Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 8-ՐԴ, 119-ՐԴ, 367-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                         թիվ ԵԿԴ/3044/02/16

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/3044/02/16     2019 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունվարի 17-ին

գրավոր ընթացակարգով քննելով Էդիկ Մնոյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ` ըստ հայցի Թագուհի Թովմասյանի ընդդեմ Էդիկ Մնոյանի, «Վիրտուալ-Մեդիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` «www.slaq.am» համացանցային էլեկտրոնային կայքէջում 22.06.2016 թվականի «Ժողովուրդը» այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել» վերնագրված հոդվածում Թագուհի Թովմասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտության և վիրավորանքների համար www.slaq.am համացանցային էլեկտրոնային կայքէջի միջոցով հրապարակայնորեն հերքելուն և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, Էդիկ Մնոյանից, Ընկերությունից 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Թագուհի Թովմասյանը պահանջել է պարտավորեցնել պատասխանողներին www.slaq.am համացանցային կայքէջի միջոցով հրապարակայնորեն հերքել և Թագուհի Թովմասյանից ներողություն խնդրել` «www.slaq.am» համացանցային էլեկտրոնային կայքէջում վիրավորանք և զրպարտություն պարունակող 22.06.2016 թվականի ««Ժողովուրդը» այսօր հերթական ապատեղեկատվությունն է տարածել» վերնագրված հոդվածում Թագուհի Թովմասյանի վերաբերյալ հրապարակված զրպարտության և վիրավորանքների համար: Էդիկ Մնոյանից և Ընկերությունից բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես փոխհատուցում, բռնագանձումը տարածելով պատասխանողներին պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 30.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Ընկերության մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ Էդիկ Մնոյանից հօգուտ Թագուհի Թովմասյանի բռնագանձվել է 300.000 ՀՀ դրամ` որպես վիրավորանքի համար փոխհատուցման գումար: Էդիկ Մնոյանը պարտավորեցվել է ֆեյսբուքյան գրառման մեջ հրապարակած վիրավորական արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրել Թագուհի Թովմասյանից. հայցը` հրապարակված զրպարտության համար «www.slaq.am» համացանցային էլեկտրոնային կայքէջի միջոցով հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջի մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.01.2019 թվականի որոշմամբ Էդիկ Մնոյանի վերաքննիչ բողոքը վերադարձվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Էդիկ Մնոյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ, 119-րդ, 367-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ բողոքաբերի կողմից վճռի դեմ ներկայացվող բողոքի բաց թողնված ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդության հիմքում դրված փաստը հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել, մինչդեռ բողոքաբերը նման փաստը հիմնավորելու ապացուցողական պարտականություն չունի, քանի որ նշված փաստը հիմնավորող փաստաթղթերը պետք է առկա լինեն տվյալ քաղաքացիական գործի նյութերում:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ Դատարանի կողմից վճիռն ուշ ուղարկելու մասին է վկայում նաև վճռի ուղարկման գրության մեջ նշված ամսաթիվը, այն է` 14.11.2018 թվականը, և գործում առկա ապացույցների համատեքստում ակնհայտ է նաև, որ վճիռն ուշ է ուղարկվել գործին մասնակցող մյուս անձանց ևս, քանի որ ուղարկման գրությունը ելք է եղել մեկ փաստաթղթի միջոցով, այն է` ուղարկման գրության վրա նշված են նաև գործին մասնակցող մյուս անձինք:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը պոզիտիվ պարտականություն ուներ գործին մասնակցող բոլոր անձանց վերաբերյալ փոստային անդորրագրերը և ստացման վերաբերյալ հետադարձ հավաստագրերը գործին կցելու, ինչը չի կատարվել, որպիսի պայմաններում բողոքաբերը հնարավորություն չունի ապացուցելու իր կողմից բողոքարկվող վճիռը 21.11.2018 թվականին ստանալու փաստը, մինչդեռ Վերաքննիչ դատարանն այնպիսի ապացուցման պարտականություն է դրել Էդիկ Մնոյանի վրա, որի հավաստիության վերաբերյալ փաստերը գտնվում են քաղաքացիական գործի նյութերում:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի և 367-րդ հոդվածի խախտումներ, որոնք խաթարել են արդարադատության բուն էությունը և որոնց առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը.

- արդյո՞ք դատարանի եզրափակիչ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելն ու ժամկետը վերականգնելը կարող է մերժվել, եթե բողոքարկվող դատական ակտն օրենքով սահմանված կարգով հասցեատիրոջն ուղարկելու և նրա կողմից ստացվելու մասին ապացույցները գործում բացակայում են:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատարանների կողմից չեն կարող այնպիսի ձևական խոչընդոտներ ստեղծվել, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված անձի դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս, ի թիվս այլնի, Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը, «Ֆասթ Սփլայ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ3/0347/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.03.2015 թվականի որոշումը, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/17609/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

i

Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքին, փաստել է, որ բողոքարկման ժամկետներին վերաբերող նորմերը անկասկած սահմանված են արդարադատության պատշաճ իրականացման և իրավական որոշակիության սկզբունքի ապահովման նպատակով, սակայն հիշյալ նորմերը կամ դրանց կիրառումը չպետք է գործին մասնակցող անձին զրկեն իրենց իրավունքի իրականացման հնարավորությունից (տե՛ս, Ferez de Rada Cavanilles v. Spain, application, թիվ 116/1997/900/1112 գանգատով ՄԻԵԴ, 28.10.1998 թվականի վճիռը, կետ 45): Որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, Վարդան Աբրահամյանն ընդդեմ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի թիվ ՇԴ/0016/04/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.04.2019 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է նաև դատարանի դատական ակտն օրենսդրությամբ սահմանված ժամկետում անձին չհանձնելու և բողոքարկման ժամկետները բաց թողնելու իրավական հետևանքներին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ի ընդդեմ «Արմինե» ԱԿ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

i

Մեկ այլ գործով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այն դեպքում, երբ բողոքարկման իրավունքի իրացման ժամկետի բացթողումը պայմանավորված է ստորադաս դատարանի անգործությամբ, բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս վերադաս դատարանը պետք է առաջնորդվի անձի` իր իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու և դրա մատչելիության սկզբունքներով (տե՛ս, Ալբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Լորիկ Վարդանյանի թիվ ԵՇԴ/0245/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 16.03.2016 թվականի որոշումը):

i

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ այս կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.02.2016 թվականի թիվ ՍԴՈ-1254 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրորեն պետք է սահմանվեն անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ դատական ակտը բողոք բերողի կողմից ամբողջությամբ ու ողջամիտ ժամկետում ստանալու և դատարանի մատչելիության ու արդար դատաքննության իր իրավունքն արդյունավետ իրացնելու համար: Վերը նշվածի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ դատական ակտերի բողոքարկման ժամկետը, որպես կանոն, հաշվարկվում է հրապարակման պահից, այնուամենայնիվ, անհրաժեշտ են օրենսդրական բավարար երաշխիքներ, որոնք կապահովեն անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների արդյունավետ իրացումը:

i

Բացի այդ, 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշման շրջանակներում ՀՀ սահմանադրական դատարանը, վկայակոչելով իր թիվ ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, եզրահանգել է, որ ստորադաս դատարանի դատական ակտը վերադասության կարգով բողոքարկելու եղանակով անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը մեծապես կախված է այն հանգամանքից, թե որքանով է բողոքարկվող դատական ակտը հասու շահագրգիռ անձին, ողջամիտ ինչ ժամկետում նա կարող է հիմնավոր բողոք ներկայացնել իր իրավունքների դատական պաշտպանության համար: (...) վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքներն օրենքով դրանց ներկայացված պահանջներին համահունչ նախապատրաստելու համար հարկ է, որպեսզի վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք ներկայացնող անձն իր տնօրինության ներքո ունենա բողոքարկվող դատական ակտը, որպեսզի կարողանա նշված ակտի ուսումնասիրության հիման վրա իր վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքում հիմնավորել, պատճառաբանել ստորադաս դատարանի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումը և գործի ելքի վրա դրանց ազդեցությունը, կամ դրանց արդյունքում` ծանր հետևանքներ առաջացած լինելու փաստը կամ առաջացման հնարավորությունը:

Միաժամանակ ՀՀ սահմանադրական դատարանը վերահաստատել է 22.12.2015 թվականի թիվ ՍԴՈ-1249 որոշմամբ արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որ երբ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառ է հանդիսանում համապատասխան բողոքարկվող դատական ակտը բողոքաբերից անկախ պատճառներով վերջինիս ուշ հասու լինելու հանգամանքը, ապա բողոքաբերը պետք է ներկայացնի բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն` կցելով համապատասխան հանգամանքը հավաստող, վկայող ապացույցները, իսկ վճռաբեկ դատարանը` տվյալ հանգամանքի հաշվառմամբ բավարարի ներկայացված միջնորդությունը: Այդ դեպքում բաց թողնված ժամկետը վճռաբեկ դատարանի կողմից վերականգնվում է իրավունքի ուժով (ex jure)` համապատասխան դատական ակտում այդ մասին փաստելով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ինչպես վերը նշված, այնպես էլ ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կիրառելի են նաև վերաքննության կարգով բողոքարկման իրավակարգավորումների նկատմամբ:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով (այսուհետ` Նախկին օրենսգիրք):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված իրավակարգավորումը տարածվում է նաև Նախկին օրենսգրքի նորմերի կիրառմամբ քննված քաղաքացիական գործերով կայացված վճիռների հրապարակման, դրանք կողմերին հանձնելու կամ ուղարկելու իրավահարաբերությունների վրա, եթե նույնիսկ այդ վճիռները կայացվել են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ուժի մեջ մտնելուց հետո, իսկ այդ վճիռները վերաքննության կարգով բողոքարկվելու դեպքում վերաքննիչ դատարանի կողմից կիրառման են ենթակա գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

i

Նախկին օրենսգրքի 124-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը հանձնվում է գործին մասնակցած անձանց: Գործի մասնակիցներից որևէ մեկի ներկայացած չլինելու դեպքում վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով ուղարկվում է նրան:

i

Նախկին օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերի:

i

Նախկին օրենսգրքի 207-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելու համար սահմանված ժամկետը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սահմանել է հրապարակվելուց անմիջապես հետո վճռի օրինակը գործին մասնակցող անձանց հանձնելու, իսկ նրանց ներկայացած չլինելու դեպքում` վճռի օրինակը հրապարակման կամ հաջորդ օրը պատվիրված նամակով նրանց ուղարկելու դատարանի պարտականությունը: Այսինքն` օրենսդիրը կարևորել է վճռի օրինակը գործին մասնակցող անձանց հանձնելու հանգամանքը, քանի որ դա կոչված է երաշխավորելու վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորությունը:

Վճռաբեկ դատարանի վերը նշված հետևությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի բողոքարկման իրավունքը պետք է ուղեկցվի բավարար երաշխիքներով, որոնք հնարավորություն կտան դատական ակտը բողոքարկող անձանց արդյունավետ օգտվելու վերադաս ատյանի մատչելիությունից, ներառյալ նրանց կողմից հիմնավոր բողոքներ ներկայացնելու հնարավորության տրամադրմամբ:

Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ եթե ներպետական օրենսդրությամբ հստակ սահմանված է դատական ակտի մասին ծանուցելու` իրավասու մարմինների պարտականությունը, ապա դիմողի գանգատարկման իրավունքը չի կարող մերժվել, եթե ուշացումների պատճառն իշխանությունների պարտականությունների կատարումն է եղել, նույնիսկ եթե տեսականորեն դիմողն ունեցել է դատական ակտի մասին այլ աղբյուրներից տեղեկանալու հնարավորություն (տե՛ս, Davran v. Turkey գործով Եվրոպական դատարանի 03.11.2009 թվականի վճիռը, կետեր 31-47):

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 30.05.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն: Սույն գործում առկա չեն Դատարանի 30.05.2018 թվականի վճիռը դրա հրապարակման կամ հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ:

Գործում առկա է միայն Դատարանի 14.11.2018 թվականի թիվ Ե215858 ուղեկցական գրությունը` վճիռը Էդիկ Մնոյանին ուղարկելու մասին (հատոր 2-րդ, գ.թ, 111), սակայն առկա չէ գրությամբ նշված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց, ինչպես նաև Դատարանի վճիռը Էդիկ Մնոյանի կողմից ստանալու փաստը հաստատող փոստային հետադարձ ծանուցագիրը:

21.12.2018 թվականին փոստային առաքմամբ (հիմք` փոստային ծրար, հատոր 3-րդ, գ.թ. 23) Էդիկ Մնոյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որով միաժամանակ վերջինս միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու ժամկետը բաց թողնելու պատճառները և վերականգնել բողոք բերելու ժամկետը, պատճառաբանելով, որ Դատարանի վճիռը ստացել է 21.11.2018 թվականին (հատոր 3-րդ, գ.թ, 4-18):

Վերաքննիչ դատարանը, 21.01.2019 թվականի որոշմամբ վերադարձնելով վերաքննիչ բողոքը և անդրադառնալով Դատարանի 30.05.2018 թվականի վճռի դեմ բողոք ներկայացնելու բաց թողնված ժամկետն այդ վճիռը 21.11.2018 թվականին ստացած լինելու փաստի ուժով վերականգնելու վերաբերյալ բողոքաբերի միջնորդությանը, հանգել է այն հետևության, որ բողոք ներկայացնելու համար սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվել չի կարող, քանի դեռ բողոք բերած անձի կողմից չի ներկայացվել միջնորդության հիմքում դրված փաստը հաստատող որևէ ապացույց: Միաժամանակ տվյալ որոշմամբ սահմանվել է 15-օրյա ժամկետ վերաքննիչ բողոքը ստանալուց հետո թույլ տրված խախտումը վերացնելու և վերաքննիչ բողոքը կրկին ներկայացնելու համար (հատոր 3-րդ, գ.թ, 32-33):

Հաշվի առնելով վերոգրյալը և սույն գործի փաստերը համադրելով Վերաքննիչ դատարանի իրավական վերլուծությունների հետ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Տվյալ դեպքում Դատարանի 30.05.2018 թվականի վճռի դեմ Էդիկ Մնոյանի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ ներկայացրել է 21.12.2018 թվականին, այսինքն` օրենքով սահմանված վերաքննիչ բողոք բերելու ժամկետի ավարտից հետո, և պատճառաբանելով, որ բողոքարկվող վճիռը ստացել է 21.11.2018 թվականին, միջնորդել է հարգելի համարել վերաքննիչ բողոք բերելու համար սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ Էդիկ Մնոյանը Դատարանի գործն ըստ էության լուծող դատական ակտն ստացել է հրապարակման օրը: Ավելին` գործում առկա չէ նաև ապացույց այն մասին, թե երբ է Դատարանը վճիռն ուղարկել վերջինիս` փոստային ծառայությանը հանձնելու միջոցով և երբ է Էդիկ Մնոյանը ստացել բողոքարկվող վճիռը: Տվյալ դեպքում առկա է միայն Դատարանի 14.11.2018 թվականի թիվ Ե215858 ուղեկցական գրությունը` վճիռը Էդիկ Մնոյանին ուղարկելու մասին, սակայն անգամ այդ գրությամբ վճիռը նրան ուղարկելու վերաբերյալ ապացույց սույն գործում առկա չէ:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի կողմից դատական ակտն Էդիկ Մնոյանին ուղարկելու և այն նրա կողմից ստանալու մասին ապացույցների բացակայության պայմաններում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու փուլում Վերաքննիչ դատարանին հայտնի միակ տեղեկությունը բողոքարկվող վճիռը 21.11.2018 թվականին ստացված լինելու մասին բողոք ներկայացրած անձի փաստարկն է, որը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հիմք ընդունվեր ու համարվեր հավաստի, քանի որ ակնհայտ է, որ վճիռը գործին մասնակցող բողոք բերած անձին հանձնելու կամ ուղարկելու օրենքով սահմանված իր պարտականությունը Դատարանը պատշաճ չի կատարել, իսկ բողոքաբերը չի կարող կրել դրա բացասական հետևանքը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքը վերադարձնելիս Վերաքննիչ դատարանը ղեկավարվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ըստ որի` վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում բողոքը պարունակել է ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, ինչը որոշման պատճառաբանական մասում որակելով որպես բավարարման ոչ ենթակա, Վերաքննիչ դատարանն այդպես էլ իր որոշման եզրափակիչ մասում միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված իրավական դիրքորոշումների համաձայն` Էդիկ Մնոյանի ներկայացուցչի նշված միջնորդությունը ենթակա էր բավարարման և բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերից անկախ պատճառներով դատական ակտը նրան ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, վերադարձնելով Էդիկ Մնոյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, սահմանափակել է վերջինիս` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, քանի որ անհիմն կերպով վերադարձրել է Էդիկ Մնոյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը` վերջինիս զրկելով Դատարանի 30.05.2018 թվականի վճիռը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունից:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 21.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը ենթակա է վերացման:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2019 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Տ. Պետրոսյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
17.01.2020
N ԵԿԴ/3044/02/16
Որոշում