.251.006 ՀՀ դրամի չափով` խնդրելով դիմումը բավարարելու դեպքում Ընկերության պահանջը նվազեցնել այդ անշարժ գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի` 25.020.124 ՀՀ դրամի և այդ գույքի պահպանման ու փոխանցման ծախսերի, կառավարչի վարձատրության համար վճարման ենթակա գումարների տարբերության չափով:

Դատարանի որոշմամբ մերժվել է Բանկի կողմից 03.05.2019 թվականին ներկայացված միջնորդությունն այն պատճառաբանությամբ, որ աճուրդի մեկնարկային գնի նվազումը չի կարող դիտվել որպես ապրանքի շուկայական արժեքի նվազում` հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված մեկնարկային գին հասկացությունը: Դատարանն արձանագրել է, որ վերաբերելի իրավանորմի տառացի մեկնաբանությունից ուղղակի բխում է, որ «շուկայական արժեք» և «մեկնարկային գին» հասկացությունները չեն կարող նույնանալ և ունենալ նույն իմաստը: Նման պայմաններում, Դատարանը, արձանագրելով, որ գրավադրված գույքի շուկայական արժեքը կազմում է 79.730.000 ՀՀ դրամ, գտել է, որ տվյալ պարագայում Բանկը կառավարչի վարձատրությունը պետք է հաշվարկեր և վճարել նշված գնի 5 տոկոսի չափով:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի որոշումը թողնելով անփոփոխ, նշել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված գրավի առարկայի արժեքի հինգ տոկոսի չափով կառավարչի վարձատրության փոխհատուցում ասելով` պետք է ի նկատի ունենալ դեռևս աճուրդ-վաճառքի չներկայացված տվյալ անշարժ գույքի արժեքը, կոնկրետ դեպքում` գույքի գնահատման արժեքը: Բանկը կառավարչի վարձատրության փոխհատուցումը պետք է իրականացներ գրավի առարկայի գնահատման արժեքի` 79.730.000 ՀՀ դրամի 5 տոկոսի չափով, այսինքն` 3.986.500 ՀՀ դրամի չափով, մինչդեռ Բանկի կողմից փոխհատուցումը նախատեսվել է իրականացնել այդ գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի` 25.020.124 ՀՀ դրամի հինգ տոկոսի չափով, այսինքն` 1.251.006 ՀՀ դրամի չափով: Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ մեկնարկային գին ասելով` պետք է հասկանալ լոտի վաճառքի համար նախատեսված գինը, որն աճուրդի սկզբում առաջարկվում է աճուրդի մասնակիցներին, ուստի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասում ամրագրված «գրավի առարկայի արժեք» հասկացությունը չի նույնանում գույքի մեկնարկային գնի հետ, հետևաբար գույքի արժեքն իրավաչափորեն պետք է որոշվի այդ գույքի գնահատման արժեքի միջոցով և ոչ թե մեկնարկային գնի միջոցով:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների կողմից սխալ է մեկնաբանվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով ամրագրված կարգավորումը, մասնավորապես` այն մեկնաբանվել է տվյալ նորմի` սույն որոշմամբ բացահայտված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ, ինչն անդրադարձել է գործի ելքի վրա, ուստի առկա է գործի` միջնորդությամբ բարձրացված հարցերի քննության անհրաժեշտություն սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 17.07.2019 թվականի որոշումը բեկանելու և գործը` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հանգրվան-համալիր հասցեում գտնվող, երրորդ անձ Հայկ Ափոյանին պատկանող անշարժ գույքը, որպես սեփականություն, Սարգիս Վարդանյանին փոխանցելու և վերջինիս փոխանցվելու դեպքում պարտատերերի ռեեստրում հաշվառված «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի պահանջը գրավադրված գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի (25.020.124 ՀՀ դրամի) և անշարժ գույքի պահպանման, փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված (վճարման ենթակա) գումարների տարբերության չափով նվազեցնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.07.2019 թվականի որոշումը և գործը` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի` գրավի առարկա հանդիսացող Լոռու մարզի Լոռոնց գոմեր հանդամաս հանգրվան-համալիր հասցեում գտնվող, երրորդ անձ Հայկ Ափոյանին պատկանող անշարժ գույքը, որպես սեփականություն, Սարգիս Վարդանյանին փոխանցելու և վերջինիս փոխանցվելու դեպքում պարտատերերի ռեեստրում հաշվառված «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի պահանջը գրավադրված գույքի վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի (25.020.124 ՀՀ դրամի) և անշարժ գույքի պահպանման, փոխանցման ծախսերի և կառավարչի վարձատրության համար վճարված (վճարման ենթակա) գումարների տարբերության չափով նվազեցնելու մասին միջնորդությունը քննարկելու մասով, ուղարկել ՀՀ սնանկության դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
27.12.2019
N ԵԱՔԴ/0462/04/16
Որոշում