ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
10 հուլիսի 2020 թվականի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ
Մեր ազգային անվտանգության հարցը քննելիս, կարծում եմ, նախ պետք է քննենք մեր ազգային ինքնության հարցը, որովհետև ազգային անվտանգությունն ազգային ինքնության պահպանման, ֆիզիկական և բովանդակային սպառնալիքներից դրա պաշտպանության մասին է: Բայց մյուս կողմից ազգային ինքնությունը նույնը չի մնում: Մեր ազգը, ժողովուրդը արդեն հազարամյակներ գոյություն ունի, բայց լինել հայ նույն բանը չի նշանակել այդ հազարամյակների ողջ ընթացքում և հասկացության նշանակությունը փոխվել է ժամանակի հետ` տարբեր հանգամանքների, իրադարձությունների, գործոնների բերումով:
Մենք հիմա չգիտենք` ինչ է նկատի ունեցել Արտաշես արքայի ժամանակների մեր հայրենակիցը, երբ ասել է հայ: Բայց հաստատ գիտենք, որ նույն բանը նկատի չի ունեցել, ինչ մենք ենք այսօր նկատի ունենում հայ ասելով: Առնվազն` նա չի իմացել մեր գոյության մասին, իսկ մենք նրա գոյության մասին գիտենք վստահաբար: Հենց միայն այս հանգամանքը ազգային ինքնության զարգացման էական գործոն է:
Մենք հիմա չգիտենք, թե արդյոք 2000 տարի առաջ ապրած հայը իր գործողությունները դիտարկել է այսօրվա մեր գոյության շահերի տեսակետից, չգիտենք` այն ժամանակ մտքերի նման ընթացք եղե՞լ է, թե ոչ: Բայց հիմա կարող ենք այդպես վարվել. իմանալով անցյալը` մտածել ոչ միայն ներկայի ու մոտ ապագայի, այլև հազարամյա հորիզոնի մասին:
Եվ թերևս սա է այն շրջադարձային կետը, որտեղ ազգային գաղափարախոսությունը դառնում է կենսական անհրաժեշտություն, կիրառական նշանակության ինստիտուտ, երբ կա խնդիր` անցյալի ու ներկայի փորձի հիման վրա ոչ միայն այսօրվա անելիքը ձևակերպել, այլև ապագային միտված այն ուղերձը, որը հազար տարի հետո ապրող հային պետք է կապի հազար տարի առաջ ապրած հայի հետ:
Թերևս հենց այսպիսին է ազգային ինքնության ու գիտակցության զարգացման գործընթացը: Ազգային ինքնությունը զարգանում է սեփական պատմության բերած փորձով, այդ փորձի իմացությամբ, այս փորձառության ու կյանքի ընթացքում ունեցած դրական և բացասական տպավորություններով, ինչպես նաև ապագայի ձգտումներով, որը օրգանական կապի մեջ է անցյալի ու ներկայի հետ: Երկար տարիների ընթացքում մեր ազգային ինքնությունը զարգացել է այնքան, որ այսօր կարող ենք ձևակերպել մեր նպատակադրումը` գալիք հազարամյակներում ապահովել մեր սերունդների գոյությունն ու բնականոն զարգացումը երկիր մոլորակի վրա` Հայաստան պետության տարածքում, և մեր այսօրվա անելիքը դիտարկել նաև այդ տեսանկյունից:
2000 տարի հետո երկրի վրա ապրող հայը չի լինելու այնպիսին, ինչպիսին մենք ենք այսօր, ինչպես և մենք այսօր այնպիսին չենք, ինչպիսին եղել է 2000 տարի առաջ ապրած հայը: Բայց ի տարբերություն 2000 տարի առաջ ապրած հայի` մենք կարող ենք ուղերձ հղել 2000 տարի հետո ապրող հային: Եվ այդ ուղերձի հիմնական իմաստն այն պիտի լինի, թե ինչն է նրան կապում մեզ ու մեզնից 2000 տարի առաջ ապրած հայի հետ, և որոնք են այն պայմանները, որ պիտի ուժեղացնեն, կենսունակ դարձնեն այդ կապը: Բայց մյուս կողմից, այդ կապը կապանք չպիտի՛ լինի:
Այն ոչ թե հետ պիտի քաշի, այլ առաջ մղի, խթանի, ոգևորի, այն չպիտի դառնա մի ճնշող ներկայություն, այլ յուրաքանչյուր հայի հազարամյա առաքելության մասը զգալու, այդ առաքելության մասը դառնալու, այդ առաքելության շրջանակն ընդլայնելու, բովանդակությունը հարստացնելու խթան պիտի տա, վստահություն, ձգտում, ինքն իրեն ճանաչելու և գիտակցելու հետաքրքրություն պիտի պարգևի:
Ազգային ինքնության ամենաառանցքային բաղադրիչը հենց կապն է արմատների հետ և ազգի պատմության ընթացքում ձևավորված ժառանգության, արժեքների նկատմամբ սեփականատիրական զգացումը, ինչը պիտի ուժեղացնի յուրաքանչյուր անհատի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, այսպիսով նաև` ազգի, ժողովրդի հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ: Այս է պատճառը, որ Ազգային անվտանգության ռազմավարության առաջաբանում հարկ եմ համարում գծագրել հենց այսպիսի ուղեգիծ, որը ձևակերպված է ստորև:
Բաբելոնն է եղել մեր ախոյանը` տե՛ս -
Անհետ կորել, անցել է - չար մշուշի պես:
Վահան Տերյան
Մենք սերել ենք հայկական լեռնաշխարհում, Հայկ նահապետից և մեր անունն է հայ: Մենք հետնորդներն ենք Վանի թագավորության, Երվանդունիների հարստության, Արտաշեսյանների հարստության, Արշակունիների հարստության, Բագրատունիների հարստության, Կիլիկյան թագավորության, Հայաստանի Առաջին Հանրապետության:
Մենք ճանաչում ենք Հայկական ԽՍՀ բացառիկ դերը Հայաստանում կրթության, գիտության, մշակույթի, արդյունաբերության զարգացման գործում:
Մենք Հայաստանի Երրորդ Հանրապետության Հպարտ քաղաքացիներն ենք, Հայաստանի Երրորդ Հանրապետությունը հիմնադրած և Արցախն ազատագրած հայ ժողովրդի զավակները:
Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է: Հայաստանի Հանրապետությունը համահայկական պետություն է և ներկայացնում է աշխարհի բոլոր հայերին:
Հայ ժողովուրդը պատմական բազմաթիվ արհավիրքներ հաղթահարելու և 21-րդ դար հասնելու ուժ և կարողություն է ձեռք բերել այն հմտությունների, գիտելիքի և հատկանիշների շնորհիվ, որոնք զարգացրել է պետականություն ունենալու շրջանում: Այս պատմական գիտակցության վրա հենվելով է, որ հայ ժողովուրդը Մեծ եղեռնից անմիջապես հետո կարողացավ վերստեղծել իր անկախ պետությունը:
Հայկական պետությունը հայ ժողովրդի գոյության և զարգացման միակ երաշխավորն է:
Հետևաբար` Հայկական պետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, որովհետև հայ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան:
Ազգային արժեքներ
Հայ ժողովրդի ազգային արժեքներն են`
- Հայոց պետականությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հայոց բանակը:
- Հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:
- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:
- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:
- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:
- Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայ կաթողիկե եկեղեցին, Հայ ավետարանական եկեղեցին. քրիստոնեությունը:
- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:
- Հայրենի բնաշխարհը` իր կենսաբազմազանությամբ:
- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, հարգանքը և հանդուրժողականությունը ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ: Եղբայրական զգացմունքները և հարաբերությունները Հայաստանում և Արցախում ապրող ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ` արտահայտված Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիությամբ:
- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի` վերը նկարագրված ազգային արժեքները:
Ազգային նպատակներ
Հայ ժողովրդի ազգային նպատակներն են`
- Հայկական պետության հավիտենության համար անհրաժեշտ գաղափարական, անվտանգային, հանրային, քաղաքական, իրավական, տնտեսական, ժողովրդագրական, միջազգային, կրթական, ինտելեկտուալ, մշակութային` ինստիտուցիոնալ պայմանների ապահովումը:
- Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը` առանց որևէ սահմանափակման:
- Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը:
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության, բարեկեցության, ազատության և երջանկության, ինչպես նաև հանրահռչակ մյուս իրավունքների ապահովումը և պաշտպանությունը:
- Օրենքի առաջ բոլորի հավասարությունը, կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, հանրային, պետական, տնտեսական կյանքում ներգրավվելու կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ապահովումը, իրավունքների պաշտպանության և պարտականությունների կատարման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը:
- Հայ ժողովրդի ազգային-պետական ինքնության, ինքնուրույնության և ինքնիշխանության պահպանումը և զարգացումը, ներառյալ ազգային ինքնության վերականգնումը և զարգացումը ազգային ինքնագիտակցությունից հեռացած և հեռացող հայության շրջանում, և ընդհանրապես` հայության շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցողների թիվը էականորեն մեծացնելու միջոցով:
- Համահայկական ներուժի համախմբումը ազգային նպատակների իրագործման շուրջ` հանուն ազգային արժեքների պահպանման և զարգացման:
Համակեցության համահայկական կանոններ
1. Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից: Բոլոր այն ուժերը, անհատները, որ բռնությունը դիտարկում են որպես ներհայկական որևէ հարցի լուծման միջոց, պետք է մերժվեն: Բռնությունից զերծ հանրության, բռնությունից զերծ ժողովրդի տեսլականը պետք է մեր համազգային միավորման անկյունաքարային դրույթը դառնա: Ասվածը չի կարող վերաբերել օրինական ուժի կիրառմանը` հանցագործությունների կանխման և բացահայտման, հանրության բնականոն կյանքի ապահովման, ինչպես նաև արտաքին ագրեսիայից հայրենիքի պաշտպանության նպատակով:
2. Ժողովուրդը և նրա ազատ կամարտահայտությունը իշխանության ձևավորման միակ աղբյուրն է: Ժողովրդի ազատ կամքի աղճատման, աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործունեություն:
3. Հայաստանի և Արցախի, հայ ժողովրդի ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է: Օտար ուժերին ներհայկական, ներհայաստանյան հարցերի լուծմանը ներգրավելու, մեր երկրում որպես օտարերկրյա շահերի ներկայացուցիչ հանդես գալու պատրաստակամություն ունեցող ուժերը պիտի արժանանան հայ ժողովրդի և նրա լեգիտիմ ներկայացուցիչ Հայաստանի կառավարության կոշտ հակազդեցությանը:
4. Հայաստանը և Արցախը պետք է զերծ լինեն կոռուպցիայից. կոռուպցիայի բոլոր դրսևորումները, այդ թվում` հովանավորչությունը, արհեստական մենաշնորհները, մրցակիցների նկատմամբ արհեստական խոչընդոտներ հարուցելը պետք է արմատախիլ արվեն, կոռուպցիոն գործունեության արդյունքում պետությանը և ժողովրդին հասցված նյութական վնասները պետք է վերականգնվեն:
5. Իրավունքի և օրենքի գերակայությունը, օրենքի առաջ բոլորի հավասարությունը, իրավունքների պաշտպանությունը և պարտականությունների կատարումը պետք է դառնան ներազգային հարաբերությունների առանցք: Արտաքին կամ ներքին ազդեցությունների տրվող դատարանների գոյությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը: Դատարանները պետք է լինեն անկախ: Տնտեսության, քաղաքականության մեջ և հանրային կյանքի որևէ բնագավառում արտոնյալ խավի, շրջանակների, անհատների առկայությունը պետք է բացառել:
6. Արցախի հարցի կարգավորման բանակցային գործընթացի նպատակը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանությունը: Բանակցությունների արդյունքում Հայաստանի և Արցախի կառավարությունների համար ընդունելի համարված որևէ լուծում կարող է ընդունելի դիտվել միայն Հայաստանում և Արցախում ժողովրդական հավանության դեպքում:
Մենք և աշխարհը
Հայաստանն իր ողջ պատմության ընթացքում գտնվել է «արևելքի արևմուտքում» և «արևմուտքի արևելքում»` հաճախ դառնալով քաղաքակրթությունների բախման թատերաբեմ: Մենք մերժում ենք քաղաքակրթությունների բախման կանխավարկածը և միջազգային հարաբերություններում մեզ դիրքավորում որպես քաղաքակրթությունների երկխոսության ջատագով: Միջազգային և ազգամիջյան երկխոսությունը արտաքին հարաբերությունների մեր առանցքային տեսլականն է` հիմնված փոխադարձ հարգանքի, հասկանալու և հասկանալի դառնալու ձգտման վրա: Քաղաքակրթությունների, ժողովուրդների, պետությունների երկխոսությանը և բազմակողմ հարաբերություններին նպաստելը պիտի դառնա միջազգային խաղաղությանն ու կայունությանն աջակցելու մեր հանձնառության արտահայտությունը: Հայաստանը պատրաստ է դառնալ նման երկխոսության հարթակ:
Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
3. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
. Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում
. Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում
. Արցախի անվտանգության ապահովում
5. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
. Միջազգային փոխգործակցության, անվտանգության և խաղաղության խթանում
. Ցեղասպանության կանխարգելում
. Հայաստան-Սփյուռք. համահայկականության ձևավորում
6. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
7. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
. Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում
. Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում
. Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում
. Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում
. Հանրային բարեկեցության և ժողովրդագրական իրավիճակի բարելավում
. Մտավոր ներուժի ներգրավում բարձր տեխնոլոգիական և ռազմական արդյունաբերության ոլորտներ
. Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում
. Շրջակա միջավայրի վերականգնում, պահպանություն և բարելավում
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության (ԱԱՌ) գլխավոր նպատակը Հայաստանի և ՀՀ քաղաքացիների անվտանգ և առաջանցիկ զարգացման ու բարեկեցության ապահովման համար ուղենիշների սահմանումն է` հիմնվելով անկախ, ինքնիշխան և հզոր Հայաստանի Հանրապետության վրա` որպես այս նպատակի իրագործման երաշխավոր և աշխարհասփյուռ հայ ժողովրդի հայրենիք: Ռազմավարությունը սահմանում է Հայաստանի ազգային շահերը և դրանց արդյունավետ պաշտպանության ռազմավարական ուղղությունները:
1.2 2007թ. ՀՀ ազգային անվտանգության առաջին ռազմավարության ընդունումից ի վեր միջազգային և տարածաշրջանային անվտանգային միջավայրն էական փոփոխություններ է կրել` Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները դարձնելով ավելի բարդ և բազմաշերտ: Փոխվել է նաև Հայաստանը: 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության իրագործմամբ ՀՀ քաղաքացին բարձր նշաձող է սահմանել պետության անվտանգության, զարգացման և բարեկեցության ապահովման համար: Նոր համատեքստում Հայաստանի անվտանգային քաղաքականության առանցքը կառավարման ժողովրդավարական համակարգն է, որն ամուր հիմք է ստեղծում երկրի տնտեսական, քաղաքական, մտավոր, հետևաբար նաև ռազմական ներուժի հզորացման համար: Այս իրողությունները մեզնից պահանջում են ունենալ նոր, ավելի հավակնոտ Ազգային անվտանգության ռազմավարություն:
1.3 Ռազմավարությունը հիմնված է երեք հիմնարար սկզբունքների վրա: Առաջին, ուժեղ և բարեկեցիկ Հայաստանը սեփական անվտանգության երաշխավորն է: Հայաստանի անվտանգության ապահովման համար հայոց պետության ուժն ու բարեկեցությունն այլընտրանք չունեն: Որպես պետություն, որը շահագրգռված է խաղաղության և կայունության պահպանմամբ և այդ ուղղությամբ անընդհատ կարողություններ է զարգացնում` Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել տարածաշրջանի խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման գործում իր որոշիչ դերակատարման ուղղությամբ: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի մասնակցել միջազգային անվտանգության ապահովմանը` խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների ներգրավման միջոցով` որպես ոչ միայն միջազգային անվտանգության սպառող, այլ նաև ապահովող:
1.4 Երկրորդ, իր տրամաբանությամբ ռազմավարությունը կոչված է նպաստելու հեռահար նպատակին` հայոց պետականության հավիտենության ապահովմանը` մեզ պատրաստելով դիմակայելու մեր պետականությանը երբևէ սպառնացող հնարավոր վտանգներին: Հայ ժողովուրդն այլևս պետք է հաղթահարի իր պետականության ձեռքբերման և կորստի արատավոր շրջապտույտը, որը տեղի է ունեցել նախկինում` հաճախ պայմանավորված մեզնից անկախ աշխարհաքաղաքական հանգամանքներով: ՀՀ քաղաքացին և հայ ժողովուրդն այլևս պետք է հաստատի իր ինքնակայությունը հայոց պետականության հարցում, որի գոյությունը կախված չէ աշխարհաքաղաքական հանգամանքներից, այլ բխում է միայն հայ ժողովրդի կամքից: Այս նպատակի իրագործումը ենթադրում է համահայկական ջանքերի և կարողությունների մեկտեղում: Հայոց պետականությունը, որպես հայ ժողովրդի դարավոր իղձերի իրականացում, պատկանում է ՀՀ քաղաքացուն և համայն հայ ժողովրդին, որոնք էլ այդ պետականության կրողն են և շահերի պաշտպանը:
1.5 Երրորդ, մշտապես փոփոխվող աշխարհում առաջնային է դառնում զարգացնել Հայաստանի ներքին և արտաքին դիմակայունությունը` նոր, անկանխատեսելի մարտահրավերներին միշտ պատրաստ լինելու և դրանց արդյունավետորեն արձագանքելու համար: Այսպես, աշխարհաքաղաքական ծավալուն և հարընթաց փոփոխությունների պայմաններում ժամանակակից աշխարհակարգի հիմնարար սկզբունքների շուրջ ստեղծվել է անորոշություն. տեղի են ունենում ուժային վերադասավորումներ, թուլանում են միջազգային բազմակողմ հարթակները, իսկ պետությունների միջև փոխվստահությունը նվազում է: Ավանդական կանխատեսելի սպառնալիքներին հակազդելու անհրաժեշտությունից զատ պետությունների և հասարակությունների առջև ծառանում է նաև անկանխատեսելի սպառնալիքներին դիմակայելու հրամայականը: Սրա ամենավառ օրինակը նոր տիպի կորոնավիրուսային համավարակի բռնկումն էր, որը հանկարծակիի բերեց աշխարհի առաջատար երկրների առողջապահական համակարգերը և համաշխարհային տնտեսությունը կանգնեցրեց ճգնաժամի առջև: Հենց դիմակայունության զարգացման տրամաբանությանն է միտված Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը` հիմնված լինելով ազգային անվտանգության պլանավորման և ապահովման համազգային մոտեցման վրա: Ազգային անվտանգության համալիր ապահովման համար անհրաժեշտ է պետական կառավարման ողջ համակարգի, ինչպես նաև հասարակության ջանքերի մեկտեղում: Պատահական չէ, որ ռազմավարությունն ընդգրկում է անվտանգության ապահովման ինչպես արտաքին քաղաքական և ռազմական, այնպես էլ այլ` սոցիալական, տնտեսական, էներգետիկ, առողջապահական, գիտական, տեղեկատվական-տեխնոլոգիական բաղադրիչներ:
1.6 Փոփոխվող աշխարհի սպառնալիքներին և մարտահրավերներին դիմակայելու, սեփական անվտանգությունն ապահովելու, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովողի իր դերն արդյունավետ իրականացնելու համար Հայաստանը շարունակելու է մեծացնել իր միջազգային կշիռը: Այս նպատակով Հայաստանը զարգացնելու է բոլոր ուժային գործիքակազմերը, այդ թվում «փափուկ ուժի» կարողությունները` շեշտը դնելով իր կարևորագույն ռեսուրսի` մարդկային կապիտալի վրա: Ընդ որում, մարդկային կապիտալը ևս դիտարկվում է աշխարհասփյուռ հայության ուժերի մեկտեղման համատեքստում:
2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԸ
2.1 Ժամանակակից աշխարհակարգի և անվտանգային ճարտարապետության արագ և անկանխատեսելի փոփոխությունները, առկա սպառնալիքներին զուգահեռ, նոր մարտահրավերներ են առաջացնում Հայաստանի համար:
2.2 Միջազգային հարաբերություններում առկա են միջազգային անվտանգային համակարգերի թուլացման միտումներ, որոնք արտահայտվում են, մասնավորապես, գլոբալ անվտանգության պահպանման մեջ մեծ դեր ունեցող պետությունների միջև մրցակցության աճով, սպառազինությունների վերահսկման ռեժիմների թուլացմամբ և սպառազինությունների մրցավազքի ուժեղացմամբ, բազմակողմանի հարթակների թուլացմամբ, ինչպես նաև հակամարտություններն ուժի կիրառմամբ լուծելու ձգտումների խորացմամբ: Միաժամանակ, ուժային նոր կենտրոնների ձևավորման միտումներն ավելի են սրում միջազգային մրցակցությունը` նպաստելով ուժի կիրառմանը:
2.3 Միջազգային և տարածաշրջանային ուժային կենտրոնների և կառույցների միջև լարվածությունը բացասաբար է ազդում այդ պետությունների և կառույցների հետ Հայաստանի համագործակցության վրա: Զուգահեռաբար, որոշ տարածաշրջանային պետությունների կողմից ավելի ակտիվ դերակատարում ունենալու հավակնությունները սպառնում են փոխել ուժերի հարաբերակցությունը և վտանգել կայունությունը տարածաշրջանում:
2.4 Տարածաշրջանում տրանսպորտային, էներգետիկ և կապի ենթակառուցվածքների հատվածային և ոչ համընդգրկուն զարգացումը խորացնում է տարածաշրջանում բաժանարար գծերի ձևավորումը և նպաստում անկայունության հետագա աճին:
2.5 Ժամանակակից աշխարհում անվտանգային սպառնալիքներն ավելի հաճախ են դրսևորվում հիբրիդային պատերազմների տեսքով` ռազմական բաղադրիչներից բացի ներառելով տնտեսական, կիբեռ, կեղծ լուրերի և ապատեղեկատվության համալիր գործիքակազմեր:
2.6 Հայաստանի համար մտահոգիչ է նաև տարածաշրջանում և աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտներում արձանագրվող հետընթացը:
2.7 Չլուծված հակամարտությունները շարունակում են սպառնալ տարածաշրջանային երկրների կայուն զարգացմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը պարբերաբար խոչընդոտվում և վտանգվում է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով, որն արտահայտվում է հակամարտությունն ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ լուծելու ձգտումներով, առավելապաշտական և անզիջում կեցվածքով, ՀՀ տարածքի հանդեպ անթաքույց հավակնությամբ, հայատյաց քաղաքականությամբ և պատմության խեղաթյուրմամբ: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու հակառակորդի նկրտումները, որոնց դրսևորումն էին 2016թ. ապրիլին Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունները, ինչպես նաև հրադադարի շարունակական խախտումները, դիվերսիոն գործողությունները, զորքերի կուտակումը և տեղաշարժը, զորավարժությունները արցախա-ադրբեջանական շփման գծում և հայ-ադրբեջանական միջպետական սահմանին, ուղիղ սպառնալիք են Հայաստանի համար: Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն վարող պետության շարունակական սպառազինումը վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և կայունությունը:
2.8 Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից մեզ մտահոգում է նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա ազդող ռազմաքաղաքական դաշինքների և դրանց մաս կազմող երկրների միջև տարաձայնությունների հնարավոր խորացումը: Նույնքան մտահոգիչ են այս դաշինքների հնարավոր թուլացումը և անդամ-պետությունների միջև միմյանց` այդ թվում Հայաստանի շահերին հակասող գործողությունները. մասնավորապես զենքի վաճառքն Ադրբեջանին ավելի է վտանգում խաղաղությունը և կայունությունը տարածաշրջանում: Մեր ուշադրության կենտրոնում են նաև հնարավոր ռազմաքաղաքական անկայունությունները հարևան պետություններում:
2.9 Հայաստանի հանդեպ Թուրքիան վարում է ոչ բարիդրացիական քաղաքականություն` շարունակելով Հայաստանի շրջափակումը, հրաժարվելով հաստատել դիվանագիտական հարաբերություններ առանց նախապայմանների, ժխտելով, իսկ առանձին դեպքերում նաև արդարացնելով Հայոց ցեղասպանությունը:
2.10 Միաժամանակ, Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությունն Ադրբեջանին ավելի է ուժեղացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի հավակնությունները: Հատկապես խնդրահարույց է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների նախաձեռնման դեպքում Թուրքիայի քողարկված կամ բացահայտ միջամտության պատրաստակամությունը:
2.11 Հարևան երկրների և ժողովուրդների հանդեպ Թուրքիայի կողմից անօրինական ուժի կիրառումն իր հերթին վտանգում է ավելի լայն տարածաշրջանի կայունությունը և առավել անկանխատեսելի է դարձնում նրա հնարավոր գործողությունները Հայաստանի հանդեպ:
2.12 Թուրքիայում և Ադրբեջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում տեղի ունեցող հետընթացը բացասաբար է անդրադառնում այս երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների կատարման վրա և մեծացնում այս երկրների անկանխատեսելիությունը Հայաստանի համար:
2.13 Հայաստանի անվտանգային միջավայրի վրա ազդում են նաև Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացները: Դրանց թվում են, մասնավորապես, կրոնական և ազգային փոքրամասնությունների դուրսմղմանը զուգահեռ` կրոնական արմատականության ներուժի համախմբումը և տարածումը, ներքին բախումները, հյուծող, ոչ ավանդական և միջնորդավորված զինված հակամարտությունները:
2.14 Սպառնալիք են նաև ահաբեկչությունն ու անդրազգային կազմակերպված հանցավորությունը, զանգվածային ոչնչացման զենքի տարանցումն ու տարածումը, թմրանյութերի ապօրինի շրջանառությունը, փողերի լվացումը, անօրինական միգրացիան և մարդկանց առևտուրը` թրաֆիքինգը:
2.15 Ներպետական մակարդակում մեր առջև ծառացած սպառնալիքների թվում են ժողովրդագրական իրավիճակի առկա միտումները, որոնք բացասաբար են ազդում Հայաստանի ազգային անվտանգության, սոցիալական և տնտեսական ոլորտների կայուն զարգացման վրա: Ծնելիության մակարդակի անկման, արտագաղթի, բնակչության տարիքային կառուցվածքի փոփոխության, անհամաչափ տարածքային տնտեսական զարգացման միտումներն էական մարտահրավեր ու սպառնալիք են Հայաստանի համար, մասնավորապես` ուղեղների արտահոսքի, աշխատուժի պակասի, սոցիալական ապահովության համակարգի համար բեռի զգալի մեծացման դրսևորումներով:
2.16 Տեղեկատվական հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներթափանցման մակարդակի աճը կյանքի և գործունեության բոլոր ոլորտներում հանգեցրել է ինչպես նոր հնարավորությունների, այնպես էլ անվտանգային նոր մարտահրավերների: ՏՀՏ ոլորտի զարգացմանը զուգահեռ անհատի, հասարակության և պետության անվտանգությունը խոցելի է դարձել և պաշտպանության կարիք ունի նաև տեղեկատվական և կիբեռ տիրույթներում:
2.17 Կոռուպցիայի ցանկացած դրսևորում լուրջ սպառնալիք է Հայաստանի կառավարման համակարգի համար: Կոռուպցիոն դրսևորումները հարվածում են ազգային անվտանգության սպառնալիքներին դիմակայելու պետության ունակությանը:
2.18 Քրեական ենթամշակույթի, բռնության, ատելության և այլատյացության ցանկացած դրսևորում պառակտում է հասարակությունը և մարտահրավեր է պետության և հասարակության համար:
2.19 Տնտեսական աճի դրական միտումներով հանդերձ` մեզ համար շարունակում են մարտահրավեր մնալ ֆինանսական հնարավոր անկայունության, ստվերային տնտեսության ծավալների, տնտեսության ճյուղերի բազմազանության սահմանափակության խնդիրները, ներդրումային միջավայրի և ձեռնարկատիրական գործունեության խոչընդոտները:
2.20 Աղքատությունը, սոցիալական անհավասարությունը և սոցիալական բևեռացումը շարունակում են ազդեցություն ունենալ Հայաստանի անվտանգային մարտահրավերների և սպառնալիքների խորացման վրա:
3. ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԸ
Հայաստանի հիմնարար ազգային շահերն են`
3.1 Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովումը. Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հայ ժողովրդի անվտանգության, զարգացման և նրա նպատակների իրագործման նախապայմանն են:
3.2 Խաղաղության և միջազգային փոխգործակցության ամրապնդումը. Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի անվտանգության երաշխավոր և իր ներդրումն ունենալով տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման գործընթացում, խաղաղության և իրավահավասար փոխգործակցության ջատագով է:
3.3 Ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության ապահովումը. Ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և իրավունքի գերակայությունը արդյունավետ պետական կառավարման համակարգի և երկրի ներքին դիմակայունության զարգացման երաշխիքն են: Հայաստանի Հանրապետությունում ժողովրդի ազատ կամարտահայտությունն իշխանության ձևավորման միակ աղբյուրն է:
3.4 ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, ինչպես նաև երկրի կայուն տնտեսական զարգացումը. ՀՀ քաղաքացիների անվտանգության և բարեկեցության ապահովումը, Հայաստանի տնտեսական դիմակայունության շարունակական զարգացումը միտված են հայրենիքում նրանց արժանապատիվ կյանքով ապրելուն և նպատակների իրագործմանը:
4. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Արտաքին առավել նպաստավոր միջավայրի ձևավորում
4.1 Հայաստանի արտաքին քաղաքականության գերակա նպատակներն են պետության ինքնիշխանության, անվտանգության և զարգացման ապահովումը, ինչպես նաև երկրի և նրա քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության համար առավել նպաստավոր արտաքին միջավայրի ձևավորումը: Արտաքին հարաբերություններում Հայաստանը հիմնվում է իր քաղաքակրթական և ժողովրդավարական արժեհամակարգի, ինչպես նաև բոլոր պետությունների հետ փոխշահավետ և իրավահավասար հարաբերությունների շարունակական զարգացման տրամաբանության վրա:
4.2 Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններն իրականացնում է երեք հիմնարար, համալիր և փոխկապակցված սկզբունքների հիման վրա. ինքնիշխանության` որպես արտաքին քաղաքականության իրականացման հիմնարար պայմանի, համահայկականության` որպես հայության հավաքական շահերի գիտակցման ու իրագործման գաղափարի, փոխգործակցության` որպես պետությունների հետ իրավահավասար և փոխշահավետ հարաբերությունների կայացման միջոցի:
4.3 Հայաստանի Հանրապետությունը Արցախի անվտանգության երաշխավորն է: Այս դերակատարումը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի քաղաքականությամբ, ինչը գոյութենական սպառնալիք է Արցախի բնակչության համար:
4.4 Թուրքիան կդադարի անվտանգության սպառնալիք լինել մեզ համար այն դեպքում, երբ կվերանայի Հայաստանի և հայ ժողովրդի հանդեպ իր ոչ բարիդրացիական քաղաքականությունը:
4.5 Հայաստանը ժողովրդավարությունը և մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը դիտարկում է որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության կարևոր բաղադրիչներ և շարունակելու է սատար կանգնել այս արժեքների արմատավորմանը:
4.6 Միջազգային և տարածաշրջանային ուժային կենտրոնների և կառույցների միջև աճող լարվածության համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային բազմակողմ հարթակների` այդ թվում միջազգային անվտանգային կազմակերպությունների դերը և այդ կազմակերպությունների ներսում համագործակցության պահպանումը և ամրապնդումը, ինչպես նաև դաշնակիցների կողմից միմյանց շահերի և փոխօգնության սկզբունքների նկատմամբ հարգանքը: Միաժամանակ, Հայաստանը կշարունակի իր սերտ համագործակցությունն այն համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային դերակատարների հետ, որոնք հանդես են գալիս խաղաղության և կայունության պահպանման դիրքերից և պատրաստ են համագործակցել խաղաղությանը սպառնացող վտանգների զսպման գործում:
4.7 Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների կայուն խորացումն ու ընդլայնումը քաղաքական, առևտրատնտեսական, պաշտպանական, անվտանգային և մշակութահումանիտար ոլորտներում` հիմնված երկու երկրների ժողովուրդների պատմական բարեկամության վրա: Առաջնորդվելով միմյանց շահերը փոխադարձաբար հաշվի առնելու և իրավահավասարության սկզբունքներով` ջանքեր կգործադրվեն երկկողմ ձևաչափում, բազմակողմ և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ:
4.8 Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ` Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով:
4.9 Հայաստանը խիստ կարևորում է բարեկամական հարաբերությունների խորացումը և երկկողմ ու բազմակողմ գործընկերության ընդլայնումը Եվրոպական միության, նրա անդամ պետությունների և եվրոպական այլ երկրների հետ: ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկումը կշարունակի նպաստել Հայաստանի զարգացմանն ուղղված բարեփոխումների օրակարգին: Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս Ֆրանսիայի և Գերմանիայի հետ համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և ԵՄ անդամ երկրների միջև մարդկանց շփումների և շարժունակության ակտիվացման ուղղությամբ:
4.10 Հայաստանի համար մեծ կարևորություն ունի կայունությունը հարևան Վրաստանում և Իրանում: Հիմնվելով Վրաստանի և Իրանի հետ մեր փոխշահավետ, առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների վրա` Հայաստանը զարգացնելու է արդյունավետ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով` միաժամանակ զերծ պահելով այդ հարաբերությունները աշխարհաքաղաքական կողմնակի ազդեցություններից:
4.11 Մենք շարունակելու ենք զարգացնել Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցության ձևաչափը` միտված փոխշահավետ գործակցության խորացմանը:
4.12 Մենք հետևողականորեն խորացնելու ենք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունները` բազմոլորտ և փոխշահավետ լայն համագործակցության ծավալման և ընդլայնման միջոցով:
4.13 Հայաստանն աշխատելու է նաև Հնդկաստանի հետ բարեկամական և բազմակողմանի փոխգործակցության զարգացման ու խորացման ուղղությամբ:
4.14 Փոխգործակցության շարունակական ընդլայնումը Մերձավոր Արևելքի երկրների հետ մեր առաջնայնություններից է: Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգության համակարգի վերաձևավորման գործընթացներում Հայաստանը պետք է ունենա իր ներգրավվածությունը, որը միտված կլինի նաև տարածաշրջանի երկրներում հայության պատմական ներկայության պաշտպանությանը:
4.15 Հայաստանը կարևորում է համախոհ երկրների հետ համագործակցությունը տարբեր բազմակողմ ձևաչափերով, որոնք նպատակ ունեն արդյունավետ բազմակողմանիության միջոցով նպաստել գլոբալ ու տարածաշրջանային սպառնալիքների չեզոքացմանը, միջազգային կարգի ու խաղաղության պահպանմանը` հիմնված ընդհանուր արժեքների ու սկզբունքների վրա:
Ռազմական սպառնալիքների զսպում և չեզոքացում
4.16 Հայաստանի պաշտպանական քաղաքականությունը ծառայում է պետության և նրա քաղաքացիների պաշտպանության, անվտանգության և ազգային շահերի ապահովմանը: Պաշտպանական քաղաքականության հիմնական նպատակն է Հայաստանի պաշտպանության ապահովման գերակայությունների սահմանումն ու իրականացումը` ռազմական սպառնալիքները կանխորոշելու, դրանք քաղաքական-դիվանագիտական գործիքակազմով կանխարգելելու, ինչպես նաև պաշտպանական կարողություններով զսպելու և չեզոքացնելու միջոցով: Մենք այս առաքելությունն իրագործում ենք ռազմական կարողությունների և միջոցների համալիր զարգացման, դրանց առաջանցիկ կիրառման միջոցով` միտված հակառակորդի քանակական առավելությունը մեր որակական գերազանցությամբ չեզոքացնելուն: Որպես Արցախի անվտանգության երաշխավոր` Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանական քաղաքականությունն ուղղում է նաև Արցախի անվտանգության ապահովմանը:
4.17 Պաշտպանական ոլորտում մեր նպատակներին հասնելու համար մենք շարունակելու ենք արդիականացնել մեր զինված ուժերը, զարգացնել զինված ուժերի կառավարման և ղեկավարման համակարգը, ընդլայնել զինված ուժերի կարողությունները և բարձրացնել դրանց ինստիտուցիոնալ արդյունավետությունը, առանցքային ենթակառուցվածքների պաշտպանվածության և երկրի կիբեռանվտանգության մակարդակը, զարկ տալ ռազմարդյունաբերության զարգացմանը նպաստող գիտատեխնիկական և տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև զարգացնել երկրի զորահավաքային համապարփակ կարողությունները:
4.18 Տարածաշրջանային անվտանգությանը սպառնացող խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու և Հայաստանի Հանրապետության ու Արցախի դեմ հնարավոր ագրեսիան զսպելու հրամայականը մեզնից պահանջում է ռազմաքաղաքական սպառնալիքներին դիմագրավող արդյունավետ պաշտպանա-անվտանգային համակարգի ձևավորում: Այս նպատակին մենք հասնելու ենք մասնավորապես զինված ուժերի պատրաստվածության բարձրացման, պատերազմի վարման նոր մոտեցումների ներդրման, Հայաստանի ռազմարդյունաբերական կարողությունների զարգացման և ռազմատնտեսական համագործակցության ուղղությունների ընդլայնման միջոցով:
4.19 Մենք խորացնելու ենք պետական կառավարման մարմինների փոխգործակցությունն անվտանգությանն առնչվող կարևոր որոշումների կայացման գործում, ինչն իր հերթին կնպաստի պետության ներքին դիմակայունության ուժեղացմանը:
4.20 ՀՀ զինված ուժերը անհրաժեշտության դեպքում նաև շահագրգիռ պետական գերատեսչությունների հետ շարունակելու են մասնակցությունը միջազգային անվտանգության ապահովմանը` խաղաղության աջակցության միջազգային առաքելություններում հայ խաղաղապահների և մասնագետների ներգրավմամբ և այս ոլորտում Հայաստանի հանձնառությունների ընդլայնմամբ:
4.21 Մենք հետամուտ ենք պաշտպանական ոլորտում ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների ընդլայնմանը` ուղղված զինված ուժերի արդյունավետ ղեկավարման, քաղաքական չեզոքության, զինծառայողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, զինված ուժերի գործունեության թափանցիկության ապահովմանն ու զինված ուժերի` որպես իրավական պետության անբաժանելի տարրի զարգացմանը:
Արցախի անվտանգության ապահովում
4.22 Ղարաբաղյան հակամարտության համատեքստում Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքն է:
4.23 Վերջին երեք տասնամյակների ընթացքում Ադրբեջանը շարունակել է արդարացնել Սումգայիթում, Բաքվում, Մարաղայում և Գանձակում հայերի հանդեպ իրագործված զանգվածային ջարդերը և հայատյաց քաղաքականությամբ խոչընդոտել է հաշտեցմանը:
4.24 2016թ. ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, որն ուղեկցվեց Արցախի խաղաղ բնակչության հանդեպ ադրբեջանական զինված ուժերի գործած վայրագություններով և ռազմական հանցագործություններով, վերահաստատեց Արցախի բնակչության առջև ծառացած գոյութենական սպառնալիքի առկայությունը:
4.25 Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ` Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում. Հայաստանի Հանրապետությունը կկանխարգելի Արցախի ազգաբնակչության բնաջնջման կամ բռնագաղթեցման ցանկացած նոր փորձ:
4.26 Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի կարգավիճակի և անվտանգության խնդիրները խաղաղ գործընթացի հիմքն են: Այս համատեքստում Հայաստանն անհրաժեշտ է համարում հակամարտության բոլոր կողմերի միջև անվտանգության և վստահության կառուցման միջոցներով խաղաղության համար բարենպաստ միջավայրի ստեղծումը: Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ջանքերը պետք է գործադրվեն հակամարտության բոլոր կողմերում հավասարապես:
4.27 Մենք շարունակելու ենք սատար կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը առանց սահմանափակման և հարկադրանքի: Հակամարտության կարգավորման գործընթացում և հետկարգավորման փուլում արցախահայության անվտանգության ապահովումը գերակա պայման է և ենթակա չէ զիջման: Արցախը պետք է ունենա անվտանգության համար անհրաժեշտ պաշտպանական գծեր և արտաքին աշխարհի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության հետ ապահով, անվտանգ և բազմազանեցված փոխկապակցվածության համակարգ:
4.28 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունների կողմից որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներից մեկը ճանաչված ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմք է հանդիսանում Արցախի բնակչության համար` իր կողմից ընտրված իշխանությունների միջոցով բանակցությունների բոլոր փուլերում լիարժեքորեն մասնակցելու իր իսկ ճակատագրի որոշմանը:
4.29 1994-1995թթ. հրադադարի անժամկետ համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի Հանրապետության, Արցախի և Ադրբեջանի միջև, ամրագրել են ռազմաքաղաքական հավասարակշռություն և պայմաններ են ստեղծել խաղաղ գործընթացի համար: Ռազմաքաղաքական հավասարակշռությունը փոխելու Ադրբեջանի փորձերը, հրադադարի պարբերական խախտումները և բանակցություններում առավելապաշտական մոտեցումները, նպատակ ունենալով պարտադրել Արցախին հրաժարվելու իր պետականությունից և լեգիտիմ իրավունքներից, խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանը:
4.30 Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է աջակցել Արցախում մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների, ինչպես նաև տնտեսական և բնապահպանական անվտանգության հետագա ամրապնդմանը: Մարդու իրավունքները` ներառյալ քաղաքական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները, անօտարելի արժեքներ են, և դրանց լիարժեք իրացմանը նպաստելն ու աջակցելը պետք է լինի հավաքական նպատակ նաև միջազգային հանրության համար:
4.31 Հայաստանի Հանրապետությունը հետևողական ջանքեր է գործադրելու, որպեսզի Արցախի ազգաբնակչության վրա ամբողջությամբ տարածվեն և ճանաչվեն սեփական ճակատագիրը տնօրինելու, պետական կառուցվածքը, տնտեսական զարգացման ձևերն ու եղանակներն ազատորեն որոշելու, ինչպես նաև ժողովրդավարական ճանապարհով կառավարություն ընտրելու ժողովուրդների համընդհանուր իրավունքները:
4.32 Հայաստանի Հանրապետությունն անհրաժեշտ օժանդակություն կցուցաբերի Արցախին վերջինիս միջազգային հարաբերությունների ընդլայնման և խորացման գործում, որպեսզի նրա բնակչությունն իր ներուժն ու իրավունքներն իրացնելու համար կարողանա օգտվել միջազգային համագործակցության առավելություններից:
5. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄԸ
Միջազգային փոխգործակցության, անվտանգության և խաղաղության խթանում
5.1 Պաշտպանական ոլորտի կարողությունների ամրապնդման, Հայաստանի համար բարենպաստ արտաքին անվտանգային միջավայրի ձևավորման, ինչպես նաև համաշխարհային և տարածաշրջանային կայունությանն աջակցելու համատեքստում Հայաստանը կարևորում է միջազգային ռազմաքաղաքական համագործակցությունը:
5.2 Հայաստանը կշարունակի զարգացնել պաշտպանության և անվտանգության ոլորտներում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով, այդ թվում` հավաքական պաշտպանության կարողությունների ընդլայնման և դաշնակցային հարաբերությունների շարունակական ամրապնդման ուղղությամբ:
5.3 Հայաստանն ակտիվորեն մասնակցում է ՀԱՊԿ շրջանակում իրականացվող համատեղ նախաձեռնություններին` ի նպաստ անդամ պետությունների կողմից միմյանց շահերի արդյունավետ պաշտպանության և կառույցի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման: Հայաստանը կշարունակի աշխատել ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների կատարումը երաշխավորելու և կազմակերպության արդյունավետությունն առավել բարձրացնելու ուղղությամբ:
5.4 ԱՄՆ հետ համագործակցության շրջանակում մենք շարունակելու ենք կարևորել ռազմաքաղաքական խորհրդակցությունները և փոխգործակցությունը` միտված պաշտպանական ինստիտուտների բարեփոխմանը և Հայաստանի զինված ուժերի փոխգործունակ կարողությունների զարգացմանը:
5.5 Պաշտպանական ոլորտի բարեփոխումները և միջազգային խաղաղության աջակցման գործողությունները Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության առանցքային ուղղություններից են: Մենք շարունակելու ենք ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսությունը պաշտպանության և անվտանգության բնագավառներում` որպես Հայաստանի պաշտպանական կարողությունների հզորացման բաղադրիչ:
5.6 Ազգային անվտանգության ապահովման համատեքստում Հայաստանը հետամուտ է միջազգային տնտեսական ինտեգրացիոն կառույցների շրջանակներում իր շահերի առաջխաղացմանը, տարածաշրջանային տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների բազմազանեցմանը և փոխկապակցվածության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային մրցունակության բարձրացմանն ուղղված ծրագրերին և ներառական սկզբունքով գործող ենթակառուցվածքային միջանցքներին մասնակցությանը:
5.7 Կարևորելով Եվրասիական տնտեսական միության շրջանակում ընթացող ինտեգրացիոն գործընթացները` Հայաստանը ակտիվ և նախաձեռնողական մասնակցություն է ցուցաբերում կառույցի գործունեությանը, ինչպես նաև այլ տարածաշրջանների առանցքային տնտեսությունների և տնտեսական միավորների ու ԵԱՏՄ-ի միջև համագործակցության միջոցով Հայաստանի միջազգային տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայնմանը:
5.8 Մենք կարևորում ենք Եվրոպական միության հետ ոլորտային համագործակցությունը և հետևողականորեն աշխատելու ենք առկա հնարավորությունների առավելագույն օգտագործման, մասնավորապես` ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ տնտեսական երկխոսության և համաձայնագրի տնտեսական բաղադրիչի դրույթների իրագործման ուղղությամբ:
5.9 Հայաստանը շարունակելու է վարել նախաձեռնողական և արդյունավետ բազմակողմ դիվանագիտություն` վստահ լինելով, որ արդյունավետ բազմակողմանիությունը ձևավորում է իրավահավասար փոխգործակցություն մեծ ու փոքր պետությունների միջև և միջազգային անվտանգության, խաղաղության և զարգացման գրավական է:
5.10 Արդյունավետ փոխգործակցությունը ՄԱԿ շրջանակում նպաստում է միջազգային լավագույն փորձի, ռեսուրսների օգտագործմանն ու տեղայնացմանը Հայաստանի` կայուն զարգացմանը միտված ազգային ծրագրերում: Այն նաև կարևոր նշանակություն ունի ցեղասպանությունների կանխարգելման, ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, կիբեռհանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ անդրազգային հանցանքների դեմ պայքարում, ինչպես նաև աղետների ռիսկերի կառավարման ուղղությամբ Հայաստանի կարողությունների մեծացման գործում:
5.11 Հայաստանը կշարունակի իր ակտիվ ներգրավվածությունը ԵԱՀԿ-ի գործունեության երեք հիմնական` ռազմաքաղաքական, մարդկային և տնտեսական-բնապահպանական չափումներում` դրանք դիտարկելով որպես տարածաշրջանային անվտանգության և կայունության կարևոր գործոններ:
5.12 Մենք կշարունակենք աջակցել մարդու իրավունքների, ժողովրդավարության, իրավունքի գերակայության և հանդուրժողականության արժեքների արմատավորմանն ու տարածմանը Եվրոպայի խորհրդի շրջանակում:
Ցեղասպանության կանխարգելում
5.13 Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը Հայաստանի անվտանգային և արտաքին քաղաքականության կարևորագույն բաղադրիչներից է: Այն իր արտահայտությունն է գտնում թե՛ տարածաշրջանային անվտանգության և թե՛ միջազգային համագործակցության ուղղություններով Հայաստանի ռազմավարական մոտեցման տրամաբանության մեջ:
5.14 Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչությանը պաշտպանելու պատասխանատվությունը մեր արտաքին և պաշտպանական քաղաքականության անկյունաքարերից է:
5.15 Ցեղասպանության կանխարգելումը միջազգային ասպարեզում մեզ համար ոչ միայն իրավական, այլև բարոյական պարտավորություն է: Որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած զոհերի ժառանգորդ` հայ ժողովուրդը և նրա կողմից ստեղծված պետությունը հանձնառու են ազգային, կրոնական, էթնիկ, ռասայական խմբերի և նրանց անդամների կյանքի իրավունքի պաշտպանությանը:
5.16 Համաշխարհային մակարդակով Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է այս հանձնառությունը միջազգային համագործակցության միջոցով և հանդես է գալիս այդ համագործակցության առաջատարի դիրքերից` հիմնվելով ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի վրա:
5.17 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը մեծ ավանդ է ներդնում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:
5.18 Թուրքիայի կողմից Հայաստանի և հայ ժողովրդի համապարփակ անվտանգությունը հարգելը Հայոց ցեղասպանության զոհերի և նրանց ժառանգների իրավունքների պաշտպանության մասն է կազմում:
5.19 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության, դրա զոհերի և նրանց ժառանգների իրավունքների ճանաչումը կձևավորի նպաստավոր պայմաններ Հայոց ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար:
Հայաստան-Սփյուռք. համահայկականության ձևավորում
5.20 Հայաստանի ազգային անվտանգության կարևոր բաղադրիչներից է Հայաստան-Սփյուռք հարաբերությունների և գործակցության զարգացումը` դրանց նոր որակ հաղորդելու նպատակով: Կարևորելով Հայաստանի Հանրապետության, Արցախի և աշխարհասփյուռ հայության միասնականությունը` Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս համահայկականության ձևավորման, համահայկական միասնական օրակարգի մշակման դիրքերից:
5.21 Հայաստան-Սփյուռք հարաբերությունները միտված են համազգային խնդիրների ու առաջնահերթությունների լուծման համար մասնակցային սկզբունքով համահայկական ձևաչափի ստեղծմանը: Համահայկականության զարգացման համատեքստում կարևոր առաքելություն ունեն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին իր նվիրապետական աթոռներով, Հայ կաթողիկե և ավետարանական եկեղեցիները, ինչպես նաև սփյուռքյան համահայկական կառույցները:
5.22 Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գերակա նպատակը հայության շահերի պաշտպանությունն է, ինչպես նաև հավաքական գործողություններով առաջընթացի ապահովումը:
5.23 Սփյուռքը Հայաստանի մրցակցային ու զորեղ ներուժի մի մասն է: Մենք քայլեր ենք ձեռնարկելու ներգրավելու Սփյուռքի հնարավորությունները պետականաշինության, երկրի առջև ծառացած անվտանգային, տնտեսական, գիտակրթական, ժողովրդագրական, տեխնոլոգիական զարգացման, արդիականացման և այլ ռազմավարական խնդիրների լուծման համար:
5.24 Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման դեմ ուղղված հիմնական սպառնալիքներն են սփյուռքահայության ուծացման գործընթացը, արտերկրում գտնվող հայկական հոգևոր-մշակութային արժեքների և արևմտահայերենի վտանգվածությունը, հակամարտությունների գոտիներում գտնվող հայկական համայնքներում կենսապայմանների վատթարացումը և ֆիզիկական գոյության վտանգումը:
5.25 Հայաստանի Հանրապետության և Արցախի առաջընթացի ու անվտանգության, ինչպես նաև Սփյուռքում հայության դիրքերի համակարգված ամրապնդման նպատակով մենք աջակցելու ենք համաշխարհային հայության քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային ներուժի իրացմանը:
5.26 Մենք խթանելու ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի և Սփյուռքի մասնակցությամբ համատեղ ծրագրերի իրականացումը, որը Հայաստանի Հանրապետության և Արցախի զարգացմանը զուգահեռ կնպաստի նաև Սփյուռքի կարողությունների և ներուժի հարստացմանը:
5.27 Հայաստանը հետամուտ է խթանելու Սփյուռքում հայապահպանությունը և հայ կրթական ու մշակութային կյանքի զարգացմանն ուղղված քաղաքականությունը, ինչպես նաև ջանքեր գործադրելու հայկական միջավայրից հեռացած շրջանակներին դեպի ազգային կյանք ներգրավելու ուղղությամբ:
5.28 Մենք հետամուտ ենք Սփյուռքում տարբեր համայնքների միջև նոր կապերի ստեղծման և միջհամայնքային համագործակցության համար անհրաժեշտ միջավայրի ձևավորման խթանմանը, ինչպես նաև համաշխարհային հայկական ցանցի հզորացմանը` արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների պայմաններում ռեսուրսների, հմտությունների, գաղափարների անդրսահմանային փոխանցումների նպատակային կիրառմամբ:
5.29 Հայաստանը ձեռնամուխ է լինելու հայրենադարձության իրագործմանը` անհատական նախաձեռնությամբ և պետության կողմից հայրենադարձության խթանման ծրագրերի միջոցով: Այս նպատակով մենք Հայաստանում ապահովելու ենք բավարար նախապայմաններ հայահավաքի, կրթամշակութային ու սոցիալ-տնտեսական ինտեգրման համար: Հայաստանը ձեռնամուխ է լինելու նաև կազմակերպված հայրենադարձության իրականացմանը` աշխարհաքաղաքական դիմակայության սրացումների պայմաններում տարբեր տարածաշրջաններում բնակվող հայության անվտանգության ապահովման նպատակով:
5.30 Իր հնարավորությունների սահմաններում Հայաստանը Սփյուռքի հայերենակիցների քաղաքացիության երկրների հետ համագործակցաբար շարունակելու է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Սփյուռքի հայ համայնքներին` դիմակայելու անմիջական անվտանգային մարտահրավերներին:
6. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
6.1 Ժողովրդավարական ինստիտուտների հզորացումը և իրավունքի գերակայությունը Հայաստանի ազգային անվտանգության ապահովման հիմնական երաշխիքներից են: Իրավական պետության կայացումը, իշխանության ճյուղերի տարանջատման և փոխզսպման սկզբունքը, սոցիալական արդարության ապահովումը, պետական ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձր մակարդակը մեզ համար կայունության և զարգացման երաշխիքներ են:
6.2 Անկախ և արդյունավետ դատական համակարգի կայացումը ռազմավարական նշանակություն ունի արդարության հաստատման և ժողովրդավարության ամրապնդման համար: Հայաստանը շարունակելու է դատաիրավական բարեփոխումները ինչպես դատարանների, այնպես էլ դատախազական և քննչական մարմինների գործունեության ոլորտներում: Մենք նպատակադրվել ենք ապահովել դատական իշխանության անկախությունը և արդյունավետությունը, դատավորների բարեվարքությունը և հանրային հաշվետվողականությունը: Սա կօգնի նաև հանրային վստահություն հաստատել դատական իշխանության նկատմամբ:
6.3 Մարդը Հայաստանում բարձրագույն արժեք է: Մենք հետամուտ ենք Հայաստանում բնակվող յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների լիարժեք պաշտպանությանը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների և խոցելի խմբերի լիարժեք ինտեգրմանը հանրային կյանքի և պետական կառավարման համակարգի բոլոր ոլորտներում:
6.4 Կոռուպցիան իր բոլոր դրսևորումներով համարելով սպառնալիք երկրի պետական և հասարակական անվտանգության, կառավարման ժողովրդավարական համակարգի համար` Հայաստանը կոռուպցիայի հանդեպ որդեգրել է զրո հանդուրժողականության քաղաքականություն: Մեր հակակոռուպցիոն քաղաքականությունը հանգեցնելու է կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանն ու զարգացմանը և պետական պաշտոնյայի բարեվարքության բարձր նշաձողի սահմանմանը: Մենք աշխատելու ենք նաև հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ուղղությամբ:
6.5 Մենք հանձնառու ենք շարունակաբար բարելավելու ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների ինստիտուցիոնալ մեխանիզմները և բարձրացնելու ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը:
6.6 Հասարակական և քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում և հատկապես պետական կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածության ցածր մակարդակը Հայաստանին թույլ չի տալիս լիովին օգտագործել մարդկային կապիտալն ազգային անվտանգության ապահովման և կայուն զարգացման ուղղություններով: Պետությունը հետամուտ է լինելու ինչպես կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանը, այնպես էլ հավասար հնարավորությունների և պայմանների ստեղծմանն ու քաղաքական որոշումների ընդունման գործընթացներում կանանց ընդգրկուն մասնակցության խթանմանը:
6.7 Հայաստանը շարունակելու է ջանքեր ներդնել ապակենտրոնացված, արդյունավետ, հաշվետու և թափանցիկ տեղական ինքնակառավարման մարմինների զարգացման ուղղությամբ:
6.8 Մենք կարևորում ենք քաղաքացիական հասարակության ինստիտուտների` այդ թվում աշխատանքային իրավունքները և սոցիալական շահերը պաշտպանող արհեստակցական միությունների ինստիտուցիոնալ զարգացումը: Պետությունը քայլեր է ձեռնարկելու քաղաքական որոշումների մշակման գործընթացներում քաղաքացիական հասարակության ներգրավումն ավելացնելու ուղղությամբ: Պետական կառավարման համակարգի հանդեպ հանրային վերահսկողությունը համարելով արդյունավետ կառավարման կարևոր երաշխիք` պետությունը հետամուտ է լինելու պետություն-հասարակություն երկխոսությանը և համագործակցության հարթակների ընդլայնմանը:
6.9 Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս խոսքի ազատությանը, բազմակարծությանը և զանգվածային լրատվամիջոցների անկախությանը` միաժամանակ դրսևորելով զրո հանդուրժողականություն ահաբեկչության և ծայրահեղականության քարոզի, ռասայից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, կրոնից, սեռից, քաղաքական և այլ հայացքներից կախված խտրականության, ատելության քարոզի, ինչպես նաև բռնության հրահրման հանդեպ:
7. ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅԱՆ, ԵՐԿՐԻ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Դիմակայուն հասարակական անվտանգության համակարգի զարգացում
7.1 Պետական և հասարակական անվտանգության ապահովման մեր տեսլականը բարձր դիմակայունություն ունեցող պետական կառավարման համակարգի զարգացումն է: Այդ ճանապարհին առանցքային է նաև քաղաքացիների բարձր իրավագիտակցության ձևավորումը և հանրային իրազեկվածության ապահովումը: Մեր նպատակն է դառնալ աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը:
7.2 Հայաստանը շարունակելու է հետամուտ լինել պետական կառավարման համակարգի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների և պետական վերահսկողության մարմինների գործունեության ներդաշնակեցմանը և արդյունավետության բարձրացմանը: Այս տեսանկյունից մենք կարևորում ենք ժողովրդավարական, խորհրդարանական պետությանը բնորոշ ուժային կառույցների կազմակերպաիրավական բարեփոխումները, ինչը նաև կապահովի ոչ միայն թափանցիկության, այլև խորհրդարանական, քաղաքական և քաղաքացիական վերահսկողության ավելի բարձր մակարդակ:
7.3 Հայաստանը պետական և հասարակական անվտանգության ապահովման համատեքստում կարևորում է պետական և տեղական ինքնակառավարման կառույցների կողմից ռիսկերի կառավարման մշտապես գործող և համապարփակ համակարգի կատարելագործումն ու ռիսկերի կառավարման ոլորտում կարողությունների զարգացումը: Այս տեսանկյունից մենք շեշտը դնելու ենք համապետական ռիսկերի վերհանման, գնահատման և դրանց դասակարգման ապացուցահենք, միջգիտակարգային և միջգերատեսչական համակարգի զարգացման վրա, ինչն էլ կնպաստի ռիսկերի կառավարման գործընթացի արդյունավետության մակարդակի բարձրացմանը:
7.4 Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր գործադրել տեխնածին և տարերային աղետների ռիսկերի նվազեցման, արագ և նպատակաուղղված արձագանքման, հետևանքների կազմակերպված և արագ վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացման, աղետակայուն վերականգնման համակարգերի կատարելագործման ուղղություններով:
7.5 Պետության ներսում հանցավորության մակարդակի շարունակական նվազումը մեր առաջնային խնդիրներից է: Բռնությունից զերծ հանրության հայեցակարգը դիտարկելով որպես հասարակական համերաշխության կարևոր նախապայման` մենք հետամուտ ենք լինելու բռնության մշակույթի բացառմանը: Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու քրեական միջավայրի կողմից սահմանված ու ճանաչված հատուկ վարքագծի կանոնների` քրեական ենթամշակույթի տարածման կանխարգելմանը: Բռնությունը, այլատյացությունը և քրեական ենթամշակույթը տեղ չունեն մեր հասարակությունում:
7.6 Հայաստանը հետևողականորեն պայքարելու է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների հետախուզական-քայքայիչ գործունեության, կազմակերպությունների և անհատների կողմից Հայաստանի ազգային շահերին վնաս հասցնող գործունեության, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ բռնի դրսևորումների, ներպետական և անդրազգային կազմակերպված հանցավորության, զենքի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի, մարդկանց թրաֆիքինգի և փողերի լվացման դեմ: Մենք նաև ընդլայնելու և խորացնելու ենք միջազգային փոխգործակցությունը հանցավորության տարբեր դրսևորումների դեմ պայքարում:
7.7 Հայաստանն իր միգրացիոն քաղաքականության մեջ հավատարիմ է անձանց ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովման հանձնառությանը` միաժամանակ այն հավասարակշռելով երկրի ազգային անվտանգության ապահովման հետ: Մենք շարունակելու ենք քայլեր իրականացնել սահմանային անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման արդյունավետության բարձրացման, մասնավորապես` ապօրինի սահմանահատումների կանխարգելման, անկանոն միգրացիայի դեպքերի արդյունավետ և մարդասիրական մոտեցմամբ կառավարման, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների անկանոն միգրացիայի կրճատման ուղղություններով: Պետությունը ներմուծելու է գործուն ընթացակարգեր` հանրային առողջության համար վտանգ ներկայացնող վարակների ներթափանցումը կանխարգելելու նպատակով: Հաշվի առնելով տարածաշրջանում ճգնաժամերի ծագման հնարավորությունները` մենք ձեռնամուխ ենք լինելու ռազմական գործողությունների կամ բնական աղետների դեպքում դեպի Հայաստան հնարավոր զանգվածային ներհոսքի կարգավորման և կառավարման հստակ ընթացակարգերի մշակմանը և փորձարկմանը:
7.8 Հայաստանը կատարելագործելու է զանգվածային ոչնչացման` միջուկային, քիմիական և կենսաբանական զենքի մշակման, տարածման և կիրառման կանխարգելման իր կարողությունները:
Բաց և անվտանգ տեղեկատվական և կիբեռտիրույթների ապահովում
7.9 Հայաստանի տեղեկատվական անվտանգության քաղաքականության հիմնական նպատակը անհատի, հասարակության և պետության շահերի հավասարակշռումն ու պաշտպանությունն է: Տեղեկատվական և կիբեռտիրույթներում մեր նպատակների իրագործման ճանապարհին մենք հիմնվում ենք մարդու իրավունքների ու ազատությունների և պետության ինքնիշխանության սկզբունքների վրա: Հայաստանը բաց, փոխգործունակ, հուսալի և անվտանգ համացանցի ջատագով է:
7.10 Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը սպառնում են օտարերկրյա պետությունների, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, հանցավոր խմբավորումների և անհատների կողմից Հայաստանի տարածքում գտնվող տեղեկատվական ռեսուրսների նկատմամբ կիբեռհարձակումները: Նոր և յուրահատուկ մարտահրավեր են մասնավոր կազմակերպություների կողմից, ինչպես նաև օտար պետությունների ֆինանսավորմամբ ուղղորդվող կիբեռհարձակումները, որոնք թիրախավորում են Հայաստանի կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքները և դրանց կառավարման միջոցները:
7.11 Ժամանակակից աշխարհում ավելի սուր դրսևորումներ են ստանում տեղեկատվական պատերազմները, որոնք ներառում են քարոզչության, մանիպուլյացիաների, կեղծ լուրերի և ապատեղեկատվության գործիքակազմ և հաճախ թիրախավորում են ժողովրդավարական արժեքները: Այս համատեքստում մենք աշխատելու ենք հանրային իրազեկվածության և մեդիագրագիտության մակարդակի բարձրացման ուղղությամբ` նպատակ ունենալով հզորացնել տեղեկատվական պատերազմներին հակազդելու հասարակության և պետության կարողությունները:
7.12 Առաջնային մարտահրավերներից է տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտը կարգավորող համապարփակ պետական քաղաքականության անկատարությունը, կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովող օրենսդրության բացակայությունը, համակարգչային պատահարների արձագանքման կառույցների ինստիտուցիոնալ կարողությունների ոչ բավարար մակարդակը և կիբեռանվտանգության ոլորտը համակարգող կառույցի բացակայությունը:
7.13 Տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության ապահովման ոլորտում մենք աշխատում ենք ինստիտուտների և գործընթացների արդյունավետության մակարդակի բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ: Հայաստանը հետամուտ է տեղեկատվական, տեխնոլոգիական և կիբեռանվտանգության պետական քաղաքականության և ռազմավարությունների մշակմանը, ինչպես նաև ոլորտի կառավարման համապետական մեխանիզմների ներդրմանը: Մենք զարգացնելու ենք կենսական նշանակության տեղեկատվական ենթակառուցվածքներ ու թվային ծառայություններ մատուցողների և պետության միջև փոխհարաբերությունների նորմատիվ-իրավական դաշտը, ինչի արդյունքում կձևավորվեն նաև կիբեռանվտանգության ազգային կենտրոն և համակարգչային պատահարների արձագանքման խմբեր:
7.14 Տեխնոլոգիական անվտանգության տեսանկյունից Հայաստանը հետամուտ է կենսական կարևոր ոլորտներում և ենթակառուցվածքներում օգտագործվող տեխնոլոգիաներից և տեխնոլոգիական բաղադրիչներից առաջացող խոցելիությունների չեզոքացմանը, օտար ծագման տեխնոլոգիաների ռիսկերի նվազեցմանը և ազգային տեխնոլոգիական հենքի զարգացմանը` այդ թվում նաև տեխնոլոգիաների մատակարարների հետ համագործակցության միջոցով:
7.15 Տեղեկատվական տիրույթում դիմակայունությունը բարձրացնելու համար մենք զարգացնելու են ազգային տեղեկատվական և կիբեռ կարողությունները` ռիսկերի արդյունավետ կառավարման, որակավորված մասնագիտական ներուժի ձևավորման, միջազգային ստանդարտների տեղայնացված ներդրման, թվային գրագիտության մակարդակի բարձրացման միջոցով:
7.16 Ոլորտի դերակատարների բազմազանության, տեղեկատվական տիրույթում միջազգային սահմանների բացակայության և պետության, հասարակության ու մասնավոր հատվածների միջև կարողությունների բաժանվածության պայմաններում առանցքային է հանրային, մասնավոր և միջազգային հատվածների միջև համագործակցության մակարդակի բարձրացումը, ինչին էլ հետամուտ է լինելու պետությունը:
Մրցունակ տնտեսության զարգացում և պարենային անվտանգության ապահովում
7.17 Հայաստանի տնտեսական անվտանգության ապահովման մեր առաջնահերթություններն են տնտեսության առաջանցիկ և բարձր տեխնոլոգիական զարգացումը, ներքին և արտաքին տնտեսական սպառնալիքների ու ցնցումների նկատմամբ դիմադրողականությունը, հարմարվողականությունը համաշխարհային տնտեսության արագ փոփոխվող միջավայրին, համաշխարհային շուկայում ազգային տնտեսության մրցունակությունը, տնտեսության և ֆինանսական համակարգի անխափան աշխատանքի կազմակերպման ու համակարգման մեխանիզմների մշակումը:
7.18 Մեր տնտեսական քաղաքականությունը շարունակելու է միտված լինել մակրոտնտեսական կայունությանը, շուկայական հարաբերություններով կարգավորվող ազատ տնտեսական մրցակցության ապահովմանը, ստվերային տնտեսության կրճատմանը, գործարար միջավայրի շարունակական բարելավմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, արտահանման խթանմանը, տնտեսության ճյուղերի բազմազանեցմանը, դրանց արտադրողականության և տեխնոլոգիական զինվածության բարձրացմանը:
7.19 Պետությունը շարունակելու է բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնարկատիրական գործունեության համար: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իր գործուն մասնակցությունը կարող է ունենալ տնտեսության զարգացման և սեփական բարեկեցությունը կերտելու մեջ: Պետությունը հատուկ ուշադրություն է դարձնելու հանրության շրջանում հարկային և մաքսային կամավոր կարգապահության արմատավորմանը, ինչպես նաև հարկային ու մաքսային վարչարարության կատարելագործմանը:
7.20 Պետությունը գործուն քայլեր է ձեռնարկելու բնակչության բոլոր խմբերի համար առողջապահական նորմերին համապատասխանող, բազմազանեցված սննդամթերքի ֆիզիկական ու տնտեսական մատչելիությունն ապահովելու ուղղությամբ: Մեր քաղաքականությունը միտված է պարենային անվտանգության համակարգի դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
7.21 Հայաստանը ջանքեր է ներդնելու ագրոպարենային համակարգի զարգացման և կարևորագույն պարենամթերքների հարցում ինքնաբավության մակարդակի բարձրացման ուղղությամբ` հողօգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն աջակցելու և տեղական արտադրությանն օժանդակելու միջոցով:
7.22 Հայաստանը միջոցառումներ կիրականացնի ներկրման և արտահանման շուկաների բազմազանեցման, ինչպես նաև նյութական պահուստի ձևավորման և կառավարման արդյունավետ մեխանիզմների ներդրման, նյութական պահուստը սննդամթերքի կարևորագույն տեսակներով համալրման և դրանց ծավալների ավելացման ուղղությամբ` գործարկելով ոլորտում պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմներ:
7.23 Նյութական պահուստի արժեքների (հատուկ ապրանքների) համալրումն էական է Հայաստանի զորահավաքային կարիքներն ապահովելու, արտակարգ իրավիճակները կանխելու կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ և քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու համար, պարենային մատակարարման ժամանակավոր խափանումներին դիմակայելու, մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար:
Ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգի կայացում
7.24 Հայաստանի էներգետիկ անկախության ու էներգետիկ անվտանգության ապահովումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է: Մենք ձգտելու ենք ինքնաբավ, արտահանմանը միտված, բարձր հուսալիությամբ և ժամանակակից տեխնոլոգիական հագեցվածությամբ զինված, արդիական ենթակառուցվածքներով էլեկտրաէներգետիկ համակարգի կայացմանը:
7.25 Մեր էներգետիկ քաղաքականությունը միտված է չեզոքացնելու ոլորտի առջև ծառացած սպառնալիքները. կախվածությունը հեղուկ և գազային վառելիքի ներկրումներից, տարանցիկ ենթակառուցվածքների հնարավոր խափանումները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից իրականացվող տնտեսական շրջափակումը և տարածաշրջանային ծրագրերից Հայաստանին մեկուսացնելու փորձերը:
7.26 Հայաստանը կշարունակի աշխատել էներգակիրների մատակարարման եղանակների և ուղիների բազմազանեցման ուղղությամբ` գործընկեր պետությունների հետ էներգետիկ փոխգործակցությունը խորացնելու և էներգետիկ համակարգերն ինտեգրելու միջոցով:
7.27 Որպես հեռահար նպատակ` Հայաստանը նպատակաուղղված ջանքեր է գործադրելու տարածաշրջանային էլեկտրաէներգետիկ հանգույց դառնալու ուղղությամբ` կապելով հարևան երկրների էներգահամակարգերը և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկ շուկան:
7.28 Էներգետիկ համակարգի զարգացման և բազմազանեցման ճանապարհին մենք հենվելու ենք տեղական առաջնային (վերականգնվող) էներգետիկ պաշարների` բնապահպանական բոլոր չափանիշներին համապատասխան, տնտեսապես արդյունավետ և ողջամիտ օգտագործման, էներգիայի ստացման և կուտակման այլընտրանքային տեխնոլոգիաների, էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման, ինչպես նաև էներգաարդյունավետ ու էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման վրա:
7.29 Էներգետիկ անկախության և անվտանգության ապահովման համատեքստում մենք նաև հետամուտ ենք լինելու ատոմային էներգիայի խաղաղ նպատակներով զարգացմանը, մասնավորապես` Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը:
Հանրային բարեկեցության և ժողովրդագրական իրավիճակի բարելավում
7.30 Հայաստանն իր առջև խնդիր է դրել հասնել հանրային բարեկեցության և համերաշխության` սոցիալական քաղաքականության մարդակենտրոն լուծումների միջոցով:
7.31 Մենք հետամուտ ենք Հայաստանում ծայրահեղ աղքատության վերացմանը և աղքատության մակարդակի էական նվազեցմանը, քաղաքացիների բարեկեցության բարձրացմանը` սոցիալական պաշտպանության ոլորտի կառուցվածքային բարեփոխումների և սոցիալական իրավունքների իրացման արդյունավետ համակարգի ստեղծման միջոցով:
7.32 Սոցիալական անվտանգության ապահովման ճանապարհին Հայաստանը քայլեր է ձեռնարկելու գործազրկության ծավալները կրճատելու, բնակչության կայուն և ժամանակավոր զբաղվածությունն ապահովելու, զբաղվածության միջոցով կյանքի որակը բարձրացնելու, միջին խավն ընդլայնելու ուղղություններով:
7.33 Մենք հանձնառու ենք սոցիալական տարբեր խմբերի համար հավասար հնարավորությունների և սոցիալական ու տնտեսական ներառականության ապահովմանը, այդ թվում` արժանապատիվ ծերության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության ապահովմանն ու բռնության կանխարգելմանը, երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու շահերի արդյունավետ պաշտպանությանը:
7.34 Ժողովրդագրությունը համարելով առաջանցիկ զարգացման և անվտանգության ապահովման առանցքային բաղադրիչ` Հայաստանն իր առջև նպատակ է դրել կայունացնել բնակչության թվաքանակը և նախադրյալներ ստեղծել ժողովրդագրական աճի համար:
7.35 Հայաստանը հստակ քայլեր է ձեռնարկելու ինչպես ծնելիությունը, այնպես էլ հայրենադարձությունը խրախուսելու ուղղությամբ` բարեկեցիկ և արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովելու, պետության կողմից տրամադրվող աջակցության համակարգը կատարելագործելու միջոցներով:
Մտավոր ներուժի ներգրավում բարձր տեխնոլոգիական և ռազմական արդյունաբերության ոլորտներ
7.36 Հայաստանը վարում է մտավոր ներուժի հզորացմանն ուղղված պետական քաղաքականություն, ինչը միտված է երկրի անվտանգային համակարգի դիմակայունության բարձրացմանը և երկրի առաջանցիկ զարգացմանը: Գիտական ներուժի բազմակողմանի ներգրավումը կենսագործունեության բոլոր` այդ թվում պաշտպանական ոլորտներ թույլ կտա ապահովել դրա արդյունավետ արդիականացման և զարգացման շարունակականությունը:
7.37 Այս համատեքստում մենք կարևորելու ենք պետության հոգածության տակ գտնվող գիտակրթական համակարգի դերը Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական կենտրոնի զարգացման գործում: Գիտակրթական համակարգի վերակառուցումը այլ նպատակներից զատ մեզ թույլ կտա նաև ստեղծել երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական հետազոտություններում գերազանցությունը խթանող, ինչպես նաև երկրի տնտեսության մրցունակության բարձրացմանը, անվտանգության ապահովմանը նպաստող համակարգ:
7.38 Առանցքային է կրթության և գիտության ոլորտի ռազմավարական առաջնահերթությունների սահմանումը, դրանց օրգանական կապի ապահովումը պետական և մասնավոր կարիքների, ինչպես նաև համաշխարհային զարգացման միտումների հետ: Բարձր տեխնոլոգիական ոլորտում պետական, ինչպես նաև մասնավոր և օտարերկրյա ներդրումների ներգրավման փոխշահավետ մեխանիզմների մշակմամբ պետությունը աջակցելու է բարձր տեխնոլոգիական հայկական արտադրանքի ստեղծմանը և իրացմանը Հայաստանում և արտերկրում:
7.39 Հայաստանի համար ռազմավարական առաջնայնություն է ռազմարդյունաբերական համալիրի` որպես զինված ուժերի հզորությունների շարունակական ընդլայնման, տնտեսական աճի, գիտական և տեխնոլոգիական առաջընթացի առանցքային գործոնի զարգացումը: Այս ուղղությամբ մենք շեշտը դնելու ենք ռազմարդյունաբերության ոլորտում պետական ներդրումների և պատվերների կատարման ու մասնավոր ներդրումների խրախուսման, ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքի բազմազանեցման և ծավալների ավելացման, ռազմարդյունաբերության ոլորտում նորագույն ու բարձր տեխնոլոգիաների խորը ներթափանցման վրա: Սա թույլ կտա նվազեցնել Հայաստանի կախվածությունը սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրումներից, ինչպես նաև կտրուկ բարձրացնել հայրենական արտադրության ռազմական և բարձր տեխնոլոգիական ապրանքների մրցունակությունը միջազգային շուկայում:
Հանրային առողջության և կենսանվտանգության բարելավում
7.40 Հայաստանի առողջապահական քաղաքականությունը միտված է անհատի և հանրության առողջության պահպանմանը, ամրապնդմանը և բարելավմանը: Այս նպատակի իրագործման ճանապարհին մենք շարունակելու ենք շեշտը դնել հիվանդությունների կանխարգելման, հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցման, ժամանակակից բժշկագիտության վերջին նվաճումների ներդրմամբ առողջապահական համակարգի կատարելագործման, առողջապահական ծառայությունների որակի բարելավման և մատչելիության ապահովման, հանրության շրջանում առողջ ապրելակերպի խթանման և հանրային առողջության վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման վրա:
7.41 Հանրային առողջության ապահովման և Հայաստանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր դարձնելու համատեքստում մենք խրախուսելու ենք առողջապահության ոլորտում բարձր տեխնոլոգիական հայրենական արտադրանքի թողարկումը և արտահանումը:
7.42 Մենք կշարունակենք զարգացնել և ընդլայնել համապարփակ բժշկական ապահովագրության ինստիտուտը, ինչն առավել արդյունավետ և հասանելի կդարձնի առողջապահական ծառայությունները:
7.43 Հանրային առողջության ապահովման համատեքստում մենք շարունակելու ենք կարևորել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումը, վաղ հայտնաբերումը և բուժումը, վարակիչ հիվանդությունների բռնկումների և համաճարակների կանխարգելումը, նոր և վերադարձող հիվանդությունների, ինչպես նաև կառավարելի վարակիչ հիվանդությունների կանխարգելումը իմունականխարգելման ազգային ծրագրով ամրագրված պատվաստումների իրականացման և պատվաստումների վերաբերյալ ապատեղեկատվության տարածման դեմ պայքարի միջոցով:
7.44 Հայաստանը հզորացնելու է իր կարողությունները ճառագայթային, քիմիական և կենսաբանական գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման և այդ իրավիճակներին հակազդելու ուղղություններով:
7.45 Մենք հատուկ ուշադրություն ենք դարձնելու մայրերի ու մանուկների պաշտպանությանը, մանկական մահացության ցուցանիշների շարունակական նվազեցմանը և ծնելիության աճի խթանմանը:
7.46 Մենք կարևորում ենք անհատի, հասարակության, պետության կենսանվտանգության ապահովումը, ինչպես նաև կենդանական աշխարհի և շրջակա միջավայրի պաշտպանությունը կենսաբանական վտանգավոր գործոնների ազդեցությունից:
7.47 Բնակչության կենսաբանական անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանն իրականացնելու է միասնական պետական քաղաքականություն: Մենք ամրապնդելու ենք կենսաբանական վտանգների ու սպառնալիքների կանխարգելման, համաճարակների դեմ պայքարի, ռիսկերի կառավարման ու արձագանքման գործողությունների համակարգային կառավարման մեխանիզմները, ինչպես նաև զարգացնելու ենք ռեֆերենս լաբորատորիաների և անձնակազմերի մասնագիտական կարողությունները:
7.48 Մենք շարունակելու ենք միջազգային համագործակցությունը կենսանվտանգության և կենսապահովման ոլորտում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով` շեշտը դնելով գործընկերային հավասար և համաչափ հարաբերությունների զարգացման վրա և ամրապնդելով ոլորտում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը:
Շրջակա միջավայրի վերականգնում, պահպանություն և բարելավում
7.49 Շրջակա միջավայրի պահպանությունը և բնական ռեսուրսների արդյունավետ կառավարումը Հայաստանի բնականոն կենսագործունեության և ազգային անվտանգության ապահովման կարևորագույն օղակներից են: Հայաստանը շրջակա միջավայրի կառավարման իր քաղաքականությունը հավասարակշռում է սոցիալական արդարության և տնտեսական արդյունավետության հետ:
7.50 Մենք հանձնառու ենք Սևանա լճի` որպես Հայաստանի ջրային ռեսուրսների ռազմավարական պաշարի էկոհամակարգի վերականգնմանը և պահպանմանը, ինչպես նաև ջրային ռեսուրսների` այդ թվում Արարատյան արտեզյան ավազանի և գետային էկոհամակարգերի արդյունավետ կառավարմանը, կենսական նշանակության ջրհավաք ավազանների ու գերխոնավ տարածքների պահպանմանը:
7.51 Մենք գործուն քայլեր ենք իրականացնելու բուսական և կենդանական աշխարհի, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն կառավարման և ընդլայնման, ինչպես նաև երկրի հողային ծածկույթի դեգրադացման ծավալների կրճատման ու անապատացման դեմ պայքարի ուղղություններով: Մեր առաջնահերթությունների թվում են բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացումը և պոչամբարների անվտանգությունը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությունն ու կենսանվտանգության ապահովումը:
7.52 Շրջակա միջավայրի անվտանգության ապահովման նպատակով մենք կատարելագործելու ենք ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծելու ենք քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ:
7.53 Հայաստանը մտադիր է մշակել և իրականացնել կանաչ տնտեսության ներդրմանն ուղղված քաղաքականություն, զարգացնել լավագույն հասանելի տեխնոլոգիաներ և էկոլոգիապես մաքուր արտադրություններ, ներդնել և կիրարկել գիտահենք և ռիսկերի գնահատման վրա հիմնված մշտադիտարկման համակարգ:
7.54 Ոլորտում մեր առաջնահերթություններից են հասարակության իրազեկվածության բարձրացումը և էկոլոգիական գիտակցության արմատավորումը, ինչպես նաև էկոլոգիական կրթության համակարգի ներդրման ապահովումը:
7.55 Մենք կարևորում ենք միջազգային համագործակցությունը շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման ոլորտում` հատկապես կլիմայի գլոբալ փոփոխության բացասական հետևանքները մեղմելու և հարմարվողականության, դիմակայունության բարձրացման գործընթացների ապահովման` այդ թվում ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների նվազեցման, կենսաբազմազանության կորստի, բնական միջավայրերի դեգրադացման կանխարգելման, մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակի նվազեցման ուղղություններով:
8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1 Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունն ընդունվում է որպես ուղենիշային փաստաթուղթ անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, սպառնալիքները, մարտահրավերներն ու առաջնահերթությունները սահմանելու համար:
8.2 Հայաստանի անվտանգությանը և կայուն զարգացմանը միտված ոլորտային բոլոր փաստաթղթերը, որոնք ունեն անվտանգային բաղադրիչ, բխում են Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության հիմնադրույթներից և տրամաբանությունից:
8.3 Պետական կառավարման մարմինների կողմից ամենամյա պարբերականությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակ է ներկայացվում Ազգային անվտանգության ռազմավարությունում սահմանված դրույթների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն, որն ամփոփվում և ներկայացվում է ՀՀ վարչապետին:
8.4 Ռազմավարությունը ենթակա է վերանայման ոչ ուշ քան հինգ տարին մեկ անգամ, ինչպես նաև ըստ անհրաժեշտության` պայմանավորված Հայաստանում և աշխարհում ընթացող գործընթացներով և գերակայությունների փոփոխություններով: