Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՍՊԸ ՏՆՕՐԵՆԸ ԵՆԹԱԿԱ Է ՎԱՐՉԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՍՊԸ ՏՆՕՐԵՆԸ ԵՆԹԱԿԱ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վարչական վերաքննիչ                  Վարչական գործ                  

    դատարանի որոշում                       թիվ ՎԴ/3166/05/17

    Վարչական գործ թիվ ՎԴ/3166/05/17        2019 թ.

Նախագահող դատավոր` Ք. Մկոյան

    Դատավորներ`        Ա. Առաքելյան

                       Ա. Սարգսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2019 թվականի դեկտեմբերի 25-ին

դռնբաց դատական նիստում քննելով Պետական եկամուտների կոմիտեի (իրավանախորդ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե) (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.07.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ռունար Սալիմուլլինի ընդդեմ Կոմիտեի` Կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության (այսուհետ` Վարչություն) 06.03.2017 թվականի թիվ 344293/02 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ռունար Սալիմուլլինը պահանջել է Վարչության 06.03.2017 թվականի թիվ 344293/02 «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» որոշումը (այսուհետ` Որոշում) ճանաչել անվավեր:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Կ. Բաղդասարյան) (այսուհետ` Դատարան) 26.09.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 18.07.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.09.2017 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասը, իրավահարաբերության պահին գործող «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին պարբերությունը:

Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել առ այն, որ ԵՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրի վիճակագրական հաշվետվությունը ներկայացնող պատասխանատու սուբյեկտ չի դիտարկել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենին: Մասնավորապես` Ռունար Սալիմուլլինը, հանդիսանալով «ԱԻՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) գլխավոր տնօրեն, պարտավոր էր վիճակագրական հաշվետվությունները սահմանված կարգով ներկայացնել Կոմիտե: Հետևաբար հենց Ռունար Սալիմուլլինը պետք է ենթարկվեր վարչական պատասխանատվության «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված տեղեկությունները Կոմիտե չներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.07.2019 թվականի որոշումը և այն փոփոխել` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Վարչության Որոշման համաձայն` Ռունար Սալիմուլլինի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերության կիրառմամբ նշանակվել է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս, հանդիսանալով Ընկերության տնօրեն, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում Կոմիտե չի ներկայացրել 2016 թվականի դեկտեմբեր ամսվա ԵՏՄ անդամ երկրների հետ իրականացրած փոխադարձ առևտրի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունը (գ.թ. 8):

2) Ընկերության կողմից ԵՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտուր իրականացնելու, դրա հիման վրա վիճակագրական հաշվետվություններ մաքսային մարմին չներկայացնելու և Ռունար Սալիմուլլինի նշված ընկերության տնօրեն հանդիսանալու հանգամանքները հանդիսանում են անվիճելի փաստեր:

3) Վարչության Որոշումը վերացնելու հայցապահանջի հիմքում Ռունար Սալիմուլլինը դրել է ոչ միայն այն փաստարկը, որ ինքը չէր կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Ընկերության վրա դրված պարտականությունը չկատարելու համար, այլ նաև վիճարկվող վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացքում առերևույթ թույլ տրված ընթացակարգային խախտումներին առնչվող մի շարք այլ փաստարկներ, մասնավորապես` վիճարկվող վարչական ակտի անհամապատասխանությունը հիմնավորվածության և գրավոր վարչական ակտին ներկայացվող այլ պահանջներին, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված կանոնների չպահպանվածությունը և այլն (գ.թ. 2-5):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` իրավաբանական անձի կողմից վիճակագրական հաշվետվությունները և վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելու համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենը ենթակա է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության` ընկերության վրա դրված վիճակագրական տեղեկությունները (հաշվետվությունները) մաքսային մարմին ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների պաշտոնատար անձանց, անհատ ձեռնարկատերերի կողմից պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելը` առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ օրենսդիրը վարչական պատասխանատվություն է սահմանել պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով) ներկայացնելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությունում ամրագրված զանցակազմի հատկանիշները հանգում են հետևյալին.

1. զանցանքի օբյեկտը Հայաստանի Հանրապետությունում պետական վիճակագրության կազմակերպման կարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերություններն են:

2. Զանցանքի սուբյեկտը հատուկ է`

- իրավաբանական անձանց պաշտոնատար անձը,

- օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների պաշտոնատար անձը,

- պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձը,

- հիմնարկների պաշտոնատար անձը,

- անհատ ձեռնարկատերը:

3. Զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսևորվում է հետևյալ արարքներից որևէ մեկով.

- պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելը,

- պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը սահմանված կարգի խախտումով, այսինքն` սահմանված ժամկետների կամ ամբողջ ծավալի խախտումներով կամ աղավաղումներով, ներկայացնելը:

4. Զանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշը մեղքի առկայությունն է, որը դրսևորվում է դիտավորությամբ կամ անզգուշությամբ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավահարաբերության պահին պետական վիճակագրության կազմակերպման կարգը սահմանված էր «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքով, որն ուժը կորցրել է 09.04.2018 թվականին:

Իրավահարաբերության պահին գործող «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի գործողությունը տարածվում է իրավաբանական անձանց, օտարերկրյա իրավաբանական անձանց` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական մարմիններ չհանդիսացող պետական հիմնարկների (...), ինչպես նաև քաղաքացիների (վիճակագրական տեղեկություններ տրամադրողներ) վրա:

Նույն օրենքի 21-րդ հոդվածի համաձայն` պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում տասնհինգ օրվա ընթացքում կատարվում է գրավոր նախազգուշացում: Սահմանված ժամկետից հաշվետվությունները մեկ ամսից ավելի ուշացնելու և գրավոր նախազգուշացման ներկայացումից տասնհինգ օրվա ընթացքում հաշվետվությունը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով (...):

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասով տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված է Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացնելու պարտականություն:

Այսպես` «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը ներկայացվում է մաքսային մարմին` Կառավարության սահմանած կարգով` ոչ ուշ, քան ապրանքների առաքման (ստացման) ամսվան հաջորդող ամսվա 10-ը:

Կառավարությունը, հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասում իրեն վերապահված լիազորությունը, 23.04.2014 թվականին ընդունել է թիվ 447-Ն որոշումը, որով հաստատվել են Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները: Կառավարության այդ որոշումը գործել է սույն գործով վիճելի իրավահարաբերության պահին և ուժը կորցրել է 01.10.2018 թվականին` փոխարինվելով Կառավարության մեկ այլ` 28.06.2018 թվականի թիվ 737-Ն որոշմամբ:

Կառավարության 23.04.2014 թվականի թիվ 447-Ն որոշմամբ հաստատված կանոնների 5-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորումն իրականացվում է ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձևում (...) արտացոլված տվյալների հիման վրա: Վիճակագրական ձևը հանդիսանում է նույն կանոնների 7-րդ կետում նշված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվության ձև:

Նույն կանոնների 7-րդ կետի համաձայն` անկախ ապրանքներ տեղափոխող տրանսպորտի տեսակից` վիճակագրական ձևը լրացվում է բոլոր ապրանքների համար` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող անձի կողմից, ով կնքել է գործարքը, կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է այդ գործարքը, կամ ով ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք (այսուհետ` դիմող):

Նույն կանոնների 10-րդ կետի համաձայն` դիմողը պատասխանատվություն է կրում վիճակագրական ձևի ժամանակին ներկայացման, դրա մեջ արտացոլված տվյալների լրիվության և հավաստիության համար` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ իրավակարգավորումների վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտուր իրականացնող սուբյեկտները պարտավոր էին Կառավարության հաստատած կանոններին համապատասխան կարգով, ձևով և ժամկետներում մաքսային մարմին ներկայացնել հավաստի վիճակագրական տեղեկություններ: Ընդ որում, վիճակագրական տեղեկությունների չներկայացնելու կամ սահմանված ժամկետների խախտմամբ ներկայացնելու կամ ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձևով ներկայացնելու համար առաջանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական պատասխանատվություն, այն է` նախազգուշացում կամ տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ խնդրո առարկա հասարակական հարաբերությունները նույն կերպ են կարգավորվում նաև ներկայումս գործող` Կառավարություն 28.06.2018 թվականի թիվ 737-ն որոշմամբ, որով հաստատվել է Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնները:

Այսպես` նշված կանոնների 6-րդ կետով սահմանված է, որ ՀՀ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը (...), ով կնքել է գործարք կամ ում անունից (հանձնարարությամբ) կնքվել է գործարքը, համաձայն որի ապրանքները ԵՏՄ անդամ պետությունների տարածքներից ներմուծվում են ՀՀ տարածք կամ ՀՀ տարածքից արտահանվում են ԵՏՄ անդամ պետությունների տարածքներ, իսկ նման գործարքի բացակայության դեպքում` ապրանքների ներմուծման կամ արտահանման պահին տնօրինման, օգտագործման և (կամ) տիրապետման իրավունք ունեցող անձը պարտավոր է նույն կանոնների 8-րդ կետով սահմանված ժամկետում մաքսային մարմիններին ներկայացնել հավաստի տեղեկություններ պարունակող վիճակագրական ձևեր: ՀՀ մաքսային մարմինները հսկողություն են իրականացնում վիճակագրական ձևերի ժամանակին ներկայացման և դրանցում պարունակվող տվյալների հավաստիության նկատմամբ:

Իսկ նշված կանոնների 12-րդ կետով նախատեսված է, որ ՀՀ մաքսային մարմիններին վիճակագրական ձևը չներկայացնելու կամ սահմանված ժամկետներում չներկայացնելու կամ ոչ հավաստի տվյալներ պարունակող վիճակագրական ձև ներկայացնելու դեպքում կանոնների 6-րդ կետում նշված անձը կրում է վարչական պատասխանատվություն` համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.2-րդ հոդվածի:

Այսպիսով, իրավահարաբերության պահին գործող «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև իրավահարաբերության պահին գործող Կառավարության 23.04.2014 թվականի թիվ 447-Ն որոշման վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունը վկայում է, որ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը` որպես պետական վիճակագրական փաստաթուղթ, մաքսային մարմին ներկայացնելու պարտականությունը կրում է փոխադարձ առևտրով զբաղվող իրավաբանական անձը: Միևնույն ժամանակ, տվյալ իրավաբանական անձի կողմից քննարկվող պարտականությունը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը ոչ թե իրավաբանական անձն է, այլ այդ իրավաբանական անձի համապատասխան պաշտոնատար անձը:

Վճռաբեկ դատարանի նշված դատողությունը հիմնված է այն իրողության վրա, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ կարող է լինել միայն ֆիզիկական անձը, այլ ոչ երբեք իրավաբանական անձը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործող օրենսգիրքը չի նախատեսում իրավաբանական անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն:

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ իրավաբանական անձի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության սուբյեկտ չհանդիսանալու հանգամանքը հաստատված է նաև կայուն իրավակիրառ պրակտիկայով: Այսպես, օրինակ, դեռևս 2006 թվականին կայացված որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ և 11-րդ հոդվածների բովանդակության վերլուծությունից հետևում է, որ վարչական պատասխանատվության կարող են ենթարկվել միայն ֆիզիկական անձինք: Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի` իրավաբանական անձը չի կարող համարվել վարչական իրավախախտման սուբյեկտ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով և ենթարկվել պատասխանատվության նույն օրենսգրքով սահմանված կարգով (տե՛ս, Աշխատանքի պետական տեսչությունն ընդդեմ «Թովմասյան Համլետ» ՍՊԸ-ի թիվ 3-1787(ՏԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.09.2006 թվականի որոշումը):

Այսպիսով, իրավաբանական անձին Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգի բացակայության պատճառով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ օրենսդիրը պետական վիճակագրական հաշվետվությունները և պետական վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերը չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով ներկայացնելու զանցակազմի սուբյեկտ է համարել ոչ թե իրավաբանական անձին, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Ռունար Սալիմուլլինի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է վերացնել Վարչության Որոշումը: Վարչության Որոշմամբ Ռունար Սալիմուլլինի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերության կիրառմամբ նշանակվել է տուգանք` 20.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ վերջինս, հանդիսանալով Ընկերության տնօրեն, «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում Կոմիտե չի ներկայացրել 2016 թվականի դեկտեմբեր ամսվա ԵՏՄ անդամ երկրների հետ իրականացրած փոխադարձ առևտրի վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունը:

Դատարանը բավարարել է Ընկերության հայցը և անվավեր է ճանաչել Վարչության Որոշումը: Դատարանը պատճառաբանել է, որ ԵՏՄ անդամ պետությունների հետ փոխադարձ առևտրին վերաբերող գործունեություն իրականացվել է ոչ թե հայցվորի, այլ` հայցվորի ղեկավարած ընկերության կողմից: Իսկ վիճարկվող որոշմամբ որևէ իրավական ակտի մատնանշմամբ չի հիմնավորվել, թե արդյոք համապատասխան վիճակագրական հաշվետվության ներկայացման պարտականությունը կրում է հայցվորը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողել է անփոփոխ այն պատճառաբանությամբ, որ «(...) Որոշումն առհասարակ չի պարունակում որևէ հիմնավորում` համապատասխան վիճակագրական հաշվետվությունը ներկայացնելու պարտականությունը հենց հայցվորի վրա դրված լինելու վերաբերյալ:

«(...) Որոշումից պարզ չէ, թե ինչ հանգամանքների գնահատմամբ է վարչական մարմինը որոշել, որ սույն դեպքում պատասխանատվության սուբյեկտն է հանդիսանում հենց Ընկերության տնօրեն Ռունար Սալիմուլլինը»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով անվիճելի փաստեր են, որ վիճարկվող վարչական ակտի կայացման պահին Ռունար Սալիմուլլինը հանդիսացել է Ընկերության տնօրեն: Ընկերության կողմից Մաքսային միության անդամ երկրների հետ իրականացվել է փոխադարձ առևտուր, և վերջինիս կողմից Մաքսային միության անդամ երկրների հետ իրականացված փոխադարձ առևտրին վերաբերող 2016 թվականի դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունները մաքսային մարմին չեն ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Ընկերությունը` որպես Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրով զբաղվող իրավաբանական անձ, կրում է այդ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը` որպես պետական վիճակագրական փաստաթուղթ, մաքսային մարմին ներկայացնելու պարտականություն: Միևնույն ժամանակ, Ընկերության կողմից տվյալ պարտականությունը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը ոչ թե Ընկերությունն է, այլ դրա համապատասխան պաշտոնատար անձը:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը` Ընկերության համապատասխան պաշտոնատար անձը, Ընկերության տնօրեն Ռունար Սալիմուլլինն է:

Այսպես` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` (...) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են նույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան:

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացվում է ընկերության գործադիր մարմնի կողմից (...):

«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ի մասի համաձայն` ընկերության գործադիր մարմինը (գլխավոր տնօրենը, նախագահը և այլք) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` ընկերության գործադիր մարմնի դերում կարող է հանդես գալ միայն ֆիզիկական անձը, բացառությամբ նույն օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված դեպքի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ընկերության գործադիր մարմինը`

ա) առանց լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.

բ) տալիս է լիազորագրեր` ընկերության անունից ներկայացուցչություն կատարելու իրավունքի համար, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

գ) տալիս է հրամաններ` ընկերության աշխատակիցներին պաշտոնների նշանակման, նրանց տեղափոխման և ազատման վերաբերյալ, կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում է կարգապահական տույժեր.

դ) իրականացնում է նույն օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ` ընդհանուր ժողովի, ընկերության խորհրդի իրավասությանը չվերապահված այլ իրավունքներ:

Վերոնշյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների ընթացիկ ղեկավարությունն իրականացվում է գործադիր մարմնի կողմից: Ընկերության գործադիր մարմինը կարող է հանդես գալ գլխավոր տնօրենի, նախագահի կամ այլ պաշտոնների տեսքով: Ընդ որում, որպես կանոն, գործադիր մարմին կարող է լինել ֆիզիկական անձը: Միաժամանակ, օրենքում, ի թիվս այլ իրավասությունների, սահմանված է, որ ընկերության գործադիր մարմինն առանց համապատասխան լիազորագրի գործում է ընկերության անունից, այդ թվում` ներկայացնում է նրա շահերը այլ սուբյեկտների հետ հարաբերություններում:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրով զբաղվող սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` այդ առևտրի վերաբերյալ Կառավարության սահմանած վիճակագրական տեղեկատվությունը մաքսային մարմին ներկայացնելու պարտականությունը չկատարելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի` իրավահարաբերության պահին գործող խմբագրությամբ 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործադիր մարմնի դերում հանդես եկող ֆիզիկական անձն է (գլխավոր տնօրեն, նախագահ և այլն):

Վերոգրյալ վերլուծությունների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության է ենթակա Հայաստանի Հանրապետության և Մաքսային միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրով զբաղվող Ընկերության անունից հանդես գալու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (տնօրենը)` Ռունար Սալիմուլլինը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Փաստորեն, սույն գործով վիճարկվող վարչական ակտը` Վարչության Որոշումը, չէր կարող անվավեր ճանաչվել այն հիմքով, որ վարչական մարմինը չի հիմնավորել Ռունար Սալիմուլլինի` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ վարչական պատասխանատվության ենթակա լինելը: Նշված հանգամանքը լրացուցիչ հիմնավորման կարիք չունի, քանի որ այն բխում է թե՛ վերոնշյալ օրենսդրական կարգավորումների բովանդակությունից, թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հիմքով վարչական պատասխանատվության բնագավառում հաստատված կայուն իրավակիրառ պրակտիկայից: Մինչդեռ տվյալ դեպքում Դատարանը Վարչության Որոշումն անվավեր ճանաչելու մասին դատական ակտ է կայացրել բացառապես այդ հիմքով` նշելով, որ «(...) բացակայում է հայցվորի կողմից մատնանշված մյուս փաստարկների գնահատման անհրաժեշտությունը (...)»: Իսկ Վերաքննիչ դատարանն իր հերթին համաձայնել է Դատարանի վերոգրյալ դիրքորոշման հետ: Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի` անվավեր ճանաչման ենթակա լինելու վերաբերյալ ստորադաս դատարանների եզրահանգումներն անհիմն են:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու համար գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 18.07.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող Ե. Խունդկարյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

 

pin
Վճռաբեկ դատարան
25.12.2019
N ՎԴ/3166/05/17
Որոշում