Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                   ԲԴԽ-26-Ո-Կ-6

18 հունիսի 2020 թ.

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(2-րդ մաս)

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

    18 հունիսի 2020 թ.                         ք. Երևան

 

Սույն թվականի հունիսի 18-ին Բարձրագույն դատական խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) որոշում կայացրեց (այսուհետ` Որոշում) դատավոր Գայանե Խաչատրյանին (այսուհետ` Դատավոր) կարգապահական պատասխանատվության չենթարկելու մասին: Համաձայն չլինելով Խորհրդի որոշման հետ` սույն հատուկ կարծիքի շրջանակում ցանկանում ենք հիմնավորել մեր կարծիքը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության մասին:

Սահմանադրության 63-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը (այսուհետ` Օրենսգիրք) նախատեսում է, թե ինչպիսի հանգամանքներ պետք է հաշվի առնել դատական գործի լուծման ողջամիտ ժամկետի որոշման համար, մասնավորապես, Օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է`

«(...) Դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում`

1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները,

2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը,

3) գործի քննության ընդհանուր տևողությունը,

4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած` գործի քննության միջին ուղենշային տևողությունը:

(...) «:

Անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` ՄԻԵԴ) նախադեպային իրավունքին, որտեղ նույնպես համանման դիրքորոշում է արտահայտվել սույն հարցի վերաբերյալ:

ՄԻԵԴ-ը նշում է, որ գործի տևողության ողջամիտ լինելը պետք է որոշվի` հաշվի առնելով գործի փաստական հանգամանքները և ՄԻԵԴ-ի կողմից սահմանված չափանիշները, մասնավորապես` գործի բարդությունը, դիմումատուի և համապատասխան մարմինների դրսևորած վարքագիծն ու այն, թե ինչպիսի նշանակություն կունենա գործի ելքը կողմի համար:

Գործի բարդությունը, այն է` գործի փաստական և իրավական առանձնահատկությունները1 այդ թվում` գործում մի քանի կողմ ներգրավելու2, տարբեր ապացույցներ ձեռք բերելու3, փորձագիտական եզրակացություն ստանալու4, մեծ թվով վկաների հարցաքննելու անհրաժեշտությունը, վկաների գտնվելու վայրը պարզելու հետ կապված դժվարությունները և այլն5:

___________________

1 Տե՛ս Katte Klitshe de la Grande v. Italy գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

2 Տե՛ս H. v United Kingdom գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

3 Տե՛ս Humen v. Poland գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

4 Տե՛ս Pandolfelli and Palumbo v. Italy գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

5 Տե՛ս Mitev v. Bulgaria գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

 

Այսպիսով, գործի բարդությունը որոշ դեպքերում կարող է արդարացնել դատական գործընթացի ձգձգումները և, ինչպես արդեն նշեցինք, այն կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքներով` փաստական և իրավական:

Հետևաբար, հաշվի առնելով առաջին ատյանում գործի քննության ինքնին երկար ժամկետը` գրեթե 8 տարի, ողջամիտ ժամկետի պահպանման կամ խախտման և, համապատասխանաբար, դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու վերաբերյալ հարցը լուծելու համար անհրաժեշտ է դիտարկել կոնկրետ դատական գործի իրավական և փաստական հանգամանքները:

Իրավական առումով գործի բարդությունը սովորաբար որոշվում է` գործի իրավական բնույթից, կիրառման ենթակա նյութական իրավունքի նորմերի առանձնահատկություններից ելնելով: Այն կարող է պայմանավորված լինել օրենսդրական փոփոխություններով, վարչական և դատական վարույթների միջև փոխգործակցությամբ կամ սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտությամբ և այլ պատճառներով:

Տվյալ դեպքում դատական վեճը, հաշվի առնելով համապատասխան օրենսդրական կարգավորումները, ինքնին աչքի չի ընկնում առանձնակի բարդությամբ:

Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադարձ կատարել գործում առկա փաստական հանգամանքների բարդությանը և տվյալ համատեքստում դիտարկել դատական նիստերի հետաձգումները և դրանց հիմնավորվածությունը:

Կարգապահական վարույթի հիմք հանդիսացած քաղաքացիական գործը դատավորի կողմից վարույթ է ընդունվել 02.04.2013թ., և մինչ կարգապահական վարույթը հարուցելը չի կայացվել գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ:

Առաջին հերթին քննարկենք հաշտություն կնքելու նպատակով բանակցություններ վարելու համար կողմերի խնդրանքով դատական նիստերի հետաձգման հարցը: Այսպես, 10.04.2015թ. մինչև 16.03.2016թ., ինչպես նաև 26.07.2017թ., 26.09.2017թ., և 31.01.2018թ. դատական նիստերը հետաձգվել են հաշտության բանակցություններ վարելու նպատակով: Թեև քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հնարավորություն է տալիս կողմերին դատավարության ցանկացած փուլում գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, ինչը հանդիսանում է տնօրինչականության սկզբունքի դրսևորում, այնուամենայնիվ միայն հաշտության բանակցություններ վարելու նպատակով հետաձգել ավելի քան 14 նիստ, որի տևողությունը ընդհանուր առմամբ կազմում է մոտավորապես մեկուկես տարի, ակնհայտորեն և այդպիսով` ողջամտորեն արդարացված չէ:

Դատավորը, հետաձգելով մի քանի նիստեր հաշտության բանակցությունների համար, առնվազն պետք է գիտակցեր բանակցությունների ապարդյուն լինելը և չհետաձգեր այդքան մեծ թվով դատական նիստեր:

Դատական նիստերի մի ստվար հատված հետաձգվել է կողմերի միջնորդությամբ կողմի կամ ներկայացուցչի դատական նիստին ներկա գտնվել չկարողանալու պատճառաբանությամբ, ինչը պայմանավորված է եղել նույն ժամին նշանակված այլ նիստեր ունենալով, հիվանդությամբ և այլ պատճառներով: Բնականաբար դատարանը պետք է ձգտի ապահովել կողմերի ներկայությունը դատական նիստին, սակայն, այս պարագայում, հաշվի առնելով նման հանգամանքներով պայմանավորված հետաձգումների պարբերական բնույթը, Դատավորը պետք է առնվազն ձեռնարկեր գործողություններ` խուսափելու նման իրավիճակի առաջացումից, ինչը տեղի չի ունեցել:

Դատական նիստերի հետաձգումների պատճառներից մեկն է նաև այն, որ կողմերի ներկայացուցիչների փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել հետաձգել դատական նիստերը ներկայացուցչի կողմից գործի նյութերին ծանոթանալու նպատակով: Անձի արդար դատաքննության իրավունքի երաշխավորման տեսանկյունից անհրաժեշտ է ներկայացուցչին տալ հնարավորություն` պատշաճ կերպով ծանոթանալու գործի նյութերին: Այնուամենայնիվ, նման պարագայում կարող է օբյեկտիվորեն հարց առաջանալ, թե արդյոք կողմերը չեն օգտագործի այս հնարավորությունը դատավարությունը անհարկի ձգձգելու նպատակով` միևնույն ժամանակ թույլ տալով իրավունքի չարաշահում: Այս գործով կողմերից մեկը առնվազն չորս անգամ փոխել է իր ներկայացուցչին և համապատասխանաբար միջնորդել է հետաձգել դատական նիստը գործի նյութերին ծանոթանալու համար: Կարծում ենք` նման պարագայում դատավորը կրում է պոզիտիվ պարտականություն` թույլ չտալու կողմին անտեղի ձգձգել գործի վարույթը:

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ Դատավորը ոչ միայն չի ձեռնարկել անհրաժեշտ քայլեր` կանխելու դատական նիստերի անհարկի հետաձգումները, այլև որոշ դեպքերում հենց ինքն է նպաստել նիստերի հետաձգումներին:

ՄԻԵԴ-ը իր նախադեպային որոշումներում անդրադարձել է դատական նիստերը վարույթի մասնակիցների կողմից հետաձգելու խնդրին` նշելով, որ կողմի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց` անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար: Չնայած նրան, որ ներպետական մարմինները չեն կարող պատասխանատվություն կրել կողմի վարքագծի համար, այնուամենայնիվ կողմերից որևէ մեկի կողմից գործի վարույթը ձգձգելու հնարքների գործադրումը համապատասխան մարմիններին չի ազատում վարույթի` ողջամիտ ժամկետում իրականացումն ապահովելու պարտականությունից6:

_____________________

6 Տե՛ս Mincheva v. Bulgaria գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

 

i

Սահմանադրական դատարանը իր որոշումներում նույնպես կարևորել է ՄԻԵԴ-ի կողմից հաստատագրած չափանիշները գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման վերաբերյալ` նշելով, որ կողմի վարքագիծն ինքնին չի կարող օգտագործվել որպես միջոց անգործության ժամանակահատվածն արդարացնելու համար7:

_____________________

7 Տե՛ս ՍԴՈ-1464 18.06.2019թ. Սահմանադրական դատարանի որոշումը:

 

ՄԻԵԴ-ը, անդրադառնալով դատավարության անհարկի ձգձգումների կանխման անհրաժեշտությանը, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. քաղաքացիաիրավական հարցերում, Քյոնիգն ընդդեմ ԳԴՀ-ի որոշմամբ ՄԻԵԴ-ը նշել է, որ որոշ դեպքերում դատարանը նույնպես կարող է դատական նիստերի ձգձգումներ առաջացնել, ուստի պոզիտիվ պարտականություն է սահմանել դատավորների համար` գործերը վարել այնպես, որ ապահովվի դատավարության ողջամիտ տևողությունը8 ՄԻԵԴ-ը վճռականորեն հաստատել է այս դիրքորոշումը հետագա երկու որոշումներում, մասնավորապես` Փոլմանսն ընդդեմ Բելգիայի և Լեոնարդին ընդդեմ Բելգիայի գործերով ևս մեկ անգամ նշել է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ քաղաքացիական դատավարությունը կարգավորվում է` կողմերի տնօրինչականության սկզբունքից ելնելով, որով նախաձեռնության հնարավորությունը տրվում է կողմերին, պետությունը պարտավոր է կազմակերպել դատական համակարգի գործունեությունը այնպես, որ ապահովվի գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի պահպանումը9: ՄԻԵԴ-ը համանման դիրքորոշում է արտահայտել նաև Էրֆար-Ավեֆն ընդդեմ Հունաստանի գործով կայացրած որոշման մեջ10:

______________________

8 Տե՛ս Konig v. FRG գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

9 Տե՛ս Poelmans v. Belgium և Leonardi v. Belgium գործերով կայացրած ՄԻԵԴ որոշումները:

10 Տե՛ս Erfar-Avef v. Greece գործով կայացրած ՄԻԵԴ որոշումը:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում ցանկանում ենք անդրադառնալ Խորհրդի Որոշման մեջ տեղ գտած հետևյալ ձևակերպմանը`

«(...) Կարևոր ենք համարում արձանագրել նաև, որ հաջորդող դատական նիստերը նշանակվել են կարճ ժամկետներում, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ Դատարանը չի հետապնդել գործն արհեստականորեն ձգձգելու նպատակ (...)»:

Մեջբերված հատվածում Խորհրդի դիրքորոշումն այն է, որ քանի որ Դատավորի վարքագծից ինքնին չի հետևում, որ նա նպատակ է ունեցել արհեստականորեն ձգձգելու գործի վարույթը, հետևաբար առկա չեն նաև կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Խորհրդի այս դիրքորոշումից ենթադրվում է, որ դատավորը ուղղակի դիտավորությամբ չի խախտել գործի ողջամիտ ժամկետում քննելու իր պարտականությունը, այնուամենայնիվ ակնհայտ է նաև այն փաստը, որ գործի քննությունը ողջամիտ ժամկետում չի իրականացվել, հետևաբար Դատավորը, եթե ոչ ուղղակի դիտավորությամբ, ապա կոպիտ անփութությամբ թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների խախտում:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն կարգապահական վարույթի նյութերի հետ` կարծում ենք, որ տվյալ պարագայում գործի հանգամանքները փաստական առումով բարդ չեն, ուստի դատական գործի քննությունը չպետք է տևեր գրեթե 8 տարի: Դատական նիստերի հետաձգումները մեծամասամբ ոչ մի առնչություն չեն ունեցել գործի փաստական հանգամանքներով պայմանավորված դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ:

Ողջամիտ ժամկետում գործի քննությունը արդար դատաքննության կարևորագույն տարրն է: Տվյալ դեպքում Դատավորը չի կատարել գործը ողջամիտ ժամկետում քննելու իր պարտականությունը, հետևաբար թույլ է տվել դատավորի վարքագծի կանոնների կոպիտ խախտում, որը կատարվել է կոպիտ անփութությամբ:

 

Բարձրագույն դատական

խորհրդի անդամներ` Վիգեն Քոչարյան _____________

Հայկ Հովհաննիսյան __________

 

Պաշտոնական հրապարակման օրը` 2 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
18.06.2020
N ԲԴԽ-26-Ո-Կ-6
Որոշում