Սեղմել Esc փակելու համար:
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 51-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական              Սնանկության գործ

    դատարանի որոշում                       թիվ ԱՎԴ/0060/04/17

    Սնանկության գործ թիվ ԱՎԴ/0060/04/17    2020 թ.

Նախագահող դատավոր` Տ. Նազարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի հունիսի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2018 թվականի որոշման դեմ` ըստ Ժիրայր Մարգարյանի դիմումի` սեփական սնանկությունը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժիրայր Մարգարյանը (այսուհետ` Պարտապան) պահանջել է իրեն ճանաչել սնանկ:

ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ե. Քոչարյան) (այսուհետ` Դատարան) 28.09.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 03.11.2017 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Սամվել Մանուկյանը (այսուհետ` Կառավարիչ):

Դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը:

Պարտապանի կողմից 29.03.2018 թվականին ներկայացվել է բողոք (դիմում)` Կառավարչի` քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի` Պարտապանին պատկանող բաժնեմասի օտարման գործողությունների վիճարկման վերաբերյալ:

Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմամբ Պարտապանի բողոքը (դիմումը) մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 24.07.2018 թվականի որոշմամբ Պարտապանի վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերացվել է և ոչ իրավաչափ է ճանաչվել Կառավարչի` Պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը կիրառել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, որը չպետք է կիրառեր, չի կիրառել մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքը, որը պետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, որ քննվող իրավահարաբերությունների վրա պետք է տարածվի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը, հիմնավորված չէ:

Վերաքննիչ դատարանը, որոշման կայացման հիմքում դնելով ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշումը, կիրառել է միայն վերոնշյալ որոշման առաջին մասը, որը տվյալ դեպքում կիրառելի չէր կարող լինել: Վերաքննիչ դատարանն անտեսել է նույն որոշման երկրորդ մասը, որը հնարավոր է կիրառելի լիներ սույն գործով վիճելի իրավահարաբերության նկատմամբ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Պարտապանին սեփականության իրավունքով պատկանում է ոչ թե բնակարան, այլև բաժնեմաս, ինչը և առանցքային նշանակություն ունի սույն գործով:

Մասնավորապես` ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշման առաջին պարբերությունը կիրառելի է այն դեպքերում, երբ իրացվում է պարտապանի միակ բնակարանն ամբողջությամբ: Սույն գործով օտարման ենթակա բնակարանի 1/4 բաժնեմասն է պատկանում Պարտապանին: Բնակարանը գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ, ինչը նշանակում է, որ Պարտապանի 1/4 բաժնեմասը նշված անշարժ գույքում կազմում է 2.069.000 ՀՀ դրամ:

Վերաքննիչ դատարանն անհասկանալի հաշվարկների հիման վրա եզրակացրել է, թե Պարտապանի գնահատված բաժնեմասը` 2.069.000 ՀՀ դրամի չափով, փոքր է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված գումարի չափից: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը պետք է հիմք ընդուներ նույն որոշման 2-րդ պարբերությունը, որը հստակ սահմանում է իրացվող գույքի բաժնեմասի նվազագույն գինը: Մասնավորապես` տվյալ պարագայում 4.900.000 ՀՀ դրամը պետք է բաժանվեր Պարտապանի բաժնեմասին: Սույն դեպքի համար Պարտապանի միակ բաժնեմասի իրացման համար նվազագույն գումարը կազմում է ոչ թե 4.900.000 ՀՀ դրամ, այլ 1.225.000 ՀՀ դրամ: Հետևաբար, տվյալ դեպքում Պարտապանի բաժնեմասը, որը գնահատված է 2.069.000 ՀՀ դրամ, ավելին է ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն գումարից, այն է` 1.225.000 ՀՀ դրամից: ՈՒստի Պարտապանին պատկանող բաժնեմասն օտարելու ուղղությամբ Կառավարչի գործողություններն իրավաչափ են և բխում են ՀՀ օրենսդրության պահանջներից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.07.2018 թվականի որոշումը` օրինական ուժ տալով Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշմանը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը:

1) Դատարանի 28.09.2017 թվականի վճռով Ժիրայր Մարգարյանը ճանաչվել է սնանկ (հավելված գ.թ. 6-10):

2) Դատարանի 27.12.2017 թվականի որոշմամբ հաստատվել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը: Բանկի պահանջը` 2.533.851,70 ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում (հավելված գ.թ. 21-22):

3) Պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Արտաշատ քաղաքի Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը «Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննության հիման վրա գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ: Նշված բնակարանի Զ բաժնեմասի արժեքը կազմել է 2.069.000 ՀՀ դրամ (հավելված գ.թ. 35-38):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, ու գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` պարտապանին պատկանող բռնագանձման ոչ ենթակա գույքի առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար: Միաժամանակ սույն վճռաբեկ բողոքի վարույթ ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասի և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշման սխալ մեկնաբանելու հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

- արդյո՞ք պարտատերերի պահանջների բավարարման նպատակով կարող է իրացվել քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասը, եթե այդ բաժնեմասի արժեքը գերազանցում է ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն գումարի և միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալը.

- արդյո՞ք մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածով սահմանված պարտապանի գույքի իրացման արգելքը կարող է նույնացվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված գույքի իրացման արգելքի հետ:

i

Մինչև 15.04.2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ (...):

i

Օրենքի 96-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտատերերի պահանջների բավարարման նպատակով իրացման (օտարման) ենթակա չէ պարտապանի այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել:

i

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն` բռնագանձում չի կարող տարածվել քաղաքացի-պարտապանին պատկանող միակ այն բնակարանի (այդ թվում` բնակարանի հետ մեկ միասնական գույքային միավոր կազմող տնամերձ հողամասի և այդ հողամասի վրա առկա օժանդակ կառույցների) կամ դրա բաժնի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, և որի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից: Եթե միակ բնակարանն իրացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված գումարը գերազանցող գնով, ապա Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված գումարը վերադարձվում է պարտապանին:

Վերոգրյալ իրավադրույթներից հետևում է, որ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների բավարարման համար պարտապանին պատկանող ոչ բոլոր գույքերն են ենթակա իրացման (օտարման): Այսինքն` պարտապանին պատկանող գույքերի իրացման հարցում առկա են որոշակի բացառություններ: Այդպիսի բացառությունների թվին է դասվում, մասնավորապես, այն գույքը, որի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել: Իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագանձում չի կարող տարածվել, ի թիվս այնի, նաև ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա, եթե այն բավարարում է որոշակի չափանիշների:

Այսպես` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով բռնագանձում չի կարող տարածվել այն բնակարանի կամ դրա բաժնի վրա, որը համապատասխանում է հետևյալ հատկանիշներին.

1) բնակարանը պատկանում է ֆիզիկական անձ պարտապանին,

2) այն ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանն է, այսինքն` նրա մշտական բնակության միակ վայրն է,

3) բնակարանի մեկնարկային գինը հավասար կամ ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից:

Ընդ որում, ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշման 1-ին կետի համաձայն` քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարը կազմում է 4.900.000 ՀՀ դրամ: Իսկ նույն որոշման 2-րդ կետի համաձայն` քաղաքացի-պարտապանի` բռնագանձման ոչ ենթակա միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն գումարը որոշվում է նույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարի և քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալով:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սնանկության վարույթում բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող այն բնակարանի վրա, որը պարտապանի համար հանդիսանում է մշտական բնակության միակ վայր, եթե դրա մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամից: Միևնույն ժամանակ բռնագանձում չի կարող տարածվել ֆիզիկական անձ պարտապանին պատկանող միակ այն բնակարանի բաժնեմասի վրա, որի մեկնարկային գինը ցածր է 4.900.000 ՀՀ դրամի և նրա միակ բնակարանի բաժնեմասի արտադրյալի գումարից: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ եթե ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամը գերազանցող գումարով կամ ֆիզիկական անձ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասը իրացվում է 4.900.000 ՀՀ դրամի և բաժնեմասի արտադրյալը կազմող գումարը գերազանցող գումարով, ապա պարտապանի միակ բնակարանի կամ պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի իրացման համար ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված նվազագույն գումարը վերադարձվում է պարտապանին, իսկ գումարի մնացած մասն ուղղվում է պահանջների բավարարմանը:

Սույն գործի փաստերի համաձայն Դատարանի վճռով Ժիրայր Մարգարյանը ճանաչվել է սնանկ: Այնուհետև Դատարանը հաստատել է սնանկության գործով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` Բանկի պահանջը` 2.533.851,70 ՀՀ դրամի չափով, գրանցվել է որպես չապահովված պահանջ` «է» հերթում: Պարտապանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող բնակարանը «Էքսպերտ» ՍՊԸ-ի կողմից կատարված փորձաքննության հիման վրա գնահատվել է 8.276.000 ՀՀ դրամ, ընդ որում պարտապանի Զ բաժնեմասը նշված անշարժ գույքում կազմել է 2.069.000 ՀՀ դրամ: Ժիրայր Մարգարյանի կողմից ներկայացվել է բողոք (դիմում), որով վերջինս խնդրել է ոչ իրավաչափ ճանաչել քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքի` Ժիրայր Մարգարյանին պատկանող բաժնեմասի օտարմանն ուղղված Կառավարչի գործողությունները և արգելել բաժնեմասի վաճառքը:

Դատարանը, մերժելով Պարտապանի բողոքը (դիմումը), պատճառաբանել է, որ իրացման ոչ ենթակա գույքի ցանկը սահմանված է Օրենքով, մասնավորապես, Օրենքի 95-րդ հոդվածում: Իսկ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված քաղաքացի-պարտապանի միակ բնակարանի իրացման համար սահմանված նվազագույն գումարի չափը հիմք է հանդիսանում միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող կատարողական գործողությունների ընթացքում հարկադիր կատարողի` քաղաքացի-պարտապանին պատկանող միակ բնակարանի վրա բռնագանձում չտարածելու համար:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Պարտապանի վերաքննիչ բողոքը, վերացրել է Դատարանի 30.03.2018 թվականի «Միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը և ոչ իրավաչափ է ճանաչել Կառավարչի` պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները: Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքը և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշումը, կազմելով Հայաստանի Հանրապետության օրենսդրության բաղկացուցիչ մասը, հավասարապես կիրառելի են սնանկության վարույթում` հաշվի առնելով, որ Օրենքի 96-րդ հոդվածը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Վերաքննիչ դատարանը նշել է նաև, որ տվյալ դեպքում Կառավարչի կողմից վաճառքի է հանվել Պարտապանին պատկանող միակ բնակարանը, որը հանդիսանում է վերջինիս մշտական բնակության միակ վայրը, որի մեկնարկային գինը ցածր է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` միակ բնակարանի իրացման համար նախատեսված նվազագույն գումարից` 4.900.000 ՀՀ դրամից (սույն դեպքում Պարտապանի բաժնեմասի արժեքը կազմում է 2.069.000 ՀՀ դրամ): Ըստ այդմ, Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ տվյալ դեպքում Կառավարիչն օրենքի ուժով իրավունք չունի սնանկության վարույթով օտարել Պարտապանին համասեփականության իրավունքով պատկանող միակ բնակարանը, ուստի Կառավարչի գործողությունները պետք է համարել ոչ իրավաչափ:

Վերը շարադրված վերլուծությունների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Նախ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն իրավացիորեն գտել է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, որպիսի հիմքով և ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի «Պարտապանի միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումար սահմանելու մասին» թիվ 808-Ն որոշումը կիրառելի են սնանկության վարույթում` հաշվի առնելով, որ Օրենքի 96-րդ հոդվածը հղում է կատարում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը:

Այնուհանդերձ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է այն իրողությունը, որ տվյալ դեպքում Կառավարչի կողմից վաճառքի է հանվել ոչ թե ամբողջ բնակարանը, այլ բնակարանի` Պարտապանին պատկանող բաժնեմասը: Հետևաբար սույն վեճի համար էական նշանակություն ունի այն փաստի պարզումը, թե արդյոք Պարտապանի միակ բնակարանի բաժնեմասի արժեքը պակաս է 4.900.000 ՀՀ դրամի և այդ բնակարանում Պարտապանի բաժնեմասի արտադրյալից:

Այսպես` սույն գործի նյութերից հետևում է, որ Պարտապանի բաժինը քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում դրա Զ մասն է, որը դրամային արտահայտությամբ կազմում է 2.069.000 ՀՀ դրամ (հավելված գ.թ. 38): Իսկ ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված` միակ բնակարանի նվազագույն արժեքի` 4.900.000 ՀՀ դրամի, և ընդհանուր գույքում Պարտապանի բաժնեմասի` Զ-ի արտադրյալը կազմում է 1.225.000 ՀՀ դրամ (4.900.000 x Զ = 1.225.000):

Վերոգրյալից պարզ է դառնում, որ ընդհանուր գույքում Պարտապանի ունեցած բաժնեմասի արժեքը` 2.069.000 ՀՀ դրամը, ավելի մեծ է ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված` միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն արժեքից (2.069.000 > 1.225.000), ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում Պարտապանին պատկանող բաժնեմասը ենթակա էր իրացման (օտարման), քանի որ այդ բաժնեմասի շուկայական արժեքն ավելի մեծ է, քան ՀՀ կառավարության 13.07.2017 թվականի թիվ 808-Ն որոշմամբ սահմանված` միակ բնակարանի բաժնեմասի նվազագույն արժեքը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաք Արտաշատ, Արարատյան 1-ին շենքի թիվ 9 հասցեում գտնվող անշարժ գույքում Պարտապանին պատկանող բաժնեմասի օտարմանն ուղղված Կառավարչի գործողություններն իրավաչափ են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Ի վերջո, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ տվյալ դեպքում, ընդհանուր գույքի` պարտապանին պատկանող բաժինը 1.225.000 ՀՀ դրամից (4.900.000 x Զ = 1.225.000) ավելի բարձր գնով իրացվելու դեպքում, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ուժով 1.225.000 ՀՀ դրամը պետք է վերադարձնել Պարտապանին, իսկ մնացած գումարն ուղղել պահանջների բավարարմանը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և փոփոխելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիայի) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելը և փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելով և փոփոխելով` դիմումը մերժելով, Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.07.2018 թվականի որոշումը բեկանել և փոփոխել` Ժիրայր Մարգարյանի դիմումը` թիվ ԱՎԴ/0060/04/17 սնանկության գործով կառավարիչ Սամվել Մանուկյանի` պարտապանին պատկանող միակ բնակարանն օտարելու ուղղությամբ իրականացվող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու մասին, մերժել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Ս. Միքայելյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.06.2020
N ԱՎԴ/0060/04/17
Որոշում