Սեղմել Esc փակելու համար:
01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ 09.04.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/4896/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4896/02/16   2020 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(1-ին մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի (այսուհետ` Կառավարիչ) ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կառավարչի ընդդեմ Յուրա Պետրոսյանի, երրորդ անձինք «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի, «Սպիտակ-1» ԲԲԸ-ի` անհիմն հարստացման գումարը բռնագանձելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Յուրա Պետրոսյանից բռնագանձել 83.172.120 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի բռնագանձվել է 62.954.750 ՀՀ դրամ` գումարը փոխանցելով սնանկության հատուկ հաշվեհամարին: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2019 թվականի որոշմամբ Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 31.10.2018 թվականի վճիռը` հայցի բավարարված մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարչի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել «Սպիտակ 1» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի և Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի կողմից:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրք) 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո Յուրա Պետրոսյանին հնարավորություն չի ընձեռվել ձեռք բերելու և ներկայացնելու իր առարկությունների հիմքում դրված հանգամանքը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես այն մասին, որ կատարողական ակտերը նա չի ստորագրել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվել է նշված կատարողական ակտերը «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից մերժելուն, այն համարել է անհիմն, սակայն որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված տվյալ միջնորդության մերժման անհիմն լինելը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, քանի որ նշված չեն այդ եզրահանգման իրավական հիմքերը: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի նշել, թե Դատարանի կողմից նշված միջնորդության մերժումը որքանով է ազդել գործի սխալ լուծման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.10.2018 թվականի վճռին:

2.1. «Սպիտակ 1» ԲԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Յուրա Պետրոսյանը, հանդիսանալով «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն, թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի շրջանակներում երբեք չի վիճարկել թիվ 1, թիվ 2, թիվ 3 կատարողական ակտերն իր կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

2.2. Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները.

Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Դատարանը 31.10.2018 թվականի վճռով, առանց որևէ դատավարական գործողության, փոխել է սնանկ ճանաչված ընկերության անվանումը` արդյունքում կայացնելով վճիռ գործին մասնակից չդարձված անձանց վերաբերյալ: Ավելին` Դատարանն անտեսել է, որ սույն գործով պետք է հայցվոր լինի ոչ թե Կառավարիչը, այլ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն: Սույն գործով Դատարանի կողմից խախտվել են տարածքային ընդդատության կանոնները: Առկա են եղել հիմքեր նախագահող դատավորի ինքնաբացարկի համար: Դատարանի 31.10.2018 թվականի վճռի հիմքում դրված փորձագիտական եզրակացությունը եղել է անթույլատրելի, որի վերաբերյալ Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչը ներկայացրել է առարկություններ, սակայն դրանք չեն ներառվել Դատարանի 31.10.2018 թվականի վճռում: Սույն գործով բացակայել են անհիմն հարստացման համար անհրաժեշտ հատկանիշները:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի դիմումը բավարարվել է, և «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 14-22):

2) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի որոշմամբ հաստատվել է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի պահանջը գրանցվել է 83.172.120 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 23-25):

3) Գործում առկա են Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված 12.11.2014 թվականով թվագրված մեկ և 16.10.2014 թվականով թվագրված երկու կատարողական ակտեր: Պատասխանող Յուրա Պետրոսյանի կողմից վիճարկվում է կատարողական այդ ակտերն իր կողմից ստորագրված լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 56-59):

4) 14.09.2018 թվականի նախնական դատական նիստի ժամանակ Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն` կատարողական ակտերը Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը պարզելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 52-53):

5) Դատարանի 14.09.2018 թվականի արձանագրային որոշմամբ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 66):

6) Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 14-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, այն է` վճռում փոխել է սնանկ ճանաչված անձի անունը,

- խախտվել են գործի տարածքային ընդդատության կանոնները,

- առկա են եղել գործով նախագահող դատավորի ինքնաբացարկի հիմքեր,

- վճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ,

- Դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները, այն է` սույն գործով հայցվոր պետք է լինի սնանկ ճանաչված ընկերությունը, այլ ոչ թե սնանկության կառավարիչը,

- բացակայում են անհիմն հարստացման որոշ հատկանիշներ. Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չի կիրառել (հատոր 4-րդ, գ.թ. 3-13):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով կայացված «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքների նախադատելիության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի դատական ակտերի իրավական հիմնավորվածության խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1) ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որով այն վերաբերում է նախկինում քննված այլ քաղաքացիական գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին: Ըստ այդմ, նոր քաղաքացիական գործով այդ հանգամանքներն այլևս ապացուցման կարիք չունեն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն` praejudicialis-ից) դատավարական ինստիտուտը, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը և նման կապի օբյեկտիվ սահմանները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Հետագայում մեկ այլ որոշման շրջանակներում վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից, կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար: Ավելին, պարտատիրոջ կողմից սնանկության վարույթում պահանջ չներկայացնելը կամ դրա մերժումը բացասական հետևանքներ է առաջացնում այդ պարտատիրոջ համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված հոդվածի իրավակարգավորումը` «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել այլ քաղաքացիական գործ քննելիս: Այդուհանդերձ, «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը կարող է դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույց, որը կարող է պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ««ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով բավարարվել է «Սպիտակ-1» ԲԲԸ-ի դիմումը, և «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 25.05.2016 թվականի որոշմամբ հաստատվել է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի պահանջը գրանցվել է 83.172.120 ՀՀ դրամի չափով:

Դատարանը մասնակիորեն բավարարել է Կառավարչի հայցը` պատճառաբանելով, որ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի, որի տնօրենը հանդիսանում է Յուրա Պետրոսյանը, և «Սպիտակ-1» ԲԲԸ-ի միջև առկա են եղել պայմանագրային հարաբերություններ, սակայն պայմանագրային հարաբերությունների արդյունքը` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան թիվ 42 հասցեում կառուցված շինությունն անցել է սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանին, հետևաբար թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված ընկերությունը հանդիսանում է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն, որի տնօրենը հանդիսանում է սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանը: Բացի այդ, թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ, որը մտել է օրինական ուժ մեջ, նույնպես հաստատվել է, որ սնանկ ճանաչված ընկերության և «Սպիտակ-1» ԲԲԸ-ի միջև կնքվել է կապալային աշխատանքների թիվ 1 պայմանագիրը, թվով չորս կատարողական ակտերը, «Սպիտակ-1» ԲԲԸ-ի բանկային հաշվին վերոնշյալ պայմանագրի շրջանակում ընդհանուր 58.578.000 ՀՀ դրամի փոխանցման փաստը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանն ըստ էության նման վճիռ պետք է կայացներ միայն այն դեպքում, երբ կուսումնասիրեր գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց կգնահատեր գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ Վերաքննիչ դատարանի` Դատարանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ պատասխանողը վիճարկում է կատարողական ակտերն իր կողմից ստորագրված չլինելու փաստը, առանց բավարար ապացույցների հաստատված է համարել այդ փաստը: Մինչդեռ Դատարանը, չանդրադառնալով հայցվորի պնդմանն այն մասին, որ վերը նշված կատարողական ակտերն ինքը չի ստորագրել, կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում նշել է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվում է վերոնշյալ կատարողական ակտերը Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել սույն քաղաքացիական գործի համար: Նշված եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով և նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքները սույն քաղաքացիական գործով չեն կարող համարվել նախադատելի, ուստի վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասով, անհիմն է:

Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտային սահմաններ: Նախադատելիության սուբյեկտային սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Նախկին 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի և բողոք բերած անձի կողմից վկայակոչված` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի սուբյեկտային կազմը տարբերվում են միմյանցից: Սույն գործով հայցվորը «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն է, պատասխանողը` Յուրա Պետրոսյանն է: Սույն գործին երրորդ անձի կարգավիճակով մասնակցում են նաև «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն և «Սպիտակ-1» ԲԲԸ-ն: Իսկ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով դիմումատուն «Սպիտակ-1» ԲԲԸ-ն է, պարտապանը` «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն: Փաստորեն, սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանը թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի քննությանը չի մասնակցել (որպես դատավարության մասնակից հանդես չի եկել):

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի նաև այն փաստարկը, ըստ որի` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ հաստատված, «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Պետրոսյանի կողմից կատարողական ակտերը ստորագրված լինելու հարցի հետ կապված հանգամանքները նախադատելի են:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով կայացված վերոգրյալ դատական ակտերը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճիռը, 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշումը, կարող են դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

2) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ դատավարական օրենսդրությունը սահմանում է դատական ակտին ներկայացվող պահանջներ: Այդ պահանջների սահմանման նպատակներից մեկն էլ հենց անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելն է:

Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում` այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ առաջին ատյանի դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին` արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում (...):

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին` եզրահանգումներ կատարելով բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավորվածության վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ` մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ ՈՒկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքի վերաբերյալ եզրահանգումները պետք է լինեն հիմնավորված: Այսինքն` անդրադառնալով վերաքննիչ բողոքում տեղ գտած այս կամ այն հիմքին` Վերաքննիչ դատարանը պետք է իրավական և փաստական տեսանկյուններից հիմնավորի իր կողմից արտահայտվող դիրքորոշումը և գա որոշակի եզրահանգման` այդպիսով բողոք բերած անձի համար բացահայտելով, թե ինչպիսի պատճառաբանությամբ է մերժվել կամ բավարարվել իր կողմից բերված բողոքի այս կամ այն հիմքը:

Սույն գործով Դատարանը 14.09.2018 թվականի դատական նիստում կայացված արձանագրային որոշմամբ մերժել է Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը` նշելով, որ փորձաքննություն նշանակելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը, հայցը բավարարելու մասով բեկանել է Դատարանի վճիռը և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավաչափությանը վերաբերող հիմքին, նշել է, որ «տվյալ դեպքում Դատարանն ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո պատասխանողին հնարավորություն չի ընձեռել ձեռք բերելու և ներկայացնելու այն ապացույցները, որոնցով նա կարող էր հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված այն հանգամանքը, որ հայցվորի պահանջի հիմքում ներկայացված ապացույցները` կատարողական թերթերը, նա չի ստորագրել, որպիսի պայմաններում դրանց տվյալները հիմնավոր համարվել չեն կարող: Այս առումով պատասխանողը միջնորդել է Դատարանին նշանակել փորձաքննություն նշված հարցի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը ստանալու համար, սակայն Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ քննարկվող հարցն էական նշանակություն ունի գործի լուծման համար, անհիմն մերժել է միջնորդությունը»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում առ այն, որ 14.09.2018 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից անհիմն է մերժվել: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել այն հանգամանքը, թե արդյոք Դատարանի կողմից դատավարական իրավունքի համապատասխան նորմի խախտումը հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատշաճ չի հիմնավորել Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ դատավարական նման խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը: Փաստորեն, Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական չափանիշին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկներին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, քանի որ վերաքննիչ բողոքի` այդ փաստարկներին վերաբերող հիմքերն ու հիմնավորումները պատշաճ քննության առարկա չեն դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի 62.954.750 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, ընդ որում հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ հայցի մերժված մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձը, որի դեմ կայացվել է եզրափակիչ դատական ակտ, կրում է Հայաստանի Հանրապետության կողմից վկաներին, փորձագետներին, մասնագետներին և թարգմանիչներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև դատարանի և գործին մասնակցող անձանց կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են «Դատական ծախսերը» վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշումը և գործը` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի 62.954.750 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատի կողմից թիվ ԵԱՔԴ/4896/02/16 քաղաքացիական գործով 15.05.2020

թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի

վերաբերյալ

 

15.05.2020 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2020 թվականի մայիսի 15-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանի (այսուհետ` Կառավարիչ) ներկայացուցիչ Խաչատուր Օհանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կառավարչի ընդդեմ Յուրա Պետրոսյանի, երրորդ անձինք «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի և «Սպիտակ-1» ԲԲԸ-ի` անհիմն հարստացման գումարը բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2019 թվականի որոշումը և գործը` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի 62.954.750 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական մասի մի մասի և եզրափակիչ մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը

«Դիմելով դատարան` Կառավարիչը պահանջել է Յուրա Պետրոսյանից բռնագանձել 83.172.120 ՀՀ դրամ` որպես անհիմն հարստացման գումար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Բունիաթյան) (այսուհետ` Դատարան) 31.10.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի բռնագանձվել է 62.954.750 ՀՀ դրամ` գումարը փոխանցելով սնանկության հատուկ հաշվեհամարին: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2019 թվականի որոշմամբ Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 31.10.2018 թվականի վճիռը` հայցի բավարարված մասով, բեկանվել է, և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կառավարչի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացվել «Սպիտակ-1» ԲԲԸ-ի ներկայացուցիչ Ռաֆայել Կրոյանի և Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչ Կրոմվել Գրիգորյանի կողմից»:

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

1) Վերաքննիչ դատարանը խախտել է 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգիրք) 48-րդ, 51-րդ, 52-րդ, 53-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը Դատարանի վճռի բեկանման հիմքում դրել է այն հանգամանքը, որ ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո Յուրա Պետրոսյանին հնարավորություն չի ընձեռվել ձեռք բերելու և ներկայացնելու իր առարկությունների հիմքում դրված հանգամանքը հիմնավորող ապացույցներ, մասնավորապես այն մասին, որ կատարողական ակտերը նա չի ստորագրել: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով հաստատվել է նշված կատարողական ակտերը «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

2) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից մերժելուն, այն համարել է անհիմն, սակայն որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչ հանգամանքներով է պայմանավորված տվյալ միջնորդության մերժման անհիմն լինելը: Հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը չի կարող համարվել պատճառաբանված, քանի որ նշված չեն այդ եզրահանգման իրավական հիմքերը: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի նշել, թե Դատարանի կողմից նշված միջնորդության մերժումը որքանով է ազդել գործի սխալ լուծման վրա:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2019 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 31.10.2018 թվականի վճռին»:

2.1 Վճռաբեկ դատարանը որպես «Սպիտակ-1» ԲԲԸ-ի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն ամբողջությամբ հիմնավոր է և ենթակա է բավարարման, քանի որ Յուրա Պետրոսյանը, հանդիսանալով «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն, թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի շրջանակներում երբեք չի վիճարկել թիվ 1, թիվ 2, թիվ 3 կատարողական ակտերն իր կողմից ստորագրված լինելու հանգամանքը»:

2.2 Վճռաբեկ դատարանը որպես Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, քանի որ Դատարանը 31.10.2018 թվականի վճռով, առանց որևէ դատավարական գործողության, փոխել է սնանկ ճանաչված ընկերության անվանումը` արդյունքում կայացնելով վճիռ գործին մասնակից չդարձված անձանց վերաբերյալ: Ավելին` Դատարանն անտեսել է, որ սույն գործով պետք է հայցվոր լինի ոչ թե Կառավարիչը, այլ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն: Սույն գործով Դատարանի կողմից խախտվել են տարածքային ընդդատության կանոնները: Առկա են եղել հիմքեր նախագահող դատավորի ինքնաբացարկի համար: Դատարանի 31.10.2018 թվականի վճռի հիմքում դրված փորձագիտական եզրակացությունը եղել է անթույլատրելի, որի վերաբերյալ Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչը ներկայացրել է առարկություններ, սակայն դրանք չեն ներառվել Դատարանի 31.10.2018 թվականի վճռում: Սույն գործով բացակայել են անհիմն հարստացման համար անհրաժեշտ հատկանիշները»:

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«1) Թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի դիմումը բավարարվել է, և «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 14-22):

2) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի որոշմամբ հաստատվել է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի պահանջը գրանցվել է 83.172.120 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 23-25):

3) Գործում առկա են Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված 12.11.2014 թվականով թվագրված մեկ և 16.10.2014 թվականով թվագրված երկու կատարողական ակտեր: Պատասխանող Յուրա Պետրոսյանի կողմից վիճարկվում է կատարողական այդ ակտերն իր կողմից ստորագրված լինելու հանգամանքը (հատոր 1-ին, գ.թ. 56-59):

4) 14.09.2018 թվականի նախնական դատական նիստի ժամանակ Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդություն` կատարողական ակտերը Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը պարզելու համար (հատոր 2-րդ, գ.թ. 52-53):

5) Դատարանի 14.09.2018 թվականի արձանագրային որոշմամբ դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի միջնորդությունը մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 66):

6) Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից ներկայացված վերաքննիչ բողոքում Դատարանի վճիռը բողոքարկվել է հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում.

- Դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 14-րդ հոդվածի, 29-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, այն է` վճռում փոխել է սնանկ ճանաչված անձի անունը,

- խախտվել են գործի տարածքային ընդդատության կանոնները,

- առկա են եղել գործով նախագահող դատավորի ինքնաբացարկի հիմքեր,

- վճռի հիմքում դրվել են անթույլատրելի ապացույցներ,

- Դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջները, այն է` սույն գործով հայցվոր պետք է լինի սնանկ ճանաչված ընկերությունը, այլ ոչ թե սնանկության կառավարիչը,

- բացակայում են անհիմն հարստացման որոշ հատկանիշներ. Դատարանը պետք է կիրառեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1099-րդ հոդվածի 4-րդ կետը, որը չի կիրառել (հատոր 4-րդ, գ.թ. 3-13)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում այն հիմնավորմամբ, որ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ սնանկության գործով կայացված «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատված հանգամանքների նախադատելիության, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի դատական ակտերի իրավական հիմնավորվածության խնդիրներին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1) ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված` քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված հանգամանքները նույն անձանց միջև դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, իր որոշմամբ անդրադառնալով վկայակոչված հոդվածի մեկնաբանությանը, իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրինական ուժի մեջ մտած սկզբնական դատական ակտի նախադատելիությունը պայմանավորում է նույն անձանց միջև այլ գործի քննության արդյունքում նոր կայացվելիք դատական ակտի բովանդակությունն այն մասով, որով այն վերաբերում է նախկինում քննված այլ քաղաքացիական գործով արդեն իսկ հաստատված հանգամանքներին: Ըստ այդմ, նոր քաղաքացիական գործով այդ հանգամանքներն այլևս ապացուցման կարիք չունեն: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը, ուսումնասիրելով նախադատելիության կամ պրեյուդիցիայի (լատիներեն` praejudicialis-ից) դատավարական ինստիտուտը, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը և նման կապի օբյեկտիվ սահմանները, արձանագրել է, որ գործին մասնակցող անձանց համար նախադատելիությունը նշանակում է որոշակի սահմաններում ապացուցման պարտականությունից ազատում, ինչպես նաև կրկնակի ապացուցման կամ նման հանգամանքները հետագա դատավարություններում հերքելու արգելք: Նախադատելիությունը դատարանի համար ենթադրում է պարտականություն ներմուծելու նման հանգամանքը նոր կայացվող դատական ակտում: Որպես կանոն, դատական ակտերի պրեյուդիցիալ կապը ենթադրում է դատական ակտի նախադատելիության տարածում ամբողջ ծավալով թե՛ գործին մասնակցող անձանց, թե՛ դատարանի վրա (ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ կետ): Հետևաբար, նախադատելիությունն օրենքի ուժով միանշանակ կանխորոշիչ դերակատարություն է ունենում նոր դատական ակտի համար, իսկ գործին մասնակցող անձանց կամքը և դատական հայեցողությունն այս հարցում ազդեցություն չունեն: Դատական ակտի պրեյուդիցիալ կապի կամ նախադատելիության օբյեկտիվ սահմանները որոշվում են հանգամանքների այն շրջանակով, որոնք պետք է հաստատված լինեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտով և ենթակա չեն կրկին ապացուցման կամ հերքման այլ գործ քննելիս (տե՛ս «Սաթնէ» ՍՊԸ-ն ընդդեմ Աշոտ և Հենրիկ Այվազյանների թիվ 3-93(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.02.2008 թվականի որոշումը):

Հետագայում մեկ այլ որոշման շրջանակներում վերահաստատելով վերը նշված դիրքորոշումը` ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է նաև, որ նախադատելիության ինստիտուտը կարևոր նշանակություն ունի դատական խնայողության սկզբունքի ապահովման և դատական ակտերի միջև անհաղթահարելի հակասությունների կանխարգելման առումով: Մասնավորապես` այն մի կողմից կոչված է պարզեցնելու խախտված իրավունքները վերականգնելու դատավարական կարգը` ազատելով կողմերին նույն փաստը կրկին ապացուցելու պարտականությունից, մյուս կողմից, կոչված է բացառելու միևնույն փաստերի տարբեր, հակասական գնահատումը, որը կարող է հանգեցնել իրավական որոշակիության սկզբունքի խախտման (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշման շրջանակներում ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ «պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար: Հետևաբար «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքների և պարտականությունների առումով այն պարտադիր է նաև սնանկության վարույթում պարտատեր գրանցված անձանց համար: Ավելին, պարտատիրոջ կողմից սնանկության վարույթում պահանջ չներկայացնելը կամ դրա մերժումը բացասական հետևանքներ է առաջացնում այդ պարտատիրոջ համար: Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վկայակոչված հոդվածի իրավակարգավորումը` «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել այլ քաղաքացիական գործ քննելիս: Այդուհանդերձ, «պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը կարող է դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույց, որը կարող է պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ ««ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով բավարարվել է «Սպիտակ-1» ԲԲԸ-ի դիմումը, և «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի 25.05.2016 թվականի որոշմամբ հաստատվել է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲԸ-ի պահանջը գրանցվել է 83.172.120 ՀՀ դրամի չափով:

Դատարանը մասնակիորեն բավարարել է Կառավարչի հայցը` պատճառաբանելով, որ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի, որի տնօրենը հանդիսանում է Յուրա Պետրոսյանը, և «Սպիտակ-1» ԲԲԸ-ի միջև առկա են եղել պայմանագրային հարաբերություններ, սակայն պայմանագրային հարաբերությունների արդյունքը` ՀՀ, ք. Երևան, Պռոշյան թիվ 42 հասցեում կառուցված շինությունն անցել է սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանին, հետևաբար թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով սնանկ ճանաչված ընկերությունը հանդիսանում է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն, որի տնօրենը հանդիսանում է սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանը: Բացի այդ, թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ, որը մտել է օրինական ուժ մեջ, նույնպես հաստատվել է, որ սնանկ ճանաչված ընկերության և «Սպիտակ-1» ԲԲԸ-ի միջև կնքվել է կապալային աշխատանքների թիվ 1 պայմանագիրը, թվով չորս կատարողական ակտերը, «Սպիտակ-1» ԲԲԸ-ի բանկային հաշվին վերոնշյալ պայմանագրի շրջանակում ընդհանուր 58.578.000 ՀՀ դրամի փոխանցման փաստը:

Վերաքննիչ դատարանը գտել է, որ Դատարանն ըստ էության նման վճիռ պետք է կայացներ միայն այն դեպքում, երբ կուսումնասիրեր գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց կգնահատեր գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Ըստ Վերաքննիչ դատարանի` Դատարանը, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ պատասխանողը վիճարկում է կատարողական ակտերն իր կողմից ստորագրված չլինելու փաստը, առանց բավարար ապացույցների հաստատված է համարել այդ փաստը: Մինչդեռ Դատարանը, չանդրադառնալով հայցվորի պնդմանն այն մասին, որ վերը նշված կատարողական ակտերն ինքը չի ստորագրել, կայացրել է չհիմնավորված դատական ակտ:

Սույն գործով վճռաբեկ բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում նշել է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատվում է վերոնշյալ կատարողական ակտերը Յուրա Պետրոսյանի կողմից ստորագրված լինելու հանգամանքը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի իրավակարգավորումը, գտնում է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող ունենալ օրինական ուժ ստացած վճռի կարգավիճակ և նախադատելի լինել սույն քաղաքացիական գործի համար: Նշված եզրահանգման հիմքում ընկած է այն իրողությունը, որ պահանջների վերջնական ցուցակը սնանկության վարույթի շրջանակներում կարող է ենթարկվել որոշակի փոփոխությունների, ինչը վկայում է այն մասին, որ համապատասխան դատական ակտով հաստատված պարտատերերի ցուցակը և նրանց պահանջների չափն իրենց բնույթով չեն կարող միանշանակորեն համարվել վերջնական և անփոփոխելի հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով և նույն գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ հաստատված հանգամանքները սույն քաղաքացիական գործով չեն կարող համարվել նախադատելի, ուստի վճռաբեկ բողոքը` ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի խախտման մասով, անհիմն է:

Այսպես` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ համաձայն ընդհանուր կանոնի` նախադատելիությունն ունի օբյեկտիվ և սուբյեկտային սահմաններ: Նախադատելիության սուբյեկտային սահմաններն այն անձինք են, որոնց համար դատական ակտով հաստատված հանգամանքներն ունեն նախադատելի նշանակություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի Նախկին 52-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ փաստերը կարող են նախադատելի նշանակություն ունենալ այն անձանց համար, որոնք մասնակցել են գործի քննությանը (տե՛ս Մանյա Մանուկյանն ընդդեմ Աշտարակի քաղաքապետարանի թիվ ԱՐԱԴ/0209/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանի վերոհիշյալ իրավական դիրքորոշումները համադրելով սույն գործի փաստական հանգամանքների հետ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործի և բողոք բերած անձի կողմից վկայակոչված` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի սուբյեկտային կազմը տարբերվում են միմյանցից: Սույն գործով հայցվորը «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Թոռչյանն է, պատասխանողը` Յուրա Պետրոսյանն է: Սույն գործին երրորդ անձի կարգավիճակով մասնակցում են նաև «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն և «Սպիտակ-1» ԲԲԸ-ն: Իսկ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով դիմումատուն «Սպիտակ-1» ԲԲԸ-ն է, պարտապանը` «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ն: Փաստորեն, սույն գործով պատասխանող Յուրա Պետրոսյանը թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործի քննությանը չի մասնակցել (որպես դատավարության մասնակից հանդես չի եկել):

ՈՒստի, Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում բողոքաբերի նաև այն փաստարկը, ըստ որի` թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճռով և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշմամբ հաստատված, «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի տնօրեն Յուրա Պետրոսյանի կողմից կատարողական ակտերը ստորագրված լինելու հարցի հետ կապված հանգամանքները նախադատելի են:

Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ թիվ ԵԿԴ/0136/04/15 սնանկության գործով կայացված վերոգրյալ դատական ակտերը` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի վճիռը, 25.05.2016 թվականի «Պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.06.2016 թվականի որոշումը, կարող են դիտվել որպես ինքնուրույն գրավոր ապացույցներ, որոնք կարող են պարունակել տեղեկություններ և գործում առկա այլ ապացույցների հետ համադրության արդյունքում հնարավորություն տալ դատարանին պարզելու գործին մասնակցող անձանց պահանջները և առարկությունները հիմնավորող, ինչպես նաև վեճի լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը:

 

------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԱՔԴ/4896/02/16
Որոշում