Սեղմել Esc փակելու համար:
COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ, ԿԱՍԿԱԾԵԼԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ, ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

15 հուլիսի 2020 թվականի N 2286-Ա

 

COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ, ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ, ԱԱՊ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ 2 ԱՄՍԱԿԱՆԻՑ 18 ՏԱՐԵԿԱՆ COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ, COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ, ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳՐՄԱՆ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ ԲԱԶՄԱՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ԲՈՐԲՈՔԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ ԵՎ ԿԱՎԱՍԱԿԻԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ որոշման հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել

1) COVID-19 վարակով հաստատված, կասկածելի և ուղեկցող խնդիրներով երեխաների ուղղորդման կարգը (ժամանակավոր), համաձայն հավելված N 1-ի:

2) ԱԱՊ մակարդակում 2 ամսական - 18 տարեկան COVID-19 վարակով երեխաների գնահատման և վարման կարգը, համաձայն հավելված N 2-ի:

3) Երեխաների և դեռահասների մոտ Բազմահամակարգային բորբոքային համախտանիշի և Կավասակիի հիվանդության նախնական ախտորոշման չափանիշները, համաձայն հավելված N 3-ի:

4) COVID-19 վարակով հաստատված երեխաների հիվանդության ծանրության չափանիշները և հոսպիտալացման ցուցումները, համաձայն հավելված N 4-ի:

5) Հիվանդանոցային հաստատությունից կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների դուրս գրման չափանիշները, համաձայն հավելված N 5-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Առողջապահության նախարարի 2020 թվականի մայիսի 21-ի N 1606-Ա հրամանով հաստատված հավելվածի 4-րդ գլուխը:

3. Երևանի քաղաքապետարանի առողջապահության, Հայաստանի Հանրապետության մարզպետարանների առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունների պետերին և երեխաների բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին` առաջնորդվել սույն հրամանով հաստատված դրույթներով:

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ

 

Հավելված 1

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 15-ի

N 2286-Ա հրամանի

 

ԿԱՐԳ

COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ, ԿԱՍԿԱԾԵԼԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՂ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՒՂՂՈՐԴՄԱՆ (ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ)

 

1. COVID 19 վարակով հաստատված դեպքերի վարում

1) Առանց ախտանիշների և թեթև ընթացքով դեպքերի վարումը երեխաների մոտ

ա. Կորոնավիրուսային հիվանդությամբ առանց կլինիկական նշանների երեխաները հսկվում և բուժվում են տան պայմաններում` ԱԱՊ բժշկի հսկողությամբ` ՀՀ ԱՆ 2020 թ. մայիսի 21-ի N 1606-Ա հրամանով սահմանված ընթացակարգով:

բ. Կորոնավիրուսային հիվանդությամբ թեթև ընթացքով 2 ամսականից 18 տարեկան երեխաները հսկվում և բուժվում են տան պայմաններում ԱԱՊ բժշկի հսկողությամբ:

գ. Կորոնավիրուսային հիվանդությամբ թեթև ընթացքով մինչև 2 ամսական երեխաները հսկվում և բուժվում են տան պայմաններում` ԱԱՊ բժշկի հսկողությամբ, իսկ եթե կան խոչընդոտներ տնային խնամքը և վերահսկողությունը իրականացնելու համար` ուղեգրվում Առողջապահության նախարարության կողմից նշանակված կեցության վայր` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 10-ի «COVID-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի երեխաների, նորածինների, հղիների ու ծննդկաների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 1241-Ա հրամանի հավելված N 1-ի:

2) COVID-19 միջին և ծանր ընթացքով հիվանդ երեխաների վարում

ա. Միջին ծանրության և ծանր ընթացքով կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացվում է COVID-19 բուժման համար նշանակված բժշկական կազմակերպություններում` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի ապրիլի 10-ի «COVID-19 վարակով հաստատված, կոնտակտավոր և կասկածելի երեխաների, նորածինների, հղիների ու ծննդկաների տեսակավորման և ուղղորդման ընթացակարգը հաստատելու մասին» թիվ 1241-Ա հրամանի հավելված N 1-ի:

բ. Առանձին դեպքերում, 5 տարեկանից մեծ, միջին ծանրությամբ կլինիկորեն կայուն հիվանդների բուժումը ծնողների համաձայնությամբ կարող է իրականացվել նաև տանը` ԱԱՊ բժշկի հսկողության ներքո:

գ. Ախտորոշման և /կամ վիճակի ծանրությունը գնահատելու նպատակով ըստ բժշկի ցուցումի կարող են իրականացվել ճառագայթային հետազոտություն (ռենտգենոգրաֆիկ, համակարգչային տոմոգրաֆիա, գերձայնային) և լաբորատոր հետազոտություններ (արյան ընդհանուր անալիզ, մեզի անալիզ, Ց ռեակտիվ սպիտակուց, բիոքիմիական հետազոտություններ), որոնք կարող են օժանդակել ախտորոշմանը և հայտնաբերել կամ բացառել թոքային և այլ համակարգերի բարդությունները:

դ. Եթե ծանր ընթացքով հիվանդ երեխայի վիճակը թույլ չի տալիս անմիջապես տեղափոխել երեխային, ապա նախքան տեղափոխելը անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է մոտակա հիվանդանոցային հաստատությունում` ըստ տարածքային մատչելիության և/կամ դիմելիության, բուժհաստատության մեկուսարանում/ մեկուսացված հիվանդասենյակում, անհրաժեշտության դեպքում կազմակերպվում է արագ արձագանքման արտագնա ծառայության կանչ: Տեղափոխումը իրականացվում է վիճակի կայունացման:

2. Հիվանդ ծնողների վարում

1) Եթե COVID 19 հաստատված 0-18 տարեկան հոսպիտալացված երեխայի ծնողի կամ այլ խնամողի մոտ առկա են առողջական խնդիրներ, ապա երեխային սպասարկող բուժհաստատությունը տրամադրում է մեծահասակ պացիենտին անհրաժեշտ բուժօգնություն, տեղեկացնելով այդ մասին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գործող պացիենտների տեսակավորում իրականացնող մասնագիտական խմբին (այսուհետ, Խումբ), կազմակերպելով հեռահար խորհրդատվություն (ներ) և/կամ անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ Covid-19 վարակով մեծահասակ պացիենտներին սպասարկող բուժհաստատությունում: Խնամողի վիճակի վատթարացման դեպքում իրականացվում է տեղափոխում` Խմբի ուղղորդմամբ:

3. COVID 19 կասկածելի և/կամ կոնտակտավոր դեպքերի վարում

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) կասկածելի և/կամ կոնտակտավոր, առանց ախտանիշների և թեթև ընթացքով հոսպիտալացում չպահանջող դեպքերի հսկողությունն ու բուժումը իրականացվում է տնային պայմաններում` ԱԱՊ բժշկի հսկողությամբ: Մինչև 5 տարեկան երեխաների վարումն իրականացվում է համաձայն Առողջապահության նախարարի 2010 թ. ապրիլի 13-ի N 553-Ա հրամանով հաստատված` Մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման չափորոշչի: Ըստ անհրաժեշտության իրականացվում է նմուշառում` Առողջապահության նախարարի 2020 թվականի հունվարի 31-ի թիվ 336-Ա հրամանի հավելված 1-ով հաստատված ուղեցույցի համաձայն, ընդ որում COVID-19 ախտորոշումը հաստատելուն պես, կախված հիվանդության ծանրության աստիճանից, երեխան ուղղորդվում է հիվանդանոց կամ բուժումը շարունակում է տանը ԱԱՊ բժշկի հսկողության ներքո:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) կասկածելի և/կամ կոնտակտավոր միջին ծանրության դեպքերում երեխաները ըստ մասնագիտական ուղղվածության, տարածքային մատչելիության և/կամ դիմելիության, հոսպիտալացվում են հիվանդանոցային հաստատության ժամանակավոր մեկուսացման հիվանդասենյակներում, որտեղ և իրականացվում է նմուշառումը: Ելնելով թեստի պատասխանից, դրական արդյունքի դեպքում երեխան տեղափոխվում է կորոնվիրուսային վարակով երեխաների բուժում իրականացնող բուժհաստատություն կամ, թեստի բացասական պատասխանի դեպքում, բուժումը շարունակում նույն բուժհաստատությունում:

3) Առանձին դեպքերում միջին ծանրությամբ 5 տարեկանից բարձր, կլինիկորեն կայուն վիճակում գտնվող COVID-19 կասկածելի հիվանդ երեխաների բուժումը կարող է իրականացվել նաև տանը` ԱԱՊ բժշկի հսկողության ներքո:

4. ՈՒղեկցվող խնդիրներով COVID 19 հաստատված, կասկածելի և/կամ կոնտակտավոր, դեպքերի վարումը

1) Ուղեկցող սուր վիրաբուժական միջամտություն պահանջող, հաստատված, կասկածելի կամ կոնտակտավոր COVID-19-ով երեխաների բուժումն իրականացվում է ուղեկցող հիվանդության պրոֆիլին համապատասխան բուժհաստատություններում ըստ մասնագիտական ուղղվածության, տարածքային մատչելիության և/կամ դիմելիության, անհրաժեշտության դեպքերում համաձայնեցնելով բուժումը COVID-19 բուժում իրականացնող բուժհաստատությունների հետ, ինչի մասին կատարվում է գրառում հիվանդության պատմագրում:

2) Ուղեկցող` սուր կամ քրոնիկ, հոսպիտալացում չպահանջող, հաստատված, կասկածելի կամ կոնտակտավոր COVID-19-ով, առանց ախտանիշների կամ հիվանդության թեթև ընթացքով երեխաների բուժումն իրականացվում է ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկի կողմից: Անհրաժեշտության դեպքում ԱԱՊ բժիշկը և/կամ ծնողը իրականացնում է հեռավար խորհրդատվություն երեխային հսկող նեղ մասնագիտական կենտրոնի հետ, ինչ մասին կատարվում է գրառում Երեխայի բժշկական հսկողության քարտում:

3) Ուղեկցող` ոչ վիրաբուժական սուր կամ քրոնիկ խնդրով, հոսպիտալացման ենթակա COVID-19 հաստատված երեխաների հոսպիտալացումն ու բուժումը իրականացվում է COVID-19 դրական երեխաների բուժում իրականացնող բուժհաստատություններում` բուժումը համաձայնեցնելով ուղեկցող հիվանդության պրոֆիլի նեղ մասնագետի հետ: '

4) Ուղեկցող` ոչ վիրաբուժական սուր կամ քրոնիկ խնդրով կասկածելի կամ կոնտակտավոր` հիվանդության միջին և ծանր ընթացքով երեխաները հոսպիտալացվում են ուղեկցող հիվանդության պրոֆիլին համապատասխան բուժհաստատության մեկուսարան, հետագա բուժման վայրի վերաբերյալ որոշումը կայացվում է ըստ թեստի արդյունքի:

 

Հավելված 2

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 15-ի

N 2286-Ա հրամանի

 

ԱԱՊ մակարդակում 2 ամսականից 18 տարեկան COVID-19 վարակով երեխաների

գնահատման և վարման կարգը

 

1. Այցի իրականացում

1) Որոշում այցի մասին` բժիշկը, կապ հաստատելով հիվանդի ծնողի/խնամողի հետ, ճշտում է գանգատները, անամնեզը, համաճարակաբանական իրավիճակը ընտանիքում: Հնարավորության դեպքում` տեսազանգի հնարավորություն ընձեռող հեռախոսային հավելվածների միջոցով հեռավար եղանակով վիզուալ գնահատում է երեխայի վիճակը:

2) Կլինիկական պատկերի անորոշության դեպքում, հատկապես` վաղ հասակի երեխաների, ուղեկցող հիվանդությունների կամ վիճակների առկայության, ընտանիքի սոցիալապես անբարենպաստ պայմանների դեպքում, բժիշկն իրականացնում է երեխայի զննումը ԱԱՊ բուժհաստատություն մեկուսարանում կամ, ըստ անհրաժեշտության, կատարում է տնային այցելություն` անհատական պաշտպանիչ միջոցների օգտագործմամբ, Առողջապահության նախարարի 2020թ. մայիսի 21-ի N 1606-Ա հրամանով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Հիվանդի գնահատում

1) Գանգատներ/հիվանդության և համաճարակաբանական անամնեզ.

ա. Համաճարակաբանական անամնեզ` պարզել վերջին 2 շաբաթվա ընթացքում հաստատված ախտորոշումով, կասկածելի կամ ջերմող, գրիպանման նշաններով հիվանդի հետ երեխայի և ընտանիքի անդամների շփումները

բ. Գնահատել երեխայի վիճակը`

- Անհանգստություն կամ թուլություն, անսովոր քնկոտություն, հեղուկ խմելու կամ կուրծք ծծելու ունակությունը, ցնցումներ:

- Ջերմության բարձրացում` տևողությունը, մակարդակը, օգտագործված ջերմիջեցնողներ, դրանց ազդեցությունը:

- Հազ, քթից արտադրություն` բնույթը, տևողությունը, դինամիկան:

- Շնչառություն` դժվարացած, հաճախացած, շնչարգելություն, ներշնչման կամ արտաշնչման ժամանակ լսվող աղմուկներ:

- Ցավեր` մկանացավ, կոկորդացավ, գլխացավ, փորացավ:

- Փսխումներ, փորլուծություն` բնույթը, հաճախականությունը:

- Մաշկի, լորձաթաղանթներին փոփոխություններ, ցանավորում:

- Հիվանդության ընթացքում երեխայի կողմից ընդունված հեղուկները, դրա մոտավոր քանակը, միզարտադրությունը:

- Սննդակարգը հիվանդության ժամանակ:

- Ստացած դեղորայքը, դեղաչափերը, տևողությունը, ազդեցությունը:

- Հիվանդության ընթացքում և վերջին ամիսներին երեխայի հոգեբանական վիճակը, վարքագիծը:

- Խնամողի կողմից հիվանդությանը վերաբերվող այլ տեղեկատվություն:

2) Ճշտել կյանքի անամնեզը (եթե մինչ այդ հայտնի չի եղել).

ա. Նախկինում կրած կամ ներկայումս առկա այլ սուր և խրոնիկ հիվանդությունները, հատկապես շնչառական, ալերգիկ, իմունային համակարգերի, դրանց վաղեմությունը, կատարված բուժումը, ստացվող դեղորայքը:

բ. Կատարված պատվաստումները,

գ. Ընտանիքի սոցիալական վիճակը և տանը բուժման կազմակերպման հնարավորությունը:

3) Կատարել զննում, գնահատելով.

ա. Ընդհանուր վիճակը` հանգիստ, անհանգիստ, գրգռված կամ թույլ, լեթարգիկ և անսովոր քնկոտ:

բ. Շնչառական անբավարարության առկայությունը` շնչառության հաճախականության հաշվարկ մեկ րոպեում` երեխայի հանգստի վիճակում, արտաշնչական / ներշնչական ձայնի փոփոխություններ, ներքաշումներ, ցիանոզ, ռնգախաղ:

գ. Մաշկը և լորձաթաղանթներ` ցանավորում, գունատություն, գունավորում, վերջույթների մաշկի տեսքը, այտուցներ:

դ. Պարանոցային մկանների կարկամության` ջերմող, փսխող, թույլ կամ գրգռված երեխաների մոտ:

4) Կատարել

ա. Պուլսօքսիմետրիա` նախքան կատարելը անհրաժեշտ է մշակել երեխայի մատը ալկոգելային լուծույթով, այնուհետ պահել մինչև ցուցանիշների կայունացում, ավարտից հետո կրկին մշակել մատը ալկոգելային լուծույթով:

բ. Թոքերի և սրտի աուսկուլտացիա,

գ. Ջերմաչափում` եթե այն առաջացնում է երեխայի բացասական արձագանքը, կարելի է նաև ջերմությունը չափել զննումը ավարտելուց հետո,

դ. Ավշային հանգույցների պալպացիա` հատկապես կոկորդացավով և ջերմող երեխաների մոտ,

ե. Որովայնի պալպացիա` հատկապես որովայնացավ, փսխում, փորլուծություն ունեցող երեխաների մոտ,

զ. Բերանի խոռոչի և կոկորդի զննում, օտոսոկոպիա` ըստ անհրաժեշտության,

է. Այլ զննումներ` ըստ անհրաժեշտության,

ը. Բուժհիմնարկում` քաշի և հասակի չափում, եթե տվյալները հայտնի չեն կամ թարմ չեն:

3. Գործիքային և լաբորատոր հետազոտությունների իրականացում

1) Ռենտգեն հետազոտությունը իրականացվում է ըստ հնարավորության և ցուցումների, հատկապես թոքաբորբի կասկածի և / կամ հակասական կլինիկական տվյալների դեպքում:

2) Այլ հետազոտություններ` ըստ կլինիկական ցուցումների:

4. Հիվանդի ծանրության գնահատումից հետո կատարվում է տեսակավորում` ըստ ծանրության աստիճանի և ուղղորդում, համաձայն Առողջապահության նախարարի 2020 թ. ապրիլի 10-ի N 1241 հրամանի:

5. Բուժում

1) Թեթև ընթացքով հիվանդների ախտանիշային բուժում, ներառյալ.

ա. ջերմության կառավարում, քթի հիգիենա, արտահայտված ցավերի դեպքում` ցավազրկում,

բ. Հեղուկների ընդունման ապահովում, հատկապես ջրիկ կղանքի և/կամ եզակի փսխումների, արտահայտված քրտնարտադրության ժամանակ,

գ. Սնուցում` ըստ տարիքային պահանջների,

դ. Հոգեբանական աջակցություն:

2) Միջին ծանրության ընթացքով հիվանդների բուժում.

Առանձին դեպքերում միջին ծանրության 5 տարեկանից բարձր հիվանդները կարող են բուժվել տանը: Այդ դեպքը կարող են համապատասխանել հետևյալ պայմաններին. կա վստահություն, որ խնամողները հետևելու են և ի վիճակի են պատշաճ իրականացնել երեխայի խնամքն ու նշանակումները և երեխայի ընդհանուր վիճակը չափավոր է խաթարված: Նշված դեպքերը կարող են ներառել նաև թոքաբորբ` սատուրացիայի ցուցանիշը 94 և բարձր, բարդությունների կասկածի բացակայություն:

Թոքաբորբի դեպքում հակաբիոտիկների ընտրության խորհուրդներն են`

ա. Տարիքային դեղաչափերով ամոքսիցիլին կամ ամոքսիցիլին կլավուլանատ` եթե երեխան նախկինում ստացել է հակաբիոտիկներ կամ պատկանում է ռիսկի խմբին:

բ. Ալերգիայի դեպքում կամ որպես երկրորդ ընտրություն` 2 կամ 3 սերնդի ցեֆալոսպորիններ կամ 3 տարեկանից բարձր երեխաների մոտ` մակրոլիդներ (ազիթրոմիցին կամ կլարիթրոմիցին):

գ. Արդյունավետության գնահատում 48 ժամ հետո: Արդյունավետության դեպքում բուժումը շարունակվում է, անարդյունավետության դեպքում` երեխան ուղեգրվում է հիվանդանոցային բուժման:

 

Հավելված 3

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 15-ի

N 2286-Ա հրամանի

 

Երեխաների և դեռահասների մոտ Բազմահամակարգային բորբոքային

համախտանիշի և Կավասակիի հիվանդության նախնական

ախտորոշման չափանիշները

 

1. Բազմահամակարգային բորբոքային համախտանիշ (COVID-ասոցացված Կավասակիանման համախտանիշ)

Տարիքը` 0-21 տարեկան

ԵՎ տենդ >= 3 օր

ԵՎ նշված կետերից առնվազն երկուսը:

. Ցան կամ երկկողմանի ոչ թարախային կոնյուկտիվիտ, կամ բերանի, ոտքերի և ձեռքերին առկա մաշկա-լորձային բորբոքային նշաններ

. Զարկերակային ճնշման անկում կամ շոկ

. Սրտի ախտահարման նշաններ` միոկարդի դիսֆունկցիա, պերիկարդիտ, վալվուլիտ (ներառյալ ՈՒՁՀ տվյալներ)

. Մակարդման համակարգի փոփոխություններ` (PT, PTT, բարձր d-Dimer).

. Սուր աղեստամոքսային նշաններ (փորլուծություն, փսխում, որովայնացավ).

ԵՎ

Արյան անալիզում բորբոքման նշաններ` ԷՆԱ, C-ռեակտիվ սպիտակուցի կամ պրոկալցիտոնինի բարձրացում

ԵՎ

Չկան այլ մանրեական հիվանդության ակնհայտ նշաններ, ներառյալ սեպսիս, ստաֆիլոկոկային կամ ստրեպտոկոկային շոկի համախտանիշ

ԵՎ

Կորոնովիրուսային COVID-19 վարակի տվյալներ` հավանական շփում կամ ՊՇՌ, հակածինային կամ հակամարմինային թեսթի տվյալներ:

2. Կավասակիի հիվանդություն

Տենդ >= 5օր

ԵՎ հետևյալ նշաններից առնվազն 4-ի առկայություն.

. Ցան

. Արտահայտված պարանոցային լիմֆադենիտ

. Կոնյուկտիվիտ

. Բերանի լորձաթաղանթի փոփոխություններ` «մորանման» լեզու, լորձաթաղանթի չորություն, շրթունքների ճաքեր:

. Վերջույթների բնորոշ փոփոխություններ` ձեռքերի և ոտքերի մատերի էրիթեմա, այտուց, հետագա թերթաձև թեփոտումով:

Կարող են լինել նաև այլ օրգանների փոփոխություններ: Հիմնական վտանգն է սրտի պսակաձև զարկերակների բորբոքումը` հետագա անևրիզմայի զարգացումով: Ոչ րիվ կամ ատիպիկ Կավասակիի հիվանդություն ախտորոշվում է տենդի և կորոնոր անոթների տիպիկ փոփոխությունների առկայության դեպքում:

 

Հավելված 4

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 15-ի

N 2286-Ա հրամանի

 

COVID-19 ՎԱՐԱԿՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԾԱՆՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ՀՈՍՊԻՏԱԼԱՑՄԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

 

1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանրությունը գնահատվում է որպես թեթև, երբ առկա է հիվանդության որևէ կլինիկական նշան կամ նշաններ (հազ, ջերմություն և այլն), սակայն բացակայում են միջին և ծանր ընթացքի նշանները:

2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանրությունը գնահատվում է որպես միջին, երբ առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը կամ մի քանիսը.

1) Երկու ամսականից բարձր տարիքի երեխաների մոտ.

ա. պուլսօքսիմետրիա` SpO2 91-93%,

բ. շնչառության հաճախականությունը`

. 2 - 12 ամս` 50 և ավել

. 1 - 5 տ` 40 և ավել

. 5 - 10 տ` 30 և ավել

. 10 - 18 տ` 24 և ավել

գ. թոքաբորբի աուսկուլտատիվ տվյալներ.

դ. ջերմությունը.

. 38,0 oC և բարձր, 24 ժամվա և ավելի երկարատև` մինչև 1 տարեկան երեխաների մոտ,

. 38,0 oC և բարձր, 48 ժամվա և ավելի երկարատև` 1-5 տարեկան երեխաների մոտ,

. 38,5 oC և բարձր, 72 ժամ և ավելի երկարատև` 5-18 տարեկան երեխաների մոտ,

ե. թոքաբորբի ռենտգենաբանական պատկեր,

զ. արտահայտված թուլություն,

է. փորլուծություն և/կամ կրկնվող փսխումներ, փորացավ, ջրազրկման նշաններ:

2) Մինչև երկու ամսական երեխաների մոտ.

ա. կրկնվող հազ, դժվարացած քթային շնչառություն,

բ. շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60,

գ. SpO2 91-93%,

դ. մարմնի ջերմաստիճանը 36.5 oC-ից ցածր կամ 37.5 oC-ից բարձր,

ե. փորլուծություն և/կամ կրկնվող փսխումներ, ջրազրկման նշաններ

3. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանրությունը գնահատվում է որպես միջին, երբ առկա է հետևյալ նշաններից որևէ մեկը կամ մի քանիսը.

1) Երկու ամսականից բարձր տարիքի երեխաների մոտ

ա. SpO2 90% և ցածր,

բ. կենտրոնական ցիանոզ (լեզուն, լնդերը, շրթունքները, մաշկային ծածկույթներն ունեն կապտավուն գունավորում), աղմկոտ շնչառություն, կրծքավանդակի ներքաշումներ,

գ. ջերմությունը 38,5 oC և բարձր` 5 օր և ավելի,

դ. խիստ թուլություն, կրծքով սնվելու անկարողություն, լեթարգիա կամ գիտակցության կորուստ, ցնցումներ,

ե. անզուսպ փսխումներ, արտահայտված կամ ծանր ջրազրկում, օլիգուրիա,

զ. հիպոթենզիա, արտահայտված տախիկարդիա կամ բրադիկարդիա (պուլսը <70 կամ >150 երեխաների մոտ), մազանոթների լցվելու ժամանակի երկարում (>2 վայրկյան), բծերով ծածկված մաշկ կամ պետեխիալ կամ մանուշակագույն ցան,

է. Բազմահամակարգային բորբոքային համախտանիշի կամ Կավասակիի հիվանդության նախնական ախտորոշման չափանիշներ` համաձայն սույն հրամանի հավելված N 3-ի:

2) Մինչև երկու ամսական երեխաների մոտ.

ա. SpO2 90% և ցածր,

բ. շնչառության հաճախականությունը ավելի բարձր է քան 60 և աղմկոտ,

գ. շնչառության հաճախականությունը 20-ից ցածր և/կամ ապնո է

դ. կենտրոնական ցիանոզ (լեզուն, լնդերը, շրթունքները, մաշկային ծածկույթներն ունեն կապտավուն գունավորում)

ե. մարմնի ջերմաստիճանը կայուն փոփոխված է` 37.5 oC-ից բարձր կամ 36.5 oC-ից ցածր է,

զ. հրաժարվում է 2 և ավել հաջորդող կերակրումներից,

է. ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո,

ը. ընկճվածություն, քնկոտություն կամ դյուրագրգռություն,

թ. ցնցումներ,

ժ. մոնոտոն գրգռված լաց, որը չի անցնում խնամելուց կամ կերակրելուց հետո,

ի. անզուսպ փսխում կամ շարունակական փորլուծություն:

4. Կորոնավիրուսային հիվանդությամբ թեթև ընթացքով մինչև 2 ամսական երեխաները հսկվում և բուժվում են տան պայմաններում` ԱԱՊ բժշկի հսկողությամբ, իսկ եթե կան խոչընդոտներ տնային խնամքը և վերահսկողությունը իրականացնելու համար` ուղեգրվում Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) ախտորոշված պացիենտների կեցության վայր:

5. Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) երեխաների բուժումն իրականացնող բժշկական կազմակերպություններ են ուղղորդվում մինչև 18 տարեկան երեխաները` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) միջին ծանրության և հիվանդության ծանր ընթացքով երեխաները:

6. Հաստատված COVID-19-ով երեխաները հոսպիտալացվում են, եթե արյան թթվածնով հագեցվածությունը SpO2 <=93% և/ կամ առկա է երեխայի մոտ COVID-19 հիվանդության միջին կամ ծանր աստիճանի մասին վկայող նշաններից որևէ մեկը և/կամ ուղեկցող քրոնիկ հիվանդության սրացում:

7. Հաստատված COVID-19-ով մինչև 18 տարեկան առանց ախտանիշների, ինչպես նաև 2 ամսականից մինչև 18 տարեկան կորոնավիրուսային հիվանդության թեթև ընթացքով, այդ թվում ուղեկցող կոմպենսացված քրոնիկ հիվանդությամբ, երեխաների բուժումն ու հսկողությունն իրականացվում է ըստ բնակության վայրի` ԱԱՊ բժշկի կողմից:

 

Հավելված 5

Առողջապահության նախարարի

2020 թվականի հուլիսի 15-ի

N 2286-Ա հրամանի

 

Հիվանդանոցային հաստատությունից կորոնավիրուսային հիվանդությամբ

(COVID-19) երեխաների դուրս գրման չափանիշները

 

Հիվանդանոցից COVID 19 վարակով երեխաների դուրս գրման չափանիշներ.

1. Կլինիկական չափանիշներ.

Ա. Տենդի հետզարգացում.

Ռինոֆարինգիտի, տոնզիլիտի, լարինգիտի, տրախեիտի, բրոնխիտի դեպքում` մարմնի ջերմաստիճանը 37 oC-ից ցածր է վերջին 12-24 ժամվա ընթացքում, իսկ թոքաբորբի դեպքում` 36-48 ժամվա ընթացքում:

և

Բ. Շնչական անբավարարության բարելավում. արյան թթվածնով հագեցվածությունը/սատուրացիան` SpO2 > 93% վերջին 24 ժամվա ընթացքում:

և

Գ. Հիվանդության այլ կլինիկական նշանների հետզարգացում (զգալի թուլության, փսխումների, փորլուծության դադարեցում և այլն):

և

Դ. Ուղեկցող կլինիկական վիճակի (ների) բարելավում.

և

Ե. Միայն հիվանդանոցային պայմաններում իրականացվող բուժման ավարտ (օրինակ` պարէնտերալ միջամտություններ, իմունային դեղամիջոցներ, հորմոնային թերապիա և այլն):

և

Զ. Պացիենտի կողմից սննդի և հեղուկների ընդունումը դրական միտում ունի:

2. Նախքան դուրս գրումը գործիքային և լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ըստ կլինիկական ցուցումների:

3. Դուրս գրված հիվանդների վերահսկողություն.

Դուրս գրվելուց հետո պացիենտները գտնվում են սպասարկող առողջության առաջնային պահպանման հաստատության հսկողության տակ` համաձայն Առողջապահության նախարարի 2020 թ. թիվ 1606-Ա հրամանով հաստատված «Արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգ»-ի` ամենօրյա հեռախոսազանգերով կամ այցերի միջոցով մշտադիտարկում է պացիենտի վիճակը` մինչև կլինիկական նշանների վերջնական հետ զարգանալը:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
15.07.2020
N 2286-Ա
Հրաման