Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞ Ք ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞ Ք ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ Ն ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/1274/02/13

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/1274/02/13     2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 21-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան (այսուհետ` Դեսպանատուն) ներկայացուցիչ Ալեքսանդր Սահակյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Դեսպանատան ընդդեմ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների, երրորդ անձ Երևան քաղաքի Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի` ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Դեսպանատունը պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.06.2018 թվականի որոշմամբ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է: Դատավոր Ն. Բարսեղյանը ներկայացրել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Դեսպանատան ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների ներկայացուցիչ Վարդան Առաքելյանը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետը, 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, սակայն այդ եզրահանգումն անհիմն է, քանի որ գործում առկա է կողմերի միջև կնքված, սակայն դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը, որի համաձայն` պատասխանողները 65.000 ԱՄՆ դոլարի դիմաց պարտավորվել էին հրաժարվել իրենց սեփականության իրավունքից, սակայն հետագայում հրաժարվել են հաշտության համաձայնությունը դատարանում հաստատելուց: Այնուհետև Վերաքննիչ դատարանը նույն տրամաբանությամբ փորձել է լուծել սույն գործը հաշտությամբ և կողմերին տրամադրել է ժամկետ: Կողմերի միջև եղել են բանակցություններ, սակայն պատասխանողները հրաժարվել են հաշտության համաձայնությունից` պահանջելով ավելի մեծ գումար: Եթե հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ կողմ, ապա ինչու էր ստորագրվել հաշտության համաձայնությունը կողմերի միջև, կամ ինչու և ինչ հիմքով էր Վերաքննիչ դատարանը հաստատելու կողմերի միջև կնքվող հաշտության համաձայնությունը:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 03.03.2006 թվականին կայացված, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.08.2006 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը, որոնց համաձայն` Դեսպանատան հակընդդեմ հայցի հիման վրա անվավեր է ճանաչվել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև այն հանգամանքը, որ 13.04.2012 թվականին Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերում ներառված 371,3 քմ մակերեսով հողամասը ծանրաբեռնված և զբաղեցված է Դեսպանատան սեփականությունը հանդիսացող շինությամբ: Ընդ որում, վիճելի հասցեում գտնվող տունն ու 425,5 քմ մակերեսով հողամասը 1995 թվականից օգտագործվում են Դեսպանատան կողմից: Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Դեսպանատան միջև 10.06.2002 թվականին կնքվել է գույքը հանձնելու մասին պայմանագիր, իսկ 30.07.2004 թվականին կնքվել է առուվաճառքի պայմանագիր, և նշված ողջ անշարժ գույքը հանձնվել է Դեսպանատանը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, անհիմն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.06.2018 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2017 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Հայցվորը չի հանդիսանում շահագրգիռ անձ, քանի որ որևէ հավակնություն խնդրո առարկա հողի նկատմամբ չի կարող ունենալ, իսկ 30.07.2004 թվականին գույքը հանձնելու պայմանագրով Դեսպանատանը հանձնվել է վիճելի հասցեում գտնվող երկրորդ հարկը և ձեղնահարկը:

Պատասխանողների անվամբ հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը չի կարող բերել Դեսպանատան օգտագործման իրավունքի կորստի:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 1960 թվականի գույքային թերթի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 65 տունը պատկանել է Արևշատ Հակոբյանին, ով հանդիսանում է պատասխանողներ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների հայրը (հատոր 1-ին, գ.թ. 95-96, 101-102).

2) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` «Գույքի առանձին որակական, քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» 10.04.2012 թվականի թիվ ԱՏ-05/04/2012-1-0175 տեղեկանքի համաձայն` Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեին անհատական կարգով բնակելի տան համար հատկացված, ըստ 12.06.1960 թվականի 39 տոմար 26 գույքաթերթի տվյալների` 371,3 քմ մակերեսով հողամասը մնում է հաշվառված հանգուցյալ Արևշատ Հակոբյանի անվամբ, սակայն նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարված չէ (հատոր 1-ին, գ.թ. 64).

3) Արևշատ Հակոբյանի և Արուսյակ Հովհաննիսյանի (ամուսնության գրանցումից հետո` Հակոբյան) ամուսնության վերաբերյալ 10.03.1956 թվականին քաղաքացիական կացության ակտերի գրանցման ամուսնության գրքում կատարվել է թիվ 322 գրանցումը (հատոր 1-ին, գ.թ. 69).

4) Արևշատ Հակոբյանը մահացել է 10.11.1983 թվականին, իսկ Արուսյակ Հակոբյանը` 01.09.1998 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 67-68).

5) Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի (մահացած` 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3 քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347) (հատոր 1-ին, գ.թ. 8).

6) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան` հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (հատոր 1-ին, գ.թ. 9-10).

7) ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164 հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 11-18).

8) Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին: Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած` 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից: Սեղանամատյանում 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի

(մահացած` 10.11.1983 թվականին) ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից (հատոր 1-ին, գ.թ. 61-63):

9) Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 10.04.2017 թվականի վճռի դեմ 10.05.2017 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք մի շարք նյութական և դատավարական նորմերի խախտումների, այդ թվում` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածի խախտման հիմքով` այն հիմնավորմամբ, որ Դեսպանատունը տվյալ դեպքում շահագրգիռ անձ չէ (հատոր 4-րդ, գ.թ. 8-10, 48-50):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ դատարան դիմելու հարցում իրավական շահագրգռվածության ապացուցման առանձնահատկությունների վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ ք դատարան դիմելու հարցում իրավական շահագրգռվածությունը կարող է համարվել նախադատելի նշանակություն ունեցող փաստ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը:

17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Նախկին օրենսգիրք) 2-րդ հոդվածի համաձայն` շահագրգիռ անձն իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմել դատարան` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար:

Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ շահագրգռվածությունը դատարան ներկայացված որևէ պահանջի քննության նախապայման է, ուստի դատարանը պետք է պարզի բոլոր քննվող գործերով հայցվորի շահագրգռվածության հարցը: Դատարան դիմելով` հայցվորը պետք է հիմնավորի, իսկ դատարանը` պարզի, թե հայցվորի ո՞ր իրավունքներն են իրականում խախտվել և ի՞նչ անբարենպաստ հետևանքների են հանգեցրել այդ խախտումները, ու ներկայացված հայցի նպատակն արդյո՞ք իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումն է, և հնարավո՞ր է արդյոք ընտրված միջոցով պաշտպանել կամ վերականգնել հայցվորի իրավունքները (կամ, համապատասխան դեպքերում, նրան պատճառված վնասը փոխհատուցել): Հայցվորն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության և վերականգնման համար (տե՛ս, Ստիխտինգ Ադմինիստրատենկանտոր Ֆայնենշլ Փերֆորմանս Հոլդինգս հիմնադրամը, «Լուքսթոնա Լիմիթեդ» ընկերությունը, «Յուկոս Ինթերնեյշնլ UK B.V.» ընկերությունը և Արմեն Միքայելյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության Արաբկիրի տարածքային բաժնի և «Նեֆտեննայա կոմպանիա «Ռոսնեֆտ»» ԲԲԸ-ի` թիվ ԵԱՔԴ/1494/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.10.2011 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի վերլուծությանը, նշել է, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որը վերաբերում է նախկինում քննված այլ գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին: Գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս, «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ զարգացնելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ սահմաններ: Նախադատելիության օբյեկտիվ սահմանները կազմում են այն փաստական հանգամանքները, որոնք հաստատվել են ավելի վաղ քննված գործով օրինական ուժի մեջ մտած վճռով: Նախադատելիության սուբյեկտիվ սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: Նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը: ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ ընդգծել է, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման:

Նախադատելիության ինստիտուտի նպատակն է պարզեցնել ապացուցման գործընթացը, այն է` միևնույն փաստը մեկ անգամ մեկ այլ դատարանի կողմից հաստատված լինելու դեպքում կողմերին և դատարանին ազատել այդ փաստերը հաստատելու գործընթացը կրկին կատարելու բեռից, ընդ որում, նախադատելիության կիրառման համար օրենսդիրը կարևորել է այն հանգամանքը, որ նոր քննվող գործը վերաբերի միևնույն անձանց միջև վեճին (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով դատարանը պետք է պարզի հայցվորի իրավական շահագրգռվածությունը: Ընդ որում, նշված հանգամանքի ապացուցման պարտականությունը կրում է իրավունքների դատական պաշտպանություն հայցող կողմը` հայցվորը: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ որոշ դեպքերում հայցվորի շահագրգռվածությունն ապացուցման ենթակա չէ: Նշվածը, մասնավորապես, վերաբերում է այն դեպքերին, երբ միևնույն դատավարության մասնակիցների միջև նույնաբնույթ նյութաիրավական հարաբերությունից բխող նմանատիպ փաստական հանգամանքներ ունեցող վեճով նախկինում քննված մեկ այլ քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է հայցվորի իրավական շահագրգռվածությունը: Այդ դեպքում օրինական ուժի մեջ մտած վճիռը կանխորոշիչ նշանակություն է ունենում նոր քաղաքացիական գործի քննության ընթացքում հայցվորի շահագրգռվածության հարցի համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ նման մոտեցումը նպատակ է հետապնդում բացառել միևնույն հանգամանքի (հայցվորի իրավական շահագրգռվածության) վերաբերյալ հակասական դատական ակտերի գոյության հնարավորությունը` ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Դեսպանատան հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին 13.04.2012 թվականին տրված թիվ 2957 և թիվ 2958 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը:

Դատարանը, Դեսպանատան հայցը բավարարելիս անդրադառնալով վերջինիս շահագրգիռ անձ հանդիսանալու հարցին, արձանագրել է, որ Դեսպանատունը, հանդիսանալով ժառանգության վկայագրով նշված գույքի սեփականատեր, բնականաբար, շահագրգռված է իր գույքի ճակատագրով:

Վերաքննիչ դատարանն Ալբերտ և Անահիտ Հակոբյանների բողոքը բավարարելիս արձանագրել է, որ Դեսպանատունը, հանդիսանալով հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականատերը, կշարունակի ունենալ օգտագործման իրավունք հողամասի նկատմամբ, անկախ նրանից, թե ով կամ ովքեր կհանդիսանան դրա սեփականատերը` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները, համայնքը, թե մեկ այլ անձ: Հետևաբար այդ առումով Դեսպանատան արդեն իսկ ունեցած իրավունքներին որևէ վտանգ չի սպառնում, իսկ Ալբերտ և Անահիտ Հակոբյանների կողմից ժառանգությունն ընդունելը որևէ կերպ չի խախտում Դեսպանատան իրավունքները:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դեսպանատունը չի հանդիսանում շահագրգիռ անձ, քանի որ որևէ հավակնություն խնդրո առարկա հողամասի նկատմամբ չի կարող ունենալ և պատճառաբանել է, որ հայցվորը որևէ կերպ չի հիմնավորել, թե որն է իր շահագրգռվածությունը` ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելիս և դրանք անվավեր ճանաչվելիս, իր որ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանն ու վերականգնմանն է ուղղված պահանջի ներկայացումը:

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունների և եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն` նոտար Էմմա Շաբոյանի կողմից 20.10.2000 թվականին տրված, սեղանամատյանի թիվ 3-3561 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Աղասարի Հակոբյանի

(մահացած` 10.11.1983 թվականին) գույքի նկատմամբ ժառանգներ են հանդիսանում երեխաները` Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող բնակելի տնից և 371,3 քմ մակերեսով հողամասից (ժառանգական գործի համար 1347):

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, քննելով քաղաքացիական գործն ըստ հայցի Անահիտ և Ալբերտ Հակոբյանների ընդդեմ Դեսպանատան` հողամասն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու, գործարքի առոչնչության հետևանքները կիրառելու և սեփական հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, և ըստ Դեսպանատան հակընդդեմ հայցի` ժառանգության վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին, օրինական ուժի մեջ մտած 03.03.2006 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել. անվավեր է ճանաչել Ալբերտ և Անահիտ Հակոբյանների անվամբ 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով պատասխանողներին 20.10.2000 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցապահանջը քննելիս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը Դեսպանատանը, փաստորեն, դիտել է որպես շահագրգիռ անձ` 03.03.2006 թվականին կայացնելով գործն ըստ էության լուծող, Դեսպանատան հակընդդեմ հայցը բավարարող դատական ակտ: Ընդ որում, Դեսպանատան հակընդդեմ հայցի հիման վրա անվավեր ճանաչված, Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը վերաբերել է նաև Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3 քմ մակերեսով հողամասին: Փաստորեն, մեկ անգամ արդեն իսկ քննվել է Ալբերտ և Անահիտ Հակոբյաններին նախկինում տրված, Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող հողամասը ներառող ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու մասին Դեսպանատան հայցը, և վերջինս ըստ էության համարվել է շահագրգիռ անձ: Ընդ որում, նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերով Դեսպանատան ու Ալբերտ և Անահիտ Հակոբյանների միջև առկա նյութաիրավական վեճը նույնաբնույթ է` վիճարկվում է միևնույն հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը, նմանատիպ են նաև նախկինում քննված և սույն քաղաքացիական գործերի փաստական հանգամանքները:

Հետևաբար Վճռաբեկ դատարանի գնահատմամբ միևնույն անձանց միևնույն հողամասի (դրա մասերի) նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու հարցում Դեսպանատան շահագրգռվածությունը սույն գործով այլևս ապացուցման ենթակա չէ: Ավելին` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նման մոտեցումը նպատակ է հետապնդում բացառել միևնույն հանգամանքի (քննարկվող հողամասի նկատմամբ տրված ժառանգության իրավունքի վկայագրերը վիճարկելու հարցում Դեսպանատան իրավական շահագրգռվածության) վերաբերյալ հակասական դատական ակտերի գոյության հնարավորությունը` ապահովելով իրավական որոշակիության սկզբունքի պահպանումը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 01-006-3-7 մատյանի թիվ 000204 համարի տակ գրանցվել է Դեսպանատան օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 0,04164 հա հողամասի նկատմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքը` նույն հասցեում գտնվող 999,3 քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ, և 21.12.2011 թվականին Դեսպանատանը տրվել է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի թիվ 2846215 վկայականը:

Ալբերտ և Անահիտ Հակոբյաններն Արևշատ և Արուսյակ Հակոբյանների ժառանգական գույքի համար ժառանգական իրավունքի վկայագրեր ստանալու մասին 29.03.2012 թվականին դիմում են ներկայացրել ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտարին: Նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրվել են թվով երկու ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր` դրանք գրանցելով սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ: Սեղանամատյանում 2957 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արուսյակ Հակոբյանի (մահացած` 01.09.1998 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից: Սեղանամատյանում 2958 համարի տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի համաձայն` Արևշատ Հակոբյանի (մահացած 10.11.1983 թվականին), ժառանգներ են հանդիսանում Ալբերտ և Անահիտ Հակոբյանները: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է Երևան քաղաքի Այգեստան 9 փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող 371,3 քմ մակերեսով հողամասի 1/2 բաժնից:

Փաստորեն սույն քաղաքացիական գործով վիճարկվող ժառանգության իրավունքի վկայագրերում ներառված հողամասի նկատմամբ Դեսպանատունն ունի օգտագործման իրավունք, իսկ դրա վրա գտնվող բնակելի տան նկատմամբ` սեփականության իրավունք, որոնք գրանցվել են ավելի վաղ (21.12.2011 թվական), քան ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից տրվել են սույն գործով վիճարկվող ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը (13.04.2012 թվական):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դեսպանատունն ունի իրավական շահագրգռվածություն իրեն սեփականության իրավունքով պատկանող շինությամբ ծանրաբեռնված և իր կողմից օգտագործվող հողամասին վերաբերող ժառանգության իրավունքի վկայագրերի իրավաչափությունը դատական կարգով գնահատման առարկա դարձնելու հարցում: Այսինքն` Դեսպանատունն իրավունք ունի վիճարկելու ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Էմմա Շաբոյանի կողմից 13.04.2012 թվականին տրված` սեղանամատյանում 2957 և 2958 համարների տակ գրանցված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, որոնց հիման վրա Ալբերտ և Անահիտ Հակոբյանները ձեռք են բերել նշված հասցեում գտնվող հողամասը (դրա մասերը):

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դեսպանատունը հայց հարուցելու պահին գործող Նախկին օրենսգրքի 2-րդ հոդվածի իմաստով հանդիսանում է շահագրգիռ անձ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանությամբ:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը, Ալբերտ և Անահիտ Հակոբյանների վերաքննիչ բողոքը Դեսպանատան` շահագրգիռ անձ չհանդիսանալու հիմքով մերժելով, չի անդրադարձել բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, գտնում է, որ առկա է գործը նույն դատարան ուղարկելու անհրաժեշտություն` վերաքննիչ բողոքի մյուս հիմքերն ու հիմնավորումները քննարկման առարկա դարձնելու համար:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Տվյալ դեպքում Դեսպանատան ներկայացուցչի վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.06.2018 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ե. Խունդկարյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

WՋ@

 

 

pin
Վճռաբեկ դատարան
21.02.2020
N ԵԿԴ/1274/02/13
Որոշում