ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 հուլիսի 2020 թվականի N 1188-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ, 7-րդ մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեից հետ վերցնել պետական սեփականություն հանդիսացող Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 10 296 301,5 դրամ սկզբնական արժեքով 320,9 քառ. մետր մակերեսով տարածքը (այսուհետ` անշարժ գույք) և ամրացնել Կադաստրի կոմիտեին` «Կենտրոն» սպասարկման գրասենյակի տեղակայման նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության Երևանի Կենտրոն վարչական շրջանի Նալբանդյան փողոցի 28 հասցեում գտնվող շենքից 73 424 918,5 դրամ սկզբնական արժեքով 2288,4 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքը (որից` 226,3 քառ. մետր` նկուղային հարկից, 1172,6 քառ. մետր` 3-րդ հարկից և 889,5 քառ. մետր` 4-րդ հարկից) (այսուհետ` տարածք) անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ` կազմակերպություն):
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`
1) Կադաստրի կոմիտեի ղեկավարի հետ համատեղ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքները.
2) կազմակերպության հետ կնքել սույն որոշման 2-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2020 թ. հուլիսի
Երևան