Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 362-ՐԴ ԵՎ 372-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՎԵՐ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                Քաղաքացիական գործ թիվ

    դատարանի որոշում                         ԼԴ4/0236/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԼԴ4/0236/02/17     2020 թ.

Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

    Դատավորներ`        Ա. Սմբատյան

                       Ն. Մարգարյան

 

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի փետրվարի 03-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գառնիկ Մուրադյանի հայցի ընդդեմ Հայկ Թադևոսյանի` պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Գառնիկ Մուրադյանի ներկայացուցիչ Արշակ Մկոյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գառնիկ Մուրադյանը պահանջել է Հայկ Թադևոսյանին պարտադրել հրապարակայնորեն ներողություն խնդրել, ինչպես նաև բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ` որպես իր պատվին և արժանապատվությանը պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Զաքարյան) 26.12.2017 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2018 թվականի որոշմամբ (դատավորներ` Լ. Գրիգորյան, Գ. Խանդանյան, Հ. Ենոքյան) Գառնիկ Մուրադյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը բավարարվել է` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 26.12.2017 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Գագիկյան) (այսուհետ` նաև Դատարան) 10.10.2018 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12.12.2018 թվականի որոշմամբ Գառնիկ Մուրադյանի ներկայացուցչի վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողման պատճառները հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գառնիկ Մուրադյանի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անտեսելով, որ Դատարանը վճիռը կայացրել է 10.10.2018 թվականին, իր որոշման մեջ որպես վճռի կայացման ամսաթիվ նշել է 20.09.2018 թվականը:

Վերաքննիչ դատարանը, հաշվի չառնելով, որ վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնվել 15.11.2018 թվականին, որպես վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանը հանձնելու ամսաթիվ է նշել 01.11.2018 թվականը:

Վերաքննիչ դատարանը, անտեսելով նաև, որ սույն գործով հայցվորը իրավաբանական անձ չէ, իր որոշման մեջ նշել է, որ Դատարանն իր վճիռը փոստային ծառայության միջոցով ուղարկել է Ընկերությանը:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը գործի փաստական հանգամանքները պատշաճ չի հետազոտել և հանգել է սխալ եզրակացության, ինչի արդյունքում կայացնելով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում` սահմանափակել է Գառնիկ Մուրադյանի դատական պաշտպանության իրավունքը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հարուցված միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելիս դատարանի կողմից անհրաժեշտ գործողությունների կատարման շրջանակին:

i

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

i

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

i

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՈՒղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու, (...):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

i

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին (...):

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է նաև, որ քաղաքացիական դատավարությունում գործին մասնակցող անձինք ունեն դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք, որը դատարանի կողմից վճիռ կայացվելու դեպքում կարող է իրականացվել այն հրապարակվելու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում, դատական ակտը բողոքարկելու դատավարական ժամկետը բաց թողնելու դեպքում գործին մասնակցող անձն իրավունք ունի հարուցելու միջնորդություն` բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ:

Միաժամանակ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին օրենսդիրն իրավունք է վերապահել մերժելու վերաքննիչ բողոքի ընդունումը, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է: Ընդ որում, միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: Դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը: Հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, «Ռեքվիեմ» ՍՊԸ-ն ընդդեմ «Մեգարոն» ՍՊԸ-ի թիվ ԵՇԴ/1017/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 11.03.2015 թվականի որոշումը):

Վերը նշված դիրքորոշման համատեքստում անդրադառնալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժելու և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշման կայացմանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ այդ միջնորդությունը քննարկելիս և լուծելիս ևս պետք է հաշվի առնել, որ այն հարուցած անձն ակնկալել է իր կողմից հարուցված միջնորդության միջոցով բարձրացված հարցի որոշակի լուծում, որի դեպքում դատարանը պարտավոր է իր եզրահանգումները հիմնավորել` բացառապես ելնելով գործի փաստերից: Այլ կերպ ասած` դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է վերաբերի գործի փաստական հանգամանքներին և հարուցված միջնորդության բովանդակությանը, հակառակ պարագայում կհամարվի, որ բացակայում է տվյալ գործի փաստական կազմից բխող համապատասխան եզրահանգումը, իսկ դրա հետևանքով` նաև դատարանի որոշումը հարուցված միջնորդության վերաբերյալ, ինչն իր հերթին կհանգեցնի անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքի խախտմանը:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քաղաքացիական դատավարության յուրաքանչյուր փուլն ուղղված է յուրաքանչյուր անձի արդար դատաքննության իրավունքի իրացման ապահովմանը, որն ի թիվս այլնի իր մեջ ներառում է իրավական որոշակիության սկզբունքի պահպանում, որը inter alia պահանջում է, որպեսզի դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61): Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործին մասնակցող անձանց կողմից ներկայացված համապատասխան միջնորդությունը մերժելու կամ բավարարելու մասին դատարանի եզրահանգումն առաջին հերթին պետք է բխի տվյալ գործի փաստերից, որը պայմանավորված է յուրաքանչյուր անձի` իր գործով որոշակի և հաստատուն դատական ակտ ստանալու ակնկալիքով:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, 12.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ մերժելով Գառնիկ Մուրադյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը, արձանագրել է հետևյալը`

1) «Սույն գործով վճիռը կայացվել է 20.09.2018 թվականին»

2) «նույն օրն էլ Դատարանն այն ուղարկել է Ընկերությանը փոստային կապի ծառայության միջոցով».

3) «Բողոք բերող անձի կողմից վերաքննիչ բողոքը փոստային կապի ծառայությանն է հանձնվել 01.11.2018 թվականին»:

Վերը նշվածի հիման վրա Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ «բողոք բերող անձը խախտել է օրենքով նախատեսված (հրապարակման պահից հետո) մեկամսյա ժամկետում վերաքննիչ բողոք ներկայացնելու օրենսդրի պահանջը: Բողոք բերող անձը չի ներկայացրել միջնորդություն` դատավարական ժամկետի բացթողման պատճառները հարգելի ճանաչելու և այդ ժամկետը վերականգնելու մասին»:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը նշել է, որ «Դատարանը դատական ակտն ուղարկել է հրապարակման օրը, այսինքն` դատական ակտը կողմին ուղարկելու առումով Դատարանն օրենքով սահմանված ժամկետները պահպանել է, որևէ խախտում թույլ չի տվել: Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել օրենքով սահմանված մեկամսյա ժամկետն անցնելուց հետո, այսինքն կողմը բողոքարկել է արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը կարող է քննարկման առարկա դառնալ միայն եթե կողմը կներկայացնի հիմնավոր միջնորդություն ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու մասին և կհիմնավորի, թե ինչու հնարավոր չի եղել դատական ակտը ստանալու պահից մինչև օրինական ուժի մեջ մտնելը վերաքննիչ բողոք ներկայացնելը»:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի փաստերի համաձայն` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որի դեմ բերվել է սույն գործով վերաքննիչ բողոքը, կայացվել է 10.10.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 93-102), և ոչ թե` 20.09.2018 թվականին, ինչպես նշվել է Վերաքննիչ դատարանի 12.12.2018 թվականի որոշման մեջ:

Դատարանն այդ վճիռն ուղարկել է Գառնիկ Մուրադյանին, և ոչ թե «Ընկերությանը», ինչպես նշվել է Վերաքննիչ դատարանի նույն որոշման մեջ (հատոր 2-րդ, գ.թ. 103, 104):

Գործում առկա է միայն Դատարանի կողմից 10.10.2018 թվականի ամսաթվով կազմված թիվ Ե-4828/18 ուղեկցական գրությունը` Դատարանի 10.10.2018 թվականի վճռի օրինակը Գառնիկ Մուրադյանին ուղարկելու վերաբերյալ (հատոր 2-րդ, գ.թ. 103), սակայն առկա չէ այդ գրությամբ ուղարկված վճիռը փոստային ծառայությանը հանձնելու վերաբերյալ ապացույց: Գառնիկ Մուրադյանը Դատարանի 10.10.2018 թվականի վճիռն ստացել է 16.10.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 104), իսկ վերաքննիչ բողոքը փոստային առաքմամբ վերջինիս ներկայացուցիչը ներկայացրել է 15.11.2018 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 118), և ոչ թե` «01.11.2018 թվականին», ինչպես նշվել է Վերաքննիչ դատարանի 12.12.2018 թվականի որոշման մեջ:

Ըստ գործում առկա` Գառնիկ Մուրադյանի ներկայացուցչի` վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելու պատճառը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության` թիվ ԼԴ4/0236/02/17 քաղաքացիական գործով 10.10.2018 թվականին հրապարակված վճիռը փոստային ծառայության միջոցով ստացվել է «15.10.2018 թվականին» (հատոր 2-րդ, գ.թ. 136):

Հաշվի առնելով վերը նշվածը և դրանք համադրելով սույն գործի փաստերի հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 12.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման մեջ նշված` հարուցված միջնորդությունը մերժելու վերաբերյալ եզրահանգումները չեն բխում սույն գործի փաստերից` դրանք էականորեն տարբերվում են և՛ միջնորդության մեջ նշված, և՛ սույն գործի փաստական հանգամանքներից:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի գործողությունները` կապված հարուցված միջնորդությունը քննարկելու հետ, չեն բխում վերը նշված դիրքորոշումներից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշում, թույլ է տվել դատավարական իրավունքի նորմի` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որի հետևանքով խաթարվել է արդարադատության բուն էությունը, այն է` սահմանափակվել է բողոք բերած անձի` դատարանի մատչելիության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 12.12.2018 թվականի որոշումը վերացնելու և գործը` Գառնիկ Մուրադյանի ներկայացուցչի վերը նշված միջնորդությունը կրկին քննության առնելու նպատակով, համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 12.12.2018 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
03.02.2020
N ԼԴ4/0236/02/17
Որոշում