Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 17-ՐԴ, 119-ՐԴ, 179-ՐԴ, 362-ՐԴ ԵՎ 372-ՐԴ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական               Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                        թիվ ԵԴ/28809/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28809/02/18    2020 թ.

Նախագահող դատավոր` Կ. Չիլինգարյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական

պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող Ռ. Հակոբյան

զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

2020 թվականի մայիսի 15-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) հայցի ընդդեմ Արսեն Գրիգորյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Բանկի ներկայացուցիչ Տաթև Ազիբեկյանի վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Արսեն Գրիգորյանից բռնագանձել 350.170,5 ՀՀ դրամ, պայմանագրով նախատեսված տուժանքի գումարները, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Հ. Շահնազարյան) (այսուհետ` Դատարան) 20.05.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի, վճռվել է. «Արսեն Ասլանի Գրիգորյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել է 350.170,5 (երեք հարյուր հիսուն հազար մեկ հարյուր յոթանասուն դրամ և հիսուն լումա) ՀՀ դրամ գումար, որից 277.892,6 ՀՀ դրամ` որպես վարկի գումար, 30.002,9 ՀՀ դրամ` որպես հաշվարկված տոկոսի գումար, 9.460,6 ՀՀ դրամ` որպես ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժի գումար, 12.806,4 ՀՀ դրամ` որպես ժամկետանց գումարի դիմաց հաշվարկված տույժի գումար, 20.008 ՀՀ դրամ` որպես վարկի սպասարկման հաշիվների գումար, ինչպես նաև բռնագանձել 7.003,4 (յոթ հազար երեք դրամ և քառասուն լումա) ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար: 07.12.2018 թվականից մինչև պարտավորությունների փաստացի կատարման օրը ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվեգրել վարկային պայմանագրի 3.1-րդ կետով սահմանված 0.1%-ի չափով տույժ և ժամկետանց տոկոսագումարի նկատմամբ յուրաքանչյուր ուշացած օրվա համար հաշվեգրել վարկային պայմանագրի 3.2-րդ կետով սահմանված 0.3%-ի չափով տույժ, և հաշվեգրված գումարները Արսեն Ասլանի Գրիգորյանից բռնագանձել հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության: Արսեն Ասլանի Գրիգորյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել վարկի ոչ ժամկետանց մնացորդ գումարի նկատմամբ տարեկան 21% դրույքաչափով հաշվարկվող տոկոսի գումարը` հաշվարկը կատարելով սկսած 07.12.2018 թվականից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը` 12.07.2019 թվականը: Արսեն Ասլանի Գրիգորյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության բռնագանձել յուրաքանչյուր ամսվա համար վարկի մնացորդի 0.80 տոկոսի չափով հաշվարկվող սպասարկման վճարի գումար` հաշվարկը կատարելով սկսած 07.12.2018 թվականից մինչև պայմանագրի ժամկետի ավարտը` 12.07.2019 թվականը:»ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության հայցն ընդդեմ Ժաննա Արամայիսի Մարկոսյանի` 06.12.2018 թվականի համար տույժի գումարը կրկին հաշվեգրելու և բռնագանձելու մասով, մերժել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու համար օրենքով սահմանված ժամկետը վերականգնելու մասին Բանկի ներկայացուցչի միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել են:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկի ներկայացուցիչը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ, 119-րդ, 179-րդ, 362-րդ և 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրը սահմանել է վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականություն, մինչդեռ սույն գործով Դատարանի 20.05.2019 թվականի վճիռը Բանկը ստացել է 10.06.2019 թվականին, և ստանալու պահից 15-օրյա ժամկետում ներկայացվել է վերաքննիչ բողոք, որին կից ներկայացվել է նաև բաց թողնված դատավարական ժամկետները հարգելի համարելու և վերականգնելու վերաբերյալ միջնորդություն:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից որոշումը կայացնելիս թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի, 179-րդ հոդվածի և 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ու որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը դատարանի կողմից դատական ակտը գործին մասնակցող անձին հանձնելու լիազորության պատշաճ կատարում դիտարկելու հարցին այն պարագայում, երբ դատարանը դատական ակտի օրինակը հրապարակման հաջորդ օրը չի ուղարկել գործին մասնակցող անձին և մինչ այդ առձեռն չի հանձնել` նաև վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն:

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորված են անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքները, որոնց կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը: ՈՒղղված լինելով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների երաշխավորմանը` այդուհանդերձ, օրենսդրի կողմից սահմանված են բողոքարկման իրավունքի իրացման որոշակի պայմաններ, որոնցից են ժամկետային սահմանափակումները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով բողոքարկման իրավունքի և դրա իրացման պայմաններին, արձանագրել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «(...) պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը չի համապատասխանի Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին, եթե այն չհետապնդի իրավաչափ նպատակ, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չլինի համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, Khalfaoui v. France գործով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):

Եվրոպական դատարանը մեկ այլ գործով արձանագրել է, որ պետության կողմից սահմանված` բողոք բերելու ժամկետային սահմանափակումների վերաբերյալ կանոններն ուղղված են իրավական որոշակիության երաշխավորմանը: Դատավարության կողմերը պետք է գիտակցեն դատավարական նմանատիպ կանոնների կիրառումն իրենց նկատմամբ: Բայց և այնպես այդ կանոններն ու դրանց կիրառումը չպետք է խոչընդոտեն դատավարության մասնակիցների կողմից պաշտպանության հասանելի միջոցներն օգտագործելուն (տե՛ս, Magomedov and others v. Russia գործով Եվրոպական դատարանի 28.06.2017 թվականի վճիռը, կետ 87):

Բացի այդ, Եվրոպական դատարանը նշել է, որ նաև բողոք ներկայացնելու իրավունքը պետք է իրացվի այն պահից սկսած, երբ համապատասխան անձը ձեռք է բերել իրական հնարավորություն ծանոթանալու դատարանի որոշման հետ, որը շոշափում է նրա իրավունքները կամ օրինական շահերը, կամ նրա համար առաջացնում է որոշակի հետևանքներ: Հակառակ դեպքում, դատարանները կստանային հնարավորություն դատական ակտերի կայացման մասին անձանց ուշացմամբ ծանուցելով էապես սահմանափակել անձանց կողմից բողոք բերելու իրավունքը, անգամ` բացառել այդ հնարավորությունը: Դատական ծանուցումները համարվում են միջոց դատարանի և դատավարության մասնակիցների միջև փոխազդեցություն ստեղծելու համար և ուղղված են դատավարության մասնակիցներին կայացված ակտերի մասին տեղեկացնելուն, ինչպես նաև նրանց` այդ ակտերը բողոքարկելու հնարավորություն տալուն: Կոնվենցիայի 6-րդ հոդվածը չի սահմանում դատական ակտերի հանձնման կոնկրետ եղանակ, ինչպես, օրինակ, պատվիրված նամակով ուղարկելն է: Սակայն միաժամանակ դատարանի որոշումն անձին պետք է հանձնված լինի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա ստուգել ինչպես դատական ակտը փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը (տե՛ս, Ivanova and Ivashova v. Russia գործով Եվրոպական դատարանի 26.04.2017 թվականի վճիռը, կետեր 41, 45-46):

Դատարանի մատչելիության իրավունքի դրսևորումներից է համարվում կայացված որոշումների մասին պատշաճ ծանուցում ստանալու իրավունքը, մասնավորապես այն դեպքերում, երբ բողոք բերելու իրավունքը սահմանափակված է որոշակի ժամկետներով (տե՛ս, Zavodnik v. Slovenie գործով Եվրոպական դատարանի 21.08.2015 թվականի վճիռը, կետ 71):

Վերոշարադրյալ դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ անձի բողոքարկման իրավունքը, հանդիսանալով դատարանի մատչելիության իրավունքի բաղկացուցիչ տարր, կարող է իրացվել այն դեպքում, երբ անձն իրական հնարավորություն է ձեռք բերել ծանոթանալու դատարանի որոշման հետ: Ներպետական օրենսդրությամբ դատական ակտը հրապարակելու, գործին մասնակցող անձանց հանձնելու և նրանց ուղարկելու ընթացակարգեր սահմանելով` օրենսդիրը նպատակ է հետապնդում այդ միջոցներով ստեղծել բավարար հիմքեր և երաշխիքներ, որպեսզի անձինք կարողանան անխաթար կերպով օգտվել իրենց դատական պաշտպանության իրավունքից: ՈՒստի ելնելով այդ նպատակներից` դատավարական նորմերով սահմանված` դատական ակտը հրապարակելու և գործին մասնակցող անձանց հանձնելու կամ նրանց ուղարկելու ընթացակարգերը պետք է ուղղված լինեն պաշտպանության միջոցներն ավելի հասանելի դարձնելուն, այլ ոչ դրանք ոչ իրավաչափորեն սահմանափակելուն:

Նույն որոշմամբ ամփոփելով Եվրոպական դատարանի որոշումներում արտահայտված վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ թեև Կոնվենցիայի 6-րդ հոդվածը հստակ չի սահմանում, թե դատարանի կայացրած ակտն ինչ կերպով պետք է հանձնվի անձին, սակայն միանշանակ է այն, որ դատական ակտը պետք է հանձնվի այնպիսի եղանակով, որը հնարավորություն կտա իրապես պարզելու ինչպես դատական ակտի` փոխանցված լինելու հանգամանքը, այնպես էլ այն հանձնելու ստույգ օրը: Դատական ակտի հանձնման կոնկրետ եղանակ չսահմանելով հանդերձ` Կոնվենցիան և դրա կիրառումը պահանջում են, որպեսզի անձի բողոքարկման իրավունքի իրացումը սերտորեն փոխկապակցված լինի դատարանի կայացրած ակտին ծանոթանալու իրական հնարավորության հետ: Այսինքն` դատավարական նորմերը պետք է սահմանվեն այնպես, որպեսզի գործին մասնակցող անձանց համար իրական հնարավորություն ապահովեն տիրապետելու դատական ակտի բովանդակությանը, և չարդարացված կերպով չսահմանափակվի նրանց բողոք բերելու իրավունքը: Դրա հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ հանդիսանալով դատական պաշտպանության և արդար դատաքննության հիմնական իրավունքների բաղադրատարրերից մեկը` բողոքարկման իրավունքը կարող է սահմանափակվել պետության կողմից, սակայն այդ սահմանափակումները` ներառյալ ժամկետայինները, չպետք է խաթարեն այդ իրավունքի բուն էությունը (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերը նշված սկզբունքների լույսի ներքո անհրաժեշտ է համակցության մեջ մեկնաբանել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածը, 119-րդ հոդվածի 4-րդ մասը և 179-րդ հոդվածը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճիռը նույն օրենսգրքով սահմանված կարգով հրապարակվում է գործի քննությունն ավարտելուց հետո` 15 օրվա ընթացքում, եթե օրենքով վճռի հրապարակման համար ավելի կարճ ժամկետ սահմանված չէ: Բացառիկ դեպքերում, երբ առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում հայտարարված ժամկետում վճռի հրապարակումը, դատարանը կարող է մինչև 15 օրով երկարաձգել վճռի հրապարակման ժամանակը` այդ մասին ծանուցելով գործին մասնակցող անձանց: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` դատարանի եզրափակիչ, իսկ նույն օրենսգրքով կամ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ նախատեսված դեպքերում նաև այլ դատական ակտերը հրապարակվում են դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքում կայացված վճիռը, ինչպես նաև գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական ուժի մեջ են մտնում այն հրապարակելու օրվանից տասնհինգ օր հետո, եթե դրա դեմ վերաքննիչ բողոք չի բերվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարզեցված վարույթի կարգով կայացված գործի վարույթը կարճելու մասին որոշման կամ վճռի դեմ վերաքննիչ բողոք կարող է բերվել այն հրապարակելու օրվանից տասնհինգօրյա ժամկետում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ վերլուծելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 7-րդ մասում և 179-րդ հոդվածում նշված նորմերը, արձանագրել է, որ վճիռը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով և վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Փաստորեն, եթե վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելուց հետո դրա օրինակը չի հանձնվել անձին, ապա հրապարակման հաջորդ օրն այն պետք է ուղարկվի գործին մասնակցող անձանց: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը որդեգրել է այն մոտեցումը, որի համաձայն` առձեռն հանձնվելու եղանակի իրագործված չլինելու պայմաններում վճռի օրինակն ուղարկելը դիտարկվում է որպես առաջինին համարժեք, դրան փոխարինող միջոց: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի պայմաններում վճռի հրապարակումն իրականացվում է դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով, այսինքն` դատական նիստ հրավիրելու և նիստում դատական ակտի եզրափակիչ մասը հրապարակելու փոխարեն դատական ակտը հրապարակվում է դատական իշխանության պաշտոնական կայքում: Հրապարակման նոր կարգ սահմանելն ուղղված է հանրության ավելի լայն շրջանակներին դատական ակտին հաղորդակից դարձնելուն, ինչպես նաև դատարանների ծանրաբեռնվածության բեռնաթափմանը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգրքով սահմանել է նոր կարգ, սակայն դատարաններին չի ազատել դատական ակտի օրինակն անձին առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականությունից: Օրենսդիրը դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելը չի դիտարկել դատական ակտին հաղորդակից դարձնելու դատարանի պարտականության պատշաճ իրականացում, քանի որ հակառակ պարագայում իմաստազուրկ է դառնում հրապարակման այդ կարգին զուգահեռ դատական ակտի հանձնման կամ ուղարկման եղանակների պահպանումը: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորումներից բխող հրապարակման նոր կարգը չի բացառում և չի դադարեցնում դատարանի` վճռի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականությունը, եթե մինչ այդ այն առձեռն նրանց չի հանձնվել (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, քաղաքացիական գործը քննելով պարզեցված վարույթի կարգով, վճիռը կայացրել է 20.05.2019 թվականին (գ.թ. 43-46): Դատական ակտը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.05.2019 թվականին (հիմք`»www.datalex.am» տեղեկատվական համակարգը):

Սույն գործում առկա է միայն Դատարանի 21.05.2019 թվականի գրությունը վճիռը Բանկին ուղարկելու համար ելքագրելու մասին (գ.թ. 47), ու առկա չէ այդ առաքանին փոստային ծառայությանը հանձնված լինելու վերաբերյալ ապացույցը: Դատարանի 20.05.2019 թվականի վճիռը Բանկը ստացել է 10.06.2019 թվականին (գ.թ. 48):

Բանկի ներկայացուցիչը վերաքննիչ բողոքը փոստային ծառայությանն է հանձնել 26.06.2019 թվականին` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռը Բանկին ուղարկվել է փոստային առաքմամբ, փոստային ծառայության կողմից այդ վճիռը վերջիններիս է հանձնվել 10.06.2019 թվականին, ուստի վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետում (գ.թ. 59-63):

Վերաքննիչ դատարանը 02.08.2019 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոք բերելու բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «բողոքարկված վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.05.2019 թվականին (վճիռն ավելի ուշ հրապարակված լինելու մասին փաստարկներ միջնորդությունը չի պարունակում), ուստի այդ վճռի բողոքարկման ժամկետի հոսքն օրենքի ուժով սկսվել է 23.05.2019 թվականին և ավարտվել է 14.06.2019 թվականին: Նման պայմաններում բողոք բերած անձը կարող էր 23.05.2019 թվականից մինչև 14.06.2019 թվականը ընկած ժամանակահատվածում բողոքարկել վճիռը` անկախ դրա թղթային օրինակը ստանալու պահից»:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական վերլուծությունները և ելնելով սույն գործի փաստական հանգամանքներից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Նախկինում կայացված իր որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ բողոք բերելու ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդության քննության համար էական նշանակություն ունեն և՛ գործով կայացված վճիռը դատարանի կողմից հայտարարված օրը դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու, և՛ վճիռն օրենքով սահմանված ժամկետում կողմին հանձնված կամ ուղարկված լինելու փաստերը, քանի որ թե՛ վճռի հրապարակումը, թե՛ դրա ուղարկումը կողմին նպատակ են հետապնդում վերջինիս տեղեկացնելու դատարանի կողմից կայացված դատական ակտի մասին, ինչն իր հերթին ուղղված է բողոքարկման իրավունքի իրացումն ապահովելուն: Դատական ակտերի հրապարակման գործող եղանակը, ուղղված լինելով հրապարակայնության սկզբունքի երաշխավորմանը, արդարադատության արդյունավետության բարձրացմանը, առաջնահերթ նպատակաուղղված է բողոքարկման իրավունքի իրականացման համար նախադրյալներ ապահովելուն: Էլեկտրոնային կայքի միջոցով դատական ակտի հրապարակման պայմաններում դատական ակտն անմիջապես հրապարակվելուց հետո կարող է հասանելի լինել գործին մասնակցող անձանց և ապահովել վերջիններիս բողոքարկման իրավունքի իրականացման համար իրական երաշխիքներ: Այդուհանդերձ, օրենսդիրը, հաշվի առնելով էլեկտրոնային ռեսուրսի հասանելիության օբյեկտիվ սահմանափակումները (մասնավորապես` միացնող-անջատող կամ ուղղորդող սարքավորումների և այլ ռեսուրսների անհրաժեշտությունը, էլեկտրոնային հաղորդակցության ծառայության վճարովի բնույթը և այլն), դատական ակտի հրապարակման լիազորությանը զուգահեռ սահմանել է նաև գործին մասնակցող անձանց դատական ակտն առձեռն հանձնելու կամ ուղարկելու դատարանի պարտականությունը: Միայն նշված պարտականությունների միաժամանակյա և օրենքով սահմանված կարգով իրականացման պայմաններում կարող են լիարժեք նախադրյալներ ստեղծվել բողոքարկման իրավունքի իրականացման համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը, արժևորելով դատական իշխանության պաշտոնական կայքում դատական ակտի հրապարակումը` որպես դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու միջոց, անհրաժեշտ է համարել ընդգծել, որ բողոքարկման իրավունքի իրականացման լիարժեք նախադրյալներ ստեղծելու տեսանկյունից դատարանի վրա դրված է նաև դատական ակտը գործին մասնակցող անձանց առձեռն հանձնելու կամ ուղարկելու պարտականություն, որպիսի պայմաններում դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու պարտականության պատշաճ իրականացման մասին կարելի է եզրահանգումներ կատարել միայն այն դեպքում, երբ դատարանը պատշաճ իրագործել է վերոնշյալ հետևյալ պարտականությունները, այն է`

ա) հայտարարված օրը դատական ակտը հրապարակել է դատական իշխանության պաշտոնական կայքում,

բ) դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկել է գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց (տե՛ս, «Եղիցի Լույս-ԲՀ» ՍՊԸ-ն ընդդեմ «Արմինե» Ա/Կ-ի թիվ ԿԴ/0412/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.05.2019 թվականի որոշումը):

Տվյալ դեպքում Դատարանը պատշաճ չի իրականացրել դատական ակտը գործին մասնակցող անձանց հասանելի դարձնելու իր պարտականությունը: Այսպես`

Դատարանի 20.05.2019 թվականի վճիռը դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով հրապարակվել է 22.05.2019 թվականին:

Սակայն Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չնայած այն հանգամանքին, որ 20.05.2019 թվականի վճիռը Բանկին ուղարկելու համար գրությունը կազմվել է 21.05.2019 թվականի ամսաթվով, այնուհանդերձ գործում բացակայում են վերը նշված վճռի օրինակը Բանկին ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրն ուղարկված լինելու ապացույցները (մինչ այդ այն առձեռն չի հանձնվել նրանց): Բանկն այդ վճիռն ստացել է 10.06.2019 թվականին, իսկ վերաքննիչ բողոքը վերջինիս ներկայացուցիչը փոստային ծառայությանն է հանձնել 26.06.2019 թվականին, այսինքն` դատական ակտն ուշացումով ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում` միաժամանակ միջնորդելով վերականգնել վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետն այն պատճառաբանությամբ, որ բողոքարկվող վճիռը Բանկին ուղարկվել է փոստային առաքմամբ, փոստային ծառայության կողմից այդ վճիռը Բանկին է հանձնվել 10.06.2019 թվականին:

Վերը նշված հանգամանքները Վերաքննիչ դատարանի կողմից պատշաճ հետազոտման և համարժեք գնահատման չեն արժանացել:

Հիմք ընդունելով վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տվյալ դեպքում բողոքաբերը չի կարող կրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը Դատարանի կողմից չպահպանելու բացասական հետևանքը: Օրենսդրի կողմից` հրապարակված դատական ակտը ոչ ուշ, քան դրա հրապարակման հաջորդ օրը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության սահմանումն ինքնանպատակ չէ, այլ կոչված է ապահովելու բավարար երաշխիքներ անձի` դատական ակտը բողոքարկելու իրավունքի լիարժեք իրականացման համար: Ավելին, Վերաքննիչ դատարանի վերոշարադրյալ պատճառաբանությունն իմաստազրկում է դատական ակտը գործին մասնակցող անձանց ուղարկելու պարտականության առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վերոշարադրյալ հիմնավորումներով Բանկի ներկայացուցչի միջնորդությունը ենթակա էր բավարարման, ու բաց թողնված ժամկետը Վերաքննիչ դատարանի կողմից պետք է վերականգնվեր իրավունքի ուժով (ex jure), քանի որ առկա է եղել բողոքաբերներից անկախ պատճառներով դատական ակտը նրանց ուշ հասու լինելու հանգամանքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի և այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն` միջնորդություններ անելու (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե (...) նույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է:

Վերը նշված նորմերի վերլուծությունից հետևում է, որ քաղաքացիական դատավարությունում կողմերը, ի թիվս այլնի, իրավասու են ներկայացնել օրենքով սահմանված միջնորդություններ, որոնք ենթակա են լուծման դատարանի կողմից համապատասխան դատական ակտի` որոշման կայացման միջոցով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գործի քննության ընթացքում ներկայացվող միջնորդությունների քննարկման և լուծման հարցին, փաստել է, որ շահագրգիռ անձը, իր դատական պաշտպանության իրավունքն իրացնելիս դատավարական օրենքով նախատեսված որևէ միջնորդություն հարուցելով, ակնկալում է իր կողմից բարձրացված հարցի որոշակի լուծում` դատարանի կողմից համապատասխան որոշման կայացման ձևով: Այսինքն` դատավարության մասնակցի միջնորդություն հարուցելու իրավունքին համապատասխանում է տվյալ հարցով որոշում կայացնելու դատարանի պարտականությունը: (...) դատարանի որոշմանը ներկայացվող պարտադիր պահանջ է քննարկվող հարցի վերաբերյալ համապատասխան եզրահանգումը, հետևաբար, այդպիսի եզրահանգման բացակայության պայմաններում բացակայում է նաև դատարանի որոշումը, ինչի արդյունքում խախտվում է անձի` դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքը (տե՛ս, Խաչատուր Շահինյանն ընդդեմ Հայկ Մելքոնյանի թիվ ԵՄԴ/3578/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.01.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սպառիչ սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերը, որոնցից են, ի թիվս այլնի, վերաքննիչ բողոք բերելու բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդության մերժումը, ինչպես նաև պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդության մերժումը: Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը պետք է իր մեջ բովանդակի վերաքննիչ բողոքը մերժելու յուրաքանչյուր հիմքի վերաբերյալ վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը: Այլ կերպ` այն պետք է պարունակի դատարանի վերջնական եզրահանգումն այն հարցի շուրջ, որի քննարկման արդյունքում կայացվում է այդ որոշումը: Ընդ որում, դատարանի կողմից կատարվող եզրահանգումը պետք է ունենա հստակ, միանշանակ, անպայմանական, հրամայական, կատեգորիկ բնույթ և բացառի որոշումը մեկնաբանելու անհրաժեշտությունը: Այսինքն` դատական ակտի եզրափակիչ մասը պետք է լրիվ և սպառիչ կերպով պատասխանի դատարանի առջև բարձրացած այն բոլոր հարցերին, որոնց լուծման նպատակով կայացվում է այդ դատական ակտը: Հետևաբար, եթե վերաքննիչ բողոքի ընդունման մերժումը պայմանավորված է վերաքննիչ բողոք բերած անձի համապատասխան միջնորդության կամ միջնորդությունների մերժմամբ, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտը պետք է ունենա նաև այդ միջնորդությունը կամ միջնորդությունները մերժելու վերաբերյալ վերջնական եզրահանգում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշմամբ չի անդրադարձել Բանկի կողմից ներկայացված պետական տուրքի մի մասի վճարումը հետաձգելու մասին միջնորդությանը` պատճառաբանելով, որ «վերաքննիչ բողոքի ընդունումը մերժման ենթակա լինելու պայմաններում պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ բողոք բերած անձի միջնորդությանն անդրադառնալու դատավարական անհրաժեշտությունը բացակայում է»:

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Բանկի` վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդության և վերաքննիչ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության կապակցությամբ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին համապատասխան Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու համար սույն գործը ենթակա է նոր քննության, և միջնորդության քննարկումից ու լուծումից հետո միայն Վերաքննիչ դատարանը պետք է որոշի վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու հարցը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը սահմանափակել է Բանկի` ՀՀ Սահմանադրության 61-րդ, 63-րդ հոդվածներով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.08.2019 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը և գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող Ռ. Հակոբյան

Զեկուցող  Վ. Ավանեսյան

Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Ե. Խունդկարյան

Գ. Հակոբյան

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

Ն. Տավարացյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 28 հուլիսի 2020 թվական:

 

 

pin
Վճռաբեկ դատարան
15.05.2020
N ԵԴ/28809/02/18
Որոշում