Սեղմել Esc փակելու համար:
01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

01.01.1999 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ԵՎ 09.04.2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՀՀ ՔԱՂԱՔԱՑ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԱՔԴ/4896/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՔԴ/4896/02/16   2020 թ.

Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

    Դատավորներ`        Գ. Խանդանյան

                       Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

(2-րդ մաս)

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Ա. Բարսեղյան

Ս. Անտոնյան

Վ. Ավանեսյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

 

2) ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է ինչպես ՀՀ վճռաբեկ դատարանի, այնպես էլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 52):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործին մասնակցող անձանց համար երաշխավորված` դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսևորվում է նաև դատական ակտը բողոքարկելու իրավունքով և դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված և բողոք բերող անձի իրավունքներին և օրինական շահերին առնչվող դատական սխալը:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում հավելել, որ դատավարական օրենսդրությունը սահմանում է դատական ակտին ներկայացվող պահանջներ: Այդ պահանջների սահմանման նպատակներից մեկն էլ հենց անձի բողոքարկման իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ հիմքեր ստեղծելն է:

Այսպես. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերաքննիչ դատարանը պարտավոր է անդրադառնալ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը, այդ թվում` այն փաստերը, որոնք հաստատել է առաջին ատյանի դատարանը, և վերաքննիչ բողոքում դրանք վիճարկվել են, և վերաքննիչ դատարանը հանգել է այն եզրակացության, որ տվյալ փաստի վերաբերյալ եզրակացության հանգելիս առաջին ատյանի դատարանը սխալ է թույլ տվել` պատճառաբանելով նման եզրակացությունը և հղում կատարելով նման եզրակացության հիմքում ընկած ապացույցներին: Նման դեպքերում վերաքննիչ դատարանը պետք է նշի, թե առաջին ատյանի դատարանի հաստատած փաստի փոխարեն ինչ նոր փաստ է հաստատված համարում, կամ առաջին ատյանի դատարանի հաստատած որ փաստը հաստատված չի համարվում` պատճառաբանելով նման եզրահանգումը և հղում կատարելով առաջին ատյանի դատարանի հետազոտած համապատասխան ապացույցներին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին` արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում (...):

Վերոնշյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է և վերաքննիչ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը որոշում է վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում: Ընդ որում, Վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայելիս պետք է պարտադիր անդրադառնա վերաքննիչ բողոքում նշված բոլոր հիմքերին և հիմնավորումներին` եզրահանգումներ կատարելով բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավորվածության վերաբերյալ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Եվրոպական դատարանը, իր մի շարք վճիռներում ներպետական դատարանների կողմից կայացված որոշումների չպատճառաբանվածությունը կամ ոչ բավարար պատճառաբանվածությունը դիտելով որպես անձի արդար դատական քննության իրավունքի խախտում, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների կողմից կայացվող որոշումները պետք է ողջամտորեն պարունակեն այդ դատական ակտերի կայացման համար հիմք հանդիսացած պատճառաբանություններ` կողմերի լսված լինելու հանգամանքը ցույց տալու, ինչպես նաև արդարադատության իրականացման նկատմամբ հրապարակային հսկողություն ապահովելու նպատակով, սակայն Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը չի կարող ընկալվել որպես պահանջ` մանրամասնորեն պատասխանելու կողմերի ներկայացրած բոլոր փաստարկներին: Ըստ այդմ, այն հարցը, թե դատարանը պատշաճորեն կատարել է, արդյոք, դատական ակտը պատճառաբանելու իր պարտականությունը, կարող է պարզվել միայն յուրաքանչյուր կոնկրետ գործի հանգամանքների լույսի ներքո (տե՛ս, օրինակ, Սալովն ընդդեմ Ուկրաինայի գործով Եվրոպական դատարանի 06.09.2005 թվականի վճիռը, 89-րդ կետ, Գարսիա Ռուիզն ընդդեմ Իսպանիայի գործով Եվրոպական դատարանի 21.01.1999 թվականի վճիռը, 26-րդ կետ):

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը:

Որոշման իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանը եզրակացություն է անում վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին:

Որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տալ նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, որում ամրագրված է կիրառման ենթակա նորմը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

Որոշման իրավական հիմնավորումը բնութագրում է ինչպես դատարանի, այնպես էլ նրա որոշման իրավակիրառ գործառույթը, ընդգծում դատական գործունեության և դատական որոշման օրինականությունը:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատարանը ոչ միայն պետք է նշի այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում որոշում կայացնելիս, այլև պետք է պատճառաբանի, թե ինչու է կողմի ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տե՛ս Ռազմիկ Մարությանն ընդդեմ Ստեփան և Անահիտ Մարությանների, ՀՀ Կենտրոն նոտարական գրասենյակի թիվ 3-54(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.03.2008 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքի հիմքի վերաբերյալ եզրահանգումները պետք է լինեն հիմնավորված: Այսինքն` անդրադառնալով վերաքննիչ բողոքում տեղ գտած այս կամ այն հիմքին` Վերաքննիչ դատարանը պետք է իրավական և փաստական տեսանկյուններից հիմնավորի իր կողմից արտահայտվող դիրքորոշումը և գա որոշակի եզրահանգման` այդպիսով բողոք բերած անձի համար բացահայտելով, թե ինչպիսի պատճառաբանությամբ է մերժվել կամ բավարարվել իր կողմից բերված բողոքի այս կամ այն հիմքը:

Սույն գործով Դատարանը 14.09.2018 թվականի դատական նիստում կայացված արձանագրային որոշմամբ մերժել է Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը` նշելով, որ փորձաքննություն նշանակելու հիմքերը բացակայում են:

Վերաքննիչ դատարանը, մասնակիորեն բավարարելով Յուրա Պետրոսյանի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքը, հայցը բավարարելու մասով բեկանել է Դատարանի վճիռը և գործն այդ մասով ուղարկել է նոր քննության: Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով վերաքննիչ բողոքի` դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու իրավաչափությանը վերաբերող հիմքին, նշել է, որ «տվյալ դեպքում Դատարանն ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո պատասխանողին հնարավորություն չի ընձեռել ձեռք բերելու և ներկայացնելու այն ապացույցները, որոնցով նա կարող էր հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված այն հանգամանքը, որ հայցվորի պահանջի հիմքում ներկայացված ապացույցները` կատարողական թերթերը, նա չի ստորագրել, որպիսի պայմաններում դրանց տվյալները հիմնավոր համարվել չեն կարող: Այս առումով պատասխանողը միջնորդել է Դատարանին նշանակել փորձաքննություն նշված հարցի վերաբերյալ փորձագետի եզրակացությունը ստանալու համար, սակայն Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ քննարկվող հարցն էական նշանակություն ունի գործի լուծման համար, անհիմն մերժել է միջնորդությունը»:

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում առ այն, որ 14.09.2018 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից անհիմն է մերժվել: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել այն հանգամանքը, թե արդյոք Դատարանի կողմից դատավարական իրավունքի համապատասխան նորմի խախտումը հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատշաճ չի հիմնավորել Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ դատավարական նման խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը: Փաստորեն, Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական չափանիշին:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկներին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, քանի որ վերաքննիչ բողոքի` այդ փաստարկներին վերաբերող հիմքերն ու հիմնավորումները պատշաճ քննության առարկա չեն դարձվել Վերաքննիչ դատարանի կողմից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործը պետք է ուղարկել նոր քննության` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի 62.954.750 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, ընդ որում հիմք ընդունելով նաև այն հանգամանքը, որ հայցի մերժված մասով Դատարանի վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման թիվ 2-ի ներքո նշված պատճառաբանական մասում, ինչպես նաև եզրափակիչ մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնվել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:

Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանել է բացառապես հետևյալ շարժառիթներով`

«Վերաքննիչ դատարանի որոշումը չի պարունակում որևէ հիմնավորում առ այն, որ 14.09.2018 թվականի նախնական դատական նիստի ընթացքում Յուրա Պետրոսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ միջնորդությունը Դատարանի կողմից անհիմն է մերժվել: Ավելին` Վերաքննիչ դատարանը չի հիմնավորել այն հանգամանքը, թե արդյոք Դատարանի կողմից դատավարական իրավունքի համապատասխան նորմի խախտումը հանգեցրել է սույն գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Այլ կերպ ասած` Վերաքննիչ դատարանը, բավարարելով վերաքննիչ բողոքը, պատշաճ չի հիմնավորել Դատարանի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի խախտման հանգամանքը, ինչպես նաև այն, որ դատավարական նման խախտումը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը: Փաստորեն, Վերաքննիչ դատարանի որոշումը չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական չափանիշին»:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքում նշված երկրորդ հիմքի առկայությունը դիտել է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը` Յուրա Պետրոսյանից հօգուտ «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊԸ-ի 62.954.750 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, Վերաքննիչ դատարան նոր քննության ուղարկելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 381-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերի համաձայն` որոշման պատճառաբանական մասը պետք է պարունակի` եզրահանգում` վերաքննիչ բողոքի յուրաքանչյուր հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցերին` արդյո՞ք հիմնավոր է վերաքննիչ բողոքի հիմքը` բողոքում տվյալ հիմքի վերաբերյալ նշված հիմնավորումների սահմաններում (...), եթե վերաքննիչ բողոքի հիմքը հիմնավոր է, ապա ինչ հիմնավորմամբ` հղում կատարելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, օրենքների և այլ իրավական ակտերի այն նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների, այդ թվում` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, ինչպես նաև Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի այն որոշումներին, որոնց հիման վրա վերաքննիչ դատարանը գտնում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, բողոքը հիմնավոր լինելու դեպքում արդյոք վերաքննիչ բողոքում նշված` դատարանի թույլ տված նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը հանդիսանում է դատական ակտի բեկանման հիմք, թե ոչ` պատճառաբանելով համապատասխան դիրքորոշումը:

Սույն գործի փաստերի համաձայն` Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ`

1) «Դատարանն ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո Պատասխանողին հնարավորություն չի ընձեռել ձեռք բերելու և ներկայացնելու այն ապացույցները, որոնցով նա կարող էր հիմնավորել իր առարկությունների հիմքում դրված այն հանգամանքը, որ Հայցվորի պահանջի հիմքում ներկայացված ապացույցները` կատարողական թերթերը, նա չի ստորագրել, որպիսի պայմաններում դրանց տվյալները հիմնավոր համարվել չեն կարող»,

2) «այս առումով Պատասխանողը միջնորդել է Դատարանին նշանակել փորձաքննություն նշված հարցի վերաբերյալ փորձագետի եզրակացությունն ստանալու համար, սակայն Դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ քննարկվող հարցն էական նշանակություն ունի գործի լուծման համար, անհիմն մերժել է միջնորդությունը»,

3) «համաձայն ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատությունները օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք: Յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու, ինչպես նաև իրեն ներկայացված մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար հավասարության պայմաններում, արդարության բոլոր պահանջների պահպանմամբ, անկախ և անկողմնակալ դատարանի կողմից իր գործի հրապարակային քննության իրավունք: Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի ու «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 14-րդ հոդվածի 1-ին կետի` բոլոր անձինք հավասար են դատարանների առջև, ինչպես նաև յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Համաձայն «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք, ում կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ, եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»,

4) «Սույն գործի դատաքննությամբ հիմնավորվել է այն հանգամանքը, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 04.03.2016 թվականի թիվ ԵԿԴ/0136/04/15 վճռով` «Սպիտակ-1» ԲԲ ընկերության դիմումը բավարարվել է և «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել: Նույն դատարանի 07.09.2016 թվականի որոշմամբ` թիվ ԵԿԴ/0462/04/15 սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Հովհաննես Թոռչյանը, իսկ նույն դատարանի 25.05.2016 թվականի որոշմամբ` հաստատվել է «Ռ.Ի.-ՕՐԻ» ՍՊ ընկերության սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը, որի համաձայն` «Սպիտակ-1» ԲԲ ընկերության պահանջը գրանցվել է` 83.172.120 ՀՀ դրամի չափով: «Ռ-ի Օրի» ՍՊ ընկերության և «Սպիտակ-1» ԲԲ ընկերության միջև 18.07.2014 թվականին կնքվել է կապալային աշխատանքների կատարման պայմանագիր, որի համաձայն` կապալառուն պարտավորվել է պատվիրատուի պատվերով կատարել Երևանի Պռոշյան 42 հասցեում գտնվող բնակելի տան վերակառուցում և կցակառույցի իրականացում, իսկ պատվիրատուն պարտավորվել է ընդունել աշխատանքի արդյունքը և վարձատրել դրա համար: Նույն պայմանագրի 3.2.5 կետի համաձայն` ըստ փուլերի աշխատանքի արդյունքը համարվում է ավարտված և վճարումը պետք է կատարվի յուրաքանչյուր հարկի աշխատանքների իրականացումը ավարտելուց և կատարողական ակտերը երկկողմ ստորագրելուց հետո 7 օրվա ընթացքում` գումարը փոխանցելով կապալառուի բանկային հաշվին: Նույն պայմանագրի 4.1 կետի համաձայն` աշխատանքի ընդունումն իրականացվում է կապալառուի կողմից ներկայացվող, սույն պայմանագրի անբաժանելի մասը կազմող թիվ 1 հավելվածով նախատեսված աշխատանքների հանձնման-ընդունման կատարողական ակտով: Նույն պայմանագրի 5.1 կետի համաձայն` պայմանագրի ընդհանուր գինը կազմել է` 219.352.400 ՀՀ դրամ: Գործում առկա 16.10.2014 թվականի կատարողական թիվ 1 ակտի համաձայն` աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է` 4.599.893 ՀՀ դրամ: Գործում առկա 16.10.2014 թվականի կատարողական թիվ 2 ակտի համաձայն` աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է` 60.969.604 ՀՀ դրամ: Գործում առկա 12.11.2014 թվականի կատարողական թիվ 3 ակտի համաձայն` աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է` 31.511.102 ՀՀ դրամ: Գործում առկա 15.12.2014 թվականի կատարողական թիվ 4 ակտի համաձայն` աշխատանքների ընդհանուր գումարը կազմել է` 29.052.630 ՀՀ դրամ: 13.10.2015 թվականին տրված թիվ ԼՍ 2/6691 գրության համաձայն` ըստ կոմիտեի էլեկտրոնային արխիվի տվյալների` Երևանի Պռոշյան 42 հասցեում գտնվող տան նկատմամբ գրանցված է` Յուրա Յեփրեմի Պետրոսյանի սեփականության իրավունքը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի վերլուծությունից հետևում է, որ Դատարանն ըստ էության պետք է կայացներ բողոքարկվող դատական ակտը միայն այն դեպքում, երբ կուսումնասիրեր գործի հանգամանքները և ներկայացված ապացույցները, երբ յուրաքանչյուր ապացույց կգնահատեր գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ: Մինչդեռ Դատարանը չանդրադառնալով այն հանգամանքին, որ տվյալ դեպքում դեռևս հիմնավորված չէ Հայցվորի պնդումն այն մասին, որ վերը նշված կատարողական ակտերով հիմնավորվել է պահանջը, քանի որ Պատասխանողը պնդել է, որ դրանք ինքը չի ստորագրել` կայացրել է դատական ակտ, որը նման պայմաններում հիմնավոր դատական ակտ չի հանդիասանում»:

Վերոնշյալի հիմնավորմամբ Վերաքննիչ դատարանը գտել է, որ բողոքի հիմքերը բավարար են վճիռը` հայցը բավարարելու մասով բեկանելու և վերը նշված հարցի շուրջ քննություն կատարելու նպատակով` գործն այդ մասով նոր քննության ուղարկելու համար:

Վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի որոշման վերը նշված պատճառաբանական մասը` գտնում եմ, որ այն պարունակում է գործով պարզված և վերաքննիչ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող համապատասխան փաստերի մասին նշումը, և վերաքննիչ բողոքի համապատասխան հիմքի հիմնավոր լինելու վերաբերյալ եզրահանգումը` վերը նշված հիմնավորումներով, ինչպես նաև` հղում վերը նշված նորմատիվ իրավական ակտերին:

Նման պայմաններում կարծում եմ, որ Վերաքննիչ դատարանին չեն կարող վերագրվել այնպիսի դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որ Վերաքննիչ դատարանի որոշումը Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանություններով չի համապատասխանում դատական ակտերին ներկայացվող` հիմնավորվածության և պատճառաբանվածության օրենսդրական չափանիշին: Այլ հարց է` Վճռաբեկ դատարանը համաձայն է պատճառաբանություններին և դրանց արդյունքում արված եզրահանգումներին, թե ոչ:

Այսինքն` վերը նշված շարժառիթները չէին կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար:

Ավելին` ինչպես արդեն իսկ նշվեց վերը, Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:

Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, Վերաքննիչ դատարանին վերագրելով դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, որևէ անդրադարձ չի կատարել դրանց հետևանքով արդարադատության բուն էությունը խաթարված լինելու անհրաժեշտ պայմանին, որը նաև ենթադրում է հիմնավորում, որ թույլ տրված դատավարական իրավունքի նորմերի ենթադրյալ խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծմանը:

Վերը նշված պատճառաբանությամբ գտնում եմ, որ վճռաբեկ բողոքը երկրորդ հիմքով ևս ենթակա է մերժման, իսկ Վերաքննիչ դատարանի 25.04.2019 թվականի որոշումը` անփոփոխ թողնման:

 

    Դատավոր`                               Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԱՔԴ/4896/02/16
Որոշում