Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ, 250...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 249-ՐԴ, 250-ՐԴ, 251-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/3288/02/14

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3288/02/14     2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Բարսեղյան

    Դատավորներ`        Տ. Նազարյան

                       Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2020 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Հայկ Մովսիսյանի և վերջինիս ներկայացուցիչ Տիգրան Նաղդալյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Հայկ Մովսիսյանի ընդդեմ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձ «Չիլինգարյան Դիզայն Քնսթրաքշն» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Գ. Բարխուդարյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

i

Դիմելով դատարան` Հայկ Մովսիսյանը պահանջել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ից բռնագանձել 129.043.453 ՀՀ դրամ, որից 87.307.890 ՀՀ դրամ` որպես չկատարված հիմնական պարտավորություն, 41.735.563 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 18.05.2018 թվականից մինչև պատասխանողի կողմից 87.307.890 ՀՀ դրամը վճարելու օրն ընկած ժամանակահատվածի համար այդ գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված տոկոսներ:

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Էդ. Ավետիսյան) 20.09.2016 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահությամբ` Ս. Միքայելյանի, մասնակցությամբ դատավորներ` Գ. Խանդանյանի, Հ. Ենոքյանի) 26.01.2017 թվականի որոշմամբ Հայկ Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2016 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Զարգարյան) (այսուհետ` Դատարան) 24.09.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի բռնագանձվել է 5.292.890,2 ՀՀ դրամ, ինչպես նաև 26.05.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ 5.292.890,2 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվեգրված տոկոսագումարը: Հայցը` մնացած մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.02.2019 թվականի որոշմամբ Հայկ Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 24.09.2018 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Հայկ Մովսիսյանը և վերջինիս ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

1) Վերաքննիչ դատարանը խախտել է իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.

Սույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.01.2017 թվականի որոշմամբ Հայկ Մովսիսյանի վերաքննիչ բողոքը բավարարել և գործն ուղարկել է նոր քննության` նշելով, որ գործի նոր քննության ընթացքում դատարանը պետք է նշանակի կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` պարզելու 25.05.2014 թվականի դրությամբ անշարժ գույքի շուկայական գինը: Դատարանն ի կատարումն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշմամբ սահմանված ծավալի` 30.06.2017 թվականի որոշմամբ նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի արդյունքում 25.01.2018 թվականին տրվել է թիվ 17-0361դ եզրակացությունը: Այդուհանդերձ, վերջնական դատական ակտ կայացնելիս Դատարանը վճռում հիմք է ընդունել անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքը` շեղվելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի` օրինական ուժի մեջ մտած որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալից: Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին անտեսել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշմամբ սահմանված գործի նոր քննության ծավալը և նշել է, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել անշարժ գույքի իրացման օրվա` 25.05.2014 թվականի դրությամբ լիկվիդացիոն արժեքը պարզելու հարցին:

2) Վերաքննիչ դատարանը սխալ է կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ և 250-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, որը պետք է կիրառեր:

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, քանի որ անշարժ գույքի նկատմամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցումը կատարվել է 25.11.2013 թվականին, որից հետո վեց ամսվա ընթացքում` մինչև 25.05.2014 թվականը, անշարժ գույքը չի օտարվել, հետևաբար «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքի պետական գրանցման փաստի և վեցամսյա ժամկետի ավարտմամբ գրավ դրված անշարժ գույքը համարվել է իրացված: Իսկ օրենսդիրն էլ հստակ նախատեսել է իրացման չափը, որն էլ գույքի շուկայական արժեքն է:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 12.02.2019 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցն ամբողջությամբ բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (Բանկ) և «Չիլինգարյան դիզայն Քնսթրաքաշն» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 14.09.2011 թվականին կնքված թիվ TV9401 վարկային պայմանագրի համաձայն` Բանկը Վարկառուին տրամադրել է վարկ` 166.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Վարկառուն պարտավորվել է վերադարձնել վարկը մարման ամսաթվին և վարկի օգտագործման դիմաց վճարել տոկոսագումարներ` պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 20-31):

2) «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (Բանկ, Վարկատու-Գրավառու), Հայկ Մովսիսյանի (Գրավատու) և «Չիլինգարյան դիզայն Քնսթրաքաշն» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 09.09.2011 թվականին կնքված թիվ 215, թիվ 216, թիվ 217, թիվ 218, թիվ 219 անշարժ գույքի գրավի պայմանագրերի համաձայն` ի ապահովումն Վարկատու-Գրավառուի և Վարկառուի միջև կնքված թիվ TV9401 վարկային պայմանագրի` Գրավատուն 62 ամիս ժամկետով գրավադրել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերը:

Նշված պայմանագրերի 2.2-րդ կետերի համաձայն` գրավադրված անշարժ գույքերի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատված արժեքը կազմել է ընդհանուր առմամբ 238.282.000 ՀՀ դրամ:

Նշված պայմանագրերի 5.6-րդ կետերի համաձայն` Վարկառուն իրավունք է վերապահում Գրավառուին գրավադրված գույքն իրացնելուց հետո իր (իրենց) փոխարեն գումարներն ուղղել ողջ պարտավորությունների մարմանը, որի համար գրավատուները տալիս են իրենց համաձայնությունը (հատոր 1-ին, գ.թ. 32-46):

3) ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերի նկատմամբ 25.11.2013 թվականին գրանցվել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 47-56):

4) 20.02.2014 թվականի թիվ 238/07-16611008 գրության համաձայն` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ն Հայկ Մովսիսյանին տեղեկացրել է, որ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերը «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին են անցել 159.507.109,80 ՀՀ դրամի չափով` 25.11.2013 թվականի դրությամբ փաստացի առկա պարտավորության և դրա դիմաց առաջացած տոկոսների, տույժերի և ծախսերի չափով (հատոր 1-ին, գ.թ. 57):

5) Հայկ Մովսիսյանը 09.06.2014 թվականին պայմանագրերից բխող պարտավորությունների կատարմանն ուղղված բանակցություններ վարելու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին (հատոր 1-ին, գ.թ. 58):

6) «ԲԻԼԴ ԱՓ» ՍՊԸ-ի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունների համաձայն` 20.05.2014 թվականի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմում է 160.100.000 ՀՀ դրամ, լիկվիդացիոն արժեքը` 128.100.000 ՀՀ դրամ (հատոր 2-րդ, գ.թ. 42-61, 65-79, 83-97, 101-115, 119-133):

7) «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ» ՍՊԸ-ի կողմից իրականացված անշարժ գույքի նախնական գնահատման հաշվետվությունների համաձայն` 26.05.2014 թվականի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմում է 211.200.000 ՀՀ դրամ, լիկվիդացիոն արժեքը` 171.270.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 12-74):

8) «ԱԼՏԱ ՎԻՊ» ՍՊԸ-ի կողմից իրականացված անշարժ գույքի նախնական գնահատման հաշվետվությունների համաձայն` 04.06.2014 թվականի դրությամբ ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմում է 276.086.000 ՀՀ դրամ, լիկվիդացիոն արժեքը` 208.844.000 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 75-125, հատոր 4-րդ, գ.թ. 2-69):

9) «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ-ի կողմից 06.08.2014 թվականին տրված գույքի աճուրդային վաճառքի մասին արձանագրության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերը բորսային հարթակում ներկայացվել են 164.800.000 ՀՀ դրամ մեկնարկային և միաժամանակ նվազագույն գնով, 05.08.2014 թվականի հերթական աճուրդը համարվել է չկայացած` որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարելու պատճառով (հատոր 5-րդ, գ.թ. 85):

10) «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկանք-նկարագրի համաձայն` 04.07.2014 թվականին ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերն աճուրդի են ներկայացվել 290.000.000 ՀՀ դրամ մեկնարկային գնով, իսկ հատման նվազագույն գինը նշվել է 164.800.000 ՀՀ դրամ: Հերթական աճուրդները չկայացած ճանաչվելու արդյունքում գույքերի գինը նվազել է հատման շեմին հասնելով, որի արդյունքում «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն հետ է պահանջել գույքը, որն անցել է վերջինիս ի սեփականություն` 164.800.000 ՀՀ դրամի չափով:

Նույն տեղեկանքով «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ն նշել է, որ 25.08.2014 թվականի դրությամբ իրեն պատճառված վնասը կազմել է 164.393.110 ՀՀ դրամ, իսկ պարտավորության չափը կազմել է 159.218.320 ՀՀ դրամ (հատոր 5-րդ, գ.թ. 86-87):

11) ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համաձայն` ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերի շուկայական արժեքը 25.05.2014 թվականի դրությամբ գնահատվել է ընդհանուր 246.815.000 ՀՀ դրամ (հատոր 7-րդ, գ.թ. 11-64):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1) արդյո՞ք վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում վերաքննիչ դատարանը իրավասու է դուրս գալ նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալից:

2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածում կատարված փոփոխությունից հետո գործող խմբագրությամբ բռնագանձման հիմքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գույքի ո՞ր արժեքը պետք է հիմք ընդունվի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար:

1) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը պարտադիր է բոլոր պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների համար ու ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Իրավահարաբերության ծագման պահին գործող` 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վերաքննիչ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը: Չբեկանված մասով դատական ակտը մնում է օրինական ուժի մեջ:

Համանման դրույթներ է բովանդակում նաև 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, որի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Հետևաբար, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ թե՛ քաղաքացիական, թե՛ վարչական գործով, եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում:

Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները.

- դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման,

- անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն,

- կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով,

- վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով,

- վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար:

Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելիություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշը ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս, Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված` վերաքննիչ դատարանի` որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վերաքննիչ դատարանի կողմից նախկինում բեկանված և գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության առանձնահատկություններին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը:

2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավական նորմերը պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի և արտահայտությունների տարբեր ձևերով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված` քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտում միևնույն միտքն արտահայտելիս կիրառվում են միևնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները` որոշակի հերթականությամբ:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 248-րդ հոդվածի համաձայն` գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն` գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում` գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին: (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր` պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն իրավունք ունի դատական կարգով վիճարկելու նույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը, եթե գրավատուն կտրամադրի գրավի առարկայի արժեքին համարժեք ապահովում` գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար: (...)

Բռնագանձման ծանուցումը պարտապանին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն նույն օրենսգրքի ուժով իրավունք ունի նույն օրենսգրքի 195-րդ հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 250-րդ հոդվածի 1-ին մասի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն` գրավ դրված գույքն իրացվում (վաճառվում) է հրապարակային սակարկություններով` հրապարակային սակարկությունների մասին օրենքով սահմանված կարգով: (...)

Նույն հոդվածի 2-րդ մասի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն` գրավ դրված գույքի` օրենքով սահմանված կարգով իրացման (վաճառքի) ընթացքում, եթե աճուրդը չկայացած է համարվել աճուրդի ընթացքում որևէ մասնակցի կողմից գույքի մեկնարկային գնի ավելացում չկատարվելու պատճառով, գրավառուն յոթ օրվա ընթացքում իրավունք ունի պահանջել գրավ դրված գույքը գրավով ապահովված պարտավորության և իրացման (վաճառքի) փաստացի ծախսերի դիմաց հանձնել իրեն` վճարելով գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերը: Եթե գրավ դրված գույքի` տվյալ պահին ձևավորված գինն ավելի է գրավով ապահովված պահանջի և գրավ դրված գույքի իրացման (վաճառքի) ծախսերի հանրագումարից, ապա գրավառուն պարտավոր է գրավատուին փոխհատուցել տարբերությունը, հակառակ դեպքում գրավառուն իրավունք ունի պակաս գումարն ստանալ պարտապանի այլ գույքից, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի` իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրության համաձայն` այն դեպքում, երբ քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքն ի սեփականություն անցել է գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը), գրավ դրված գույքը նույն հոդվածի իմաստով համարվում է իրացված`

1) բանկի (վարկային կազմակերպության) կողմից այդ գույքի հետագա օտարման օրը` օտարման գնով, եթե նման օտարումը տեղի է ունեցել գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, ընդ որում, եթե գույքն օտարվել է օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր գնով, ապա գույքը համարվում է իրացված օտարման օրվա դրությամբ այդ գույքի շուկայական գնով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ գույքն ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում, օտարվել է այդ գույքի նախկին սեփականատիրոջը (որի գույքի վրա տարածվել է բռնագանձումը) կամ նրա իրավահաջորդին, կամ

2) գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` այդ օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, ընդ որում` բանկը (վարկային կազմակերպությունը) պարտավոր է իր հաշվին ապահովել գույքի շուկայական գնի որոշումն անկախ գնահատողի կողմից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումներին, նշել է, որ գրավադրված գույքի վրա բռնագանձում տարածելը և իրացնելն իր մեջ ներառում է նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին ի սեփականություն հանձնելը: ՀՀ վճռաբեկ դատարանը ընդգծել է, որ գրավի իրավունքը, ըստ էության, այլ անձի գույքի նկատմամբ ունեցած այնպիսի իրավունք է, որի շնորհիվ գրավառուն հնարավորություն ունի պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու դեպքում գրավադրված գույքի արժեքից բավարարելու իր պահանջները: Այսինքն` ի վերջո գրավի նպատակը գրավառուի` գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու դեպքում գրավ դրված գույքի արժեքից բավարարում ստանալն է, հետևաբար գրավառուի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` գրավի առարկան ի սեփականություն ընդունելը, ըստ էության, նշանակում է գրավի առարկայի բռնագանձման ավարտ:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածում նշված` «պարտավորության համապատասխան չափի դիմաց» եզրույթին, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել, որ գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում պարտավորության չափը և գրավի առարկայի շուկայական ողջամիտ արժեքը համեմատելի են զուտ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար: Հակառակ պարագայում կստացվի այնպիսի իրավիճակ, որ գրավառուն, պարտքի դիմաց ստանալով պարտավորության չափից նվազ արժեքով գրավի առարկա, զրկված կլինի պարտապանից տարբերություն պահանջելու իրավունքից (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 2-րդ մաս): Մյուս կողմից` գրավատուն ևս չպետք է զրկվի պարտավորությունից անհամեմատ ավելի մեծ արժեքով գրավի առարկան գրավառուի կողմից ի սեփականություն ընդունելու դեպքում գրավի առարկայի արժեքի և պարտավորության տարբերությունը հետ պահանջելու իրավունքից: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ մինչև «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությունները գրավի առարկան ի սեփականություն ընդունելու դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածով նախատեսված փոխհաշվարկների համար պետք է հիմք ընդունվի բացառապես գրավադրված անշարժ գույքն իրացնելիս տվյալ պահին շուկայում գործող` դրա արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը (տե՛ս, Ամալյա Վարդանյանն ընդդեմ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0384/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը վերոգրյալ որոշմամբ նշել է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 23.06.2011 թվականի ՀՕ-233-Ն օրենքով կատարված փոփոխությամբ ամրագրված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի խմբագրությամբ սահմանվել են քաղաքացուն պատկանող գրավ դրված գույքը գրավառուին ի սեփականություն անցնելու դեպքում դրա` նույն հոդվածի իմաստով իրացված համարելու ժամկետները, գինը, ինչը նախկին կարգավորմամբ նախատեսված չի եղել: Այսինքն` օրենսդիրը, գրավատուի և գրավառուի իրավունքները և օրինական շահերը հավասարակշռելուն և երկուստեք երաշխիքներ նախատեսելուն զուգահեռ միաժամանակ ամրագրել է գրավ դրված գույքն ի սեփականություն գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) անցնելու դեպքում դրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի իմաստով իրացված համարելու ժամկետները և գինը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոշարադրյալը և նախկինում հայտնած դիրքորոշումները, գտնում է, որ առանց դատարան դիմելու գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելիս կարող են ստեղծվել հետևյալ իրավիճակներն ու դրանց համապատասխան գրավ դրված գույքի արժեքի փոփոխությունները. նախ` հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից «շուկայում գործող ողջամիտ գին» եզրույթին տրված մեկնաբանությունն առ այն, որ այն ոչ այլ ինչ է, քան տվյալ պահին շուկայում գործող արագ վաճառքի գինը, այսինքն` լիկվիդացիոն արժեքը, պետք է նշել, որ երբ առանց դատարան դիմելու գրավատուն գրավ դրված գույքի վրա բռնագանձում է տարածում և իրականացնում է գույքի վաճառք` հրապարակային սակարկությունների կամ ուղղակի վաճառքի ձևով, ապա այդ փուլում գրավ դրված գույքը պետք է իրացվի շուկայում գործող ողջամիտ գնով, այսինքն` գույքի արագ վաճառքի գնով` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի կարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նախկինում հայտնած դիրքորոշումները:

Այն դեպքում, երբ ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով գույքը չի իրացվում, և գրավատու բանկը գույքը վերցնում է ի սեփականություն, ապա ի սեփականություն վերցնելուց հետո կարող է առաջանալ երկու իրավիճակ`

1. գրավատուն գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելուց հետո 6 ամսվա ընթացքում այն իրացնում է, ընդ որում` իրացման գինը չպետք է լինի ողջամիտ չհամարվող ցածր գին, հակառակ դեպքում` օրենքի ուժով գույքն իրացված կհամարվի շուկայական գնով:

2. Գրավատուի կողմից գույքն ի սեփականություն վերցնելուց հետո, երբ 6 ամսվա ընթացքում գրավատուն չի կարողացել այն իրացնել, գրավ դրված գույքն ամեն դեպքում համարվում է իրացված, սակայն արդեն շուկայական գնով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ երբ գրավատուի առջև դրված է գրավ դրված գույքն իրացնելու խնդիր, ապա`

1. մինչև գրավ դրված գույքն ի սեփականություն վերցնելը, բանկը կարող է այդ գույքն իրացնել լիկվիդացիոն արժեքով, իսկ

2. ի սեփականություն վերցնելուց հետո` 6 ամսվա ընթացքում գույքը կարող է իրացնել այն արժեքով, որը շուկայական գնից ողջամիտ չհամարվող ցածր չէ, այսինքն` եթե իրացվի շուկայական գնից ոչ ողջամիտ ցածր գնով, ապա հիմք կընդունվի շուկայական գինը:

Վճռաբեկ դատարանը, շարունակելով օրենսդրի կողմից ներդրված տրամաբանության վերհանումը, գտնում է, որ հարկավոր է առանձնացնել վերոնշյալ դեպքերից տարբերվող երրորդ դեպքը: Մասնավորապես` այն իրավիճակում, երբ գրավատուի առջև դրված` գույքի արագ իրացման խնդիրը չի իրագործվել, փաստորեն օրենսդիրը գրավ դրված գույքի իրացման արժեքի վերաբերյալ վերը նշված իր մոտեցումներից հրաժարվում է, և ամրագրում, որ այն այլևս պետք է իրացված համարվի շուկայական արժեքով` հաշվի առնելով այն, որ գույքն արագ իրացնելու խնդիրն անկատար մնաց, ուստի գույքն արագ իրացման գնով օտարելու անհրաժեշտությունն այլևս բացակայում է: ՈՒշադրության է արժանի նաև այն, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորման մեջ տեղ է գտել «քաղաքացի» եզրույթը, ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ կարգավորումն առանձնահատուկ հասցեատեր ունի, այն է` գրավատու քաղաքացին, և մնացած սուբյեկտների վրա սույն կարգավորումները փաստորեն չեն տարածվում:

Սույն գործի փաստերի համաձայն` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (Բանկ) և «Չիլինգարյան դիզայն Քնսթրաքաշն» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 14.09.2011 թվականին կնքված թիվ TV9401 վարկային պայմանագրով Բանկը Վարկառուին տրամադրել է վարկ 166.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ Վարկառուն պարտավորվել է վերադարձնել վարկը մարման ամսաթվին և վարկի օգտագործման դիմաց վճարել տոկոսագումարներ` պայմանագրով սահմանված կարգով և պայմաններով: «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի (Բանկ, Վարկատու-Գրավառու), Հայկ Մովսիսյանի (Գրավատու) և «Չիլինգարյան դիզայն Քնսթրաքաշն» ՍՊԸ-ի (Վարկառու) միջև 09.09.2011 թվականին կնքված թիվ 215, թիվ 216, թիվ 217, թիվ 218, թիվ 219 անշարժ գույքի գրավի պայմանագրերով ի ապահովումն Վարկատու-Գրավառուի և Վարկառուի միջև կնքված թիվ TV9401 վարկային պայմանագրի` Գրավատուն 62 ամիս ժամկետով գրավադրել է ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Գ. Չաուշի փողոցի 6-րդ նրբանցքի թիվ 24 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 15 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 21 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 19 հասցեի, ՀՀ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Մայիսյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի անշարժ գույքերը (այսուհետ` Անշարժ գույքեր): Նշված պայմանագրերի 2.2-րդ կետերով գրավադրված Անշարժ գույքերի` կողմերի փոխադարձ համաձայնությամբ գնահատված արժեքը կազմել է ընդհանուր առմամբ 238.282.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագրերի 5.6-րդ կետերով Վարկառուն իրավունք է վերապահում Գրավառուին գրավադրված գույքն իրացնելուց հետո իր (իրենց) փոխարեն գումարներն ուղղել ողջ պարտավորությունների մարմանը, որի համար գրավատուները տվել են իրենց համաձայնությունը:

25.11.2013 թվականին վերոնշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի սեփականության իրավունքը: 20.02.2014 թվականի թիվ 238/07-16611008 գրությամբ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ն Հայկ Մովսիսյանին տեղեկացրել է, որ Անշարժ գույքերը «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին են անցել 159.507.109,80 ՀՀ դրամի չափով` 25.11.2013 թվականի դրությամբ փաստացի առկա պարտավորության և դրա դիմաց առաջացած տոկոսների, տույժերի և ծախսերի չափով:

Հայկ Մովսիսյանը հայց է ներկայացրել դատարան` իրացված գրավի առարկայի արժեքի մնացորդի և դրա նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրման ու բռնագանձման պահանջների մասին:

Դատարանը գործի նոր քննության ընթացքում նշել է, որ գույքի հրապարակային սակարկությունների միջոցով իրացման գործընթացում չի կարող գործել գույքի` ազատ շուկայում գործող արժեքը, այլ սահմանվում է գույքի իրացման մեկնարկային գին, որպիսին տվյալ դեպքում նշվել է 290.000.000 ՀՀ դրամը, որն էլ գերազանցել է գրավի պայմանագրերով գրավադրված գույքերի գնահատման արժեքի հանրագումարը, ուստիև գույքերի աճուրդի ներկայացման մեկնարկային գինը ոչ միայն ողջամիտ է եղել և էապես չի տարբերվել գույքի շուկայական գնից, այլ գերազանցել է այն: Միևնույն ժամանակ, սահմանվել է նվազագույն գինը` 164.800.000 ՀՀ դրամի չափով վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու համար, մինչդեռ անգամ նշված գնով գույքերը ձեռք չի բերվել այլ անձանց կողմից, ուստիև անցել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ին ի սեփականություն: Հետևաբար Դատարանն անհիմն է համարել հայցվորի փաստարկներն առ այն, որ գույքերն իրացվել է շուկայական գնից անհամեմատ ցածր գնով, որի արդյունքում գոյացած տարբերությունը պետք է վերադարձվի հայցվորին, քանի որ հրապարակային սակարկություններով գույքերի աճուրդի դեպքում գույքի շուկայական գին եզրույթը պետք է հասկանալ որպես գույքի արագ իրացման արժեք` լիկվիդացիոն գին, և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի շրջանակներում գույքի «շուկայական գին» արտահայտությունը պետք է մեկնաբանել նույն հոդվածով սահմանված` իրացման իմաստով, որպիսի պարագայում շուկայական ողջամիտ գինը գույքի` հրապարակային սակարկություններով աճուրդի միջոցով իրացման դեպքում համարվում է դրա լիկվիդացիոն գինը:

Դատարանը գտել է նաև, որ 25.05.2014 թվականի դրությամբ վարկային պարտավորության չափը կազմել է 159.507.109.8 ՀՀ դրամ, իսկ գույքերի իրացման արժեքի չափը կազմել է 164.800.000 ՀՀ դրամ, ուստի նշված գումարի տարբերությունը` 5.292.890,2 ՀՀ դրամ գումարի չափով, ենթակա էր վերադարձման գրավատուին, որը չի կատարվել, հետևաբար նշված գումարը ենթակա է բռնագանձման «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ից հօգուտ գրավատուի` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասը: Բացի այդ, Դատարանը նշել է նաև, որ իրացման պահին հաջորդող օրվանից` 26.05.2014 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվորի ենթակա է բռնագանձման նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսագումարը:

Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, Դատարանի 24.09.2018 թվականի վճիռը բեկանելով և գործը նոր քննության ուղարկելով, պատճառաբանել է, որ Դատարանը, անդրադառնալով հայցի հիմնավորվածության հարցին և արձանագրելով դրա հիմնավորվածությունը որոշելու տեսանկյունից գործով ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, որևէ կերպ չի անդրադարձել անշարժ գույքերի իրացման օրվա` 25.05.2014 թվականի դրությամբ դրանց լիկվիդացիոն արժեքը պարզելու հարցին: Նման պայմաններում Դատարանը, հայցվորի կողմից ներկայացված պահանջը` շուկայական արժեքի չափով գույքի իրացման արդյունքում առաջացած գումարի տարբերությունը բռնագանձելուն վերաբերող մասով մերժելով, գտել է, որ շուկայական ողջամիտ գինը գույքի` հրապարակային սակարկություններով աճուրդի միջոցով իրացման դեպքում համարվում է դրա լիկվիդացիոն գինը, սակայն Դատարանը գործի քննության նախապատրաստական փուլում անշարժ գույքի լիկվիդացիոն արժեքի պարզաբանման հարցը քննարկման առարկա չի դարձրել և չի ներառել ապացուցման առարկայի մեջ:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 26.01.2017 թվականի որոշմամբ բեկանելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.09.2016 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության, սահմանել է գործի նոր քննության ծավալ, որը հանգում է հետևյալին. ըստ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշման` գործի նոր քննության ընթացքում ստորադաս դատարանը պետք է նշանակեր կրկնակի կամ լրացուցիչ փորձաքննություն` փորձագետներին առաջադրելով պարզել, թե 25.05.2014 թվականի դրությամբ որքան է կազմել Անշարժ գույքերի շուկայական գինը և անհրաժեշտության դեպքում փորձագետներին առաջադրեր սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող այլ հարցեր ևս:

Դատարանը գործի նոր քննության ընթացքում 30.06.2017 թվականի որոշմամբ նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն և փորձագետներին առաջադրել է պարզել, թե 25.04.2014 թվականի դրությամբ որքան է կազմել Անշարժ գույքերի շուկայական գինը: ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համաձայն` Անշարժ գույքերի շուկայական արժեքը 25.05.2014 թվականի դրությամբ գնահատվել է ընդհանուր 246.815.000 ՀՀ դրամ: Մինչդեռ հայցը մասնակիորեն բավարարելիս` Դատարանը նշել է, որ շուկայական գին արտահայտությունը պետք է մեկնաբանվի շուկայում գործող ողջամիտ գնի հաշվարկով, որպիսին կարող է լինել միայն դրա արագ վաճառքի գինը` լիկվիդացիոն արժեքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի նոր քննության ընթացքում Դատարանը թեև նշանակել է դատաապրանքագիտական փորձաքննություն, դրանով իրականացնելով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներում գործի նոր քննություն, սակայն դատական ակտ կայացնելիս դուրս է եկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 26.01.2017 թվականի որոշմամբ սահմանված ծավալի շրջանակներից, այն է` Դատարանը վճռում նշելով, որ Անշարժ գույքերի լիկվիդացիոն արժեքը պարզելու մասին հարց փորձագետներին չի առաջադրվել, ավելին` վերադաս դատական ատյանի կողմից գործի նոր քննության նման ծավալ չի մատնանշվել, միաժամանակ հայցը մասնակիորեն բավարարելիս վճռի հիմքում դրել է Անշարժ գույքերի լիկվիդացիոն արժեքը: Վերաքննիչ դատարանն էլ իր 12.02.2019 թվականի որոշմամբ բեկանելով Դատարանի 24.09.2018 թվականի վճիռը և գործն ուղարկելով նոր քննության` հաշվի չի առել վերը նշված հանգամանքները և անհիմն կերպով է հանգել այն եզրակացության, որ Դատարանը որևէ կերպ չի անդրադարձել Անշարժ գույքերի իրացման օրվա` 25.05.2014 թվականի դրությամբ դրանց լիկվիդացիոն արժեքը պարզելու հարցին:

Վերոգրյալ փաստական հանգամանքների համադրված վերլուծության արդյունքում հարկ է հաշվի առնել այն հանգամանքը, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 26.01.2017 թվականի որոշմամբ սույն գործը նոր քննության է ուղարկել միայն Անշարժ գույքերի շուկայական գինը որոշելու համար: Գործի նոր քննության ընթացքում ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրվել է թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացությունը, որի համաձայն` Անշարժ գույքերի շուկայական արժեքը 25.05.2014 թվականի դրությամբ գնահատվել է ընդհանուր 246.815.000 ՀՀ դրամ: Միաժամանակ նկատի ունենալով, որ Անշարժ գույքերը Բանկին ի սեփականություն անցնելուց հետո վեց ամսվա ընթացքում չեն օտարվել, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը, ուստի սույն գործը կրկին նոր քննության ուղարկելու անհրաժեշտությունը բացակայում է: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոնշյալ իրավական և փաստական հանգամանքների լույսի ներքո գրավ դրված վերոնշյալ գույքն իրացված է համարվում գույքն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրը` 25.05.2014 թվականի դրությամբ գույքի շուկայական գնով, որը ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համաձայն` կազմում է 246.815.000 ՀՀ դրամ:

Վերոգրյալը հիմք ընդունելով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գրավատուին վերադարձման ենթակա գումարի չափի հաշվարկին: Այսպես. «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համաձայն` Անշարժ գույքերի շուկայական արժեքը 25.05.2014 թվականի դրությամբ գնահատվել է ընդհանուր 246.815.000 ՀՀ դրամ: «Պրոմեթեյ բանկ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված տեղեկանքի համաձայն` գրավատուի պարտավորության չափը կազմել է 159.218.320 ՀՀ դրամ: ՈՒստի, հաշվի առնելով կարգավորումն առ այն, որ գրավադրված գույքը համարվում է իրացված «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի կողմից գույքերն ի սեփականություն վերցնելուն հաջորդող վեցամսյա ժամկետի վերջին օրվա դրությամբ գույքի շուկայական գնով, եթե այդ վեցամսյա ժամկետում գույքը չի օտարվել, և առաջնորդվելով վերը կատարված իրավական վերլուծություններով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում գրավատուին վերադարձման ենթակա գումարը գույքի շուկայական արժեքի և գրավատուի պարտավորության չափի տարբերությունն է: Այսինքն` սույն գործով գրավատուին վերադարձման ենթակա գումարը 246.815.000 ՀՀ դրամի (Անշարժ գույքերի շուկայական արժեքի) և 159.218.320 ՀՀ դրամի (գրավատուի պարտավորության չափի) տարբերությունն է, այն է` 87.596.680 ՀՀ դրամը: Միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայկ Մովսիսյանը 18.05.2018 թվականին Դատարան է ներկայացրել հայցադիմումի հստակեցում և պահանջել է «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ից բռնագանձել 129.043.543 ՀՀ դրամ, որից 87.307.890 ՀՀ դրամ` որպես չկատարված հիմնական պարտավորություն, 41.735.563 ՀՀ դրամ` որպես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ, ինչպես նաև 18.05.2018 թվականից մինչև գումարը վճարելու օրն ընկած ժամանակահատվածի համար 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված տոկոսները (հատոր 7-րդ, գ.թ. 76-78), Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ելնելով դատարան ներկայացված հայցադիմումի հստակեցման պահանջից, սույն գործով Հայկ Մովսիսյանին վերադարձման ենթակա մայր գումարը` որպես չկատարված հիմնական պարտավորություն, կազմում է 87.307.890 ՀՀ դրամ:

Ինչ վերաբերում է վերադարձման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների հաշվարկին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գրավով ապահովված պարտավորությունների բավարարման արդյունքում մնացած և գրավատուին փոխանցման ենթակա գումարի նկատմամբ ևս հաշվարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները, սակայն որոշակի առանձնահատկությամբ: Մասնավորապես` գրավատուին փոխանցման ենթակա գումարի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկվում են ոչ թե գրավի առարկայի իրացման հաջորդ օրվանից, այլ իրացման հաջորդ օրվանից սկսած տասնօրյա ժամկետի ավարտի օրվանից: Վճռաբեկ դատարանը նման եզրահանգման է գալիս` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 251-րդ հոդվածի կարգավորումը, որով գրավառուին գրավի առարկան իրացնելուց հետո տասնօրյա ժամկետ է տրամադրվում գրավատուին փոխանցելու իրացման արդյունքում ստացված գումարի և գրավատուի պարտավորության տարբերությունը: ՈՒստի, այդ ժամկետն ավարտվելուց հետո միայն կարելի է խոսել ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու և հետևաբար նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները հաշվարկելու մասին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները վերադարձնելու պահանջը ենթակա է բավարարման մասնակիորեն. այսպես` Անշարժ գույքերի իրացման հաջորդ օրվանից` 26.05.2014 թվականից մինչև 04.06.2014 թվականը (տասնօրյա ժամկետի ավարտի օր) ընկած ժամանակահատվածի համար 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջը, որը կազմում է 287.039 ՀՀ դրամ (87.307.890x12%+.-.365x10), ենթակա է մերժման` վերոնշյալ պատճառաբանություններով: Միաժամանակ 05.06.2014 թվականից մինչև 18.05.2018 թվականը 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ բռնագանձելու պահանջը, որը կազմում է 41.362.411 ՀՀ դրամ (87.307.890x12%+.-.365x1441), ենթակա է բավարարման: Բավարարման է ենթակա նաև 19.05.2018 թվականից մինչև գումարը վերադարձնելու օրն ընկած ժամանակահատվածի համար 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածին համապատասխան հաշվարկված տոկոսներ բռնագանձելու պահանջը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը կիրառելու համար հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` բողոքարկված դատական ակտը բեկանելու և փոփոխելու դեպքում վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանը եզրափակիչ դատական ակտով գործին մասնակցող անձանց միջև վերաբաշխում է դատական ծախսերը` նույն գլխի կանոնների համաձայն:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` առաջին ատյանի դատարաններ տրվող հայցադիմումների, (...) դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար (...) պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. հայցադիմումների (...) համար`

ա) դրամական պահանջով` հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից,

բ) ոչ դրամական պահանջով` բազային տուրքի քառապատիկի չափով (...),

6. դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի երեք տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ, կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի երեք տոկոսի չափով,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի տասնապատիկի չափով (...),

7. դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար`

ա) դրամական պահանջի գործերով` հայցագնի երեք տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից,

բ) ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով (...):

Սույն գործով նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ Վերաքննիչ դատարանի որոշումը` բեկանման և փոփոխման, որի արդյունքում հայցը ենթակա է բավարարման մասնակիորեն, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի ենթակա է բռնագանձման 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 2.675.209 ՀՀ դրամ ((87.307.890x3%) + ((1.865.760 ճ12%+.-.365x65)ճ3%))` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 2.675.209 ՀՀ դրամ ((87.307.890x3%) + ((1.865.760 x 12%+.-.365x65)x3%))` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Հայկ Մովսիսյանից ՀՀ պետական բյուջե ենթակա է

բռնագանձման 8.611 ՀՀ դրամ (287.039x3%)` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: Հայկ Մովսիսյանից ՀՀ պետական

բյուջե ենթակա է բռնագանձման 8.611 ՀՀ դրամ (287.039x3%)` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար: «Պրոմեթեյ

Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 858.611 ՀՀ դրամ (1.000.000-141.389)` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և Վճռաբեկ դատարանի 31.07.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար` նկատի ունենալով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պետական տուրքի առավելագույն չափը դրամական պահանջի գործերով վճռաբեկության կարգով բողոքարկում իրականացնելիս:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի ենթակա է բռնագանձման 141.389 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար` նկատի ունենալով, որ վերջինս, հայցը մերժելու մասով, կրում է պետական տուրքի վճարման պարտականություն, որն էլ կազմում է 8.611 ՀՀ դրամ:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի ենթակա է բռնագանձման նաև 116.400 ՀՀ դրամ` որպես ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համար վճարված փորձաքննության ծախս:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.02.2019 թվականի որոշումը և այն փոփոխել. հայցը բավարարել մասնակիորեն` «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի բռնագանձել 128.670.301 ՀՀ դրամ, որից 87.307.890 ՀՀ դրամ` որպես չկատարված հիմնական պարտավորության գումար, 41.362.411 ՀՀ դրամ` որպես 05.06.2014 թվականից մինչև 18.05.2018 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսի գումար` 87.307.890 ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվեգրումը և բռնագանձումը շարունակելով 19.05.2018 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը:

Հայցը մնացած` 287.039 ՀՀ դրամ` որպես 26.05.2014 թվականից մինչև 04.06.2014 թվականն ընկած ժամանակահատվածի համար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսներ բռնագանձելու պահանջի մասով, մերժել:

2. «Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմում ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.675.209 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 2.675.209 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Հայկ Մովսիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.611 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.11.2016 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

Հայկ Մովսիսյանից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 8.611 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար նախատեսված և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2018 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 858.611 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախատեսված և ՀՀ վճռաբեկ դատարանի 31.07.2019 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի չվճարված մասի գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի բռնագանձել 141.389 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար նախապես վճարված պետական տուրքի մասի հատուցման գումար:

«Պրոմեթեյ Բանկ» ՍՊԸ-ի իրավահաջորդ «Էվոկաբանկ» ՓԲԸ-ից հօգուտ Հայկ Մովսիսյանի բռնագանձել 116.400 ՀՀ դրամ` որպես ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից 25.01.2018 թվականին տրված թիվ 17-0361դ ապրանքագիտական եզրակացության համար վճարված փորձաքննության ծախս:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ն. Տավարացյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
20.03.2020
N ԵԿԴ/3288/02/14
Որոշում