Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԿԵՐԱԿՐՈՂԻ ՄԱՀՎԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈ՞Ք ԿԵՐԱԿՐՈՂԻ ՄԱՀՎԱՄԲ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ԿԱՐՈՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

(2-րդ մաս)

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԱԴԴ/3335/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/3335/02/14    2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

    Դատավորներ`        Ա. Պետրոսյան

                       Ն. Բարսեղյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ե. Խունդկարյան

զեկուցող  Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 11-ին

 

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ այն դեպքերում, երբ անձի եկամուտը հավասար է եղել 0 ՀՀ դրամի, որը ևս գտնվում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից ցածր եղած թվային միջակայքում, ապա վնասի հատուցման հիմքում պետք է դնել հենց նվազագույն աշխատավարձի հնգապատիկը:

Վերը նշված վերլուծությունը բխում է նաև այն իրավակարգավորումից, համաձայն որի` քաղաքացու կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու դեպքում վնասի հատուցումը չի կարող մերժվել` անկախ վնաս պատճառողի և տուժողի մեղքից ու այլ հանգամանքներից: Այսինքն` տվյալ դեպքում օրենսդրի կամքն ուղղված է նրան, որ կյանքին և առողջությանը պատճառված վնասի հաշվարկման դժվարության կամ անհնարինության դեպքում սահմանված լինի հատուցման ենթակա վնասի երաշխավորված նվազագույն չափ, ինչը և համահունչ է Հայաստանի Հանրապետության` սոցիալական և իրավական պետություն լինելու գաղափարին և սահմանադրական իրավակարգավորմանը:

Ամփոփելով վերոգրյալը` պետք է արձանագրել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետի կարգավորման բովանդակությունում գործածվող «որը սակայն չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը մեկնաբանելիս այն հավասարապես կիրառելի է և այն իրավիճակում, երբ տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը պակաս է նվազագույն աշխատավարձի հնգապատիկից, և այն դեպքում, երբ որևէ եղանակով հնարավոր չէ որոշել տուժողի նախկին կամ հնարավոր եկամտի չափը:

Սույն գործի փաստերի համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.03.2014 թվականի թիվ ԿԴ1/0040/01/13 օրինական ուժի մեջ դատավճռով հաստատվել է Արամ Ավետիսյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման փաստը: Մասնավորապես` նշված դատավճռով հաստատվել է, որ Արամ Ավետիսյանը, ունենալով ավտոկռունկավարի որակավորում և հանդիսանալով իր կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտի` ավտոկռունկի տեխնիկայի անվտանգության պահպանման համար պատասխանատու անձ, 11.08.2012 թվականին ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման բեռնատար «Կռունկ» տեսակի ԿՍ-357731 ՄԱԶ 5334 մակնիշի 18 ՏՍ 820 պ/հ ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Պետրոսյան փողոցի թիվ 4 հասցեում գտնվող «Հաշվիչ» ՓԲԸ-ի գործարանի նկուղային հարկից մետաղի ջարդոնի բարձրացման աշխատանքների կատարման ժամանակ, խախտելով «Տեխնիկական անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի պահանջները, այն է` ոչ լրիվ տեսանելի և տվյալ տարածքի ոչ լրիվ ուսումնասիրության պայմաններում ու վտանգավոր գոտում մարդու գտնվելու առկայության դեպքում, շահագործել է ավտոկռունկը, որի ժամանակ դրա ուղղիչը դիպել է նույն հատվածի վրա գտնվող արտադրական կռունկի շարժիչին, որի հետևանքով շարժիչից պոկված էլեկտրական հատվածի մետաղյա ծածկոցը 7-8 մետր բարձրությունից ընկել է նկուղի մուտքի դռան մոտ կանգնած Ալբերտ Բադիկյանի գլխին, որի հետևանքով անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը: Ալբերտ Բադիկյանի անչափահաս երեխաներն են` Հրաչ Ալբերտի Բադիկյանը ծնված` 28.06.2012 թվականին, և Ալիկ Ալբերտի Բադիկյանը` ծնված 22.02.2007 թվականին: Ալբերտ Բադիկյանի կինը` Արմինե Սարգսյանը, չի աշխատում և զբաղվում է անչափահաս երեխաների խնամքով: Սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ վնաս պատճառելու պահին տուժող Ալբերտ Բադիկյանը աշխատել է, ինչպես նաև առկա չեն ապացույցներ մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափի վերաբերյալ կամ տվյալ վայրում տուժողի որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի վերաբերյալ: Հայցվորներն Ալբերտ Բադիկյանից նրա կենդանության օրոք որպես ապրուստի միջոց 56.200 ՀՀ դրամ ստացած լինելու կամ ստանալու իրավունք ունենալու հանգամանքի հիմքում դրել են նվազագույն սպառողական զամբյուղը, որն ըստ ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից 03.03.2014 թվականին տրված թիվ 4-10-302 գրության` կազմում է 56.214,9 ՀՀ դրամ:

Սույն գործով Դատարանը նյութական վնասի հատուցման մասով հայցը մերժելիս պատճառաբանել է, որ հայցվորներն Ալբերտ Բադիկյանի եկամուտների վերաբերյալ որևէ ապացույց չեն ներկայացրել, որի արդյունքում վիճելի է մնացել 56.200 ՀՀ դրամի չափով վնաս կրելու փաստը, ուստի վերջիններս էլ պետք է կրեն դրա բացասական հետևանքները:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Արմինե Սարգսյանի, Ալիկ և Հրաչ Բադիկյանների ներկայացուցչի վերաքննիչ բողոքը և Դատարանի 14.03.2017 թվականի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ վնաս պատճառելու պահին տուժող Ալբերտ Բադիկյանը չի աշխատել, իսկ վնասը հաշվարկվում է` հիմք ընդունելով նրա` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձը կամ հաշվարկի հիմքում դրվում է տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափը, որը, սակայն, չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Միաժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձին կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափին, այսինքն` նշված կարգավորումներից որևէ մեկով վնասի հատուցման չափը հաշվարկելիս վճարման ենթակա գումարը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ սույն գործով տվյալ իրավակարգավորումը չի կարող գործել, քանի որ հայցվորներն Ալբերտ Բադիկյանի` որևէ գրանցված աշխատանք ունենալու, մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի չափի կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի վերաբերյալ որևէ ապացույց Դատարան չեն ներկայացրել: Իսկ «չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի հնգապատիկից» արտահայտությունը վերաբերում է տուժողի` մինչև աշխատանքից ազատվելու աշխատավարձի կամ տվյալ վայրում նրա որակավորմամբ աշխատողի վարձատրության սովորական չափի ու որպես հատուցում տրվող գումարի հարաբերակցությանը, որը չի կարող պակաս լինել 5000 ՀՀ դրամից:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների` նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժման ենթակա լինելու եզրահանգումների հիմնավորվածությանը` հարկավոր է ևս մեկ անգամ ընդգծել, որ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջը չի կարող մերժվել միայն այն պատճառաբանությամբ, որ վնաս պատճառելու պահին և նախորդող ժամանակահատվածում տուժողը չի աշխատել կամ չի ունեցել որևէ որակավորում և կորցրած աշխատավարձի (եկամտի) չափի վերաբերյալ ապացույցներ չեն ներկայացվել: Նման իրավիճակում անգամ կերակրողի մահվամբ պատճառված վնասի հատուցման պահանջը կարող է բավարարվել` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1079-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափը: Մինչդեռ ստորադաս դատարանները, արձանագրելով տուժողի` եկամտի վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չլինելու հանգամանքը` չեն անդրադարձել վնասի հատուցման համար անհրաժեշտ մյուս պայմաններին, որպիսի պարագայում առկա է սույն գործի` նյութական վնասի մասով նոր քննության անհրաժեշտություն:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի պատասխանում նշված այն փաստարկին, որ Ընկերությունը «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի իմաստով չի հանդիսանում արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձ, որպիսի պայմաններում չի կարող կրել նաև պատճառված վնասը հատուցելու պարտականություն, ապա նկատի ունենալով, որ կերակրողին կորցնելու հետևանքով պատճառված նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասին վճիռ կայացնելով և վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, Դատարանը և Վերաքննիչ դատարանն այն քննարկման առարկա չեն դարձրել, հնարավոր չէ անդրադառնալ այդ փաստարկին:

Միաժամանակ անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջը մերժելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումների իրավաչափությանը` անհրաժեշտ է արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի կյանքը և առողջությունը, արժանապատվությունը, անձնական անձեռնմխելիությունը, պատիվն ու բարի անունը, գործարար համբավը, մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը, անձնական ու ընտանեկան կյանքի գաղտնիությունը, ազատ տեղաշարժվելու, բնակվելու և գտնվելու վայր ընտրելու իրավունքը, անվան իրավունքը, հեղինակության իրավունքն ու քաղաքացուն ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող այլ անձնական ոչ գույքային իրավունքները և ոչ նյութական բարիքներն անօտարելի են ու անփոխանցելի: Օրենքով նախատեսված դեպքերում ու կարգով անձնական ոչ գույքային իրավունքները և այլ ոչ նյութական բարիքները, որոնք պատկանել են մահացածին, կարող են իրականացվել ու պաշտպանվել այլ անձանց` ներառյալ իրավատիրոջ ժառանգների կողմից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` սույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները.

1) կյանքի իրավունքը.

2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը.

3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը.

4) արդար դատաքննության իրավունքը.

5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը.

6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը.

7) հավաքների և միավորման ազատության իրավունքը.

8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը.

9) սեփականության իրավունքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ոչ նյութական վնասի հատուցման իրավական վերլուծությանը: Մասնավորապես ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներով սահմանված որոշակի պայմանների պահպանման դեպքում` հաշվի առնելով նույն հոդվածներով սահմանված սահմանափակումները: Միաժամանակ տվյալ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է ոչ նյութական վնասի հատուցման հիմքին և հատուցման չափին` փաստելով նաև, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը (տե՛ս, Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Սույն գործով ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով հայցը մերժելիս Դատարանը պատճառաբանել է, որ ներկայացնելով նման պահանջ` հայցվորները չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, իսկ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում, որպիսի պարագայում նշված պահանջը ենթակա է մերժման:

Վերաքննիչ դատարանը, Դատարանի վճիռն այդ մասով թողնելով օրինական ուժի մեջ, հիմնավոր է համարել Դատարանի` վերը շարադրված եզրահանգումը:

Անդրադառնալով կերակրողի մահվամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջին` անհրաժեշտ է արձանագրել, որ ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման միայն օրենքով նախատեսված դեպքերում: Մասնավորապես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված կարգավորումներից հետևում է, որ ոչ նյութական վնասի հատուցման պահանջ կարող է ներկայացվել միայն այն դեպքում, երբ ոչ նյութական վնասը պատճառվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների (պաշտոնատար անձանց) կողմից` իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: Սույն պարագայում հայցվորները, ներկայացնելով ոչ նյութական վնասի հատուցման պահանջ, չեն ներկայացրել համապատասխան դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի որոշում, որով հաստատվել է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով իրենց կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը, ինչպես նաև չեն մատնանշել օրենքով սահմանված այլ դեպք, որը վերջիններիս իրավական հնարավորություն է ընձեռնում ոչ նյութական վնասի հատուցման պահանջ ներկայացնելու տվյալ իրավիճակում, հետևաբար ոչ նյութական վնասի հատուցման պահանջը մերժելու մասով ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր են:

Վճռաբեկ բողոքի դեմ Ընկերության ներկայացուցչի կողմից վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները մասնակիորեն հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

5. Հատուկ կարծիքը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են հայցվորները (...) կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով:

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքի բավարարման արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է մասնակի բեկանման, իսկ գործը` բեկանված մասով, ուղարկվում է նոր քննության, հետևաբար բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:

 

5. Հատուկ կարծիքի եզրահանգումները.

Գտնում ենք, որ սույն գործով վճռաբեկ բողոքը ենթակա էր բավարարման, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը` կերակրողի մահվամբ պատճառված նյութական վնասի հատուցումը մերժելու վերաբերյալ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 14.03.2017 թվականի վճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասով, ենթակա էր բեկանման և այդ մասով` գործը նոր քննության ուղարկման, որպիսի եզրահանգման էլ եկել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը սույն գործով, սակայն ենթակա էր բեկանման սույն հատուկ կարծիքի 4-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով հանդերձ: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.07.2017 թվականի որոշումը` մնացած մասով, պետք է թողնել օրինական ուժի մեջ: Միաժամանակ սույն հատուկ կարծիքի 5-րդ կետում շարադրված հիմնավորումներով և պատճառաբանություններով բեկանված մասով դատական ծախսերի հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում, իսկ մնացած մասով դատական ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Դատավորներ` Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Գ. Հակոբյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
11.02.2020
N ԵԱԴԴ/3335/02/14
Որոշում