Սեղմել Esc փակելու համար:
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԿՈՒՐԵԽ ...

 

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

    Ք. Երևան                                   ԲԴԽ-26-Ո-Կ-7

09 հուլիսի 2020 թ.

 

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԿՈՒՐԵԽՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ

 

նախագահությամբ`

Բարձրագույն դատական խորհրդի

                   նախագահ                        Ռ. Վարդազարյանի,

                      

                   մասնակցությամբ` անդամներ        Գ. Բեքմեզյանի,

                                                   Ա. Հայկյանցի,

                                                   Հ. Հովհաննիսյանի,

                                                   Մ. Մակյանի,

                                                   Լ. Մելիքջանյանի,

                                                   Ա. Մխիթարյանի,

                                                   Ս. Չիչոյանի,

                                                   Վ. Քոչարյանի,

 

Դատավորների ընդհանուր ժողովի

էթիկայի և կարգապահական

                   հարցերի հանձնաժողովի նախագահ    Մ. Պապոյանի,

 

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության

                   դատարանի դատավոր                Ա. Կուրեխյանի,

 

                   քարտուղարությամբ`               Մ. Թելոյանի

 

դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով)` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2020 թվականի մայիսի 4-ի թիվ N-Կ-2/2020 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,

 

ՊԱՐԶԵՑ.

 

1. Գործի նախապատմությունը.

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի (այսուհետ` Դատավոր) 05.02.2020 թվականի դիմումը` հասցեագրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը նույն թվականի փետրվարի 18-ին դիմումը վերահասցեագրել է Հանձնաժողովին:

Դիմումի մեջ Դատավորը նշել է, որ Դատարանի նախագահ Արման Կուրեխյանը (այսուհետ` Դատարանի նախագահ) 01.02.2020 թվականին, իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահի պաշտոնին անհարիր վարքագիծ: Մասնավորապես Դատարանի նախագահը Դատավորի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունները. «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան: Ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»:

Հանձնաժողովը 23.03.2020 թվականին Դատարանի նախագահ Արման Կուրեխյանի նկատմամբ կայացրել է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում:

Հանձնաժողովի 04.05.2020 թվականի թիվ N-Կ-2/2020 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհրդին` Դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 

2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը.

i

Հանձնաժողովն իր կողմից ներկայացված միջնորդության մեջ մասնավորապես նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

Վերոնշյալ վարքագծի կանոնը ենթադրում է, որ դատավորը պետք է բարեկիրթ լինի ոչ միայն դատական նիստերի դահլիճում, այլև այն բոլոր անձանց հետ հարաբերություններում և շփումներում, որոնց հետ առնչվում է իր ծառայողական գործունեության ընթացքում:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի համաձայն` դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ:

Վերոնշյալ դրույթը տեղ է գտել նաև Հանձնաժողովի նախագահի կողմից 31.03.2020 թվականին Դատարանի նախագահին հասցեագրված թիվ ԴԴ-Գ-138/1 գրության մեջ: Հատկանշական է այն, որ ի պատասխան Հանձնաժողովի նախագահի վերոնշյալ գրության` Դատարանի նախագահի կողմից Հանձնաժողովին հասցեագրված 16.04.2020 թվականի թիվ ԴԴ-29-Ե-3240/20 գրությամբ ինքնին չի հերքվել սույն կարգապահական վարույթի համար հիմք հանդիսացած հաղորդմամբ մատնանշվող գործողությունների փաստը: Դիմողը պնդել է, որ հատկապես ուշադրության է արժանի գրության մեջ տեղ գտած` Դատարանի նախագահի այն պնդումը, որ վերջինս բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում և չի ցանկանում ժամանակ վատնել առարկայազուրկ հայտարարություններին հակադարձելու վրա, ինչն էլ Հանձնաժողովին հիմք է տալիս արձանագրելու` կարգապահական վարույթի առնվազն այս փուլում` հաղորդմամբ իրեն վերագրվող գործողությունները չհերքելու փաստը:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում հաղորդում ներկայացրած անձը ևս հանդիսանում է դատավոր, որի կողմից, թեև, հաղորդմամբ մատնանշված գործողությունները հավաստող լրացուցիչ ապացույցներ չեն ներկայացվել, սակայն ելնելով դատավորի առանձնահատուկ պաշտոնեական դիրքից և հավաստիության կանխավարկածից, ինչպես նաև Դատարանի նախագահի կողմից իրեն վերագրվող գործողությունները չհերքելու հանգամանքից` Հանձնաժողովը սույն կարգապահական վարույթի համար հիմք հանդիսացած հաղորդմամբ մատնանշված պնդումները դիտարկել է որպես արժանահավատ:

Համադրելով սույն կարգապահական վարույթի շրջանակներում առկա փաստերը` Հանձնաժողովը գտել է, որ Դատարանի նախագահը թույլ է տվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դատավորի վարքագծի կանոնի խախտում:

 

3. Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.

Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Դատարանի նախագահը Հանձնաժողովին հասցեագրած թիվ ԴԴ-29-Ե-3240/20 գրությամբ հայտնել է հետևյալը. «Առհասարակ չեմ պատկերացնում, թե ինչ քննարկման մասին է հիշատակել Ս. Ուլիխանյանը ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված դիմումում, ավելին, 01.02.2020թ. գտնվել եմ արձակուրդում, ինչի մասին սահմանված կարգով տեղեկացվել է նաև հանձնաժողովը:

Այնուամենայնիվ, եթե ինչ-ինչ հանգամանքներից կամ նպատակահարմարությունից ելնելով 01.02.2020թ. աշխատանքի կազմակերպման հարցերի քննարկման փաստն ու դրա բովանդակությունը հիմնավորված համարվի, ապա պատրաստ եմ հրապարակայնորեն ներկայացնել իմ դիրքորոշումը, իսկ մինչ այդ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 143 հոդվածի դրույթները, բացատրություն ներկայացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում և չեմ ցանկանում ժամանակ վատնել առարկայազուրկ հայտարարություններին հակադարձելու վրա»:

27.05.2020 թվականին Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած գրավոր պատասխանում Դատարանի նախագահը նշել է, որ ի պաշտոնե գործելիս և առհասարակ, ցանկացած պարագայում, մշտապես ու բացառապես հարգալից վերաբերմունք է դրսևորել բոլորի նկատմամբ` լինի դատավոր, դատական ծառայող, գործին մասնակցող կամ ցանկացած անձ` մի կողմ դնելով տվյալ անձի մասին իր ունեցած սուբյեկտիվ ընկալումները: Դատավորը հայտնել է, որ կտրականապես հերքում է իրեն վերագրվող վարքագծի կանոնների խախտման վերաբերյալ Հանձնաժողովի անհիմն ենթադրությունները, պնդում է նախկինում իր հայտնած դիրքորոշումն առ այն, որ իրեն ներկայացված մեղադրանքներն անհիմն են, առարկայազուրկ, վարքագծի կանոնների որևէ խախտում թույլ չի տվել, հետևաբար արդարանալու և այդ առումով որևէ ավելացնելու բան չունի:

Դատարանի նախագահն անդրադառնալով կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին Հանձնաժողովի որոշման իրավական հիմնավորվածությանը, վկայակոչելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածը` նշել է, որ Հանձնաժողովն ապացույցներ ստանալու և փաստը հաստատելու փոխարեն փորձել է հակառակն ապացուցելու պարտականությունը դնել իր վրա, ինչը հակասում է նշված հոդվածին: Նա ընդգծել է, որ Հանձնաժողովն իր որոշման մեջ արձանագրել է, որ Սյուզաննա Ուլիխանյանի հաղորդմամբ մատնանշվող գործողությունները հավաստող լրացուցիչ ապացույցներ առկա չեն: Հավելել է, որ իրականում որևէ ապացույց առհասարակ առկա չէ, ուստի «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի ուժով դա պետք է մեկնաբանվեր հօգուտ իրեն և կարգապահական վարույթը կարճվեր:

Դատարանի նախագահը նաև նշել է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 4-րդ մասն իրավունք է վերապահում դատավորին ներկայացնելու բացատրություն, սակայն այդ իրավունքից չօգտվելը չի կարող մեկնաբանվել որպես վերագրվող վարքագծի կանոնի խախտման փաստի ընդունում դատավորի կողմից:

Միաժամանակ Դատարանի նախագահը հայտնել է, որ Հանձնաժողովին տեղեկացրել է 31.01.2020 թվականից մինչև 13.02.2020 թվականն արձակուրդ մեկնելու մասին, ուստի Հանձնաժողովն ի սկզբանե տեղյակ է եղել որոշման մեջ նշված օրվա` 01.02.2020 թվականի դրությամբ իր` արձակուրդում գտնվելու մասին:

Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ Դատարանի նախագահը հայտնել է, որ Հանձնաժողովն իր նկատմամբ դրսևորել է կամայական և խտրական վերաբերմունք, նշել է, որ հակադարձելու կամ հերքելու ոչինչ չկա, մեղադրանքներն ակնհայտ անհիմն են, նման բան տեղի չի ունեցել, իսկ եթե կապացուցվի հակառակը` ինքը պատասխան կտա: Նաև նշել, է որ 01.02.2020 թվականին չի եղել Դատարանի Դիլիջանի նստավայրում, ինչը ևս ապացուցում է, որ Սյուզաննա Ուլիխանյանի դիմումի մեջ նշված խոսակցությունը տեղի ունենալ չէր կարող:

 

4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.

1. Դատավորը 05.02.2020 թվականին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված դիմումով հայտնել է, որ 01.02.2020 թվականին Դատարանի նախագահը, իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահի պաշտոնին անհարիր վարքագիծ, մասնավորապես վերջինս իր վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունները. «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան: Ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»:

Հաշվի առնելով վերոգրյալը` Դատավորը խնդրել է համապատասխան գնահատական տալ Դատարանի նախագահի վերը նկարագրված վարքագծին:

2. Բարձրագույն դատական խորհրդի նախագահը 18.02.2020 թվականին Դատարանի նախագահի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու նպատակով Դատավորի դիմումը վերահասցեագրել է Հանձնաժողովին:

3. Հարուցված կարգապահական վարույթի ընթացքում Հանձնաժողովի նախագահի կողմից 29.04.2020 թվականին Դատավորին հասցեագրվել է թիվ ԴԴ-Գ-150 գրությունը` առաջարկելով Հանձնաժողովին ներկայացնել սույն կարգապահական վարույթի շրջանակներում հաղորդմամբ մատնանշված գործողությունները հավաստող լրացուցիչ ապացույցներ:

4. Ի պատասխան Հանձնաժողովի նախագահի վերոնշյալ գրության` Դատավորը Հանձնաժողովին 30.04.2020 թվականին էլեկտրոնային փոստի միջոցով ուղարկված գրությամբ հայտնել է, որ հաղորդմամբ մատնանշված գործողությունները հավաստող լրացուցիչ ապացույցներ առկա չեն, ուստի դրանք ներկայացնել չի կարող:

5. Դատարանի նախագահի 17.01.2020 թվականի թիվ 1Ա հրամանի համաձայն` դատարանի նախագահ Արման Կուրեխյանին 31.01.2020 թվականից մինչև 13.02.2020 թվականը ներառյալ տրամադրվել է արձակուրդ և որպես Դատարանի նախագահի փոխարինող նշանակվել է դատավոր Ռ. Մելքոնյանը:

6. Ըստ «Տեղեկատվություն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան» վերտառությամբ փաստաթղթի` 01.02.2020 թվականին Արման Կուրեխյանը մուտք է գործել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյան նստավայր 10:05-ին, դուրս եկել` 11:10-ին, իսկ Սյուզաննա Ուլիխանյանը մուտք է գործել Դատարանի Դիլիջան նստավայր 10:00-ին, դուրս եկել` 18:30-ին:

 

5. Բարձրագույն դատական խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Քննարկելով Դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը, լսելով Հանձնաժողովի ներկայացուցչի հաղորդումը, Դատավորի բացատրությունը, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը և հետազոտելով ապացույցները` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են` արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի ակնհայտ և կոպիտ խախտումը, դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված դատավորի վարքագծի կանոնները կոպիտ խախտելը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` (...) ակնհայտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի այն խախտումը, որի առկայությունը չի կարող կասկածի տակ դրվել որևէ ողջամիտ իրավական ենթադրությամբ կամ փաստարկով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կոպիտ է դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի այն խախտումը, որը հեղինակազրկում է դատական իշխանությունը: Կոպիտ է նաև դատավորի կողմից արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կամ դատավորի վարքագծի կանոնի պարբերաբար կատարված այն խախտումը, որը, առանձին վերցրած, կարող է այդպիսին չհամարվել, սակայն իր պարբերականությամբ հեղինակազրկում է դատական իշխանությանը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն` սույն գլխի իմաստով` արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում կարող էր և պարտավոր էր դա անել:

_______________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև ԱԺ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ:

 

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` դատավորն ի պաշտոնե գործելիս պարտավոր է հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդն էական է համարում հետևյալ հարցադրումները.

1. արդյո՞ք Դատարանի նախագահը Դատավորի վերաբերյալ 01.02.2020 թվականին արել է հետևյալ արտահայտությունները. «ՈՒրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան: Ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»:

2. արդյո՞ք Դատարանի նախագահը խախտել է ի պաշտոնե գործելիս դատավորների նկատմամբ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու վարքագծի կանոնը,

3. արդյո՞ք նշված վարքագծի կանոնի խախտումը կարող է որակվել որպես կոպիտ:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում Հանձնաժողովն է կրում Դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունն ապացուցելու պարտականությունը:

Ըստ սույն գործի փաստերի` Դատավորը 05.02.2020 թվականին Բարձրագույն դատական խորհրդի նախագահին ուղղված դիմումով հայտնել է, որ Դատարանի նախագահի կողմից իր նկատմամբ դատարանի նախագահի պաշտոնին անհարիր վարքագծի դրսևորումը տեղի է ունեցել 01.02.2020 թվականին` իր հետ աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր քննարկելիս: Միաժամանակ Հանձնաժողովի նախագահին ուղղված գրությամբ Դատավորը հայտնել է, որ հաղորդմամբ մատնանշված գործողությունները հավաստող լրացուցիչ ապացույցներ առկա չեն, ուստի դրանք ներկայացնել չի կարող: Ավելին` Դատարանի նախագահը 31.01.2020 թվականից մինչև 13.02.2020 թվականը ներառյալ գտնվել է արձակուրդում: Բացի այդ նիստի ժամանակ Դատարանի նախագահի կողմից ներկայացված «Տեղեկատվություն Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան» վերտառությամբ փաստաթղթի համաձայն` 01.02.2020 թվականին Արման Կուրեխյանը մուտք է գործել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Նոյեմբերյան նստավայր 10:05-ին, դուրս եկել` 11:10-ին, իսկ Սյուզաննա Ուլիխանյանը մուտք է գործել Դատարանի Դիլիջան նստավայր 10:00-ին, դուրս եկել` 18:30-ին:

Բարձրագույն դատական խորհուրդը նկատում է, որ սույն գործով վարույթ հարուցելու որոշում կայացնելիս, Հանձնաժողովը ելել է դատավորի առանձնահատուկ պաշտոնեական դիրքից, դատավորի կողմից ներկայացված հաղորդման հավաստիության կանխավարկածից, ինչպես նաև Դատարանի նախագահի կողմից Հանձնաժողովին ներկայացված պատասխանը մեկնաբանել է որպես իրեն վերագրվող գործողությունները չհերքելու հանգամանք, գտել է, որ վերջինիս կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտում, մինչդեռ գործով առկա չէ կարգապահական վարույթի շրջանակներում հաղորդմամբ մատնանշված արտահայտությունը Դատարանի նախագահի կողմից արված լինելը հավաստող որևէ ապացույց: Ավելին` Դատավորի վկայակոչած օրը` 01.02.2020 թվականին, Դատավորը և արձակուրդում գտնվող Դատարանի նախագահը գտնվել են Դատարանի տարբեր նստավայրերում, համապատասխանաբար` Դիլիջանում և Նոյեմբերյանում, Դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ հերքել է նաև իր և Դատավորի միջև նման խոսակցություն տեղի ունենալու փաստը:

Ուստի Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում անհիմն է համարում Հանձնաժողովի պնդումն առ այն, որ պետք է ելնել դատավորի առանձնահատուկ պաշտոնեական դիրքից և հավաստիության կանխավարկածից, քանի որ որևէ կերպ չի հիմնավորվել Դատարանի նախագահի կողմից Դատավորի նկատմամբ 01.02.2020 թվականին նման արտահայտություն արած լինելն այնքանով, որ Դատարանի նախագահը ոչ միայն հերքել է Դատավորի հետ նշված օրը խոսակցություն ունենալու փաստը, այլև նրանք նշված օրը գտնվել են Դատարանի տարբեր նստավայրերում, իսկ հակառակը` Հանձնաժողովը սույն գործով չի ապացուցել:

Ինչ վերաբերում է Հանձնաժողովի` Դատարանի նախագահի կողմից տեղի ունեցածը չհերքելու մասին փաստարկին, ապա Դատավորը Հանձնաժողովին ուղղված գրությամբ հաղորդմամբ վկայակոչածը համարել է առարկայազուրկ, որը Բարձրագույն դատական խորհրդի գնահատմամբ դիտվում է որպես հաղորդմամբ վկայակոչվածի հերքում, քանի որ առարկայազուրկ բառն ինքնին մեկնաբանվում է որպես անհիմն:

Վերոգրյալի հիմքով` Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ Հանձնաժողովը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի ուժով կրում է իր վրա դրված փաստի չապացուցման բացասական բեռը:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն` վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք:

Այսպիսով, վերոգրյալի համատեքստում, Բարձրագույն դատական խորհուրդը գտնում է, որ քանի որ Հանձնաժողովի կողմից չի ապացուցվել Դատարանի նախագահի կողմից իրեն վերագրվող արտահայտությունների արված լինելու փաստը, ուստի դրանց իրավաչափությանը Բարձրագույն դատական խորհուրդը չի անդրադառնում և քննարկման առարկա չի դարձնում սույն որոշմամբ բարձրացված 2-րդ և 3-րդ հարցերը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 144-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով` Բարձրագույն դատական խորհուրդը

 

ՈՐՈՇԵՑ.

 

1. Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` մերժել:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:

 

Բարձրագույն դատական

                  խորհրդի նախագահ        Ռ. Վարդազարյան

                  Առկա է հատուկ կարծիք

                  պատճառաբանական մասի

                  վերաբերյալ

                  Անդամներ`              Գ. Բեքմեզյան

                                         Ա. Հայկյանց

                                         Հ. Հովհաննիսյան

                                         Մ. Մակյան

                                         Լ. Մելիքջանյան

 

Առկա է հատուկ կարծիք

պատճառաբանական մասի

    վերաբերյալ             Ա. Մխիթարյան

                           Ս. Չիչոյան

                           Վ. Քոչարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

(ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ` ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԿՈՒՐԵԽՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ 09.07.2020 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԲԴԽ-26-Ո-Կ-7 ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ)

 

Բարձրագույն դատական խորհուրդը քննության է առել Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) միջնորդությունը` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

Քվեարկության արդյունքում, ձայների մեծամասնությամբ որոշվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժել և համապատասխան որոշումը հրապարակվել է 09.07.2020 թ.-ին:

Չհամաձայնելով Բարձրագույն դատական խորհրդի որոշման պատճառաբանական մասի հետ, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի1 (այսուհետ` Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասով` ներկայացնում ենք Հատուկ կարծիք` հետևյալի մասին:

____________________

1 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքին հղումները կկատարվեն մինչև Աժ կողմից ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-197-Ն օրենքի 02.05.2020թ. ուժի մեջ մտնելու խմբագրությամբ:

 

Սույն կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) դատավոր Սյուզաննա Ուլիխանյանի (այսուհետ` Դատավոր) 05.02.2020 թվականի դիմումը` հասցեագրված Բարձրագույն դատական խորհրդի նախագահին, որը նույն թվականի փետրվարի 18-ին դիմումը վերահասցեագրել է Հանձնաժողովին:

Դիմումում Դատավորը նշել է, որ Դատարանի նախագահ Արման Կուրեխյանը (այսուհետ` Դատարանի նախագահ) 01.02.2020 թվականին` իր հետ քննարկելով աշխատանքի կազմակերպման հետ կապված հարցեր, թույլ է տվել դատարանի նախագահի պաշտոնին անհարիր վարքագիծ: Մասնավորապես Դատարանի նախագահը Դատավորի վերաբերյալ արել է հետևյալ արտահայտությունները. «Ուրիշի տեղն ես զբաղեցնում, շուտով բոլորը դա կհասկանան: Ոնց ուզում ես ընկալի, բայց գործավարի հաստիքից այդպես էլ չաճեցիր, այդ հոգեբանությունից դուրս արի, պատմուճան կրելը և մի երկու վճիռ կնքելը քեզ դեռ դատավոր չի դարձնում»:

Հանձնաժողովի` Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությունը Բարձրագույն դատական խորհրդի կողմից, մասնավորապես, Օրենսգրքի 143-րդ հոդվածի վկայակոչմամբ մերժվել է այն հիմնավորմամբ, որ «... Բարձրագույն դատական խորհուրդը նկատում է, որ սույն գործով վարույթ հարուցելու որոշում կայացնելիս, Հանձնաժողովը ելել է դատավորի առանձնահատուկ պաշտոնեական դիրքից, դատավորի կողմից ներկայացված հաղորդման հավաստիության կանխավարկածից, ինչպես նաև Դատարանի նախագահի կողմից Հանձնաժողովին ներկայացված պատասխանը մեկնաբանել է որպես իրեն վերագրվող գործողությունները չհերքելու հանգամանք, գտել է, որ վերջինիս կողմից թույլ է տրվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի խախտում, մինչդեռ գործով առկա չէ կարգապահական վարույթի շրջանակներում հաղորդմամբ մատնանշված արտահայտությունը Դատարանի նախագահի կողմից արված լինելը հավաստող որևէ ապացույց: Ավելին` Դատավորի վկայակոչած օրը` 01.02.2020 թվականին, Դատավորը և արձակուրդում գտնվող Դատարանի նախագահը գտնվել են Դատարանի տարբեր նստավայրերում, համապատասխանաբար` Դիլիջանում և Նոյեմբերյանում, Դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ժամանակ հերքել է նաև իր և Դատավորի միջև նման խոսակցություն տեղի ունենալու փաստը:

Ուստի Բարձրագույն դատական խորհուրդը համապատասխան ապացույցների բացակայության պայմաններում անհիմն է համարում Հանձնաժողովի պնդումն առ այն, որ պետք է ելնել դատավորի առանձնահատուկ պաշտոնեական դիրքից և հավաստիության կանխավարկածից, քանի որ որևէ կերպ չի հիմնավորվել Դատարանի նախագահի կողմից Դատավորի նկատմամբ 01.02.2020 թվականին նման արտահայտություն արած լինելն այնքանով, որ Դատարանի նախագահը ոչ միայն հերքել է Դատավորի հետ նշված օրը խոսակցություն ունենալու փաստը, այլև նրանք նշված օրը գտնվել են Դատարանի տարբեր նստավայրերում, իսկ հակառակը` Հանձնաժողովը սույն գործով չի ապացուցել»:

i

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:

i

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով` Բարձրագույն դատական խորհրդի` կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:

Բարձրագույն դատական խորհուրդը նշված հոդվածի վկայակոչմամբ արձանագրելով Դատարանի նախագահին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը Հանձնաժողովի կողմից ապացուցված չլինելու հանգամանքը, որևէ գնահատական չտալով Դատավորի կողմից հայտնած տեղեկատվությանը` որպես ապացուցողական նշանակություն ունեցող նյութի, ավելին, արձանագրելով, որ որևէ կերպ չի հիմնավորվել Դատարանի նախագահի կողմից Դատավորի նկատմամբ 01.02.2020 թվականին նման արտահայտություն արված լինելն այնքանով, որ Դատարանի նախագահը ոչ միայն հերքել է Դատավորի հետ նշված օրը խոսակցություն ունենալու փաստը, այլև նրանք նշված օրը գտնվել են Դատարանի տարբեր նստավայրերում, գտնում ենք, որ դրանով անուղղակիորեն կասկածի տակ է դրվել Դատավորի ազնվության կանխավարկածը` տեղի տալով հանրության կողմից ենթադրություններ անելու կամ նույնիսկ համոզմունք ձևավորելու հնարավորությանը` Դատավորի` սուտ կամ զրպարտիչ հայտարարություններ անելու ունակությունների վերաբերյալ, դրանով իսկ ստեղծելով նաև Դատավորի անկախությունը վտանգելու հնարավորություն:

Նման մոտեցման դրսևորումը համարում ենք անթույլատրելի Դատական իշխանությունը կրող որևէ անձի նկատմամբ:

i

Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:

i

Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:

i

Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն` ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է` հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերել դատավարության մասնակիցների, դատավորների, դատարանի աշխատակազմի և բոլոր այն անձանց նկատմամբ, որոնց հետ դատավորը շփվում է ի պաշտոնե:

Անհերքելի է, որ դատավորի կողմից վարքագծի կանոնները չպահպանելը պետք է հանգեցնի կարգապահական պատասխանատվության միայն այն դեպքում, եթե կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն ապացուցված են:

Սույն վարույթի շրջանակներում որպես Դատարանի նախագահի կողմից վարքագծի կանոնները չպահպանելու ապացույց Հանձնաժողովը ներկայացրել է Դատավորի հայտնած տեղեկություններն այն հիմնավորմամբ, որ հաշվի առնելով Դատավորի կարգավիճակը, գործում է այդ տեղեկությունների ճշմարտացիության կանխավարկածը:

Հաշվի առնելով, որ սույն կարգապահական վարույթում խնդիրը վերաբերում է երկու անձերի միջև տեղի ունեցած խոսակցությանը, որին որևէ այլ անձ ներկա չի գտնվել, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպիսի ապացույցով կարող էր այդ խոսակցության եղելությունը հիմնավորվել, հատկապես այն պարագայում, երբ չի օգտագործվել Դատավորին որպես վկա հրավիրելու օրենսդրական հնարավորությունը, որպիսի միջնորդությամբ կարող էր հանդես գալ Դատարանի նախագահը: Տվյալ դեպքում, անհրաժեշտ ենք համարում նշել, որ Բարձրագույն դատական Խորհրդի որոշմամբ որևէ կերպ հաշվի չի առնվել և գնահատականի չի արժանացել այն հանգամանքը, որ վարույթի հարուցման առիթը դատական իշխանության կրողի հայտարարությունն է, իսկ այդպիսի փաստակազմի դեպքում անհրաժեշտ է ելնել դատավորի կողմից «ճիշտն ասելու» կանխավարկածը:

Նշվածն առավել կարևորվում է այն փաստի հաշվառմամբ, որ կարգապահական պատասխանատվության հիմքը նշած Դատավորը, կիրառելի օրենսդրության պայմաններում, զրկված է անձամբ լսվելու իրավունքից, բացառությամբ այն դեպքի, երբ նման միջնորդությամբ հանդես կգար Դատարանի նախագահը, ուստի Բարձրագույն դատական խորհուրդը պարտավոր էր հաշվի առնել նաև Հանձնաժողովի կողմից Դատավորի խոսքին տրված գնահատականը, ըստ որի Հանձնաժողովը գտել էր, որ սույն վարույթն իրականացնելու հիմքն առկա է:

Միաժամանակ հիմք ընդունելով այն փաստը, որ կարգապահական վարույթը հարուցված է Դատարանի նախագահի նկատմամբ, որի խոսքի ճշմարտացիության կանխավարկածը ևս չի կարող կասկածի տակ առնվել` գտնում ենք, որ կարգապահական վարույթի հիմքն ապացուցված չլինելու գնահատականում առանցք պետք է համարվեր ոչ թե ապացույցների բացակայությունը` այդպիսով անուղղակիորեն կասկածի տակ դնելով կամ անգամ հերքելով Դատավորի խոսքի ճշմարտացիությունը, այլ ապացույցների իրարամերժ և ոչ բավարար լինելու փաստը:

Ավելին, բոլոր այն դեպքերում, երբ կարգապահական վարույթի «հակադիր» կողմերում դատավորներ են, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը կամ բացակայությունը բացահայտելիս պետք է գնահատականի առարկա դարձվեր նաև նրանց` միմյանց հետ հնարավոր առնչության շրջանակները, շահերի բախման հավանականության գործոնը:

Տվյալ դեպքում Դատավորը նշել է Դատարանի նախագահի կողմից վարքագծի կանոնի խախտման մասին, որը հանգեցրել է իր նկատմամբ վերջինիս կողմից անհարգալից վերաբերմունքի դրսևորման:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդը, ի թիվս այլ հարցերի, էական է համարել հարցադրումն առ այն, թե «արդյո՞ք Դատարանի նախագահը խախտել է ի պաշտոնե գործելիս դատավորների նկատմամբ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու վարքագծի կանոնը», սակայն արձանագրելով, որ Հանձնաժողովի կողմից չի ապացուցվել Դատարանի նախագահի կողմից իրեն վերագրվող արտահայտությունների արված լինելու փաստը, քննարկման առարկա չի դարձրել նշված հարցը: Մինչդեռ նշված հարցադրման շրջանակներում, գտնում ենք, որ պետք է գնահատական տրվեր Դատարանի նախագահի ի պաշտոնե գործելիս դատավորների նկատմամբ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու վարքագծի կանոնի պահպանման կարևորությանը:

Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհուրդն իր թիվ 19 կարծիքում արձանագրել է, որ դատարանների նախագահները, ի թիվս այլնի, պարտավոր են ներկայացնել դատարանը և գործընկեր դատավորներին, ապահովել դատարանի արդյունավետ գործունեությունը և դրանով նպաստել դատարանի` ի բարօրություն հասարակության ծառայությանը, և այս գործընթացում դատարանների նախագահները նպաստում են դատական ամբողջ համակարգի զարգացմանը, ինչպես նաև իրենց դատարաններում արդարադատության որակի պահպանմանը և որակյալ արդարադատության իրականացմանը, որի ընթացքում ապահովվում է անկախությունը:

Դատարանների նախագահների հիմնական պարտականությունը, սակայն, մնում է որպես դատավորների և, ընդհանուր առմամբ, նաև դատարանի անկախության ու անաչառության երաշխավոր հանդես գալը: Դատարանների նախագահները պետք է ստեղծեն միջավայր, որտեղ դատավորները կարող են դիմել նրանց անհրաժեշտության դեպքում և օժանդակություն ստանալ իրենց գործառույթների կատարման հարցում, այդ թվում` էթիկայի և դեոնտոլոգիայի մասով:

Վերոգրյալից հետևում է, որ դատարանի նախագահն առանցքային դերակատարություն ունի դատավորների համար դատարանում առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու հարցում: Նշվածն առավել պատասխանատու պետք է դարձնի դատարանի նախագահին, այդ թվում նաև` դատավորների հետ շփումներում: Այս առումով դատարանի նախագահը պատասխանատու է ոչ միայն իր կողմից օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները, հատկապես դատավորների նկատմամբ հարգալից և բարեկիրթ վերաբերմունք ցուցաբերելու կանոնը, պահպանելու համար, այլ նաև պատասխանատվության իր «բաժինը» պետք է ունենա այդ դատարանում աշխատող դատավորների կողմից վարքագծի կանոնները պահպանելու համար:

Հաշվի առնելով, որ Դատավորի և Դատարանի նախագահի միջև օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները խախտելու վերաբերյալ վեճի առկայությունն ինքնին պետք է գնահատել որպես դատական իշխանության համբավն ու հեղինակությունը վարկաբեկող և վտանգող` գտնում ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արձանագրեր Դատարանի նախագահի «մեղքի բաժինը» սույն վարույթի շրջանակներում քննարկման առարկա հանդիսացող վեճի առկայության հարցում:

 

Բարձրագույն դատական

    խորհրդի նախագահ       Ռ. Վարդազարյան

Բարձրագույն դատական

    խորհրդի անդամ         Ա. Մխիթարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 24 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Բարձրագույն դատական խորհուրդ
09.07.2020
N ԲԴԽ-26-Ո-Կ-7
Որոշում